#մշակութաPAN
August 30, 2022

Պիկասոյի ինքնասպանված ընկերն ու Իվ Քլեյնի մերկ աղջիկները՝ կապույտով․ Ինչ կա գույնի տակ

Մի սպասեք ամեն գույնի հետ համադրվող Blue (red, yellow, etc.) is the new black բրենդային, թրենդային արտահայտությանն ու բառախաղերի, այն չի լինելու․ փոխարենը՝

Ինչպես ստացվեց, որ դարեր առաջ կապույտով վրձնելը ոսկի շաղ տալու պես մի բան էր, ինչու էին «կապույտի պատճառով» կիսատ մնում արվեստի գործեր ու պարտքի տակ մնում արվեստագետներ, ինչպես Պիկասոյի ընկերոջ ինքնասպանությունը պատճառ դարձավ նկարչի ստեղծագործական կյանքի «կապույտ շրջանի» և ինչպես կնոջ մերկությունը կտավին հանձնվեց Իվ Քլեյնի կապույտով։

Այս անգամ PAN-ը պատմում է Կապույտի մասին՝ խաղաղության, հանգստության, երբեմն սառնության, վստահության, թախծի, դինամիկայի պիգմենտով:

Մարդկությունը կապույտին ծանոթացել է Ք.Ա. 2200-ականներին՝ շնորհիվ եգիպտացիների, որոնք փորձում էին ունիվերսալ պիգմենտ ստանալ՝ արձաններից մինչև շինարարություն ու սպասք իրենց հետքը թողնելու համար։

Եվ չնայած հազարամյակների փոշի կա կապույտի վրա, բայց մինչ օրս էլ գույնը շարունակում է նորովի երանգավորվել ու բացահայտվել․ վերջին անգամ 2009-ին է հայտնաբերվել նոր կապույտ պիգմենտ, այն կոչում են YlnMn, պիգմենտը հայտնի է նաև Oregon Blue կամ Mas Blue անուններով։ Բացահայտողներն Օրեգոնի համալսարանի մի ուսանող ու պրոֆեսոր էին։

ԿԱՊՈՒՅՏԸ՝ «ՕՁԻ ՁՈՒ»

Սկզբնապես կապույտ գույնը նկարիչները ստացել են Լապիս լազուլի (lapis-քար, lazuli-կապույտ, լատ.)՝ Լաջվարդից՝ թանկարժեք ու հազվագյուտ հանքանյութից. հենց սա է պատճառը, որ կապույտով ամեն բան ու ամեն մեկին չեն նկարել։ Գերազանցություն, փող ունեցողներն էին կապույտով արվեստի գործեր պատվիրում, կապույտով կերտվում էին պատկերներ՝ նվազագույնն աստվածային, թագավորական թեմաներով կամ կոնտեքստում։

Ի դեպ, այլ աղբյուրներում Lapis Lazuli-ին ավելի են «ծերացնում»․ ասում են՝ այն 7000 տարի է, ինչ օգտագործվում է արհեստի ու արվեստի մարդկանց կողմից։

Լաջվարդը՝ լապիս լազուլին, ծագումով Մերձավոր Արևելքից է, հատկապես Աֆղանստանի տարածքն է առանձնանում այս հանքանյութով։ 15-րդ դարի վերջում այն սկսում է արտահանվել Եվրոպա, որտեղ քարը փոշիացնում էին՝ ստանալով ուլտրամարին ներկը (այդ ժամանակ ներկը ոսկուց թանկ էր)։ Ուլտրամարինն օգտագործել են Վերածննդի և Բարոկկոյի ամենահայտնի նկարիչներից՝ Մազաչչոն, Պերուջինոն, Տիցիանը, Վերմեերը, Ռաֆայելը, Բոտիչելլին, դրանով ներկվել են կենտրոնական կերպարների և հատկապես Մարիամ Աստվածածնի զգեստները։

Լապիս լազուլին նաև հայտնի է «իսկական կապույտ» անունով, իտալացի առևտրականների կողմից Եվրոպա տեղափոխվելով, այն 15-16-րդ դարերում վերանվանվել է ուլտրամարին, որը, իհարկե, լատիներեն է՝ ultramarinus, ու նշանակում է «ծովից անդին»:

Ասում են՝ հենց կապույտ պիգմենտի հազվագյուտությունը, հաճախ՝ անհասանելիությունն էր պատճառ համարվում, որ այն առեղծվածային կերպով մտավ ու մնաց արվեստի, ճարտարապետության, զարդարվեստի մեջ։

Եգիպտական կապույտը, օրինակ, որ լապիս լազուլիի բաց տարբերակն է, ըստ հին եգիպտացիների, խորհրդանշում էր երկինքը, պտղաբերությունն ու արարչագործությունը:

Իր Il Libro dell'Arte («Արվեստների գիրքը») գործում նկարիչ Չեննինո Չեննինին մանրամասնորեն պատմել է իր ժամանակակիցներին ու մեզ՝ ինչպես ստանալ ուլտրամարինի պիգմենտն ու հավաստել «Ուլտրամարին կապույտը նշանավոր, գեղեցիկ և կատարյալ է՝ բոլոր գույների մեջ»։

Ի դեպ, ենթադրվում է, որ «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի հեղինակ Վերմերն այնքան է սիրել ուլտրամարինը, որ ընտանիքին պարտքի տակ է գցել այս գույնով նկարելու համար։ Իսկ արվեստի պատմաբանները կարծում են, որ Միքելանջելոն կիսատ է թողել իր The Entombment կտավը, քանի որ չի կարողացել ավելի շատ ուլտրամարին հայթհայթել։

Ուլտրամարինը թանկարժեք մնաց մինչև 1826 թվականը, երբ հայտնաբերվեց սինթետիկ ուլտրամարինը։

Ուլտրամարինի ստացման եղանակը քիմիա է՝ ուղիղ իմաստով, հետագայում ուլտրամարինին փոխարինած ու անհամեմատ ավելի էժան՝ Prussian blue-ի՝ Պրուսական կապույտինը՝ նույնպես (ահա ևս մեկ պատճառ առաջիկայում գիտության ու արվեստի կապը #լավPAN-ի առիթ դարձնելու համար)։ Հիմա կապույտի պիգմենտների մի «ծիածան» է հայտնի՝ Սերուլիանը, Կապույտ կոբալտը, Ինդիգոն, Ֆտալոցիանին և ոչ միայն։

Կապույտի կոնտեքստը կարելի է փոխել՝ խաղալով դրա երանգների ու ստվերների հետ․ հենց այդպես են նկարիչները փորձել գույնով փոխանցել էմոցիա ̶ո̶ւ̶ ̶է̶ք̶ս̶պ̶ր̶ե̶ս̶ի̶ա̶․հանգստության, խաղաղության զգացողություններից մինչև շարժում, անհնազանդություն, անհանգստություն, սառնություն՝ կապույտի հետ է լինում զգալ։

ՊԻԿԱՍՈՅԻ ԿԱՊՈՒՅՏ ՇՐՋԱՆԸ․ ԻՆՉՊԵՍ ԻՍՊԱՆԱՑԻ ԿԱՊՈՒՅՏԸ «ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ԲՈՒՆ» ՍԱՐՔԵՑ

Իր կապույտ շրջանում (1901-1904թթ․) իսպանացի նկարիչը կենտրոնացել է կապույտի տարբեր երանգների և հատկապես Պրուսական կապույտի վրա։

20-ամյա Պիկասոյի՝ այս շրջանում արված մռայլ նկարները լավագույնս են արտացոլում արտիստի դեպրեսիոն ապրումները․ հենց այդ ժամանակ ինքնասպան եղավ նկարիչ և պոետ Կարլես Կասահեմասը (Carles Casagemas)՝ Պիկասոյի մտերիմ ընկերն ու բարեկամը։ Կարող է դաժան թվալ, բայց Կասահեմասի ինքնասպանությունը «բացում է» Պիկասոյի կապույտ շրջանը։

Պիկասոն ու Կասահեմասը ծանոթացել են 1899-ին, մտերմացել՝ կարճ ժամանակում։ 1900-ին 20-ամյա Պիկասոն իր մտերիմ ընկրոջ Կասահեմասի հետ Ֆրանսիա է տեղափոխվում։ Ֆրանսիայում արդեն երիտասարդներին Փարիզն էր սպասում՝ իր ամբողջ փայլով և ոչ միայն։

Այստեղ կարճ դադար՝ տղամարդկային սոլիդարության ու մտերմության մասին․ ասում են՝ Կասահեմասը Պիկասոյին ուղեկցում էր հասարակաց տներ ու ինքը, չօգտվելով «ծառայություններից», նկարիչ ընկերոջը սպասում էր դրսում։

Կասահեմասն այս շրջանում անպատասխան սիրահարվում է Ժերմեն Գարգալու անունով մի կնոջ։ 1901-ի փետրվարին, երբ Պիկասոն Բարսելոնայում էր, Կասահեմասն իր կազմակերպած երեկույթի ժամանակ, մի վերջին անգամ Ժերմենին ամուսնության առաջարկ է անում, մերժվելուց հետո կրակում նախ աղջկա, ապա՝ իր վրա։ Կրակոցից հետո Ժերմենն ապրում է, Կասահեմասը մահանում է սեփական քունքին արձակած կրակոցից, 20 տարեկանում։

