Մոր զգեստները, Աբրամովիչի միլիոններն ու կիսամարդ մսագնդերը. Ինչպես «սարսափելի» կտավները պատկերեցին ցավն ու վախը
20-րդ դարի արվեստի ամենավիճահարույց դեմքերից մեկը՝ Ֆրենսիս Բեկոնն իր կտավներում ստեղծեց սեփական, չկրկնվող տիեզերքը: Նրա աշխատանքներն այսօր վաճառվում են աստղաբաշխական արժեքներով, իսկ որոշ ժամանակ առաջ այդ կտավներում պատկերված մարդկային աղավաղված մարմինն ու դեմքը շոկի էին ենթարկում դիտողին։ Բայց հենց այդ «սարսափելի» կտավները դարձան 20-րդ դարի արվեստի նշանակալի գործեր ու բացահայտեցին մարդու հոգեկերտվածքը՝ մինչև այդ չուսումնասիրված գեղագիտական միջոցներով։
1909 թվականի հոկտեմբերի 28-ին Դուբլինի Լոուեր Բեգոտ փողոցի №63 տանը ծնված տղայի մանկությունը նման էր մութ սենյակի, որի պատերին հետագայում պիտի հայտնվեին իր կտավների վրա պատկերված մղձավանջները: Նրա հայրը՝ կապիտան Էդուարդ Մորտիմեր Բեկոնը, պաշտոնաթող զինվորական էր, որ հպարտանում էր իր ազնվական ծագումով, նաև համոզված էր, որ իրենց տոհմը կապված է 16-րդ դարի անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի հետ:
Դեռ փոքր տարիքից Ֆրենսիսի մոտ ախտորոշվել էր բրոնխիալ ասթմա, ինչը, ասում են՝ հետագայում ազդեց նրա արվեստի ֆիզիոլոգիական բնույթի վրա: Հակառակ որդու ակնհայտ ֆիզիկական թուլությանը՝ հայրը նրան դաստիարակում էր չափազանց խիստ «կանոններով»: Ստիպում էր տղային ձի հեծնել, չնայած գիտեր, որ կենդանիներին մոտ լինելն անգամ վտանգավոր է ասթմայով տառապող երեխայի համար:
Տանը մեծանում էր հինգ երեխա՝ երեք տղա և երկու աղջիկ։ Նրանց դաստիարակությամբ զբաղվում էր դայակը՝ Ջեսի Լայթֆուտը, ում հետ Ֆրենսիսը ջերմ հարաբերություններ էր պահում նաև հասուն տարիքում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն, որտեղ հայրը ծառայում էր ռազմական նախարարությունում: 1918-ին նրանք վերադարձան Իռլանդիա, սակայն երկրում սկսված անկախության պատերազմի պատճառով ստիպված էին կրկին փոխել բնակության վայրը:
1926 թվականը Ֆրենսիսի համար ճակատագրական էր։ Կյանքի սովորական ռիթմը խախտվեց, ամեն բան կտրուկ փոխվեց, երբ հայրը տղային տեսավ մոր զգեստը հագին: Սա բավական էր, որ տղային վռնդեին տնից։ Տղայի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին հայրը կասկածում էր դեռ 13 տարեկանից։ Սա անընդունելի էր պուրիտանական բարոյականության տեր հոր համար: Դե, իսկ մինչև 1967 թվականը Մեծ Բրիտանիայում համասեռամոլությունը համարվում էր քրեական հանցագործություն:
Արդյունքում Բեկոնը լքեց հայրական տունը և տեղափոխվեց Լոնդոն: Նա ապրում էր շաբաթական երեք ֆունտով, որն ուղարկում էր մայրը: 1927 թվականին հայրը, փորձելով «ուղղել» որդուն, ընտանիքի բարեկամ և նախկին զինվորական Սեսիլ Հարկորտ-Սմիթի հետ նրան ուղարկեց Բեռլին: Իրականում ստացվեց ճիշտ հակառակը։ Ֆրենսիսը հայտնվեց բոհեմական միջավայրում. այցելում էր գիշերային ակումբներ, ծանոթանում ավանգարդային արվեստի հետ: Բեռլինում Բեկոնը հանդիպեց Սերգեյ Էյզենշտեյնին և Ֆրից Լանգին: Նրանց աշխատանքները մեծ ազդեցություն ունեցան երիտասարդ արվեստագետի վրա:
Հաջորդող կես տարին Բեկոնն անցկացրեց Ֆրանսիայում։ 1927-ին Փարիզում տեղի ունեցած հանդիպումը վճռորոշ եղավ արվեստագետի համար։ Սա հանդիպում չէր որևէ անհատի հետ, սա հանդիպում էր արվեստի, ավելի կոնկրետ՝ Պիկասոյի արվեստի հետ։ Պիկասոյի ցուցահանդեսին հայտնված Բեկոնի համար հենց այդ փորձառությունն էր, որ նպաստեց նրա նկարիչ դառնալու որոշմանը։ Երիտասարդ տղան մասնագիտական կրթություն չուներ, մինչև կյանքի վերջ էլ Պիկասոյին համարում էր իր առանցքային ուսուցիչներից մեկը։ Կարճ ժամանակ անց նա վերադարձավ Լոնդոն, հաստատվեց Քուինսբերի Մյուս Վեսթ փողոցում և սկսեց աշխատել որպես ինտերիերի դիզայներ:
1930-ականների սկզբին նրա աշխատանքները հայտնվեցին The Studio ամսագրում՝ որպես բրիտանական դեկորատիվ արվեստի օրինակներ: 1933 թվականին ժամանակի հայտնի կոլեկցիոներներից մեկը ձեռք բերեց Բեկոնի «Խաչելություն» կտավը, որը ստեղծվել էր Պիկասոյի կտավների ազդեցությամբ: Թվում էր, որ սա մեծ հաջողության սկիզբն է։ Սակայն հետագա աշխատանքները նման ջերմ ընդունելության չարժանացան: 1934-ին նկարչի անհատական ցուցահանդեսի ընթացքում կտավները վատ վաճառվեցին, իսկ Times-ում բացասական արձագանքի արժանացան: 1936-ին Սյուրռեալիստական միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչները մերժեցին Բեկոնին՝ նրա գործերը համարելով «ոչ բավարար սյուրռեալիստական»:
1935 թվականին Փարիզ մեկնելու ճանապարհին Բեկոնի ձեռքն ընկավ բերանի խոռոչի հիվանդությունների մասին պատմող մի գիրք։ Կմտածեք՝ ի՞նչ կապ ունի սա արվեստագետի ստեղծագործական կյանքի հետ։ Իրականում այս գիրքն անսպասելի ազդեցություն ունեցավ Բեկոնի արվեստի վրա: Բացված բերանի, վնասված լնդերի և ծռմռված ատամների պատկերները դարձան նրա ապագա գործերի առանցքային տարրերից մեկը: Նկարչի համար բացված բերանը դարձավ մի սարսափելի բացվածք, որի միջով մարմինը, կարծես, դուրս է սողոսկում ինքն իրենից:
Նկարչի յուրօրինակ ոճին դեռ կանդրադառնանք, հիմա գնանք 1940-ականներ, որոնք ևս Բեկոնի կյանք բերեցին լարված ու անսպասելի շրջադարձեր։ 1940 թվականին մահացավ նկարչի հայրը, և Բեկոնը ժառանգեց նրա ամբողջ կարողությունը, քանի որ եղբայրներից ոչ մեկն այդ ժամանակ կենդանի չէր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա քրոնիկ ասթմայի պատճառով չզորակոչվեց բանակ, սակայն բարեխղճորեն ծառայեց քաղաքացիական պաշտպանությունում, 1943-ին վերադարձավ Լոնդոն, ընդհատակյա խաղատուն բացեց:
Այս ընթացքում մեծ զարգացում էր ապրում Բեկոնի ստեղծագործական կյանքը։ 1944 թվականին նա ստեղծեց «Խաչելության կերպարների երեք էտյուդ» եռապատկերը, որը դարձավ նրա ստեղծագործական կյանքի շրջադարձային կետը: Նարնջագույն ֆոնին պատկերված էր երեք աղավաղված կերպար, որոնք ոգեշնչված էին հունական դիցաբանության վրեժի աստվածուհիներով: Կտավն առաջին անգամ ցուցադրվեց 1945-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մեկ ամիս առաջ, երբ աշխարհը նոր էր տեսել նացիստական ճամբարների առաջին լուսանկարներն ու տեսագրությունները:
Այս շրջանում Բեկոնը ծանոթացավ նկարիչ Լյուսյեն Ֆրոյդի հետ, որը դարձավ նրա մտերիմ ընկերը: Արվեստագետները միասին այցելում էին սրճարաններ, ակումբներ, խաղատներ: Ֆրոյդի վկայությամբ, նրանք 25 տարի ամեն օր հանդիպում էին: Ֆրոյդը դարձավ Բեկոնի բազմաթիվ կտավների հիմնական կերպարը՝ ներշնչելով այնպիսի գործեր, ինչպիսիք են «Երկու կերպար»-ը (1953), «Լյուսյեն Ֆրոյդի դիմանկարի էտյուդ»-ը (1964) և «Լյուսյեն Ֆրոյդի դիմանկարի երեք էտյուդ»-ը (1966):
1940-ական թվականների վերջից Բեկոնի համբավը սկսեց աճել: 1949-ի աշնանն ու ձմռանը Լոնդոնի Հանովեր պատկերասրահում կայացավ նկարչի խոշոր անհատական ցուցահանդեսը: Այստեղ ցուցադրվեց նաև «VI գլուխը»՝ Բեկոնի առաջին կտավը, որի հիմքում ընկած էր Դիեգո Վելասկեսի «Ինոկենտիոս X պապի դիմանկարը»: Այս կերպարը նկարիչն օգտագործեց իր աշխատանքներում մինչև 1960-ականների սկիզբը:
Բեկոնը երբեք չէր նկարում բնորդների, նախընտրում էր օգտագործել լուսանկարներ.
«Լուսանկարչության հայտնագործումից հետո գեղանկարչությունն ամբողջովին փոխվել է: Իմ արվեստանոցի հատակին թափված են պատառոտված լուսանկարներ. ես դրանք օգտագործել եմ ընկերներիս դիմանկարներն անելու համար: Ինձ համար ավելի հեշտ է նկարել լուսանկարից, այդպես ես կարող եմ միայնակ աշխատել և ինձ ավելի ազատ զգալ»։
Նրա արվեստի կենտրոնական թեման մարդկային մարմինն էր՝ մի փոքր ձգված, այլափոխված, վերածված երկրաչափական կերպարի: Մարդկային մարմինը Բեկոնի համար նման էր հում մսի. այն հեշտությամբ պոկվում է ոսկորներից և հիշեցնում անձև զանգված, արյունոտ խյուս: Նրա կտավներում մարդիկ նման են հում մսագնդերի, որոնք կարծես պատահականորեն միացել են իրար։
Նկարչի ինքնատիպ ոճը դրսևորվում էր նաև նրա եռապատկերներում: Պահպանվել են տարբեր չափերի 28 եռապատկերներ, իսկ մի քանիսը անձամբ հեղինակն է ոչնչացրել, որովհետև չափազանց բծախնդիր էր իր աշխատանքների նկատմամբ:
«Ես պատկերները տեսնում եմ հաջորդականության մեջ»։
1963 թվականին Բեկոնի կյանքում հայտնվեց ևս մեկ առանցքային կերպար՝ Ջորջ Դայերը։ Դայերը դարձավ նրա սիրելին և ստեղծագործական կյանքի կարևոր մասը, այլ կերպ ասած՝ մուսան: Բեկոնը Դայերի հետ ծանոթացել էր, երբ վերջինս փորձել էր կողոպտել նկարչի տունը: Դայերը ցածր սոցիալական խավից էր, տառապում էր ալկոհոլիզմով, 1971 թվականին էլ ինքնասպան եղավ փարիզյան հյուրանոցներից մեկում։
Այս անձնական կորուստից ընդամենը երկու օր անց բացվեց նկարչի ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեց 108 նկար, այդ թվում՝ 11 եռապատկեր: Նույն թվականին Բեկոնը գլխավորեց ժամանակակից ամենանշանավոր նկարիչների ցանկը՝ կազմված ֆրանսիական Connaissance des Arts ամսագրի կողմից: Սակայն անձնական կորստի ցավը խորապես ազդել էր նկարչի վրա:
1972-1973 թվականներին Բեկոնը ստեղծեց ընդամենը երեք նկարից բաղկացած շարք, որն անվանեց «Սև եռապատկերներ»: Դրանք նվիրված էին Դայերին և լի էին մահվան ու վշտի մոտիվներով:
«Մարդիկ ասում են, որ մահը մոռացվում է, սակայն դա այդպես չէ: Ի վերջո, ես շատ դժբախտ եմ, որովհետև բոլոր նրանք, ում իրապես սիրել եմ, մահացել են։ Ես չեմ դադարում նրանց մասին մտածել։ Ժամանակը չի բուժում»։
Դայերի մահից հետո Բեկոնն ավելի հաճախ սկսեց ինքնադիմանկարներ անել:
«Իմ շուրջ պտտվող մարդիկ, կարծես, ճանճեր լինեն, բացի ինձնից այլևս որևէ մեկը չկա, որ նկարեմ»։
1980-ական թվականների վերջին Բեկոնի առողջությունը սկսեց վատթարանալ: 1992 թվականի ապրիլի 28-ին նկարիչը մահացավ սրտային անբավարարության պատճառով: Աթեիստական աշխարհայացք ունենալու պատճառով հոգեհանգիստն ու թաղումը եկեղեցական արարողակարգով չկատարվեցին: Նրա մարմինն այրվեց, մոխիրը՝ ցրվեց:
Մեր օրերում Ֆրենսիս Բեկոնի աշխատանքները համարվում են 20-րդ դարի արվեստի ամենաթանկարժեք գործերից: 2007 թվականին Քաթարից մի շեյխ 53 միլիոն դոլարով ձեռք բերեց «Ինոկենտի X պապի դիմանկարի էտյուդ՝ կարմիր ֆոնին» կտավը: Հաջորդ տարի «Եռապատկեր» կտավը աճուրդում 86.3 միլիոն դոլարով գնեց ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը: 2013 թվականի նոյեմբերին «Լյուսյեն Ֆրոյդի դիմանկարի երեք ուրվապատկեր» կտավը վաճառվեց ռեկորդային 142.4 միլիոն դոլարով՝ դառնալով աճուրդում մինչ այդ վաճառված ամենաթանկ կտավը: Աշխատանքը ձեռք բերեց Լաս Վեգասի խաղատներից մեկի տիրոջ կինը: 2014-ին ամերիկացի մի անանուն գնորդ էլ 70 միլիոն դոլարով գնեց «Ջոն Էդվարդսի դիմանկարի երեք էտյուդ» կտավը։
Միլիոնավոր այս դոլարներն անհավատալի կթվային երիտասարդ Բեկոնի համար, որը մի ժամանակ ապրում էր մոր ուղարկած շաբաթական երեք ֆունտով: Բայց գումարը երբեք էլ Բեկոնի արվեստի գերնպատակը չի եղել։ Նա հավատում էր, որ արվեստագետը պետք է սնվի իր հուսահատությամբ, պետք է սնվի իր կրքերով, ցավով ու մտածմունքներով։ Թեև նրա կտավների «բեկոնյան տարրը» մնում է անորսալի, նկարչի ներկայությունն իր աշխատանքներում անժխտելի է:
«Հուսահատության և դժբախտության զգացումներն ավելի օգտակար են արվեստագետի համար, քան բավարարվածության զգացումը»:
Երբ քննադատները փորձում են նկարագրել Բեկոնի արվեստը, հաճախ նշում են նրա՝ «տգեղը» գեղագիտորեն ներկայացնելու ունակությունը։ Նրա մռայլ գեղարվեստական աշխարհը մինչև օրս անհնար է շփոթել որևէ այլ բանի հետ: Նրա կտավները ոչ միայն արտացոլում են նկարչի ներքին հոգեկան աշխարհը, այլև, կարծես, հայելային էֆեկտով արտացոլում դիտողի սեփական վախերն ու անհանգստությունները:
«Եթե ցանկանում եք փոխանցել փաստը, դա հնարավոր է անել միայն աղավաղման միջոցով: Դուք պետք է աղավաղեք՝ արտաքին տեսքը պատկերի վերածելու համար»:
Բեկոնի ժառանգությունը շարունակում է ապրել և ազդել արդի մշակույթի վրա: Նրա կտավները, որոնք մի ժամանակ թվում էին չափազանց ծայրահեղ, այսօր դիտարկվում են որպես 20-րդ դարի մարդու հոգեկան տագնապների և ներքին պայքարի ամենաազդեցիկ արտահայտություններից մեկը: Նրա ստեղծագործությունները ցույց են տալիս, թե ինչպես կարելի է արվեստի միջոցով բացահայտել մարդկային էության ամենամութ անկյունները և ինչպես անձնական ցավն ու տառապանքը կարող են վերածվել համամարդկային արժեք ունեցող արվեստի: Արվեստի այս գործերն ինքնավերլուծության և ինքնաբացահայտման արժեքավոր հնարավորություն են ստեղծում և, կարծես, հիշեցնում արվեստի թերապևտիկ ներուժի մասին։