Կարդալիքներ PAN-ից
December 23

Ապամոնտաժվող Սևակը, սյուրռեալիստական Բաբաջանյանն ու դժգոհ ժողովուրդը. Ինչու է Հայաստանում ամեն երկրորդ արձանը մեծ աղմուկ առաջացնում

Դժվար թե գտնեք որևէ երևանցու, որ Կարապի լճի մոտով անցնելիս չի նկատել կամ մի պահ կանգ չի առել՝ քաղաքում «լուռ» նվագող Բաբաջանյանին ուսումնասիրելու համար։ Այո՛, Առնո Բաբաջանյանի արձանը շատերին կարող է դուր չգալ, շատերն էլ այն համարում են սյուրռեալիստական տարրերով հաջողված հուշարձան։ Բայց փաստ է, որ այս արձանը վաղուց մայրաքաղաքի դեմքերից է դարձել։ Բայց մինչև այդ, ինչպես ցավոք հաճախ է լինում մեր իրականության մեջ, արձանը ամենաքննադատվածներից մեկն էր Երևանում, իսկ դրա հանրային ցուցադրման ճակատագիրը մեծ հարցականի տակ էր։

Անվանի կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ դեռ 2001-ին որոշում էր կայացվել նրա հիշատակին արձան կանգնեցնել Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ, Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկում։ Ընտրված վայրը պատահական չէր, քաղաքապետարանի գաղափարն այն էր, որ արձանը մեկուսացված չլինի, այլ տեղադրվի կենդանի, մարդաշատ միջավայրում, որտեղ Բաբաջանյանը, թեկուզ բրոնզե կերպարով, բայց շարունակեր «շփվել» երևանցիների հետ։

Արձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Բեջանյանն է, իսկ գրանիտե պատվանդանի ճարտարապետական լուծումը Լևոն Իգիթյանինն է։ Քանդակը պատրաստված էր բրոնզից և գրանիտից, մոտ 2,8 մետր բարձրություն ուներ։ Ու հենց այս՝ առաջին տարբերակն էլ մեծ աղմուկի պատճառ դարձավ։

2002 թվականին արձանը տեղադրվեց նախատեսված վայրում, բայց գրեթե անմիջապես հայտնվեց քննադատությունների կիզակետում։ Հանրային արձագանքը կտրուկ էր։ Ոմանց դուր չէր եկել կոմպոզիտորի կերպարի արտասովոր լուծումը, մյուսներին՝ անհամաչափ թվացող ձևերը։ Առավել շատ քննարկվում էին ձեռքերը, դեմքի արտահայտությունը, քթի ձևը, ընդհանուր պլաստիկան։ Քանդակը շատերի համար դուրս էր այն պատկերացումներից, թե ինչպիսին «պետք է» լիներ Բաբաջանյանի արձանը։

Սկսվեցին մեղադրանքներ՝ ընդհուպ այնպիսի ձևակերպումներով, թե քանդակը «պղծում է» մեծ երաժշտի հիշատակը։ Արձանի շուրջ բարձրացած աղմուկը հանրային քննարկումներից ու մամուլից բացի հասավ նաև վարչական և մշակութային բարձր ատյաններ։ Քննադատությունները միայն գեղագիտական չէին ու կարելի է ասել, որ դրանք հանրային բողոքի ալիքի էին վերածվել։

2002 թվականին Երևանի քաղաքապետարանը արձանի ճակատագիրը որոշելու համար գեղարվեստական խորհուրդ է ձևավորում։ Խորհուրդը բաղկացած էր մտավորականներից, արվեստագետներից ու մասնագետներից, բայց անգամ այստեղ միանշանակ դիրքորոշում չի ձևավորվում։ Գեղարվեստական խորհրդի եզրակացությունը, ըստ էության, կոնկրետ լուծումներ չի առաջարկում։ Անդամները պարզապես արձանագրում են իրենց անհամաձայնություններն ու դիտարկումները։

Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն արդյունքում հայտարարում է, որ արձանը ժամանակավորապես ապամոնտաժվելու և տեղափոխվելու է հեղինակի արվեստանոց՝ փոփոխությունների համար։

Քանդակագործը կանգնել էր դժվար ընտրության առաջ։ Կամ պիտի պահպաներ իր սկզբնական գաղափարը, կամ էլ պիտի գնար զիջումների։ Նրա խոսքում հնչում էր նաև վիրավորանք՝ ոչ միայն հասարակական արձագանքից, այլ հատկապես գործընկեր արվեստագետներից, որոնց նա մեղադրում էր խանդի ու մասնագիտական անազնվության մեջ։