«Փարիզյան այս ողբերգությունից» հետո Պիկասոն վերադառնում է Ֆրանսիա, շարունակում աշխատել իր ու ինքնասպան եղած ընկերոջ համատեղ ստուդիայում, և նկարում Կասահեմասի բազմաթիվ դիմանկարներ՝ Կապույտ շրջանին բնորոշ բոլոր դեպրեսիվ երանգներով՝ «Կասահեմասի մահը» (Death of Casagemas), «Կասահեմասի թաղումը» (The Burial of Casagemas)։

Բայց նա Պիկասոն էր, հետևաբար նաև սիրավեպ է ունենում Ժերմենի հետ, մի կնոջ, որի մերժումից հետո ընկերն ինքնասպան էր եղել։

Այս շրջանում արտիստի գործերի հիմնական կերպարները մարմնավաճառները, հարբեցողներն ու մուրացկաններն էին, կապույտով կտավները՝ լի հուսահատությամբ ու թախիծով։ Շատերն այս շրջանի «ամենավառ» գործը համարում են «Ծեր կիթառահարը», բայց մենք կանգ կառնենք «Կյանքի» (‘’La vie’’, ֆր.) վրա, որտեղ կին կա, մայրություն, միայնություն, մելամաղձություն ու մահ, մի խոսքով՝ կյանք է:

Ի սկզբանե Պիկասոն որոշել է կնոջը փաթաթված երիտասարդ տղամարդու կերպարն իր նմանությամբ ստեղծել, հետո փոշմանել ու ընկերոջ դեմքով է նկարել։ Այս կտավը Կասահեմասի ինքնասպանությունից 2 տարի հետո է ստեղծվել ու, անշուշտ, իր տրամադրությամբ տարբերվում է նրա մահվանն անմիջապես հաջորդած գործերից։

Ենթադրվում է, որ մերկ պոետ-նկարչին փաթաթված կինը հենց Ժերմենն է, իսկ Պիկասոն «Կյանքում» իր ընկերոջը պատկերել է այնպես, ինչպես նա ցանկացել էր ապրել՝ Ժերմենի հետ, նրա գրկում։

Հետաքրքիր է, որ Կասահեմասի ձախ ձեռքն այս նկարում կրոնական սիմվոլիկայով է։ Մատների այս ժեստն ասոցացվում է հարությունից հետո Հիսուսի խոսքի հետ՝ ուղղված Մարիամ Մագդաղենացուն․ Noli me tangere, ինչը կարող է թարգմանվել «Մի՛ դիպչիր ինձ», «դադարիր կառչած լինել ինձնից»։ Կասահեմասի ձեռքի ժեստը կարող է ուղղված լինել ընտանիքին, ընկերներին ու անգամ հենց իրեն Պիկասոյին՝ դադարելու սգալ նրա մահը։

Կապույտի մեջ թաղված այս նկարում իրար փաթաթված զույգին հակադրվում է կինը՝ երեխան գրկին, առաջարկվում է նաև կնոջ կերպարը դիտարկել Էդիպյան կոմպլեքսի պրիզմայով, կամ նկարում ստեղծված կերպարներին նայել «կյանքի ցիկլի» տեսանկյունից։

1904-ին Պիկասոն վաճառում է «Կյանքը», նույն թվականին՝ ավարտելով իր Կապույտ շրջանը։ Դրանից հետո այս կտավը հանրային տեսադաշտից դուրս է գալիս ու հայտնվում միայն 1945-ին։

Ինքը՝ Պիկասոն ասում էր՝ «գույները դիմագծերի պես են՝ հետևում են զգացմունքների փոփոխությանը»․ հիշեք այս խոսքերը՝ Կապույտ շրջանի նկարները նայելիս։

ԿԱՊՏԱԾ ՓԵՐՖՈՐՄԱՆՍ․ ԻՎ ՔԼԵՅՆԻ ՆԵՐԿԸ

Նոր ռեալիզմի (Nouveau reali) շարժման առաջատար անդամներից մեկը՝ ֆրանսիացի Իվ Քլեյնը նաև փերֆորմանսի (performance, կատարում, ներկայացում, ելույթ) պիոներներից էր ու կապույտի հայրերից։ Եթե Պիկասոյի դեպքում տեսանք կապույտը կտավի վրա, Քլեյնն այլ բան է առաջարկում՝ չունենալ սահմաններ։ Նա հենց այդպես էլ ասում էր՝ «Կապույտը սահմաններ չունի»՝ պոկելով գույնը, տարածելով ու հեգնելով՝ իր ձևով։

