Բեքհեմ բրենդը, սկանդալային հարսանիքն ու դեղին մամուլը. Բեքհեմների ընտանիքում հարս-սկեսուր կռիվ է ընկել
Բեքհեմների ընտանիքը տարիներ ու անգամ տասնամյակներ շարունակ ժամանակակից փոփ մշակույթի ամենակայուն և կատարյալ ընտանիքներից էր։ Բեքհեմների բրենդն ունի անհրաժեշտ բոլոր բաղադրիչները՝ ֆուտբոլային լեգենդ փոփ աստղ, հաջողված նորաձևության բրենդ, հանրային միջոցառումներ, բարեգործություն, չորս գեղեցիկ երեխա և սոցցանցերում մշտապես ցուցադրվող ընտանեկան համերաշխություն։ Թվում էր՝ այս ընտանիքը վաղուց անցել է սկանդալների վտանգավոր փուլը։ Բայց պարզվեց, որ ամեն ինչ այդքան իդեալական չէ, որքան ներկայացվում էր։ Վերջին առնվազն մեկ տարին Բեքհեմների ավագ որդին ընտանիքի PR մասնագետներին ստիպում է աշխատել 24/7։
ԿՈՆՖԼԻԿՏԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ
Բրուքլին Բեքհեմը՝ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին, երկար ու ձիգ ամիսներ տևող հեռակա ու լուռ հակամարտությունից հետո վերջապես անձամբ հաստատեց, որ խզել է ծնողների հետ հարաբերությունները։ Ավելին, առանց ավելորդ դիվանագիտական ձևակերպումների նրանց մեղադրեց ճնշման, վերահսկողության և կնոջ՝ Նիկոլա Պելցի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Instagram-ի story բաժնում հրապարակված երկար գրառումը միանգամից միջազգային քննարկման տաք-տաք թեմա դարձավ։ Ընտանեկան խնդիրները, որոնք տարիներ շարունակ շրջանառվում էին դեղին մամուլի էջերում, առաջին անգամ բաց, հրապարակային ձևակերպում ստացան։
Ի վերջո, որտե՞ղ են թաքնված կոնֆլիկտի արմատները ու ի՞նչը կարող էր երեխային ստիպել ամբողջ աշխարհի դեմ մեղադրել ծնողներին։ Այս պատմության արմատներն արդեն հեռավոր 2022 թվական են տանում։ Այդ տարի Բրուքլինը ամուսնացավ Նիկոլա Պելցի հետ։ Նիկոլան ամերիկացի միլիարդատեր Նելսոն Պելցի դուստրն է, դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր և կենդանիների պաշտպանության նախաձեռնությունների համահիմնադիր։ Նա մեծացել է Նյու Յորքում, մանկության տարիներին զբաղվել է հոկեյով, բայց հետագայում ընտրել է դերասանական ուղին։ Չնայած մի շարք նախագծերին, լայն հանրության համար Նիկոլան առավել հայտնի դարձավ հենց Բրուքլինի հետ ամուսնությունից հետո։ Մինչև օրս էլ որոշ պարբերականներ Նիկոլայի մասին գրելիս նրան ներկայացնում են որպես «Բեքհեմի որդու կին»։
Զույգը ծանոթացել է 2017 թվականին՝ Coachella փառատոնի ժամանակ, բայց հարաբերությունները սկսվել են 2019-ին՝ ԴիԿապրիոյի կազմակերպած հելոուինյան երեկույթից հետո։ Վեց ամիս անց Բրուքլինը ամուսնության առաջարկ արեց Նիկոլային։ Համավարակի պատճառով հարսանիքը հետաձգվեց և կայացավ 2022-ի գարնանը՝ Պելցների ընտանիքի Փալմ Բիչի կալվածքում։ Արարողությունը կազմակերպվել էր հրեական ավանդույթներով, ներկա էին մոտ 500 հյուրեր, իսկ ծախսերը, ըստ հրապարակումների, առնվազն երեք միլիոն դոլար էին կազմել։ Նիկոլան Valentino-ի հարսանեկան զգեստով էր։ Այս դետալը կարևոր է, շուտով կհասկանաք՝ ինչու։
Համացանցում հարսանիքի շքեղ լուսանկարներ տարածվեցին ու ամեն դետալ այնքան գեղեցիկ էր, որ բազմաթիվ աղջիկներ համացանցը ողողում էին հիացմունք արտահայտող մեկնաբանություններով, «երազանքի հարսանիք» ձևակերպումներով։ Ավելի ուշ պարզվեց, որ հենց այդ հարսանիքն էլ դարձել է ապագա կոնֆլիկտի առանցքը։
ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Բրուքլինի շոկային բացահատումներից մեկի համաձայան դեռ պատրաստությունների ընթացքում ծնողները փորձել են միջամտել կազմակերպչական հարցերին և վերահսկել գործընթացը։ Նա նաև պնդում է, որ հարսանիքից մի քանի շաբաթ առաջ ծնողները փորձել են համոզել իրեն ստորագրել փաստաթուղթ, որով նա պետք է հրաժարվեր իր ազգանվան նկատմամբ որոշ իրավունքներից։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը կարող էր ազդել իր, կնոջ և ապագա երեխաների վրա։ Բայց The Daily Mail-ի աղբյուրն այլ վարկած է նշում, համաձայն որի այդ համաձայնագիրը պետք է պաշտպաներ Բրուքլինին և մյուս երեխաներին Բեքհեմ ազգանվան հետ կապված առևտրային պայմանագրերից։ Սա կօգներ դուրս գալ բրենդային իրավական պարտավորություններից։ Իհարկե՝ դժվար է հասկանալ, թե իրականում ինչ նպատակ ուներ այս փաստաթուղթը։
Հարսանիքի շուրջ ամենաքննարկվող դրվագը հարսանեկան պարի հետ էր կապված։ Բրուքլինի խոսքով մայրը՝ Վիկտորյան, «գողացել է» իրենց առաջին պարը՝ դուրս է եկել բեմահարթակ և Նիկոլայի փոխարեն պարել է Բրուքլինի հետ։ Սա, իհարկե, չափից շատ է անգամ Վիկտորյայի համար։ Ամեն դեպքում, Vogue-ի հարսանեկան նյութում նշված է, որ առաջին պարը, ինչպես և կարգն է՝ նորապսակներինն էր։ Նրանք պարել են Էլվիս Փրեսլիի «Can’t Help Falling in Love» երգի ներքո։ Ավելի ուշ Նիկոլան պարել է հոր հետ, իսկ կեսգիշերին Բրուքլինը պարել է մոր հետ՝ Մարկ Էնթոնիի «I Need To Know» երգի կենդանի կատարմամբ։ Հարսանիքի լուսանկարիչ Հերման Լարկինը ևս նշել է, որ մայր-որդի պարը նախապես ծրագրավորված էր։ Ու կրկին անհասկանալի է՝ Բրուքլինը չափազանցրե՞լ է պատմությունը, թե՞ Վիկտորյայի PR թիմն է լավ աշխատում։
Լուրեր են պտտվում հարսանիքի մեկ այլ տհաճ դրվագի մասին ևս։ Այդ նույն լուսանկարչի խոսքով Մարկ Էնթոնին հանդիսավոր պահին հայտարարել է, որ Վիկտորյան դահլիճում ամենագեղեցիկ կինն է։ Ասում են՝ այս ոչ այնքան տեղին հաճոյախոսության պատճառով Նիկոլան հուզվել է և դուրս եկել դահլիճից։ Բրուքլինը, ըստ նույն աղբյուրի, նախ ավարտել է պարը մոր հետ և միայն հետո գնացել կնոջ հետևից։ Նիկոլան ավելի ուշ հարցազրույցում նշել է, որ իր համոզմամբ այդ արտահայտությունը պատահական չէր։ Համաձայնեք՝ մեկ հարսանիքի համար այսքան «տհաճ միջադեպը» մի քիչ շատ է։
Հարսանիքի ընթացքում այլ սկանդալներ էլ են եղել։ Պելցների ընտանիքը հետագայում դատական վեճի մեջ է մտել կազմակերպիչների հետ։ Կազմակերպիչների պնդմամբ էլ հարսի պահանջներն ու հրահրած վիճաբանությունն են սկանդալների առանցքը։ Մի խոսքով՝ կրկին մեղադրանքներ ու կրկին՝ փոխադարձ։ Ի դեպ, այսօր բազմաթիվ պնդումներ հնարավոր չէ ստուգել, որովհետև հարսանիքի սկզբում հյուրերի հեռախոսները փակել էին հատուկ պատյանների մեջ, որոնք թույլ չէին տալիս տեսագրել երեկույթը։
Հետհարսանեկան շրջանում այս թեմայի շուրջ քննարկումները չէին դադարում։ Սկզբում ասվում էր, թե Նիկոլան հեռացրել է Վիկտորյային կազմակերպչական գործերի ընթացքից և որ երկու ընտանիքները դժվարությամբ են ընդհանուր լեզու գտնում։ Միայն հիմա է պարզվում (ամեն դեպքում՝ ըստ Բրուքլինի), որ հարսի զգեստը Նիկոլան ի սկզբանե վստահել էր Վիկտորյային, բայց վերջին պահին Վիկտորյան կարգադրել է դադարեցնել զգեստի պատրաստման աշխատանքներն ու աղջիկը ստիպված է եղել բառացիորեն վերջին րոպեին այլ տարբերակ գտնել։ Այնուամենայնիվ, հաջորդող տարիներին Բրուքլինն ու Նիկոլան մասնակցել են Բեքհեմների միջոցառումներին, միասին լուսանկարվել են, հրապարակումներ արել, նույնիսկ այցելել Վիկտորյայի նորաձևության ցուցադրություններին և Նիկոլայի ֆիլմի պրեմիերային։
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Իրավիճակը փոխվեց 2025 թվականի մայիսին։ Բրուքլինն ու Նիկոլան չմասնակցեցին Դևիդ Բեքհեմի 50-ամյակին ու մեդիան հասկացավ, որ մի բան այն չէ։ Կասկածները հաստատվեցին, երբ ամռանը երիտասարդ զույգն ամուսնական երդումների թարմացման արարողություն կազմակերպեց, որին հրավիրված էր միայն Պելցների ընտանիքը։ Ու միայն վերջերս պարզ դարձավ, որ Բրուքլինը արգելափակել է ծնողներին սոցիալական ցանցերում, իսկ շփումը սահմանափակել է ընդհուպ մինչև փաստաբանների միջոցով պաշտոնական շփման։
Իսկ արդեն հունվարի 20-ին Բրուքլինի շատ երկար և շատ շոկային հրապարակումը բացահայտորեն հաստատեց կոնֆլիկտը։ Մի բան հստակ էր՝ այս ներքին լարումը չի սկսվել հարսանիքից ու չի սահմանափակվում միայն հարսանիքով։ Բրուքլինն ասում էր, որ տարիներ շարունակ լռել է, բայց ծնողները և նրանց շրջապատը շարունակում են մամուլի միջոցով խոսել, ուստի ստիպված է ներկայացնել իր ճշմարտությունը։ Նա մեղադրել էր ծնողներին Նիկոլայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, վերահսկողության, նախկին հարաբերություններից կանանց իրենց կյանք հրավիրելու և ընտանեկան խնդիրները հանրային բրենդի շահերից ելնելով թաքցնելու մեջ։ Նրա խոսքով՝ ընտանիքում սերը չափվում է հրապարակումներով և լուսանկարներով, և առաջնայինը «Բեքհեմ բրենդն» է։
Նա նաև նշել էր, որ հայրը հրաժարվել է առանձին հանդիպել իր և Նիկոլայի հետ և համաձայնել է միայն այն պայմանով, որ հանդիպմանը ներկա լինի միայն Բրուքլինը՝ առանց կնոջ։ Բացի այդ, ըստ Բեքհեմների ավագ որդու, ծնողները փորձում են կրտսեր եղբայրներին ու քրոջը տրամադրել իր դեմ և մամուլում անանուն աղբյուրներով վարկաբեկել իրեն։
Այս հայտարարությունը հանրությանը երկու ճամբարի բաժանեց։ Մի մասն աջակցում էին ծնողներին ու նշում, որ Բրուքլինը տարիներ շարունակ օգտվել է ընտանիքի ֆինանսական և մեդիա հնարավորություններից։ Սա նաև «լավ առիթ» էր Բրուքլինին հիշեցնելու իր անհաջողությունները։ Օրինակ՝ նրա լուսանկարչական գրքի հրատարակումը, որը քննադատների կողմից արժանացել էր բացասական գնահատականների, խոհարարական շոուն, որը նույնպես հակասական արձագանք էր ստացել, և կարիերայի անընդհատ փոփոխվող ուղղությունները։ Հանրային քննադատության հիմնական թեզն այն էր, որ Բրուքլինը չի կայացել որպես ինքնուրույն անհատ և այժմ փորձում է աղմկոտ ձևով հեռանալ ծնողների ստվերից ու այդ կերպ սեփական PR֊ն անել։
