#մշակութաPAN
November 13

Խաչատրյանի հիացմունքը, Մոսկվայի տարիներն ու սիրո երգերը. Առնո Բաբաջանյանը՝ երաժշտության մեջ սիրո լեզուն գտած հանճարը  

Առնո Բաբաջանյանը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի այն ներկայացուցիչներից է, որի երաժշտությունը դուրս է եկել ազգային սահմաններից՝ նվաճելով ինչպես խորհրդային, այնպես էլ միջազգային ունկնդիրների սրտերը։

Առնոյի ամբողջ կյանքը լի էր հետաքրքիր դիպվածներով։ Անգամ նրա ծնունդը խորհրդանշական պատմություն ունի։ 1921 թվականի հունվարի 21-ին Երևանում ծնված կոմպոզիտորը պաշտոնապես նշում էր ծննդյան օրը հունվարի 22-ին: Այս որոշումն ընդունել էր նրա հայրը՝ Հարություն Բաբաջանյանը, որը որդու տարեդարձի օրը փոխել էր, որպեսզի այն չհամընկնի Լենինի մահվան օրվա հետ։ Հենց այդ պահից էլ կարելի էր ասել, որ Բաբաջանյանի կյանքն ուղեկցվելու էր մեկը մյուսից հետաքրքիր իրադարձություններով։

Դեռ վաղ տարիքից Առնոյի մոտ երաժշտական բացառիկ ունակությունները նկատելի էին։ Բաբաջանյանների ընտանիքում երաժիշտներ չկային։ Հայրը սիրողական մակարդակով ֆլեյտա էր նվագում, և գուցե հենց այդ գեներն էին փոխանցվել որդուն։ Ընդամենը չորս տարեկանում փոքրիկ Առնոն արդեն փորձում էր մեղեդիներ նվագել։։ Սա պարզապես մանկական հետաքրքրասիրություն չէր. երեխան արդե՛ն սիրահարվել էր երաժշտությանը։

Գուցե ֆիլմի դրվագ թվա, բայց այս պատմությունը Բաբաջանյանի կյանքի ամենատպավորիչ դրվագներից է։ Պարզվում է՝ փոքրիկ Բաբաջանյանի տաղանդն առաջինը նկատողներից մեկը եղել է Արամ Խաչատրյանը։ Մեծ կոմպոզիտորի հետ հանդիպումն իսկապես ճակատագրական էր։ Խորհրդային Հայաստանում երեխաների շրջանում երաժշտական ընդունակություններ և տաղանդներ հայտնաբերելու ծրագրի շրջանակում Խաչատրյանը այցելում է Երևանի մանկապարտեզներ։ Հենց այնտեղ էլ առաջին անգամ հանդիպում է Առնոյին ու հասկանում, որ երաժշտական տաղանդներ որոնելու ընթացքում ճիշտ հասցեով է եկել։

Վեց տարեկան Առնոյի արտաքինն արդեն իսկ տարբեվող էր՝ խոշոր ձեռքեր, անսովոր մեծ քիթ։ Բայց ավելի տպավորիչ էին նրա երաժշտական ընդունակությունները։ Ընդամենը մի քանի րոպե և Խաչատրյանը վճռեց.

«Տղան ունի բացառիկ երաժշտական ընդունակություն»։

Արամ Խաչատրյանը կարծես իր օրհնանքը տվեց Առնոյին և հետագայում ևս, կյանքի այս կամ այն փուլում ավագ եղբոր ու ընկերոջ պես Բաբաջանյանի կողքին էր։

Այսպիսով, Առնոյի ծնողները լսեցին Խաչատրյանի խորհուրդը։ 1928-ին ութամյա Առնոն ընդունվեց Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական խմբակ։ Այստեղ նա ծանոթացավ երաժշտության հիմունքներին և կարճ ժամանակ անց սկսեց ստեղծագործել։ 9 տարեկանում նա արդեն գրել էր իր առաջին գործը՝ «Պիոներական մարշ»-ը։ 1933-ին էլ առաջին մրցանակը նվաճեց՝ փայլուն կատարելով Բեթհովենի 4-րդ սոնատը։

Բաբաջանյանների ընտանիքում կրթությունը չափազանց կարևոր հարթության վրա էր, հետևաբար կրթությունը Բաբաջանյանը շարունակեց Մոսկայում։ 1938-ին՝ 17 տարեկանում, Բաբաջանյանը տեղափոխվեց Մոսկվա՝ ընդունվելու Գնեսինների հանրահայտ երաժշտական դպրոց, որտեղ ևս նրան առանձնացրին իր բացառիկ ունակությունների շնորհիվ։

Չնայած Բաբաջանյանը դաշնակահարի կարիերայի մեծ հեռանկար ուներ, նրա համար կոմպոզիտորական ուղին առավել գրավիչ էր։ Իր ստեղծագործական կարիերայի հենց սկզբից Բաբաջանյանի վրա մեծ ազդեցություն են ունեցել Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրային արվեստը և Խաչատրյանի սիմֆոնիզմը։ Դեռ երիտասարդ հասակում նա հայտնվեց երկընտրանքի առաջ՝ շարունակել որպես դաշնակահար թե կենտրոնանալ երաժշտություն ստեղծելու վրա։ Ի վերջո, կոմպոզիտորական ուղին անմրցելի էր։

1944-ին Մոսկվայում ներկայացվեց դաշնամուրի և նվագախմբի համար նրա առաջին կոնցերտը։ Սա արդեն հստակորեն վկայում էր Բաբաջանյանի մեծ տաղանդի և երաժշտական աշխարհում լուրջ հեռանկարի մասին։ 1947 թվականին նա ավարտեց Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետը, իսկ հաջորդ տարի ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիա։ 1950-ականների սկզբին Բաբաջանյանն արդեն իսկ հայտնի էր իր «Հերոսական բալլադով», ջութակի ու թավջութակի կոնցերտներով։

Այս շրջանը բեկումնային էր նաև կոմպոզիտորի անձնական կյանքում։ 1945 թվականն էր, երբ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողուհի Թերեզա Հովհաննիսյանը համերգից հետո մոտեցավ երիտասարդ դաշնակահարին ու իր հիացմունքը հայտնեց։ Այս հանդիպումը փոխեց երկուսի կյանքն էլ։ Թերեզան հրաժարվեց դաշնակահարուհու իր խոստումնալից կարիերայից և ամբողջությամբ նվիրվեց ամուսնուն։

Վերադառնալով ստեղծագործական ձեռքբերումներին։ 1950-ականներին արդեն իսկ հստակ էր՝ Բաբաջանյանը լուրջ կոմպոզիտոր է և դասական արվեստի իր մեկնաբանություններում լուրջ ասելիք ունի։ Բայց ճակատագրի հեգնանքով ստացվեց այնպես, որ Բաբաջանյանն ամենամեծ ճանաչումն ու սերը ժողովրդից ստացավ ոչ թե սիմֆոնիկ կամ դասական ստեղծագործությունների համար, այլ իր փոքրածավալ երգերի և էստրադային ստեղծագործությունների շնորհիվ։

1956-ին տեղափոխվեց Մոսկվա, որտեղ սկսվեց նրա «ոսկե դարաշրջանը»։ Համագործակցեց Ռոբերտ Ռոժդեստվենսկու հետ՝ ստեղծելով խորհրդային էստրադայի դասական դարձած երգեր՝ «Ժպտա», «Եղիր ինձ հետ», «Գեղեցկության թագուհի»։ Ի դեպ, «Գեղեցկության թագուհին» գրելու ոգեշնչումը ծնվել էր Երևանում անցկացված գեղեցկության մրցույթից հետո, որի ժյուրիի անդամ էր Բաբաջանյանը։

Այս երգերն իսկական հիթեր դարձան Մոսկվայում և շուտով սիրվեցին նաև ԽՍՀՄ-ի բոլոր անկյուններում։ Դրանք հնչում էին ռադիոներում, հանրային վայրերում, և այդ երգերի հետ նույնականացվում էր կոմպոզիտորի անունը։

Բաբաջանյանի կյանքում ողբերգական ու հաղթական պահերը միշտ զուգահեռ էին ընթանում։ Բաբաջանյանի կյանքը և ստեղծագործական ուղին հագեցած էր ոչ միայն հաջողություններով, այլև դժվարություններով։ 1952-ին՝ 32 տարեկանում, բժիշկները նրա մոտ ախտորոշեցին լեյկեմիա։ Այս ախտորոշումը խորապես ազդեց նաև նրա ստեղծագործական կյանքի վրա։

