#մշակութաPAN
May 29

Պիաֆի նվերը, «կյանքից կառչած» պոեմները, աշխարհն ու Արարատը. Ազնավուրը՝ իր երգերից անդին

Թվում է, թե մեծ շանսոնյեի մասին ամեն ինչ արդեն խոսվել է։ Նրա թողած ժառանգությունն ու արդեն մեկդարյա գոյության հավերժությունն անխուսափելի են։ Անշուշտ, լեգենդար արտիստը մշտապես ներկա է իր երգերի միջոցով, բայց ազնավուրյան տիեզերական տաղանդը միայն երգերով ու երաժշտությամբ չի սահմանափակվում։

ԱԶՆԱՎՈՒՐԻ ՖՈՏՈԽՑԻԿԸ

Ազնավուրը սիրում էր ուսումնասիրել իր շրջակա միջավայրը, ծանոթանալ ցանկացած մանրուքի հետ, քայլել փողոցներով ու զգալ նոր քաղաքի տրամադրությունը։ Ու այդ ընթացքում նա մենակ չէր։ Ազնավուրին գրեթե միշտ «ուղեկցում էր» անբաժան տեսախցիկը։ Ընտանեկան հավաքույթներից մինչև դատարկ փողոցներ՝ Ազնավուրը ֆիքսում և արխիվացնում էր այդ պահին զգացածն ու ապրածը։

Ազնավուրի լուսանկարչական արխիվը բազմազան է, քիչ չեն նաև տեսագրությունները։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ երբեմն Ազնավուրը տեսանյութերը նկարելիս կադրից այն կողմ մեկնաբանում էր նկարածը։ Օրինակ՝ կնոջը նկարելիս ասում էր, թե որքան յուրահատուկ է նա։

Շանսոնյեի մահից հետո արխիվային այս լուսանկարներն ու տեսանյութերը Ազնավուրի մասին պատմող վավերագրական ֆիլմի հիմքը դարձան։ Aznavour by Charles ֆիլմի ռեժիսորը Մարկ դի Դոմենիկոն է, բայց իրականում ֆիլմը հենց Ազնավուրի աչքերով է նկարված։

Ռեժիսորը պատմում է, որ ուսումնասիրել է շանսոնյեի ամբողջ արխիվը, հաճախ զարմացել, երբեմն, կարծես, այլ դիտանկյունից ծանոթացել նրա հետ։ Ազնավուրի մասին պատկերացումների մեծ մասն ամբողջովին փոխվել են, բայց պարադոքսը նրանում է, որ որոշ պատկերացումների ու ենթադրությունների համար էլ այդ կադրերը կնիքին հավասար հաստատում են դարձել։

Ռեժիսորը առիթ ունեցել է ճանաչելու շանսոնյեին, անգամ՝ մտերմիկ զրույցներ ունենալու հնարավորություն։ Հենց այդ զրույցներից մեկի ժամանակ էլ Ազնավուրը պատմել է, թե որքան լավ է իրեն զգում փողոցներում քայլելիս։ Արդեն տարիներ անց կինոռեժիսորը սրա փաստացի «ապացույցը» տեսել է շանսոնյեի վավերագրած կադրերում։

«Միանգամից երևում է, թե որքան հաճելի է եղել Ազնավուրի համար քայլել փողոցներով, ոչ թե գնալ այնպիսի վայրեր, որտեղ սովորաբար կարելի է գտել աստղերին»:

Ազնավուրի կադրերն իր մասին չեն։ Դրանք աշխարհի ու մարդկանց մասին են։ Հետևաբար, վավերագրական ֆիլմը ևս Ազնավուրի կերպարի կողքին ներկայացնում է նրա պատկերացրած ու «ֆիքսած» աշխարհը։

«Երբ Instagram-ում կամ Facebook-ում ինչ-որ բան ես հրապարակում, կարծես ուղղորդում ես, ասում՝ տեսեք, ես պիցցա եմ ուտում, կամ էլ հյութ եմ խմում։ Ազնավուրը նկարել է իրենից դուրս աշխարհը, Ազնավուրի կադրերում ինքը բացակայում է»:

Իսկ կադրերն Ազնավուրը ֆիքսել է Էդիթ Պիաֆի նվիրած Bolex տեսախցիկով։ Հենց այդ տեսախցիկով էլ վավերագրել է երիտասարդ տարիների իր հարազատ Մոնմարտրի փողոցները, Նյու Յորք կատարած առաջին այցը, Կենտրոնական Աֆրիկայի ճանապարհորդությունը և շատ ավելին։

ԴԵՐԱՍԱՆ ԱԶՆԱՎՈՒՐԸ

Եթե բեմը միանգամից չէր ընկալել Ազնավուրի տաղանդի ծավալն ու խորությունը, ապա էկրանը նրան միանգամից սիրեց և ընդունեց։ Կինոդեբյուտը 1960 թվականին էր՝ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմում։ Ազնավուրն այս ֆիլմում մարմնավորում էր դաշնակահար Էդուարդ Սարոյանին։

Ու հենց այս ֆիլմից էլ սկսվում է Ազնավուրի հաջողված դերասանական կարիերան։ Հաճախ դերասաններին սպառնում է «մեկ ֆիլմի», «մեկ դերի» կամ անգամ «մեկ ժանրի» սինդրոմը, բայց Ազնավուրը, ինչպես միշտ, բազմազան էր և միշտ անկեղծ։ Նրան վստահեցին դերեր կատակերգություններում, քրեական դրամաներում, մելոդրամաներում… Ցանկացած սյուժեի ու կերպարի Ազնավուրը կարողանում էր յուրօրինակ երանգ և անկեղծություն հաղորդել։

Ստեղծագործական կյանքի 70 տարվա ընթացքում Ազնավուրը նկարահանվել է ավելի քան 60 գեղարվեստական ֆիլմում, որոնց մի մասում, ի դեպ, մարմնավորել է հենց ինքն իրեն։

Ինքը՝ շանսոնյեն չափազանց համեստ էր, և առանձնապես «լուրջ չէր ընդունում» իր դերասանական տաղանդը։

«Խաղալ ինձ առաջարկում են ընկերներս, երբ ցանկանում են փող խնայել աստղերի վրա»:

Այն, որ ֆրանսիական կինոյի մեծ անուններից շատերն իսկապես Ազնավուրի ընկերներն էին, հերքել չենք կարող, բայց այդ արտիստները երբեք էլ չէին թաքցնում իրենց հիացմունքը։ Ֆրանսիացի դերասան Ժան Գաբենն անգամ ասում էր՝

«Նրա տաղանդը հիպնոսացնում է ֆրանսիացիներին, Ազնավուրն ավելին է, քան դերասան, Ազնավուրը թատրոն է»։

Ազնավուրի մասնակցությամբ հայտնի այլ ֆիլմերի շարքում պետք է առանձնացնել Ժան Կոկտոյի «Օրփեոսի կտակը» (1960), Պիեռ Գրանյե-Դըֆերի «Փարիզը օգոստոսին» (1966) կատակերգությունը, Ֆոլքեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկը», Ժյուլիեն Դյուվիվյեի «Սատանան եւ տասը պատվիրանները» (1966) և այլ ֆիլմեր։ Ֆիլմացանկի թերևս ամենահարազատ ֆիլմը  Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002թ.) ֆիլմն է՝ Հայոց Ցեղասպանության թեմայով։

ՊՈԵՏ ԱԶՆԱՎՈՒՐԸ

Կարելի է ասել, որ Ազնավուրը պոետ էր ամբողջ հոգով ու մտքով։ Նա ընկալում էր աշխարհն ու իրականությունը, և փոխակերպում այն գեղարվեստական այնպիսի երանգների, որոնք հասու չեն շատ բանաստեղծների։

Ազնավուրի ստեղծագործական գունապնակում կա և՛ արձակ, և՛ պոեզիա։ Դրանց մի մասին մենք ծանոթ ենք շանսոնյեի երգացանկից, որովհետև բանաստեղծությունները շատ հաճախ երգի բառեր էին դառնում, միանում մեղեդիներին ու դաջվում միլիոնավոր սրտերում։

Թե ինչպես էր պոետ Ազնավուրը գրում սիրո մասին՝ պատմելն ու նկարագրելը բարդ է։ Կարդալ է պետք։

ՄՆԱ

Մնա,

Էլի մնա,

Մնա ինձ հետ,

Մարմնիս վրա,

Ձեռքերիս մեջ,

Թևատարած,

Խենթ ու խելառ,

Ու հևասպառ:

Մնա սիրով

Ու նվաղած,

Եվ գիշերով

Ցանկապատված,

Սրտիս վրա,

Առանց ամոթ,

Մնա կրքոտ,

Մերկ համարյա:

Այդպես մնա,

Չհագեցած,

Կյանքիս վրա,

Ձեռքս սեղմած,

Գիսախռիվ,

Մարմնակործան,

Հեզ, անխռով,

Ու ինքնիշխան:

Այստեղ մնա,

Բառ մի ասա,

Հրճվիր, ցնծա

Մաշկիս վրա,

Հույսի գրկում

Ու գիշերվա,

Մինչև դրսում

Լույսը բացվեր,

Իմ սեր, իմ սեր:

Թարգմանությունը՝ Սամվել Գասպարյանի

Շանսոնյեի մահից հետո Newmag հրատարակչությունը որոշեց թարգմանել ու հրատարակել նրա գրական ամբողջ ժառանգությունը՝ պոեզիան, ինքնակենսագրականներն ու պատմվածքները։ Արդյունքում Ազնավուրի 100 ամյակին այս նպատակն արդեն իրականություն է։ Վերջին տարիներին հայ ընթերցողը Ազնավուրին հայերենով ճանաչելու հնարավորություն ունի։ Բոլոր գրքերի թարգմանիչը Սամվել Գասպարյանն է։

«Ազնավուրին թարգմանելու համար պետք է շատ լավ իմանալ նրան։ Ինքն իր մասին ասում է, որ ճանաչում է չորս Ազնավուրի. «մեկը, որ մարդիկ կարծում են, որ այդպիսին եմ, երկրորդ Ազնավուրը, որ ես կարծում եմ՝ այդպիսին եմ, երրորդ Ազնավուրը, որ ես կուզեի լինել այդպիսին, և չորրորդ Ազնավուրը, որը ես կամ»։

Թարգմանիչն Ազնավուրին անձամբ է ճանաչել, իրեն էլ արտաքնապես հաճախ նմանեցնում են շանսոնյեին։ Թարգմանությունների ժամանակ հաճախ խոսում, երբեմն անգամ վիճում է Ազնավուրի հետ։

«Ազնավուր թարգմանելը բարդ է, բայց եթե գիտես նրա կյանքը, հեշտ է, քանի որ նրա ստեղծագործություններն իր կյանքն են»։

Շանսոնյեն իր «Կյանքից կառչած» գրքի մասին ասում էր՝ «թող այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթևություն բերի ձեզ»։ Բայց իրականում գիրքը արտիստին հեշտ չէր տրվել։ Սեփական կյանքն ու անցած ճանապարհը ներկայացնելն Ազնավուրի համար այդքան էլ հեշտ չէր։ Պետք էր նաև ընտրել՝ պատմել ամբո՞ղջը, թե լռել, երբ ասելիքը ծանր ու գրեթե անպատմելի էր։

Ինչպես իր երգերում, այնպես էլ գրքերում, Ազնավուրը երբեք չի մենախոսում։ Նրա շփումը հանդիսատեսի և ընթերցողի հետ միշտ երկխոսության է վերածվում։ Իսկ թեմաները, ինչպես նրա կյանքը, բազմաբովանդակ են՝ Հայաստանից մինչև Հոլիվուդ, բոհեմ, սերեր ու ընկերներ։ Եվ գլխավորը, անգամ ամենածանր հիշողությունն ու բարդ իրավիճակն Ազնավուրի խոսքերում և երգերում մշտապես ուղեկցվում են հույսի լույսով։


✍️ Նանե Մանուկյան / PAN