Կարդալիքներ PAN-ից
May 19

Երբ բնությունը հարձակման է անցնում. Մահաբեր կենդանիները` կինոյում

Մարդիկ վախենում են բնությունից։ Ոչ այն բնությունից, որ ինստագրամում է, այլ բնությունից, որը մռնչում է ծառերի հետևում` վրանի բարակ ծածկից այն կողմ, սլանում է սերֆինգի տախտակի տակով ու անտառի խորքից նայում քեզ լուսարձակող աչքերով։ Կինոն պաշտում է այդ վախը։ Կինոն ձևավորում, հիպերբոլիզացնում է այդ վախն ու վերադարձնում մեզ` հսկա շնաձկան, խելացի անակոնդայի կամ օդափոխության համակարգից դուրս եկող սարդի տեսքով։ Մահաբեր կենդանիների մասին ֆիլմերը ֆաունայի մասին չեն։ Դրանք մեր մասին են, մեր դևերի, կոնտրոլի մեր զգացողության կորստի մասին։

PAN-ն առաջարկում է ուսումնասիրել կենդանի բնության մահաբերությունը կինոյում։

Մահաբեր կենդանիների թեման կինոյում ավելի հին է, քան կարող է թվալ։ Դեռ նախորդ դարի 50-ականներին հսկայական մրջյունները, սարդերն ու մեղուները հարձակվում էին քաղաքների վրա։ Սակայն իսկական բեկումը տեղի ունեցավ 1975թ-ին։ Հենց այդ ժամանակ կենդանին առաջին անգամ վերածվեց բլոկբաստերի իկոնայի։ Այդ ժամանակներից սկսած` յուրաքանչյուր տասնամյակ ավելացնում է իր գիշատիչներին, իր վախերն ու իր կինոլեզուն։

Սկիզբը. մրջյուններ, սարդեր ու ռադիոակտիվ վախեր

1950-ականների ֆիլմերը, ինչպիսին է, օրինակ, «Նրա՜նք» (Them!, 1954), արտահայտում էին ատոմային դարաշրջանի տագնապները։ Երկրորդ աշխարհամարտից հետո բնությունը արևմտյան հանդիսատեսի գիտակցության մեջ վերածվել էր մուտացիաների պոտենցիալ զոհի։ Գորդոն Դուգլասի «Նրա՜նք» գիտաֆանտաստիկ ֆիլմում միջուկային փորձարկումների արդյունքում առաջացած հսկայական միջատները նոր, անկառավարելի աշխարհի պատկերն են։ Նրանց դեմն առնելն անհնար է, նրանք լուռ են, նպատակասլաց ու օտար մարդկային ամեն ինչին։ Այս ֆիլմը ոչ թե միջատների, այլ մեր իսկ ստեղծածի նկատմամբ վախի մասին է։

Նույն տագնապը կարելի է զգալ Ջեք Առնոլդի «Տարանտուլ» (Tarantula, 1955) ֆիլմում։ Այստեղ միջուկային փորձարկումները ծնում են տան չափերի հսկա սարդի։ Արարածը շարժվում է անապատային տարածքով, ու բոլոր զենքերը նրա դեմ անօգուտ են։ Այս ֆիլմում հրեշը գիտական մեծամտության խորհրդանիշների է։ Երկու դեպքում էլ մարդը կորցնում է բնության նկատմամբ վերահսկողությունն ու ինքն է վերածվում թիրախի

Դժոխային ծնոտներ. գիշատիչ, որը փոխեց կինոն

Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ» (Jaws, 1975) ֆիլմը դարձավ իսկական ջրբաժան։ Մինչ այդ մահաբեր կենդանիների մասին ֆիլմերը խիստ նիշային էին, հաճախ` ցածրորակ ու երկրորդական։ «Ծնոտներից» հետո թեման դարձավ մեյնսթրիմային։ Սփիլբերգը վարպետորեն կառուցում է մածուցիկ սասփենսը` ֆիլմի առաջին երկու ակտում գլխավոր անտագոնիստին միայն մասնակիորեն ի ցույց դնելով։ Լարվածությունը ստեղծում է Ջոն Ուիլյամսի հանճարեղ երաժշտությունը, որը սրացնում է յուրաքանչյուր կադր` օգտագործելով ընդամենը երկու կրկնվող նոտա ու տագնապալի սպասում ձևավորելով հանդիսատեսի մոտ։

Սակայն այս ֆիլմը միայն շնաձկան մասին չէ։ Ֆիլմը պատմում է բյուրոկրատիայի, ագահության, վտանգի առկայությունը խոստովանելու վախի մասին։ Այս ֆիլմում իրական հերոսները փոքրիկ քաղաքի շերիֆն է ու կենսաբանը։ Նրանք զինվորներ չեն, բայց ինչ-որ պահի կռվելու են այնպես, կարծես մարտի դաշտում լինեն։

Կինոդիտողները դեռ երկար կհիշեն Ջոն Միլիուսի գրած այս մոնոլոգը

Ընդամենը $9 միլիոն բյուջեի պարագայում «Ծնոտները» վարձույթում հավաքեցին գրեթե կես միլիարդ, ձևավորեց երկրպագուների հսկա բանակ, առաջացրեց չորս շարունակություն ու տասնյակ նշանակող ֆիլմեր գիշատիչ կենդանիների հարձակման մասին։

Շնաձկներ. ժանրի թագուհիները

Այդ ժամանակներից շնաձկները վերածվեցին թրիլլերի իսկական աստղերի։ «Ծնոտների» չորս շարունակությունները, չնայած չկարողացան կրկնել օրիգինալ ֆիլմի հաջողությունը, այդուհանդերձ շարունակում էին կինոթատրոններ բերել մարդկանց։ 1999թ-ին Ռենի Հարլինի «Խորը կապույտ ծով» (Deep Blue Sea, 1999) ոչ այնքան հաջող ֆիլմում շնաձկներն արդեն օժտված են ինտելեկտով. նրանք կարողանում են պլանավորել, փախուստի դիմել, մարդկանց սպանությունը դարձնել իրենց մարտավարության մաս։ Այժմ գործ ունենք ոչ թե գազանների, այլ մոտիվացված անտագոնիստների հետ։ Երբեմն ֆիլմը զարմացնում է իր հիմարությամբ ու ինքնաիրոնիայով։ Գլխավոր աստղը` Սեմյուել Լ. Ջեքսոնը, սպանվում է ամենաանսպասելի պահին, ու հենց այս դրվագը դարձել է մեմերի պատճառ նաև իր սարսափելի վատ CGI-ի պատճառով։

Մեմային դրվագը

Ժաում Կոլետ-Սերայի «Ծանծաղուտներ» (The Shallows, 2016) ֆիլմը, ի տարբերություն նախորդ թանկարժեք ու տափակ բլոկբաստերի, անցնում է մինիմալիզմի։ Կորալյան խութի վրա հայտնված աղջիկը` միայնակ ընդդեմ շնաձկան։ Գրեթե թատերական բեմադրություն, որտեղ ջուրը բեմն է, շնաձուկը` գլխավոր չարագործը, իսկ խութը` կենդանի մնալու միակ շանսը։ Ֆիլմը կենտրոնանում է գոյատևման ու բնազդների վրա։

Յոհաննես Ռոբերտսի «47 մետր խորության վրա» (47 Meters Down, 2017) խաղում է հանդիսատեսի կլաուստրոֆոբիկ վախերի հետ։ Փակ տարածություն, ստորջրյա թակարդ, սահմանափակ շնչառություն։ Այստեղ հոգեբանական լարվածությունը ստեղծում է ոչ միայն շնաձուկը։

Կոկորդիլոսներ ու ալիգատորներ. քաղցրահամ ջրի զարհուրանքը

Շնաձկները մոլորակի հնագույն գիշատիչներից են։ Մահվան մեքենա, որը այնքան ճշգրիտ է հղկված սպանության համար, որ միլիոնավոր տարիների ընթացքում էվոլյուցիոն փոփոխությունների կարիք չի եղել։ Նույնը կարելի է ասել ոչ պակաս հին, ոչ պակաս մահաբեր այլ արարածների` կոկորդիլոսների ու ալիգատորների մասին։

