Կարդալիքներ PAN-ից
Tomorrow

Իրականության ձեղնահարկում. Backrooms, քրիփիպաստաներ ու վախի նոր անատոմիան

Երբևիցե հայտնվե՞լ եք տարածքում, որը միաժամանակ ծանոթ ու լրիվ օտար է թվում։ Դեղին պատերով երկար միջանցք, լյումինեսցենտ լամպերի տզզոց, խոնավ ու բորբոսնած հին գորգի հոտ: Ոչ մի պատուհան: Դեպի փողոց տանող ոչ մի դուռ: Ու ոչ մի մարդ: Միայն անվերջանալի սենյակներ ու զգացողություն, որ երբեք նախկինում այստեղ չեք եղել ու էլ երբեք այստեղից դուրս չեք գալու։

Հենց անանուն, իռացիոնալ, ֆիզիկապես հավաստի այս զգացողությունն է ընկած վերջին տասնամյակի ամենատարօրինակ մշակութային ֆենոմեններից մեկի հիմքում։ Մայիսի 29-ին ամերիկյան վարձույթ դուրս եկավ A24 ստուդիայի Backrooms ֆիլմը՝ Չիվիթել Էջիոֆորի ու Ռենատե Ռեյնսվեի մասնակցությամբ: Այն բեմադրել է 20-ամյա յութուբեր Քեյն Փարսոնսը, ով դեռ մի քանի տարի առաջ սիրողական տեսանյութեր էր նկարահանում Կալիֆոռնիայի Պետալումա քաղաքի իր սենյակում: Քննադատներն արդեն դեբյուտն անվանում են «սարսափելի վստահ», իսկ Rotten Tomatoes-ում նրան տվել են 87%։ Առաջին ուիքէնդին $10 մլն բյուջեով ֆիլմն արդեն աշխատել է շուրջ $110 մլն, ու անհրաժեշտ է հասկանալ` ինչ է տեղի ունեցել։

Առաջին հերթին պետք է հիշել. սա ուղղակի պատմություն չի այն մասին, թե ինչպես յութուբյան բլոգերը հայտնվեց մեծ կինոյում: Սա ավելի շուտ պատմություն է այն մասին, թե ինչպես ինտերնետը հորինեց սեփական միֆոլոգիան ու թե ինչու է այն մեզ ավելի վախեցնում, քան ցանկացած պրոֆեսիոնալ սցենարիստ: PAN-ը կփորձի բացատրել։

Մաս 1. Դեղին պատեր

Մեմ, որը դարձավ առասպել

2019-ի մայիսին 4chan իմիջբորդում հայտնվեց անանուն գրառում: Ինչ-որ մեկը պարզ թեմա էր ստեղծել. կիսվեք լուսանկարներով, որոնք ձեզ անհանգստացնում են: Առաջին պատասխանների թվում լուսանկար էր` մշուշոտ, ակնհայտորեն սիրողական, նկարված ինչ-որ ոչ բնակելի տարածքում: Դեղին պատեր՝ մոնոտոն միջնապատերով: Ակուստիկ սալիկներից առաստաղ: Ֆլուորեսցենտ լույս, որը չի լուսավորում, ավելի շուտ ճնշում է: Անորոշ գույնի գորգ։

4chan-ում հրապարակված լուսանկարը

Լուսանկարին կցված էր կարճ տեքստ, որն անմիջապես դարձավ վիրուսային քոփիպաստա՝ պատճենվելով ու տարածվելով ամբողջ ինտերնետում։ Ներկայացնում ենք այն բառացի, որովհետև հենց դրա մեջ է ամփոփված ֆենոմենի ամբողջ գենետիկական կոդը.

«Եթե դու պատահաբար սխալ տեղում noclip-վես իրականության միջով, ապա կհայտնվես Backrooms-ում՝ մոտ վեց հարյուր միլիոն քառակուսի մղոն պատահականորեն դասավորված դատարկ սենյակներում: Թաց գորգի հոտ, դեղին պատեր, ֆլուորեսցենտ լամպերի սպիտակ տզզոց առավելագույն ձայնով, ու ո՛չ ելք, ո՛չ վերջ, ո՛չ էլ հույս: Աստված չանի, եթե լսես, որ ինչ-որ տեղ խավարում ինչ-որ բան է քայլում, որովհետև այն նույնպես գիտի, որ դու այստեղ ես»:

«Noclip» բառն այստեղ առանցքային է: Համակարգչային խաղերում այն նշանակում է իրավիճակ, երբ խաղային կերպարը դադարում է փոխազդել լեվելի երկրաչափության հետ ու անցնում է պատերի միջով: Խաղային կերպարը բառացի դուրս է ընկնում քարտեզից ու հայտնվում է դրա սահմաններից այն կողմ՝ դատարկ տարածության մեջ, որն ընկած է այն ամենի միջև, ինչը գոյություն ունի ու ինչն ընդհանրապես չպետք է գոյություն ունենա: Անանուն հեղինակը վերցրեց այս տեխնիկական տերմինն ու վերածեց այն էքզիստենցիալ սարսափի ալեգորիայի. ի՞նչ կլինի, եթե հնարավոր լինի պատահաբար դուրս ընկնել ոչ թե խաղի լեվելից, այլ հենց իրականությունից:

Սա հանճարեղ քայլ էր: Համակարգչային խաղերի վրա մեծացած սերունդն ալեգորիան ակնթարթորեն որսաց մարմնական մակարդակում։ Ամեն մեկն ուներ անհարմար այդ փորձը, պահը, երբ խաղի սովորական մեխանիկան խափանվում է, ու դու հայտնվում ես «դրսում»։ Backrooms-ն առաջարկեց այս փորձառությունը տեղափոխել իրական աշխարհ, ինչով ծանոթ երևույթը դարձավ իսկապես սարսափելի։

Բնականաբար, ինտերնետն անմիջապես սկսեց շինարարությունն այս պարարտ հիմքի վրա: Հայտնվեցին «լեվելները». Level 0 (հենց այն դեղին սենյակները), Level 1 (հսկայական արդյունաբերական պահեստ), Level 2 (մութ տեխնիկական թունելներ), ու այսպես շարունակ` մինչև հարյուրավոր ու հազարավոր նկարագրված տարածքներ: Հայտնվեցին էակներ։ Հայտնվեցին «վերապրածներ», ովքեր վարում էին առցանց օրագրեր: Հայտնվեցին ամբողջական վիքիներ, որոնք կազմակերպված էին որպես իրական հետազոտական կազմակերպությունների գիտելիքների բազաներ: Backrooms-ը վերածվեց քրաուդսորսինգային միֆոլոգիկ նախագծի, կոլեկտիվ անգիտակցականի, որը կառուցվում է իրական ժամանակում:

Քեյն Փարսոնս. Blender-ով ու տեսախցիկով դեռահասը

Քեյն Փարսոնսը տասնչորս տարեկան էր, երբ առաջին անգամ տեսավ օրիգինալ գրառումը: Իր իսկ խոսքով՝ պատկերը շաբաթներ շարունակ հետապնդում էր իրեն. նա տեսնում էր այն ամենուր, տարբեր հարթակներում, տարբեր համատեքստերում։ «Դրանում ինչ-որ արքետիպային, ինչ-որ ճակատագրական բան կար», - հիշում է նա ֆիլմի էկրաններ բարձրանալուց քիչ առաջ Esquire-ին տված հարցազրույցում։

2022-ի հունվարին արդեն տասնվեց տարեկան Փարսոնսը յութուբում հրապարակեց ինը րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ՝ The Backrooms (Found Footage) անվանմամբ։ Նա ֆիլմը ստեղծել էր տնային պայմաններում. եռաչափ միջավայր ստեղծելու համար օգտագործել էր Blender գործիքը, Adobe After Effects-ը` փոստփրոդաքշնի համար` այդ ամենի վրա ծախսելով մոտ մեկ ամիս: Տեսանյութը սկսվում է սիրողական տեսագրության իմիտացիայով. տեսախցիկով մարդը հայտնվում է դեղին միջանցքներում, նա դանդաղ ու մեթոդաբար, առանց որևէ խոսքի սրում է կլաուստրոֆոբիայի ու անհուսության մթնոլորտը:

Լեգենդար տեսանյութը

Տեսանյութը հավաքեց ավելի քան 70 միլիոն դիտում: Այն անվանեցին յութուբի ամենասարսափելի հոլովակը։ Փարսոնսը ստացավ Creator Honor Award մրցանակը Streamy Awards 2022-ում ու շարունակեց նկարել սերիան։ Արդյունքում թողարկվեց քսաներեք էպիզոդ, որոնք միավորվեցին ամբողջական նարատիվային տիեզերքի մեջ. պատմություն Async կոչվող հետազոտական ինստիտուտի մասին, որը հայտնաբերել էր Backrooms-ը 1990-ականներին ու սկսել ուսումնասիրել այն՝ կանխատեսելի աղետալի հետևանքներով:

Ֆիլմի թրեյլերը

2023-ի փետրվարին A24 ստուդիան պաշտոնապես հայտարարեց լիամետրաժ էկրանավորման մասին։ Որպես պրոդյուսերներ հանդես եկան Շոն Լևին ու Ջեյմս Վանը: Սցենարը գրեց Ուիլ Սուդիկը: Նկարահանումներն անցկացվեցին Վանկուվերում՝ 2025-ի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում: Նկարահանման հրապարակում կառուցվեց ավելի քան երեք հազար քառակուսի մետր մակերեսով պրակտիկ դեկորացիա՝ այնքան համոզիչ, որ նկարահանող խմբի անդամները իսկապես մոլորվում էին դրանցում։

Ֆիլմն էկրաններ բարձրացավ ու երկրպագուներին տվեց ճիշտ այն, ինչ խոստացվել էր: 20-ամյա երիտասարդը նկարեց ֆիլմ, որն աշխատում է: Բայց հասկանալու համար, թե ինչու դա տեղի ունեցավ, ու թե ինչու է դա առհասարակ հնարավոր, պետք է մեկ քայլ հետ անել ու նայել ավելի լայն լանդշաֆտին:

