#cinéPAN
July 29

Իսկ ի՞նչ, եթե... Պատկերացնում ենք ալտերնատիվ հայալեզու կինոմամուլը  

Խորհրդային հայկական կինոն, ինչպես նաև ամբողջ խորհրդային կինոն, այնքան էլ չէր սիրում սիքվելները, պրիքվելները և այլ շարունակություններ` անգամ ֆիլմի ահռելի հաջողության դեպքում։ Յուրաքանչյուր ֆիլմ ինքնաբավ էր ու սկիզբ չէր դնում խոշոր ֆրանշիզի։ Բայց ի՞նչ, եթե այդպես չլիներ։ Քանի որ մենք շատ ենք սիրում ալտերնատիվ պատմություններ, եկեք պատկերացնենք տիեզերք, որում հաջողակ հայկական ֆիլմերը շարունակություն էին ունենում։ Մի քիչ էլ առաջ շարժվելով` եկեք պատկերացնենք, թե ինչ կգրեր հայալեզու կինոմամուլը այդ շարունակությունների մասին։

PAN-ն այցելել է այդ ալտերնատիվ տիեզերք ու բերել որոշ հետաքրքիր քաղվածքներ։

Առաջինը, ինչ աչքի ընկավ նոր աշխարհում, այն է, որ Արևմուտքի հայկական գաղթօջախներն ուշի ուշով հետևում են ՀԽՍՀ կինեմատոգրաֆին։ Ստորև` հատված հռչակավոր գրքերից մեկից.

Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» (1969)  ֆիլմը ոչ միայն գյուղական կյանքի հրաշալի իլյուստրացիա է, կայսրության անցուդարձին գյուղի անհաղորդ լինելու մասին պատում,  այլև գյուղի ու քաղաքի, գյուղական ու քաղաքային մենթալիտետի ու առաջնահերթությունների բախման, գյուղ թափանցելու ու գյուղը կլանելու քաղաքի փորձի մասին առակ։ Սակայն ֆիլմի վերջում ասիմիլյացիոն պրոցեսը շրջվում է գլխիվայր, երբ լեյտենանտի (Սոս Սարգսյան) ուղեկցությամբ Իշխանը (Մհեր Մկրտչյան), Պավլեն (Խորեն Աբրահամյան), Ավագը (Ազատ Շերենց), Զավենը (Արմեն Այվազյան) ու Ռևազը (Արտավազդ Փելեշյան) ոչխարներին առաջներն արած գնում են քաղաք` թե մթերման, ու թե միլիցիայի բաժանմունքում «հանցագործության» հանգամանքները պարզելու համար։

Վարուժան Դիլանյանի «Սովետահայ կինո» գրքի շապիկը` արհեստական բանականության պատկերացմամբ

Շարունակությունը, որը ստացել է «Մենք ենք, մեր քաղաքը» անվանումը, կենտրոնանում է քաղաքի ու քաղաքային կեցության կողմից գյուղական մշակույթը ոչնչացնելու ցավալի փաստի վրա, որը սկիզբ է առել ԽՍՀՄ գոյության առաջին տարիներին ու շարունակվում է մինչ օրս։ Ֆիլմը պատկերում է ուրբանիզացման ահռելի տեմպերը, որոնք տեղի էին ունենում քաղաքում 60-ականների վերջին, ինչպես նաև մշակութային համահարթեցումը և գորշացումը, երբ մարդկային կյանքերն ու պատմությունները փակվում էին ուղղանկյուն մրջնանոցներում` առաջացնելով հարաբերությունների ու հարևանության լրիվ նոր` թաղային տեսակը։

