Կարդալիքներ PAN-ից
Today

Անշարժ գույքի հայտարարությունը, նացիստի դուստրն ու սև գրքույկի առեղծվածը. Ինչպես աշխարհն ուղիղ եթերում հետևեց իրական դետեկտիվ պատմության

Ընդամենը մեկ ամիս առաջ՝ օգոստոսին, նիդեռլանդական Algemeen Dagblad թերթի լրագրողներն իրենց սովորական առօրյայով էին զբաղված ու երևի ինչ-որ պաշտոնյայի էին «նեղություն տալիս», երբ անսպասելի մի շատ տարօրինակ բան նկատեցին։ Արգենտինայի Մար-դել-Պլատա քաղաքում տան վաճառքի հայտարարության լուսանկարներից մեկում, Robles Casas & Campos անշարժ գույքի գործակալության կայքում, բազմոցի վերևում կախված էր մի կտավ, որը զարմանալիորեն նման էր իտալացի նկարիչ Վիտորե Ջուզեպպե Գիսլանդիի աշխատանքին։ Կտավը՝ «Կնոջ դիմանկարը», պատկերում է կոմսուհու և ստեղծվել է 1710 թվականին։

Գլխավոր հարցը կախված էր օդում՝ ինչպե՞ս էր XVIII դարի իտալական բարոկկոյի վարպետի այս գործը հայտնվել Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին, արգենտինական ծովափնյա քաղաքում։ Կարճ ժամանակ էր պետք պարզելու, թե ում էր պատկանում վաճառվող տունը։ Այս նորությունը լրագրողներին չզարմացրեց։ Տունը վաճառում էր Ֆրիդրիխ Կադգիենի դուստրը։ Կադգիենը Հիտլերի և Հերման Գյորինգի անձնական ֆինանսական խորհրդատուն էր։

Ո՞Վ ԷՐ ԿԱԴԳԻԵՆԸ

Ֆրիդրիխ Գուստավ Կադգիենը ծնվել էր 1907 թվականին։ Փայլուն մտքի տեր այս մարդը իրավունքի դոկտորի աստիճան էր ստացել Քյոլնի համալսարանում, իսկ նրա ավարտական աշխատանքը համարվում էր ամենածավալուն և բարդագույններից մեկը՝  անգամ դասախոսների համար։

1932 թվականին միացել է նացիստական կուսակցությանը։ Նացիստների իշխանության գալուց հետո Կադգիենն իր ծառայություններն է առաջարկում նրանց։ 1938 թվականին արդեն Գյորինգի հատուկ ներկայացուցիչն էր՝ աշխատում էր նացիստական Գերմանիայի ռազմական արդյունաբերությունը արդիականացնելուն միտված պլանի վրա։

ԿՀՎ-ի փաստաթղթերում նրան անվանում էին «ամենացածր տեսակի օձ»։ Ամերիկացի հետախույզները նշում էին, որ Կադգիենը, թերևս, իսկական նացիստ չէր, բայց ինչ-որ իմաստով ավելի վտանգավոր էր։ Այս խելացի, ճկուն միտք և փայլուն կրթություն ստացած մարդու համար չկային պատվի, խղճի և արժեքների հասկացություններ։ Նա պատրաստ էր ծառայել ցանկացած գաղափարի և ցանկացած ղեկավարի՝ հանուն շահի։

ԱՐՏ-ԴԻԼԵՐ՝ ԱՄՍՏԵՐԴԱՄԻՑ

Մինչ կպատմենք, թե ինչպես է կտավը հասել Արգենտինա, պետք է ծանոթանանք դրա նախկին տիրոջ՝ Ժակ Գուդստիկերի հետ։ Նա ծնվել էր 1897 թվականին՝ հրեական ծագումով հոլանդացի արտ-դիլերների ընտանիքում։ 1919 թվականին սկսել է աշխատել հոր ամստերդամյան պատկերասրահում և իսկական հեղափոխություն է արել Նիդեռլանդների արվեստի աշխարհում։

