#մշակութաPAN
April 11, 2023

Որդի ծնելուց մինչև մարտիկ՝ կինը՝ հայկական դիցարանում․ Ինչպես ու ինչ է պահպանել հայկական հողը  

Փակելով «կանացի, գարնանային տոների թեման» և մնալով մայրության ու գեղեցկության թեմայի մեջ, այս անգամ PAN-ը պատմում է հայկական հնագույն մշակույթում կանանց ընկալելու, մայրության, պտղաբերության մասին։ Այս թեմայով զրուցել ենք արվեստաբան Անուշ Հակոբյանի հետ։

Մինչ պատմության խորքերը գնալը, Հակոբյանն առաջարկում է պարզ հարցի պատասխան ֆիքսել՝ ի՞նչ է մշակույթը։ Մշակույթն այն է, ինչ ստեղծվում է մարդու միջամտությամբ ու միջոցով։ Նա ասում է՝ մեր արարածը մեր մշակույթն է, ազգային մշակույթն ազգի արտացոլումն է։ Հնագույն շրջանի մշակույթին նայելով՝ մենք նայում ենք սկզբնական, նախնական հայկականին ու այնտեղ տեսնում կանանց։ Զրույցը բաժանել ենք մի քանի մասի՝ հասկանալու համար նախ հնագույնի իմաստը, հետո՝ ենթատեքստն ու դիցարանի առաջարկած կանացի և կնամեծար կոնտեքստը։

ՆԱԽԱԲԱՆ․ Ի՞ՆՉ ԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ «ՀՆԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆ» ԱՍԵԼՈՎ, ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՅԿԱԿԱՆԸ ԲԱՑ

Տեսակետ կա, որ հայ հնագույն մշակույթը թվագրվում է մինչև Ք․ա. 50,000 տարի առաջվանից, տեսակետ կա՝ 5000-7000 տարի։ Ակադեմիական՝ ամենազուսպ ու ժլատ տեսակետով, հնագույն մշակույթը թվագրում ենք Ք․ա. 5-րդ հազարամյակից մինչև Ք․ա. 10-րդ դար։ Ահա այս ամբողջ շրջանը համարում ենք արվեստի պատմության առումով հնագույն պատմության շրջան, որի մեջ ներառվում է նախնադարյան շրջանը, երբ դեռ չկային հայկական առաջին պետությունները:

Խոսքն Արատտա, Հայասսա հնագույն հայկական պետությունների մասին է, որից հետո արդեն, ըստ պատմաբան Արտակ Մովսիսյանի տեսակետի, ունենք Նաիրյան երկրների միավորում՝ մոտ 25 հայկական իշխանություն՝ միավորված մեկ պետության մեջ, որին էլ արդեն հաջորդում է Արարատյան թագավորությունը, նույն Ուրարտուն՝ Վանի թագավորությունը։

Արարատ թագավորությունը թվագրում ենք Ք․ա. 9-րդ դարից մինչև Ք․ա. 6-րդ դար, Ք․ա. 6-րդ դարից մինչև Ք․ա. 3-րդ դար արդեն Երվանդունիների դինաստիան է։ Դրան հաջորդում է Հելլենիստական շրջանը՝ Ք․ա. 3-րդ դարից մինչև մեր թվարկության 3-րդ դար։ Այսպիսով, նախաքրիստոնեական շրջանը համարում ենք սկզբնավորումից մինչև 301 թվականը, հնագույն շրջան ենք համարում սկզբնավորումից մինչև 10-րդ դար։

Իմ տպավորությամբ և ուսումնասիրմամբ՝ հնագույն համարվող մշակույթները (Շումմերական, Եգիպտական, Հնդկական, Չինական) սերտորեն կապված են իրար հետ մշակութային գծերով․ դրանք կրում են նախաստեղծ պատկերացումները, գիտելիքը, որը յուրաքանչյուր տարածքում արտահայտվում է իր ազգային հատկանիշներով։ Հետևաբար երբ խոսում ենք մայրության կերպարի, Մեծ մոր կերպարի մասին, պիտի հասկանանք՝ ինչպիսին էր այն հնագույն պատկերացումներում՝ ընդհանուր առմամբ։

Հայկական քաղաքակրթությունն իր հերթին սերտ փոխառնչություններ է ունեցել հնագույն այլ քաղաքակրթությունների հետ։ Այս բաց մշակույթը ինքն իր ճանապարհին անընդհատ փոխառնչությունների մեջ է եղել այլ մշակույթների հետ՝ պատմական, ռազմական, քաղաքական, առևտրական գործերի բերումով։

Այս «բացությունն» է ապացուցում նաև Ք․ա. 2 հազարամյակի կեսերին թվագրվող և Մեծամորում գտնված կշռաքար մանրաքանդակը, որի վրայի սեպագիր արձանագրությունները ցույց են տալիս, որ հայկական մշակույթը 3000-3500 տարի առաջ կոնտակտի մեջ է եղել հին Արևելյան ու հնագույն այլ քաղաքակրթությունների հետ (մասնավորապես՝ շումերական, եգիպտական)։

ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ՝ ԿԻՆԸ. ՄԱՅՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Քրիստոնեության ընդունման ժամանակ ահռելի մշակութային ժառանգություն՝ գրավոր աղբյուրներ են ոչնչացվել, պահպանվել է միայն մարդկանց կենդանի հիշողությունն ու հնագիտական նյութը՝ այն ինչ ընդերքում հողն է պահել։

Եթե օրինակ, շումմերական Ինանայի կողքին անունը գրված է ու մենք կարող ենք իմանալ պատկերված դիցուհու «ինքնությունը», մեր պարագայում այդ արձանագրությունները չեն պահպանվել։

Այսպիսով, կնոջ դերի պատկերումն ամբողջությամբ արտահայտելու համար պետք է զուգահեռներ անցկացնենք համաշխարհային այլ դիցարանների հետ։ Իսկ յուրաքանչյուր հնագույն մշակույթում մենք մայրիշխանություն ենք տեսնում։

«Այստեղ հարկ եմ համարում նաև տերմինին վերագրված ենթատեքստերը պարզաբանել․ մայրիշանությունը չի ենթադրում կնոջ կրունկի տակ ընկած տղամարդու կերպար»,-ասում է Հակոբյանը։

Իրականում, մայրիշխանությունը Տիեզերքի, Մեծ մոր կենսական ակտիվ ուժն  է կամ ավելի հստակ՝ Մեծ մոր ընկալումն է և պաշտամունքը։

Մեր հնագույն դիցարանում չկա դեպք, երբ որևէ մեկն իշխում է մյուսին, հանդես են գալիս առնական և իգական աղբյուրները՝ սկիզբները, հանդես են գալիս կողք կողքի՝ իրար լրացնելով։ Բոլոր դիցերն ունեն իրենց կանայք․ Խալդի կինը՝ Արուբանին, Արամազդի կինը (որոշ աղբյուրներում՝ դուստրը)՝ Անահիտ դիցուհին, հայտնի է օրինակ՝ Վահագն դիցի և Աստղիկ դիցուհու սիրո պատմությունը։

Այստեղ ոչ թե կինը լրացնողն է ուժեղ տղամարդուն, այլ նրանք կողք կողքի են՝ երկուսը միասին մեկ ամբողջական ուժով ու հզորությամբ են հանդես գալիս, ամեն մեկն՝ իր որակներին համապատասխան։ Այո՛, դիցերը որակներ են, իսկ ազգային դիցերը՝ ազգային որակներ։

Հելլենիստական շրջանից մեզ հայտնի Անահիտն ու Աստղիկն ուշ շրջանի դիցուհիներ են։  Ավելի վաղ՝ հնագույն շրջանից պահպանվել են Մոխրաբլուրում գտնված դիցուհու արձանիկը, համաշխարհային մշակույթի պատմությունից հայտնի են  պալէոլիթյան Վեներաներ, որոնք արտացոլում են պտղաբերության գաղափարը։

ՀՀ Արմավիրի մարզ, Մոխրաբլուր, կնոջ արձանիկ, Ք.ա. XXIX-XXVII դդ., թրծակավ (Ս. Սարդարյանի հավաքածու, լուսանկարը՝ Վ. Հակոբյանի)

Մոր պաշտամունքի հետ կապվում է պտղաբերության պաշտամունքը, իսկ պտղաբերությունը միայն երեխաներ ունենալը չէ, խոսքը նաև հողի պտղաբերության, առատության, բարօրրության, լիության մասին է։ Այն ամենն ինչ բարգավաճում է, պտղաբերություն է՝ կապված մոր հետ։ Մայրապաշտությունը, թերևս ամենից կենսունակն է մնացել մեր ժողովրդի մեջ՝ չնայած երբեմն մոռանում ենք, որ յուրաքանչյուր կին մայր է ու կանանց մեջ է այդ Մեծ մոր էլեմետը։

ՀՀ Արագածոտնի մարզ, Ագարակ, հղի կնոջ արձանիկ, Ք.ա. XXIX-XXVII դդ, թրծակավ (պեղ. և լուս.` Պ. Ավետիսյանի)

