Ամբոխից վեր լինելու արվեստը, դափնեպսակներն ու ոսկիները. Հաղթանակի պատկերը՝ Հին Հունաստանից մինչև Աշխարհի գավաթ
Մարզական մեծ հաղթանակներին հետևում է մարզասերների աչքերի համար շատ սովորական դարձած արարողությունը՝ հաղթողները բարձրանում են պատվանդան, ստանում ոսկե մեդալները։ Թիմի ավագը ստանում է գավաթն ու այն պահում գլխավերևում, լուսանկարիչներն էլ, նախապես զբաղեցրած դիրքերից, որսում են այն կադրը, որն ապրելու է խաղից շատ ավելի երկար։
Ու այս տեսարանը հասկանալու համար պարտադիր չէ ճանաչել թիմերին կամ նույնիսկ իմանալ, թե որ մրցաշարն է։ Մեկ դրվագն արդեն բավական է, որպեսզի հասկանանք, որ սա հաղթանակի՜ պահն է։ Բայց եթե կարծում եք, թե այդ «ծանոթ պատկերը» ճանաչելի է, որովհետև բոլորս էլ կյանքում գոնե մի անգամ ֆուտբոլ ենք դիտել, ապա շտապենք ասել, որ իրականությունը մի քիչ այլ է։ Իրականում հաղթողին ամբոխից վեր բարձրացնելու այս միտումն արվեստի պատմության ամենահին վիզուալ ավանդույթներից մեկն է։
Մարզադաշտերում տեսախցիկների հայտնվելուց շատ ավելի վաղ արվեստագետներն արդեն մտածում էին, թե ինչ տեսք պետք է ունենա հաղթանակը։ Նրանք հաղթական ոգուն մարմին էին տալիս, կեցվածք ու շարժում պատկերում։ Հաղթողին բարձրացնում էին մյուսներից վեր, շրջապատում էին ծածանվող կտորներով, պսակներով, ամպերով կամ մարդկանց բազմությամբ։ Այդ կերպ անցողիկ հաջողությունը վերածվում էր մնայուն պատկերի, որն ավելի երկար էր ապրում, քան հենց իրադարձությունը։
Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի հաղթանակից հետո արված լուսանկարներն այս հազարամյա պատմության շարունակությունն են։ Դրանք հաղթանակի մասին պատմում են այն նույն վիզուալ լեզվով, որով մարդիկ արդեն հազարավոր տարիներ են խոսում։ Հաղթանակի արվեստը, հետևաբար, պարզապես հաղթողին պատկերելու արվեստ չէ։ Այն արվեստ է, որը հաղթանակը դարձնում է տեսանելի։ Ի վերջո, արդյունքն ինքնին վերացական երևույթ է ու այս առումով արվեստի խնդիրն այդ փաստին ձև ու պատկեր տալն է։
Ու հետաքրքիրն այն է, որ դարերի ընթացքում տարբեր ժամանակների արվեստագետները ի վերջո գրեթե նույն լուծումներին են եկել։ Հաղթողին բարձրացրել են մյուսներից վեր, իդեալականացրել կամ առանձնացրել լույսի միջոցով։ Շրջապատող աշխարհն էլ կարծես ինքնաբերաբար դասավորվել է հաղթողի շուրջ։
Հաղթանակի ամենահայտնի պատկերներից մեկը, որքան էլ զարմանալի է, ամբողջական չէ։ «Նիկե Սամոթրակյան» մարմարե քանդակում Նիկե աստվածուհին գլուխ, ձեռքեր ու դեմք չունի, բայց, միևնույն է, շատ ավելի կենդանի է թվում, քան մեզ հասած բազմաթիվ ամբողջական քանդակներ։
Քանդակը ստեղծվել է հաղթանակի աստվածուհի Նիկեի պատվին ծովային ճակատամարտից հետո։ Այն տեղադրել են ծովի վրա կախված ժայռին, իսկ պատվանդանը ներկայացրել է ռազմանավ։ Ամենակարող Նիկեն` քամուց ծածանվող զգեստով պատկերված է առաջ նետվելու դիրքով։ Նուրբ, բարակ շղարշից երևում է աստվածուհու ուժեղ ու ձիգ մարմնի հրաշալի կազմվածքը։ Նրա հաստատուն քայլը և արծվային թևերի բացվածքը հաղթանակի բերկրանքի զգացում են առաջացնում։