Գուդստիկերը առաջինն էր, որ Ամստերդամում կազմակերպել էր իտալական Վերածննդի կտավների մեծ ցուցահանդես։ 1927 թվականին նա  հավաքածուն տեղափոխել էր ավելի մեծ շենք և համարձակ քայլ էր արել՝ Նիդեռլանդների ոսկե դարի վարպետների աշխատանքները ցուցադրելով XV, XVI և XVII դարերի այլ եվրոպական վարպետների կողքին։

1930-ականների վերջին նրա հավաքածուն ընդգրկում էր ավելի քան հազար աշխատանք, այդ թվում՝ Հիերոնիմոս Բոսխի և Յան Վերմեերի կտավները։ Բայց 1940 թվականի մայիսի 10-ին նացիստական Գերմանիան ներխուժեց Նիդեռլանդներ։

ՍԵՎ ԳՐՔՈՒՅԿԸ

Նացիստների հարձակումից հետո Գուդստիկերը թողնում է իր ամբողջ հավաքածուն, ընտանիքի հետ նստում է Bodegraven նավը և ուղևորվում դեպի ԱՄՆ։ Նավի վրա բազմաթիվ փախստականներ կային։ Բայց ճակատագիրը դաժան կատակ խաղաց։ Մայիսի 16-ին, արդեն ծովում, Գուդստիկերը սայթաքեց տախտակամածի վրա և կոտրեց վիզը։

Բայց նրա գրպանում պահպանվում է այսպես կոչված «սև գրքույկը»՝ հայրենիքում թողած հավաքածուի բոլոր գործերի մանրամասն ցուցակը։ Գիսլանդիի «Կնոջ դիմանկարը» այդ ցուցակում էր։

ԳՅՈՐԻՆԳԻ «ԳՈՐԾԱՐՔԸ»

Մայիսի 17-ին նացիստներն ամբողջությամբ օկուպացնում են Նիդեռլանդները և սկսում կողոպուտը։ Անշուշտ, նրանք փորձում էին այս կողոպուտը օրինական հիմքերի վրա դնել։ Ահա այսպես Գուդստիկերի հավաքածուն «գնում է» Հերման Գյորինգը։ Նրան օգնում էին արտ-դիլերի նախկին աշխատակիցները, իսկ նրա մահը հեշտացրեց խնդիրը։

Արվեստի գործերի հավաքածուն հոլանդացի բանկիր Ալոիս Միդլի միջնորդությամբ Գյորինգին հասավ ընդամենը երկու միլիոն գուլդենով, թեև արժեր տասնապատիկ ավելի։ Այն փաստին, որ կոլեկցիոներն ունեցել է ժառանգներ, որոնք տիրապետում էին նրա բիզնեսի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթին, գերմանացիները պարզապես ուշադրություն չդարձրին։

Ֆրիդրիխ Կադգիենը Գյորինգի ֆինանսական խորհրդատուն էր և, ամենայն հավանականությամբ, մասնակցել է այս կեղտոտ գործարքի ձևակերպմանը։

ԱԴԱՄԱՆԴՆԵՐ ԵՎ ԿՏԱՎՆԵՐ՝ ՓԱԽՈՒՍՏԻ ՀԱՄԱՐ

Շուրջ տասը տարի առաջ նիդեռլանդական Algemeen Dagblad թերթի լրագրող Սիրիլ Ռոսմանին էր դիմել Փոլ Փոստ անունով տարեց մի մարդ։ Նա տեղյակ էր, որ լրագրողը հետաքրքրվում է նացիստների գողացած արժեքավոր գործերով, հետևաբար պատմել էր հոր օրագրում տեղ գտած մի պատմություն։

Պատերազմի տարիներին Փոլ Փոստի հայրն աշխատել էր Ամստերդամի Ազգային ադամանդային հիմնադրամում։ Երկիրը գրավելուց հետո նացիստները սկսել էին հրեական ծագումով ոսկերիչներից և կոլեկցիոներներից շորթել թանկարժեք իրեր, գումար ու կտավներ՝ փրկության դիմաց։ Ստացված միջոցները, ըստ օրագրային գրառումների, օգտագործվում էին Գերմանիայի ռազմական արդյունաբերությունը ամրապնդելու համար, իսկ այս գործողություններում առանցքային դեմքը Կադգիենն էր։

Բացի այդ, Փոստի հայրը գրել էր, որ երբ Գյորինգի ֆինանսիստը 1945 թվականին փախել էր երկրից, նրա մոտ թանկարժեք քարեր և երկու կտավ էին եղել։ Հիմա պարզվում է, որ դրանցից մեկը Գիսլանդիի «Կնոջ դիմանկարն» էր։

ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ

1945 թվականին Կադգիենը փախավ Շվեյցարիա, այնտեղից՝ Բադեն, որտեղ 1948 թվականին հիմնեց Imhauka ֆինանսական և առևտրային ընկերությունը։ Շվեյցարացի և ամերիկացի հետաքննիչների ճնշման տակ 1949 թվականին մեկնեց Հարավային Ամերիկա։

Հազարավոր նացիստներ պատերազմից հետո փախան այս մայրցամաք ու հաստատվեցին Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում և Պարագվայում։ Բացառությամբ մի քանի բարձրաստիճան դեմքերի, նրանց մեծ մասը կյանքն ապրե  առանց խոչընդոտների, երբեմն նույնիսկ առանց անունները փոխելու։

1951 թվականին Կադգիենը հայտնվեց Ռիո դե Ժանեյրոյում ու հաստատվեց Սանտա Տերեզա թաղամասում։ Նա երկու գործընկերների հետ հիմնեց Imhauka-ի բրազիլական մասնաճյուղը։  Թե ի՞նչ միջոցներով էր ձեռք բերել այդքան կարողություն՝ ոչ ոք չհարցրեց, բայց նրա կարողությունը բավարար էր օրինակ մի քանի տասնյակ հազար հեկտար ռանչո գնելու համար։ 1951 թվականին ստեղծվեց Imhauka-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղը, և Կադգիենը՝ այդ ժամանակ արդեն Ֆեդերիկո Գուստավոն, կարճ ժամանակ անց Արգենտինայի քաղաքացիություն ստացավ։

Բուենոս Այրեսում Կադգիենն ամուսնացավ Հիլդեգարդ Շտրաուսի հետ, նրանք երկու դուստր ունեցան՝ Պատրիսիան և Ալիսիան։ Աղջիկները ծնվել են 1960-ականներին։ Կադգիենը մահացել է 1978 կամ 1979 թվականին՝ առանց իր պատերազմական և հետագա գործողությունների համար պատասխանատվության ենթարկվելու։ Ըստ տեղեկությունների, թաղված է գերմանական գերեզմանատանը։

ԴՈՒՍՏՐԵՐԸ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

2010-ականների կեսերին Կադգիենի և նրա ընտանիքի ճակատագիրը շատերին էր հայտնի։ Նրա դուստրերը՝ Պատրիսիան և Ալիսիան, Արգենտինայում հայտնի և հարգված ձեռներեցներ էին։ Պատրիսիան զբաղվում էր տեքստիլ արդյունաբերությամբ, իսկ Ալիսիան ամուսնու հետ ղեկավարում էր Harley-Davidson ամերիկյան մոտոցիկլետների արտադրության խոշոր կենտրոնը։

Այսպիսով, անցնում են տարիներ ու ընդամենը մեկ ամիս առաջ, 2025 թվականի օգոստոսին անշարժ գույքի գործակալության կայքում հայտնվում է քույրերից մեկի առանձնատան լուսանկարը՝ բազմոցի վերևում կախված «Կնոջ դիմանկարով»։ ԶԼՄ-ներում աղմուկ է բարձրանում, ինչից հետո տան վաճառքի մասին հայտարարությունը շտապ հեռացվում է։

Լրագրողները տարբեր միջոցներով փորձում են կապի դուրս գալ Կադգիենի դստեր հետ, բայց միակ պատասխանը, որ լսում են, հետևյալն է.

«Ես չգիտեմ, թե ինչ տեղեկություն եք ուզում ինձնից ստանալ։ Ես որևէ կտավի մասին ոչինչ չգիտեմ»։

Ու այստեղից սկսվում է բացահայտումների շղթան։ Ու կրկին՝ լրագրողների շնորհիվ։ Պարզվում է, որ մի քանի տարի առաջ քույրերից մեկի սոցցանցերի էջում լրագրողներն արդեն նկատել էին Գուդստիկերի «սև գրքույկից» մեկ այլ անհետացած կտավ՝ XVII դարի հայտնի հոլանդացի նատյուրմորտի վարպետ Աբրահամ Մինիոնի աշխատանքը։ Այս կտավը նույնպես դեռ չի գտնվել։ Ստեղծվում է տպավորություն, որ Կադգիենի դուստրերը շատ լավ գիտեին, թե ով է եղել իրենց հայրը, և չեն պատրաստվում հրաժարվել նրա ժառանգությունից։

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի վերջին արգենտինական ոստիկանությունը վերջապես հետաքննություն է սկսում։ Առաջին խուզարկության ժամանակ պարզվում է, որ կտավը «հանկարծ» անհետացել է տնից, իսկ դրա փոխարեն պատին գորգ է կախված։

Մի քանի անհաջող խուզարկություններից հետո, սեպտեմբերի 1-ին, 58-ամյա Պատրիսիա Կադգիենը և նրա 60-ամյա ամուսինը 72 ժամով հայտնվում են տնային կալանքի տակ։ Նրանց մեղադրում էին արվեստի գործերը թաքցնելու և հետաքննությանը խոչընդոտելու մեջ։

Ինչպես ոստիկանությունն է պնդում, զույգը նույնիսկ փորձել էր քաղաքացիական հայց ներկայացնել՝ պնդելով, որ կտավն օրինական կերպով պատկանում է իրենց։ Միայն տնային կալանքի և հետագա ոստիկանական խուզարկությունների սպառնալիքից հետո նրանք համաձայնել են հանձնել կտավը։

Այսպիսով, սեպտեմբերի 3-ին արգենտինական դատախազությունը հայտարարեց, որ «Կնոջ դիմանկարը» կտավը հաջողությամբ բռնագրավվել է։ Պատրիսիա Կադգիենը և ամուսինը փաստաբանի միջոցով կտավը փոխանցել են իշխանություններին։

Կադգիենների ընտանիքի անդամներին պատկանող գույքի մի շարք խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը բռնագրավել է նաև գրավյուրներ, էստամպներ և XIX դարի երկու կտավ։ Գտնվել են այլ կտավներ ևս, որոնց ձեռքբերման պատմությունը դեռևս անհայտ է։

Պատմությունն այսքանով չի ավարտվում։ 81-ամյա Մարեյ ֆոն Սահերը՝ հրեական արմատներով հոլանդացի Գուդստիկերի միակ ժառանգը (նրա հարսը), հայտարարել է, որ արդեն կապ է հաստատել արգենտինական ոստիկանության և Ինտերպոլի հետ։ Վերջիններս խոստացել են հետաքննություն ընթացքում լիակատար աջակցություն ցուցաբերել։ Այս շաբաթ Ֆոն Սահերը իրավական հայց է ներկայացրել՝ աշխատանքի նկատմամբ իրավունքները պահանջելու համար.

«Հայտնի հավաքածուի վերականգնումը իմ կյանքի նպատակն է»։

«Կնոջ դիմանկարը», որն այսօր գնահատվում է մոտ 43,000 եվրո կամ 50,000 դոլար, կգրանցվի Արգենտինայի գերագույն դատարանում։ Դատախազները խնդրել են, որ այն պահվի, բայց չցուցադրվի Բուենոս Այրեսի Հոլոքոստի թանգարանում, մինչև որոշվի դրա վերջնական սեփականատերը։ Արգենտինացի արվեստագետ Արիել Բասանոն, որին մեջբերում է La Capital Mar del Plata թերթը, նշել է, որ կտավը լավ վիճակում է։