Դավիթ Բեջանյանը հետագայում թեմայի մասին խոսելիս նշում էր, որ իր ստեղծած առաջին տարբերակը ուժ ուներ, բայց այդ ուժը միանգամից ընկալելի չէր բոլորին։ Նրա խոսքով՝ ժամանակ էր պետք, մինչև մարդիկ ընկալեին կերպարը։ Բայց իրավիճակն այլ ընթացք ստացավ ու հասարակական դժգոհությունը ստիպեց նրան համաձայնել փոփոխությունների։ Իրականում՝ հետահայաց նայելով, սա միայն այս արձանի շուրջ քննարկում չէր, առաջացող հարցերն այստեղ բազմաթիվ են։ Օրինակ՝ ո՞վ է որոշում քաղաքային միջավայրի «կերպարը», ո՞րն է արվեստագետի ազատության սահմանը, և որքանո՞վ պետք է հանրային ճաշակը թելադրի արվեստի ձևը։

Քաղաքապետարանի ներսում էլ կարծիքները տարբեր էին։ Ոմանք պնդում էին, որ նոր ոճով ստեղծված գործը ընկալելու համար ժամանակ է պետք, մյուսները վստահ էին՝ հանրային արձագանքը չի կարելի անտեսել։ Հնչում էին նաև տեսակետներ, որ աղմուկը, որքան էլ ցավոտ է, շատ ավելի օգտակար է, քան անտարբերությունը։

Նախնական փուլում հետաքրքիր դրվագներից մեկը կապված էր կոմպոզիտորների միության նախագահի դիրքորոշման հետ։ Նա առաջարկում էր ընդհանրապես չքննարկել դեռևս չավարտված գործը՝ նշելով, որ արվեստի մասին դատողությունները պետք է հնչեն միայն վերջնական փուլում։ Նրա սեղանին դրված էր եղել արձանի մակետը, և մինչև իրական չափերով տեղադրումը որևէ բացասական արձագանք չէր հնչել։

Դավիթ Բեջանյանը բազմիցս նշել է, որ արձանը ստեղծելուց առաջ հանդիպել է տասնյակ մարդկանց, որոնք անձամբ ճանաչել էին Բաբաջանյանին։ Այդ հանդիպումները ձևական չէին։ Քանդակագործը փորձում էր ոչ թե կենսագրական փաստեր հավաքել, այլ հասկանալ կոմպոզիտորի ներքին հույզերը, երաժշտության հետ հարաբերությունները։ Այս պատմություններից աստիճանաբար ձևավորվել էր մի կերպար, որը հեռու էր դասական հուշարձանային մոտեցումներից։ Այդ «ինքնամոռաց» վիճակն էր, որ քանդակագործը փորձել էր փոխանցել՝ մարմնի լարվածությամբ, ձեռքերի շարժումով, ձևերի կոպտության ու մեղեդայնության միաժամանակյա համադրությամբ։

Բայց հանրային սպասելիքն այլ էր։ Շատերի համար Բաբաջանյանի արձանը պիտի առաջին հայացքից ճանաչելի լիներ՝ հստակ դիմագծերով, առանց «ավելորդ» հարցերի։  Քննադատների մի մասը պնդում էր, որ արձանում բացակայում է դաշնակահարի կերպարը, մյուսները համոզված էին, որ այն չի համապատասխանում կոմպոզիտորի ստեղծածին։ Հնչում էին նաև ավելի կտրուկ ձևակերպումներ՝ գործը համարելով պարզունակ կամ կոմպոզիտորի հիշատակին չհամապատասխանող։

Քննարկումներից մեկի ընթացքում նույնիսկ առաջարկ հնչեց՝ Բաբաջանյանի հիշատակին երկրորդ արձան ստեղծելու մասին։ Միտքն այն էր, որ եթե նոր մրցույթի արդյունքում ստեղծված տարբերակը ընդունվի, ապա առաջինը կարող է տեղափոխվել այլ վայր կամ ընդհանրապես հանվել քաղաքային միջավայրից։ Այդ գաղափարը, սակայն, մնաց քննարկման մակարդակում։

Այդ պահին արձանի ճակատագիրը դեռ անորոշ էր։ Մնում էր սպասել՝ ինչ տեսք կունենա այն երկրորդ վերադարձի ժամանակ և արդյոք փոփոխությունները կլռեցնեն աղմուկը։ Ամեն դեպքում՝ արձանը ստացավ իր երկրորդ հնարավորությունը։ Ստացվեց կարծես «ոսկե միջինը»՝ չզրկել քաղաքը հետաքրքիր ստեղծագործությունից, բայց նաև մեղմել դիմադրությունը։ Այս ամենի արդյունքում արձանը վերադարձավ իր համար նախատեսված վայր։ Այն սկսեց ապրել իր սեփական կյանքը, հասավ մեր օրեր ու դարձավ քաղաքի այցեքարտերից մեկը։


✍️ Նանե Մանուկյան / PAN