Ամեն ինչ շատ բարդ է. Մարդկային վարքագծի մասին լավագույն գիտահանրամատչելի գրքի մասին
Ընթերցողին կարող է թվալ, թե վերնագիրը պարունակում է չափազանցության նոտաներ։ Ի՞նչ ասել է` մարդկային վարքագծի մասին լավագույն գիտահանրամատչելի գիրք։ Ո՞վ ու ի՞նչ կրիտերիաներով է որոշում գրքի լավագույնը լինելը։ Գիտության տարբեր ոլորտների թեմայով գիտահանրամատչելի գրքերի ահռելի քանակություն գոյություն ունի, վերջերս պատմել ենք նաև ութ գրքի մասին, որոնք արժի կարդալ։ Այդ դեպքում ի՞նչ սկզբունքներով ենք սահմանելու, որ այս նյութում նկարագրվող գիրքը իր ոլորտում լավագույնն է։
Բայց եկեք սկսենք հերթով։ Նախ` գրքի մասին։ Խոսքը վերաբերում է ամերիկացի հռչակավոր նեյրոլոգ, նեյրոէնդոկրինոլոգ, պրիմատոլոգ Ռոբերտ Սապոլսկու «Վարքագիծ. Մարդու կենսաբանությունը մեր լավագույն ու վատագույն դրսևորումներում» (Behave: The Biology of Humans at Our Best and Worst) գրքին։ PAN-ը կպատմի գրքի մասին, կփորձի հիմնավորել, թե ինչու է այս գիրքը լավագույն գիտահանրամատչելի ձեռնարկը մարդկային վարքագծի մասին։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս 800 էջանոց գիրքը լույս է տեսել 2017-ին` միանգամից վերածվելով բեսթսելլերի։ Ռոբերտ Սապոլսկու թեմատիկ լեկցիաները Սթենֆորդի համալսարանում խիստ պոպուլյար էին գիտությամբ հետաքրքրվողների համար, ու գիրքը, կարելի է ասել, ամփոփում է այդ դասախոսությունների երկար շարքը։ Սապոլսկին գրեթե յուրաքանչյուր պարբերություն ուղեկցում է ոչ միայն մանրակրկիտ մեկնաբանությամբ, այլև այլ թեմատիկ գիտական աշխատանքների հազարավոր հղումներով։ Գիտահանրամատչելին գիտահանրամատչելի, բայց ընթերցողը պետք է հնարավորություն ունենա ստուգելու հեղինակի հնչեցրած մտքերը։
ԳԻՏԱԿԱՆ ՄԱՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Կան գիտահանրամատչելի գրքեր, որոնց հեղինակները, հավանաբար, գերագնահատելով իրենց հեղինակությունը, անում են անբեկանելի պնդումներ։ Սապոլսկին գրքում դրսևորում է նախանձելի գիտական մաքրասիրություն. նախ, նկարագրելով գիտափորձերը, դրանց արդյունքներն ու արդյունքների ինտերպրետացիան, նա չի մոռանում նշել, որ արդյունքները ընտրանքի միջինն են, ու որ երբեմն ամենահետաքրքիրը տեղի է ունենում միջինացված բաշխման «պոչում»` գլխիվայր շրջելով թե ինտերպրետացիան, ու թե գիտափորձի հուսալիությունը։
Երկրորդ, ցանկացած արդյունք ու ենթադրություն նկարագրելիս, հեղինակը մանրամասն անդրադառնում է նաև ընդդիմախոսների արգումենտներին, դրանց ի պատասխան հնչած արգումենտներին և այլն։ Վերջապես, Սապոլսկին խոստովանում է, որ մարդկային վարքագիծը (ինչպես նաև ամբողջ կենսաբանությունը) ծայրահեղ բարդ ոլորտ են, որում մենք շատ բան դեռ չենք հասկանում։ Ավելի ճիշտ, ավելի շատ չենք հասկանում, քան հասկանում ենք։
Բայց անգամ մեր, առայժմ սահմանափակ գիտելիքները թույլ են տալիս շատ բան ասել մարդկային վարքագծի մասին։
ՎԱՐՔԱԳԾԻՑ ՄԵԿ ՎԱՅՐԿՅԱՆ ԱՌԱՋ
