Կարդալիքներ PAN-ից
Today

Համեստ Մուհամմեդ Ալին, սառը Ջոնի Դեփն ու Ստալոնե-Շվարցենեգեր պարը. Կաննի ոսկե տարիները՝ կուլիսներում ու կադրում

Այս օրերին Կաննի կինոփառատոնի մասին կարդում ու լսում ենք ամենուր: Կարմիր գորգի, հատուկ ընտրված զգեստների, վայրկյանների ընթացքում տարածվող լուսանկարների ու սոցիալական մեդիայում անվերջ պտտվող տեսանյութերի միջոցով, կարծես, մենք էլ ներկա լինենք տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկին։ Կադրերում էլ գրեթե միշտ ամեն բան հաշվարկված ու պլանավորված է, վերահսկվող ու գրեթե անթերի։ Դերասաններն էլ շատ լավ գիտեն, որ ցանկացած ժեստ, հայացք կամ պատահական շարժում կարող է անմիջապես հայտնվել համացանցում, վերածվել սկանդալային վերնագրի, քննարկման կամ անգամ իրական սկանդալի։

Բայց մի ժամանակ Կաննը, ինչպես ցանկացած այլ բան, որին համացանցն ու նոր տեխնոլոգիաները դեռ չէին դիպչել, շատ ավելի ազատ, շատ ավելի կենդանի ու անկաշկանդ միջավայր ուներ։ Լուսանկարիչ Ռիչարդ Բլանշարդի սև ու սպիտակ կադրերում հենց այդ կինոփառատոնն է։ Նրա լուսանկարները ժամանակի վկայությունն են և արտացոլում են ամեն բան՝ աստղային փայլն ու հմայքը, անկեղծությունը, երբեմն էլ մի փոքր «անհարմար» պահերը։ Մի խոսքով՝ կարմիր գորգից այն կողմ մարդկային behind the scenes-ը, որը պաշտոնական լուսանկարներում հազվադեպ է երևում։

Բլանշարդը Կաննում հայտնվեց 1976 թվականին՝ ընդամենը 22 տարեկանում, և երևի չէր կարող պատկերացնել, որ այդ այցը իր կյանքի ու կարիերայի ամենակարևոր շրջադարձերից մեկը կդառնա։ Հետագա երկու տասնամյակների ընթացքում նա դարձավ ու հաստատեց իր անունը որպես կինոարդյունաբերության, այսպես ասենք, «պաշտոնական» լուսանկարիչներից մեկը։ Նրա կադրերում ժամանակի աստղերն էին, կինոաշխարհի մեծերը ու անգամ արքայական ընտանիքի անդամները։

Ի սկզբանե, ամեն ինչ սկսվել էր բավականին խորհրդանշական հանձնարարությամբ։ Կաննում Բլանշարդի առաջին աշխատանքը Ֆրեդ Ասթերին ու Ջին Քելլիին լուսանկարելն էր։ Նրանք փառատոնի շրջանակում ներկայացնում էին That’s Entertainment, Part II ֆիլմը։ Երիտասարդ լուսանկարչի համար սա եզակի ու չափազանց պատասխանատու հնարավորություն էր։ Լարվածությունն առանց այն էլ շատ մեծ էր՝ նրա դիմաց երկու լեգենդար անուններ էին, իսկ տարածքում կինոփառատոնի աղմուկը, վազքը, մեծ սպասումները։ Բայց ամեն ինչ է՜լ ավելի դրամատիկ դարձավ, երբ Բլանշարդը փորձեց տպել նեգատիվը և պարզեց, որ հոսանք չկա՝ այգեպանը վնասել էր հոսանքի մալուխը։ Հետագայում լուսանկարիչը պատմում էր, որ այդ պահին պարզապես ուզում էր, որ գետինը բացվեր ու կուլ տար իրեն։ Այդ անհարմար ու, համաձայնեք՝ որոշ առումով սարսափեցնող պահը չկանգնեցրեց նրան, ընդհակառակը՝ սա Կաննի կինոփառատոնի հետ երկար ու բացառիկ հարաբերությունների սկիզբն էր միան։

Բլանշարդի լուսանկարչական ճանապարհը շատ ավելի վաղ էր սկսվել։ Նա առաջին անգամ տեսախցիկ հետ ծանոթացել է ընդամենը 6 տարեկանում։ Մոտ 11 տարեկանում արդեն 8 մմ ֆիլմեր էր նկարահանում և դրանք մշակում հոր դեղատանը։ Ապագա լուսանկարչի առաջին աշխատանքը Kodak-ի կինոնկարների բաժնում էր։ Հետո վերադարձավ լուսանկարչությանը, սկզբում օգնական էր, հետո լուսանկարներ էր տպում։ Ու այսպես՝ ժամանակի և հանգամանքների բերումով նա արդեն ուներ նյութի, լույսի, պահի և տեխնիկայի հետ աշխատելու փորձ։ Բայց Կաննը լուսանկարչին տվեց այն, ինչ որևէ այլ փորձառությամբ հնարավոր չէր ձեռք բերել՝ նա հայտնվեց կինոաշխարհի ամենակարևոր իրադարձություններից մեկի կենտրոնում՝ անկանխատեսելի շրջադարձերով ու երբեմն՝ պատմական նշանակություն ունեցող պահերով։

Կաննում Բլանշարդն աստղերի կողքին էր կարմիր գորգին, բայց սա նրա աշխատանքի ու ստեղծածի չնչին մասն է միայն։ Նա նաև այնտեղ էր, որտեղ այդ նույն աստղերն իրենց ավելի ազատ էին զգում, աշխատում էին, զրուցում, հանդիպումներ կազմակերպում, փորձում ապագա ֆիլմերի համար աջակցություն գտնել, երեկույթների էին մասնակցում կամ էլ պարզապես մի պահ հանգստանում էին։ Բլանշարդի աշխատանքը միայն գեղեցիկ լուսանկար ստանալը չէր։ Լուսանկարները պետք է նաև ծառայեին միջազգային հանրայնացմանը, ֆիլմերի և աստղերի շուրջ հետաքրքրություն ստեղծելուն։ Բայց լուսանկարիչը կարողանում էր այդ նպատակային, հրապարակային աշխատանքի մեջ պահել անձնական տարրը։ Նրա կադրերում փառատոնի փայլից զատ նաև կուլիսային շնչառությունն էր։

Բլանշարդի դիտարկմամբ լուսանկարչությունը պատմություն պատմելու ձևաչափ է։ Ըստ նրա՝ այն պահը որսալու արվեստ է, բայց շատ կարևոր է մարդկանց մոտ հարմարավետության զգացում առաջացնել, որպեսզի կարողանաս ստանալ այն, ինչ ուզում ես՝ առանց նրանց հետ այդ ամենը քննարկելու ու արհեստական տարր ավելացնելու։ Բլանշարդը տարբեր սերունդների աստղերի է լուսանկարել՝ Հոլիվուդի ոսկե դարաշրջանի դեմքերից մինչև այդ ժամանակների նոր ծագող աստղեր։ Այսօր նրա հավաքածուն արժեքավոր է նաև այդ պատճառով։

Կաննում կարելի էր տեսնել արտիստների, որոնց անուններն արդեն իսկ կինոյի պատմության մեջ ոսկե տառերով էին գրված, բայց և նրանց, ովքեր դեռ նոր էին կառուցում իրենց կերպարը, ոճը, կարիերան։ Բլանշարդը տարիների ընթացքում նույն արտիստներին նկարել է կարիերայի այս աստիճանական անցման տարբեր փուլերում և կարողացել է նաև ֆիքսել, թե ինչպես են փոխվում այդ մարդկանց հանրային կերպարն ու նրանց շուրջ ընկալումները։

Այդ իմաստով առանձնահատուկ է Ջոնի Դեփի օրինակը։ Բլանշարդը նրան լուսանկարել է բազմաթիվ առիթներով, առաջինը Ed Wood ֆիլմի պրեմիերան էր։ Տարիների ընթացքում նա հետևել է Դեփի կերպարի փոփոխությանը և միշտ զարմացել, թե ինչպես է դերասանը կարողանում առանց որևէ ջանք գործադրելու այդքան ոճային ու տպավորիչ լինել, կամ այլ կերպ ասած՝ effortlessly cool։ Նրա բնորոշմամբ՝ Դեփը հմայիչ էր և շատ հանգիստ, նույնիսկ՝ սառնասիրտ։ Ու գուցե դա էր նրա ֆենոմենի բանաձևը։

Իր հուշագրության մեջ Բլանշարդը հիշում է, որ աստղերն ու ոլորտի մարդիկ կինոփառատոնին ֆիլմեր ներկայացնելուց զատ նաև մեծ կարևորություն էին տալիս ապագա ծրագրերի համար աջակցություն փնտրելու գործընթացին։ Իհարկե, այսօր ևս սա կինոփառատոնի առանցքային կարևորություն ունեցող բաղադրիչներից է։ Վերադառնալով Բլանշարդի հուշերին՝ այս իմաստով շատ խոսուն է Մուհամմեդ Ալիի պատմությունը։ Նախկին ծանրքաշային աշխարհի չեմպիոնը Կանն էր մեկնել՝ Freedom Road ֆիլմի ստեղծման համար աջակցություն ստանալու։ Ֆիլմի գաղափարը ոգեշնչված էր Հովարդ Ֆասթի 1944 թվականի բեսթսելլեր վեպից։