Խորհրդային Միության վերջին տարիներին տեսասրահներից վարձույթով ֆիլմ վերցնողները լավ են հիշում Լյուիս Թիգի «Ալիգատոր» (Alligator, 1980) ֆիլմը` Ռոբերտ Ֆորսթերի մասնակցությամբ։ Այստեղ, ինչպես 50-ականներին, կրկին վախն է անկառավարելի գիտափորձերի նկատմամբ։ Կոյուղաջրերում հայտնված փոքրիկ ալիգատորը, սնվելով գիտափորձերի զոհ դարձած կենդանիներով, վերածվում է ահռելի հրեշի, որը սկսում է ահաբեկել Չիկագոյի բնակիչներին։ Սա միաժամանակ Միացյալ Նահանգներում խիստ տարածված քաղաքային լեգենդի ծայրահեղացված արտահայտումն է։ Համաձայն այդ լեգենդի, մեծ քաղաքների` հատկապես Նյու Յորքի կոյուղատար համակարգի հնագույն մասերում բնակվում են գիշատիչ սողուններ` խժռելով պատահաբար այնտեղ հայտնված անտուն մարդկանց։ Շատ նման է մետրոյում բնակվող հսկա առնետների մասին մեր քաղաքային լեգենդին։

Սթիվ Միլլերի «Լեյք Փլեյսիդ» (Lake Placid, 1999) ֆիլմը նույնպես համադրում է հումորն ու սարսափը։ Հսկա կոկորդիլոսը գեղատեսիլ լճի ֆոնին` իրոնիկ պատասխան է շնաձկների մասին ավելի լուրջ ֆիլմերին։ Սակայն թեթևության տակ թաքնված է սուր սոցիալական երգիծանք նրանց մասին, ովքեր հանուն կոմֆորտի անտեսում են վտանգը։

Իսկ այ ավստրալական հրաշալի «Վտարվածը» (Rogue, 2007) անում է ճիշտ հակառակը։ Գրեգ Մաքլինի ֆիլմը լարված, գրեթե վավերագրական թրիլլեր է ավստրալական մանգրային ճահիճներում որսի մասին։ Ու որսորդներն այստեղ մարդիկ չեն։ Այստեղ կոկորդիլոսը կարծես դիցաբանական արարած` ձուլված է լանդշաֆտի հետ։ Նա հարձակվում է անսպասելի ու ճշգրիտ, ու հենց այս ռեալիստիկ պատկերման շնորհիվ է ֆիլմն այդքան վախենալու։

Նույնը վերաբերում է հորրորների ֆրանսիացի վարպետ Ալեքսանդր Աժայի «Սողալ» (Crawl, 2019) ֆիլմին, որը համադրում է աղետն ու հորրորը։ Փոթորիկ, ջրով լցված տուն, ալիգատորներ ձեղնահարկում։ Սա ուղղակի կինո չի ալիգատորների մասին։ Այս լարված ու սասփենսով լի ֆիլմում մարդը կռվում է բնության միանգամից երկու դրսևորումների` փոթորկի ու մահվան սողացող մեքենաների դեմ։

Արջեր, գայլեր ու հյուսիսային սարսափ

«Ծնոտների» հաջողությունը հանգիստ չէր տալիս մյուս կինեմատոգրաֆիստներին։ Ընդամենը մեկ տարի անց` 1976թ-ին, փորձ արվեց կրկնել այդ հաջողությունը, բայց արդեն ցամաքում։ Ուիլյամ Գիրդլերի «Գրիզլի» ֆիլմում արջը սպանում է ազգային պարկում գտնվող զբոսաշրջիկներին ու նրան անհնար է կանգնեցնել։ Չնայած որոշակի միամտությանը, ֆիլմը կարևոր քայլ դարձավ կենդանական հորրորի ընդլայնման գործում` ցույց տալով, որ անգամ մեզ համար սովորական, փափուկ խաղալիքների ու անիմացիոն ֆիլմերի հերոս արջուկները կարող են մահաբեր լինել։

Դա առավել ակնհայտ ու տպավորիչ ձևով ցույց տվեց Լի Տամահորին` իր սքանչելի «Եզրին» (The Edge, 1997) ֆիլմում։ Սա հազվագյուտ դեպք է, երբ մահաբեր կենդանու մասին ֆիլմը վերածվում է գրեթե շեքսպիրյան պատումի։ Սյուժեն առաջին հայացքից պարզ է. ինտելեկտուալ-միլիարդատեր Չառլզ Մորսը (Էնթոնի Հոփքինս) ու լուսանկարիչ Ռոբերտ Գրինը (Ալեք Բոլդուին) ավիավթարի են ենթարկվում Ալյասկայի լեռներում` դեմ դիմաց բախվելով հսկա գրիզլիի հետ։ Սակայն իրականում այս ֆիլմը արջի մասին չի։ Սա քաղաքակրթության մասին է, որը անհետանում է անտառում առաջին իսկ գիշատչի մռնչոցից, մարդու մասին, ով պետք է զրոյից ինքն իրեն ստեղծի։ Արջն այստեղ ուղղակի գիշատիչ գազան չի։ Նա մետաֆոր է, բնության մարմնավորումը, որը փորձարկում է ոչ միայն մարդկային ուժն ու հնարամտությունը, այլև մարդկայինի լիարժեք դեգրադացման պայմաններում արժանապատվությունը պահպանումը։

Կանադացիները նույնպես թեմայի մեջ են։ Ադամ ՄքԴոնալդի «Բեքքանթրի» (Backcountry, 2014) ֆիլմն օգտագործում է ռեալիզմը` իրոք վախեցնելու համար։ Հիմնված իրական պատմության վրա, ֆիլմը ցույց է տալիս, թե ինչ հեշտությամբ կարող է մարդն անզեն մնալ վայրի բնության առաջ։ Այստեղ չկա հերոսություն, միայն վախ, շփոթվածություն ու գոյատևման պայքար։

Աներևակայելի ֆինալը

Իսկ Ջո Կարնահանի «Գորշը» (The Grey, 2011) հրաշալի ֆիլմը ավելի խորն է գնում։ Այս ֆիլմում գայլերը ոչ այնքան միս ու արյուն են, որքան մահվան շունչը։ Արկտիկական անապատում օդանավի վթարից հետո մնացածները բախվում են ավելի մեծ զարհուրանքի հետ. նրանք խոշոր ու ագրեսիվ գայլերի տարածքում են։ Սակայն սա ֆիլմի միայն արտաքին պատկերն է։ Ներսում մռայլ պոեմ է մարդու մասին, ով կանգնած է սեփական խոցելիության առջև։ Լիամ Նիսոնի կերպարը` որսորդ Ջոն Օթուեյը փախչում է ոչ թե գիշատիչներից, այլ ինքն իրենից, իր անձնական դժբախտությունից, ապրելու կամքի իր կորստից։ Գայլերը հետապնդում են ոչ միայն մարմինները, այլև հոգիները. կարծես մարդկանց թիկունքում ինքը` մահն է, ով սպասում է, թե ով առաջինը կկոտրվի։ Ու դրանով առավել արժեքավոր է դառնում եզրափակիչ դրվագը. ոչ թե մարտ, այլ ընդունում, որ ապրել արժի, անգամ եթե վերջին մարտում շանսեր չունես։

Սարդեր. վախ քանակության նկատմամբ

Կինեմատոգրաֆիստները վարպետորեն են օգտագործում մարդկանց բնական վախը սարդերի նկատմամբ։ Ջոն Կարդոսի «Սարդերի թագավորությունը» (Kingdom of the Spiders, 1977) իր ժամանակի տիպիկ պրոդուկտ է. տպավորիչ, երբեմն` նաիվ, սակայն ազնվորեն վախեցնել փորձող։ Սարդերի հսկա ալիքը գրավում է քաղաքն, ու փրկություն չկա։ Այս ֆիլմը ներխուժման մասին է, այն մասին, թե ինչպես կարող է սովորական կյանքը փլուզվել փոքրիկ արարածների պատճառով։

Ֆրենկ Մարշալի «Արախնոֆոբիան» (Arachnophobia, 1990) օգտագործում է կենցաղային վախը։ Փոքր, գրեթե անտեսանելի սարդերն այս ֆիլմում թափանցում են գրեթե ամենուր. կոշիկների, հագուստի մեջ, թաքնվում են լամպերում ու անկողնում։ Կատակերգություն ու հորրորը միախառնվում` առաջացնելով պարանոյայի էֆեկտ։ Ի տարբերություն 50-ականների մուտանտների, այս սարդերը ռեալիստիկ են, ինչը նրանց ավելի վախենալու է դարձնում։