Քլեյնը, թերևս, կապույտն իր «անունով է արել». նա հայտնի է որպես International Klein Blue (IKB)-ի «ստեղծող», մուգ կապույտով են ստեղծված նրա տասնյակ գործեր։ 1960-ի մայիսին Քլեյնը IKB-ի ֆորմուլան գրանցել է իր անունով, սակայն այդպես էլ չպատենտավորեց այն։

Ընդամենը 34 տարի ապրած Քլեյնը, IKB-ով ու առանց դրա, արվեստի հիշվող ու քննարկված գործեր է ստեղծել․ արվեստի քննադատ Փիթեր Շելդալի (Peter Schjeldahl) գնահատմամբ՝ Քլեյնը ֆրանսիացի «վերջին արտիստն էր միջազգային մեծ ազդեցությամբ»:

Քլեյնի մասին միանշանակ դիրքորոշում չկա(թերևս՝ ոչ մեկի մասին էլ դա չկա)․ որոշ քննադատներ նրան համարում են կոնցեպտուալ արվեստի հիմնադիրներից մեկը՝ պնդելով, որ նա հող է նախապատրաստել իրեն հաջորդած նկարիչների համար, որոշներն էլ նրան մեղադրում էին, թե նկարիչն այնքան էլ գիտակաբար չի մոտենում իր արածին։

Ձյուդոյում սև գոտի ունեցող Քլեյնը 20-րդ դարի առաջին կեսում մերկ մոդելների էր «կապտեցնում» ու սեղմում սպիտակ կտավին, իր ցուցադրությունից առաջ Փարիզի երկինք էր բաց թողնում 1001 փուչիկ՝ հելիումով լցված, նայում էր երկնքին ու հայտարարում՝ դա իր առաջին ստեղծագործությունն է, դատարկ դահլիճում ցուցադրություն կազմակերպում։ Այս արվեստի ակցիաները, սակայն, երբեմն գլխագիր, մեկնաբանություն էին ունենում՝ բացելով Քլեյնի միտքը հանդիսականի առաջ։

Նկարիչն իր կապույտներին անուններ չէր տալիս, Քլեյնի մահից հետո՝ 1962-ին նրա կինը արեց դա՝ համարակալելով IKB 1-ից մինչև IKB 194-ը՝ առանց պահպանելու աշխատանքների ժամանակագրական հաջորդականությունը։

Քլեյնի, թերևս ամենահայտնի փերֆորմանսներից մեկը կապույտի ու կնոջ մասնակցությամբ էր․ իր Anthropometries շարքի համար նկարիչը որպես «վրձին» կանացի մերկ մարմիններն էր «օգտագործել», իսկ գործերի ստեղծման ընթացքում սիմֆոնիկ նվագախումբը 20 րոպե միատոն նոտա էր նվագել, ապա ևս 20 րոպե գործողությունները լռությամբ էին պատվել։

Ասում են՝ մարմինը որպես միջոց օգտագործելու Քլեյնի գաղափարը մասամբ ծագել է ձյուդոյի իր պարապմունքներից, երբ տեսել է, թե ինչպես է գորգի վրա մնում մարմնի հետքը։ Եվ հետո, իր ընկերոջ բնակարանում արդեն առաջին անգամ «փորձարկել» է կտավն ու մոդելը՝ կապույտով։

1970-ականներին (եվ դրանից հետո էլ) ֆեմինիստները Քլեյնին մեղադրեցին կնոջ մարմինն օգտագործելու համար։ Իրենք՝ մարմինների սեփականատերերը, սակայն, իրենց հուշերում թեմային բոլորովին այլ աչքերով են նայում ու շնորհակալություն հայտնում նկարչին։

«Որքան էլ տարօրինակ թվա, ես իրականում վաճառել եմ մի շարք պատկերավոր, ոչ նյութական վիճակներ»,- Քլեյնն ինքն էր ասում։

Ու, թերևս, հենց սա է պատճառը որ նրան մեկ շառլատան են համարում, մեկ՝ հանճար։

Եվ վերջում, որպես կապույտի հետ ասոցացիայի ամփոփում, առաջարկում ենք դիտել/վերանայել ռոմանտիկ ու գիտաֆանտաստիկ The Eternal Sunshine of Spotless Minde-ը, որտեղ Քեյթ Ուինսլեթի կապույտ մազերը՝ Ջիմ Քերիի հերոսի հանդեպ սառող սիրո խորհրդանիշ են։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN