Քիմի դեմ պայքարը, Prada կրող սատանան ու Vogue-ի սկանդալը. Աննա Վինտուրի «միջանկյալ» հրաժեշտը
Երեսունյոթ տարի։ Ճիշտ 37 տարի Աննա Վինտուրը որոշում էր, թե ինչն է նորաձև, ինչը՝ ոչ։ Ինչն է ճաշակով, ինչը՝ ոչ։ Նրա գրած ու չգրած օրենքներն ուղեցույց էին բոլորի համար՝ սկսնակ դիզայներներից մինչև մեծահարուստ ու հայտնի աստղեր։ Օրեր առաջ պարզվեց, որ Վինտուրն այլևս ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիրը չէ։ Շատերը սա անվանեցին «դարաշրջանի ավարտ», որոշները շտապեցին հրաժեշտ տալ Վինտուրին։ Բայց նրա ճանապարհն այսքանով չի ավարտվում, նա ոչ մի տեղ չի գնում, հեռացել է միայն գլխավոր խմբագրի պաշտոնից։ Բայց, անշուշտ, սա լավ առիթ էր՝ վերհիշելու նրա անցած ճանապարհը։
ԿԱՐԻԵՐԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ՀԵՌԱՑՈՒՄԸ
Վինտուրի կարիերան սկսվել է Harpers & Queen հանդեսում։ Նա թիմին միացել էր որպես նորաձևության բաժնի ասիստենտ և երեք տարի անց նշանակվել գլխավոր խմբագրի տեղակալ։ ԶԼՄ-ների չափանիշներով այս անցումը աներևակայելի էր թվում։ Բայց, չնայած կտրուկ վերելքին, Վինտուրը ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով կարճ ժամանակ անց ազատվեց աշխատանքից։
1975-ին նրան հեռացրեցին Harper's Bazaar-ից՝ «չափազանց համարձակ» ֆոտոսեսիաների համար։ Խմբագիրն այն ժամանակ հայտարարել էր, որ Վինտուրը չի հասկանամ թե ինչ է ամերիկյան ոճը։ Իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա Վինտուրը իր բնավորության ու տեսակի համաձայն առաջ էր անցել ժամանակից։
Տարբեր տարիների Վինտուրն աշխատել է նաև Viva, Savvy և New York հանդեսներում։ 1983-ին դարձել է ամերիկյան Vogue-ի կրեատիվ տնօրեն։ Բայց այստեղ էլ խնդիրների պակաս չկար։ Գլխավոր խմբագիրը կարծես չէր գնահատում նրա նորարարական մոտեցումները և մերժում էր որոշ առաջարկություններ։ Արդյունքում 1985-ին Condé Nast-ը Վինտուրին տեղափոխեց բրիտանական Vogue։
«ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՁՄԵՌԸ» ԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Նոր աշխատավայրում Վինտուրն ազատվեց նախկին խմբագրության գրեթե կեսից։ Սա էր պատճառը, որ սկզբնական շրջանում Վինտուրի համար հատուկ մականուն էին հորինել՝ «միջուկային ձմեռ» կամ «միջուկային Wintour» (անգլերեն nuclear winter-ը համահունչ էր նրա Wintour ազգանվան հետ)։ Բայց բրիտանական Vogue-ը նրան մեծ հնարավորություններ տվեց։ Հետագայում Վինտուրը հաճախ էր Լոնդոնն անվանում նորաձևության աշխարհում հիանալի մեկնարկային հարթակ, որտեղ մասշտաբները փոքր են, բայց ազատությունն ավելի շատ է։
1988-ին Վինտուրին վերջապես նշանակեցին ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր։ Condé Nast-ի ղեկավարները գնահատեցին երիտասարդ խմբագրի նուրբ ճաշակը, սուր հոտառությունն ու ժամանակի զարկը զգալու ունակությունը։ Արդյունքում նրան տվեցին այդքան սպասված ստեղծագործական ազատությունը։ Արդյունքում Վինտուրը մի քանի հեղափոխություն արեց։
