#cinéPAN
April 20

Սև հայելիների աշխարհում. Գլխավոր տեխնոլոգիական անթոլոգիայի էպիզոդները

Ապրիլի 10-ին Netflix-ը ցուցադրեց հեռուստատեսության պատմության մեջ ամենազարմանալի տեխնոլոգիական անթոլոգիայի` «Սև հայելու» (Black Mirror) յոթերորդ սեզոնը։ Չառլի Բրուքերի հեղինակած սերիալը, չնայած երկրպագուների սկեպտիցիզմին առ այն, որ «Սև հայելին» էլ նախկինը չի, նոր սեզոնում թարմ շունչ է ստացել ու հանդես է գալիս առաջին չորս սեզոններին արժանի ուժգնությամբ։ Կարելի է ասել, տեղի է ունենում անթոլոգիայի ռեաբիլիտացիան` ակնհայտ վատ հինգերորդ և միջին վեցերորդ սեզոններից հետո։

PAN-ը վերհիշել է սերիալն էպիզոդ առ էպիզոդ` պատմելով, թե ինչպես են հեղինակները պատմությունների մեծ մասը միմյանց կապել նույն տեխնոլոգիական սարդոստայնի միջոցով։

ՍԵԶՈՆ 1

The National Anthem

Թանձր երգիծանք մեդիաներից հանրային կախվածության, անտարբերության ու իշխանության մասին։ Առաջին էպիզոդը դեռ չի կենտրոնանում ոչ հեռավոր ապագայի տեխնոլոգիաների վրա, սակայն տեղի ունեցող ռեալիստիկ աբսուրդը արդեն իսկ նախանշում է Չառլի Բրուքերի մտքերի ընթացքը։ Թագավորական ընտանիքի անդամին փրկելու համար Մեծ Բրիտանիայի վարչապետը պետք է հեռուստատեսային տեսախցիկների առջև սեքսով զբաղվի խոզի հետ. ծիծաղելի, միաժամանակ` ողբերգական այս սքետչը ֆիրմային անգլիական հումորի հիանալի դրսևորում է։

Fifteen Million Merits

Սուր երգիծանքն ու դառը ողբերգությունը` կողք-կողքի։ Երկրորդ էպիզոդը ծաղրի է ենթարկում տարատեսակ «տաղանդների շոուները», դրանց կազմակերպիչներին, ովքեր ռեյթինգների համար պատրաստ են կորցնել մարդկային դեմքը, ու մասնակիցներին, ովքեր փառքի 15 րոպեների համար պատրաստ են ծաղրուծանակի ենթարկվել։ Երկրորդ էպիզոդում արդեն ապագան է. փողի փոխարեն` հեծանվային մարզասարքի պեդալների պտտման քանակն է, սիրո փոխարեն` պոռնոկայքերի անվերջ գովազդը։

The Entire History of You

Succession-ի ստեղծող Ջեսսի Արմսթրոնգի սցենարը ապագայի մասին է, որում տեխնոլոգիաները թույլ են տալիս ճշգրիտ տեսանկարահանել մարդու ամբողջ տեսածն ու լսածը` վերարտադրելով ըստ ցանկության։ Լրիվ Բորխեսի կատարյալ հիշողությունը, երբ անցյալի ապրումները ոչ թե կենսաբանական անվստահելի ու էմոցիոնալ ինտերպրետացիա են, այլ մեխանիկական ճշգրիտ պատկեր ու ձայն։ Որպես արդյունք, անհատական տարածքի ու ներքին աշխարհի կորուստ։

ՍԵԶՈՆ 2

Be Right Back

Երկրորդ սեզոնում Բրուքերն արդեն լիովին ապագայում է։ Սակայն այս էպիզոդում նկարագրվածի, համենայնդեպս, մի մասը իրական կարող է լինել արդեն այսօր։ Մենք այնքան երկար ժամանակ ենք անցկացնում սոցցանցերում, որ մեր էության զգալի մի հատված թողնում ենք այնտեղ։ Ու բավարար զարգացած արհեստական բանականությունը կարող է դրա հիման վրա բավականին ճշգրիտ վերարտադրել մեր անձի արտաքին հատկանիշները։ Սակայն դա ընդամենը իմիտացիա է, թվային կոդ` առանց ներքին ապրումների, առանց ֆենոմենոլոգիայի, առանց նրա, ինչով մարդը տարբերվում է մեքենայից։

White Bear

Սերիալի լավագույն էպիզոդներից մեկը։ Այստեղ դրսևորվում է նաև ցնցող փլոթ թվիստեր կառուցելու` Բրուքերի տաղանդը։ Մարդու մասին առաջին տպավորությունները կարող են խիստ խաբուսիկ լինել, իսկ արդարադատությունը պետք է կարողանա մնալ այն նեղ սահմանին, որից այն կողմ դատապարտողներն ու դահիճներն իրենք են վերածվում հանցագործների։ Դաժան ու խիստ տպավորիչ էպիզոդ։ Տեխնոլոգիան` հիշողությունները լրիվությամբ ջնջելն է։

The Waldo Moment

Այս էպիզոդը կարող էր ուղղակի երգիծանք թվալ, եթե մի Վալդո էլ հիմա Միացյալ Նահանգների նախագահի աթոռին նստած չլիներ։ Սա, թերևս, ամենաակտուալ էպիզոդն է, որը ժամանակին խիստ թերագնահատվեց։ Երբ էկրանից հայհոյող գլուխները քաղաքական հավակնություններ են ունենում, որովհետև այլընտրանքը պակաս աբսուրդ չի, անիմացված արջուկի ընտրվելը միայն ժամանակի հարց է։

White Christmas

Սուրբծնննդյան հատուկ թողարկումը` հրաշալի Ջոն Հեմի մասնակցությամբ, բացահայտեց այն տեխնոլոգիաները, որոնց հետագա էվոլյուցիայի վրա հիմնված կլինի սերիալի զգալի մասը։ Օրինակ, տեխնոլոգիա, որը թույլ է տալիս տեսնել ու լսել մեկ ուրիշ մարդու աչքերով ու ականջներով, այսինքն` վիզուալ ու ձայնային ֆենոմենոլոգիան։ Կամ տեխնոլոգիա, որի միջոցով հնարավոր է ստեղծել անձի ճշգրիտ թվային պատճենը` նետելով նրան ցանկացած վիրտուալ միջավայր ու անելով իր հետ ինչ ուզես (թեման կբացվի հետագայում)։ Արդյո՞ք անձի թվային պատճենը նույն անձն է, եթե ունի նույն գիտակցությունը, թե՞ ոչ։ Be Right Back-ի դեռ հում տեխնոլոգիան այստեղ զգալի առաջընթաց է ունեցել, որովհետև թվային գիտակցությունն արդեն լոկ իմիտացիա չի։

ՍԵԶՈՆ 3

Nosedive

Մոտ 10 տարի առաջ նկարված այս հիանալի էպիզոդը հիմա ակտուալ է, ինչպես երբեք։ Մենք բոլորս գնահատում ենք ու մեզ գնահատում են. սպասարկումը, վարքագիծը, ծառայությունները։ Մարդկանց գնահատելն ու ռեյթինգների սահմանումը, որոնք անմիջապես կազդեն կյանքի որակի վրա, այնքան էլ հեռու չի։ Նման նախագիծ երկար տարիներ մշակվում է Չինաստանում։

Playtest

Դեն Տրախտենբերգի նկարած վախենալու այս էպիզոդում գիտակցությունը թվային միջավայր տեղափոխելու տեխնոլոգիայի վաղ շրջանն է։ Հիդեո Կոձիմայի ալտեր էգոն ստեղծել է խաղային տեխնոլոգիա, որը թույլ է տալիս օգտատիրոջը բառացի հայտնվել խաղի վիրտուալ միջավայրում` a la Մատրիցա։ Սակայն տեխնոլոգիան դեռ հում է, ու կորուստներն անխուսափելի են։

Shut Up and Dance

Այս էպիզոդը ապագայի մասին չէ։ Այստեղ ներկայացված տեխնոլոգիաները լրիվ արդիական են։ Իսկ ինտերնետային շանտաժի երևույթն այնքան սովորական է, որ ոչ մի բացահայտում դրանում չկա։ Բայց էպիզոդը մութ գաղտնիքների, անազնվության մասին է։ Մի շտապեք խղճալ, քանի դեռ Բրուքերը սեղանին չի դրել բոլոր քարտերը։

San Junipero

Սույն հոդվածի հեղինակի համեստ կարծիքով` սա ընդհանրապես սերիալի լավագույն էպիզոդն է։ Գիտակցությունը թվային միջավայր տեղափոխելու տեխնոլոգիան հասել է այնպիսի կատարելության, որ մարդիկ փաստացի անմահ են (համենայնդեպս, քանի դեռ սերվերները չեն անջատել)։ Սա ծայրահեղ նուրբ սիրո պատմություն է, որի հաջողությունը փորձեցին կրկնել նաև յոթերորդ սեզոնում, բայց ապարդյուն։

Men Against Fire

Եվս մեկ հիանալի էպիզոդ։ Այս անգամ` թշնամու դեհումանիզացման ու ցեղասպանության մասին։ Եթե դիմացինիդ չես ընկալում որպես մարդ, կարող ես սպանել նրան առանց խղճի խայթի։ Ուրիշի աչքերով տեսնելու ու լսելու, ուրիշի հիշողությունները վերարտադրելու տեխնոլոգիայի զարգացման հերթական փուլն է, երբ կարող ես սահմանել, ինչ տեսնի, լսի, զգա զինվորը մարտի դաշտում ու անգամ երազում։

Hated in the Nation

Երբ ինտերնետում մասսայաբար հարձակվում եք որևիցե մեկի վրա, հիշեք, որ ինքներդ կարող եք մի օր պատժվել։ Թվում է` ի՞նչ կապ ունի այս ամենի հետ մեղուների անհետացումն ու նրանց դրոններով փոխարինումը։ Այս հրաշալի էպիզոդը կբացի բոլոր փակագծերը։

ՍԵԶՈՆ 4

USS Callister

Լավագույն էպիզոդներից մեկը։ Թվային միջավայր տեղափոխվելու ու թվային կլոնների ստեղծման տեխնոլոգիաները հասել են զարգացման այն կետին, երբ դրանք կիրառվում են համակարգչային խաղերում, որոնք իրենց հերթին ահռելի, ավտոնոմ, ինքնուրույն ապրող ու աճող լիարժեք տիեզերքներ են։ Ու եթե դու հանճարեղ փսիխոպաթ ես, ով ծռված է Star Trek-ի վրա, չես կարող չօգտվել դրանից։

Arkangel

Men Against Fire-ում ներկայացված տեխնոլոգիան կիրառելի է ոչ միայն բանակում, այլև սեփական երեխայի նկատմամբ։ Եթե տառապում եք գերխնամքի մոլուցքով, չեք վստահում ձեր զավակին, ներխուժում եք նրա անձնական կյանք, ապա մի օր կարող եք նրան կորցնել։ Ջոդի Ֆոսթերը նկարել է թեև կանխատեսելի, սակայն բոլոր ժամանակների համար արդիական պատմություն։

Crocodile

Թերևս, սերիալի ամենադաժան էպիզոդը։ Երբեմն անցյալից փախչել չի ստացվում, իսկ բոլոր փորձերը ավելի են վատթարացնում իրավիճակը։ Մանավանդ, երբ կա մարդկանց (ու ոչ միայն մարդկանց) հիշողությունները վերարտադրելու տեխնոլոգիան։

Hang the DJ

Ռոմեոն և Ջուլիետը` թվային աշխարհում։ Թիմ Վան Պատտենը նկարել է հիանալի էպիզոդ, կրկին գործի է դրվել Բրուքերի սիրելի հնարքը` թվային գիտակցություններ թվային միջավայրում` սիմուլյացիա անցկացնելու համար։ Առաջին հայացքից բարի էպիզոդի վերջում 2000 գիտակցության ջնջումը, թերևս, սերիալի դաժանության գագաթներից է։ Ինչը զարմանալի չի, Վան Պատտենը Game of Thrones-ի ռեժիսորներից է։

Metalhead

Դեյվիդ Սլեյդի նկարած էպիզոդը ահասարսուռ է իր անհույս ասկետիզմով ու մեռած աշխարհի սև ու սպիտակ պատկերումով։ Տերմինատորի լավագույն ավանդույթներում` մեքենաները հաղթել են, իսկ մարդիկ վերածվել անհետացող տեսակի։ Էպիզոդի մեքենաները` այսպես կոչված «շները», թերևս ամենավախենալու մեխանիկական հրեշներից են կինոյում, ու կասկածելիորեն հիշեցնում են Boston Dynamics-ի ռոբոտ-շներին։

Black Museum

Այս էպիզոդի շնորհիվ սերիալի չորրորդ սեզոնը համարվում է լավագույնը։ Տեխնոլոգիական անթոլոգիա` անթոլոգիայի մեջ, որը, կարծես, ամփոփում է մինչ այդ եղածի զգալի մասը։ Տեխնոլոգիաները, որոնք հանդես են գալիս մյուս էպիզոդներում, այստեղ նոր-նոր են ծնվում, բայց արդեն պատմություններ են ստեղծում։ Զգայական ֆենոմենոլոգիայի փոխանցում ուղեղից ուղեղ, մեկ մարդու ուղեղում երկու գիտակցության առկայություն, գիտակցության թվային պատճեններ, անգամ գիտակցության թվային պատճենի մեջ այլ գիտակցության առկայություն... կարճ ասած, կարելի է ուղեղը կոտրել, այնքան փառահեղ է այս էպիզոդը։

ՍԵԶՈՆ 5

Striking Vipers

Էպիզոդը, չնայած Avengers-ի աստղ Էնթոնի Մեքիի մասնակցությանը, երկրպագուները չսիրեցին։ Այդուհանդերձ, սա բավականին ծիծաղելի պատմություն է վիրտուալ միջավայրում սիրային կապ հաստատած երկու ընկերների ու այն մասին, թե անհրաժեշտաբար ինչ զոհողությունների է գնում մարդը ընտանիքը պահպանելու համար։

Smithereens

Բրիտանացի Ջեյմս Հեյվսի նկարած էպիզոդը ոչ թե պրիմիտիվ խրատ է սոցցանցերի՝ չարիք լինելու մասին, այլ զուտ բրիտանական կամերային սատիրիկ սքեչ մեծ աշխարհի ու փոքր մարդու մասին։ Ընդ որում՝ փոքր մարդն իրոք փոքր է՝ մանրախնդիր լինելու իմաստով (փայլուն մարմնավորված Էնդրյու Սքոթի կողմից), ով պարտադիր ուզում է սեփական խնդիրները լուծելու ամենահեշտ ճանապարհին աղմուկ անել։ Ի տարբերություն սերիալի ընդհանուր «ապագայի տեխնոլոգիաներ» գծին, այստեղ իրադարձությունները ժամանակակից են, ինչպես The National Anthem էպիզոդում։

Rachel, Jack and Ashley Too

Սերիալի ամենաթույլ էպիզոդը։ Տեխնոլոգիաները կան` թվային գիտակցության տեղափոխում, գիտակցությունից մտքերի կորզում, բայց պատմությունն ինքը ծայրահեղ պրիմիտիվ է ու վատ խաղացված։ Դրա հետևանքով, հինգերորդ սեզոնը երկրպագուները աշխատում են մոռանալ։

ՍԵԶՈՆ 6

Joan is Awful

Անթոլոգիայի վեցերորդ սեզոնի սկիզբը հիանալի է։ Joan is Awful-ը շատ սրամիտ, ծիծաղելի ու որակյալ գիտական ֆանտաստիկա է` տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում անձնական ու հասարակական կյանքի միջև սահմանների ջնջվելու, անձնականի անձեռնմխելիության անհետացման մասին։ Ու, ինչն առավել կարևոր է, շատ առողջ ինքնաիրոնիայով Netflix-ի կողմից։ Դրան գումարած, առաջին անգամ սերիալի տեխնոլոգիաներում հանդես է գալիս իսկական մուլտիվերս, չնայած` քվանտային համակարգչի մեջ։

Loch Henry

Անգլիական խուլ գյուղում մռայլ պատմությունները միշտ էլ գրավիչ են։ Իհարկե, այս էպիզոդում կապը տեխնոլոգիաների հետ մինիմալ է, բայց էլի առողջ ինքնաիրոնիան առկա է։ Օրինակ, երբ սթրիմինգային ծառայությանը կոնտենտ վաճառելու համար երիտասարդ ստեղծագործողները ստիպված են լինում խարդախությունների դիմել, որովհետև իրենցից պահանջում են ինչ-որ աներևակայելի նյութեր։

Beyond the Sea

Եթե Տիեզերքում Դեյվիդ անունով գործընկեր ունեք, երբեք իրան չվստահեք։ Դեռ Ռիդլի Սքոթն է ասել։ Երրորդ էպիզոդը շատ լավն է։ Չնայած կան տեխնիկական խնդիրներ` կապված լույսի արագությամբ պայմանավորված պարտադիր լագերի հետ, բայց կարելի է ասել, օրինակ, որ կապը հաստատվում է ինչ-որ քվանտային երևույթի շնորհիվ։ Սա ռետրոֆուտուրիստիկ հոգեբանական գիտաֆանտաստիկ թրիլլեր է լավ դերասանական կազմով ու հետաքրքիր սյուժեով։ Ու, բնականաբար, հիանալի ֆինալով։ Be Right Back էպիզոդի տեխնոլոգիաները գումարվել են գիտակցությունը սթրիմելու տեխնոլոգիաներին։

Mazey Day

Երկրպագուները բացարձակ դեմ չեն, եթե Black Mirror-ը շեղվի զուտ տեխնոլոգիական անթոլոգիայի գծից (չնայած, ափսոս կլինի, այդքան հետաքրքիր թեմաներ կան), բայց գոնե պիտի լինի ինչ-որ բան, որը կմիավորի անթոլոգիան։ Դրա համար էլ Mazey Day-ի ռեյթինգը ցածր է, որովհետև էպիզոդը բացարձակ չի համապատասխանում անթոլոգիայի գծին։ Այդուհանդերձ, սա ահագին լավ պատմություն է կպչուն պապարացիների ու հոգնած աստղերի մասին` հիանալի թվիստով։

Demon 79

Անթոլոգիան վերջնական շեղվում է տեխնոլոգիական ուղղվածությունից սեզոնի վերջում, բայց չի նշանակում, թե դա վատ է։ Demon 79-ը ծիծաղելի սև կատակերգություն է` նկարված 70-ականների B movie-ների ոճում ու լավ դերասանական խաղով։ Վեցերորդ սեզոնը զգալի առաջընթաց էր հինգերորդի նկատմամբ, բայց զիջում էր մնացած բոլորին։

ՍԵԶՈՆ 7

Common People

Ծայրահեղ տխուր ու մռայլ էպիզոդ այն մասին, թե ինչպես են կորպորացիաներն ու տեխնոլոգիաները սահմանում մեր կյանքը։ Իսկ ապագայում նաև` ապրելու իրավունքը։ Եթե քո գիտակցությունը սթրիմինգի արդյունք է (բարև, գիտակցության թվային կլոններ), ապա բարի եղիր վճարել։ Չե՞ս ուզում աջ ու ձախ գովազդներ հնչեցնել։ Ընտրիր ավելի թանկարժեք տարիֆը։ Իսկ եթե ուզում ես կյանքից հաճույք ստանալ, լինել անհոգ, կամ գոնե չտառապել, քեզ կարող ենք առաջարկել Լյուքս տարիֆը` ընդամենը $2000 ամսական։

Bête Noire

Յոթերորդ սեզոնի լավագույն էպիզոդը։ Որովհետև այստեղ ներկայացված տեխնոլոգիաները շատ ավելին են, քան ուղղակի գիտակցության հետ խաղերը։ Իսկ թեման` կրկին անցյալի սխալներն են։ Եթե դու դպրոցում բուլինգի ես ենթարկել դասարանցուդ, բումերանգը կարող է վերադառնալ. այս տիեզերքում, թե ուրիշներում։

Ինչպես գիտեք, էպիզոդը նաև գազլայթինգի ու Մանդելայի էֆեկտի մասին ա։ Գազլայթինգը, երբ տարատեսակ մանիպուլյացիաների միջոցով ստիպում ես դինացինիդ կասկածել սեփական իրականության վրա, ինչը և էպիզոդում տեղի է ունենում։ Բայց Չառլի Բրուքերը Չառլի Բրուքեր չէր լինի, եթե գազլայթինգի չենթարկեր նաև... հանդիսատեսին։ Netflix-ի տարբեր բաժանորդներ ստանում են էպիզոդի մի փոքր տարբերվող տարբերակներ։ Ու այդ էական մանրուքները մարդիկ հիշում են, ու իրար հետ քննարկելուց... ճիշտ է, սկսում են միմյանց մեղադրել Մանդելայի էֆեկտի համար, կամ անգամ գազլայթինգի ենթարկում։ Հանճարեղ մարքեթինգային քայլ։

Hotel Reverie

San Junipero-ն կրկնելու փորձը, չնայած ղեկին Դեյվիդ Սլեյդն էր, ավելի շատ անհաջող էր, քան հաջողված` հիմնականում դերասանական ոչ լավագույն ընտրության ու սյուժետային խոռոչների պատճառով։ Բայց ներկայացված տեխնոլոգիաները հիանալի են։ Կրկին գիտակցության թվային պատճեն` վիրտուալ միջավայրում, բայց այս անգամ կինո նկարելու համար։

Plaything

Թերևս, թվային գիտակցությունների ներկայացման ամենավաղ օրինակը։ Իսկ ի՞նչ, եթե աշխարհի տեխնոլոգիական առաջընթացը տեղի է ունեցել հենց այս էպիզոդի ֆինալի իրադարձությունների պատճառով։ Թե՞ սա ալտերնատիվ աշխարհ է` հաշվի առնելով, որ գործ ունենք Bandersnatch-ի սփինօֆֆի հետ։

Eulogy

Սքանչելի տխուր ու նուրբ էպիզոդ անցյալի ուրվականների մասին` հիանալի Փոլ Ջիամատիի կատարմամբ։ Գիտակցությունը թվային աշխարհ տեղափոխելու տեխնոլոգիաները նաև անցյալը վերապրելու ու վերագտնելու միջոց են։

USS Callister: Into Infinity

Ավելի ծիծաղելի, ավելի ջրիկ, ավելի մասշտաբային։ USS Callister-ի վերջաբանը բացահայտում է ևս մեկ տեխնոլոգիա, որի մասին նախկինում չէր խոսվում, ու որը, վստահ ենք, Բրուքերը հետագայում դեռ բազմիցս կօգտագործի։ Ընդհանուր առմամբ, յոթերորդ սեզոնը հրաշալի վերադարձ էր սերիալի համար։ Բրուքերը ցույց տվեց, որ դեռ ի զորու է հետաքրքիր ու հիշվող պատմություններ պատմել։

ԲՈՆՈՒՍ

Black Mirror: Bandersnatch

Չկա ավելի blackmirror-յան էքսպերիմենտ, քան նոր տեխնոլոգիաների միջոցով հանդիսատեսին պատմության կառուցմանը ներգրավելը։ Bandersnatch-ը ինտերակտիվ կինո է, որի առանցքային սյուժետային որոշումները կայացնում է կինոդիտողը` տանելով հերոսներին պատմության ալտերնատիվ ճյուղավորումներից որևիցե մեկով։

Հրաշալի վիզիոներ Դեյվիդ Սլեյդի այս մեդիախաղալիքն իրականում բարձրացնում է շատ ավելի խորը հարցեր, քան կարող է թվալ։ Քվանտային մեխանիկայի էվերեթյան ինտերպրետացիայի դրույթները զարմանահրաշ կերպով խառնվում են սիմուլացված աշխարհի գաղափարին, որ հետո կոտրեն չորրորդ պատն ու կինոդիտողի (ով իրեն աստված է զգում) առջև բարձրացնեն հարցեր ընդհանրապես իրականության բնույթի, դետերմինիզմի, ազատ կամքի ու բանականության վերաբերյալ։ Ընդ որում՝ այդ նույն հարցերի բարձրացումն ու պատասխաններն ինտերակտիվ տարբերակով լրիվ այլ է, իսկ ֆիլմի սյուռեալիստական, երազ հիշեցնող հիմնական տարբերակով՝ լրիվ այլ։ Պատկերացրեք, որ Donnie Darko-ն նկարեր Դեյվիդ Լինչը՝ Ֆիլիպ Դիկի սցենարով։


🎬 Արման Գասպարյան / PAN