Առյուծներ, վագրեր ու էկզոտիկա

Մահաբեր կենդանիների մասին լավագույն ֆիլմերից մեկը նկարել է Սթիվեն Հոփքինսը` 1996թ-ին։ Մայքլ Դուգլասի ու Վել Քիլմերի մասնակցությամբ «Ուրվականն ու խավարը» (The Ghost and the Darkness, 1996) էպիկական ֆիլմ է Աֆրիկայում երկաթուղու կառուցման ընթացքում երկու մարդակեր առյուծների հարձակման մասին։ Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա ու հարցնում է. ո՞վ է այստեղ գազանը` մա՞րդը, թե՞ գիշատիչը։ Այն ուսումնասիրում է օտար տարածքի ու մշակութային կուրության թեմաները։

Նույն գաղափարի ժամանակակից ինտերպրետացիան է Բալտասար Կորմակուրի «Գազան» (Beast, 2022) ֆիլմը՝ Իդրիս Էլբայի մասնակցությամբ: Հայր և դուստր փորձում են գոյատևել՝ կատաղի առյուծի դեմ պայքարում: Վիզուալ առումով հզոր, այս ֆիլմն ավելի շատ էմոցիաների, ոչ թե սարսափի մասին է: Սա պատմություն է պատասխանատվության ու տրավմայի մասին, որը հեղինակները պատմում են ժանրային կլիշեների միջոցով:

Իսկ Կառլոս Բրուքսի «Վառ այրվողը» (Burning Bright, 2010) անսովոր թրիլլեր է: Վագրը աղջկա ու նրա կրտսեր եղբոր հետ փակված է փոթորկի ժամանակ: Այս ֆիլմը ոչ այնքան կենդանու մասին է, որքան փակ տարածության, վախի ու մայրական բնազդի: Վագրը այստեղ ճնշված զայրույթի ու խոցելիության խորհրդանիշն է:

Թռեշ, մետա ու կատակերգություն

Երբեմն կինեմատոգրաֆիստները լիաթոք ծիծաղում են թեմայի վրա, ինչը նույնպես վախի յուրահատուկ դրսևորում է: «Շնաձկնադո» (Sharknado, 2013–2018) կինոշարքն ի սկզբանե պարոդիա էր, որը վերածվեց ֆենոմենի: Շնաձկները տորնադոյի մեջ, անիմաստ երկխոսությունները, անցյալի դերասանները՝ այս ամենը վերածված է իդեալական բուրլեսկի: Սակայն ֆիլմերն աշխատում են, որովհետև դրանք ազնիվ են. հեղինակները գիտեն, որ իրենք ստեղծել են հիմար ֆիլմ, ու դա ստիպում է հանդիսատեսին զինաթափվել:

«Շնաձկնադոի» ավանդույթները շարունակեց «Լավանտուլը» (Lavalantula, 2015). լավային սարդեր, որոնք դուրս են եկել հրաբուխից: Իսկ «Զումբիներում» (Zoombies, 2016) զոմբի կենդանիներ են կենդանաբանական այգում: Սա արդեն ոչ թե վախ է, այլ ֆանտասմագորիա: Սակայն անգամ այստեղ կենդանիները մնում են ազատության մեջ հայտնված քաոսի խորհրդանիշ:

Ինչո՞ւ է դա աշխատում

Նման ֆիլմերում ցանկացած կենդանի արտահայտում է մեր բազային վախերը. շնաձուկը՝ ջրի ու անհայտության վախը, կոկորդիլոսը՝ անսպասելիության, արջը՝ ուժի, սարդերը՝ վարակի, քանակի, ներխուժման, առյուծներն ու վագրերը՝ բնության նկատմամբ վերահսկողությունը կորցնելու*:

Բոլոր այս վախերը խորը արքետիպիկ են: Դրանք ավելի հին են, քան կինոն: Ֆիլմերն ուղղակի վիզուալիզացնում են այն, ինչ նստած է մեր անգիտակցականում: Ու դրա շնորհիվ էլ աշխատում են:

Հաջորդ անգամ, եթե տեսնեք հերթական «Մեգա շնաձուկն ընդդեմ ռոբո կոկորդիլոսի» պաստառը, մի շտապեք ծիծաղել: Միգուցե, այդ թռեշում թաքնված է նույն այն հնագույն վախը, որը Սփիլբերգն այդքան հանճարեղ փոխանցել է երկու նոտաների միջոցով:

* Այստեղ ոչ մի գիտական հիմք չկա, ուղղակի հեղինակի լիրիկական պատկերացումները:

🎬 Արման Գասպարյան / PAN