Վինտուրի գլխավոր խմբագիր դառնալուց հետո Vogue-ի առաջին համարը դուրս եկավ 1988-ի նորեմբերին ու սա այժմ պատմական փաստ է համարվում։ Ամսագրի շապիկին մոդելի լուսանկար էր, որը հագել էր Christian Lacroix-ի 10 հազար դոլար արժողությամբ տոպ և ընդամենը 50 դոլար արժեցող ջինսեր։ Նկարում մոդելը ծիծաղում էր, մազերն անփույթ ծածանվում էին, իսկ շապիկի և ջինսի արանքում երևում էր որովայնը։ Նման բան Vogue-ը մինչ այդ չէր եղել։ Տպարանում նույնիսկ վախեցել են ու կարծել, որ խմբագրությունն ինչ-որ բան շփոթել է և սխալ նյութ է ուղարկել։
ԻՆՉՊԵՍ ՎԻՆՏՈՒՐԸ ՎԵՐԱՓՈԽԵՑ ՓԱՅԼԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Այս շապիկը դարձավ Վինտուրի գլխավոր ուղերձը, նրա հեղափոխության հիմքը։ Լյուքս դասի հագուստն ու իրերը, փաստորեն, կարելի էր ու երբեմն անգամ անհրաժեշտ էր համադրել ավելի մատչելի իրերի հետ։ Փոխվեցին նաև ամսագրի լուսանկարահանման նախկին կանոնները։ Ծանր դիմահարդարմամբ մոդելը, որ նայում էր ուղիղ տեսախցիկին և նրբագեղ, բայց ոչ այնքան բնական դիրք էր ընդունում, դարձավ դասական, բայց ոչ արդիական մոտեցում։
Մեկ այլ նշանակալից նորամուծություն, որը լիովին փոխեց Vogue-ը. Այս սկսեց կենտրոնանալ հայտնի մարդկանց վրա։ Մինչև Վինտուրի գալը Vogue-ը գործնականում ուշադրություն չէր դարձնում հայտնիներին ու նրանց ոճին, լուսաբանում էր միայն նորաձևության ցուցադրություններն ու միտումները։ Նոր գլխավոր խմբագրի օրոք հանդեսի գլխավոր դեմքերը դարձան օրինակ Մադոննան (մայիս 1989) կամ Բրիթնի Սփիրսը (նոյեմբեր 2001)։ Իսկ 2005-ի փետրվարի համարը Վինտուրը նվիրեց երկրի ամենահարուստ բիզնեսմեններից մեկի հարսանիքին։ Հանդեսի կազմին հայտնվեց Մելանիա Թրամփը։
ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ «ԿՆՔԱՄԱՅՐԸ»
Վինտուրի ազդեցությունն արագորեն տարածվեց Vogue-ի սահմաններից դուրս ևս։ Ինքն էլ սիրում էր կատակել, որ ցուցադրությունների ժամանակ մուգ ակնոցը երբեք չի հանում, որովհետև իր մեկ հայացքը բավարար է որևէ դիզայների կարիերան ավարտելու համար։
Իրականում, Վինտուրի բարեհաճության շնորհիվ բազմաթիվ դիզայներներ հայտնի են դարձել և նորաձևության աշխարհում իրենց տեղն են գտել։ 2020-ին Vogue-ի գլխավոր խմբագիրը Նաոմի Քեմփբելի YouTube շոուի հյուրն էր։ Մոդելը Վինտուրին հարցրեց, թե որ նորաձևության ցուցադրությունն է համարում իր սիրելին։ Վինտուրը նշեց John Galliano-ի 1994-ի աշնանային կոլեկցիայի ցուցադրությունը։
Քեմփբելն ինքն էլ մասնակցել էր դրան։ Զրույցում նրանք Վինտուրի հետ հիշեցին, որ այդ ժամանակ դիզայները միջոցներ չուներ դեֆիլեի համար, և մասնակիցներն իրենք էին օգնում դիզայներին։ Ցուցադրությունից հետո Վինտուրը հավաքածուն ներկայացրել էր Vogue-ի համարներից մեկում, ինչից հետո դիզայներին նախ հրավիրել էին աշխատել Givenchy-ում, իսկ հետո՝ Christian Dior-ում։
Սա միակ դեպքը չէ, երբ դիզայների անունը Վինտուրի շնորհիվ կմնա նորաձևության պատմության մեջ։ Մարկ Ջեյքոբսին օրինակ, 1990-ականների կեսերին Վինտուրն օգնել էր ցուցադրություն կազմակերպել։ Համոզել էր Դոնալդ Թրամփին Plaza հյուրանոցի պարահանդեսային դահլիճը տրամադրել նորաձևության շոուի համար։