Սապոլսկին որպես օրինակ վերցնում է որևիցե վարքագիծ։ Օրինակ, սիրելի մարդուն հեռախոսով ռեստորան հրավիրելը։ Ինչպե՞ս այդ վարքագիծը կբացատրեն տարբեր ոլորտի մասնագետները։ Նյարդաբանը կնկարագրի ուղեղի այն հատվածը, որում տեղի ունեցող էլեկտրաքիմիական պրոցեսներն ազդել են մկանների ու ձայնալարերի վրա, ինչի արդյունքում կատարվել է զանգը։ Էնդոկրինոլոգը կբացատրի վարքագիծը հորմոնալ փոփոխություններով, մոլեկուլային կենսաբանը` տվյալ անձի գենետիկ առանձնահատկություններով, էպիգենետիկը` մինչև անձի ծնվելը մոր արգանդում իր հետ տեղի ունեցած պրոցեսներով, իսկ հոգեբանն ու մշակութաբանը` հոգեբանական վիճակով ու տվյալ մշակույթի առանձնահատկություններով։
Հեղինակը նկատում է` այս կատեգորիզացված բացատրություններից ոչ ոք առանձին ճիշտ չէ։ Վարքագծի համար անհրաժեշտ է բոլոր այս մասշտաբների` գենետիկ, նեյրոնային, հորմոնալ, մշակութային մակարդակներում տեղի ունեցող պրոցեսների համակցում, դրանք գործում են միասին, որպես մեկ ամբողջություն։
Այսպիսով, վարքագծի դրսևորումից մեկ վայրկյան առաջ տեղի են ունենում էլեկտրաքիմիական պրոցեսներ ուղեղում։ Սապոլսկին մի խոշոր գլուխ նվիրում է ուղեղի կառուցվածքին ու վարքագծի համար պատասխանատու հատվածներին` սկսած լիմբիկ համակարգից մինչև խիստ կարևոր ճակատային բլիթ, բացատրում է, թե ինչպես են աշխատում նեյրոնները, ինչ գիտափորձեր են անցկացվել այս կամ այն հատվածի գործառույթները պարզելու համար, ինչպես են ուղեղի անգիտակցական ավտոմատ պրոցեսներն ազդում մեր վարքագծի վրա և այլն։
ՎԱՐՔԱԳԾԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ԿԱՄ ՕՐ ԱՌԱՋ
Ուղեղը այն կենտրոնն է, ուր հավաքվում են մնացած բոլոր ազդեցությունները` գենետիկ, էնդոկրինոլոգիկ, մշակութային, որն էլ գործի է դնում այդ բոլոր ազդեցությունների հետևանք վարքագիծը։ Ու եթե ուղեղի աշխատանքը նախորդում է վարքագծին մի քանի վայրկյանով, ապա էնդոկրին համակարգի աշխատանքը նախորդում է մի քանի ժամով կամ օրով։ Ավելի ճիշտ, էնդոկրին համակարգի աշխատանքը նույնպես մեծամասամբ կարգավորվում է ուղեղի կողմից, սակայն արդյունքը հորմոններն են։ Եթե նեյրոմեդիատորները նեյրոնների միջև քիմիական հաղորդագրությունը տարածում են միլիվայրկյանների ընթացքում, ապա հորմոնները, որոնք նույն ուղեղի հաղորդագրություններն են` ուղղված ամբողջ օրգանիզմին, տարածվում են բոլոր թիրախային (այսինքն, տվյալ հորմոնի համար ռեցեպտորներ ունեցող) բջիջներով։
Սապոլսկին մանրամասն անդրադառնում է տարբեր վարքագծերի, օրինակ` ագրեսիայի, ուսումնասիրության հետ կապված գիտափորձերին, նկարագրում դրանց հորմոնալ ու ուղեղային մեխանիզմները, հատկապես` անգիտակցական, ավտոմատ մեխանիզմները։ Հեղինակը շեշտում է, որ հորմոնները, օրինակ, տեստաստերոնը, ագրեսիային պատճառ չեն. ցանկացած հորմոնի աշխատանք կախված է կոնտեքստից։ Մի իրավիճակում հորմոնը կարող է ուժեղացնել ագրեսիայի հակվածությունը, մյուսում` լրիվ հակառակ էֆեկտ ունենալ։ Այստեղ պարտադիր գործում է «եթե, ապա» սկզբունքը. եթե անձը ծանր մանկություն է ունեցել կամ բարդություններ ներարգանդային զարգացման փուլում, ապա տեստաստերոնի մեծ քանակությունը կմեծացնի նրա կողմից ագրեսիվ վարքագծի հավանականությունը։ Նույնը վերաբերում է մյուս հորմոններին (նաև` նեյրոմեդիատորներին). դրանցից ոչ մեկը չի գործում կոնտեքստից դուրս ու միանշանակ։ Կոնտեքստը որոշիչ դեր է խաղում ամենուր։
ՎԱՐՔԱԳԾԻՑ ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ
Սապոլսկին նկարագրում է ներարգանդային կյանքում գործոններն ու պրոցեսները, որոնք հետագա կյանքում կարող են այս կամ այն կերպ ազդել այս կամ այն վարքագծին հակված լինելու վրա։ Հեղինակը մանրամասն անդրադառնում է դեռահասներին, բացատրում, թե ինչու է դեռահասների մոտ ճակատային բլիթը թերզարգացած ու ինչու է դրա բուռն զարգացումը տեղի ունենում դեռահասության շրջանում։ Ի թիվս բազմաթիվ այլ ֆունկցիաների, ճակատային բլիթը պատասխանատու է նաև ռացիոնալ որոշումներ կայացնելու համար, այստեղից էլ բխում է դեռահասների իմպուլսիվությունն ու մաքսիմալիզմը։
Սապոլսկին սահուն կերպով անցնում է գեներին, բացատրում, որ գեներն իրենք իրենցով ոչինչ են, որ միջավայրն է (ներբջջային միջավայրը, օրգանիզմը, օրգանիզմին շրջապատող միջավայրը) կարգավորում գեների աշխատանքը, ու այն, թե ինչ ազդեցություն կունենա տվյալ գենը, նույնպես կախված է միջավայրից։ Այսինքն, գոյություն չունի «միայն գեն» ազդեցություն, այլ կա «գեն+միջավայր» ազդեցություն։ Հատկապես կարևոր են էպիգենետիկ պրոցեսները, երբ գեների ազդեցությունը սահմանվում է միջավայրի գործոններով։ Դրանք կարող են ազդել այս կամ այն վարքագծի հակվածության վրա արդեն ներարգանդային զարգացման փուլում։
ՎԱՐՔԱԳԾԻՑ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ՈՒ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՌԱՋ
Վերջապես, վարքագծի վրա զգալի ազդեցություն է թողնում մշակութային միջավայրը, որում անձն ապրում է ու որում զարգացել է։ Ուղեղը ստեղծում է մշակույթը, որը ստեղծում է ուղեղը, որը ստեղծում է... Սապոլսկին անդրադառնում է տարբեր մշակութային առանձնահատկություններին` սկսած հավաքչությամբ զբաղվողներից մինչև ժամանակակից (պայմանական) բաժանում ինդիվիդուալիստական ու կոլեկտիվիստական հասարակարգերի, խոսում դրանց կրողների միջև վարքագծային տարբերությունների մասին, մատնանշում դրանց ծագման պատճառներն ու կոնտեքստը։
Վերոնշյալը միայն գրքի առաջին մասն է։ Երկրորդում հեղինակն արդեն կոնկրետ խոսում է կոգնիտիվ առանձնահատկությունների մասին, որոնցից բխում են մեր ագրեսիան, մեր բարությունը, կարճ ասած` մեր վարքագիծը։ Այն անգիտակցական պրոցեսների մասին, որոնք ստիպում են մարդկանց բաժանել «մերոնց» ու «օտարների», թե ինչպես է այդ բաժանումը հաճախ պայմանական ու փոփոխվող, ինչպես է դա մյուս կենդանիների մոտ և այլն։ Հեղինակը մանրամասն, պատմական օրինակներով ու գիտափորձերի նկարագրությամբ պատմում է մեր տարատեսակ վարքագծերի, դրանց ծագման մասին` հաշվի առնելով առաջին մասում նկարագրված գործոնները։ Սապոլսկին մտորում է նաև կամքի ազատության (հնարավոր գոյություն չունենալու), դատական համակարգի անկատարության մասին, խոսում մեր ամենասարսափելի ու ամենավեհ դրսևորումների մասին։
Ինչո՞ւ է սա լավագույն գիտահանրամատչելի գիրքը մարդկային վարքագծի մասին։ Որովհետև այն մանրամասն ու համապարփակ լինելով` հնարավորություն է տալիս ընթերցողին ավելի խորանալ թեմայի մեջ։ Սա հիանալի մուտք է դեպի Տիեզերքի մեծագույն հրաշքի` մարդ արարածի ուսումնասիրության ահռելի, անսահման աշխարհ։ Ահա թե ինչու։