#cinéPAN
November 19, 2023

Երևութական դուռ դեպի այլ աշխարհներ. Գոյություն չունեցող ճարտարապետությունը` կինոյում  

Պատկերացրեք ահռելի մեգապոլիս, որի շենքերը հասնում են մինչև երկինք, իսկ դրանց միջև բացվող արհեստական կիրճերի հատակը կորչում է մոլորակի ընդերքում։ Կամ էլ միջնադարյան բերդաքաղաք, որն աճում է անմիջապես հսկայական լեռան ժայռազանգվածից։ Իսկ ի՞նչ կասեք ինքն իր վրա ծալվող քաղաքի մասին, որի թաղամասերի մի մասը բառի բուն իմաստով ծալվում են մյուսի վրա։

Այսպիսի ճարտարապետություն ու նման քաղաքներ իրական կյանքում անհնար են, համենայն դեպս տեխնոլոգիաների զարգացման այս փուլում։ Սակայն մարդկային երևակայության համար անհնարին ոչինչ չկա, հատկապես երբ խոսքը վերաբերում է կինոյում ֆանտաստիկ ճարտարապետական միջավայրի ստեղծման մասին։ PAN-ը կպատմի, թե երբեմն ինչ աննկարագրելի երևակայական ջանք են գործադրում կինոստեղծողները` հանդիսատեսին լրիվ այլ աշխարհ տեղափոխելու համար։

Նման տեղափոխությունը պետք է հնարավորինս համոզիչ լինի։ Դրա համար սցենարիստները ձգտում են նկարագրել աշխարհներ, ինչպիսիք ոչ ոք երբեք չի նկարագրել, ռեժիսորն ու դերասաններն աշխատում են այդ ֆոնին ու տվյալ կոնտեքստում, սակայն բուն ճարտարապետական միջավայրը ստեղծողներն են` նկարիչները, քանդակագործները, վիզուալ էֆեկտների մասնագետները, ովքեր մեր աշխարհում տեղադրում են այն դուռը, որը բացելուց ու քայլ անելուց հետո հանդիսատեսը հայտնվում է ուրիշ աշխարհում։

Կորուսանտի համայնապատկերը

Օրինակ, Կորուսանտ անունը կրող էկումենոպոլիսում` հսկայական գլոբալ մեգապոլիսում, որը «Աստղային պատերազմներ» (Star Wars) կինոսագայում Գալակտիկական Հանրապետության, ապա` Գալակտիկական Կայսրության մայրաքաղաքն է։ Կորուսանտը ծածկում է համանուն մոլորակի ամբողջ մակերևույթը` թափանցելով նաև նրա խորքերը. քաղաքը, որում բնակվում է մի քանի հարյուր միլիարդից մինչև մի քանի տրիլիոն բնակիչ (գնահատականները տարբեր են), բաղկացած է մի քանի հարյուր «հարկերից», որոնցից յուրաքանչյուրն, ըստ էության, ամբողջ մոլորակի մակերևույթի մակերեսի չափ քաղաք է։ Ու, ինչպես ցանկացած ֆանտաստիկ մեգապոլիսում, Կորուսանտում սոցիալական բևեռվածությունն ուղղահայաց է. ստորին «հարկերում» ծաղկում է հանցավորությունը, այն դեպքում, երբ էլիտան բնակվում է հսկա քաղաքի տանիքին։

Գլխապտույտ առաջացնող հետապնդում Կորուսանտի բետոնե ջունգլիներով

Ջորջ Լուկասի թիմին` Դագ Չանգի (Doug Chiang) գլխավորությամբ, հաջողվել է մանրակրկիտ մշակել Կորուսանտի ֆանտաստիկ ճարտարապետությունը` առաջին հերթին փոխանցելով մասշտաբները. սա թե Ջեդայների տաճարն է, թե Սենատի շենքը, որոնցից յուրաքանչյուրի չափերը հաշվվում են կիլոմետրերով։ Սա երկինք մխրճվող երկնաքերերն են, ու հետապնդման աներևակայելի տեսարանը «Կլոնների հարձակումից» (Attack of the Clones, 2002), որում օդային մեքենաների հոսքում տիտանական շենքերի միջև շարժվելը իդեալական փոխանցում է հեռավոր աշխարհի շունչը։

Այզեք Ազիմովի «Հիմնադրում» (Foundation) եռագրության սերիալային էկրանավորման մեջ Գալակտիկական կայսրության մայրաքաղաքը՝ Տրանտորը Կորուսանտի գաղափարական «եղբայրն է»: Կրկին՝ գլոբալ էկումենոպոլիս, որը երկրորդ սեզոնում ստանում է նաև մոլորակը շրջապատող հսկայական արհեստական օղակներ

Կորուսանտի ավելի կոմպակտ ու համեստ, «երկրային» տարբերակն է Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» (The Fifth Element, 1997) ֆիլմում պատկերված ապագայի Նյու Յորքը։ Այն հեղինակել են կոմիքսների ֆրանսիացի հռչակավոր հեղինակներ Ժան-Քլոդ Մեզիեն (Jean-Claude Mézières) ու Ժան «Մյոբիուս» Ժիրոն (Jean Giraud). գրոտեսկային, «փնթի», վառ ու գրավիչ մեգապոլիս, որի երկնաքերերի միջև հոսում են օդային բարձիկի վրա ավտոմեքենաների գետերը, իսկ գետինը գրեթե չի երևում` ծածկված աղբի հաստ շերտով։

Նյութ Յորքը՝ «Հինգերորդ տարրում»

Ի դեպ, Մեզիեն ու Պիեր Քրիստինը (Pierre Christin) հեղինակել են «Վալերիանն ու Լորելինը» (Valérian and Laureline) կոմիքսը, որում եղած բազմաթիվ կոնցեպտներ հետագայում ոգեշնչելու են «Աստղային պատերազմների» ստեղծմանը (նաև, ֆանտաստիկ ճարտարապետության առումով)։ «Վալերիանն ու Լորելինը» կոմիքսների լուծումները տեղ են գտել նաև «Հինգերորդ տարրի» Նյու Յորքում (հետագայում Բեսսոնը անհաջող փորձ արեց բուն կոմիքսն էկրանավորելու)։

Ժան-Քլոդ Մեզիեյի ստեղծած կոնցեպտներից մեկը «Հինգերորդ տարրը» ֆիլմի համար

Ապագայի Վաշինգտոնի հրաշալի պատկեր են ստացել Industrial Light & Magic վիզուալ էֆեկտների ընկերության մասնագետները` Սթիվեն Սփիլբերգի «Հատուկ կարծիք» (Minority Report, 2003) ֆիլմում։ Ու խոսքն այստեղ ոչ միայն ամենուր մարդուն գտնող անձնավորված գովազդն է (ինչը 2023-ի համար սովորական բան է), այլև հետապնդման տեսարանի ընթացքում բացվող պատկերը. Ջոն Անդերտոնը (Թոմ Քրուզ) հետապնդողներից փախչելիս հայտնվում է երկնաքերերի պատերով ուղղահայաց շարժվող ինքնակառավարվող մեքենաների վրա։ Նկարիչ Ալեքս ՄակԴաուելի ստեղծած քաղաքը լուսավոր է, մաքուր, տեխնոգեն քաղաքի իդեալական պատկեր, ինչը կտրուկ կոնտրաստի մեջ է մտնում գլխավոր հերոսին վերագրվող զարհուրելի արարքի հետ։

Քրուզի կերպարը՝ ինքնակառավարվող մեքենաների ծուղակում

Գրեթե նույն միջավայրն է Լեն Ուայզմանի «Հիշել ամենը» (Total Recall, 2012) ֆիլմում. այստեղ ճարտարապետությունը` միմյանց վրա քաոտիկ կերպով կառուցված խորանարդաձև շինությունների կոնգլոմերատների տեսքով (որոնք ինչ-որ հրաշքով չեն փլուզվում), միախառնված է բազմահարկ արագընթաց ավտոստրադաների ու տեխնոլոգիական արդյունաբերական շինությունների հետ, որոնց թագն ու պսակը «Անկում» (The Fall) անունը կրող գրավիտացիոն լիֆտն է, որը կարող է հաշված րոպեների ընթացքում Ավստրալիայից Բրիտանիա տեղափոխել մարդկանց` անցնելով Երկիր մոլորակի միջով։

«Հիշել ամենը» ֆիլմի քաղաքային միջավայրի կոնցեպտը

Իհարկե, անհնար է խոսել ֆուտուրիստիկ, արդյունաբերական քաղաքների մասին` չհիշատակելով «Շեղբի վրայով վազողը» (Blade Runner, 1982): Մռայլ հակաուտոպիայի սիրտը` Լոս Անջելեսն իր կոլոսսալ շինություններով, ստեղծել է վիզուալ ֆուտուրիստ Սիդ Միդը (Syd Mead): Հեղինակի ստեղծագործական երևակայությունը թույլ տվեց ստեղծել ֆիլմի հակաուտոպիկ միջավայրը, որը համադրում է նուարը ֆուտուրիստիկ էլեմենտների հետ։ Այստեղ առաջավոր տեխնոլոգիաները ներդաշնակեցված են ինդուստրիալ էսթետիկային, իսկ Միդի կոնցեպտուալ աշխատանքները` ճարտարապետությունը, տրանսպորտային միջոցները, հագուստը որոշիչ դարձան ֆիլմից վիզուալ իդենտիկության սահմանման վրա։ Միդի աշխատանքները ուժեղ ազդեցություն թողեցին ժանրի վրա` ոգեշնչելով շատ այլ հեղինակների։ Դրա վառ դրսևորումն էր ֆիլմի սիքվելը, որը լիարժեք պահպանել է օրիգինալ ֆիլմի ամբողջ էսթետիկան։