Արդեն 2001-ին Վինտուրը գործարկեց երիտասարդ դիզայներներին օժանդակող CFDA/Vogue Fashion Fund ծրագիրը։ Այս ծրագրին մասնակցել են բազմաթիվ դիզայներներ, որոնց մեծ մասը հետագայում հաջողակ բրենդներ են գործարկել՝ Proenza Schouler, Thom Browne կամ Alexander Wang։
ՍԱՌՑԵ ԹԱԳՈՒՀԻՆ ԵՎ ՆՐԱ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ
Միևնույն ժամանակ Վինտուրի կարիերայի ամբողջ ընթացքում նրան ուղեկցում էին քննադատական ու մեղադրական խոսքերը։ Անընդհատ մեղադրում էին աշխատանքային էթիկայի խախտումների և անհանդուրժողականության մեջ։
2019-ի հոկտեմբերին Նյու Յորքի Spring Studios տարածքում կառուցեցին Աննա Վինտուրի գրասենյակի ճշգրիտ պատճենը։ Հյուրերը իրենց կարող էին պատկերացնել Վինտուրի դերում։ Կամ էլ պատկերացնել, թե ինչպիսին էր Վինտուրն իր աշխատակիցների համար, ինչ էին զգում, երբ գլխավոր խմբագիրը նրանց կանչում էր իր գրասենյակ։ Վինտուրի սեղանին հասնելու համար բավական երկար տարածություն պետք էր քայլել ու անցնել։ Շատերը կարծում են, որ սա հատուկ էր այդպես մտածված։ Իսկ ռուսական Vogue-ի առաջին գլխավոր խմբագիրը պատմում էր, որ ծանոթության ժամանակ Վինտուրը չհանեց ակնոցը, ձեռք չմեկնեց ու միայն մի փոքր շարժեց գլուխը։
Վինտուրի խիստ բնավորության և աշխատակիցների նկատմամբ վերաբերմունքի մասին ոչ միայն հոդվածներ են գրում, այլև գրքեր են հրատարակում և ֆիլմեր նկարահանում։ 2003-ին նրա նախկին օգնականը հրապարակեց «Սատանան կրում է Prada» վեպը, իսկ երկու տարի անց դուրս եկավ Մերիլ Սթրիփի մասնակցությամբ դրա հայտնի էկրանավորումը։ Թեև Վինտուրի նախկին օգնականն այդպես էլ չհաստատեց, բայց շատերի կարծիքով սառնարյուն և հաշվենկատ Միրանդա Փրիսլին ստեղծված է Վինտուրի կերպարով։
Վինտուրին միայն սառնության համար չէ, որ քննադատում են։ Հենց իր խոսքերով՝ նա կորցրել է այն դեպքերի հաշիվը, երբ իր վրա հարձակվել են կենդանիների իրավունքների պաշտպանները։
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
Ոչ աշխատանքային էթիկայի արհամարհումը, ոչ էլ հանդուրժողականության բացակայությունը չստիպեցին Condé Nast-ի ղեկավարությանը հրաժարվել Աննա Վինտուրի ծառայություններից։ Բայց Վինտուրի և ամբողջ ոլորտի համար մարտահրավերային էր համացանցային նոր իրականությունը։ 2010-ականների սկզբից ի հայտ եկած արագ փոփոխությունների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ առաջին պլանում ոչ թե դերասանները կամ երաժիշտներն էին, այլ սովորական մարդիկ, որոնք հայտնի էին դարձել համացանցի միջոցով։ Կամ էլ նրանք, որոնք հայտնի էին անհասկանալի պատճառներով։
Ամենաակնհայտ օրինակը Քարդաշյան ընտանիքի հանդեպ Վինտուրի վերաբերմունքն էր։ Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի Քարդաշյաններն ինտեգրվեն Vogue-ի ու Վինտուրի միջավայրում։ Վինտուրը երկար դիմադրում էր Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի՝ Vogue-ի էջերում հայտնվելուն և հրաժարվում նրանց հրավիրել նաև Met Gala-ին։
Բայց 2013-ից մինչև օրս Քիմը բաց չի թողնում ոչ մի Met Gala, իսկ 2014-ի ապրիլին դուրս եկավ Քիմին և Քանյեին նվիրված Vogue-ի համարը։ Քիմի և Քանյեի հետ Վինտուրի սելֆիներն էլ այդ շրջանում առանձին քննարկման թեմա էին։
2019-ին Վինտուրն այսպես էր հիշում 2014-ի ապրիլյան համարը.