Հետազոտողները մինչև օրս միակարծիք չեն, թե կոնկրետ որ ծովային հաղթանակին է այն նվիրված, սակայն դրա գաղափարը կասկած չի հարուցում. Նիկեն մարդկային աշխարհ է բերում հաղթանակը։ Քանդակը չի փորձում պատմել, թե ինչ է տեղի ունեցել մինչև այդ պահը կամ ինչպես է կերտվել հաղթանակը։ Այն պատկերում է միայն հաղթանակի զգացողությունը։ Քամին, առաջ շարժվելու զգացողությունը, տարածության ընդարձակումը՝ հենց դրանք են դառնում հաղթանակի լեզուն։
Միաժամանակ, այս քանդակը մի քանի վիզուալ սկզբունք ձևակերպեց, որոնք մինչև այսօր էլ պահպանվել են հաղթանակի պատկերներում։ Նիկեն կանգնած է դիտողից վեր, և մենք ստիպված ենք նրան նայել ներքևից վերև։ Բացված թևերը կերպարին սովորական մարդկային չափերից մեծ են դարձնում։ Հագուստի ծալքերը փոխանցում են նույնիսկ օդի շարժումը։ Մարմինը միաժամանակ կայուն է և շարժման մեջ, տպավորություն է, թե հաջորդ վայրկյանին նա նորից առաջ է շարժվելու։ Մ.թ.ա. II դարի սկզբին ստեղծված այս գործն այսօր ցուցադրված է Լուվրում։ Լուվրում քանդակի ներկայիս տեղադիրքն այս տպավորությունն ավելի է ամրապնդում։ Այցելուն աստիճաններով բարձրանում է դեպի քանդակը և երկար ժամանակ Նիկեին ներքևից է տեսնում։
Վերադառնանք մարզական ցնծություններին։ Հին հույները մարզական հաղթանակը միշտ չէ, որ պատկերում էին բուռն տոնակատարությամբ։ Շատ ավելի հաճախ նրանք նախընտրում էին զսպվածությունը։ Հաղթական ճիչերի ու բարձր բռունցքների փոխարեն հաղթանակն արտահայտվում էր մարմնի հավասարակշռությամբ, համաչափությամբ և ինքնատիրապետմամբ։
Սա ամենևին էլ պատահական չէր։ Հին Հունաստանում սպորտը սոսկ մրցակցություն չէր։ Այն այս կամ այն կերպ կապված էր կրոնի, քաղաքացիական ինքնության և դաստիարակության հետ։ Հաղթած մարզիկները հասարակության մեջ առանձնահատուկ հեղինակություն էին վայելում։ Նրանց պատվին արձաններ էին կանգնեցնում, բանաստեղծները ներբողներ էին գրում, իսկ նկարազարդ ափսեների վրա պատկերում էին այն մրցաձևերը, որոնցում նրանք հաղթել էին։ Հաղթանակը դառնում էր ամբողջ քաղաքի հպարտությունը։
Հույն քանդակագործ Միրոնի «Սկավառականետորդ» քանդակն օրինակ, հաղթանակի պահը չի պատկերում։ Փոխարենը տեսնում ենք մարզիկին՝ սկավառակը նետելուց մեկ ակնթարթ առաջ։ Դիսկոբոլը քաջության, հոգևոր և ֆիզիկական ուժի մարմնացում է, դինամիկ մի ամբողջություն` կերտված անատոմիական ճշգրտությամբ։ Միրոնի քանդակը պատմում է սկավառակ նետողի և մրցության մասին, բայց նաև այս կերպ ամբողջացնում է օլիմպիական խաղերը` V դարի արվեստի մեջ տեղափոխելով։
Պատմական մարզական ակնթարթը ֆիքսելն այսօր տեխնիկապես շատ ավելի հեշտ է։ Սպորտային լուսանկարչությունը, որը, համաձայնեք, վաղուց արդեն սոսկ փաստագրություն չէ, իր վրա է վերցրել այդ ծանր պարտականությունը։ Մի ակնթարթ ու քաոսը վերածվում է հստակ կառուցվածքի, իսկ եթե մի քիչ ավելի երկար ուսումնասիրես լուսանկարը, կթվա, թե մարզիկի՝ շարժման մեջ ծալված ոտքը երկրաչափական գիծ կամ էլ կոմպոզիցիայի առանցք է դարձել։