Սիքվելի շինությունների զգալի մասը, ինչպես օրիգինալի դեպքում, ձեռքով պատրաստված մանրաքանդակներ են

Վերոնշյալ բոլոր ֆուտուրիստիկ քաղաքները սկիզբ են առել Ֆրից Լանգի դասական «Մետրոպոլիս» (Metropolis, 1927) ֆիլմի դիզայնից։ Նկարիչներ Օտտո Հունտեն (Otto Hunte), Էրիխ Կետելհուտը (Erich Kettelhut) ու Կառլ Վոլբրեխտը (Karl Vollbrecht) ստեղծել են ֆիլմի կուլտային ճարտարապետությունը. վեհապանծ ու մոնումենտալ երկնաքերերը, ծանր վսեմությամբ միմյանց հաջորդող, անդունդի վրա կախված երկաթուղային կամուրջներով ու անսովոր նախշերով, արտացոլում են կիսված հանրության հակաուտոպիկ տեսլականը։

«Մետրոպոլիսը» իր ժամանակին ցնցել էր հանդիսատեսին՝ ոգեշնչելով ստեղծագործողների մի քանի սերունդ

Իհարկե, ֆանտաստիկ ճարտարապետությունը կինոյում արտահայտված է ոչ միայն ֆուտուրիստիկ մեգապոլիսներով։ Ասում են, Ջոն Ռոնալդ Ռոել Թոլքինը իր լեգենդարիումում նկարագրելով Գոնդորի մայրաքաղաք Մինաս Տիրիտը, ոգեշնչվել է իտալական Ռավեննա քաղաքից։ Սպիտակ քաղաք-ամրոցը տեղակայված է Մինդոլուին լեռան լեռնաճյուղ ժայռին` յոթը տեռասների տեսքով։ Պիտեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» (The Lord of the Rings) եռագրության գլխավոր նկարիչ Գրանտ Մեյջորը (Grant Major) ու Weta Workshop-ի հրաշագործները պրոֆեսորի պատկերացումը լիարժեք տեղափոխել են էկրաններ. վեհ կիսաշրջանաձև ամրոցը վեր է խոյանում ամբողջ դաշտավայրի վրա, որպես անհաղթահարելի արգելք թշնամիների համար։ Վիզուալ ու պրակտիկ էֆեկտների համադրմամբ` հեղինակները կարողացել կառուցել հեքիաթային բերդաքաղաքի յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր շինություն, կյանք տալ, իրական դարձնել այն։ Իհարկե, եռագրության մյուս ֆանտաստիկ շինությունները (Ռիվենդելը, Օրթանկը, Հորնբուրգը, Բարադ-դուրը, Շայրի տները և այլն) նույնպես փառահեղ գեղարվեստական աշխատանքի արդյունք են, սակայն Մինաս Տիրիտը դրանց գագաթնակետն է։

Կինեմատոգրաֆիկ Մինաս Տիրիտը

Ֆանտաստիկ ճարտարապետությունը հատկապես զարմանահրաշ է դառնում, երբ այն համադրում է առաջին հայացքից անհամադրելին։ Օրինակ, «Գիշատիչ քաղաքների ժամանակագրությունը» (Mortal Engines, 2001) ֆիլմում շինություններն ու ամբողջական քաղաքներ մոբիլ են, շարժվում են հսկայական թրթուրների վրա ու որսում են միմյանց` ռեսուրսների համար։ Ու չնայած ֆիլմը այնքան էլ հաջող չէր (ու համանուն գրքաշարի վատ էկրանավորում էր), նույն Weta Workshop-ը կարողացել է ստեղծել համոզիչ միջավայր։ Նույնը կարելի է ասել մեկ այլ տապալված ֆիլմի` «Ջոն Քարթերի» (John Carter, 2012) Զոդանգա մոբիլ քաղաքի մասին։

