#մշակութաPAN
January 29

Հեղափոխական մեխակներից մինչև արքայական պսակներ ու «սպանող» վարդեր. Ինչ են պատմում ծաղիկները

Ծաղիկները մեզ ուղեկցում են կյանքի ամենակարևոր պահերին՝ ծնունդից մինչև հրաժեշտի օր: Հարյուրամյակների ընթացքում դրանք գրավել են ոչ միայն էսթետիկ կողմը գնահատող «հասարակ» մահկանացուներին, այլև, օրինակ, բուսաբաններին ու բժիշկներին։

Բնագետներն ուսումնասիրում են ծաղիկի կառուցվածքը, բժիշկները՝ դրանց  բուժիչ հատկությունները, և այսպես շարունակ։ Բայց չկա մի բան, որ արվեստագետների աչքից կարող է վրիպել, հատկապես, երբ խոսքը գույնի ու ձևի լայն հնարավորություն և ազատություն տվող ծաղիկների մասին է։ Ահա այդպես նկարիչները ծաղիկները վերածել են խորհրդանշական իմաստ ունեցող սիմվոլների ու զգացմունքների արտահայտման միջոցի:

Քրիստոնեական արվեստում ծաղիկների խորհրդաբանությունն առանձնահատուկ տեղ է գրավում: Դրախտի պատկերը հաճախ ներկայանում է որպես գաղտնի ու հրաշագեղ, հավերժ ծաղկող այգի: Հին ավանդազրույցներից մեկը պատմում է շուշանի մասին, որն աճել է Եվայի արցունքներից՝ Եդեմից վտարվելուց հետո: Ավետման տեսարանները պատկերող բազմաթիվ ստեղծագործություններում Գաբրիել հրեշտակապետը մոտենում է Սուրբ կույսին՝ ձեռքին բռնած այդ ծաղիկը:

Շուշանը՝ հնագույն մշակովի ծաղիկներից մեկը, վաղուց ի վեր հրեաների մոտ համարվել է անարատության խորհրդանիշ: Միջնադարյան Եվրոպայում այն դարձավ մաքրության, անմեղության և ազնվական ծագման մարմնավորում: Հովտաշուշանը, որն անգլերեն կոչվում է Lilies of the Valley, քրիստոնեական ավանդույթում հայտնի է որպես «Աստվածամոր արցունքներ». ըստ ավանդության, այս փխրուն ու նուրբ զանգակները ծնվել են Սուրբ խաչի վրա Տիրամոր թափած արցունքներից: Արևմտյան Եվրոպայում այս ծաղիկները սովորաբար նվիրում են Մայրերի օրվա առթիվ: Մեկ այլ ավանդության համաձայն, հովտաշուշանները ծնվել են արյան կաթիլներից, որ թափվել են վիշապի հետ մարտում: Նման ավանդազրույցները բազմաթիվ են, հետևաբար, ծաղիկների մեկնաբանությունները՝ ևս։

Բազմաթիվ ծաղիկների հետ կապված պատմությունների խորհրդանշական զուգահեռներն ակնհայտ են: Որոշ ծաղիկներ, կարծես, ձեռք են բերել իրենց վերագրվող իմաստներն ու հատկությունները. կարմիր վարդը խորհրդանշում է կրքոտ սեր, անմոռուկը՝ հավատարմություն, շուշանը՝ մաքրություն, և այլն:

Արվեստի պատմության մեջ ծաղիկների պատկերումը հետաքրքիր ուղի է անցել: Հնագույն ժամանակներից ծաղիկները, պսակները և ծաղկեպսակները եղել են իշխանության խորհրդանիշ: Դրանցով զարդարվել են Կլեոպատրայի և Ներոնի, Լուի Արև արքա XIV և Եկատերինա II շքեղ հանդիսությունները: Պատկերն առանձնապես չէր փոխվել անգամ 20-րդ դարում։ Սա հատկապես հետաքրքիր է Խորհրդային Միության պարագայում։

«Իսկ Լենինը, ասում են՝ նստած էր իր «արքայական» օթյակում, տոնական տեսքով և ամբողջովին ծաղիկների մեջ»:

Վերադառնալով ավելի վաղ շրջաններ. 16-17-րդ դարերում նատյուրմորտը, որը երկար ժամանակ համարվում էր երկրորդական ժանր, սկսեց աստիճանաբար ամրապնդել իր դիրքն արվեստում։ Հատկապես նշանավորվեցին Անտվերպենում ստեղծագործող նկարիչները, որոնք սկսեցին ստեղծել հսկայական չափերի նատյուրմորտներ, հաճախ պատկերելով ծաղիկներ:

Ամբրոզիուս Բոսհարտը, օրինակ, հայտնի էր ծաղիկները գրեթե գիտական ճշգրտությամբ նկարելու իր սիրով: Ծաղիկների հանդեպ սերն այնքան ուժեղ էր ընտանիքում, որ նրա երեք որդին էլ հետագայում դարձան, այսպես ասած, ծաղկանկարիչներ: Բոսհարտի կտավներում ծաղիկները դասավորված են սիմետրիկ, և նա առաջիններից էր, որ կենտրոնացավ ծաղկեփնջերի պատկերներ ստեղծելու վրա:

Ռաշել Ռյույշը համարվում է նիդեռլանդական Ոսկե դարի ամենահայտնի կին նկարիչը, բայց նա նաև եզակի էր այն առումով, որ ծաղկանկարչությունը բարձրացրեց էապես նոր մակարդակի: Նա կարողացավ ստեղծել սեփական ոճը և 60 տարվա ընթացքում նկարեց բուսական ու ծաղկային բազմաթիվ կոմպոզիցիաներ: Այս ընթացքում նա կոկիկ ու հստակ պատկերները համեմեց ասիմետրիկ պատկերներով, որոնք ստեղծագործություններին ավելի դինամիկ տեսք հաղորդեցին։ Միաժամանակ, ծաղկի յուրաքանչյուր թերթիկ մանրակրկիտ մշակված էր, իսկ վառ ծաղիկները համադրելու նրա վարպետությունն ընդգծում էր արտիստի տաղանդը։

19-րդ դարում ծաղիկների լեզուն կտավներից տեղափոխվեց նաև առօրյա կյանք. գաղտնի նամակներում զգուշորեն տեղադրված չորացված ծաղիկներն արտահայտում էին սիրահարների զգացմունքները՝ առանց ավելորդ խոսքերի: Հրատարակվեցին այս լեզվի ամբողջական բառարաններ, որտեղ տերևաթափ վարդը նշանակում էր վաղանցիկ սեր, հազարաթերթիկը՝ ամոթխածություն, անմոռուկը՝ հավատարմություն: Ծաղկային գեղանկարչության մեջ նույնպես տեղի ունեցան փոփոխություններ. ծաղիկներն այլևս թաքնված իմաստ էին հաղորդում ոչ միայն աստվածաշնչյան տեսարաններում և նատյուրմորտներում, այլև դիմանկարներում:

Ջոն Էվերեթ Միլլեի «Օֆելյա» կտավի հիմքում Շեքսպիրի «Համլետ» ողբերգության սյուժեն է։ Անգլիական գրականության ամենապոետիկ մահերից մեկը պատկերող կտավում որևէ ծաղիկ պատահական չէ։ Եղինջը ցավի խորհրդանիշ է, սպիտակ մարգարտածաղիկները՝ անմեղության, աղջկա պարանոցին թառամած մանուշակները խոսում են հավատարմության մասին, իսկ ձեռքի մոտ նշմարվող փունջը՝ վշտի ու տառապանքի:

Անգլիացի նկարիչ Լոուրենս Ալմա-Թադեման իր «Հելիոգաբալուսի վարդերը» կտավի համար որպես հիմք վերցրել է Օգոստոսների պատմության հեղինակի ոչ հավաստի մի պատմություն, ըստ որի՝ հռոմեական կայսր Հելիոգաբալուսը հրամայել է խնջույքի ժամանակ առաստաղից այնքան վարդեր թափել, որ խնջույքին հրավիրված իր թշնամիները խեղդվեն։ Նկարի առաջին պլանում պատկերված են հյուրերը՝ ծածկված վարդի թերթիկներով։ Հետին պլանում կայսր Հելիոգաբալուսն է, ոսկե դիադեմայով և նրա մայրը՝ Հուլիա Սոհեմիան։ Հելիոգաբալուսի աջ կողմում կանգնած է ֆլեյտա նվագող կին, իսկ հեռվում՝ Դիոնիսոսի արձանը, որը հեղինակը նկարել է Վատիկանի թանգարանում պահվող բնօրինակից։