Ալին պետք է շփվեր պոտենցիալ գործընկերների, հովանավորների, կինոգործիչների հետ, իսկ Բլանշարդը նրան էր կցված որպես լուսանկարիչ։ Ինչպես ինքն էր ասում՝ «որտեղ Ալին, այնտեղ՝ ես»։ Ալին, Բլանշարդի հիշողություններում, հրաշալի բնավորությամբ մարդ էր։ Նա դեմ չէր լուսանկարվելուն, տեսախցիկին չէր դիմադրում, չէր փորձում փախչել կադրից։ Բայց նրա շրջապատը, ըստ լուսանկարչի, բոլորովին այլ տպավորություն էր թողնում՝ կարծես «մաֆիայի» ներկայացուցիչ լինեին ու խստորեն հետևում էին Ալիի անվտանգությանը։

Այդ տարիների մեկ այլ հետաքրքիր հիշողություն կապված է Առնոլդ Շվարցենեգերի և Սիլվեստր Ստալոնեի հետ։ Բլանշարդին տպավորել է նրանց միջև եղած բարեկամական մրցակցությունը։ Երկուսն էլ սիրում էին Կաննը, Կանն էլ սիրում էր նրանց։ Բայց տպավորություն էր, որ նրանք անընդհատ փորձում են մեկը մյուսին գերազանցել, ուշադրության կենտրոնում հայտնվել, մի փոքր ավելի տպավորիչ լինել։

Ֆոտո - https://thehistorypress.co.uk/wp-content/smush-webp/2026/05/sly-1536x970.jpg.webp

Այդ մրցակցությունը ամենևին էլ լարված չէր, ավելի շատ խաղի էր նման։ Այս պատմության ամենատպավորիչ դրվագներից մեկը տեղի է ունեցել Hotel du Cap-Eden-Roc-ում։ Երկու կինոաստղերից բացի այնտեղ էին նաև հայտնի ռեժիսորներ, որոնց հետ դերասաններն արդեն աշխատել էին, կամ, գուցե, ուզում էին աշխատել։ Ու ստացվում է այնպես, որ այս պայմաններում, ինչ-որ անհնարին թվացող պատահականությամբ Բլանշարդն ու մյուսները Շվարցենեգերին ու Ստալոնեին կարողանում են համոզել պարել միասին։

Կաննում լուսանկարչի համար տպավորիչ ու առանձնահատուկ էր նաև 1987 թվականը, երբ արքայազն Չարլզը և արքայադուստր Դիանան կինոփառատոնի պատվավոր հյուրերից էին։ Բլանշարդն այդ այցը լուսաբանող պաշտոնական լուսանկարիչն էր։ Սա, հավանաբար, պատմության մեջ երկրորդ դեպքն էր, երբ Կաննի կինոփառատոնին թագավորական զույգ էր մասնակցում։ Այս այցը, բնականաբար, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր։ Տարիներ անց Բլանշարդը, իր իսկ արած լուսանկարներին նայելով, նկատում է, որ Չարլզի և Դիանայի հարաբերությունները լավագույն փուլում չէին։

Բլանշարդի կադրերը կինոփառատոնի պատմության մեջ են մնալու, որովհետև ցույց են տալիս ժամանակաշրջանի գլխավոր առանձնահատկությունները։ Հիմա հանրային դեմքերի շուրջ մի մեծ պաշտպանական շերտ է կառուցված՝ PR թիմեր, սոցիալական մեդիայի ռազմավարություններ, վերահսկվող տեսանյութեր ու լուսանկարներ, նախապես պայմանավորված ելույթներ, նախապես մտածված կերպարներ։ Դերասանները շատ ավելի զգուշավոր են իրենց հեղինակությանն առնչվող հարցերում։ Իսկ Բլանշարդի կադրերում աստղերը շատ ավելի ազատ ու իրական էին, կարող էին սխալվել, ծիծաղել, անսպասելի, չպլանավորած մի բան անել։ Լուսանկարիչն էլ այդ պահին արտիստի կողքին էր ու իրադարձություններին հետևում էր ոչ թե հեռվից, այլ ներսից։

Հետագայում Բլանշարդն իր աշխատանքներն ամփոփել է Cannes Uncut: The Golden Years գրքում։ Վերնագիրն արդեն հուշում է՝ խոսքն ավելի անկեղծ, ավելի անմիջական Կաննի մասին է։ Սև ու սպիտակ լուսանկարները դիտողին տանում են ոչ վաղ անցյալ ու հանկարծ կադրերի միջոցով հայտնվում ես մի միջավայրում, որտեղ ինչ-որ հարազատ զգացողություն ու ջերմություն կա։ Ու սրա պակասը մենք երևի շատ ունենք այսօր։


✍️ Նանե Մանուկյան / PAN