#cinéPAN
May 6

Պատմություն իմ մասին. 10 ինքնակենսագրական ֆիլմ, որ պարտադիր է նայել

Netflix սթրիմինգային ծառայությունն ապրիլի 11-ին հրապարակեց «Փոքրիկ եղնիկ» (Baby Reindeer) սերիալը, որը շատ արագ իսկական սենսացիա դարձավ։ Շոտլանդացի կատակերգու Ռիչարդ Գեդի ստեղծած ցնցող շոուն պատմում է անհաջողակ ստենդափերին հետապնդող կնոջ մասին` սառնասիրտ անողոքությամբ ու սև հումորի ահռելի չափաբաժիններով ջրի երես հանելով հոգեբանական և ֆիզիկական բռնության արդիական թեմաները, բռնարարի ու զոհի բարդ փոխհարաբերությունները հասարակական անտարբերությունը։ Ամենակարևորը, որ «Փոքրիկ եղնիկը» ինքնակենսագրական ստեղծագործություն է` հիմնված Գեդի անձնական փորձի վրա։

Նման դեպքերում հեղինակները շատ ավելին են դնում իրենց աշխատանքում, քան սովորական ստեղծագործական պրոցեսում։ Պատմության անձնական լինելը նոր չափում է ավելացնում կինոյին, դարձնում այն ավելի ինտիմ և անմիջական։ PAN-ը պատմում է հռչակավոր ռեժիսորների 10 ինքնակենսագրական ֆիլմի մասին, որոնք ավելի շատ են պատմում տվյալ հեղինակներից, քան մնացած բոլորը։

«ՖԱԲԵԼՄԱՆՆԵՐԸ» (THE FABELMANS, 2022)

Երևի թե ոչ մի ռեժիսոր այնքան չի արել Հոլիվուդի համար, որքան Սթիվեն Սփիլբերգը։ Վերջինիս անունն ամուր կերպով ասոցացվում է թե որակյալ, բեկումնային ու հավերժական բլոկբաստերների, ու թե խորը ու բարդ հեղինակային կինոյի հետ, չնայած, վստահաբար, Սփիլբերգի բոլոր ֆիլմերն էլ այս կամ այն կերպ հեղինակային են։ Ռեժիսորի յուրաքանչյուր ֆիլմ ու յուրաքանչյուր ֆիլմի ամեն մի կադրը կրքոտ սիրո խոստովանություն է արվեստներից գլխավորին, մեծագույն կինոտաղանդի հերթական վառ դրսևորում, ու այդ սերը բխում է անձնական փորձառության այնպիսի խորքերից, ունի այնքան հզոր արմատներ, որ հանցագործություն կլիներ դրա մասին չպատմելը։ Ու մեծ ռեժիսորը ամփոփում է իր երկարամյա ոդիսականը «Ֆաբելմաններում»։

- Երբ հորիզոնը ներքևում է, դա հետաքրքիր է։ Երբ հորիզոնը վերևում է, դա էլ է հետաքրքիր։ Երբ հորիզոնը մեջտեղում է, այ դա ահավոր ձանձրալի է։ Հասկացա՞ր։
- Այո, սըր։
- Դե ուրեմն ռա՜դ եղի իմ աշխատասենյակից:

Անկրկնելի Դեյվիդ Լինչի կատարմամբ Ջոն Ֆորդը Սփիլբերգի ինքնակենսագրական ֆիլմում մեկ արտահայտությամբ ասում է ամեն ինչ. միջակությունը ձանձրալի է, ծայրահեղությունները, անգամ եթե դրանք ռիսկային են, շատ ավելի նախընտրելի են։ Հատկապես, եթե խոսքը գնում է արվեստի, մանավանդ` կինոարվեստի մասին։ Ու եթե Սփիլբերգի մյուս ֆիլմերում կինոյի նկատմամբ սերը կրքոտ է ու վառ, այստեղ այն փորձված է, ջերմ ու նուրբ, ինչպես կարող են միմյանց սիրել երկար տարիներ միասին ապրող ամուսինները։

Առանց որևիցե բան թաքցնելու, ռեժիսորը պատմում է իր մանկության ու պատանեկության մասին, փառահեղ Փոլ Դանոյի ու սքանչելի Միշել Ուիլյամսի միջոցով ոչ միայն մատուցում իր ընտանիքում եղած խնդիրները, այլև ձևակերպում գիտության ու արվեստի, պոռթկման ու զսպվածության, վերևի ու ներքևի հորիզոնների միջև բախումը։ Մաէստրոն հասել է իր ստեղծագործական ուղու գագաթնակետին, ասել է այն ամենն, ինչ կարող էր, ու «Ֆաբելմաններով» խրատում ու ուղի է ցույց տալիս երիտասարդներին` սեփական փորձի հիման վրա. արվեստը մարդկային մեծագույն դրսևորումն է, այն կարող է մարդուն պատառ-պատառ անել, սակայն այն միշտ արժանի է իր համար արված զոհաբերություններին։

«ԴԱՍԱԿ» (PLATOON, 1986)

Հոլիվուդի գլխավոր նոնկոմֆորմիստ ու ըմբոստ ոգի Օլիվեր Սթոունը ատում է հաշտվողականությունը ու պաշտում ամերիկյան հասարակական ու քաղաքական կյանքի մութ կողմերի մերկացումը։ Սթոունի ֆիլմերը մանիֆեստներ են, սուր քննադատություն, սառը ցնցուղ ու վերքերը բացող ածելի։ Ռեժիսորը առավել անողոք է, երբ խոսքը վերաբերում է իր անձնական փորձին։ Սթոունի քննադատական վերաբերմունքը կառավարության ու իշխանությունների նկատմամբ, ընդդիմադիր կեցվածքը ԱՄՆ արտաքին ու ներքին քաղաքականության հասցեին դատարկ տեղից չեն բխում. նա Վիետնամի պատերազմի անմիջական մասնակից է եղել, անցել է դժոխքով ու վերադարձել ասելիքով։

18+ Պատերազմում կարմիր գծերն աննշմարելի են դառնում

Մասնավորապես, իր ցնցող «Դասակ» ֆիլմով, որի ուժգնության առջև չդիմացան անգամ ակադեմիկոսները` տալով «Օսկար» մրցանակ տարվա լավագույն ֆիլմի համար։ «Դասակը» Վիետնամի պատերազմի մասին լավագույն, ամենա ռեալիստիկ ու դաժան ֆիլմերից մեկն է։ Սա երիտասարդ իդեալիստի (Չառլի Շին) ճանապարհն է դժոխքի բոլոր ոլորաններով, պատերազմի մամլիչի անիվներով, որի վերջում իդեալիզմից հետք անգամ չի մնա, այլ միայն կեղեքված ու պատառոտված հոգու մնացորդներ։ Սթոունը կենտրոնանում է ամերիկյան բանակի իրականացրած վայրագությունների վրա, բաժանում է խավարը լույսից ու ցույց տալիս, որ պատերազմի դաշտում խավարը միշտ հաղթում է ցանկացած իրավիճակում, որովհետև պատերազմում լույսի համար տեղ չկա։

«ՄԵԾ ԿԱՐՄԻՐ ՄԻԱՎՈՐԸ» (THE BIG RED ONE,  1980)

Մեկ այլ հայտնի ռեժիսորի` Սեմյուել Ֆուլլերի անձնական պատերազմական փորձն է նկարագրված իր «Մեծ կարմիր միավորը» էպիկական պատերազմական դրամայում, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։ 1980թ-ին էկրաններ էր բարձրացել ֆիլմի խիստ կրճատված տարբերակը, որը, չնայած բավականին թանկարժեք, սակայն զգալիորեն պարզունակ էր` ավելի շատ հիշեցնելով B կատեգորիայի ֆիլմ. պինդ, լի իրադարձություններով, տղամարդկային ընկերության մասին։ Ինչպես ասում էր հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը` A կատեգորիայի պատերազմական ֆիլմերը պատմում են պատերազմի մասին, իսկ B կատեգորիայի պատերազմական ֆիլմերը` զինվորների։

2004-ին` Ֆուլլերի մահվանից 7 տարի անց, Կաննի կինոփառատոնում ցուցադրվեց ֆիլմի ռեստավրացված տարբերակը, այնպիսին, ինչպիսին այն նախատեսել էր ռեժիսորը։ Սա բոլորովին այլ կինո է` այլ, ավելի խորքային շեշտադրումներով ու այլ դինամիկայով, ինչն առաջացրեց քննադատների ու հանդիսատեսի հիացմունքը։

«ՌՈՄԱ» (ROMA, 2018)

Մեքսիկացի կինովարպետների մեծ եռյակից (երեք ամիգոներից` Գիլյերմո Դել Տորո, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու, Ալֆոնսո Կուարոն) ավագը` Կուարոնը, իրեն փորձել է բոլոր հնարավոր ժանրերում` սկսած հասունացման մասին էրոտիկ ճանապարհային ֆիլմից մինչև հակաուտոպիա, կինոհեքիաթ ու գիտական ֆանտաստիկա։ Ու բոլոր դեպքերում ռեժիսորն իրեն դրսևորել է որպես բացառիկ տաղանդի բազմաշերտ հեղինակ։ Կուարոնը կարողանում է յուրաքանչյուր կինոդիտողի հետ խոսել վերջինիս համար հասկանալի լեզվով. Հարրի Փոթերի սիրահարներին տալիս է երիտասարդ հրաշագործի մասին գրքերի լավագույն էկրանավորումը, մռայլ տոտալիտար հակաուտոպիայի սիրահարներին` իրադարձությունների անմիջական մասնակից լինելու ուժգին զգացողություն, տիեզերքի սիրահարներին` աներևակայելի վիզուալով հագեցած արկածներ։

«Ռոման» Կուարոնի վերադարձն է արմատներին ու իր մանկության հիշողություններին։ Սա ծայրահեղ մոգական ազդեցությամբ օժտված կինո է, որին ոչ միայն հանդիսատեսն է նայում, այլ ինքը՝ ֆիլմը նայում է հանդիսատեսին, գնահատում նրա էմոցիաները, պատասխանում, շնչում` կարծես կենդանի արարած։ Կատաղի սիրուն, համոզիչ ու անսահման պարզ, միաժամանակ` անսահման բարդ` «Ռոման» ցանկացած աշխարհընկալման համար հասկանալի մարդկային պատմություն է նվիրվածության ու սիրո մասին։

«ԱՄԱՐԿՈՐԴ» (AMARCORD, 1974)

Բոլոր ժամանակների մեծագույն ռեժիսորներից մեկը` Ֆեդերիկո Ֆելինին, մանկությունն անցկացրել է իտալական Ռիմինի քաղաքում։ Ռեժիսորի մանկական հիշողությունների ու ստեղծագործական ինքնության թրծման այդ ժամանակահատվածը` նախորդ դարի 30-ականների սկիզբը, համընկնում էր հայրենի Իտալիայում ֆաշիստական ռեժիմի իշխանության հետ։ Ու Ֆելինիի գլխավոր ֆիլմերից մեկը` «Ամարկորդ» կատակերգական դրաման, ռեժիսորի մանկական հիշողությունների խտացումն է մեկ հանճարեղ կինոկտավում։

Մառախուղի մեջ

Ֆիլմն իրենից ներկայացնում է պատմությունների խճանկար առանց միասնական սյուժետային գծի, որը պատմում է նույն 30-ականների սկզբին փոքրիկ քաղաքի էքսցենտրիկ, հմայիչ ու հետաքրքիր բնակիչների մասին։ Ու ինչպես ցանկացած մարդու մանկական հիշողությունները, «Ամարկորդը» բաղկացած է կարծես ընդհանուր պատումից պոկված նվիրական դրվագներից, այն լուսավոր բծերից, որոնք մենք բոլորս մեզ հետ կրում ենք ամբողջ կյանքի ընթացքում, որոնք մեզ ստեղծել ու ձևավորել են ու առանց որոնց անհնար է պատկերացնել մարդկային արարածի կյանքը։

«ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱՖԻԹԻ» (AMERICAN GRAFFITI, 1973)

Եթե «Ամարկորդը» մի հռչակավոր ռեժիսորի մանկության մասին է, ապա «Ամերիկյան գրաֆիթին» նույնքան նոստալգիկ պատմություն է մեկ այլ լեգենդի` Ջորջ Լուկասի պատանեկության մասին։ Մինչև «Աստղային պատերազմները» (Star Wars) Լուկասը իրեն դրսևորեց որպես ծայրահեղ տաղանդավոր ստեղծագործող` նորարարական մոտեցում ցուցաբերելով հասունացման մասին այս փառահեղ կտավի սյուժետային կառուցվածքի ու դեռահասների կյանքի աուտենտիկ պատկերման մեջ, ոգեշնչելով կինեմատոգրաֆիստների հետագա սերունդներին թեմատիկ ֆիլմերի ստեղծման հարցում։

Լուկասը պարզ, բայց դիպուկ երկխոսությունների վարպետ է

Մելանխոլիկ ու համոզիչ այս ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Լուկասի հայրենի Մոդեստո քաղաքում (Կալիֆորնիա) 1962-ին։ Սա ճշգրիտ, սակայն զուսպ պատում է իր ժամանակի մասին, այն հիանալի արտացոլում է մշակութային, հասարակական ու քաղաքական ֆոնը, որ կար այն ժամանակ։ Ֆիլմն աներևակայելի ուժգնությամբ ցույց է տալիս 60-70-ականների երիտասարդ ամերիկացիների սերնդի եռանդը, տխրությունը, հավակնություններն ու փոքրիկ պարտությունները։

«ԳՐԵԹԵ ՀԱՅՏՆԻ» (ALMOST FAMOUS,  2000)

Իսկ ռեժիսոր Քեմերոն Քրոուն դեռահաս տարիքում գրում էր Rolling Stone ամսագրի համար` յուրահատուկ փորձառություն ձեռք բերելով The Allman Brothers Band, Led Zeppelin ու Eagles խմբերի հետ ճամփորդության ընթացքում։ «Գրեթե հայտնի» ֆիլմը Քրոույի ինքնակենսագրական պատմությունն է Ուիլյամ անունով դեռահասի մասին, ով ճակատագրի բերումով մասնակցում է Stillwater հորինված խմբի հետ ճամփորդությանը` նպատակ ունենալով խմբի մասին հոդված հրապարակել նույն Rolling Stone ամսագրում։

Այս կատակերգական դրաման ծայրահեղ անձնական է Քրոույի համար։ Սա ոչ միայն ուշագրավ պատմություն է հասունացման մասին, այլև հարգանքի տուրք 70-ականների ռոք խմբերին։ Հիանալի դերասանական խաղով ու սյուժեով, վարպետորեն նկարված ֆիլմը հանդիսատեսին շատ արագ ու համոզիչ կերպով տեղափոխում է իր դարաշրջանը։

«ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ» (LOST IN TRANSLATION, 2003)

Ռեժիսոր Սոֆիա Կոպոլան 1999-ին Տոկիոյում զբաղված էր իր «Ինքնասպան կույսերը» (The Virgin Suicides) դրամայի առաջխաղացմամբ։ Ճապոնիայում անցկացրած ժամանակը, լրիվ այլ մշակույթի հետ փոխազդեցությունն ու նոր մշակութային առանձնահատկություններին ծանոթանալն արդյունքում վերածվեցին մշակութային շոկի ֆոնին օտարացման ու մեկուսացվածության մասին ռոմանտիկ կատակերգության, որում ռոմանտիկան այնպիսին չէ, ինչպես այլ ֆիլմերում, իսկ կատակերգությունն ավելի շատ մելանխոլիկ է, քան զվարճացնող։

