Կարդալիքներ PAN-ից
Today

Մայրերը՝ սուրբ ու իդեալական, հետո իրական ու սխալական. Մայրության փոփոխվող կերպարը՝ արվեստում

Տարբեր ժամանակներում մայրությունը պատկերել են այնպես, ինչպես տվյալ դարաշրջանն է պատկերացրել կնոջ դերը՝ կյանքի սկզբնաղբյուր, տան հիմնասյուն, կամ էլ բարդ  ու հակասական փորձառություն, որի մասին երկար ժամանակ պարզապես չէին խոսում։ Սա ամենաբարդ, ամենաբազմաշերտ և ամենահակասական պատկերներից է։ Ինչպիսի՞ն է մայրը, ինչ է նշանակում մայր լինելը, ինչ զգացողություններ, սպասումներ և անգամ ճնշումներ են կապված նրա հետ։ Այս ամենը երբեք նույնը չեն եղել տարբեր ժամանակաշրջաններում։ Եվ արվեստը, ինչպես միշտ, այս փոփոխությունների ամենազգայուն հայելիներից մեկն է։

Արվեստում մայրության կերպարանքը երբեք կայուն չի եղել։ Այն փոխվել է կրոնի, հասարակության կառուցվածքի, քաղաքական իրողությունների, բժշկության զարգացման, կանանց դերի և նույնիսկ հենց արվեստագետների անձնական փորձի հետ միասին։ Եթե վաղ շրջանի պատկերներում մայրությունը կապված էր կյանքի շարունակության և պտղաբերության հետ, ապա միջնադարում այն սուրբ գաղափար դարձավ։ Ավելի ուշ՝ 19-րդ դարում, այն «տեղափոխվեց» տուն, դարձավ ինտիմ և զգայական, իսկ ժամանակակից արվեստում իդեալական պատկերը վերջնականապես կոտրվեց՝ տեղ տալով իրական, երբեմն ցավոտ, հակասական, նույնիսկ մերժված մայրությանը։

Մայրության ամենահին պատկերները, որոնք հասել են մեզ, մորը դեռևս չեն ներկայացնում որպես անհատական, հոգեբանական կերպար։ Այստեղ մայրությունը մոր և երեխայի միջև հարաբերություն չէ, այն կյանքի, վերարտադրության, գոյատևման ուժ է։ Քարե կամ ոսկրե փոքրիկ արձանիկները, որոնք հայտնաբերվել են աշխարհագրորեն իրարից հեռու տարածքներում, կանանց պատկերում են ընդգծված կրծքով, ազդրերով, որովայնով։ Շատերը դեմք չունեն, մարմինները «չափազանցված» են։ Դրանք սովորաբար մեկնաբանվում են որպես պտղաբերության խորհրդանիշներ, թեև գիտնականները զգուշացնում են, որ դրանց ճշգրիտ նշանակությունը միշտ չէ, որ հստակ է։

Այս փուլում մայրությունը դեռ չի ընկալվում որպես կոնկրետ կնոջ փորձ։ Այն կապված է կյանքի առաջացման հետ ընդհանրապես՝ մարդու, կենդանիների և նույնիսկ հողի պտղաբերության հետ։ Մայրը այստեղ բնության շարունակությունն է։ Հին աշխարհի դիցաբանությունները զարգացնում են այս գաղափարը։ Փոքր Ասիայում Կիբելա աստվածուհին մարմնավորում էր մայր բնությունը, և նրա կերպարը փոխանցվեց հին հույների և հռոմեացիների մշակույթին։ Մայրությունը այստեղ արդեն միայն կենսաբանական ուժ չէ, այլ նաև տիեզերական կարգի մաս։

Միաժամանակ, Հին Եգիպտոսում ձևավորվում էր մի պատկեր, որը հետագայում դառնալու էր արվեստի ամենակայուն սիմվոլներից մեկը՝ մայրն ու երեխան միասին։ Իսիդան, որը կերակրում է Հորոսին, նախ մայրական խնամքի պատկեր է, հետո նաև պաշտպանության, իշխանության շարունակության և վերածննդի խորհրդանիշ։ Այս պատկերն այնքան ազդեցիկ էր, որ շարունակեց գոյություն ունենալ նույնիսկ Պտղոմեոսյան և հռոմեական ժամանակաշրջաններում։ Այստեղ արդեն նկատելի է վերացական պտղաբերությունից անցումը դեպի մայր-երեխա կապ։

Քրիստոնեության տարածումն արմատապես փոխեց արվեստում մայրության ընկալումները։ Մայրությունը այլևս պարզապես կենսաբանական կամ բնական երևույթ չէր։ Այն դառնում էր աստվածաբանական գաղափար։ Այս շրջանի կենտրոնական կերպարը Մարիամ Աստվածածինն է։ Նրա պատկերները՝ հատկապես «Տիրամայրը մանկան հետ» թեման, դառնում են արևմտյան արվեստի ամենատարածված սյուժեներից մեկը։ Մարիամը միաժամանակ մայր է և կույս, խոնարհ է և կատարյալ։ Այս համադրությունը ստեղծում է գրեթե անհասանելի իդեալ։ Մայրությունը ներկայացվում է որպես զոհաբերության, մաքրության և անսահման սիրո խորհրդանիշ։

Photo - https://collectionapi.metmuseum.org/api/collection/v1/iiif/438754/794829/main-image

Վերածննդի ժամանակաշրջանում մայրության պատկերները դառնում են ավելի իրական, ավելի «մարդկային»։ Մարիամը այլևս միայն սուրբ կերպար չէ, այն մարմին ունի, հույզեր ունի, երեխայի հետ սերտ կապ ունի։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս «մարդկայնացումը» մայրությանը չի ազատում իդեալականությունից։ Մայրը դեռևս հավասարակշռված, բարոյական, գրեթե իդեալական կերպար է։ Նա շարունակում է լինել զգացմունքային, բայց նաև սոցիալական ֆունկցիա է կրում ուսերին՝ ընտանիքի շարունակության ու ժառանգության ֆունկցիա։

18-րդ դարից սկսած և հատկապես 19-րդ դարում, մայրության պատկերումն աստիճանաբար դուրս է գալիս եկեղեցական տարածքից և տեղափոխվում առօրյա կյանք։ Եթե նախկինում մայրը հիմնականում սուրբ կերպար էր, ապա հիմա նա դառնում է տան հիմնասյունը։ Նա է խնամում ու դաստիարակում երեխային, հենց մայրն է երեխայի հետ ամենօրյա, սերտ կապի մեջ։

Այս փոփոխությունը կապված էր հասարակության շրջանում լայն փոփոխությունների հետ՝ ձևավորվում է բուրժուական ընտանիքի մոդելը, որտեղ կնոջ հիմնական դերը կապվում է հենց տան և երեխաների հետ։ Մայրությունը սկսում է ներկայացվել որպես սոցիալական և ընտանեկան պարտականություն, և ոչ թե աստվածային առաքելություն։

Այս շրջանի կտավներում մայրերն ավելի մոտ են իրական կյանքին, բայց դեռևս իդեալականացված են։ Նրանք հանգիստ են, նուրբ, համբերատար ու հոգատար, մշտապես ներկա ու կարեկցող։ Այս պատկերները կարծես շարունակում էին ձևավորել «լավ մայրիկի» կերպարը։

Այս շրջանի կարևոր գործերից է Մերի Կեսսետի «Երեխայի լոգանքը» (1893) կտավը,  որը պատկերում է ամենօրյա կենցաղային կյանքից մի դրվագ՝ երեխայի լոգանքը։ Երեխայի լոգանքը հատուկ նշանակություն ունեցող երևույթ է, չնայած «առօրեականության»։  Վրձնահարվածները արված են կտրուկ, յուղաներկը հաստ շերտով է քսված, գծերը հաստ են, դրա համար էլ ֆիգուրները առավել ընդգծված են երևում զարդանախշված ֆոնի վրա։ Այստեղ որևէ դրամատիզմ չկա։ Այս մոտեցումը կարևոր էր, որովհետև առաջին անգամ մայրությունը դիտարկվող իրականություն էր ու ոչ լոկ իդեալականացված գաղափար։

20-րդ դարում մայրության պատկերումը կտրուկ փոխվում է։ Արվեստագետները սկսում են սիրո դրսևորումներից, ջերմ կապից ու գեղեցիկ զգացողություններից զատ ներկայացնել նաև ցավը, կորուստը, սոցիալական խնդիրները։ Գերմանացի արվեստագետ Կետե Կոլվիցի աշխատանքներում մայրերն այլևս խաղաղ և հանգիստ չեն։ Նրանք երբեմն ծանր իրավիճակում են, հոգնած, հաճախ՝ ցավի ու տառապանքի մեջ։ Նրա կտավներում մայրը պաշտպանում է երեխային, բայց նաև պայքարում է աղքատության, պատերազմի և կորստի դեմ։ Մայրությունը այստեղ գոյատևման փորձ է դառնում։

Նույն ժամանակաշրջանում մայրության թեման ներկայացվում է նաև ավելի անձնական և ֆիզիկական մակարդակում։ Ֆրիդա Կալոյի աշխատանքներում, օրինակ, մայրությունը ներկայացվում է որպես մարմնական ցավի և կորստի պատկերում։ Այստեղ մայր լինելը այլևս չի ընկալվում որպես սոսկ բնական կամ «պարտադիր» ճակատագիր։ Այն նաև ցավի, կորուստի, տրավմայի մասին է։ Մայր չլինելու մասին է։ Այս փուլում խիստ կարևոր մի փոփոխություն է տեղի ունենում՝ մայրությունը դադարում է միայն «դրական, գեղեցիկ ու երջանկություն պարգևող» թեմա լինել, այն ներկայացվում է նաև որպես բարդ ու երբեմն հակասական փորձառություն։

1960-ականներից սկսած, հատկապես ֆեմինիստական արվեստի շրջանակում, մայրության թեման սկսում է նաև քննադատական ձևով ներկայացվել։ Արվեստագետները սկսում են հարցադրում անել՝ ինչո՞ւ է մայրությունը կնոջ համար ընկալվում որպես «պարտադիր պայման», ի՞նչ ճնշումներ կան դրա շուրջ, և ինչպ՞ես է այն կապված իշխանության, օրենքի և հասարակական նորմերի հետ։ Այս շրջանում պատկերված կտավներում մայրությունն այլևս միայն «մայր և երեխա» տեսարանը չէ։ Այն կապված է վերարտադրողական իրավունքների, կնոջ ինքնության, ընտանեկան դերի և ընտրության հետ։

Պիկասոյի «Մայրություն» (1971) աշխատանքում մոր կերպարն ասես «քանդված ու վերակազմված» է։ Սա արդեն այլ ժամանակաշրջան է, սեռային դերերը վերանայվում են, և արվեստը արձագանքում է այդ փոփոխություններին։ Այս փուլում մայրությունը սկսում է ընկալվել որպես ոչ միանշանակ փորձ, որը միաժամանակ կապված է սիրո, ճնշման, ինքնության և սոցիալական սպասումների հետ։

Ժամանակակից արվեստում մայրության պատկերումը առավել բազմազան է, քան երբևէ։ Այստեղ չկա լոկ մեկ ճիշտ ձև, մեկ իդեալ։ Ֆինլանդացի լուսանկարիչ Էլինա Բրոզերուսն իր Annonciation շարքում փաստագրում է մայր դառնալու իր անհաջող փորձերը՝ ներառյալ արհեստական բեղմնավորման միջոցով։ Նրա վերջին դիմանկարներից մեկում նա երեխայի փոխարեն ձեռքում շուն է պահում և ցուցադրում է միջնամատը։

Իսկ, օրինակ, արվեստագետ Քարի Ափսոնը ստեղծել է «Մայրական ոտքեր» ինստալացիան (2020), որտեղ ծառերի բները հիշեցնում են մոր ոտքեր։ Սա միաժամանակ մանկության հիշողությունների, մոր կողքին թաքնվելու զգացողության, բայց նաև կնոջ վրա դրվող ծանրության և պատասխանատվության հետ է կապվում։

Եթե ամբողջ այս զարգացումը  միասին դիտարկենք, ապա պարզ է դառնում, որ արվեստում մայրության կերպարի փոփոխությունը ուղիղ կապված է կնոջ շուրջ տվյալ ժամանակաշրջանի պատկերացումների հետ։ Վաղ շրջանի պատկերներում մայրն անհատ չէր, նա կյանքի շարունակության, պտղաբերության խորհրդանիշ էր։ Հին դիցաբանություններում այդ ուժն արդեն կոնկրետ ձևեր է ստանում, բայց բայց դեռևս կապված է աստվածային կարգի հետ։ Միջնադարում մայրությունը դառնում է սրբություն՝ Մարիամի կերպարով, և այդ կերպարը դարերով սահմանում է մայր լինելու «ճիշտ» մոդելը՝ մաքուր, ինքնազոհ, կատարյալ։

Վերածննդի ժամանակաշրջանում այդ կերպարը դառնում է մարդուն ավելի մոտ, բայց չի կորցնում իր իդեալական բնույթը։ 18-19-րդ դարերում մայրը «տեղափոխվում է» տուն ու դառնում ընտանեկան կյանքի հիմնասյունը, բայց այստեղ ևս «լավ մոր» մասին իդեալականացնող կաղապարներ են ձևավորվում, որոնք կարող են նույնքան սահմանափակող կարող է լինել, որքան կրոնական իդեալը։

20-րդ դարում առաջին անգամ այս ամբողջ կառուցվածքը քիչ-քիչ քանդվում է։ Մայրությունը դադարում է ներկայացվել միայն որպես սիրո և հոգատարության դրսևորում։ Այն տարբեր կերպարանքներ է ստանում, տարբեր զգացումներ դրսևորում՝ ցավ, կորուստ, ֆիզիկական փորձ, սոցիալական խնդիր։ Արվեստագետները սկսում են ցույց տալ այն, ինչը մինչև այդ դուրս էր մնում պատկերից։

Ավելի ուշ, ֆեմինիստական և ժամանակակից արվեստում, մայրությունը վերջնականապես ազատվում է կաղապարված՝ սոսկ մեկ դրսևորումից։ Այն այլևս բազմաթիվ տարբեր փորձառությունների հավաքական իրողություն է, կարող է լինել ցանկալի կամ անցանկալի, հնարավոր կամ անհնար, հաճելի կամ ծանր, նույնիսկ մերժված։ Այս ամբողջ պատմության մեջ կարևորն այն է, որ մայրությունն արվեստում աստիճանաբար սիմվոլից վերածվել է իրական, կենդանի, շունչ ու ձև ունեցող բազմաշերտ փորձառության՝ իր հակասություններով, դժվարություններով և անձնական պատմություններով։


✍️ Նանե Մանուկյան / PAN