#cinéPAN
June 30

Անձնական ասելիքի ու մշակութային աղմուկի միջև. Հեղինակային կինոն` 21-րդ դարում

Երբ 1950-60-ականներին ֆրանսիական Cahiers du Cinéma ամսագրի կինոքննադատները կիրառեցին «auteur» (հեղինակ) հասկացությունը ռեժիսորների նկատմամբ, նրանք պայքարում էին կինեմատոգրաֆը որպես արվեստ ճանաչելու համար։ Ռեժիսորը, նրանց կարծիքով, պետք է լիներ ոչ թե ուղղակի ֆունկցիոներ, պրոդյուսերական վերահսկողության տակ գտնվող աշխատակից, այլ լիարժեք ստեղծագործող, սեփական պոետիկ պատկերացումները ու աշխարհայացքը կինոյի միջոցով փոխանցող անձ։

Այս գաղափարը վերափոխեց կինեմատոգրաֆը` ծնելով այստեղ կոչված Ֆրանսիական նոր ալիքը, որի մոտեցումները տարածվեցին աշխարհով մեկ` հեղինակային կինոն դարձնելով անկախ, ոչ մի բան չհիշեցնող, կենդանի ինքնարտահայտման հոմանիշ։ Սակայն ի՞նչ է տեղի ունենում այս հասկացության հետ այսօր` սթրիմինգային ծառայությունների, խոշոր ֆանդոմների, ալգորիթմերի իշխանության ու տոտալ կոնտենտավորման դարաշրջանում։ PAN-ը կփորձի հասկանալ։

Հեղինակը որպես բրենդ

21-րդ դարում հեղինակ ռեժիսորն ավելի հաճախ ոչ թե կինոինդուստրիայի դեմ, այլ այդ ինդուստրիայի ներսում գործող ֆիգուր է։ Փոլ Թոմաս Անդերսոնը, Յորգոս Լանտիմոսը, Ջորդան Փիլը, Ռոբերտ Էգերսը, Արի Ասթերը, Գրետա Գերվիգը, Ռիչարդ Լինքլեյթերը, Ջոնաթան Գլեյզերը ու մյուսները արդեն ոչ թե մարգինալ կերպարներ են, որոնք կինո են նկարում քրաուդֆանդինգի հաշվին, այլ ռեժիսորներ, ում անունները ճանաչելի են, ում ֆիլմերը սպասում են, քննարկում ու ցիտատների բաժանում։ Նրանցից յուրաքանչյուրը ունի իր ճանաչելի ոճը. Լանտիմոսի օտարացված աբսուրդը, Անդերսոնի բարոկկոյաձև խորը էմոցիոնալությունը, Աստերի հոգեբանական սարսափը արևի լույսի ներքո։

Նրանց ֆիլմերը ցուցադրվում են մեծ էկրաններին, մրցանակներ շահում, սակայն ոգով մնում են հեղինակային` առանց մասսայական կինոդիտողի կարիքների մասին մտածելու։ Ավելի ճիշտ, կինոդիտողն ինքը փոխվել է. նա ինքն է որոնում անհատական ձայն, հեռացում շաբլոններից, կինո, որպես խորը հոգեբանական փորձառություն, ոչ որպես զվարճանք։ Ժամանակակից հեղինակը ոչ թե ճգնավոր ասկետ է, այլ մարդ, ով հավասարապես օգտվում է Instagram-ից ու Բերգմանի էսթետիկայից։ Նրան ճանաչում են իր ոճով նույն կերպ, ինչպես ձայնով կժանաչեն երաժշտական կատարողին։

Հեղինակը համակարգում ու համակարգի դեմ

Մյուս կողմից, ինդուստրիան դեռ գործում է մարքեթինգի ու ժանրերի օրենքներով։ Այնպես որ, 21-րդ դարի հեղինակային կինոն ստիպված է խուսանավել։ Սթրիմինգային պլատֆորմները ռեժիսորներին նոր հնարավորություններ տալու հետ մեկտեղ նոր սահմանափակումներ են պարտադրում։ Ալգորիթմերը թելադրում են քրոնոմետրաժը, սյուժեի զարգացման արագությունը, կադրի վիզուալ խտությունը։ Զարմանալի չէ, որ անգամ անկախ ռեժիսորները երբեմն նկարում են ոչ թե կինո, այլ «կոնտենտ»։