Մշակութային մեկուսացվածությունը ֆիլմի լավագույնս բացված թեման է

Միջին տարիքի ճգնաժամ ապրող ու հռչակի մայրամուտին գտնվող աստղ Բոբ Հարրիսը (Բիլլ Մյուրրեյ) ժամանում է Տոկիո` մասնակցելու համար վիսկիի գովազդի նկարահանմանը։ Այստեղ նա ծանոթանում է երիտասարդ ամերիկուհի Շառլոթի (Սքարլեթ Յոհանսեն) հետ, ու ծանոթությունը վերածվում է նուրբ ընկերության մասին պատմության։ Այս հիանալի ֆիլմը արժանացավ ամենաբարձր գնահատականի թե քննադատների ու թե հանդիսատեսի կողմից` վերածվելով իսկական բենեֆիսի Բիլլ Մյուրրեյի համար, ի ցույց դնելով լեգենդար դերասանի բացառիկ տաղանդը, ով, լինելով հրաշալի կատակերգու, կարողացել է վերափոխվել նաև այս խորը դրամատիկ դերի համար։

«ՊԵՐՍԵՊՈԼԻՍ» (PERSEPOLIS, 2007)

Հայտնի գրող, կոմիքսների հեղինակ ու ռեժիսոր Մարջան Սատրապին Իրանի իսլամական հեղափոխության ժամանակաշրջանում իր մանկությունը նկարագրել է «Պերսեպոլիս» սև ու սպիտակ գրաֆիկական վեպում։ Աղջկա աչքերով այստեղ ներկայացված են Իրանում այն ժամանակ տեղի ունեցող բարդ քաղաքական իրադարձություններն ու զոհողությունները, որոնց ստիպված էին գնալ մարդիկ այդ գործընթացների առաջացրած դժվարությունները հաղթահարելիս։

Գրաֆիկական վեպի համանուն էկրանավորման ռեժիսորական աթոռը նույնպես զբաղեցրել էր Սատրապին։ Սա էմոցիոնալ առումով հզոր, տպավորիչ ինքնակենսագրական պատում է, որը, չնայած իր սպարտայական սև ու սպիտակ գունավորմանը, կարողանում է ամբողջությամբ կլանել հանդիսատեսին ու պատմել ոչ այնքան իրանական քաղաքական անցուդարձի ու հասարակական տուրբուլենցիաների, որքան մի երեխայի հասունացման զարմանալի պատմություն։

«ԼԵԴԻ ԲԸՐԴ» (LADY BIRD, 2017)

«Բարբիի» (Barbie, 2023) ռեժիսոր Գրետա Գերվիգի ռեժիսորական դեբյուտը` «Լեդի Բըրդը», որը պատմում է նոնկոմֆորմիստ աղջնակ Քրիստինա Մակֆերսոնի (Սիրշա Ռոնան) մասին, ոգեշնչված է ռեժիսորի դեռահասության տարիներով, որոնք նա անցկացրել է Սակրամենտոյում։ Քրիստինան չի կարողանում ներդրվել իր հասակակիցների շրջապատում ու ստիպված է պայքարել տիրատենչ մոր դեմ։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Այս նուրբ ու ծայրահեղ սրամիտ բեմադրված ու խաղացված ֆիլմն արժանացավ կինոքննադատների հիացմունքին` Գերվիգին միանգամից բարձրացնելով հոլիվուդյան Օլիմպոս։ Քննարկվող հարցերը այստեղ բարդ են, սակայն բուն քննարկումը` հասկանալի ու ինտուիտիվ, համեմված որակյալ հումորով ու վարպետորեն համադրված պարզ մարդկային դրամայի հետ։


🎬 Արման Գասպարյան / PAN