Մաս 2. Միֆոլոգիան` միֆոլոգիայի ավարտից հետո

Ի՞նչ է քրիփիպաստան ու որտեղի՞ց է այն առաջացել

«Creepypasta» բառը «creepy» (վախենալու) ու «copy-paste» (պատճենել ու տեղադրել) բառերի խառնուրդն է: Դրանք անանուն հորրոր պատմություններ են, որոնք ինտերնետում տարածվում են թվային վիրուսների նման. վերահասցեագրվում են, վերապատմվում, լցվում մանրամասներով, փոխվում վերջաբաններում և այլն։ Սա թվային բանահյուսություն է, քաղաքային լեգենդներ` գերարագ ինտերնետի դարաշրջանում:

Ժանրը գոյություն ուներ շատ ավելի երկար ժամանակ, քան ստացել է իր անվանումը: Դեռ 2000-ականների սկզբին Something Awful ու 4chan ֆորումներում հայտնվում էին անանուն պատմություններ «մեկ գիշերվա համար»։ Բայց քրիփիպաստայի իրական ծաղկումը տեղի ունեցավ մոտավորապես 2009-ից 2015 թվականներին՝ Creepypasta Wiki-ի ի հայտ գալուն զուգահեռ, որտեղ հարյուրավոր օգտատերեր հրապարակում ու խմբագրում էին պատմությունները՝ ժանրը վերածելով կոլեկտիվ նախագծի:

Քրիփիպաստայի ամենակարևոր առանձնահատկությունը հավաստիության իմիտացիան է: Ի տարբերություն ավանդական հորրորի, որը բացահայտորեն հայտնում է իր` հորինվածք լինելու մասին, քրիփիպաստան հանդես է գալիս որպես վավերագրական պատում։  Պատմությունները գրված են առաջին դեմքից, պարունակում են կոնկրետ մանրամասներ (անուններ, ամսաթվեր, հասցեներ), հաճախ ուղեկցվում են «ապացույցներով»՝ լուսանկարներ, սքրինշոթեր, տեսագրություններ։ Ընթերցողը պետք է գոնե մի ակնթարթ կասկածի. իսկ միգուցե սա ճշմարտությո՞ւն է: Սա քրիփիպաստան դարձնում է խարույկի շուրջ պատմվող վախենալու պատմությունների ավանդույթի անմիջական ժառանգորդը, սակայն մի սկզբունքային տարբերությամբ. ինտերնետը հեռացրել է միջնորդին: Նախկինում լեգենդը փոխանցում էր կոնկրետ մարդ, ու պատմության հավաստիությունը կախված էր այդ մարդու հեղինակությունից: Հիմա լեգենդը ստեղծում է անոնիմը, ու հենց անոնիմությունն է դրան հատուկ ուժ տալիս: Մենք չգիտենք, թե ով է դա գրել: Մենք չենք կարող հարցնել: Աղբյուրը տարրալուծվում է ցանցում, իսկ լեգենդը սկսում է ապրել սեփական կյանքով:

Backrooms-ը իդեալական քրիփիպաստա է. անոնիմ ծագում, կոնկրետ դետալներ (վեց հարյուր միլիոն քառակուսի մղոն՝ աբսուրդային թիվ` մատուցված վավերագրական լրջությամբ), հենում համընդհանուր փորձի վրա (բոլորն են եղել ամայի, ոչ բնակելի տարածքներում) ու բաց ավարտ, որը հրավիրում է ընդլայնել առասպելը: Հենց այդ պատճառով հազարավոր մարդիկ սկսեցին գրել շարունակություններ, նկարել քարտեզներ, ստեղծել տեսանյութեր։ Այս ֆենոմենը ստեղծված էր կոլեկտիվ դառնալու համար:

Սակայն Backrooms-ը հեռու է միակ օրինակը լինելուց: Նրան զուգահեռ ինտերնետում աճում է այլ նմանատիպ ֆենոմենների մի ամբողջ էկոհամակարգ, որոնցից յուրաքանչյուրն իր ձևով է փոխակերպում վախի մեխանիկան: Հասկանալու համար, թե ինչ է կատարվում հորրոր ժանրի հետ թվային մեդիայի դարաշրջանում, պետք է ուսումնասիրել նաև դրանք։

Մաս 3. Թվային հորրորի ատլասը

1. SCP Foundation. բյուրոկրատիա անդունդի եզրին

Եթե Backrooms-ը վախի պոեզիան է, ապա SCP Foundation-ը՝ դրա հանրագիտարանը: Նախագիծը սկիզբ է առել 2008-ին 4chan ֆորումում, իսկ հետո ձեռք է բերել սեփական կայքը: Անվանումը բացվում է որպես «Secure, Contain, Protect». հենց այսպես է կոչվում հորինված կազմակերպությունը, որը զբաղվում է իրականության բնականոն ընթացքին խոչընդոտող անոմալ օբյեկտների, երևույթների ու էակների ուսումնասիրությամբ և պահմամբ: Յուրաքանչյուր նման օբյեկտ ստանում է համար (SCP-001, SCP-173, SCP-682...) ու մանրամասն նկարագրություն՝ գիտական-բյուրոկրատական դոսյեի ֆորմատով՝ սպառնալիքի դասակարգում, պահման ընթացակարգեր, հայտնաբերման պատմություն, միջադեպերի մասին հաշվետվություններ:

Հենց ձևն է եզակի դարձնում SCP Foundation-ը։ Փաստաթղթավորման չոր, չեզոք, գրեթե դատաբժշկական լեզուն խզվածք է առաջացնում նկարագրվողի ու նկարագրության ձևի միջև, ու հենց այդ խզման մեջ էլ ապրում է իրական սարսափը: SCP-173-ը բետոնից ու ամրաններից արձան է, որը շարժվում է միայն այն ժամանակ, երբ ոչ ոք չի նայում դրան ու ջարդում է մարդկանց պարանոցը: Սակայն ընթերցողը դրա մասին իմանում է ձանձրալի փաստաթղթից, որտեղ կան նշումներ «անոմալ լոկոմոտոր հատկությունների» ու «մշտական վիզուալ կոնտակտի համար անձնակազմին ներկայացվող պահանջների» մասին: Պահման ընթացակարգը շարադրված է առանց որևէ էմոցիայի, ու հենց սա էլ անտանելի վախենալու է։

Այսօր SCP Foundation-ում կան հազարավոր հոդվածներ, որոնք գրվել են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հարյուրավոր հեղինակների կողմից ու թարգմանվել տասնյակ լեզուներով: Սա պարզապես հորրոր պատմությունների կայք չի, սա լիարժեք ընդհանուր տիեզերք է, կոլեկտիվ ջանքերով ստեղծված միֆոլոգիա՝ իր ներքին տրամաբանությամբ, հակասություններով, կանոնով ու ապոկրիֆներով: Շատ գրառումներ պարունակում են նարատիվային շերտեր՝ լրացուցիչ փաստաթղթեր, ներքին նամակագրություն, հարցազրույցներ վերապրածների հետ` աստիճանաբար բացահայտելով SCP Foundation-ի մութ կողմը. որպես կազմակերպություն, որն ինքնին հանդիսանում է այն սարսափի մի մասը, որը փորձում է վերահսկել:

SCP Foundation-ի փիլիսոփայական առանցքը այն գաղափարն է, որ Տիեզերքը սկզբունքորեն խորթ է մարդուն: Անոմալիաները ոչ չար են, ոչ բարի, դրանք զուտ անհամատեղելի են աշխարհի մեր պատկերացումների հետ: Հիմնադրամի խնդիրն է՝ ոչ թե հաղթել այս քաոսին, այլ պահել այն մեր ընկալման սահմաններից դուրս, որպեսզի մարդկությունը կարողանա գոյություն ունենալ: Սա մռայլ, իր հիմքում նիհիլիստական միֆոլոգիա է, սակայն հենց տոտալ լրջությունն է այն դարձնում այդքան համոզիչ:

2. The Mandela Catalogue. հրեշտակ, որը նայում է քեզ

Եթե SCP Foundation-ն աշխատում է փաստաթղթերի հետ, ապա The Mandela Catalogue-ն աշխատում է պատկերի հետ ու անում է դա կործանարար արդյունավետությամբ: Ալեքս Քիստերի նախագիծը սկսվել է 2021-ին որպես յութուբյան տեսանյութերի շարք՝ հրատապ լուրերի հեռուստա- ու ռադիոթողարկումների ոճավորմամբ։ Միֆոլոգիան կառուցված է «ալտերնատների» կոնցեպտի շուրջ՝ էակներ, որոնք կարողանում են մարդկանց տեսք ընդունել, ընդ որում` ոչ թե զուտ քողարկվում են որպես մարդ, այլ պատճենում են մարդկանց մոլեկուլյար մակարդակով՝ ներառյալ հիշողությունները, խոսելաոճն ու վարքագիծը։

Սակայն պատճեններում միշտ ինչ-որ բան սխալ է: Աչքերը չափազանց լայն են: Շարժումները` չափազանց սահուն: Ու նրանք գիտեն, որ դուք գիտեք: Որ նկատում եք։ Սերիայի առանցքային վիզուալ կերպարը սպիտակ, դատարկ աչքերով հումանոիդ դեմքն է՝ որն առաջացնում է կտրուկ ֆիզիոլոգիական դիսկոմֆորտ: Սա «չարագույժ հովտի» (uncanny valley) հետևանքն է, ֆենոմեն, որի դեպքում մարդանման էակը, որը համարյա, բայց ոչ լրիվ մարդկային է, շատ ավելի սուր դիսկոմֆորտ է առաջացնում, քան ակնհայտ ոչ մարդկային էակը: Մեր ուղեղն ակնկալում է տեսնել մարդու, սակայն հանդիպում է մի բան, ինչը միայն ձևանում է որպես մարդ:

The Mandela Catalogue-ը վարպետորեն օգտագործում է կրոնական իկոնոգրաֆիան: Ալտերնատներն այդ աշխարհում հայտնվել են մարդկանցից շատ առաջ. նրանք գոյություն ունեին դեռ այն ժամանակ, երբ առաջին «հրեշտակներն» իջան երկիր: Սա հրեշտակային բնույթի վերաիմաստավորում է` Թոմաս Լիգոտտիի կամ վաղ Լավքրաֆթի ոգով. էակները, որոնք պետք է պաշտպաններ լինեին, դառնում են անհամեմատ ավելի մութ մի բան: Կրոնական կոնտեքստն ուժեղացնում է սարսափը, դարձնում է պատմությունը ոչ միայն վախեցնող, այլև սրբապիղծ։ Սերիան հավաքեց միլիոնավոր դիտումներ ու ծնեց երկրպագուների ընդարձակ համայնք, իսկ նրա հետագա ազդեցությունը «անալոգային սարսափի» վրա դժվար է գերագնահատել:

3. Local 58. ազդանշան էկրանի հետևից

Local 58-ը երևակայական տեղական հեռուստաալիք է ամերիկյան խուլ բնակավայրերից մեկում: Քրիս Սթրաուբի նախագիծն իրենից ներկայացնում է տեսանյութերի շարք՝ քողարկված որպես հեռուստատեսային եթերի VHS ձայնագրություններ. նորմալ հաղորդումներ, գովազդ, գիշերային հեռարձակում, ու հետո ինչ-որ բան սխալ է գնում:

Local 58-ի հզորությունը նոստալգիայի ու վստահության շահագործման մեջ է: Հեռուստացույցը ամերիկացիների (ու ոչ միայն) մի քանի սերունդների համար ճշմարտության աղբյուր էր. եթե հեռուստացույցով ասել են, ուրեմն այդպես էլ կա: 1980-ականների ու 1990-ականների գիշերային հեռուստատեսությունն ուներ հատուկ էսթետիկա՝ դատարկ ստուդիաներ, հոգնած հաղորդավարներ, ստատիկ պաստառներ: Սա անվտանգության, առօրյայի, կենցաղի պատկեր է:

Local 58-ը վերցնում է այս էսթետիկան ու մեթոդաբար ոչնչացնում այն: Ամենահայտնի դրվագներից մեկում՝ «Contingency»-ում, սովորական հրատապ թողարկման ազդանշանը աստիճանաբար փոխարինվում է հրահանգների շարքով, որոնց իմաստը պարզ կդառնա միայն վերջում: Տոնայնությունը` բացարձակ պաշտոնական։ Տրամաբանությունն էլ այս թողարկման սեփական, ակնհայտորեն փսիխոտիկ կոորդինատային համակարգում կարծես անթերի է։ Արդյունքը՝ ժանրի պատմության մեջ ամենաապակողմնորոշող սարսափ տեքստերից մեկը։

Մեկ այլ առանցքային դրվագ՝ «Skywatching»-ը, սկսվում է որպես սովորական ծրագիր աստղային երկնքի մասին, ու աստիճանաբար վերածվում է մի բանի, ինչը հեռուստացույցը չպետք է հեռարձակի: Նախագիծն օգտագործում է մեդիայի նկատմամբ վստահության պայմանական ռեֆլեքսը մեր իսկ դեմ ու անում է դա վիրաբուժական ճշգրտությամբ:

4. The Monument Mythos. պատմություն, որը չի եղել

Իվի Կասանասի The Monument Mythos-ը, թերևս, ամենահավակնոտ նարատիվային նախագիծն է անալոգային սարսափի էկոհամակարգում: Սերիան կառուցված է որպես Միացյալ Նահանգների ալտերնատիվ պատմություն: Տեսանյութերը ոճավորված են որպես տարբեր դարաշրջանների վավերագրական արխիվներ՝ 1940-ականների խրոնիկա, 1970-ականների լրատվական ռեպորտաժներ, 1980-ականների գովազդային հոլովակներ, 1990-ականների սիրողական տեսագրություններ: Յուրաքանչյուր դրվագ հավաստի է իր ձևով ու հրեշավոր` բովանդակությամբ:

Այն, ինչ Monument Mythos-ն ունիկալ է դարձնում, դա նրա մասշտաբն է: Այստեղ խոսքը զուտ սարսափելի հրեշի կամ անըմբռնելի անոմալիայի մասին չի: Այն կառուցում է մի ամբողջական թեոլոգիա. էակները, որոնք կապված են ամերիկյան հուշարձանների ու խորհրդանիշների հետ, ոչ միայն վտանգավոր են, այլև բառացի, ֆիզիկապես մարմնավորում են այն ամենն, ինչ Ամերիկան արել ու շարունակում է անել իր պատմության, իր զոհերի, իր միֆոլոգիայի հետ: Սա խելացի, իմաստներով հագեցած քաղաքական հորրոր է, որն օգտագործում է դավադրապաշտության ձևը խոսելու համար թեմաների մասին, որոնց մասին ընդունված չի բաց խոսել։

5. The Oldest View. երբ նայում ես դու ու նայում են քեզ

Նույն Քեյն Փարսոնսի The Oldest View-ն սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են մյուս նախագծերը։ Սերիան աշխատում է գաղափարի հետ, համաձայն որի կան վայրեր (ոչ պարտադիր ֆիզիկական), որոնք կարողանում են դիտարկել: Դրանք նայում են: Ոչ թե ինչ-որ կոնկրետ բանի, այլ ուղղակի նայում են, քանի որ նայելը դրանց բնույթն է: Դուք կարող եք հայտնվել նման մի գոտում, ու այդ դեպքում վստահ եղեք, որ ինչ-որ բան փոխվելու է. ոչ թե աշխարհում, այլ հենց ձեր մեջ: Դուք կիմանաք, որ ձեզ տեսնում են: Եվ չեք կարողանա դադարել իմանալ դա:

Սա սկզբունքորեն այլ տեսակի սարսափ է. ոչ թե ոչնչացման, այլ ներկայության սպառնալիք: The Oldest View-ն միտումնավոր օգտագործում է դանդաղ տեմպը, երկար ստատիկ պլաններն ու մինիմալ նարատիվ բացատրությունը, ինչի հետևանքով հանդիսատեսը ստիպված է ինքնուրույն լրացնել լռությունը: Եվ այն, թե ինչով է նա լրացնում է այդ լռությունը, միշտ ավելի սարսափելի է, քան այն, ինչ կառաջարկեր ցանկացած սցենարիստ:

Նախագիծը հետևողականորեն աշխատում է հիշողության ու ժամանակի թեմաների հետ։ Սեփական միֆոլոգիայում «հայացքը» գոյություն ունի խրոնոլոգիայից դուրս ու կարող է դիտարկել ձեզ միաժամանակ ձեր կյանքի տարբեր կետերում: Սա սովորական պարանոիդալ սարսափը վերածում է ավելի խորը մի բանի` պատմության ինքնության բնույթի ու նրա մասին, թե ով ենք մենք, երբ մեզ ոչ ոք չի տեսնում:

6. The Walten Files. ճագարներ ու դատարկ շենքեր

Մարտին Պարեդեսի The Walten Files-ը սկսվեց 2021-ին ու անմիջապես դարձավ կուլտային` մասամբ այն պատճառով, որ աշխատում է նյութի հետ, որը թվում է սկզբունքորեն անվնաս. խոսքը 1970-ականների մանկական կրթական հաղորդումների ոճով անիմացիայի մասին է։ Հիմքում Bunny Smiles Incorporated ընկերության պատմությունն է, որն արտադրում էր անիմատրոնիկ տիկնիկներ մանկական ժամանցի վայրերի համար: 1974-ին ընկերության մի շարք աշխատակիցներ անհետացել են չպարզված հանգամանքներում: Իսկ թե ինչ էր պատահել ու ինչու են անիմատրոնիկ տիկնիկները շարունակում շարժվել, կպարզվի միայն աստիճանաբար՝ մի շարք «հայտնաբերված» տեսագրությունների, գովազդային նյութերի ու ներքին փաստաթղթերի միջոցով:

The Walten Files-ն ամենաուղղակի կերպով կապված է դեռ Five Nights at Freddy's-ից սկիզբ առնող ավանդույթի հետ. հորրոր, որը հիմնված է մանկական էսթետիկայի վերաիմաստավորման վրա: Բայց եթե FNAF-ը աշխատում է որպես խաղ, The Walten Files-ն աշխատում է որպես կինո, այն էլ՝ բավականին լավ կինո: Պարեդեսը հասկանում է կարևոր մի բան. մանկական անիմացիան վախեցնում է ոչ թե վատ արված լինելու պատճառով, այլ ճիշտ հակառակը. լավ արված անիմացիան մենք ընկալում ենք  որպես անվտանգ տարածք, ու այդ անվտանգության խախտումն առաջացնում է անհամեմատ ավելի սուր դիսոնանս, քան ցանկացած բացահայտ սարսափ:

Սերիայում վերջին տարիների ամենաարդյունավետ հորրոր կերպարներից մեկն է։ Ջեք Ուոլտենը հրեշ չի, ոչ էլ չարագործ է, նա մարդ է, ով սիրում էր իր ընտանիքն ու աշխատանքը։ Նրան ինչ-որ բան կոտրել է։ Ու Ուոլտենի ողբերգությունը պակաս սարսափելի չի, քան իր զոհերի ճակատագիրը:

7. Marble Hornets. ժանրի ստեղծումը

Չի կարելի խոսել ինտերնետ-հորրորի մասին՝ չարժևորելով Marble Hornets-ը։ Սա այն նախագիծն է, որն, ըստ էության, սկիզբ է դրել ամբողջ ժանրին։ 2009-ին YouTube-ի troiAndrew ալիքում մեկնարկած Marble Hornets-ն իրենից ներկայացնում էր տեսանյութերի շարք՝ «հայտնաբերված տեսագրության» (found footage) ոճավորմամբ։

Ջեյ անունով երիտասարդը գտնում է իր ընկերոջ` Ալեքսի տեսագրությունները, ով աշխատում էր սիրողական ֆիլմի վրա: Տեսանյութերում կան ապացույցներ, որ նկարահանումների ժամանակ Ալեքսը մենակ չէր. նրա կողքին անընդհատ հայտնվում էր մուգ կոստյումով բարձրահասակ, անդեմ մի կերպարանք: Սա Slender Man-ն է, ու հենց Marble Hornets-ն առաջին անգամ նրան տվեց վիդեո-մարմնավորում: Բայց կերպարից էլ ավելի կարևոր մատուցման ձևն է: Սերիան հրապարակվում էր իրական ժամանակում, կարծես Ջեյը իրոք հենց հիմա զբաղված է հանելուկի բացահայտմամբ։ Հեղինակները վարում էին Ջեյի թվիթերյան էջը, նրա անունից պատասխանում հարցերին, ստեղծում կենդանի հետաքննության իլյուզիա։ Սա առաջին լիարժեք ARG-ներից (alternate reality game - ալտերնատիվ իրականության խաղ) մեկն էր հորրորի տարածքում, փորձ, որը ջնջում է հորինվածքի ու իրականության միջև սահմանը:

Marble Hornets-ն ուղղակիորեն ազդել է Փարսոնսի վրա. նրա Backrooms-ի տեսանյութերի found footage էսթետիկան, նարատիվային անորոշությունը, պարանոիդալ սարսափի մթնոլորտը՝ այս ամենը գալիս է այդ նախագծից։ Առանց Marble Hornets-ի չէին լինի ոչ Kane Pixels-ը, ոչ էլ, հավանաբար, A24-ի ֆիլմը։

Մաս 4. Ինչո՞ւ է դա աշխատում. թվային վախի ֆենոմենոլոգիան

Նկարագրված բոլոր նախագծերը տարբեր են իրենց էսթետիկայով, մասշտաբով ու նարատիվային տրամաբանությամբ, սակայն միավորված են մի քանի ընդհանուր մեխանիկաների շուրջ: Դրանք հասկանալը նշանակում է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել հորրոր ժանրի հետ XXI դարում:

Առաջին՝ ձևի հավաստիություն

Քրիփիպաստան, անալոգային հորրորը, ARG-ն, բոլորն ընդօրինակում են մեդիա ֆորմատներ, որոնց մենք սովոր ենք վստահել. վավերագրական ձայնագրություններ, նորությունների թողարկումներ, անձնական տեսաօրագրեր, պաշտոնական փաստաթղթեր: Սարսափ պատմությունը, որն իրեն բացահայտ հորինվածք է հայտարարում, ակտիվացնում է մի տեսակի նեյրոնային շղթաներ, իսկ ճշմարտություն ձևացող սարսափ պատմությունը` ուրիշ շղթաներ։ Ուղեղն այլ կերպ է արձագանքում, ու վախը դառնում է ֆիզիոլոգիապես ավելի սուր:

Երկրորդ՝ կոլեկտիվ հեղինակություն

SCP Foundation, Backrooms ու շատ այլ նախագծեր մի հեղինակի ստեղծագործություն չեն, այլ անընդհատ ընդլայնվող կոլեկտիվ միֆոլոգիաներ: Սա դրանք նմանեցնում է իսկական բանահյուսության. դրանք «կենդանի» են, փոխվում են, պատկանում են բոլորին ու ոչ ոքի: Ու սա ստեղծում է մասնակցության հատուկ ձև. ընթերցողը պարզապես չի սպառում տեքստը, նա ավանդույթի մի մասն է:

Երրորդ՝ լիմինալության շահագործում

Backrooms-ը լիմինալ (անցումային) տարածության քվինտէսենցիան է. առանց մարդկանց մի վայր, որը, սակայն, ստեղծված է մարդկանց համար: Դատարկ առևտրի կենտրոն գիշերը։ Դպրոցական միջանցք ամռանը։ Գրասենյակ կիրակի օրը։ Լողավազան առանց ջրի։ Սրանք վայրեր են, որոնք մեր հիշողության մեջ գոյություն ունեն որպես ուրիշների ներկայության կոնտեքստ, ու հենց դրանց ամայությունն է ստեղծում այն տագնապը, որը ոչ մի հրեշի կարիք չունի: Հրեշն ինքնին բացակայությունն է:

Չորրորդ՝ անորոշությունը որպես գործիք

Ժանրում լավագույն նախագծերը երբեք ամբողջությամբ չեն բացատրվում: SCP գրառումները կեսից ընդհատվում են: Kane Pixels-ի տեսանյութերը չեն եզրափակվում։ Local 58-ը չի վերծանում իր միֆոլոգիան։ Բացատրությունը սարսափի թշնամին է, անորոշությունը՝ նրա դաշնակիցը: Մեր ուղեղը, բախվելով անանուն ու անձև սպառնալիքի հետ, ինքնուրույն կառուցում է այն, ու դրանով վախեցնում ինքն իրեն ավելի ուժեղ, քան կվախեցներ ցանկացած այլ հեղինակ։

Հինգերորդ՝ տեխնոլոգիական հիմք

Բոլոր այս նախագծերն աճել են կոնկրետ մեդիա հարթակներում՝ YouTube, Reddit, վիքի, 4chan, ու աշխատում են դրանց յուրահատուկ էսթետիկայի հետ՝ տեսանյութի սեղմում, VHS արտեֆակտներ, 2000-ականների սկզբի օպերացիոն համակարգերի ինտերֆեյսեր: Սա ուղղակի ոճավորում չի, այլ նոստալգիայի շահագործում է: Այս ինտերֆեյսերի հետ մեծացած սերունդն իր մեջ կրում է էմոցիոնալ հետք. այս էսթետիկաները կապված են մանկության, անվտանգության զգացողության հետ, ու դրանց աղավաղումը հարվածում է գիտակցության այն հատվածներին, որոնց չի հարվածում և ոչ մի պրոֆեսիոնալ հորրոր։

Մաս 5. Էկրանավորման խնդիրը

Երբ ինտերնետը գնում է կինո

Ինտերնետ-ֆենոմենների էկրանավորման պատմությունը մեծամասամբ ձախողումների պատմություն է: Sony ստուդիայի Slender Man (2018) ֆիլմը վառ օրինակ էր, թե ինչպես չի կարելի դա անել։ Հեղինակները վերցրեցին հզոր քրիփիպաստան, օժտեցին այն դեռահասների խմբի մասին բանալ սյուժեով, ավելացրեցին տիպիկ ջամփ-սքեյրներ ու ստացան մի բան, ինչը պետք չէր ոչ օրիգինալի երկրպագուներին, ոչ էլ լայն լսարանին:

Խնդիրը կառուցվածքային է: Ինտերնետ հորրորի ուժը ձևի, մեդիումի, հավաստիության իմիտացիայի ու կոլեկտիվ մասնակցության մեջ է։ Երբ այն տեղափոխվում է մեծ էկրան՝ իր կոնվենցիաներով (նարատիվ, կերպարներ, կատարսիս, վերջաբան), ապա կորցնում է այն, ինչ իրեն կենդանի էր դարձնում: Հանդիսատեսը գիտի, որ կինո է նայում, ու պաշտպանական իրոնիան թույլ չի տալիս, որ հորրորն աշխատի իր ամբողջ հզորությամբ:

Փարսոնսն, ըստ ամենայնի, գտավ լուծումը. չփորձել էկրաններ տեղափոխել ինտերնետ առասպելաբանությունը, այլ ստեղծել դրանով ոգեշնչված լրիվ նոր մի բան։ Նրա ֆիլմը քրիփիպաստայի էկրանավորում չի։ Սա հեղինակային ստեղծագործություն է լիմինալ տարածության, կորստի ու այն մասին, թե ինչ է նշանակում փնտրել մեկին այնտեղ, որտեղ փնտրելու բուն հնարավորությունը հարցականի տակ է:

Backrooms-ի միֆոլոգիան ֆիլմին տալիս է իր մթնոլորտն ու վիզուալ լեզուն: Սակայն նարատիվը ֆիլմինն է:Փարսոնսը ֆիլմով  չի բացատրում Backrooms-ը։ Նա ապրում է դրանում ու ստիպում է հանդիսատեսին ապրել այդտեղ իր հետ միասին:

Վերջաբանի փոխարեն. Պատին նկարված դուռը

Տասնութամյա Քեյն Փարսոնսը նստած էր նոութբուքի առաջ՝ Պետալումայում գտնվող իր սենյակում, ու Blender-ով կառուցում դեղին միջանցքների անվերջանալի լաբիրինթոս: Նա չգիտեր, որ կարևոր բան է անում: Նա ուղղակի ուզում էր հասկանալ, թե ինչու է այդ հին լուսանկարը շարունակում հետապնդել իրեն:

Վեց տարի անց ամբողջ աշխարհի կինոթատրոններում հանդիսատեսը մտնում է մութ դահլիճ ու հաջորդ հարյուր հինգ րոպեն անցկացնում հենց այդ նույն միջանցքներում՝ արդեն ամբողջ հասակով կառուցված, բնակեցված պրոֆեսիոնալ դերասաններով, հնչյունավորված լիարժեք սաունդթրեքով: Ստուդիա՝ A24: Պրոդյուսեր՝ Ջեյմս Վան: Վարկանիշը Rotten Tomatoes-ում՝ 87%:

Սակայն ինչն ավելի կարևոր է ցանկացած թվից. յոթ տարի առաջ 4chan-ում անհայտ անձի գրած անանուն գրառումը ծնեց ոչ միայն մեմ ու ոչ միայն ֆիլմ: Այն ծնեց աշխարհին նայելու մի նոր եղանակ՝ դատարկ առևտրի կենտրոնում փակվելուց հետո, կիրակի օրը ամայի գրասենյակում, ամառային արձակուրդներին դպրոցական միջանցքում` թույլ տալով տեսնել ավելին, քան ուղղակի մարդկանց բացակայությունը: Այն լիմինալ տարածությունը դարձրեց էսթետիկայի կատեգորիա:

Եվ սա է, թերևս, ամենազարմանալին Backrooms-ի ու նմանատիպ ֆենոմենների մեջ. դրանք պարզապես չվախեցրին մեզ: Դրանք փոխեցին այն, թե ինչպես ենք մենք տեսնում ամենասովորական վայրերը, ու ստիպեցին հասկանալ, որ ծանոթի ու օտարի, անվտանգի ու անտանելիի միջև սահմանը շատ ավելի բարակ է, քան մենք կարծում էինք:

Այն պատի հաստություն ունի: Ու դրա միջով կարելի է թափանցել:

Backrooms ֆիլմը (ռեժ. Քեյն Փարսոնս, A24) դուրս է եկել համաշխարհային վարձույթ 2026-ի մայիսի 29-ին:


🎬 Արման Գասպարյան / PAN