#մշակութաPAN
January 23

Սիմֆոնիկ ծավալի մյուզիքլը, Բեռլինի փլուզված պատն ու ազդեցիկ հոնքերը. Մաեստրո Բերնսթայնը՝ միանգամայն դասական և անհերքելիորեն ժամանակակից

6 տարվա աշխատանք՝ 6 րոպե տևողությամբ տեսարան նկարահանելու համար։ Շատերը գուցե զարմանում կամ էլ չափազանցություն էին որակում, երբ Բրեդլի Քուփերը պատմում էր, որ «Մաեստրո» ֆիլմում Լեոնարդ Բերնսթայնին մարմնավորելուն  պատրաստվել է տարիներով։

Բայց Բերնսթայնի թողած ժառանգությանն ու նրա կերպարին քիչ թե շատ ծանոթ մարդկանց սա ամենայն հավանականությամբ չի զարմացրել։ Իսկ չի զարմացրել, որովհետև Բերնսթայնը մարդ-էքսպերիմենտ էր, չուներ կարծրացած պատկերացումներ ու ազատ էր արտահայտման իր բոլոր միջոցներում։

Նրան անվանում էին «ոճային նորարար», որը ղեկավարում էր նվագախմբեր, գրում էր մյուզիքլներ ու օպերետներ, հաղորդակցվում էր հանդիսատեսի հետ ու այս շարքը դեռ շատ երկար է շարունակվում։ Կարճ ասած՝ այս անգամ PAN-ը պատմում է, թե ով էր աշխարհը գրաված կոմպոզիտոր-դիրիժորը՝ «Մաեստրո» ֆիլմում ու դրանից անդին։

«ԱՍՏՂ Է ԾՆՎԵԼ»

Լեոնարդ Բերնսթայնը ծնվել է ԱՄՆ տեղափոխված հրեա փախստականների ընտանիքում։ Բերնսթայնի ու երաժշտության ծանոթությունը մեր իմացած դասական պատմություններից չէ։ Այնպես չէ, որ Լենին (նրան այդպես էին անվանում) 3 տարեկանից արտակարգ երաժշտական լսողություն է ունեցել, իսկ 5 տարեկանում արդեն մրցում էր վիրտուոզ կատարողների հետ։

Իրականում երաժշտության ու առաջին հերթին դաշնամուրի հետ նրա ծանոթությունը հանգամանքների բերումով էր։ Լենիի հորաքույրն ամուսնալուծությունից հետո իր դաշամուրը թողնում է եղբոր ընտանիքին ու տեղափոխվում։ Դաշնամուրի ձայնն անգամ տղայի համար անծանոթ էր, ու դրանից դուրս եկող հնչյունները Բերնսթայնին նոր իրականություն էին տեղափոխել։

Ապագա դաշնակահար-կոմպոզիտոր-դիրիժորը դաշնամուրի մասնավոր դասերի սկսեց հաճախել, երբ արդեն 10 տարեկան էր։ Այն տարիների չափանիշներով Լենին բավականին ուշացել էր ու սկզբնական շրջանում ոչ ոք առանձնապես չէր հավատում, որ Բերնսթայն-դաշնամուր դուետը կհաջողի։ Բայց պատանի երաժիշտն իր որոշման մեջ վերջնականապես համոզվեց, երբ Բոստոնում առաջին անգամ ներկա եղավ սիմֆոնիկ համերգի։ Բեմում Սերգեյ Ռախմանինովն էր։

Արդեն 21 տարեկանում Բերնսթայնը պաշտպանեց «Ռասայական տարրերի ինտեգրումը ամերիկյան երաժշտության մեջ» թեմայով թեզն ու ավարտեց Հարվարդը։ Մարդկանց մի մասը կասի ճակատագրի բերումով, մյուսները՝ տաղանդի շնորհիվ, բայց փաստն այն է, որ կարճ ժամանակ անց Բերնսթայնը հանդիպեց ականավոր դիրիժոր Ֆրից Ռայների հետ։ Ռայները լսեց Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիայի Բերնսթայնի մեկնաբանությունն ու հասկացավ՝ երիտասարդը մեծ ապագա ունի։

Ավելի ուշ Բերնսթայնը տեղափոխվեց Նյու Յորք։ Շատերի համար բեկումնային այս քաղաքը Բերնսթայնի համար ևս ճակատագրական դարձավ։ Նյու Յորքի ֆիլհարմոնիկի դիրիժորի օգնական դառնալը շատերի երազանքն էր, որոշներն անգամ սա կարիերայի գագաթնակետ կարող էին համարել։ Բերնսթայնը ևս գոհ էր դեպքերի նման զարգացումով, բայց երջանիկ պատահականությունն ու հանգամանքներն այլ պլաններ ունեին։

Անարդար կլինի ցանկացած պնդում, թե Բերնսթայնի հաջողության պատմությունը լավ դասավորված հանգամանքների արդյունք է։ Հանգամանքները, այո, «ինքնակազմակերպվում էին», բայց Բերնսթայնն էլ կարողանում էր օգտվել դրանցից։ Իսկ առանց ընդգծված տաղանդի շատ հեռու գնալ չէր կարող։

Չձգձգելով մեր պատմության ամենահետաքրքիր դրվագներից մեկը՝ ամփոփենք։ 25-ամյա Բերնսթայնը մի օր հեռախոսազանգ է ստանում ու պարզվում է, որ իր նվիրական երազանքից երիտասարդին բաժանում է ընդամենը մի քանի ժամ։ Հյուրախաղերով Նյու Յորքում գտնվող միջազգային դիրիժորը վատառողջ էր, իսկ Նյու Յորքի ֆիլհարմոնիկի դիրիժորը ձնառատ ֆերմայում էր մնացել։ Քարնեգի հոլում դիրիժորի փայտիկը ձեռքին բեմում էր 25-ամյա Բերնսթայնը։ Դեբյուտը ֆենոմենալ էր։ Ակնհայտ էր՝ «աստղ է ծնվել»։

1958-1969 թվականներին Բերնսթայնը Նյու Յորքի ֆիլհարմոնիկի՝ իր կարիերայի ամենակարևոր նվագախմբի գլխավոր դիրիժորն էր։ Այդ տարիներին նման պատվի արժանանում էին արտերկրից ժամանած դիրիժորներն ու Բերնսթայնն ամերիկացի առաջին դիրիժորն էր, ում վստահվեց ամերիկյան նվագախումբ ղեկավարել։

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԲԵՐՆՍԹԱՅՆԸ

Դիրիժոր Բերնսթայնի աշխարհը բառացիորեն ցնցած ելույթներին դեռ կանդրադառնանք, բայց երաժշտական աշխարհին թողած ժառանգության առումով դիրիժորին ոչնչով չի զիջում կոմպոզիտոր Բերնսթայնը։

Ոճային նորարարը բազմաժանր ստեղծագործող էր. Սիմֆոնիկ ու նվագախմբային երաժշտություն, բալետ, երաժշտություն կինոյի ու թատրոնի համար, երգչախմբային գործեր, օպերետներ, կամերային երաժշտություն, մյուզիքլներ… Թեպետ Բերնսթայնը հատկապես հայտնի է «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլով, բայց նրա թողած ժառանգությունը շատ ավելի բազմազան է։

Հարվարդն ավարտելուց անմիջապես հետո 1939 թվականին կոմպոզիտորն արդեն աշխատում էր իր առաջին սիմֆոնիայի՝ «Երեմիա»-ի վրա։ Արմատներով հրեա կոմպոզիտորն այս ստեղծագործությունը նկարագրում էր որպես «եբրայական երգ», որը հիմնված է աստվածաշնչյան «Ողբ Երեմիայի» վրա։ Այս սիմֆոնիայի պրեմիերան կայացավ 1944 թվականին՝ Փիթսբուրգում գտնվող սիրիական մի մզկիթում, որը, չնայած իր անվանը, նախատեսված չէր իսլամական պաշտամունքի համար։

Եթե դիրիժոր Բերնսթայնը բոլորի հիացմունքին էր արժանանում, ապա կոմպոզիտոր Բերնսթայնի համար քննադատական ալիքին դիմադրելն ավելի բարդ էր։ Միշտ չէր, որ նրա ստեղծագործությունները գնահատվում կամ ընդունվում էին։ Օրինակ, 1956-ին գրված «Կանդիդ» երգիծական օպերետը հանդիսատեսի կողմից ընդունվեց ոչ միանշանակ ու երեք տասնամյակ պահանջվեց, որպեսզի այս ընկալումը վերափոխվի։ Այսօր «Կանդիդը» հնչում է միջազգային բեմերում։

Նորարար Բերնսթայնն իրականում ավանդապաշտ էր՝ բառի առավել լայն իմաստով։ Նա հավատում էր «հնաոճ» մեղեդիների բնական գերակայությանը, բայց միշտ փորձում էր համեմել դրանք սեփական գույներով։ Նրա երաժշտությունը պիտի բնավորություն ու ձեռագիր ունենար, այլապես չէր լինի իրենը։

Ստացվեց այնպես, որ կոմպոզիտորի դասական ստեղծագործությունների ֆոնին անվիճելի դասական դարձավ West Side Story մյուզիքլը, որը, կարծես, ամբողջությամբ արտահայտում էր Բերնսթայնի ոճային բազմազանությունն ու գունապնակը։  «Վեսթսայդյան պատմության» նախապատմությունն առանձին անդրադարձի է արժանի։

Նախ ֆիքսենք, որ մյուզիքլի հիմքում Արթուր Լոուրենսի գիրքն է, բեմադրության հեղինակը Ժերոմ Ռոբինսն է։ 1947 թվականին Ռոբինսն առաջարկում է Բերնսթայնին ու Լոուրենսին մշակել Ռոմեոյի և Ջուլիետի պատմության ժամանակակից տարբերակը։ Պատմության հիմքում պիտի լիներ Մանհեթանում ապրող իռլանդացի կաթոլիկ և հրեա ընտանիքների միջև առկա կոնֆլիկտը, որը կարտահայտեր կաթոլիկ եկեղեցու հակասեմիթիզմը։

Մյուզիքլի նախնական տարբերակը՝ սցենարն ու երաժշտությունը պատրաստ էին, բայց ակնհայտ էր, որ սա դառնալու էր «հերթական» մի աշխատանք, այդ ընթացքում կային շատ ավելի «վառվող» թեմաներ ու կոնֆլիկտներ, քան կաթոլիկներն ու հրեաներն էին։ Արդյունքում նոր կազմավորված թիմի անդամները որոշում են կիսատ թողնել գործն ու ամեն մեկը գնում է իր ճանապարհով։

Ու կրկին հանգամանքների բերումով տարիներ անց թիմը վերամիավորվում է։ Այդ ընթացքում Լոուրենսն արդեն նոր սևագրություն էր գրել, փոխվել էին հերոսները։ Հրեա հերոսուհին այժմ դարձել էր պուերտո-ռիկացի, իսկ պատմության հիմք հանդիսացող «Ռոմեո և Ջուլիետ»-ից շատ դրվագներ դուրս էին մնացել սցենարից։

Գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին՝ Նյու Յորքի Upper West Side-ում։ Մյուզիքլը բացահայտում է տարբեր էթնիկ նախապատմություններ ունեցող երկու փողոցային գանգստերային խմբի՝ Ջեթերի և Շարքերի միջև առկա մրցակցությունը, իսկ պատմության հիմքում շեքսպիրյան սերն է։

1957 թվականին ներկայացվեց մյուզիքլի բրոդվեյան առաջնախաղը։ Մինչև համաշխարհային շրջագայության մեկնելը՝ մյուզիքլը բեմադրվեց 732 անգամ։ Սիմֆոնիկ ծավալի բրոդվեյան մյուզիքլը միանգամայն դասական և անհերքելիորեն ժամանակակից էր։

Մի քանի տարի անց՝ 1961 թվականին, մյուզիքլի մեծ հաջողությանը զուգահեռ նկարահանվեց նույնանուն ֆիլմը։ Ռեժիսորը Ռոբերտ Վայսն ու Ռոբինսն էին։ Ֆիլմի հաջողությունը ոչնչով չզիջեց մյուզիքլին։ Արդյունքում այն «Օսկարի» նոմինացվեց 11 անվանակարգում ու հաղթեց դրանցից 10-ում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Հաջողության ու փառքի համը շատ լավ ճանաչող Բերնսթայնը 50֊ից հետո որոշեց ցած դնել Նյու Յուրքում դիրիժորի իր փայտիկներն ու իր ժամանակն ամբողջապես տրամադրել նոր ստեղծագործություններին։ Արդյունքում ստեղծվեցին բազմաթիվ այլ գործեր, այդ թվում՝ 1971-ին ներկայացված «Պատարագը»։

Քննադատությունների նոր ալիքը կոմպոզիտորին, կարծես, առավել զգուշավոր դարձրեց։ Հստակ էր, որ որպես դիրիժոր նրա տաղանդը գնահատում էին բոլորը, իսկ որպես կոմպոզիտոր ամեն բան ավելի բարդ էր տրվում։ Գուցե ժամանակից առաջ էր մտածում, իսկ գուցե պետք էր ամեն բան հենց այդպես էլ թողնե՞լ։ Հետ հայացք գցելով հստակ է՝ Բերնսթայնի ստեղծագործությունները՝ «Կանդիդ»-ից մինչև «Պատարագ» այսօր հնչում են միջազգային բոլոր բեմերում՝ լավագույն նվագախմբերի կատարմամբ։ Ու հռետորական հարցի պատասխանը ժամանակն է տալիս։

ՄԱԵՍՏՐՈՆ՝ ԲԵՄԻ ՎՐԱ

Թեև կոմպոզիտոր Բերնսթայնի ստեղծագործությունները համաշխարհային ժառանգության մաս են դարձել, բայց դիրիժոր Բերնսթայնն է, որ իր երաժշտականությամբ ու խարիզմայով գրավել է հանդիսատեսին։ Բեմում նա ազատ էր, ժամանակն ու տարածությունն էլ պարզապես անկախ միավորներ էին։ Մաեստրոն իսկական առաջնորդ էր, ու այստեղ արդեն հանգամանքները կապ չունեն։

Գուցե զարմանալի ու մի փոքր էլ տարօրինակ թվա, որ 20-րդ դարի կեսերին Միացյալ Նահանգների «հույսը» դեռ եվրոպացի դիրիժորներն էին։ Բերնսթայնն իսկապես ԱՄՆ-ում ծնված առաջին դիրիժորն էր, որ ներկայացավ միջազգային բեմերում ու հեղափոխական շունչ ու ասելիք փոխանցեց աշխարհին։

Բերնսթայնի ավագ գործընկերները որոշել էին նրան խորհուրդներ տալ, ասենք, օրինակ՝ փոխել հրեական անուն-ազգանունն ու չասոցացվել հրեաների հետ։ Իսկ ի՞նչ էր անում մաեստրոն։ Հակասեմականության խորը դրսևորումների ֆոնին անգամ Բերնսթայնը հնարավոր բոլոր առիթներով ու բարձր ձայնով խոսում էր իր արմատների մասին։ Ու սա մաստերկլասս էր նաև իր ավագ ընկերների համար։ Բերնսթայնի երաժշտական ազդեցությունը վերափոխվեց նաև կրթական, սոցիալական ու անգամ քաղաքական ազդեցության։

Բերնսթայնը նաև շշմելու դաշնակահար էր ու հանդիսատեսին ևս պարբերաբար հիշեցնում էր այդ մասին։ Երբեմն էլ նվագախումբը ղեկավարում էր հենց դաշնամուրի դիմաց նստած։ Նման ելույթներից ամենատպավորիչը 1976-ին՝ Նյու Յուրքի ֆիլհարմոնիկի հետ կատարած Գերշվինի «Բլյուզի ոճով ռապսոդիան» է։

Մաեստրոն կարծրատիպեր կոտրող էր ու սրա հետ մեկտեղ նաև մոգական կապ ուներ իր երաժիշտների հետ։ Ու երբ ասում են, որ «մի հայացքը» բավական է ինչ-որ բան հասկանալու համար, երևի նկատի ունեն Բերնսթայնի ու Վիեննայի ֆիլհարմոնիկի այս ելույթը, երբ մաեստրոն ղեկավարում էր նվագախումբը՝ միայն հոնքերի շարժումներով։

Բերնսթայնի երաժշտական ազդեցության մասշտաբները պատկերացնելու համար մի շատ հայտնի օրինակ կա։ Չափազանցություն չի լինի ասել, որ հենց մաեստրոյի շնորհիվ կոմպոզիտոր Գուստավ Մալերի երաժշտությունը երկրորդ կյանք ստացավ։ Հրեական ծագմամբ ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Մալերի ստեղծագործական ժառանգությունը Բերնսթայնի համար ոգեշնչման աղբյուր էր։ Հենց այս սերն ու հիացմունքն էլ առիթ դարձան, որ Մալերի բոլոր սիմֆոնիաներն առաջին անգամ ձայնագրվեցին հենց Բերնսթայնի շնորհիվ, ինչպես նաև հնչեցին ամբողջ աշխարհում՝ Բերնսթայնի դիրիժորությամբ։ Այսօր Գուստավ Մալերը համարվում է բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկը, և այս ընկալումներում մեծ է նաև մաեստրո Բերնսթայնի ներդրումը։

Ի դեպ, Բերնսթայնի մահից հետո մաեստրոյին հուղարկավորել են՝ Մալերի 5-րդ սիմֆոնիայի նոտաները նրա սրտի մոտ դրված։

Դիրիժորի ամենատպավորիչ ելույթը մահից շուրջ մեկ տարի առաջ էր՝ Բեռլինում։ Առիթը բեռլինյան պատի փլուզումն էր։ 1989 թվականին սուրբծննդյան տոնի օրը Բեռլինում հնչեց Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի պատմական կատարումը։

Թեև դիրիժորի առողջական վիճակն արդեն բավականին վատ էր, Բերնսթայնն այս ելույթը բաց թողնել չէր կարող։ Դեկտեմբերի 23-ին ու 25-ին անցկացված երկու համերգը խորհրդանշական էին տարբեր պատճառներով։ Նվագախումբը միջազգային էր, հրավիրված էին կատարողներ Նյու Յորքից, Փարիզից, Լոնդոնից, Լենինգրադից (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Արևելյան և Արևմտյան Գերմանիայից: Մաեստրոն ասում էր.

«Ես պատմական պահ եմ ապրում, որն անհամեմատելի է իմ երկար կյանքի ընթացքում ապրած ցանկացած այլ իրադարձության հետ»:

ՄԱԵՍՏՐՈՅԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՏԱՂԱՆԴՆԵՐԸ

Բերնսթայնը շատ հարցերում էր առաջինը։ Նա առաջին մեծահամբավ երաժիշտն էր, որ երաժշտության դասեր է վարել հեռուստատեսությամբ։ Նվագախմբի հետ ելույթ ունենալուն զուգահեռ բեմից «Ի՞նչ է սիմֆոնիան» կամ «Ի՞նչ է ամերիկյան երաժշտությունը» հարցերին պատասխանելն ու մեծաթիվ մարդկանց երաժշտության նրբություններին հաղորդակից դարձնելը ֆենոմենալ մի երևույթ էր։

Մաեստրոն իր փորձն ու գիտելիքը կիսելու հարցում շատ առատաձեռն էր։ Հեղինակում էր հանրամատչելի գրքեր, կազմակերպում միջազգային երաժշտական խոշոր փառատոներ, հաղորդակցվում հանդիսատեսի հետ, կրթում երիտասարդներին։ Հանրությունը սիրում էր Բերնսթայնին, մասնագիտական շրջանակն էլ սիրում էր քննադատել նրան։

1958 թվականից մինչև 1972-ը եթեր հեռարձակված հաղորդման 53 էպիզոդը դիրիժորի կյանքում կարևոր էտապ էին։ Նա «շոումենի» չբացահայտված տաղանդ ուներ ու վայելում էր իր անձնական հայտնիությունը նույնքան, որքան իր պրոֆեսիոնալ կարիերան։

Մի առիթով Բերնսթայնին անգամ առաջարկել էին Չայկովսկու մասին պատմող ֆիլմում մարմնավորել Չայկովսկուն։ Ցավոք, այս առաջարկը մնաց միայն խոսակցությունների մակարդակում։

Իր թողած ժառանգության գնահատականը նաև այն պարգևներն ու պատվավոր կոչումներն են, որոնց Բերնսթայնն արժանացավ կյանքի ընթացքում. 11 «Էմմի» մրցանակ, 1 «Թոնի», 17 «Գրեմմի», Քենեդու անվան կենտրոնի պատվավոր մրցանակ և շատ ավելին։

Բերնսթայնն ակտիվ էր նաև սոցիալ-քաղաքական հարցերում, չէր վարանում բարձրաձայնել իր կարծիքն անգամ ամենախնդրահարույց հարցերի շուրջ ու չէր վախենում քննադատությունից։ Պայքարում էր միջուկային զինաթափման համար, բողոքում էր վիետնամական պատերազմի դեմ, գումարներ էր հանգանակում ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի հաղթահարման միջոցների հայտնաբերման նպատակով ու շատ ավելին։

Իհարկե, քաղաքական որոշ արմատական հայացքներ ու հարցեր առաջացնող քայլեր կային, որ պարբերաբար դիրիժորին սկանդալային իրավիճակներում էին դնում, բայց մաեստրոն մեկուսացած չէր իր շուրջ կատարվող որևէ իրադարձությունից ու մարդիկ սա գնահատում էին։

Բերնսթայնն ասում էր. «Ես ուզում եմ լինել երաժիշտ՝ այս հրաշալի բառի ամբողջ իմաստով»։ Նա ապրում էր երաժշտությամբ ու գիտեր, թե ինչպես վարակել դրանով մյուսներին։ Նա ջնջում էր կարծրացած սահմանները, իրար կապում օպերային թատրոնն ու Բրոդվեյը, դասականը լսելի ու ընկալելի էր դարձնում հանրության լայն շերտերի համար ու այս ամենն անում էր անընդհատ աճող սիրով։

Եթե նկատեցիք՝ մաեստրոյի անձնական կյանքին ու կնոջ հետ հարաբերություններին որևէ կերպ չանդրադարձանք։ Պատճառը մեկն է՝ Ձեզ հնարավորություն տալ ամբողջությամբ ու առանց սփոյլերների վայելել «Մաեստրո» ֆիլմն ու ճանաչել նորարար Բերնսթայնին բոլորովին այլ դիտանկյունից։ Բարի դիտում։


✍️ Նանե Մանուկյան / PAN