Քաղաքում հայտնված հովիվները, իհարկե, առաջին անգամը չէ, որ ուրբանիզացման օրրանում են. սակայն պետք է հիշել, որ 60-ականներին քաղաքն ահռելի տեմպերով փոխվում էր ամեն օր։ Շինարարության հրեշավոր ծավալները արդեն հինգ տարի հետո քաղաքն անճանաչելի էին դարձնում այնտեղ չայցելած մարդու համար, մրջնանոցները բնակեցվում էին շրջակա գյուղերի բնակիչներով։ Քաղաքից հեռու անցկացված ժամանակը բավարար էր, որպեսզի այն անճանաչելի փոխվի թե բարձրահարկ ու անիմաստ խորանարդների, ու թե այդ խորանարդներում ապրող մարդկանց ինքնաընկալման ու աշխարհընկալման առումով։ Իրենց հողին, դաշտին, անտառին ու առվակին կպած գյուղացիները, ում համար այդ հողը, դաշտը, անտառն ու առուն մարմնի շարունակություն է, չեն հասկանում, ինչպես կարելի է մարմնի շարունակություն ունենալ անկենդան բետոնը, գորշ ասֆալտը, անշունչ ու աղմկոտ ավտոմեքենան։ Քաղաքում մարդիկ արթնանում են վաղ առավոտյան, ինչպես գյուղում, ու գնում աշխատանքի. բայց աշխատանքն այդ թույլ է կապված մեծագույն հրաշքի` կյանքի հետ, որի գոյության ֆենոմենը մեր հերոսներն իրենց հատուկ սրամտությամբ կքննարկեն ոստիկանական բաժանմունքում։

«Մենք ենք, մեր քաղաքը» ոչ մի պարագայում նման չէ հիմար կատակերգություններին քաղաքն առաջին անգամ տեսնող ու քաղաքային մշակույթից զարմացած գյուղացու մասին։ Հակառակը, սա էքզիստենցիալ վիճակների բախման, ազատության ու անազատության մասին է։ Ու այստեղ տեղին է Ավագի արտահայտած միտքն այն մասին, որ «մեզ բերել են դատելու, բայց էստեղ բոլորն արդեն իսկ բանտարկված են»։ Բանտարկվածի համար լավագույն ելքը ոչ թե ազատությունն է, այլ ազատ մարդուն բանտարկելը։

Երկրորդ ֆիլմը` շատ ավելի պեսիմիստական, բայց նույնքան հնարամիտ հումորի հարցում, ահռելի հաջողություն ունեցավ, ինչից հետո նկարվեց մեկ այլ ֆիլմ` «Լեյտենանտը» անվանմամբ։ Այն պատմում է Սոս Սարգսյանի մարմնավորած կերպարի` քաղաքում որպես միլիցիայի աշխատակից առաջին տարիների մասին։ Բնականաբար, նուրբ հասարակական երգիծանքը պետք է բավարար նուրբ լիներ` խորհրդային ցենզուրայի մկրատի տակ չընկնելու համար։ Այդ իսկ պատճառով, բոլոր երեք ֆիլմերի ռեժիսոր Մալյանը ու սցենարիստ Հրանտ Մաթևոսյանը դիմում էին խորամանկության. ֆիլմում քննադատության հիմնական գիծը վերաբերում է անդադար աճող ու տարածվող բյուրոկրատական ապարատի արդյունավետության նվազմանը, ու այդ հանգամանքը հեղինակները ցույց են տալիս առաջին հայացքից անմեղ հումորային իրավիճակների միջոցով։

