Երրորդ անգամ չստացվեց. Նոր «Ավատարը»՝ ստեղծագործական ինքնակրկնության վառ օրինակ
Այն, որ Ջեյմս Կեմերոնը 2009թ-ին հերթական հեղափոխությունն իրականացրեց կինոինդուստրիայում` ստեղծելով իր ժամանակի ամենատպավորիչ ու, ինչը ոչ պակաս կարևոր է, վարձույթում ահռելի գումարներ աշխատած բլոկբաստերը, չար կատակ խաղաց ռեժիսորի հետ։ «Ավատարի» (Avatar) սիքվելը Կեմերոնը կինոդիտողի դատին ներկայացրեց միայն 13 տարի անց. «Ջրի ուղին» (The Way of Water, 2022), չնայած ակնհայտ ինքնակրկնությանը, արժանի շարունակություն էր, որը նորովի էր բացահայտում Պանդորա մոլորակը, առաջարկում նոր մարտահրավերներ գլխավոր հերոսների համար (ընտանիքը պահելը կատակ բան չի), ու լրիվ նոր էմոցիոնալ ազդակներ հաղորդում` չմոռանալով իր բնապահպանական առաքելությունը։ «Ջրի ուղին» ճիշտ ուղի էր. եղածից պահպանել լավը ու նոր ճանապարհներ բացել պատմության համար։ Ցավոք, երրորդ ֆիլմում Կեմերոնը նախընտրեց կրկին փակել դռները։
PAN-ը դիտել է «Ավատար. Հուր և մոխիր» (Avatar: Fire and Ash) ֆիլմն ու կիսվում է տպավորություններով։
Երրորդ ֆիլմի իրադարձությունները ծավալվում են «Ջրի ուղուց» գրեթե անմիջապես հետո։ Ջեյք Սալլին ու Նեյտիրին սգում են իրենց որդու կորուստը, գնդապետ Մայլզ Քուորիչը շարունակում է որոնել մարդկությանը դավաճանած կապրալին, իսկ հորիզոնին հայտնվում են կրակապաշտ նա'վիների կլանը` գեղեցկուհի Վարանգի գլխավորությամբ, ինչպես նաև նոր տիպի սպառնալիք Պանդորայի բնակչության համար։
«Ջրի ուղին» ու «Հուր և մոխիրը» նկարվել են միաժամանակ, այնպես որ առաջինի դիտումից երկրորդին անցնելը բավականին սահուն է ու տրամաբանական։ Ընտանիքն ունի կորուստ, կրտսեր որդին ինքն իրեն մեղադրում է ավագ եղբոր մահվան մեջ (ոչ առանց հոր օգնության), Սալլին էլ վերջապես բախվում է այն փաստի հետ, որ անկախ ամեն ինչից, ինքը նա'վիների համար օտար է ու միշտ էլ մնալու է օտարական անգամ սեփական կնոջ համար։ Թվում է, հրաշալի հող է նոր կոնֆլիկտի նախապատրաստման համար, մանավանդ, երբ Կեմերոնը կատարում է ևս մի խելացի քայլ. ցույց է տալիս, որ Պանդորայի բնիկները բոլորովին էլ միատարր ու «Էյվային հարգող» տեսակ չեն, որ Պանդորայի էկոհամակարգը շատ ավելի բարդ է, ու, օրինակ, գոյություն ունի Մանգկվան կլանը, որն ընդհանրապես թքած ունի Էյվայի վրա ու ցանկանում է հրո ճարակ դարձնել ամբողջ այդ եղբայրական կենսաբանական իդիլիան։ Վերջիններիս առաջնորդ Վարանգը (Ունա Չապլինի փայլուն կատարմամբ) խարիզմայով գրեթե չի զիջում առաջին ֆիլմի Քուորիչին, այնպես որ աներևակայելի ուժգնության բլոկբաստեր ստեղծելու բոլոր խաղաքարտերը Կեմերոնի ձեռքին էին։