Նույն թվականին գրված «Դաշնամուրային տրիոն» դարձավ յուրատեսակ ռեքվիեմ՝ նվիրված սեփական անձին։ Ճակատագրի հեգնանքով այս ստեղծագործությունը հնչեց 1953-ին՝ Ստալինի հոգեհանգստին։ Դե, իսկ Բաբաջանյանի համար ճակատագիրն այլ ծրագրեր ուներ։ Կոմպոզիտորն ապրեց ու ստեղծագործեց ևս երեսուն տարի։

Իր ստեղծագործական բոլոր շրջաններում էլ Բաբաջանյանը փորձում էր ոչ միայն պահպանել հայկական ազգային երաժշտության ոճն ու մելիզմները, այլև դրանք միավորել ջազային ռիթմերի և ժամանակակից մեղեդայնության հետ։ Սա դարձավ նրա երաժշտական ոճի յուրահատկությունը, որը շարունակաբար ընդգծում էին նաև իր գործընկերները։

«Կյանքիս մեծ մասը ես ապրել եմ Ռուսաստանում։ Մոտ 40 տարի։ Եվ մինչև հիմա իմ հայկական արտասանությունը չի փոխվել։ Նման հայկական ակցենտ կա նաև իմ երաժշտության մեջ։ Հայկական շունչ»։

Բացի այդ, Արամ Խաչատրյանի խորհուրդները ևս Բաբաջանյանի ստեղծագործական մոտեցման մի մասն էին դարձել․

«Արամ Իլյիչն ասում էր. «Տղանե՛ր, սիրե՛ք ձեր ժողովրդական երաժշտությունը... դա ձեզ կառանձնացնի մյուսներից»։

Նա կարողացավ յուրահատուկ սինթեզ ստեղծել՝ միավորելով հայկական մեղեդիները ջազային ռիթմերի հետ, դասական ձևերը՝ ժամանակակից հնչողության։ Կոմպոզիտորն ընդգծում էր նաև ստեղծագործության մեջ իրական հույզերի կարևորությունը։

«Երգերը ես հատուկ չեմ հնարել երբեք․ երգն ինքն իրեն է գալիս ինձ։ Ամենամեծ դատավորը մեր ժողովուրդն է... եթե ժողովրդին երգը դուր չի եկել, ուրեմն մեծ սիրտ չես դրել այդ գործի մեջ»։

70-ականների կեսերին Բաբաջանյանի առողջությունը վատթարացավ։ 1981-ին կոմպոզիտորը ներկայացրեց իր վերջին ստեղծագործությունը՝ «Նոկտյուրնը», որը կարծես դարձավ նրա երաժշտական կտակը՝ ռախմանինովյան լիրիզմով և հայկական մելիզմներով։

«Ես գրել եմ երգեր երգիչների համար, այս անգամ ես գրել եմ երգ՝ ինքս ինձ համար»։

1983-ի հոկտեմբերի 11-ին, 62 տարեկան հասակում, Առնո Բաբաջանյանը մահացավ։ Նրա ստեղծագործություններն այսօր էլ ոգեշնչում են բազմաթիվ երիտասարդ կոմպոզիտորների, որոնք փնտրում են հայկական մոտիվների և ժամանակակից հնչողության համադրության օրինակներ։

Բաբաջանյանի Մեղեդին, Էլեգիան, Էքսպրոմտը, Նոկտյուրնն ու այլ ստեղծագործություններ հնչում են աշխարհի տարբեր բեմերում՝ նոր մատուցմամբ և ժամանակակից ընկալումներով, ապացուցելով, որ իրական արվեստը ժամանակ չի ճանաչում։ Բաբաջանյանի անունը կրող փողոցները, դպրոցներն ու համերգասրահներն էլ վկայում են, որ կոմպոզիտորի հանդեպ սերն ու նրա ստեղծագործական ժառանգության մասին զրույցները դեռ երկար են զարդարելու հայ կոմպոզիտորական արվեստը և երաժշտական լեզուն։


✍️ Նանե Մանուկայն / PAN