Վան Գոգի «Հիրիկներ» կտավը նկարիչը ստեղծել է 1889 թվականին՝ մահից մեկ տարի առաջ։ Կտավում բացակայում է լարվածությունը, ինչն առկա էր նախորդ աշխատանքներում։ Նկարիչն այս նկարն անվանել է «իր հիվանդությունը լիցքաթափող», քանի որ զգում էր, որ նկարելն օգնում է պայքարել հիվանդության դեմ։ Այս նկարում, ինչպես նաև որոշ այլ, զգացվում է ճապոնական ուկիյո-է փորագրության ազդեցությունը։ Այն դրսևորվում է ուրվագծերի ընդգծմամբ, անսովոր դիտանկյունով, օբյեկտի` իրեն ոչ բնորոշ գույներով ներկայացմամբ։

Առհասարակ, ծաղիկները Վան Գոգի ստեղծագործական առանցքային արտահայտչամիջոցներից էին։ «Արևածաղիկներ» շարքն ասվածի լավագուն ապացույցն է։ Վան Գոգը սկսեց նկարել արևածաղիկների շարքը 1888-ի ամռան վերջին։ Հայտնի է, որ նկարվող ծաղկեփնջերից մեկը զարդարում էր իր ընկեր Պոլ Գոգենի ննջասենյակը։ Նկարները ցույց են տալիս արևածաղիկները կյանքի բոլոր փուլերում՝ ծաղկումից մինչև թոշնում։ Կտավները նորարարական են համարվում իրենց դեղին սպեկտրի համար, մասամբ՝ նաև այն պատճառով, որ նկարում օգտագործվել են նոր հայտնագործված գունային պիգմենտներ։

Անհնար է խոսել կտավներում ծաղիկների պատկերման մասին ու չառանձնացնել Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները»՝ մոտ 250 կտավից բաղկացած նկարաշար, որտեղ բոլոր կտավներն արված են յուղաներկով։ Նկարիչը կտավները վրձնել է՝ տպավորվելով Ժիվերնիում գտնվող իր տան այգում աճող ջրաշուշաններից։ Մոնեի ծաղկանոցը կյանքի վերջին երեսուն տարիներին դարձավ նրա ստեղծագործական կյանքի գլխավոր իմաստը։ Նկարներից շատերը ստեղծվել են այն ժամանակ, երբ իմպրեսիոնիստն արդեն տառապում էր կատարակտից։ Ի դեպ, 2018-ին այս շարքի կտավներից մեկը վաճառվեց 84.7 միլիոն դոլարով, ինչը նոր ռեկորդ էր իմպրեսիոնիստի կտավների համար։

Անցնենք առաջ։ Ավանգարդը ստեղծեց իր «սեփական» ծաղիկները, որոնք միաձուլվեցին մեկ այլ աշխարհի հետ՝ կուբիստական և աբստրակտ փորձարկումներում: Նկարիչների համար ծաղկային նատյուրմորտը դարձավ «արվեստը հանուն արվեստի» ստեղծելու հնարավորություն, առանց կեղծ պաթոսի և շինծուության՝ լուծելով գեղանկարչական «ձևական» խնդիրներ:

Դե իսկ մոդեռնիզմը ևս հետ չմնաց և ծաղիկների պատկերումը դարձավ արվեստի հիմնական մոտիվներից մեկը: Նկարիչները ձգտում էին ծաղիկները կտրել բուսաբանական բնույթից և տեղափոխել մոդեռնիզմի «գունապնակ»: Նրանց ծաղիկները հագեցած էին, վառ, գրավիչ։ Կենդանի «ծաղկային» երանգների վրա այս նկարիչները հավաքվում էին ճիշտ այնպես, ինչպես մեղուները՝ նեկտարի:

Անկախ ժամանակից և «իզմ»֊երից, ծաղիկները մշտապես ոգեշնչման աղբյուր են եղել արվեստագետների համար։ Դրանք նոր իմաստների ու մեկնաբանությունների անսպառ աղբյուր են և մշտապես հիշեցնում են բնության հավերժական վերածննդի և կյանքի շարունակական բնույթի մասին։


✍️ Նանե Մանուկյան / PAN