#մշակութաPAN
November 22, 2022

Սևամորթները՝ Ռենեսանսից մինչև 20-րդ դարի Նոր վերածնունդ․ Գոգենի նկարած վայրի աղջիկներից մինչև «գույնը փոխած» մոգեր

Ինչպես է քարտեզի կենտրոնական մայրցամաքի ժողովուրդն արվեստի գործերի մեջ մտնել, ինչպես են պատկերվել ու ընկալվել թխամորթներն ու սևամորթները և ինչու են նրանց պատկերել կամ չեն պատկերել համաշխարհային մասշտաբի նկարիչները։

Արվեստի պատմության մասին ժամանակակից հոդվածագիրները մեղադրական երանգով ու փաստացի ապացույցներով պնդում են՝ «պարզ խոսենք՝ նրանք ապրել են հասարակության մեջ, բայց հազվադեպ են ներկայացվել արվեստում՝ բացառությամբ գաղութային հաղթարշավը»՝ նկատի ունենալով սևամորթներին։

Արվեստի պատմության ու պատմականության ամեն դետալը շոշափած Հին մայրցամաքում՝ Եվրոպայում սևամորթներ ապրել են դեռ 16-րդ դարից, ավելին՝ հռոմեացիները ևս հազարավոր աֆրիկացիների են ստրկացրել։

Մի կողմ դնելով բոլոր մեղադրական տոներն ու նախադասությունները՝ PAN-ն առաջարկում է տասնամյակներով քննված ու քննարկված այս հարցին նայել այլ դիտանկյունից․ ինչպես են «ոչ սպիտակամորթների» կերպարները կտավ մտել։

Ինչու է Գոգենը Օվկիանիայի կղզիներից մեկը գնացել ու տեղի աղջիկներին նկարել, ինպես են Վերածննդի շրջանում սևին սպիտակ ասել, ու ինչպես է քաղաքական և տնտեսական իրավիճակը ծնել սևամորթների, աֆրոամերիկացիների ինտելեկտուալ-մշակութային շարժում՝ երկու համաշխարահայինի արանքում։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՓՈԽԵԼ ԻՐԵՆՑ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԳՈՒՅՆԸ

Անդրոմեդա․ Հունական դիցաբանության մեջ ինքնազոհաբերությամբ աչքի ընկնել ցանկացող, բայց իր գեղեցկությամբ Պերսևսի աչքը մտած գեղեցկուհին, ասում են, սևամորթ էր։ Եթովպիայի արքայադստերը փրկող Պերսևսին հրեշի դեմ պայքարելիս, օրինակ, 16-րդ դարի իտալացի նկարիչ Պիեռո դի Կոսիմոն ըստ էության ու սևամորթների մասնակցությամբ է պատկերել, բայց բուն հերոսուհուն՝ ավելի սպիտակ, քան անգամ իր ծնողներն ու շրջապատը։

Ի դեպ, այս լեգենդը հիմք է ծառայել նաև «Տիտանների մարտը» ֆիլմԻ համար։

Եվ նույն՝ «սպիտակեցման» թեման շարունակելով, ասում են՝ եթովպացի Շեբայի թագուհին ևս անհամեմատ սպիտակ է պատկերվել արվեստի գործերում։

15-րդ դարի նկարիչ Անդրեա Մանտենյան, օրինակ, իր կտավներից մեկում պատկերում է Հիսուս Քրիստոսին հարգանքի տուրք մատուցող երեք թագավորի, որոնցից մեկը, ըստ պատումի, սևամորթ էր։

Հետաքրքրական է, բայց սևամորթ Բալթազար թագավորի պատկերումն այս շրջանի կտավներում բացառություն չի եղել․ այդ մասին են վկայում նույն թեմայով Ժորժ Թրուբերտի (Georges Trubert) նույնաբովանդակ կտավը, մագաղաթների վրա պահպանված պատկերները։

Եվ սա իր բացատրությունն ունի․ Getty Center Museum-ում մոտ մեկ տարի, ու ընդ որում՝ բոլորովին վերջերս՝ 2019-2020-ին, ուսումնասիրվել է Բալթազար թագավորի կերպարը՝ որպես երեք մոգից մեկի, որ աստվածաշնչյան պատումի մեջ տեսնելու է գալիս Հիսուս Քրիստոսին։ Ըստ այս ուսումնասիրության, թագավորի կերպարի հայտնվելը 15-16-րդ դարի արվեստի գործերում մեծապես կապված է Եվրոպա-Աֆրիկա «փոխազդեցության ուժեղացման», կամ ավելի պարզ ասած՝ աֆրիկյան ժողովուրդների սիստեմատիկ ստրկացման հետ։

Թանգարանի այս եզրակացությանը զուգահեռ նշվում է նաև՝ ավելի վաղ շրջանի բազմաթիվ գործերում Աֆրիկայից եկած թագավորին նկարիչները սպիտակ էլ են պատկերել՝ նրա աֆրիկյան ծագումն ընդգծելով հագուստի, գլխազարդի միջոցով։

ՊՈԼ ԳՈԳԵՆ․ ՍԵՎԻ ՍԻՐՈՒՆԸ՝ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ՈՒ ՍԵՌԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՎ

Գաղութատեր, շովինիստ, մարդկանց շահագործող, մանկապիղծ․ գուցե Գոգենի անունը կարող է դրվել այս բառերի կողքին, բայց համաշխարհային կերպարվեստին հայտնի անուններից, թերևս, հենց նրա կտավներում կարելի է տեսնել այսքան շատ «ոչ սպիտակների»։ Պարզ «ինչո՞ւ» հարցը մեզ Գոգենի բուռն, և ոչ միայն ստեղծագործական իմաստով, կյանք է տեղափոխելու։

«Տահիտցի կանայք», 1891
Գոգենը 19-րդ դարավերջի պոստիմպրեսիոնիստ նկարիչներից էր, սինթետիզմի և պրիմիտիվիզմի հիմնադիրներից մեկը։ Ստեղծագործական որոնումներով և «իդեալական հասարակության» երազանքներով, 1890-ականներին նա մեկնել է Տահիտի կղզի՝ ստեղծելով գործեր, որտեղ շեշտված է բնության և մարդու ամբողջականության գաղափարը։ Ընդհանրապես, ասում են՝ արևադարձայինի հանդեպ սերն ու հակումը նա դեռ մանկության տարիներին էր ձեռք բերել՝ մոր հետ Պերու ճանապարհորդելիս։

Չնայած իր հակասականությանը՝ Գոգենը մեծ ազդեցություն է ունեցել իր ժամանակի նկարչության ու իրեն հաջորդած մեծ անունների վրա, օրինակ՝ Պիկասոյի ու 1907-ին ստեղծված նրա «Ավինյոնի աղջիկները» կտավի։

Գոգենը երբեք միանշանակ չի ընդունվել․ հավանաբար, հենց այդ փաստն է նաև նկարչին այդչափ գայթակղիչ կամ ատելի դարձնում։

«Ճավայուհի Աննահը», 1893

Գոգենի գործերին նայողների այս հակասական էմոցիաներից են հավանաբար արվետի աշխարհում ծնվում «Ինչու են մարդիկ ատում Պոլ Գոգենին» վերտառությամբ հոդվածները։ Իհարկե, բոլոր մարդկանց անունից արվող այս հայտարարությունը խիստ սուբյեկտվ է, բայց նկարչին ատողների պակաս, իրոք, չկա։ Ոմանց պնդմամբ, Գոգենն ազատվել է բուրժուականության կապանքներից ու գնացել իր ստեղծագործական ազատության հետևից, մյուսների համար նա իր անձի շուրջ վայրի առասպելականություն էր հորինել՝ գրգռելով զայրույթ և իր հակասականության մասին պատում։

Ամեն դեպքում, ինչո՞ւ է Գոգենի դեմ այսպես, ժամանակակից լեզվով ասած, «ատելության խոսք գեներացվել» ու հիմա էլ շարունակվում։ Ասում են՝ նա Տահիտի էր մեկնել ոչ միայն ստեղծագործական որոնումների համար․ նկարչին մեղադրում են կնոջն ու երեխաներին լքելու և ֆրանսիական գաղութում տեղաբնակ 13-15 տարեկան աղջիկների հետ սեռական կապի մեջ։ Ասում են՝ նրանցից առնվազն 3-ը Գոգենից երեխա է ունեցել, նկարիչը երեխաներին ու նրանց մայրերին ևս լքել է։

«Ինչու է արվեստի աշխարհը բաժանված Գոգենի ժառանգության պատճառով» հոդվածում Մերեդիտ Մենդելսոնը նշում է.

«Թեև կան բազմաթիվ սպիտակամորթ տղամարդ նկարիչներ, որոնց մտահոգիչ ապրելակերպը կարելի է հասկանալ իրենց արվեստից որոշ չափով առանձնացված, բայց Գոգենի դեպքում դժվարությունն այն է, որ նրա վարքագիծը մերկացված է իր կտավների վրա»։

Նրա կտավներն իր ունեցած կրքի ու մեղքի բառացի խոստովանություն համարողներն անգամ վստահորեն են նշում՝ իրենց ասելիքն ասում են, կտավների գեղարվեստական արժեքը չնսեմացնելով։

Հատկանշական է, որ Գոգենի այս շրջանի գործերն աստղաբաշխական թվերով են վաճառվում․ 1892-ին ստեղծված «Երբ դու կամուսանաս ինձ հետ» կտավը, օրինակ՝ $210 մլն-ով է վաճառվել 2015-ին, այն ամենաթանկ «մշակութային վաճառքներից» մեկն է համարվում ամբողջ աշխարհում։

Գոգենը, Տահիտիում ոչ միայն կենակցել է անչափահաս աղջիկների հետ, այլև նրանց մեջ մուսա է գտել․ 43-ամյա նկարչի համար ոգեշնչման աղբյուր է եղել 13-ամյա Թեհամանան։

Հաճախ նաև Թեհուրա անունով հիշատակվող աղջկա ու Գոգենի կապը սովորականներից էր․ գաղութատերերը բնիկ կանանց հետ ապրելու փորձառություն ևս ունենում էին՝ «չծանրաբեռնվելով ամուսնական պարտականություններով»։ Գոգենն ու իր 13-ամյա մուսան, ասում են՝ միասին են ապրել մինչև 1893 թվականը, երբ նկարիչը կրկին Ֆրանսիա վերադարձավ։ Ասում են նաև՝ նկարչի՝ կղզի հետ գալուց հետո այս աղջիկն արդեն հրաժարվել է Գոգենի հետ ապրել։ Նկարչի ինքնակենսագրականում ևս 13-ամյա աղջկա հետ կապի ու ամուսնության մասին շեշտվում է։ Ընդհանրապես, այն, ինչ այսօր հայտնի է այս աղջկա մասին, հայտնի է հենց Գոգենի միջոցով․ նա երևակայական և ուռճացված կերպով նայել, նկարել ու գրել է՝ դրանք հրամցնելով եվրոպացի հանդիսատեսին։

«Թեհամանան բազմաթիվ ծնողներ ունի», 1893
Թեհամանայի ու Գոգենի կարճատև ամուսնությունից ու նկարչի հեռանալուց հետո կինն ամուսնացել է տահիտցի մեկ այլ տղամարդու հետ և ևս երկու երեխա ունեցել, «ևս երկու», քանի որ, ըստ երևույթին, Գոգենից նույնպես երեխա է ունեցել, որի ճակատագիրը, սակայն, վերջնականապես ճշտված չէ։ Նշվում է, որ այդ երեխան կարող էր որդեգրված լինել մեկ այլ ընտանիքում։

Չնայած ամենին՝ այս կինը Գոգենի կտավներում էական դեր ու տեղ է ունեցել, նրա մի քանի գործի ոգեշնչման աղբյուրն է եղել։ Այդ կտավներից մեկը «Մեռածների ոգին չի ննջում» (Manao Tupapau) գործն է՝ իրական հիմքով։ Ասում են՝ Գոգենը մի օր տուն է մտել, վառել լուսամփոփն ու հանկարծակի, բայց վախեցրել իրենց սպասող կնոջը։ Ըստ Գոգենի՝ այդ վախի պատճառն այն էր, որ կինը հավատում էր տեղացիների դիցաբանությանն ու մահացողների հոգիներին։ Այդ մասին հիշելիս Գոգենը հետո ասել է՝ գուցե իրեն որպես ուրվական էր ընկալել։

«Մեռածների ոգին չի ննջում», 1892

Մերկ կնոջ կողքին երևացող դեմքը, որին տիկնիկից մինչև ուրվական լինելու մեջ են կասկածում, մեծ հաշվով վախ, սարսափ ու երկիմաստություն է փոխանցում․ եթե գումարենք այս պատմությանը նաև «բնորդուհու» տարիքը, նրա կծկված, խիստ մարմնական ու մերկությամբ նաև «հիմնավորվող» անպաշտպանությունը, գուցե այս նկարի կնոջն այլ դիտանկյունից նայենք։

Գոգենն այս նկարը հետո կնոջն է ուղարկել՝ Նիդերլանդներում իր ցուցահանդեսը կազմակերպելու, նկարն այն ժամանակվա համար լավ գնով է վաճառվել, տպավորիչ եղել նաև գույների թողած էմոցիայի պատճառով։

Ի դեպ, Գոգենի այս կտավը հաճախ է համեմատվում Մանեի «Օլիմպիայի» (1865թ․) հետ։ Ասում են՝ Գոգենն այնքան էր հիանում «Օլիմպիայով», որ նույնիսկ որոշեց 1891-ին դրա կրկնօրինակը ստեղծել։

Մանեի «Օլիմպիան»

Soyez mysterieuses. առեղծվածային եղեք, ասում էր նկարիչը: Կտավում արդեն 14-ամյա Թեհամանայի պատկերումը, թերևս, առեղծվածայնության բացահայտման մի հերթական փորձ էր ու նոր առեղծվածի ստեղծում։

Գոգենի Օլիմպիան

Քննադատները Գոգենի այս գործի մասին տարբեր կարծիքներ ունեն․ ոմանք ասում են՝ աղջիկն այստեղ վախեցած է ոչ թե հոգիներից, այլ միջին տարիքի, սպիտակամորթ տղամարդուց՝ հենց նկարչից։ Շրջադարձային կարծիք էլ կա, թե Գոգենը սադիստական հաճույք է ստանում այդ վախը պատկերելով։ Մեկ այլ կարծիքի համաձայն՝ այսպիսի կոնքերով ու մարմնի կառուցվածքով չեն կանայք․ կտավում տղամարդ է։

Գոգենին հաճախ են մեղադրում այս էկզոտիկ շրջագայության համար, բայց հետաքրքրական է, որ հենց այստեղ է նկարչի ստեղծագործական կյանքի եռուզեռը կատարվել։

Հետագայում Գոգենն այս կղզում անցկացրած իր օրերի մասին պիտի գրեր՝ 3 տարում 66 նկար է հեղինակել այնտեղ ու բազմաթիվ քանդակներ արել, եզրակացնելով՝ «դա հերիք է ցանկացած մարդու համար»։

Չնայած Գոգենի համբավը կղզում միանշանակ չէր, սակայան հիմա Տահիտիում նկարչի անունը կրող թանգարան ու փողոց կա։

ՀԱՐԼԵՄՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

Հարլեմյան վերածնունդը (The Harlem Renaissance) 20-րդ դարում ծնունդ առած մշակութային ու ինտելեկտուալ շարժում էր՝ կենտրոնացած 1920-1930-ականների ԱՄՆ-ում։ Արմատավորվելով աֆրոամերիկյան մշակույթի հիմք ունենալով, այս Վերածննդի շրջանի արտիստները ձգտում էին գտնել իրենց դերն ու տեղն արվեստի աշխարհում։
Հաճախ այս շրջանի համար որպես սկիզբ ու վերջ նշվում էին համաշխարհային երկու պատերազմները․ համարվում է, որ Հարլեմյան վերածննդի արմատերն առաջինում են, փշուրները՝ մինչև Երկրորդ համաշխարհայինը։ Հաճախ նաև Հարլեմյան վերածննդի ավարտն ասոցացվում է Մեծ դեպրեսիայի տարիների հետ ու թվագրվում 1930-ականներին։

1916-ին և դրանից հետո միլիոնավոր սևամորթներ գաղթեցին դեպի Ամերիկայի հյուսիսային շրջաններ․ Մեծ գաղթի շրջան համարվող այս ժամանակներում Նյու Յորքը, Վաշինգտոնը, Լոս Անջելեսը դարձան Հարավային Կարոլինայից, Լուիզիանայից, Միսիսիպիից տեղափոխվողների նոր տունը։ Որոշ տվյալներով՝ այդ շրջանում 175,000-ից ավելի սևամորթ է եկել Ամերիկայի հյուսիս՝ փնտրելու ավելի շատ հնարավորություններ և առավել արժանապատիվ կյանք։

«Սևամորթների միգրացիան» (Migration of the Negro), Ջեյքոբ Լոուրենս, (1940-1941)

Հարլեմյան վերածննդի գաղափարական հիմքում New Negro շարժումն էր, այն մեծապես «գրչային էր»՝ գրական․ այս շրջանում ստեղծված գործերն արտահայտում էին սևամորթների սոցիալական, անձնական ու շատ կյանքային փորձը՝ տարատեսակ բռնաճնշումներից մինչև ինքնության վերածնունդ։

ԱՐՈՆ ԴՈՒԳԼԱՍ․ ԱՖՐՈԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՀԱՅՐԸ

Խոսելով Հարլեմյան շրջանի և Աֆրիկան արվեստում «բոլդելու» մասին, անշուշտ, պետք է հիշել նկարիչ Արոն Դուգլասին (ամեն դեպքում՝ չշփոթել նրան կանադացի դերասան Աարոն Դուգլասի հետ)։ Նկարիչ Դուգլասն օգնել է ստեղծել և առաջ մղել բազմաթիվ կազմակերպություններ, որոնք տարածում էին իրենց հիմնական գաղափարը՝ արվեստը նաև միջոց է, որով իրենց նոր մշակութը կարող է իր հույզերն ու գաղափարներն արտահայտել։

Փորձելով միս ու արյուն տալ Դուգլասի կտավներին՝ Art in Context-ի հեղինակները գրում են.

«Դուգլասի նկարները ներկայացնում էին արվեստի մոտեցում, որը համակցում էր արևմտյան փորձառությունները ոչ արևմտյան ավանդույթների հետ՝ երկուսն էլ գրեթե Ավանգարդ մակարդակի բարձրացնելու համար: Նա իր ստեղծագործություններում ավելացնում էր աֆրոամերիկյան մշակույթի զգացողություն՝ ընդգրկելով ջազում հայտնաբերված կրկնվող և ռիթմիկ օրինաչափությունների տեսողական մեկնաբանությունները»։
Դուգլաս, Study for Mural. 1963, Դելավերի արվեստի թանգարան
1917-ից հետո Դուգլասն աշխատել է Cadillac-ի ավտոգործարանում, որտեղ նա հաճախ ռասսայական խտրականության է ենթարկվել ու կատարել ամենակեղտոտ գործերը։ Ու չնայած դրան՝ գործից ազատ ժամանակ ապագա նկարիչն ազատություն էր տալիս մտքին՝ գնալով Դեթրոյտի թանգարան։ 1925-ին ստեղծագործական ազատության, գույնի ու գույնի շարժման հետևից գնալով՝ Դուգլասը Նյու Յորքում է հայտնվում, որտեղ, ինչպես հիշում ենք, ծաղկում էր Հարլեմյան վերածննդի շրջանը։ Այս շրջանում ու դրանից հետո Դուգլասը նկարազարդում է աֆրոամերիկյան գրողների գրքերի շապիկները, համահեղինակում Fire! ամսագիրը։

Այս շրջանից հետո, կարելի է ասել, սևամորթ աֆրոամերիկացի արտիստներն ամրապնդեցին իրենց տեղն ու բերեցին սեփական թեման։ Այժմ ժամանակակից արվեստում նրանց ասելիքի կոնտեքստն ու ենթատեքստն ավելի բաց է, նաև գնահատված։

Աֆրիկայի ամենահարավում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում այս պահին սևամորթ արվեստագետների գործերի ցուցադրություն է, որը ներառում է նրանց վերջին 100 տարվա աշխատանքը։ Ցուցադրությունը վերնագրված է՝ When We See Us: A Century of Black Figuration in Painting, ու կենտրոնացած գեղանկարչության վրա։ Ցուցահանդեսում ներառված է ավելի քան 200 արվեստի գործ։

✍ Անահիտ Հակոբյան / PAN