«Կարծում եմ՝ Vogue-ի դերն այն է, որ ամսագիրն արտացոլի այն, ինչ տեղի է ունենում մշակութային կյանքում։ Առաջին հայտնի մարդը, ով հայտնվեց Vogue-ի շապիկին, Մադոննան էր։ Այն ժամանակ դա շատ հակասական որոշում էր համարվում։ Հնարավոր է՝ ոչ ոք այլևս չի հիշում, բայց Մադոննան հակասական դեմք էր։ Այժմ նա իսթեբլիշմենտի մաս է»:
ԴԱՐԱՇՐՋԱՆ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Ինչպես ամեն տեղ, Վինտուրի՝ գլխավոր խմբագրի պաշտոնից հեռանալու մեջ ևս մարդիկ սկսեցին դավադրության տեսություններ փնտրել։ Թեժ քննարկումներ էին ծավալվում՝ մի՞թե մեղավորն են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը։ Հունիսի 26-ին Condé Nast հրատարակչական տունը հայտարարեց, որ Վինտուրի 37-ամյա ճանապարհը որպես գլխավոր խմբագիր ավարտվել է։ Երկու օր անց Vogue-ի կայքում հայտնվեցին Լորեն Սանչեսի հարցազրույցն ու հարսանեկան ֆոտոսեսիան։ Շատերը հիշեցին, թե ինչպես էր Վինտուրը 2010-ականների կեսերին դիմադրում Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի՝ Vogue-ում հայտնվելուն, և որոշեցին, որ Բեզոսը կնոջ համար «գնել է» ամսագրում այդ տեղը, իսկ Վինտուրին որոշել են հեռացնել մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկի հետ կոնֆլիկտի պատճառով։ Սա, իհարկե, քիչ հավանական սցենար է, բայց ինստագրամի մեկնաբանություններ գրողներին հաստա՜տ չես համոզի։
Ամեն դեպքում՝ Վինտուրի սիրելի աստղերին ու մոդելներին այժմ շատ ավելի հազվադեպ են քննարկում, քան պարզապես «հայտնի հայտնիներին», ովքեր կարողանում են արագ և հաստատուն կերպով գրավել համացանցը։
Գուցե ճիշտ է ասել, որ «Աննա Վինտուրի դարաշրջանի» մայրամուտը սկսվել է ոչ թե այսօր կամ երեկ, այլ այն պահին, երբ մարդկանց ճաշակը սկսեցին թելադրել ինտերնետային թրենդերը, ոչ թե նորաձևության ամսագրի կանոնները։
Մյուս կողմից, անշուշտ` Աննա Վինտուրը դեռ երկար է ճաշակ թելադրելու։ Անկախ նրանից՝ նրա հեռանալը միջանկյալ փուլ է՝ նախքան վերջնական հրաժեշտը, թե ավելի հնարամիտ ու հեռատես կադրային քաղաքականություն, առայժմ կարելի է հանգիստ արձանագրել, որ համաշխարհային նորաձևության մեջ առանցքային տեղ զբաղեցնող Vogue-ի ամենաերկար «կառավարումը» հասել է իր ավարտին։ Ոչ ոք նրանից ավելի երկար գլխավոր խմբագրի պաշտոնը չի զբաղեցրել ու դժվար թե ինչ-որ մեկը կրկնի այս ռեկորդը։