Օրինակ, երբ միլիցիայի աշխատակիցներն այցելում են մեկ շիշ կոնյակի դիմաց ավտոտնակի հարցում լավություն արած մանր չինովնիկին, վերջինս, տագնապած, առաջարկում է իրավապահներին հանձնել մանկապարտեզի դայակ իր կնոջը, ով մի անգամ տուն էր եկել մի ամբողջ տուփ կոնֆետներով։ Բացասական պատասխան ստանալով` չինավնիկը սենյակ է կանչում իր դպրոցական որդուն ու առաջարկում իր փոխարեն կալանավորել, որովհետև վերջինս քննության ժամանակ արտագրել էր դասարանցուց։ Զավեշտալի ու ծիծաղելի այս դրվագի հետևում խորհրդային իրավապահ համակարգի` երբեմն աբսուրդի հասնող մոտեցումներն էին, ինչպես նաև բյուրոկրատիայի քննադատությունը, որը իր գոյության համար պատրաստ էր զոհաբերել պետության բարօրությամբ։ Մանավանդ, որ դրվագում չինովնիկի տան պատին փակցված է Ֆրանսիսկո Գոյայի «Սատուրնը որդուն հոշոտելիս» նկարի պատճենը»։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Հատված ֆրանսահայ հայտնի կինոքննադատ Վարուժան Դիլանյանի «Սովետահայ կինո» գրքից, որը լույս է տեսել Փարիզում 1998-ին։

Մենք հայտնաբերեցինք նաև հայտնի խորհրդային օրաթերթի անգլալեզու տարբերակը։ Մեր Տիեզերքում գոյություն ունեցած ԽՍՀՄ-ը դժվար թե նման բան թույլ տար։

«Տղամարդկային իսկական ընկերության մասին «Տղամարդիկ» (1972) կատակերգությունով ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանը փորձում էր նորմալացնել անհաջողակ լինելը` էական չէ` անհաջողակ ես աշխատանքում, անձնական կյանքում, թե սիրո մեջ։ Կյանքի դառը փորձառություններից է մեր երազանքների ու իրականության չհամընկնելը, հաճախ` դիամետրալ չհամընկնելը, ու հենց այդ չհամընկնելու աստիճանն էլ սահմանում է անհաջողակ լինելու աստիճանը։ Այդուհանդերձ, Քեոսայանն ասում է. ոչինչ, որ Արամը (Ավետիք Գևորգյան), ի դեպ, արդեն հասուն տղամարդ, դեռ դուրս չի եկել պատանեկան երազների տիրույթից ու չի էլ փորձում հավասարակշռված քայլ անել Կարինեի (Ալլա Թումանյան) սիրտը գրավելու համար։ Կարևորն այն ընկերներն են ու այն ընկերությունը, որ շրջապատում ու «աջակցում են» Արամին իր կյանքի բարդ ժամանակներում։

Известия թերթի անգլալեզու տարբերակի այն համարը, որում տպագրվել է ֆիլմի մասին ծավալուն հոդվածը։ Արհեստական բանականության պատկերացմամբ

Համենայն դեպս, այսպես էր տեսել առաջին ֆիլմը Գրիգոր Կեռասյանը, ում վստահվեց շարունակության ստեղծումը։ Երկու տարի անց էկրաններ բարձրացած «Տղամարդը» ֆիլմում հեղինակը կենտրոնանում է միայն Արամի վրա, կադրից հեռացնում է մյուսներին ու գլխավոր հերոսին տեղափոխում... պատերազմի թատերաբեմ։ Առաջին ֆիլմից անցել է 7 տարի, Աֆղանստանում պատերազմ է մոլեգնում, ու Արամը, թողնելով տաքսու վարորդի գործը, կամավորագրվում է։ Ռեժիսորի մոտ ստացվում է պատերազմի ողբերգությունը ցույց տալ կատակերգության պրիզմայով, Արամի մետամորֆոզը երկչոտ ու թուլամորթ մեկից դեպի խիզախ հրամանատար հիանալի է նկարագրված, սակայն Կեռասյանի շեշտադրումները հարցեր են թողնում ու նսեմացնում են Քեոսայանի ֆիլմի ասելիքը։

Այսպես, հայտնվելով Աֆղանստանում, Արամը նոր ընկերներ է գտնում, ու հենց նրանց ազդեցության տակ սկսում է վերելքի իր ուղին։ Փաստացի, ռեժիսորը առաջին ֆիլմում Արամի անհաջողությունների մեջ ուղիղ մեղադրում է իր տաքսիստ ընկերներին, ու եթե նրանց փոխարեն գլխավոր հերոսը այլ մարդկանց հետ շփվեր, Կարինեի հետ պատմությունը շատ ավելի դրական ավարտ կունենար։ Դրա մասին է փաստում նաև երկրորդ ֆիլմի ֆինալը, երբ պատերազմից փառքով վերադարձած Արամը սիրո խոստովանություն է ստանում Կարինեից։ Ինչպիսի մառա՜զմ։ Ու այդ ամենը, որովհետև երկրորդ ֆիլմի ռեժիսորը սխալ էր ինտերպրետացրել առաջին ֆիլմը։

Կադր «Տղամարդը» ֆիլմից։ Արհեստական բանականության պատկերացմամբ

Քեոսայանը ոչ մի առումով չի արդարացնում անհաջողակ լինելը։ Նա ընդհանրապես չի խոսում հաջողակ կամ անհաջողակ մարդկանց կատեգորիաներով, որովհետև դրանք խիստ անորոշ են կյանքի նման բարդ երևույթի համար։ Անհնար է մարդուն մի քանի իրադարձություններից ելնելով միանշանակ հաջողակ կամ անհաջողակ անվանել, որովհետև Սպորտլոտոյով մեծ գումար շահողին կարող են թալանել ու սպանել։ Իսկ Կարինեի սիրտը չշահելը կարող էր Արամին դարձնել խիստ տաղանդավոր ու բեղմնավոր դրամատուրգ։ Կեռասյանը շատ պրիմիտիվ է մոտենում Քեոսայանի ֆիլմին. իրականում, խոսքն այստեղ երբեք չի եղել մանկական երազանքներով ապրող հասուն տղամարդու մասին։ Քեոսայանը խոսում է խիստ մարդկային մի առանձնահատկության թեմայով. մենք հաճախ հեռուն նայելով` չենք նկատում այն արժեքավորը, որ մեր կողքին է։ Բարձր երկնքում թռչող կռունկով զմայլվելով` չենք նկատում մեր ձեռքի երաշտահավին (վերափոխելով հայտնի ռուսական ասացվածքը)։ Ու դա հատուկ է բացառապես բոլորին, ոչ միայն Արամին։ Իսկ Կեռասյանը իր ֆիլմով զրոյացնում է այդ խիստ մարդկային առանձնահատկության ուսումնասիրությունը»։

Հատված Известия թերթի անգլալեզու տարբերակում հրապարակված վերլուծականից, հեղինակ` Ալեքսանդր Միրզոյան, 26 հունիսի, 1982թ.

Անգամ Գլենդեյլի հայալեզու ամսագիրը պարբերաբար գրում է սովետահայ կինոյի մասին։ Իհարկե, հեղինակների մեծ մասը Խորհրդային Հայաստանից ինչ-որ զարտուղի ճանապարհներով իմպերիալիզմի օջախ փախած նախկին դրամատուրգներ են։

«Երաժշտական մելոդրամաները սովետական Հայաստանի կինոյում այնքան էլ հաճախակի չէին հանդիպում։ Վերջին աղմկոտ ռելիզը, որը հավաքել էր 24.6 մլն հանդիսատես, Յուրի Երզնկյանի ու Լաերտ Վաղարշյանի «Առաջին սիրո երգը» (1958) դրաման էր` Խորեն Աբրահամյանի փայլուն կատարմամբ։ Արվեստի մարդը ստիպված է բառացիորեն մեջտեղից կիսվել` սիրելի մարդկանց ու սիրելի զբաղմունքի միջև, իսկ արվեստն ու ընտանիքը նման մարդկանց հաճախ պատառ-պատառ են անում։ Հաջողակ երիտասարդ երգիչ Արսեն Վարունցը (Աբրահամյան) հայտնվում է հենց այսպիսի իրավիճակում, սակայն ֆիլմի հեղինակները արդյունքում փափկեցնում են սյուժեն` հոգեբանական բարդ ապրումների ճանապարհի փոխարեն ընտրելով պարզունակ մելոդրաման` հեփփի էնդով։