Բայց շատերն էլ պաշտպանում են տղային՝ պնդելով, որ տարիներ շարունակ հանրային ցուցադրական կյանքը չէր կարող չստեղծել ճնշող մթնոլորտ։ Շատերն էլ ասում են, որ միշտ էլ զգացել են, որ Վիկտորյայի հետ «մի բան այն չէ» ու հիմա պարզ է, որ նա եսակենտրոն ու էգոիստ կին է։ Մի խոսքով՝ բոլորը իրենց կարծիքը որպես միակ ճշմարտություն ընդունելով մեկնաբանում ու քննարկում են թեման՝ մինչև այն կսպառի իրեն։ Ի դեպ, Դևիդ Բեքհեմի նախկին օգնական Ռեբեկա Լուսը հայտարարել է, որ ընտանիքում վաղուց խնդիրներ կային և որ լավ է, որ Բրուքլինը վերջապես խոսում է։
Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները չեն պատասխանել մեղադրանքներին։ Վիկտորյան ընդհանրապես լռում է։ Դևիդը համաշխարհային տնտեսական ֆորումում խոսել է սոցիալական ցանցերի ազդեցության մասին և նշել, որ երեխաներին պետք է թույլ տալ սխալվել։ Այդ մեկնաբանությունը, շատերի կարծիքով, որդու հայտարարության արձագանքն էր։
Մեդիա փորձագետները նշում են, որ այս սկանդալը մեծ հարված է Բեքհեմների բրենդին։ Իհարկե, պետք չէ փորձագետ լինել, հասկանալու համար, որ իդեալական ընտանիքի կերպարն այլևս որևէ կերպ չի ասոցացվում այս ընտանիքի հետ։ Սակայն այդ նույն փորձագետները միաժամանակ ընդգծում են, որ հենց այդ բրենդն է տարիներ շարունակ ապահովել Բրուքլինի հնարավորությունները։ Այժմ նա զբաղվում է կծու սոուսների արտադրությամբ, ունի միլիոնավոր հետևորդներ սոցիալական ցանցերում և ակտիվորեն խոհարարական բովանդակություն է հրապարակվում։
Ֆուտբոլի սիրահարներն այս պատմության մեջ նաև սիմվոլիկ զուգահեռ են նկատում։ Երբ Դևիդ Բեքհեմը երիտասարդ էր և Վիկտորյայի հետ հարաբերություններ էր սկսել, նրա մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խիստ դեմ էր այդ կապին՝ համարելով, որ փոփ աստղը շեղում է ֆուտբոլիստին։ Ի վերջո Դևիդը հեռացավ Մանչեսթեր Յունայթեդից և նոր ուղի ընտրեց։ Այսօր նրա որդին ևս ընտրություն է կատարել՝ հօգուտ կնոջ։
Իրականում, սա ամենասովորական ընտանեկան ճգնաժամը կլիներ, եթե առանցքում կամայական բրիտանական Սմիթների ընտանիքը լիներ, բայց այ Բեքհեմների դեպքում փաստ է, որ կոնֆլիկտը դուրս է եկել անձնական դաշտից և դարձել գլոբալ քննարկման թեմա։ Տեսագրություններ չկան, կողմերը ներկայացնում են տարբեր վարկածներ, իսկ ճշմարտությունը մասնակի և հակասական է։
Բեքհեմների ընտանիքը նախկինում ևս սկանդալների միջով անցել է և սովորաբար ընտրել է լռությունը որպես ռազմավարություն։ Այս անգամ նույնպես բացահայտ բանավեճի մեջ չեն մտել։ Բայց այս պատմությունը տարբերվում է նրանով, որ առաջին անգամ ներքին տարաձայնությունները հրապարակայնացվել են հե՛նց ընտանիքի անդամի կողմից։ Իհարկե, Բեքհեմների ընտանիքը չափազանց ազդեցիկ է, որպեսզի մեկ սկանդալից փլուզվի, բայց նաև ակնհայտ է, որ նույնիսկ ամենահաջողված հանրային պատմությունների հետևում կան հակասություններ, որոնք այդպես էլ թաքնվում են լուսանկարների ու փայլերի հետևում։