Կարդալիքներ PAN-ից
May 2

Տրանսպորտային կոլափս, ֆինանսական քաոս ու վախեցած մարդիկ. Եվրոպան՝ խավարի մեջ

Պատկերացրեք՝ հանգիստ նստած եք համակարգչի դիմաց, աշխատում եք, կամ, ասենք` սուրճ խմելով ֆիլմ դիտում, ու հանկարծ՝ հոսանքն անջատվում է։ Բայց ոչ միայն ձեր տանը, այլ ամբողջ շենքում, ամբողջ թաղամասում, ամբողջ քաղաքում... ամբողջ երկրում։ Բայց պատկերը շատ ավելի բարդ է, եթե փափուկ բազկաթոռի փոխարեն, ասենք՝ գնացքի մեջ եք։ Ապրիլի 28-ին Իսպանիայում, Պորտուգալիայում և Եվրոպայի որոշ այլ հատվածներում նման սցենար պատկերացնելու կարիք չկար, ընդամենը մի վայրկյանում սա դարձավ իրականություն։

ԿՅԱՆՔԸ՝ ԲԼԵՔԱՈՒԹԻ ԺԱՄԱՆԱԿ

Եթե այս թեմայով գեղարվեստական գիրք գրվեր, ապա այն կսկսվեր մոտավորապես այս տողերով՝ «ժամը 12:30-ին աշխարհն ապրում էր իր առօրյա ընթացքով, իսկ 12:35-ին Պիրենեյան թերակղզու վրա արդեն ոչինչ նույնը չէր»։ Կեսօրին դեռ ոչ ոք չէր կասկածում, որ օրվա վերջում իրենց սպասում է «միջնադարյան» փորձառություն։ Մի քանի րոպեի ընթացքում տարածաշրջանի երկու մայրաքաղաքները՝ Մադրիդն ու Լիսաբոնը, հայտնվեցին անկանոն խավարի մեջ։

Ինչպես հետագայում ասաց Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ընդամենը 5 վայրկյանում համակարգը կորցրել է 15 գիգավատ հզորություն՝ այդ պահին երկրի ամբողջ սպառման շուրջ 60 տոկոսը։ Հասկանալու համար, թե ինչ հսկայական թվի մասին է խոսքը, պատկերացրեք, որ մի քանի ատոմակայաններ միաժամանակ անջատվում են։ Այսպիսով՝ պետության ղեկավարները իրավիճակը ներկայացրին որպես բացառիկ, նախկինում երբեք չպատահած երևույթ։

Մութ թունել, տևական ժամանակ անշարժ կանգնած գնացք, օդափոխության բացակայություն և հարյուրավոր, անգամ հազարավոր մարդիկ, որոնք չգիտեն՝ ինչ է կատարվում։ Սարա Յովովիչը՝ Մադրիդի բնակչուհին, այդ պահին հենց մետրոյում էր գտնվում։

«Մարդիկ հիստերիայի մեջ էին, խուճապ էր սկսվել»։

Միայն Մադրիդում չէր, որ մետրոն կանգ առավ. նույնը կատարվեց Լիսաբոնում, Բարսելոնայում և մյուս խոշոր քաղաքներում։ Լիսաբոնում մարդիկ փաստորեն «գերի» մնացին մետրոյի վագոններում։ Պորտուգալական մետրոն ստիպված էր փակել բոլոր կայարանները։

Իսկ դրսում այլ տեսակի խնդիրներ էին սկսվել։ Երկու երկրներում միաժամանակ դադարեցին աշխատել լուսացույցները։ Քաղաքների փողոցներում սկսվեց քաոս. ոստիկանները ստիպված էին ձեռքով կարգավորել երթևեկությունը։

Ժամը 12:45-ին արդեն պարզ էր, որ խնդիրը սովորական տեղական հոսանքազրկում չէ։ Երկաթուղային ընկերություններն ու մետրոպոլիտենը սկսեցին հրատապ հայտարարություններ տարածել։ Ժամը 13:00-ին Իսպանիայի վարչապետը կառավարության արտակարգ նիստ հրավիրեց։

«Կառավարությունն աշխատում է միջադեպի պատճառը պարզելու և այն հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ»։

Ժամը 14:00-ին արդեն պարզ դարձավ, որ խնդիրն ավելի լուրջ է, քան սկզբում պատկերացնում էին։  Եթե մտածում եք, որ գումար կանխիկացնելը կփրկեր իրավիճակը, սխալվում եք։ Բանկոմատները նույնպես դադարեցին աշխատել։ Մարդկանց հերթեր գոյացան այն սակավաթիվ բանկոմատների մոտ, որոնք դեռ աշխատում էին շնորհիվ ավտոնոմ սնուցման համակարգերի։ Քարտային վճարումներ կատարելն անհնար դարձավ։ Խանութներում չէին ընդունվում բանկային քարտեր, ինչի պատճառով շատերը չէին կարողանում սնունդ գնել։ Սուպերմարկետներից շատերը պարզապես փակվեցին, քանի որ չէին կարող սպասարկել հաճախորդներին։

Բայց վերադառնանք այս պատկերի «ամենավախենալու» դրվագին՝ մետրոներին ու գնացքներին։ Իսպանական երկաթուղին արձագանքեց կտրուկ ու դրամատիկ՝ «ամբողջ ազգային էլեկտրացանցն անջատվել է։ Բոլոր գնացքները կանգնել են»։ El País թերթի տվյալներով, ավելի քան 30 հազար ուղևոր մնացել են գնացքներում։ Հոսանքազրկման հետևանքով կանգ առավ նաև Մադրիդի միջազգային օդանավակայանը։ Շատերը ստիպված եղան գիշերել երկաթուղային կայարաններում։

«Գիշերվա ժամը երեքին մեզ տվեցին վերմակներ, արգանակ և սենդվիչներ։ Հավատացեք, դա հեչ հաճելի զբոսանք չէր»։

Ավելի ուշ նաև պարզվեց, որ հոսանքազրկման առաջին րոպեներին բազմաթիվ մարդիկ պարզապես «բանտարկվել» էին վերելակներում։ Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ, շենքերի տեխնիկական անձնակազմը ստիպված էր կազմակերպել փրկարարական օպերացիաներ՝ մարդկանց ազատելու համար։

Ինտերնետը և բջջային կապը նույնպես տուժել էին։ Շատերը չէին կարողանում զանգահարել հարազատներին կամ ծանոթներին, ինչն էլ ավելի էր մեծացնում խուճապը։

Չաշխատող լուսացույցների պատճառով խցանումներն անխուսափելի էին։ Քաղաքները, որոնք սովորաբար կիպ կանգնած մեքենաներով են լցված, այժմ ապրում էին «փոքր ապոկալիպսիս»։ Մարդիկ ստիպված էին ոտքով տեղաշարժվել։ Հասարակական տրանսպորտից միայն ավտոբուսներն էին աշխատում, որոնք ծանրաբեռնված էին։

Շատերը ստիպված էին ոտքով վերադառնալ աշխատանքից տուն։ Իշխանությունները կոչ արեցին բնակիչներին առանց ծայրահեղ անհրաժեշտության չօգտվել անձնական ավտոմեքենաներից և հնարավորության դեպքում մնալ տանը։ Սա ևս չօգնեց։ Այսպիսով՝ մի քանի ժամ երկու պետություն ամբողջությամբ խավարի ու քաոսի մեջ էր։

ԲԼԵՔԱՈՒԹԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ. ԿԻԲԵՐՀԱՐՁԱԿՈ՞ՒՄ, ԹԵ ԲՆՈՒԹՅԱՆ ՔՄԱՀԱՃՈՒՅՔ

Այստեղ սկսվում է ամենահետաքրքիր մասը։ Պատճառների վերաբերյալ տեսակետները փոխվում էին ժամ առ ժամ։ Ավելորդ է ասել, թե ինչ դավադրապաշտական տեսություններ էին մշակվում (չեղած) լույսի արագությամբ։

Սկզբում Պորտուգալիայի տարածքային զարգացման նախարարը հայտարարեց, որ պատճառը կարող էր լինել կիբերհարձակումը։ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գրասենյակը նույնպես չէր բացառում այս տարբերակը և սկսեց սեփական հետաքննությունը։

Սոցցանցերում արագորեն տարածվեցին լուրեր, որ դրա հետևում կանգնած են «ռուսական խմբավորումներ»։ Նույնիսկ ասեկոսեներ շրջանառվեցին, թե իբր Եվրահանձնաժողովի նախագահը մեղադրել է Ռուսաստանին, ինչը հետագայում Բրյուսելը հերքեց։

Բայց արդեն ապրիլի 28-ի երեկոյան Պորտուգալիայի Կիբերանվտանգության կենտրոնը հայտարարեց, որ չկա որևէ ապացույց, որը կհաստատեր կիբերհարձակումը որպես հոսանքազրկման պատճառ։

Հաջորդ տարբերակով սկսեցին մեղադրել բնական երևույթներին։ Որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ ըստ պորտուգալական REN էներգետիկ ընկերության՝ խափանումը կապված է «հազվագյուտ մթնոլորտային երևույթի» հետ։

Ըստ այս ինֆորմացիայի, Իսպանիայում ջերմաստիճանի ծայրահեղ տատանումների պատճառով բարձրավոլտ գծերում առաջացել են «անոմալ տատանումներ»։ Երևույթը, որը հայտնի է որպես «մթնոլորտային հարուցված տատանումներ», խախտել է համակարգերի միջև սինխրոնացումը և հանգեցրել ամբողջ եվրոպական միացյալ ցանցի խափանմանը։

Հաջորդ օրը՝ ապրիլի 29-ի առավոտյան Իսպանիայի ազգային օդերևութաբանական բյուրոն բացառեց, որ եղանակային պայմանները կարող էին պատճառ դառնալ։ Մասնագետները հայտարարեցին, որ նախորդ օրը չի գրանցվել ո՛չ ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն, ո՛չ էլ որևէ «անսովոր օդերևութաբանական կամ մթնոլորտային երևույթ»։

Ու գուշակեք, թե ինչ եղավ հետո։ REN-ը հայտարարեց, որ «անոմալ տատանումների» մասին հաղորդագրության հետ կապ չունի։

«REN-ը հաստատում է, որ մենք նման հայտարարություն երբեք չենք արել»։

Մինչ իշխանությունները փորձում էին պարզել պատճառները, օպերատորները ջանում էին վերականգնել էլեկտրամատակարարումը։ Իսպանիայի և Պորտուգալիայի կառավարությունները հայտարարեցին արտակարգ իրավիճակ և բոլոր միջոցներն ուղղեցին խնդրի լուծմանը։

Ֆրանսիական RTE օպերատորը նույնպես սկսեց օգնել Իսպանիային՝ մատակարարելով էլեկտրաէներգիա և խոստանալով ավելացնել այն, երբ Պիրենեյան թերակղզու էներգահամակարգը կկարողանա ավելին ընդունել։

Էլեկտրամատակարարումը սկսեց աստիճանաբար վերականգնվել։ Ապրիլի 30-ի տվյալով էլեկտրամատակարարումը մեծամասամբ վերականգնված էր բոլոր թիրախային վայրերում։ Բայց վնասն արդեն հասցված էր։ Անկախ արդյունաբերական փորձագետների գնահատմամբ, Իսպանիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի համար ուղղակի տնտեսական վնասն օրական կազմում էր մոտավորապես 100-200 միլիոն եվրո։ Դե իսկ էլեկտրականության բացակայության շարունակման դեպքում գումարը «կաճեր ձնագնդի պես»։

Այսօր՝ մի քանի օր անց, իշխանությունները դեռ չունեն վերջնական պատասխան, թե ինչն էր բլեքաութի իրական պատճառը։ Իսպանիայի վարչապետը խոստացել է ստեղծել հատուկ հանձնաժողով՝ միջադեպը հետաքննելու համար։ Պորտուգալիայի իշխանությունները դիմել են Բրյուսելին և խնդրել, որ Էներգետիկայի կարգավորիչների համագործակցության եվրոպական գործակալությունն անցկացնի անկախ ստուգում։

«Մենք ցանկանում ենք անջատման պատճառների համապարփակ հետաքննություն։ Մեզ հրատապ պատասխաններ են պետք»։

Բլեքաութը հանգեցրեց էկոլոգիայի և էներգետիկայի շուրջ քաղաքական պայքարի ու քննարկումների սրմանը։ Ռադիկալ էկոլոգները մեղադրում են իշխանություններին, իշխանություններն այլ մեղավորներ են գտնում ու այսպես շարունակ։ Մի բան հստակ է՝ այսուհետև եվրոպական երկրները շատ ավելի ուշադիր կլինեն իրենց էներգետիկ համակարգերի անվտանգության հարցում։ Մի բան, որը երբեք չէին պատկերացնի, արդեն տեղի է ունեցել։ Եվ ոչ ոք չի ցանկանա, որ այս քաոսը կրկնվի։


✍️ Նանե Մանուկյան / PAN