«Գլենդելահայեր» ամսագրի 1988թ-ի նոյեմբերի 11-ի համարի շապիկը: Արհեստական բանականության պատկերացմամբ

Ու զարմանալի մի բան. 30 տարի անց նույն Երզնկյանն ու Վաղարշյանը կրկին միավորվեցին` արդարությունը վերականգնելու համար։ 1988թ-ին էկրաններ բարձրացած «Առաջին սիրո երգը 2» դրաման միաժամանակ յուրահատուկ ռեմեյք է, որն ուղղում է առաջին ֆիլմի սխալներն ու պատմում շատ ավելի իրատեսական պատմություն։  Առաջին ֆիլմից անցել է ուղիղ երեք տասնամյակ։ Արսենի ու Ռուզանի կրտսեր զավակը` 19-ամյա Ստեփանը (Արամ Գևորգյան) տեղափոխվում է Կիրովական` տեղի համալսարանում սովորելու համար, ու երաժշտության նկատմամբ կիրքը նրան կապում է «Աղվեսներ» ռոք խմբի անդամների հետ։

Հենց այստեղ էլ ֆիլմը կտրուկ շրջադարձ է կատարում ուղղակի երաժշտական ֆիլմից դեպի իսկական երաժշտական թրիլլեր։ Փառասեր Ստեփանն ամեն ինչ կանի` խմբի բաս կիթառահարի տեղը զբաղեցնելու համար, ու երբեմն նրա գործողությունները շատ մոտ կլինեն օրենքը կոպիտ խախտելու սահմանին։ Ստեփանը ոչ թե հոր նման պատառոտվում է արվեստի ու ընտանիքի միջև, այլ արվեստի, ընտանիքի ու իր նոր ընկերների. յուրաքանչյուրի միանշանակ ընտրություն բերելու է մյուս երկուսի կորուստի, ինչն անտանելի է գլխավոր հերոսի համար։ Արդյունքում, Ստեփանը հայտնվում է բարդ հոգեբանական ծուղակում, որից դուրս գալն այնքան էլ հեշտ չէ։

Կադր «Առաջին սիրո երգը 2» ֆիլմից։ Արհեստական բանականության պատկերացմամբ

Ի տարբերություն օրիգինալ ֆիլմի, սիքվելի տոնայնությունը մռայլ է, դինամիկան, հաշվի առնելով երաժշտական ուղեկցությունը, ագրեսիվ ու արագ։ Եթե 50-ականների վերջին սիրվել էին Առնո Բաբաջանյանի գրած «Երևանի սիրուն աղջիկ», «Իմ Երևան», «Դու իմ սիրո արև» երգերը, ապա 30 տարի անց նույնքան կսիրվեն «Դու իմը չես լինի», «Ես կանչում եմ» ու «Կիրովական-Երևան» սքանչելի ռոք բալլադները, որոնք հեղինակել է առաջին ֆիլմի կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը։ Կարճ ասած, եթե անգամ չեք սիրում առաջին ֆիլմը, սիքվելն անպայման դիտեք կինոթատրոնում»։

Հատված «Գլենդելահայեր» պարբերականում 1988թ-ի նոյեմբերին 11-ին տպագրված հոդվածից, հեղինակ` Ջորջ (Գևորգ) Թոփուզյան։

Ցավոք, ալտերնատիվ տիեզերքում մեր ժամանակը կարճ էր ու ստիպված էինք վերադառնալ։ Բայց խելագարվել կարելի է պատկերացնելով, որ սա ընդամենը մեկն էր անվերջ քանակի ալտերնատիվ աշխարհներից։


🎬 Արման Գասպարյան / PAN