#cyberPAN
November 6, 2023

Նրանք սեքսուալ են դարձնում գիտությունը. Ութ նոնֆիքշն գիրք, որոնք պարտադիր է կարդալ  

Գեղարվեստական գրականությունն անփոխարինելի է, եթե ընթերցողն ուզում է սեփական երևակայությունը գործի դնելով` ուղևորվել այլ մարդկանց երևակայության ստեղծած աշխարհներ։ Սակայն մեր իրական աշխարհը ոչ պակաս հետաքրքիր ու զարմանալի է, ու մեր աշխարհի մասին լավագույն պատմությունը հորինում է գիտությունը։ Այնպես որ, լավ գիտական նոնֆիքշնը կարող է ոչ պակաս հետաքրքիր, ու, կարևորը, օգտակար ընթերցանության փորձ լինել։

PAN-ը պատմում է մի քանի նոնֆիքշն գրքի մասին, որոնք անհրաժեշտ է կարդալ։

REALITY IS NOT WHAT IT SEEMS: THE JOURNEY TO QUANTUM GRAVITY, ԿԱՌԼՈ ՌՈՎԵԼԻ

The Times Magazine-ն իր գրախոսականում գրում է. «Կառլո Ռովելին այն մարդն է, ով սեքսուալ դարձրեց ֆիզիկան»։ Այս խոսքերը չափազանցություն չեն, որովհետև Ռովելին ֆիզիկայի մասին գրում է այնպիսի կրքով, կարծես սիրո խոստովանություն հնչեցնի ամեն բառի հետ։ Գրքի անվանումը խոսում է ինքն իր փոխարեն. այն, ինչ մենք անվանում ենք իրականություն, այն, ինչ ընկալում ենք որպես իրականություն, կարող է արմատապես տարբերվել նրանից, ինչ արդեն հայտնաբերում է ֆիզիկան ու կարող է հայտնաբերել, երբ մենք ունենանք քվանտային գրավիտացիայի տեսություն (կամ, ինչպես պոպուլյար գրականությունում են ասում` «ամեն ինչի տեսություն»)։

Ոչ միայն դասական ֆիզիկայի աշխարհը կարող է ընդամենը պատրանք լինել, որը բխում է մեր ինտուիցիայից ու ամրագրված է դեկոհերենցիայի պրոցեսներով (որոնց պատճառով/շնորհիվ մեզ հասանելի է ամբողջ իրականության միայն չնչին մասը), այլև անգամ այնպիսի ֆունդամենտալ բաղադրիչներ, ինչպիսիք են տարածությունն ու ժամանակը, կարող են բացարձակ ֆունդամենտալ չլինել, այլ առաջանալ էլ ավելի ֆունդամենտալ երևույթներից։

Ռովելին այն ֆիզիկոսներից է, ով աշխատում է քվանտային գրավիտացիայի տեսության մշակման ուղղությամբ. հենց այս տեսությունը պետք է պատասխանի ֆունդամենտալ հարցի` ի՞նչ են իրենցից ներկայացնում տարածությունն ու ժամանակը։ Ու եթե ֆիզիկոսների մեծ մասը որպես քվանտային գրավիտացիայի տեսության գլխավոր թեկնածու տեսնում է լարերի տեսությունը, Ռովելին դրա մրցակից մոդելի` հանգուցային քվանտային գրավիտացիայի տեսության կողմնակից է ու դրա ստեղծողներից մեկը։

Գրքում Ռովելին մանրամասն, առանց բարդ մաթեմատիկական նկարագրությունների ու բանաձևերի, հասանելի օրինակներով բացատրում է, թե ինչ է հանգուցային քվանտային գրավիտացիան, ինչու են այդ մոդելում տարածությունն ու ժամանակը բաղկացած միկրոսկոպիկ էլեմենտներից (տարածություն-ժամանակի «ատոմներից») ու ինչ է նշանակում սփինային փրփուռը, որը կարող է շատ ավելի ֆունդամենտալ լինել, քան ինքը` տարածություն-ժամանակը։

MANY WORLDS IN ONE. THE SEARCH FOR OTHER UNIVERSES, ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԻԼԵՆԿԻՆ

Ալեքսանդր Վիլենկինը Խորհրդային Միությունից ԱՄՆ է տեղափոխվել 1976-ին, աշխատում է Տաֆտսի համալսարանում։ Երբ Մեծ պայթյունի տեսության խնդիրները ստիպեցին գիտնականների մի մասին հաշտվել դրանց հետ ու ասել` «դե լավ, հիմա, տեսությունը նորմալ նկարագրում է դիտարկումները, խնդիրները կարելի է անտեսել», մյուսները որոշեցին շարունակել պայքարը։

Արդյունքը դարձավ տիեզերագիտական ինֆլյացիայի մոդելների ստեղծումը, համաձայն որոնց` մինչև Մեծ պայթյունը (այսինքն, մինչև այն պահը, երբ սկսեցին ձևավորվել ատոմական միջուկները) Տիեզերքի կյանքում տեղի են ունեցել խիստ դրամատիկ իրադարձություններ, որոնք ուղեկցվել են տարածության` ահռելի արագությամբ ընդլայնմամբ։ Ինֆլյացիոն առաջին մոդելներն առաջարկած Ալեքսեյ Ստարոբինսկին ու Ալան Գուտը դրանց հետագա զարգացումը վստահեցին այլ մասնագետների, որոնցից ամենատաղանդավորներն էին Անդրեյ Լինդեն ու Ալեքսանդր Վիլենկինը։

Իր գրքում Վիլենկինը պատմում է տիեզերագիտության զարգացման մասին` սկսած Ալբերտ Էյնշթեյնի հարաբերականության ընդհանուր տեսության հայտնաբերումից ու Տիեզերքի նկատմամբ այն կիրառելուց։ Դրա արդյունքում պարզեց, որ մեր Տիեզերքը բոլորովին էլ ստատիկ ու հավերժական չէ, ինչպես կարծում էին Իսահակ Նյուտոնի ժամանակ, այն դինամիկ է, փոփոխվող ու այն տեսքով, որով մենք գիտենք, առաջացել է մոտ 14 մլրդ տարի առաջ։

Պատմելով տիեզերագիտական ինֆլյացիայի մասին` Վիլենկինը նկարագրում է իր ու Լինդեի մի քանի ուշագրավ պայծառացում, որոնց արդյունքում ծնվեց միտքը, համաձայն որի մեր Տիեզերքը կարող է միակը չլինել, այլ մեկը անվերջ քանակի տիեզերքներից. դրանց համախումբը, ինչպես ֆանտաստիկ գրականության մեջ, ստացավ մուլտիվերս անվանումն ու հիմա տիեզերագիտական մեյնսթրիմում է։

Սակայն Վիլենկինի գրքում ամենաուշագրավը «ոչնչից» Տիեզերքի առաջացման իր մոդելն էր ու այն զարգացնելու գործում Սթիվեն Հոքինգի հետ մրցակցությունը։ Փորձելով Տիեզերքի ամենավաղ շրջանները նկարագրել քվանտային մեխանիկայի կիրառմամբ` երկու գիտնականները ստացան միմյանցից լրիվ հակառակ պատասխաններ։ Ու քանի որ մենք դեռ չունենք քվանտային գրավիտացիայի լիարժեք տեսություն, Վիլենկինի ու Հարթլ-Հոքինգի ալիքային ֆունկցիաները վաղ Տիեզերքի նկարագրության համար մինչ օրս օգտագործվում են հաշվարկներ իրականացնելիս։

THE FABRIC OF REALITY, ԴԵՅՎԻԴ ԴՈՅՉ

Marvel-ի կինոկոմիքսների սիրահարները Դոյչի անունը վստահաբար կհիշեն Avengers: Endgame-ից, երբ այն հնչեցնում է Թոնի Սթարկը։ Որոշ առումով, Դոյչը ֆիզիկայի Թոնի Սթարկն է. հանճարեղ գիտնական, ով քվանտային հաշվարկների պիոներներից է, ինչպես նաև խռովարար, ով հաճախ կասկածի տակ է դնում «համընդհանուր ընդունված» գիտական պատկերացումներն ու բարձրաձայնում նրանց մասին, որոնց մասին մյուս գիտնականները նախընտրում են լռել։ Դոյչը մարգինալ չէ, բնավ։ Նա բավարար խելացի է` քվանտային մեխանիկան հրաշալի հասկանալու, ու բավարար ռիսկային` դրանից բխող սպեկուլյատիվ թեմաների մասին հիմնավոր խոսելու համար։

The Fabric of Reality-ում Դոյչը բազմաթիվ հիմնավորումներով ու տրամաբանական եզրակացություններով պաշտպանում է քվանտային մեխանիկայի, այսպես կոչված, էվերեթյան ինտերպրետացիան։ Բանը նրանում է, որ քվանտային մեխանիկայի մաթեմատիկական ապարատը հիանալի աշխատում է ու ճշգրիտ համապատասխանում է գիտափորձերին, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչպես է դա տեղի ունենում։ Մոտ մեկդարյա պատմության ընթացքում ստեղծվել են բազմաթիվ ինտերպրետացիաներ, որոնք փորձում են նկարագրել դա, սակայն ֆիզիկոսների շրջանում ամենապոպուլյարը Կոպենհագենյան «ձայնդ կտրիր ու հաշվիր» ինտերպրետացիան է, որն առաջարկում է թուլանալ, հաշտվել քվանտային տարօրինակությունների հետ ու շնորհակալ լինել, որ տեսությունն աշխատում է` առանց հարցնելու` ինչպես։

Դոյչը կտրականապես համաձայն չէ այս դիրքորոշման հետ։ Գրքում նա մանրամասն կհիմնավորի պատճառներն ու կնկարագրի, թե ինչու է էվերեթյան ինտերպրետացիան, որը ենթադրում է, որ ցանկացած մարդ ապրում է իր կյանքի բոլոր հնարավոր պատմությունները զուգահեռ աշխարհներում, ավելի տրամաբանական ու մաթեմատիկորեն ավելի պարզ։

OUR MATHEMATICAL UNIVERSE: MY QUEST FOR THE ULTIMATE NATURE OF REALITY, ՄԱՔՍ ՏԵԳՄԱՐԿ

Ինչո՞ւ և ինչպե՞ս է ստացվել, որ մաթեմատիկան այդքան ճշգրիտ նկարագրում է մեզ շրջապատող աշխարհը։ Արդյո՞ք մարդիկ հորինել են, թե՞ հայտնաբերել են մաթեմատիկան, որը ոչ թե մարդկային գիտակցության ծնունդ է, այլ աշխարհի հիմքում ընկած ստրուկտուրալ էություն։ Տիեզերագետ Մաքս Տեգմարկը իր գիտական գործունեության ընթացքում եկել է եզրակացության, որ երկրորդ մոտեցումն է համապատասխանում իրականությանը. Տիեզերքը ոչ թե ֆունդամենտալ առումով մաթեմատիկական է, այլ այն հենց մաթեմատիկա է, որ կա։

Our Mathematical Universe-ը տպավորիչ գիտական ու փիլիսոփայական ճամփորդություն է, որը սկսվում է արդեն հայտնիի հասանելի նկարագրությունից ու վերածվում մի քիչ սպեկուլյատիվ, սակայն հետաքրքիր պատման առայժմ անհայտի մասին։ Տեգմարկը վարակում է ընթերցողին իր ոգևորությամբ, պատմում, որ ոչ միայն մեր Տիեզերքը կարող է միակը չլինել ահռելի Մուլտիվերսում, այլև անգամ որ մուլտիվերսները կարող են տարբեր լինել ու ձևավորել քառամակարդակ հիերարխիկ ստրուկտուրա, որի վերևում չորրորդ մակարդակի Մուլտիվերսն է` բոլոր հնարավոր մաթեմատիկական ստրուկտուրաների անվերջ քանակությամբ։

Տեգմարկը չի մոռանում նաև մանրամասն խոսել մարդկային գիտակցության, ժամանակի ֆենոմենների մասին ու, ինչպես Ռովելին, բացատրում է, թե ինչու դրանք կարող են բոլորովին այն չլինել, ինչ թվում են։ Օրինակ, որ ժամանակ գոյություն չունի, որ ժամանակը գիտակցող օրգանիզմների սուբյեկտիվ ընկալման արտեֆակտ է, իսկ Տիեզերքը գլոբալ առումով չի շարժվում ժամանակով, այլ ֆիքսված քառաչափ քանդակ է։

THE ELEGANT UNIVERSE. SUPERSTRINGS, HIDDEN DIMENSIONS, AND THE QUEST FOR THE ULTIMATE THEORY, ԲՐԱՅԱՆ ԳՐԻՆ

Ամերիկացի ֆիզիկոս Բրայան Գրինի The Elegant Universe. Superstrings, Hidden Dimensions, and the Quest for the Ultimate Theory (1999) երկար անվանում ունեցող հիանալի աշխատանքը հրատարակվելուց 21 տարի անց էլ մնում է ոլորտի բեսթսելերներից մեկն ու, շատ մասնագետների կարծիքով, լավագույն թեմատիկ աշխատությունը։

Գրինը, առանց կորցնելու գիտական խստությունը, կարողացել էր մեծ ոգևորությամբ, վիրտուոզ լեզվով, ճիշտ դրված ակցենտներով պատմել մարդկային մտքի ամենաբարդ ուղղության մասին։

Եթե շատ կարճ, այն գիտական ռոք ն ռոլի մասին է ու գրված է ռոք ն ռոլի լեզվով՝ ակտիվ, նորարարական, սրամիտ, մինչև հոգու խորքը թափանցող։ Եթե դասական ֆիզիկան կամ անգամ դասական քվանտային մեխանիկան, դասական տիեզերագիտությունը դրանք դասական երաժշտություն են, ապա ֆիզիկայում ռոք ն ռոլի դերը լարերի տեսությանն է՝ ֆիզիկայի թագուհունը, ամեն ինչի տեսության միակ լիարժեք թեկնածուինը, Էյնշթեյնի ու Բորի հեղափոխական գործերին հաջորդած հարյուրամյա գիտական աշխատանքի, հազարավոր խիզախ ու նորարար, նոր մոտեցումներից չվախեցող գիտնականների քրտնաջան աշխատանքինը։

Գրինը պատմում է լարերի տեսության ու դրան հասնելու ճանապարհի մասին։ Մետաֆորներով ու հասկանալի օրինակներով նա ներկայացնում է Էյնշթեյնի հանճարեղ պայծառացումը՝ գիտական աշխարհը հավերժ փոխած հարաբերականության տեսությունը, տարօրինակ ու հակաինտուիտիվ քվանտային մեխանիկան, կառուցում է գրքի սյուժեն տպավորիչ բլոկբաստերի կամ սուր թրիլլերի տեսքով, որի գլխավոր հերոսները գիտնականներն են ու բացատրում, թե ինչու, մոտ 40 տարի անց էլ, երբ հարյուրավոր մրցակից տեսություններ անհետացան գիտության հորիզոնից, լարերի տեսությունը կա ու մնում է գիտության Սուրբ Գրաալի միակ թեկնածուն, ինչու է այն ինտենսիվ կերպով զարգանում՝ ամեն տարի տպագրված տասնյակ հազարավոր հոդվածների տեսքով, որոնք տեսության կիրառությունը իրականացնում են ֆիզիկայի բոլոր ոլորտներում՝ սկսած տարրական մասնիկներից ու սև խոռոչներից մինչև «մեծ պայթյուն» ու ավելի հեռու։

Գրինը հետագայում կգրի ևս երկու կարևոր բեսթսելլեր՝ The Fabric of the Cosmos: Space, Time, and the Texture of Reality (2004) ու The Hidden Reality: Parallel Universes and the Deep Laws of the Cosmos (2011)։ Սրանք ևս արժեքավոր գիտահանրամատչելի գործեր են, սակայն ոչ մի համեմատության չեն ենթարկվում «Էլեգանտ Տիեզերքի» հետ։

THE SELFISH GENE, ՌԻՉԱՐԴ ԴՈՔԻՆԶ

Հռչակավոր անգլիացի էտոլոգ, էվոլյուցիոն կենսաբան Ռիչարդ Դոքինզի հեղափոխական գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1976թ-ին` միանգամից դառնալով համաշխարհային բեսթսելեր, վաճառվելով միլիոնավոր օրինակներով ու վերահրատարակվելով մի քանի անգամ։ Մի շարք ամսագրեր գիրքը ներառել են բոլոր ժամանակների լավագույն գիտահանրամատչելի գրքերի իրենց թոփերում, իսկ գրքի առաջացրած աղմուկը գիտական շրջանակներում կարելի է համեմատել փոթորկի հետ։ Դոքինզի արտահայտած մտքերի կողմնակից գիտնականների թիվը, այս տասնամյակների ընթացքում հավաքված էմպիրիկ բազայի կուտակման շնորհիվ, միայն աճել է։ Իսկ այն ժամանակ շատ մասնագետներ կատաղի դիմադրում էին հեղինակի հայացքներին։

Ի՞նչ էր ասում Դոքինզը։ Լինելով իսկական դարվինիստ ու կենդանի օրգանիզմների էվոլյուցիային նայելով շրջակա միջավայրի ճնշումով պայմանավորված բնական ընտրության տեսանկյունից, Դոքինզը պնդում էր, որ ընտրության գլխավոր գործոնը ոչ թե առանձին օրգանիզմն է, կամ տվյալ օրգանիզմների պոպուլյացիան, այլ կոնկրետ գենը։ Այն ժամանակներում մասնագետների մեծ մասը կարծում էր, որ փոփոխություններով (օրինակ, մուտացիայով) պայմանավորված բնական ընտրությունը տեղի է ունենում պոպուլյացիայի մակարդակով, որն օգտագործում է առանձին օրգանիզմներին ու գենետիկ փոփոխությունները սեփական բարգավաճման համար։ Այստեղից էլ, օրգանիզմներում ու նրանց փոխհարաբերություններում առկա ալտրուիզմը, փոխօգնությունը, խնդիրները համատեղ լուծելու կարողությունները և այլն։

Դոքինզը գլխիվայր շրջում է այս պատկերացումը։ Ըստ նրա, եթե կա կենդանի բնության մեջ էլեմենտ, որն օգտագործում է շրջակա միջավայրի հնարավորությունները սեփական անմահության ապահովման համար, ապա դա գենն է։ Ոչ դիսկրետ օրգանիզմը, ոչ, առավել ևս, պոպուլյացիան, կամ էկոհամակարգը, այլ գենը։ Գենն է այն կենտրոնական շարժիչ ուժը, որը միլիարդավոր տարիների էվոլյուցիայի ընթացքում, գտնելով սեփական գոյության ու վերարտադրության ավելի ու ավելի խորամանկ միջոցներ, ծրագրավորում է իրեն կրող օրգանիզմին կամ պոպուլյացիային դրսևորելու կոնկրետ վարքագիծ, ընդ որում, գենի միակ նպատակը սեփական գոյատևումն ու վերարտադրությունն է, իսկ օրգանիզմը նրա համար գոյատևման ու վերարտադրության մեքենա է, որը կարելի է դեն նետել, երբ այն իր վրա դրված ֆունկցիաները կատարել է։

Դոքինզը գրքում մանրամասն բացատրում է, որ զուտ մարդկային հասկացություններն, ինչպիսին է, օրինակ, նպատակ ունենալը, օգտագործվում են այլաբանական իմաստով։ Գենը նպատակներ չունի այն իմաստով, որով մենք հասկանում ենք։ Գենը ֆիզիկական օբյեկտ է, որն ունի ռեպլիկացիոն հատկություններ, որոնք արտահայտվում են այնպես, կարծես` ինքը նպատակասլաց լինի, ցանկություններ ունենա ու... էգոիզմ դրսևորի։

Գրքի կենտրոնական միտքը հենց մեր գեների էգոիզմն է։ Ու կրկին, էգոիզմ ոչ թե մարդկային պատկերացումներով, այլ ֆիզիկական ու քիմիական հատկություններով պայմանավորված պրոցեսներ, որոնք նման են նրան, կարծես գենն ամեն ինչ անի սեփական գոյության ու վերարտադրության համար։ Դոքինզը հիշեցնում է` Երկիր մոլորակի վաղ շրջանում, երբ նախնադարյան օվկիանոսում տեղի էին ունենում ակտիվ քիմիական պրոցեսներ, հավանաբար, տարատեսակ մոլեկուլների առաջացման ու անհետացման ընթացքում առաջացել են մոլեկուլներ, որոնք կարողանում էին ռեպլիկացվել, այսինքն` օգտվելով շրջակայքի այլ մոլեկուլներից, պատճենել իրենք իրենց զուտ իրենց քիմիական ու ֆիզիկական հատկությունների շնորհիվ։ Ու այդ ռեպլիկացիայի` պատճենման ընթացքում անխուսափելիորեն տեղի էին ունենում սխալներ, առաջանում էր նոր տիպի ռեպլիկանտ։ Եթե նոր ռեպլիկանտն ավելի արագ ու ճշգրիտ էր ինքն իրեն պատճենում, ապա այն շատ արագ բազմանում էր, եթե ոչ` անհետանում. այսպես էլ սկսվել է բնական ընտրությունը (Դոքինզը հիշեցնում է, որ կան կյանքի առաջացման այլ մոդելներ նույնպես, սակայն դրանց դետալները որևիցե կերպ չեն փոխում կենտրոնական ասելիքը)։ Հենց շրջակա միջավայրի ազդեցությամբ ու պատճենման պատահական սխալներով պայմանավորված բնական ընտրությունը բերեց նրան, որ շատ ռեպլիկանտներ ձևավորեցին ավելի արդյունավետ բազմանալու մեխանիզմներ. պատյաններ՝ պաշտպանվելու համար (բջիջների նախատիպը), սպիտակուցների սինթեզ, որը հարստացրեց ռեպլիկանտի սկսած քիմիական ռեակցիաները, սեփական գոյատևման ու բազմացման համար այդ սպիտակուցներից բիոքիմիական մեքենաների կառուցում, որոնք պետք է էլ ավելի արդյունավետ դարձնեին մոլեկուլային ռեպլիկանտների (գեների) պահպանումը ու բազմացումը։

Ու, ինչպես հեռավոր անցյալում, շարունակում են գոյատևել այն ռեպլիկանտները, որոնցում փոփոխությունները բարենպաստ են ազդում իրենց բիոքիմիական մեքենաների` շրջակա միջավայրի պայմաններին դիմանալու ու բազմանալու կարողությանը։ Եթե այդ կարողությունը պահանջում է ալտրուիզմի դրսևորում, գենը իր մեքենան կծրագրավորի այնպես, կարծես այն ալտրուիստ լինի, եթե խորամանկության, ստի, էգոիզմի վարքագիծը կօգնի տվյալ օրգանիզմին (այսինքն` գենին) հասնել հաջողության (այսինքն` պահպանել ու հետագա սերունդներին փոխանցել տվյալ գենը` ապահովելով վերջինիս անմահությունը), ապա գենը իր մեքենային կծրագրավորի այնպես, որ նա դրսևորի նման վարքագիծ։

Գրքի լավագույն հատվածները վերաբերում են մարդկային մշակույթին։ Դոքինզը նախ պնդում է, որ կյանքի լավագույն ձևակերպումը այդ կյանքի էվոլյուցիան բնական ընտրության միջոցով առաջ տանող ռեպլիկանտների գոյությունն է, այսինքն` անկախ նրանից, թե որտեղ է կյանք առաջանում, ինչ քիմիական կամ ոչ քիմիական հիմք ունի այն, գլխավոր պայմանը միշտ լինելու է ռեպլիկանտների առկայությունը, որոնք ընտրվում են ինչ-որ միջավայրի ճնշմամբ պայմանավորված բնական ընտրության արդյունքում։ Ու գալիս է հետաքրքիր եզրակացության. մարդ արարածը կյանքի այդպիսի առանձին ճյուղի ստեղծող է, ճյուղի, որ երբեք գոյություն չի ունեցել մինչև մարդու առաջանալը, ճյուղի, որն ապրում է մարդկանց ուղեղներում։ Խոսքը մարդկային մշակույթի, որպես միջավայրի ու այդ միջավայրում բազմացող ռեպլիկանտների` մեմերի մասին է։

«Մեմ» բառը հորինել է հենց Դոքինզը։ Մեմը դա մարդկանց մեջ փոխանցվող ինֆորմացիայի կտոր է (ինչպես գենը), որն ունի արագ ռեպլիկացիայի, այսինքն` ավելի շատ մարդկանց գիտակցություններում տարածվելու կարողություն։ Մեմ կարող են լինել գաղափարները, երաժշտության կտորները, մտքերը, մոդայիկ բառերը և այլն։ Եթե մեմը հաջողությամբ տարածվում է մարդկային ուղեղներով, ուրեմն այն հաջողակ է բնական ընտրության տեսանկյունից, անհաջողակ մեմերն արագ անհետանում են։ Հաջողակ մեմի վառ օրինակ է կրոնը։ Ինչպես ցանկացած ռեպլիկանտ, մեմը պատճենման ընթացքում կարող է փոփոխվել` անցնելով մեկ մարդուց մյուսին (օրինակ, «փչացած հեռախոսի» սկզբունքով)։ Եթե փոփոխության արդյունքում մեմն ավելի արագ է տարածվում, ուրեմն տեղի է ունենում դրական ընտրություն։ Հակառակ դեպքում, մեմն անհետանում է։

Խորհուրդ ենք տալիս ընթերցել գրքի` 2017թ-ի վերահրատարակված տարբերակը։ Բացի հեղինակի մանրակրկիտ ու խիստ օգտակար մեկնաբանություններից, որոնցում հաշվի են առնվել առաջին հրատարակության սխալներն ու արդեն հնացած պատկերացումները, այստեղ ներառված է երկու լրացուցիչ գլուխ այն մասին, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն օգտագործում խաղերի տեսությունն ու (ծայրահեղ հետաքրքիր) ընդլայնված ֆենոտիպի վերաբերյալ։

BEING YOU: A NEW SCIENCE OF CONSCIOUSNESS, ԱՆԻԼ ՍԵԹ

Գիտակցական փորձի ուսումնասիրությամբ զբաղվող ամենահայտնի մասնագետներից, կոգնիտիվ ու հաշվողական նեյրոգիտության բրիտանացի պրոֆեսոր, Neuroscience of Consciousness գիտական ամսագրի գլխավոր խմբագիր Անիլ Սեթի Being You: A New Science of Consciousness գիրքը 2021-ին ճանաչվել է լավագույն գիրք Bloomberg-ի, The Economist-ի ու լավագույն գիտական գիրք` The Guardian-ի վարկածով։

Հեղինակը սկսում է գիտակցության վերաբերյալ ժամանակակից փիլիսոփայական հայացքներից, մասնավորապես` Դեյվիդ Չալմերսի ձևակերպած գիտակցության բարդ խնդրից։ Ինչպես նշում է Չալմերսը, անհասկանալի է, թե ինչպես կարող է նյութական օբյեկտը` ուղեղը, ձևավորել այնպիսի ոչ նյութական երևույթ, ինչպիսին մարդկային գիտակցական զգացումներն են։ Ապա Անիլ Սեթը անդրադառնում է բարդ խնդրի լուծման տարբեր առաջարկների` սկսած սպեկտրի մի կողմում գտնվող պանպսիխիզմից, համաձայն որի գիտակցությունը Տիեզերքի անքակտելի մաս է ու հատուկ է ցանկացած օբյեկտի (ինչպես այլ ֆիզիկական մեծությունները), մինչև սպեկտրը եզրափակող էլիմինատիվիզմ, որն ընդհանրապես պնդում է, որ գիտակցությունն այն իմաստով, որով մենք հասկանում ենք, գոյություն չունի։

Սեթն անդրադառնում է փիլիսոփայական հայացքների առավելություններին ու թերություններին, ապա պնդում, որ շատ հնարավոր է, իրականում բարդ խնդիրը կարող է ընդհանրապես գոյություն չունենալ, եթե հնարավոր լինի մշակել համոզիչ տեսություն, որը կարող է գիտակցական ֆենոմենոլոգիան կապել ուղեղում տեղի ունեցող պրոցեսների հետ։ Ապա Սեթը անդրադառնում է ներկայում ամենապոպուլյար ու շատ քննարկվող տեսություններին, մասնավորապես` Ջուլիո Տոնոնիի ինտեգրված ինֆորմացիայի տեսությանը, որը պնդում է, որ գիտակցությամբ օժտված օբյեկտները պետք է լինեն ինֆորմատիվ ու ինտեգրված, սակայն ոչ ինչպես ուզես, այլ համապատասխանելով կոնկրետ մեծության, որի շեմը հաղթահարելու դեպքում օբյեկտը օժտվում է գիտակցությամբ։ Սակայն, ինչպես նշում է գրքի հեղինակը, այս տեսությունը նույնպես ունի խնդիրներ ու, եթե այն ճիշտ է, հանգեցնում է մի շարք տարօրինակ հետևանքների։

Ըստ Սեթի` կա գիտակցության նկատմամբ երկու մոտեցում։ Առաջինը, ինչպես ինտեգրված ինֆորմացիայի տեսությունը, համարում է, որ գիտակցությունը նման է ջերմաստիճանի, ու, ինչպես ջերմաստիճանի դեպքում, կարելի է չափել գիտակցության աստիճանը։ Մյուս մոտեցման համաձայն, գիտակցությունը նման է կյանքին. այն տարբեր նկարագրությունների համախումբ է, որոնք միասին կարող են ապահովել ֆենոմենոլոգիայի ու ուղեղի աշխատանքի միջև ուղիղ կապ։ Անիլ Սեթի մշակած տեսությունը պատկանում է երկրորդ խմբին։

Ավելի ճշգրիտ, Անիլ Սեթի մշակած մոտեցումը ոչ թե առանձին տեսություն է, այլ տեսությունների համախումբ, որոնք տրամաբանորեն միավորված են մեկ միասնական տեսական պատկերում։ Առաջինը կառավարվող (ու կառավարող) հալյուցինացիայի տեսությունն է։ Սովորաբար, մենք համարում ենք, որ գիտակցական փորձը աշխատում է ներքևից վերև սկզբունքով. կա շրջապատող աշխարհ, որն անընդհատ սենսորային ազդանշաններ է ուղարկում մեր օրգանիզմին` լույսի, ձայների, շոշափելիքի և այլ տեսքով։ Սենսորային ազդանշանները հասնում են ուղեղին, որը դրանք վերլուծում է ու ձևավորում շրջակա աշխարհի մասին մոդել, որն իրական, օբյեկտիվ աշխարհի ճշգրիտ արտապատկերումն է։ Ըստ Սեթի տեսության, ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակ ձևով` վերևից ներքև։

Հեղինակը պնդում է` ոչ միշտ է այն, ինչ ինտուիտիվ թվում է իրական, ճշգրիտ նկարագրում իրերի իրական դրությունը. ավելին, իրերի իրական դրությունը նույնպես կարող է հանգեցնել նման պատկերի։ Կառավարվող հալյուցինացիայի տեսության համաձայն, մարդկային գիտակցությունը ոչ թե արտաքին աշխարհի հայելի է, այլ գիտակցական (ֆենոմենոլոգիական) մոդելներ գեներացնող մեքենա։ Ուղեղը գեներացնում է գիտակցական մոդելը ու համենատում այն արտաքին աշխարհից ստացվող սենսորային ինֆորմացիայի հետ. վերջինը հանդես է գալիս որպես մոդելի սխալների աղբյուր։ Համեմատության ընթացքում ուղեղը ճշգրտում է իր մոդելը` առավելագույնը համապատասխանեցնելով այն սենսորային ինֆորմացիային, ու անում է դա` փորձելով կանխատեսել ստացված սենսորային ինֆորմացիայի ամենահավանական աղբյուրը։

Կարճ ասած, ուղեղը ձևավորում է հալյուցինացիաներ, իսկ սենսորային ինֆորմացիան սանձում է այդ հալյուցինացիաները, այդ իսկ պատճառով մոդելը ստացել է կառավարվող հալյուցինացիաներ անվանումը։ Ինչից բխում է, որ սովորական հալյուցինացիաները չունեն սենսորային աղբյուր, հետևաբար` շրջակա աշխարհին ոչ մի կերպ չեն վերաբերում։ Ավելի առաջ անցնելով` Սեթը պնդում է, որ պերցեպտիվ կանխատեսումներով ուղեղը զբաղվում է նաև օրգանիզմի ներսից ստացվող սենսորային մուտքի համար, ու այդ կանխատեսումների ֆենոմենոլոգիան այն է, ինչ մենք անվանում ենք էմոցիաներ։ Այսինքն, մենք ոչ թե լաց ենք լինում, որովհետև տխրում ենք, այլ տխրում ենք, որովհետև մեր մարմինը լաց է լինում։

Մոդելի մյուս մասը կոչվում է կենդանի մեքենայի տեսություն։ Ըստ այդ տեսության, գիտակցությունը պայմանավորված է, բխում է ու կա ի շնորհիվ նրա, որ մենք կենսաբանական մարմին ունեցող կենդանի օրգանիզմներ ենք։ Կենդանի օրգանիզմ լինել նշանակում է անդադար պայքարել աճող էնթրոպիայի դեմ, իսկ օրգանիզմը չունի անմիջական ելք դեպի արտաքին աշխարհ ու ստիպված է այդ աշխարհի մասին պատկերացումները ձևավորել սենսորային վարագույրից այն կողմ։ Մենք չենք տեսնում աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, այլ այնպիսին, ինչպիսին այն մեզ օգտակար է, որովհետև էվոլյուցիայի ընթացքում զարգացել է հենց այդ հատկությունը, որն օպտիմալ է սեփական գոյությունը պահպանելու ու էնթրոպիայի դեմ պայքարելու համար։ Իսկ աշխարհը կարող է առավելագույնս օգտակար լինել, եթե ուղեղը կառուցում է մոդելներ, համենատում դրանք սենսորային մուտքի հետ` ճշգրտում մոդելը` հիմնվելով ամենահավանականի վրա ու դրանով նվազեցնելով սխալները։

Գրքում հեղինակը մանրամասն նկարագրում է նաև այնպիսի ֆենոմենոլոգիա, ինչպիսին է մարդու ինքնագիտակցությունը կամ սեփական ԵՍ-ը։ Ըստ Սեթի` ԵՍ-ը դա մեկ միասնական կուռ կառույց չէ, այն բաղկացած է տարբեր էլեմենտներից, ընդ որում, այդ էլեմենտներն այնքան էլ կուռ չեն ու տարբեր պայմաններում կարող են թուլանալ, կամ ընդհանրապես անհետանալ։ Ու, բնականաբար, ԵՍ-ի տարբեր դրսևորումները նույնպես կառավարվող հալյուցինացիա են։

Գրքում Սեթն անդրադառնում է նաև այլ կենդանի օրգանիզմների մոտ գիտակցության առկայության հնարավորությանը։ Ըստ հեղինակի, մտածելով այլ կենդանիների մոտ գիտակցության առկայության մասին, մեզ սպառնում է անտրոպոմորֆիկ ծուղակն ընկնելու վտանգը։ Զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանիները, ամենայն հավանականությամբ, օժտված են գիտակցությամբ, սակայն այն կարող է բացարձակ ոչ մի կերպ նման չլինել մարդկային գիտակցությանը։ Հեղինակը կարծում է, որ կենդանի բնության մեջ կարող է գոյություն ունենալ տարբեր գիտակցությունների ահռելի լանդշաֆտ, որից մարդկային գիտակցությունն ընդամենը մեկ գագաթ է։

Գրքի վերջին մասը նվիրված է արհեստական բանականությանը, մասնավորապես` արհեստական գիտակցություն ստեղծելու հնարավորությանը։ Հեղինակը նախ անհրաժեշտ է համարում տարբերակել գիտակցությունն ու բանականությունը (ինտելեկտը). վերջինն առանց գիտակցության կարող է գոյություն ունենալ, ինչի օրինակ է արհեստական բանականությունը։ Հեղինակը կարծում է, որ դժվար թե համակարգիչը երբևիցե գիտակցություն ու գիտակցական փորձ ձեռք բերի, հատկապես եթե կենդանի մեքենայի տեսությունը ճշմարտացի լինի։ Սեթը ֆունկցիոնալիզմին վերաբերում է զգալի սկեպտիցիզմով` այդուհանդերձ կարծելով, որ արհեստական գիտակցության ստեղծման անգամ նվազագույն հնարավորությունը մեր առջև լրիվ նոր էթիկական խնդիրներ է դնում։

Ընդհանուր առմամբ, գիրքը ոչ միայն Սեթի, այլև բազմաթիվ այլ մասնագետների` երկար տարիների ուսումնասիրության, գիտափորձերի ու դրանց արդյունքների մեկնության, փիլիսոփայական հայացքների ու գիտական տեսությունների հարուստ, լավ լեզվով գրված ձեռնարկ է, որի ընթերցումը լրիվ նոր գիտակցական փորձ է ու թույլ կտա նոր կողմից նայել սեփական գոյությանը։

PLEASED TO MEET ME: GENES, GERMS, AND THE CURIOUS FORCES THAT MAKE US WHO WE ARE, ԲԻԼ ՍԱԼԻՎԱՆ

Մեր ցուցակը կեզրափակի գենետիկ, պրոֆեսոր Բիլ Սալիվանի Pleased to Meet Me: Genes, Germs, and the Curious Forces That Make Us Who We Are գիրքը (Ծանոթացեք ինքներդ ձեզ հետ. Գեներ, մանրէներ ու հետաքրքիր այլ ուժեր, որոնք մեզ դարձնում են այն, ինչ մենք կանք) գիտահանրամատչելի գիրքը։

Սալիվանը գիտության ու ֆիզիկալիզմի, ինչպես նաև գիտական ռեդուկցիոնիզմի աննահանջ պաշտպան է, ով իր գիտական գործունեության, ինչպես նաև այլ մասնագետների բազմաթիվ գիտափորձերի ուսումնասիրության արդյունքում եկել է եզրակացության, որ այն, ինչ մարդ արարածը (նաև` ցանկացած կենդանի արարած) իրենից ներկայացնում է` սկսած նրա վարքագծից մինչև երազանքներ, ցանկություններ և այլն, պայմանավորված են նրա գեներով, էպիգենետիկ ազդեցություններով ու իր մարմնում ապրող բազմաթիվ մանրէներով։

Սալիվանը շեշտում է, որ պետք չէ կյանքի ու գիտակցության գոյության մեջ գերբնական կամ մոգական որևիցե բան փնտրել, եթե, իհարկե, ծայրահեղ բարդ էլեկտրաքիմիական պրոցեսները, որոնք տեղի են ունենում մեր օրգանիզմում, չի կարելի իրենց բարդության համար «մոգություն» անվանել։ Առաջին հերթին, մարդը (Սալիվանը հիմնականում կենտրոնանում է մարդկանց վրա, սակայն իր ասածները հավասարապես կիրառելի են ցանկացած կենդանի օրգանիզմի նկատմամբ) բարդագույն էլեկտրաքիմիական ռոբոտ է, ու, հաշվի առնելով, որ զուտ մարդկային բջիջներից ոչ պակաս նաև այլ օրգանիզմների բջիջներ է պարունակում, մարդն իրենից ներկայացնում է ոչ թե մեկ առանձին օրգանիզմ, այլ բազմաթիվ օրգանիզմների գաղութ, որոնց փոխշահավետ համագործակցությունը մարդուն դարձնում է մարդ` ազդելով իր գործունեության բոլոր ոլորտների վրա։

Երկրորդելով հռչակավոր կենսաբան Ռիչարդ Դոքինզին` Սալիվանը շեշտում է. մարդիկ ոչ թե ուղղակի էլեկտրաքիմիական ռոբոտներ են, այլ ռոբոտներ, որոնք հստակ կառավարվում են իրենց գեների կողմից։ Ըստ էության, մարդկային օրգանիզմն օգտագործվում է գեների կողմից որպես «գոյատևման մեքենա», որը նախատեսված է այդ գեների պահպանման ու փոխանցման համար։

Որպեսզի իր խոսքերի հիմնավորում, Սալիվանը նկարագրում է կենդանիների վրա անցկացված բազմաթիվ գիտափորձեր, որոնք փաստել են, որ վարքագծային շատ երևույթներ, որոնք թվում է` կապված են մարդու ազատ ընտրության հետ, ինչպիսիք են զուգընկերոջ ընտրությունը, սննդային նախասիրությունները, վատ սովորույթները, ճարպակալությունը, դեպրեսիվ վիճակները և այլն, հավանաբար, կախված են տվյալ մարդու գենետիկ առանձնահատկություններից։ Ավելին, էպիգենետիկ մեխանիզմներով (գեների վրա միջավայրի ուղիղ կամ անուղղակի ազդեցություն) տվյալ մարդու հոգեբանական ու առողջական խնդիրները, ընտրությունը, կախվածությունները կանխորոշված են դեռ մինչև նրա ծնվելը, դեռ մինչև ծնողների հանդիպելը և այլն։

Առանձին անդրադառնալով ուղեղի աշխատանքին ու դիպուկ նկարագրելով մարդկային ուղեղը որպես պահանջկոտ «պրիմադոննա», որն անգամ չի էլ ուզում լսել իր մահկանացու լինելու մասին ու դրա համար հորինել է հոգին և հանգուցյալ կյանքը, Սալիվանը նկատում է. անգամ ազատ ընտրության զգացումը, ըստ գիտափորձերի, միֆ է, քանի որ այդ գիտափորձերը մեծամասամբ փաստում են` ուղեղը որևիցե որոշում կայացնում է ավելի շուտ, քան գիտակցում է այդ կայացված որոշումը։

Մյուս կողմից, հրաժարվելով գերբնական կամ միստիկ բացատրություններից, հույս դնելով միայն գիտության վրա, ըստ Սալիվանի, մենք կարող ենք հույս ունենալ մարդկային օրգանիզմի աշխատանքն ավելի լավ հասկանալու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու, գեների «էգոիզմի» ու դրանից բխող հասարակական ախտերի դեմ ավելի թիրախային պայքար մղելու հարցում։ Մենք բոլորս տիկնիկներ ենք, ովքեր բազմաթիվ թելերով կապված են տիկնիկավարին` մեր գեներին, ու այստեղ մեր գիտակցությունից քիչ բան է կախված, սակայն նույն այդ գիտակցության շնորհիվ մենք առաջին ու միակ կենդանի օրգանիզմներն ենք, որոնք հայտնաբերել են տիկնիկավարին ու գիտեն, ինչպես կտրել այդ թելերը։ Սակայն դրա համար անհրաժեշտ է հույսը դնել բացառապես գիտական ճանաչման վրա։ Ահա գրքի հիմնական ասելիքը։


✍️ Արման Գասպարյան / PAN