«Սկիզբ» (Inception, 2010) ֆիլմի հռչակավոր ծալվող քաղաքը

Երբեմն ճարտարապետության ֆանտաստիկ լինելը այնքան էլ աչքի չի զարնում։ Հատկապես, եթե այն համադրվում է իրական ճարտարապետական լուծումների հետ։ Վես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» (The Grand Budapest Hotel, 2014) ֆիլմում գլխավոր գործող անձը` համանուն հորինված հյուրանոցը հորինված եվրոպական երկրում, համադրում է մոդեռնի, ար-դեկոյի ու ավանդական եվրոպական ճարտարապետության էլեմենտներ։ Արդյունքում, հյուրանոցի արտաքին տեսքը` վառ վարդագույն, բազմաթիվ պատուհաններով, միաժամանակ ծանոթ է ու խիստ ֆանտաստիկ։ Ներսում շինությունը ոչ պակաս տպավորիչ է. բարձր առաստաղներ, մարմարե հատակներ ու շքեղ կահույք։

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել

Ավանդականի ու ֆուտուրիստիկի խառնուրդ է նաև Վականդայի ճարտարապետությունը «Սև հովազ» (Black Panther, 2018) կինոկոմիքսում։ Այն իրենից ներկայացնում է ավանդական աֆրիկյան ու ֆուտուրիստիկ ոճերի ներդաշնակ համադրում` բարձր երկնաքերերով, փարթամ այգիներով ու նրբաճաշակ տաճարներով։ Դա թույլ է տալիս նաև ճարտարապետության միջոցով արտահայտել ֆիլմում քննարկվող թեմաները մշակույթի, տեխնոլոգիաների ու իդենտիկության մասին։

Հարքոնենների որջը

Իսկ եթե ֆանտաստիկ միջավայրը չափազանց ֆանտաստիկ է ու կարիք կա ստեղծելու միաժամանակ ծանոթ ու ծայրահեղ խորթ ճարտարապետություն, դա իսկական մարտահրավեր է նկարիչների համար։ Դենի Վիլնյովի «Դյունան» (Dune, 2021) փորձում է էկրաններ տեղափոխել Ֆրենկ Հերբերտի մեգալոմանական պատկերացումները հեռավոր ապագայի ճարտարապետության մասին։ Որոշ գրքերում Հերբերտի նկարագրած շինություններն այնքան մեծ են, որ դրանցում միլիոնավոր մարդիկ են ապրում. ֆիլմը, այս առումով, առայժմ բավականին համեստ է։

Կայսերական միջնաբերդը

Ֆիլմի բեմադրող նկարիչ Պատրիս Վերմետը (Patrice Vermette) օգտագործել է բազմաթիվ ոճեր` սկսած հնագույն ժամանակների ճարտարապետությունից մինչև ֆուտուրիստիկ պատկերացումներ. արդյունքում, շինություններն արտացոլում են գալակտիկայում բնակվող տարբեր մշակույթները։ Կալադանում Ատրեյդեսների ամրոցը` բետոնից ու պողպատից խիստ, ֆունկցիոնալ կառույց, զգալիորեն տարբերվում է Գիեդի Փրայմում Հարքոնենների պալատից` գրոտեսկային մռայլ հսկա սև մարմարից ու օբսիդիանից, որն արտահայտում է Հարքոնենների դաժան էությունը։ Արակինում Կայսերական միջնաբերդն, իր հերթին, ծանր ու ահռելի շինություն է սպիտակ մարմարից ու ոսկուց` կոչված արտահայտելու Փադիշահ Կայսեր անսահման իշխանությունը։

Զիոնի համայնապատկերը

Իսկ եթե ընդհանրապես օտար, ապա լավագույն օրինակներից է Զիոնը «Մատրիցա» (The Matrix) եռագրությունից։ Ստորգետնյա քաղաքի կառուցվածքն ու ճարտարապետությունը, մեքենաների հետ սերտաճածությունը նման չէ մեզ ծանոթ ոչ մի բանի։ Զիոնը ավելի շատ նման է ոչ թե քաղաքի, այլ հսկայական ստորգետնյա մեքենայի որովայնի, որի ներքին օրգանները ապաստան են մարդկանց համար։

Ֆիլմերում ֆանտաստիկ ճարտարապետության մասին կարելի է անվերջ խոսել։ Վստահ ենք, բազմաթիվ արժանի օրինակներ այստեղ տեղ չեն գտել։ Բայց էականն այն է, որ հատկապես ֆանտաստիկայում միջավայրային կոնտեքստը առանցքային կարևորություն ունի հանդիսատեսի սուզման համար։ Հետևաբար, բառի բուն իմաստով այլ աշխարհներ ստեղծող մարդիկ նաև մեզ դեպի այդ աշխարհ ուղեկցողներն են։


🎬 Արման Գասպարյան / PAN