#իվենթաPAN
March 16, 2023

Պայքար՝ գրչով ու սրով, վրձնով ու թրով. Մեր նախատատերը՝ էմանսիպացիայի ճանապարհին

«Հայոց ազգային֊ազատագրական պայքարում կնոջ դերի և ազդեցության մասին կարելի է և պետք է շատ երկար խոսել։ Ու թող այս վերջաբանը լինի այդ զրույցի նախաբանը»:

Սա 19֊րդ դարավերջում և 20֊րդ դարասկզբին հայ կնոջ պայքարի և ֆեմինիզմի նախամայրերի մասին պատմող PAN-ի հոդվածի վերջաբանն էր: Ինչպես խոստացել էինք՝ հիմա դարձնում ենք մեր նախաբանն ու շարունակում հայ կնոջը ճանաչելու և մեծարելու ընթացքը: Կանանց միամսյակի առթիվ ծաղիկների և փուչիկների փոխարեն, կամ գոնե դրան զուգահեռ, խոսենք կանանց իրավունքների, պայքարի, մարտահրավերների ու հաջողությունների մասին:

ՈՒ, ԹԵ ՊԵՏՔ ԼԻՆԻ՝ ՄԵՐ ԳՐԻՉԸ ԿՓՈԽԱՐԻՆԵՆՔ ՍՐՈՎ

Սոսե, Եղսո, Հայո֊Հայաստան, Սաթենիկ Մատինյան, Կիլիզար, Սասունցի Շաքե: Հայոց ազգային֊ազատագրական պայքարի կին առաջամարտիկներն են: Ֆիդայական շարժման շարժիչ ուժն ու ամուր թիկունքը: Պետականություն չունեցող հայերի հավաքական նպատակը՝ ազատագրական պայքարը, այս կանանց համար գերնպատակ և ինքնության պահպանման երաշխիք էր:

Առանձնացնենք պատմական այս ակնարկի ամենաառանցքային դրվագներն ու անունները: Հայ կանայք վճռորոշ դեր են խաղացել 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում հայերի ինքնապաշտպանական մարտերում։ Այս մարտերը մղվել են ինքնորոշման և անկախության, բայցև փրկվելու և ոտքի տակ չտրորվելու ձգտումով:

1915 թվականի Վանի հերոսամարտը հայ կնոջ դերն ու նշանակությունն արտացոլող լավագույն օրինակներից է: Թուրք ջարդարարների դեմ պաշտպանական մարտերը հայոց ցեղասպանության բեկումնային պահերից էին: Քաղաքն ու բնակիչներին օսմանյան ուժերից պաշտպանելու գործում հայ կանանց դերի մասին պատմությունները պարզապես հերոսական դրվագներ են: Օրինակ, ինչպես Խանում մականվամբ մի կին կանանց կամավորական ջոկատ ստեղծեց և ինչպես այդ կանայք ամուր պահեցին թիկունքը: Ինքնապաշտպանական մարտերին հայ կանանց մասնակցության մեկ այլ օրինակ է 1918 թվականին Ղարաքիլիսայի ճակատամարտը: Այստեղ կանայք աջակցում էին տղամարդկանց՝ սնունդ, ջուր և բժշկական առաջին օգնություն տրամադրելով ամենավտանգավոր ու ամենածանր պայմաններում:

Իհարկե, սրանք ճակատագրական դրվագներ էին: Բայց մի քանի քայլ հետ գնալով, արժե և պետք է հիշել նաև 19-րդ դարավերջին մղված պայքարը: Սոսե Մայրիկը հայ հայդուկային պայքարի սիմվոլն է: Նա նախ դարձավ Աղբյուր Սերոբի կյանքի ընկերը, իսկ հետո նաև՝ զինակից ընկերը: Կռվեց ու ամուսնու զենքով կրակեց մինչև վերջին փամփուշտն ու ծանր վիրավորումը: Աչքի առաջ զոհվեց տղան, զինակից ընկերները, բայց Սոսե Մայրիկն իր անհավանական խիզախությամբ և մարտավարական հմտությամբ կարողացավ կռվել օսմանյան ուժերի դեմ. նաև նրա շնորհիվ թվաքանակով մի քանի անգամ գերազանցող թշնամին հսկայական կորուստներ ունեցավ:

Սոսե Մայրիկը

Կանանց հերոսական դրվագների մասին գրքեր են գրվել և հնարավոր չէ այդ դրվագները հակիրճ ներկայացնել՝ նույնիսկ եթե պարզապես ամփոփում ենք: Բայց չդիմանալով գայթակղությանը, անդրադառնանք նաև Սասունցի կանանց պայքարին: Էդիկ Մինասյանի և Տաթևիկ Մինասյանի հետազոտությունը, որ անդրադառնում է հերոսամարտի տարիներին կանանց պայքարին, հատուկ հատված ունի սասունցի կանանց կազմակերպված գործողությունների մասին:

1900-ականներին թուրքերը որոշել էին Սասունի մի քանի գյուղում զորանոցներ կառուցել և թուրք վարպետների փոխարեն դրսի հայերի էին բերել: Սասունցի կանայք արագ ինքնակազմակերպվել էին, սպառնալիքներով ու անեծքներով հարձակվել վարպետների վրա, ու մեղադրել, որ վերջիններս փորում են իրենց ազգակիցների գերեզմանը: Ջարդել էին արհեստավորների գործիքները, անզեն ու անվախ՝ դուրս էին եկել զինվորների դեմ: Եվ արդյունքում՝ ի՞նչ: Ոչ մի զորանոց էլ չէր կառուցվել: Ի դեպ, Աննա Մայրիկը, որի մասին վստահաբար լսել եք, սասունցի խիզախ կանանցից ամենանշանավորներից մեկն է: Մասնակցել է Սասունի 1894 թվականի և 1904-ի ինքնապաշտպանական մարտերին: Նրա հետ հաշվի էին նստում հայերը, քրդերն ու նույնիսկ այդ շրջանի թուրքերը:

Այս կանանց քաջությունն ու սխրանքը ոգեշնչեցին մյուսներին շարունակելու պայքարը: Ավելին, հայ կանանց մասնակցությունն ինքնապաշտպանական մարտերին մարտահրավեր նետեց ավանդական գենդերային դերերին, քանի որ կանայք կարողացան դրսևորել իրենց ուժը, քաջությունը և առաջնորդելու կարողությունները ծայրահեղ դժվարությունների պայմաններում: Այսօր աշխարհը զարմանում ու հիանում է Սիրիական Ռոջավայում կռվող քուրդ կանանց ջոկատներով, բայց եթե ոչ աշխարհը, ապա գոնե մենք գիտենք, որ առնվազն մեկ դար առաջ հայ կինը զենքը ձեռքին կռվում էր իր հայրենիքի համար:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Քսաներորդ դարի սկիզբՆ առանցքային պահ նշանավորեց ամբողջ աշխարհում կանանց իրավունքների համար պայքարում: Կանանց ընտրական իրավունքի շարժումները և ֆեմինիստական գաղափարախոսությունները թափ էին հավաքում Եվրոպայում և Միացյալ Նահանգներում՝ ոգեշնչելով կանանց ամբողջ աշխարհում վիճարկել հայրիշխանական նորմերը: Հայ կանայք բացառություն չէին և ակտիվորեն մասնակցել են սեփական իրավունքների համար մղվող պայքարին։ Նախորդ անգամ մանրամասն խոսեցինք կին գրողների և նրանց անգնահատելի դերի մասին, այսօր ավելի լայն ընդգրկում վերցնենք:

Չնայած տնտեսության և հասարակության մեջ իրենց առանցքային դերին, հայ կանայք բախվում էին զգալի սոցիալական, տնտեսական և քաղաքական անհավասարությունների: Վաղ և հարկադիր ամուսնություն, ընտանեկան բռնություն, կրթության սահմանափակ հնարավորություններ։ Այդ շրջանում հայ կանանց գրագիտության մակարդակը կազմում էր ընդամենը 15-20 տոկոս:

Հայ կանանց սոցիալական կարգավիճակը սերտորեն կապված էր նրանց՝ որպես կին և մայր պարտականությունների հետ, հաճախ զրկված էին հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություններից: Կանայք քվեարկելու կամ քաղաքական պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունեին։ Խտրականության բեռը հայ կանանց համար եռակի էր՝ սեռական, դասակարգային և էթնիկ:

«Որպես կին՝ ինձ վրա դրված պարտականությունների բեռի տակ ճնշվում եմ, իսկ դրանց փոխարեն ինձ շնորհված իրավունքներն այնքան քիչ են, որ կարելի է ասել՝ չկան». Հայկանուշ Մարկ, 1927 թվական։

Ու չնայած այս մարտահրավերներին, կային կանայք, որոնք չէին վախենում բարձրաձայնել մեծամասնության վախերն ու ցանկությունները: Այս կանայք ստեղծում էին ակումբներ, հասարակական կազմակերպություններ, ամսագրերում հարթակ էին տրամադրում կին գրողներին՝ քննարկելու իրենց մտահոգությունները և խոսելու այդքան անհրաժեշտ փոփոխությունների մասին:

Զապել Եսայանի և մյուս անվանի կին գրողների մասին խոսել ենք, ուստի այստեղ կառանձնացնենք Մարիամ Խատիսյանի անունը: Գրող և լրագրող, որը կենտրոնանում էր կնոջ կրթության, սոցիալ-տնտեսական դերի և ազդեցության հնարավոր լծակների վրա: Գրում էր «Մասիս» և «Հայ կին» հրատարակությունների համար, զուգահեռաբար ներգրավված էր Կոստանդնուպոլսում կանանց ակումբների ստեղծմամբ և այնտեղ քննարկումների կազմակերպմամբ: Շատ ենք սիրում հայտարարել, որ այս շրջանի ամենանշանակալի ձեռքբերումներից էր այն, որ 1919 թվականին հայ կանայք աշխարհում առաջիններից էին, որ ընտրելու իրավունք ստացան: Բայց սա ոչ այնքան և ոչ միայն նպաստավոր պայմանների, այլ կանանց երկար ու ձիգ պայքարի արդյունք էր:

Քաղաքական կոնտեքստին գալով. խոսելու նյութն այնքան շատ չէ, որքան կանանց հասարակական գործունեության դեպքում էր: Այստեղ էլ մշտապես սիրում ենք Դիանա Աբգարի անունը տալ: Հիշել, որ առաջին կին դեսպանն էր և, որ առանցքային, իսկապես առանցքային դեր է ունեցել հազարավոր երեխաների, ծանր պայմաններում հայտնված մարդկանց օգնելու հարցում: Սրա մասին գուցե շատ ենք խոսել, բայց քիչ ենք շեշտել, որ Դիանա Աբգարը չէր խորշում բարձրաձայնել ընտանեկան բռնության և վերարտադրողական առողջության մասին: Քաղաքական դաշտում կանանց դերը կտրուկ նվազում ու գրեթե բացակայում է սովետական միության առաջին տարիներին: Նույնիսկ կարելի է ասել՝ տասնյակ տարիներին:

Վերադառնալով ամենակարևորին՝ կրթությանը: Կրթության շուրջ դիսկուրսը հայ կանանց կամ էլ գոնե նրանց մի մասի համար գլխավոր թեմա էր: Կանանց համար կրթական հնարավորությունների բացակայությունը զգալի խոչընդոտ էր նրանց սոցիալական և քաղաքական առաջխաղացման համար, և սա, առաջին հերթին, գիտակցում էին այն երջանիկները, ովքեր հնարավորություն էին ունեցել գոնե միջին մասնագիտական կրթություն ստանալ: Եվ հենց այսպես Կոստանդնուպոլսում հայ կանանց խմբերը սկսեցին հիմնել դպրոցներ և ստեղծել կրթական ծրագրեր՝ հատուկ կանանց համար:

Այստեղ ևս Զապել Եսայանի անունն ամենաառանցքայիններից է: Եսայան գրողին շատերը գիտեն, բայց Եսայան մանկավարժի դերն արժանի գնահատականի քիչ է հանդիպում: Փարիզի Սորբոնում սովորած հայուհին առաջին հերթին ոգեշնչման աղբյուր էր երիտասարդ աղջիկների համար: Նա կենդանի օրինակ էր նրա, որ անհնարին թվացող նպատակն ամենևին էլ անհնարին չէ: Հենց Եսայանը մղեց բազմաթիվ հայ կանանց՝ հետևելու սեփական կրթական ձգտումներին:

Ի դեպ, սա միայն կանանց պայքարը չէր: Կրթության արժեքն ու կարևորությունը հասկացող տղամարդիկ նույնքան շահագրգռված էին կրթված կանանց և, հետևաբար, նաև կրթված հասարակության գաղափարով: Սա ակներև էր հատկապես արևելահայության շրջանում: Իսկ շարժման ակունքներում էին նաև հայ գրողներ Րաֆֆին և Պերճ Պռոշյանը: Պռոշյանն ակտիվորեն մասնակցում էր Թիֆլիսում, Շուշիում, Ագուլիսում և այլ վայրերում կանանց դպրոցների հիմնադրմանը: Րաֆֆին 1875-1877 թվականներին Թավրիզի Արամյան դպրոցում մեծ ջանքեր էր դնում կանանց կրթության կարևորությունն ընդգծելու և հնարավորություններ ստեղծելու առումով: Բայց, իհարկե, նրա այս գաղափարները հայ հոգևորականների և աշխարհիկ ազնվականության դիմադրությանն էին հանդիպում: Րաֆֆուն սպառնացող վտանգն այնքան մեծ էր, որ գրողը նույնիսկ ստիպված էր փախչել քաղաքից: Մյուս կողմից, կային գրողներ, օրինակ՝ Միքայել Նալբանդյանը, Գրիգոր Զոհրաբը, Հակոբ Պարոնյանը, որոնք համարում էին, որ կանանց «անտեղի» էմանսիպացիան կկործանի ազգային արժեքները:

Իհարկե, անհատների դերը կարևոր է, բայց դրա երկարաժամկետ ու ծավալուն ազդեցությունն անհնարին կլիներ առանց ինստիտուցիոնալ փոփոխությունների: Եվ այս պայմաններում օդ ու ջրի պես կարևոր էր, օրինակ, հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հիմնադրումը 1906 թվականին: ՀԲԸՄ-ն հիմնեց բազմաթիվ դպրոցներ և կրթական ծրագրեր հայկական սփյուռքում, հատուկ հաստատություններ՝ աղջիկների և կանանց համար:

Չնայած նման ջանքերին, Հայաստանում և հայկական սփյուռքում կանանց կրթության հնարավորությունները շատ դեպքերում մնացին սահմանափակ: Կանայք հաճախ բախվում էին զգալի սոցիալական և մշակութային խոչընդոտների: Իհարկե, չենք էլ զարմանում, որովհետև նույնիսկ այսօր կա մարդկանց մի շրջանակ, որը հստակ առաջնահերթություն է տալիս կնոջ տնային պարտականություններին և վերջին պլան մղում ակադեմիական ձգտումները:

Շատ հաճախ կանանց իրավունքների, խտրականության և բռնության դեմ պայքարի, հավասարության մասին խոսելիս մեր երկրում մարդկանց մի ստվար զանգված սա փաթեթավորում է որպես արևմտյան արժեք ու գաղափարախոսություն: Իրականում սա առնվազն անտեղյակ մարդու դիտարկում է: Ո՞րն է հայկական արժեքն ու գաղափարախոսությունը: Ո՞րն է հայկական ավանդույթը: Նախորդ դարից այս օրինակները թող ամուր հիմք դառնան՝ բացահայտելու հայ կնոջ ամբողջ պոտենցիալը: Հարյուրամյակներ առաջ եղած առաջադեմ բացառություներն այսօր օրինաչափություն դառնալու ճանապարհին են: Եվ սա, մեծ հաշվով, նաև այդ բացառությունների շնորհիվ է:


✍ Նանե Մանուկյան / PAN