Իսկ ի՞նչ է անում մաէստրոն։ Ընտրում է ինքնակրկնության ուղին ամենաակնահայտ ձևով։ Այո, թվում է, նորը շատ է, սակայն իմքնացիտումը ամեն քայլափոխին այնքան շատ է, կարծես նայելիս լինես առաջին (մեծամասամբ) ու երկրորդ ֆիլմերի միքսը։ Կրկին նա'վիները վտանգված են, կրկին կվերադառնա Տուրուկ Մակտոն, կրկին կլինի վերջին ճակատամարտը ու նորից, ամենավերջում, վերջին շնչի վրա Էյվան կարթնանա ու կփրկի բոլորին։ Նույն ճառերը, նույն բնապահպանական օրակարգը` ավելի բռի ձևով։ Իսկ ընթացքում կլինի Սփայդերին կլանում տեղավորելու թույլիկ գիծը (որի կուլմինացիան զարմանալի անփույթ ու տարօրինակորեն անէմոցիոնալ դրվագ է, որը կոչված է ֆիլմի ամենաէմոցիոնալ դրվագներից մեկը լինելու), Քուորիչին «մարդ սարքելու», այսինքն` կերպարի աճի` անմիտ ձևով կիսատ մնացած գիծը, Ջեյքի ու իր որդու` Լո'Ակի կոնֆլիկտի, կրկին, անգույն գիծը ու այդպես շարունակ։
«Ավատարը», թե առաջինը ու թե երկրորդը, աչքի էին ընկնում հրաշալի ռեժիսուրայի ու լավ դերասանական խաղի համադրությամբ ու տեխնոլոգիական հրաշքների կիրառությամբ ուժգին էմոցիոնալ ազդեցությամբ. առաջինում կլանի ծառը կործանելու կամ Ջեյքի մարդկային մարմնին շունչ տալու դրվագը, երկրորդում` տուլկունների կոտորածի հետևանքները ու Նետեյամի մահվան դրվագը։ Երրորդում, իհարկե, փորձեր կան դա կրկնելու, սակայն դրվագների կառուցվածքը բոլորովին ապրումակցելու չեն տրամադրում։
Եվս մի խնդիր. «Ավատարը» առաջին հերթին Պանդորա մոլորակն է։ Պանդորայի կենդանական ու բուսական աշխարհը, էկոհամակարգի բարդ կապերը, զարմանալի արարածները ու նրանց ոչ պակաս զարմանալի հատկությունները։ Թե առաջին ու թե երկրորդ ֆիլմերում Կեմերոնը խճանկարի նման բացում է այդ շքեղ աշխարհը, պատմում դրա մասին։ Երրորդ ֆիլմում դա հասցված է նվազագույնի. միակ նոր արարածները, որոնց կտեսնենք, հսկա թռչող տրանսպորտային միջոցներն են, ստորջրյա գիշատիչներ (ինչ խոսք, տպավորիչ) ու Վարանգի թռչունը, որին մոտիկից ու մանրամասն ցույց չեն էլ տալու։ Ու, իհարկե, սիմբիոզի բավականին հետաքրքիր տարբերակ, որը կդառնա երրորդ ֆիլմի գլխավոր սպառնալիքը։
Դիտման ընթացքում անդադար տպավորություն է, որ Կեմերոնը նկարել է երրորդ ֆիլմի համար բավարար քանակությամբ նյութ, սակայն մոնտաժը վստահել է ուրիշի։ Կտրուկ, չտրամաբանված ու ոչ կոհերենտ անցումները, կերպարների ոչ լավագույն ռեպլիկների ու խաղային ոչ լավագույն դուբլերի ընտրությունը, սումբուրն ու դրամատուրգիական առումով անօգնականությունը կասկած են առաջացնում, որ տեխնիկական ահռելի զոհողությունների միջոցով նկարված նյութը ուղղակի արագ կցել-կցմցել են նախատեսված ժամկետում էկրաններ բարձրացնելու համար։
Իհարկե, ֆիլմը արժանի է դիտման։ Իհարկե, տեխնիկական ու վիզուալ առումով սա կրկին շքեղ տեսարան է, որը պարտադիր պետք է նայել կինոթատրոններում ու պարտադիր 3D ֆորմատում։ Սակայն բեկում չկա, չկան իրենց հնարամտությամբ, մասշտաբներով ու խիզախությամբ ցնցող այնպիսի դրվագներ, որոնք կստիպեն կրկին ու կրկին վերադառնալ կինոթատրոն` իսկական մոգությունը վայելելու ու առաջին անգամ նայող կողքի մարդկանց ռեակցիային հետևելու համար։
Իսկ այսպես «Ավատարը» վերածվում է շարքային սուրբծննդյան բլոկբաստերի, ոչ թե իրական կինեմատոգրաֆիկ տոնի։