Բայց ժամանակակից սպորտային պատկերումները դասական արվեստից մի շատ կարևոր տարբերություն էլ ունեն։ Այսօր հաղթողն էլ, պարտվողն էլ կարող են իրենց թույլ տալ խոցելի լինել։ Արցունքները, հոգնածությունը, շփոթությունը կամ ուժասպառ լինելը չեն ընկալվում որպես թուլություն։ Ընդհակառակը, հաճախ հենց դրանք են լուսանկարին մարդկային էմոցիա տալիս։ Ի վերջո, հաղթանակը միայն արդյունքը չէ։ Այն դրան նախորդած ճանապարհն է ու հետևաբար այն գինը, որը վճարել է այդ հաղթանակի համար։
Երբ խոսում ենք հաղթանակի արվեստի մասին՝ չենք կարող չանդրադառնալ ամբոխից վեր լինելու արվեստին։ Իրականում արվեստում «վեր լինելու» պատկերումը երբեք պարզապես տարածական լուծում չի եղել։ Երբ որևէ կերպար մյուսներից վեր է հայտնվում, նա միանգամից այլ նշանակություն է ստանում։ Դառնում է ավելի տեսանելի, ավելի ազդեցիկ, գուցե՝ ավելի կարևոր։
Աստվածները բնակվում էին լեռների գագաթներին կամ ամպերից վեր։ Թագավորները նստում էին բարձր գահերին։ Հուշարձաններն էլ պատվանդանների վրա էին կանգնեցնում, որպեսզի մարդը ստիպված լիներ նայել վերև։ Գուցե սա՞ է պատճառը, որ թիմակիցների ուսերին բարձրացած չեմպիոնի տեսարանը մեզ այդքան բնական է թվում։ Իհարկե, գործնական պատճառ էլ կա՝ այդպես նրան բոլորը կարող են տեսնել։ Բայց մենք նախընտրում ենք այս ամենի խիստ մշակութային էլեմենտները նկատել։
Խոսենք նաև ոսկու, պսակների, գավաթների, դափնու ճյուղերի ու առհասարակ, առարկաների մասին, որոնք կարծես հաղթանակի «ապացույցներն» են։ Հին Հունաստանում մրցանակները տարբեր էին՝ կախված խաղերից։ Օլիմպիական հաղթողները ձիթենու պսակ էին ստանում, իսկ այլ մրցումներում պարգևները կարող էին շատ ավելի արժեքավոր լինել։ Պանհելենական խաղերի որոշ հաղթողներ, օրինակ, տուն էին տանում ձիթայուղով լցված մեծ ամֆորաներ, որոնց վրա պատկերված էին հենց մրցումները։ Ամենահետաքրքիր խորհրդանիշը թերևս պսակն է։ Այն նյութական արժեք չուներ, բայց մի դափնեպսակը բավարար էր, որ սովորական մարդը վերածվեր բացառիկ հատկանիշներով հաղթանակ կերտած մեկի։ Ժամանակակից աշխարհում նույն սկզբունքով աշխատում են մեդալներն ու գավաթները։
Ժամանակները փոխվում են, փոխվում են մարդիկ, մշակութային ընկալումները, տեխնոլոգիաները, հաղթանակը կերտելու ու պատկերելու մոտեցումները, բայց հետաքրքիր օրինաչափությամբ կան առանցքային բաներ, որոնք մեր օրեր են հասել այդ նույն ժամանակին զուգընթաց։ Հին Հունաստանում մարմարե քանդակներն էին մարմնավորում հաղթանակը, հետո Վերածննդի նկարիչները հաղթողին առանձնացնում էին բազմության մեջ, շատ ավելի ուշ Օլիմպիական պաստառները հաղթանակի սպասումը տարածում էին միլիոնավոր մարդկանց շրջանում, իսկ լուսանկարչությունը նույն էմոցիաները ֆիքսում է մեկ ակնթարթում։ Իհարկե, տեխնիկան կամ տարածման միջոցները փոխվում են, բայց Հին Հունաստանում ու այսօր հաղթանակը հաճախ ճանաչելի է նույն ժեստերով և խորհրդանիշներով։