Մանեից մի կապ ծնեբեկ առած մարդը, Կարավաջոյի նատյուրմորտի հասած թզերը ու Ռուդոլֆ II-ի դեղձ դեմքը
Սնունդը, անշուշտ, մշտապես կարևոր դեր է ունեցել սոցիալական ու մշակութային, այսպես ասած, lifestyle-ում․ այն, ի վերջո, գոյության ամենակարևոր պայմաններից մեկն է։
Հին եգիպտական բուրգերից մինչև իմպրեսիոնիստների կտավներ ու աշխարհին հայտնի նատյուրմորտներ՝ սնունդը մարդուն ուղեկցել է ամենատարբեր համատեքստերում՝ դիրք կամ հավատալիք, էրոտիկա, էկզոտիկա, ավանդույթ, կրոն, քաղաքականություն ու ոչ միայն։
Ուտելու մշակույթն այնքան հին է և ընդգրկուն, որ դրան մի առանձին լրագրողական «շվեդական սեղան»՝ լոնգրիդ արժե հատկացնել՝ ամենայուղոտ պատառներով ու եռացող թեմաներով։
Մեր այս երեքշաբթին, սակայն, դուր կգա և՛ ձեզ, և՛ ձեր բուսակեր ընկերներին։ PAN-ն այսօր պատմում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակութային հետքի ու ենթատեքստի մասին․ ինչու է ծնեբեկն այդքան հարգի կտավներում, ում են պատկերում այն «դդում-թուզ» աչքն ու հոնքը, ինչպես ստացվեց, որ միրգն ու բանջարեղենը թրենդային են ու այդքան sexy ոչ միայն սոցիալական ցանցերի «խորը հոգով» ֆուդ-բլոգերների մոտ, այլև կտավներում։
Իհարկե, միշտ չէ, որ սիրտդ կանաչ է ուզում, բայց համաձայնեք՝ երբեմն բանջարեղենն աչքի առաջից հեռացնելու ու դրանից ազատվելու ամենաօպտիմալ ձևն այն ուտելն է: Իսկ ախորժակն ուտելիս է բացվում։ Սա հատկապես արդարացնում են գիտնականները՝ ասելով, թե բանջարեղենի հաճախակի օգտագործումը մարդուն ավելի գրավիչ է դարձնում։
Իսկ պատմությունն այս բավականին հին է․ Ռաֆայելից (1483–1520թթ.) սկսված ու Կարավաջոյով (1571–1610թթ.) ավարտված ժամանակաշրջանին են վերագրվում թզի, դեղձի, սեխի, դդմի էրոտիկ «ակնարկները»։
16-րդ դարում Ջանբատիստա Դելլա Պորտայի կիսագիտական Phytognomica աշխատանքում մարդկային մարմնի տարբեր մասերի հետ էին համեմատվում միրգ-բանջարեղենը՝ համեմվելով տարբեր իլուստրացիաներով։ Ընդհանրապես, որոշ բույսերի մարդակերպ լինելու մասին կարծիքը նաև կրոնական ենթատեքստ է ունեցել՝ այդպիսով փորձելով ամրապնդել ամեն ինչի աստվածաստեղծ բնույթը։
Ռենեսանսի վիրտուոզ Ռաֆայելի կենսագիր Ջորջո Վազարին (նա ոչ միայն գեղանկարիչ էր ու ճարտարապետ, այլև գրող՝ Վերածննդի շրջանի ամենահայտնի արտիստների կենսագիրն է եղել) իր Life of the Artist գործում ակնհայտորեն աստվածային ենթատեքստ չի դնում Ռաֆայելի հանրահայտ որմնանկարներում։
Մրգերով ու բանջարեղենով հարուստ կոմպոզիցիաները և դրանց վերագրվող սեռականացված ակնարկները 15-16-րդ դարերից սկսած կարելի էր գտնել ամենապատկառելի վայրերում, անգամ ՝ եկեղեցիներում ու մատուռներում։ Սա հատկապես ակտուալ էր այն ժամանակվա Իտալիայի հյուսիսում՝ հեռու գրաքննիչների աչքից։
Օրինակ՝ Տիցիանի հետևորդներից մեկը՝ Նիկոլո Ֆրաջիպանեն (Niccolò Frangipane) իր «Աշնանային ալեգորիայով» (Allegory of Autumn) քիչ բան է թողնում երևակայությանը՝ պատկերելով արդեն բացահայտ սեռական փոխաբերություններ։
16-րդ դարում աճած սննդի և սեռականության թեման նաև ծաղրական, կատագերգական, հումորային ենթատեքստերով էր լեցուն․ այն արտահայտվել է գրական երբեմն կոպիտ, երբեմն զգացական, երկիմաստ ակնարկներով։ Ահա այդպես էին թեմային մոտենում նաև Հռոմում հայտնի Accademia dei Vignaiuoli-ի անդամները՝ բերքահավաքը տոնելով իրենց գործերով՝ հիմնված սեռականացված ակնարկների վրա։
ԿԱՐԱՎԱՋՈՅԻ ՏԵՍՈՂԱԿԱՆ ԲԱՌԱԽԱՂԸ․ ԲԱԶՄԻՄԱՍՏ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ
Կերպարվեստում էրոտիզացված նատյուրմորտի «տոնական սեղանը» գցվել է Կարավաջոյի ձեռքով։ Իտալացուն վերագրվող Still Life with Fruit on a Stone-ը համարվում է այս թեմայի գագաթնակետը։
Բնավորությամբ տաքարյուն, բռնկուն Կարավաջոն միրգ ու բանջարեղենի 17 տեսակ է նկարել՝ ներառելով դրանք իր տասնյակից ավելի կտավներում։ Բուսաբանները պնդում են, որ արտիստի գործերն ինֆորմացիա են տալիս նաև 16-րդ դարի այգեգործության մասին՝ մատնանշելով եղած խնդիրները, պտուղներին պատահած հիվանդությունները։
Ակնարկ կա, թե այս պատկերների մեծ մասում պտուղները կրում են պատկերագրական նվազագույն նշանակություն, բայց նույնն ասել չի կարելի քարերի եզրին մնացած այս նատյուրմորտի մասին․ այն ակնհայտորեն սեռականացված է, իսկ նկարի մասին արվեստաբանների մեկնաբանությունները երկրորդ կարծիք չեն թողում։
Կարավաջոյի բուռն կյանքի հերթական շրջանի հետ է համընկել այս կտավի թվագրությունը, սակայն նաև ակնարկներ կան, որ գործը, գուցե, մեղմասացություն է՝ առաջին անգամ Դանթեի մոտ երևացած անպարկեշտ ժեստի։
Ինչպիսին էլ լինի այս կտավի մեկնաբանությունը, Կարավաջոյի սադրիչ պտուղներն առաջին հերթին դիտարկվում են որպես թեմայի հասունացում, իսկ գործը թվագրվում է նկարչի կարիերայի ամենաբեղմնավոր հատվածին։
Մրգերի ու բանջարեղենի այս կոմպոզիցիան, ասում են՝ բարդ դասավորություն ունի ու, պետք է որ, շատ ժամանակ խլած լինի նկարչից։
Կարավաջոյի մյուս գործերի համեմատ, լույսն այս կտավում ավելի շատ է․ լույսի ու ստվերի հետ վարպետորեն խաղացած նկարիչն այստեղ շեղվել է դրամատիզացիայի իր կիսախավար խաղից՝ լույս վառելով պտուղ-բանջարեղենի ընդգրկուն տեսքն ապահովելու համար։
Հավանական է համարվում, որ Կարավաջոն այս կտավը նկարած լինի իր տանը, ասում են նաև, որ հենց այս շրջանում նա տանտիրոջ հետ կոնֆլիկտ է ունեցել առաստաղի վրա անցքեր բացելու պատճառով․ իսկ նկարիչն արել է դա՝ կտավներում լույս ու ստվերը ճիշտ «կազմակերպելու» համար։
Կյանքի, պտղաբերության 87.2×135.4 չափսի այս գործն անվանում են «երկրային հրճվանքների իսկական ցայտաղբյուր»՝ բայցև հակադրելով ներկայացված կենսականությունն այն ճաքճքած քարին, որի վրա փաստացի այս կտավի բոլոր գլխավոր «հերոսներն» են։
Այս գործի ստեղծումը նաև մրցակցային ակնարկ է համարվում՝ նկարչի նախորդներին․ 160-էջանոց Caravaggio. Still Life with Fruit աշխատանքում հղում է արվում նկարչի հակմանը՝ մրցելու իր ամենահայտնի նախորդների հետ (նատյուրմորտի դաշտում՝ Վազարիի, Ուդիներիի), ու մանրամասնորեն անդրադառնում այս գործի բոլոր կողմերին։
Նույն տեղում պնդում կա նաև, թե սա կարող է մեղմ ակնարկ ու ապտակ լինել Կարավաջոյի ոխերիմ մրցակիցներին՝ Ֆեդերիկո Ցուկարիին, Ջիովանի Բագլիոնեին՝ ասոցացնելով նրանց պատկերներից որոշների հետ։
«Still Life with Fruit on a Stone Ledge-ը Կարավաջոն ստեղծել է, որովհետև գիտեր, որ այն կգնահատվի հումանիստների կողմից, որոնք արժևորում են պոեզիայի և գեղանկարչության մեջ շարունակական մրցակցությունը, և որոնք խուսափում են հին տեսությունները պարզապես վերափոխելու գաղափարից»,- եզրափակում է հեղինակը։
Միրգ ու բանջարեղենի այս նատյուրմորտը, չնայած հեղինակի ամենաքննարկվածներից է, բայց ինչպես հիշեցրինք՝ միակը չէ։
ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՐԿ Է ԲՈՒՅՍԵՐԻՑ․ ԱՐՉԻՄԲՈԼԴՈՅԻ ՄԱՐԴԿԱՅՆԱՑՎԱԾ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԸ
Իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոն (1527-1593թթ.) իր առանձնահատուկ ոճով է մոտեցել արքունական դիմանկարին ու կերպարվեստին առհասարակ։
Թագավորին ուղղակիորեն ծաղկեցնելու այս փորձն արվել է 16-րդ դարավերջին՝ կնքելով այն հռոմեական աստծո պատվին՝ Վերտումնուս։
Վերտումնուսը (Վերտումն) Հռոմեական դիցարանում եղանակների, բույսերի աճի, ինչպես նաև այգիների ու պտղատու ծառերի աստվածն էր՝ հայտնի իր կերպարանափոխվելու ուժով։ Լեգենդի համաձայն, Վերտումնուսն իր հենց այդ տաղանդն օգտագործելով էլ գայթակղեց պտղաբերության ու առատության աստվածուհուն՝ Պոմոնային։
Իտալացի նկարիչը Հռոմեկան կայսրի այս դիմանկարը ստեղծել է Միլանում՝ կազմելով այն ծաղիկներից, պտուղներից ու բանջարեղենից՝ այդպիսով արտահայտելով իր տեսակետը կատարյալ հավասարակշռության, բնության հետ ներդաշնակության ու նաև թագավորի մասին։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ միրգ-բանջարեղենը 16-րդ դարում ասոցիատիվ բազմաթիվ շեղումների կարող էր տանել (Ռաֆայելից մինչև Կարավաջո), կարող էր նաև խիստ սեռականացված կոնտեքստ ունենալ, ապա առնվազն հետաքրքիր է, որ այս գործն այդ կոնտեքստում չի մեկնաբանվում ու կտավը հավանել է նաև ինքը՝ թագավորը։
Վերջինիս դիմանկարն այստեղ ներառում է դդում, տանձ, խնձոր, խաղող, թուզ, կաղամբ ու տասնյակի հասնող այլ միրգ ու բանջարեղեն։
Ռուդոլֆ II անունը պատմության մեջ խառը ժամանակների, 30-ամյա պատերազմի պատճառների, արվեստի ու գիտության հովանավորության հետ է ասոցացվում։ Թագավորը Վերածննդի Պրահայի աստղագուշակության ու ալքիմիայի հաստատակամ նվիրյալներից էր։ Ասում են՝ նրա համար անձամբ Նոստրադամուսը հորոսկոպ էր պատրաստել, իսկ այժմյան Չեխիայի մայրաքաղաք Պրահան իր միստիկական համբավի (նախկինում ավելի շատ) համար հենց Ռուդոլֆ II-ին է պարտական։
Բնության բազմազանությունը մարդու մեջ ներդնելու Արչմբոլդոյի գործերը նրա անունից ու մյուս աշխատանքներից հայտնի են՝ առաջին հերթին, հենց արտասովոր մոտեցմամբ։ Նկարիչը բնությունն ու մարդկությունը փորձել է ամբողջացնել մեկ դիմանկարում՝ անդրադառնալով 4 տարերքին (կրակ, հող, ջուր, օդ), 4 եղանակին (գարուն, ամառ, աշուն, ձմեռ)։
ՄԻ ԿԱՊ ԾՆԵԲԵԿ՝ ՄԱՆԵԻՑ, ԵՎ ՈՒՐԻՇ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կուզեի՞ք ձեզ մի կապ ծնեբեկ նվիրեին, բայց նվիրողը Էդուարդ Մանեն լիներ։ Գայթակղիչ է հնչում, մանավանդ, որ Մանեն ծնեբեկ նվիրել է իրոք։ Հիմա հերթով։
Էդուարդ Մանեի «Մի կապ ծնեբեկը» (ֆր․ Botte d’asperges), հավանաբար աշխարհի ամենահայտնի ու թանկարժեք բանջարեղենի կապն է։ 1880-ին բանջարեղենի այս փունջը հայտնի իմպրեսիոնիստը նկարել է կոլեկցիոներ Շարլ Էֆրուսիի համար (Charles Ephrussi): Ասում են՝ այս գործի համար նախապես պայմանավորված 800 ֆրանկի փոխարեն կոլեկցիոները Մանեին է փոխանցել 1000 ֆրանկ․ պատճառը ծնեբեների պատճառած հիացմունքն էր։
Իր կյանքի վերջին տարիներն ապրող նկարիչն այդ ժամանակ որոշել է պարտքի տակ չմնալ ու մի թեթև էլ հեգնելու ավել փոխանցված 200 ֆրանկը․ Մանեն մի «մինուճար» ծնեբեկը մի ամբողջ կտավի մեջ է տեղավորել և ուղարկել կոլեկցիոներին՝ «Մեկը, կարծես, փախչել էր Ձեր կապից» գրությամբ։
Մանեն, ասում են՝ կյանքի վերջին տարիներին հաճախ էր ընկեր-բարեկամներին միրգ-բանջարեղենի նկար նվիրում։ Դրանցից ոչ մեկ, սակայն, ծնեբեկի չափ հայտնի չէ։
Իսկ բուն ծնեբեկի թեման, իհարկե, զարմանալի չէ, բայց ավելի հին է։ Պատմություն կա այն մասին, թե Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIV-ն անձամբ է ծնեբեկին «բանջարեղենի թագավոր» կոչել․ սա կարող է այս փոքրիկ ցողունի պոպուլյարության ու արվեստի գործերում ներկայացվածության պատճառներից մեկը լինել։
Նիդերլանդական արվեստում ծնեբեկի ներկայացվածությունը շքեղության, բարգավաճման և առատության հետ է ասոցացվել։
Կարծիք կա, որ Մանեի ոգեշնչումը հոլանդական, ֆլամանդական արվեստից է եկել, վեջիններս էլ, իհարկե, միրգ-բանջարեղեն նկարելու ու այն իմաստավորելու պիկից՝ Վերածննդիի շրջանից էին ոգեշնչվել։ 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Ադրիեն Կուրտեն (Adriaen Coorte), օրինակ, ծնեբեկն ամենաշատը պատկերած նկարիչներից է համարվում։
Մինչ Կուրտեի ժամանակակիցները ջանք չէին խնայում սեղանը շքեղորեն դասավորելու վրա, նա նախընտրում էր նատյուրմորտի կենտրոնական «կերպարներին» թողնել սեղանի եզրին. ասում են՝ կյանքի անորոշությունը խորհրդանշելով։
Կուրտեից շատ առաջ՝ Հին Հռոմում ու հատկապես Պոմպեում ծնեբեկը համարվում էր բերրիության խորհրդանիշ։
Բազմաթիվ պատկառելի ընտանիքներ այն պատկերել են իրենց տների պատերին՝ որպես որմնանկար կամ խճանկար։ Ի հակադրություն այս շքեղության ու հարստության մասին ակնարկների՝ ծնեբեկը նաև խոնարհության բաղադրիչ է ենթադրում․ ինչպես, օրինակ՝ Քրիստոսին ու աշակերտներին պատկերող «Ընթրիք Էմմաուսում» կտավում։
Արվեստի աշխարհում, սակայն, ծնեբեկի «կյանքի ֆալիկ փուլն» է ուսումնասիրված։ Օրինակ՝ 17-րդ դարի բուսաբան Նիկոլա Քուլպեպերը (Nicholas Culpepper) գրում էր, թե «կնոջ ու տղամարդու միջև սեռական ցանկության առաջացման պատճառ է» ծնեբեկը։
Գիտական այս մեկնաբանությունն էլ գուցե պատճառ է դարձել բանջարեղենի խորհրդանշական ակնարկների համար։
Համանման ակնարկները հասել են մինչև 20-րդ դարասկիզբ․ այդ մասին է պատմում նաև Մաքս Էռնստի «Լուսնի ծնեբեկը» (ֆր․ Les Asperges de la Lune) քանդակը։
Հնազանդություն, առատություն, մայր բնություն ու հավասարակշռություն, թե մեկ ուրիշ բան են խորհրդանշում միրգն ու բանջարեղենը․ սա պատմության միայն մի կողմն է։ Այսօր արվեստի պատմաբանները, գիտնականները նաև կտավներով են փորձում հասկանալ բույսերի էվոլյուցիան, սննդի պատմությունը։ Այս թեմային են 2020-ին հետևել Բելգիայից կենսաբան Իվ դե Սմեթը և արվեստի պատմաբան Դեյվիդ Վերաուվեն։
Գիտնականների կարծիքով արվեստի գործերը բույսերի էվոլյուցիայի ուսումնասիրման համար հասանելի և հասկանալի աղբյուրներ են, ի հակադրություն, օրինակ, հնագիտական աղբյուրների, որոնք հաճախ կախված են լեզվական կոնտեքստից ու համատեքստից։
Մի խոսքով՝ առաջին կնոջ խնձոր ուտելուց, մինչև Առնոլֆինիների պատուհանագոգի նարինջներ և սոցցանցերի էմոջիներ․ վիտամիններով հարուստ այս թեման բազմաբովանդակ կերպով ուսումնասիրելու գայթակղությունը չմարող է։