Սակայն հենց այստեղ են ծնվում հեղինակայնության նոր ձևերը։ Օրինակ նրանում, թե ինչպես է Բո Բյորնեմը իր «Ներսում» (Bo Burnham: Inside, 2021) միավորում սթենդափը, մյուզիքլը, փիլիսոփայական էսսեն ու տեսաօրագիրը։ Կամ ինչպես է Մայք Ուայթը «Սպիտակ լոտոս» (The White Lotus) սերիալը վերածում բարոյական պիեսի, որի առանձին դրվագներ կարելի է հանգիստ բեմադրել թատրոնում` առանց կոնտեքստի կորստի։ Հեղինակային ասելիքը դարձել է բազմաշերտ, հիբրիդային։ Այն չի հրաժարվում ժանրային բաժանումներից, սակայն օգտագործում է դրանք որպես դիմակ։

Հանդիսատեսը` համահեղինակ

Եթե 20-րդ դարում հեղինակը ֆիլմի «գլխավերևում» կանգնած ֆիգուր էր, ապա հիմա նրա իշխանությունը բաշխված է։ Սոցիալական ցանցերը, YouTube էսսեիստիկան, ֆան տեսությունները, ֆանֆիկերը, այս ամենը հանդիսատեսին դարձնում է ինտերպրետացիայի ակտիվ մասնակից։ Այսօրվա կինոն չի ավարտվում տիտրերով, այն շարունակվում է մեմերում, բանավեճերում, գրառումներում, ֆան արտերում։ Հեղինակի համար սա արդեն ոչ թե մենախոսություն է, այլ երկխոսության հրավեր։

Ու պարտադիր չի, որ դա նվազեցնի ասելիքի խորությունը։ Հակառակը, ծնվում են իրոնիայի, պոստմոդեռնի, իսկ երբեմն` հայտնություն նոր մակարդակներ։ «Ամեն ինչ, ամենուր, միանգամից» (Everything Everywhere All at Once, 2022) ֆիլմը օրինակ է, թե ինչպես կարող է կինոն միաժամանակ լինել փոփ մշակութային աղցան, ու սիրո և դատարկության մասին մետաֆիզիկական մտորում։ Այսպիսի կինոն խոսում է ինֆորմացիոն աղմուկում ծնված սերնդի հետ ու փորձում նրա հետ միասին իմաստ գտնել։

Հեղինակային կինոն` նավիգացիա առատության մեջ

Մենք ապրում ենք դարաշրջանում, երբ կինոն բառացի ամենուր է. սմարթֆոնում, TikTok-ում, գովազդում, VR-ում։ Հիմա հեղինակային կինոն ոչ միայն կինո է ինչ-որ բանի մասին, այլև կինո ինչ-որ բանի դեմ. մակերեսայնության, կանխատեսելիության, արագության։ Պարտադիր չէ, որ դա լինի մռայլ արտհաուսային տառապանք (չնայած, այն նույնպես ողջ է), այն կարող է հանդես գալ նուրբ կատակերգության, ժանրային հիբրիդի, հորրորի կամ ֆանտաստիկայի միջոցով արտահայտված անձնական ասելիքի տեսքով։

Այսօրվա հեղինակային կինոն չի հակադրվում մասայականին, այլ ներծծում է մասսայականը, ֆիլտրում այն ու տալիս մաքրված և իմաստավորված։ Դա աղմուկի մեջ ստեղծագործող մարդու ձայնն է։ Ու եթե հանդիսատեսը պատրաստ է լսել, հեղինակը, նախկինի նման, նրան ասելիք կունենա։


Արման Գասպարյան / PAN