ԻՆՉՈՒ ՄԻԱՅՆ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ. ԴԻՑՈՒՀԻՆ՝ ԻՐ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՈՎ

Ինչպես տեսել ենք մեր դիցուհիներին, այնպես էլ տեսել ենք կանանց․ դիցարանի մասին պատկերացումը ևս մշակույթ է։ Կինը հին աշխարհում և հաջորդող մշակույթներում մեր ժողովրդի համար եղել է պատկառանքի, հարգանքի և սիրո առարկա, երբեք կասկածի տակ չի դրվել կնոջ դերն ու նշանակությունը․ կինը երբեք չի ստորադասվել, չի դիտվել որպես տղամարդու շարունակություն, լրացում, օգնական, ընկեր, որը, ըստ էության, հիմա որպես կոմպլիմետ են ընդունում։ Բնական է և նորմալ, որ կինն ու տղամարդը հանդես են գալիս միասին ու մեկ ուժ են կազմում․ այս ճշմարտությունը կասկածի տակ չի դրվել մեր նախնիների կողմից։ Կնոջ դերի ստորադասումը բնորոշ չէ մեր վաղ շրջանի մշակույթին, այն ավելի ուշ է առաջացել։

Հնագույն դիցարաններում դեպքեր կան, որ մեկ Մայր դիցուհու մեջ մի քանի դիցուհիների որակներ են մեկտեղվում․ ամեն որակ մի առանձին դիցուհի է ու կանացի այդ կերպարներն իրենց մեջ ամբողջացնում են  պաշտպանելը, ոգեշնչելը, կերակրելը, մարտնչելը։

Արարատի՝ նույն Ուրարտուի թագավորության՝ Խալդի, Թյշեբա և Շիվինի աստվածներին նայենք։ Ռազմական դից Թեյշեբայի կինը, որը Խուբան էր, ռազմի դիցերը բոլոր մշակույթներում ու հայկականում ևս ունեն իրենց կանացի ուժը։ Մեր պատառ-պատառ պահպանված դիցարանում մոր մեջ  պաշտպանելու և կռվելու էլեմետը կնոջ որակներին խիստ բնորոշ են եղել։  Բացառված չէ նաև, որ Անահիտի մեջ դված լինեն նաև այդ որակները, չնայած՝ ուշ շրջանում նրան մենք առանձին ռազմի դիցուհի չենք դիտարկում։

«Ավելի ուշ ի հայտ եկած մշակույթների հետ փոխազդցությունը, որոնք իրենց օրենքներն ու ավանդույթները հիմնել են՝ ելնելով քաղաքականությունից ու, երբեմն գնացել մարդատյաց ճանապարհով, բերել է ընկալումների դեգրադացման»,- ասում է Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է այսքան կնամեծար հնագույն մշակույթի պայմաններում, ավանդականը հաճախ ընկալվում որպես «պատժիչ», սահմանափակող, կնոջը տեղ չտվող։

ԻՆՉՈՒ ԿՐՔԵՐ ՉԵՆ ԵՌԱՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆՈՒՄ

Այո, Հին Հունական դիցարանում դիցերն ունեն տիպիկ մարդկային հատկանիշներ, խանդ, նախանձ, վրիժառություն։ Հին հունական մշակույթն իրականում Հին արևելյանի շարունակությունն է, ու գնում է դեպի մարդու կարևորության և անհատի ընդգծման ճանապարհով։ Հայացքը Տիեզերքից դեպի նյութական ոլորտ է տանում․ պատահական չէ, որ Վերածննդի շրջանում հայացքը թեքվեց դեպի Հին Հունաստանի մշակույթ, լեգենդներ ու դիցարան։ Մեր հնագույն մշակույթում նման պատմություններ չկան, քանզի դիցերին մարդկային հատկանիշներ քիչ են որակվել, դրանք ավելի շատ բնորոշել են երևույթներ, արժեքներ, հավատամքներ։

Սակայն, մոտավոր մի այդպիսի պատմություն կա պահպանված՝ Աստղիկի ու Վահագնի սիրո մասին։ Ասում են՝ այս երկու սիրահարի հարսանեկան թափորի ժամանակ Աստղիկի ուսի գցած լավաշն ընկնում է։ Հայր Արամազդը, տեսնելով դա, բարկանում է ու հայտարարում, թե նա, ում ուսից հացը գետին ընկավ, «օջախի կին լինել չի կարող»։ Սա արդեն հացի պաշտամունքի տարրեր է պարունակում, բայց փոքր-ինչ դիցերին «մարդկայնացնելու» մասնիկներով։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN