Կարդալիքներ PAN-ից
Yesterday

Մակրոնի կնոջ սեռը, դատարանի որոշումն ու դավադրության տեսությունները. Ինչու Բրիջիտ Մակրոնը պիտի «ապացուցի», որ կին է

Կարծում էինք, թե դավադրության տեսություններ հորինելիս, մահացած մարդկանց կենդանացնելիս ու մարդու սեռը փոխելիս հայերից ավելի վառ երևակայություն ունեցող չկա։ Ու, անշուշտ, մեզ դուր է գալիս ամեն տեղ «առաջինը» լինելու այս մոլուցքը։ Բայց արի ու տես, որ ֆրանսիացիներն այս պայքարում հաղթող են ճանաչվում։ Տարիներ շարունակ պնդում են, որ իրենց երկրի առաջին տիկինն իրականում ոչ թե տիկին է, այլ տղամարդ։ Ու այս գործն անգամ դատարան է հասել։ Այնպես որ, եթե որևէ տեղ կարդացել եք, որ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը դատարանում պետք է ապացուցի, որ կին է, ապա դա ամենևին էլ fake news չէր։

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Ֆրանսիայի առաջին տիկնոջ անունը վերջին տարիներին ոչ այնքան նորաձևության մասին պատմող ամսագրերում էր կամ կրթական նախաձեռնությունների շուրջ քննարկումներում, որքան դավադրությունների, կիբերոտնձգության և դատարանների շուրջ պատմությունների կիզակետում։ Բրիջիտ Մակրոնը՝ Էմանուել Մակրոնի կինը, արդեն տարիներ շարունակ մի անհեթեթ պնդման թիրախ է դարձել՝ իբր ծնվել է տղամարդ և հետագայում փոխել սեռը։ Այս տեսությունը, որ սկզբում թվում էր սոցիալական ցանցերի հերթական մարգինալ մոլորությունը, աստիճանաբար վերածվեց քաղաքականացված քարոզչության, մեդիա շոուի և ի վերջո՝ մի շարք դատական գործընթացների՝ թե՛ Ֆրանսիայում, թե՛ ԱՄՆ-ում։

Այս պատմությունը սկսվել է դեռ 2017 թվականին, երբ Էմանուել Մակրոնը դարձավ Ֆրանսիայի նախագահ։ Նոր նախագահը ոչ այնքան պահպանողական կենսագրություն ուներ ու այդ համատեքստում հատկապես ընդգծվում էին կնոջ հետ հարաբերությունները։ Կնոջ հետ տարիքային տարբերությունը 24 տարի է, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Բրիջիտը Մակրոնի ուսուցչուհին է եղել։ Այս ամենը բավական էր, որպեսզի նախագահական զույգը հայտնվեր քննադատության ու անգամ բացահայտ զրպարտության կենտրոնում։ Սոցիալական ցանցերում և ծայրահեղ աջ հարթակներում սկսեցին շրջանառվել պնդումներ, թե Բրիջիտ Մակրոնը իրականում «գոյություն չի ունեցել», իսկ նրա ինքնության հետևում իբր թաքնված է նրա եղբայրը՝ Ժան-Միշել Տրոնյոն։

Սկզբում այդ պնդումները տարածվում էին սահմանափակ շրջանակներում, բայց 2021 թվականին դրանք կարծես նոր թափ ստացան։ Այդ տարի համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ երկու կին իրենց ներկայացնում էին որպես «անկախ լրագրող» և «հոգևոր մեդիում»։ Նրանք պնդում էին, թե իրենք բացահայտել են «մեծ գաղտնիքը»։ Տեսանյութը լայնորեն տարածվեց, հազարավոր դիտումներ ունեցավ և դարձավ այս տեսության առաջնային աղբյուրը։ Հետագայում այն կրկնվեց տարբեր ձևակերպումներով, տարբեր լեզուներով ու տարբեր երկրներում։

Բրիջիտ Մակրոնի համար սա փաստացի այլևս միայն զրպարտություն չէր։ Խոսքը միայն սեռի մասին չէր։ Տեսության մեջ կային նաև ակնարկներ Բրիջիտի և ամուսնու  «անբարո» հարաբերությունների մասին, պնդումներ, թե տարիքային տարբերությունը «պեդոֆիլիայի նշան» է, իսկ որոշ դեպքերում՝ անգամ մեղադրանքներ՝ «գաղտնի էլիտար խմբերին» անդամակցության վերաբերյալ։ Այս ամենը վերածվեց համակարգված կիբերոտնձգության։

ԳՈՐԾԻՆ ԽԱՌՆՎՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆԸ

2024 թվականին Բրիջիտ Մակրոնը պաշտոնապես բողոք ներկայացրեց Ֆրանսիայում, ինչի արդյունքում հետաքննություն սկսվեց։ Ու ահա մեր այս անդրադարձի գլխավոր առիթը՝ Փարիզի դատարանը վերջապես որոշում է կայացրել։ Դատարանը այս գործով մեղավոր է ճանաչել տասը մարդու՝ ութ տղամարդու և երկու կնոջ, որոնք տարիներ շարունակ մասնակցել էին Բրիջիտ Մակրոնի դեմ ուղղված կիբեռոտնձգությանն ու կեղծ տեղեկատվության համակարգված տարածմանը։

Դատարանի եզրակացությունը նշում է, որ խոսքը ոչ թե ազատ արտահայտվելու, այլ նպատակային վնաս հասցնելու մասին էր։ Մեղադրյալները տարածել էին սուտ պնդումներ Ֆրանսիայի առաջին տիկնոջ սեռի և սեռական կողմնորոշման վերաբերյալ, ինչպես նաև վիրավորական ու նվաստացուցիչ մեկնաբանություններ նրա և Էմանուել Մակրոնի 24 տարվա տարիքային տարբերության շուրջ։ Դատարանը արձանագրել է, որ այս գործողությունները չարամիտ բնույթ են կրել և մեկ հստակ նպատակ են ունեցել՝ հրապարակային նվաստացում։

Մեղադրյալների սոցիալական պատկերը ինքնին բացահայտում է, թե որքան լայն շերտեր էր ներգրավել այս արշավը։ Նրանց թվում կան պաշտոնյա, ուսուցիչ, պատկերասրահի սեփականատեր, հասարակայնության հետ կապերի մասնագետ, ինչպես նաև ինտերնետում «հոգևոր մեդիում» ներկայացող կին։ Տարիքային առումով նրանք 41-ից 65 տարեկան էին՝ այսինքն սրանք մարդիկ էին, որոնք գիտակցաբար մասնակցել էին տեղեկատվական հարձակմանը։ Դատարանը նրանց մեծ մասին դատապարտել է պայմանական ազատազրկման՝ մինչև ութ ամիս ժամկետով։ Մեկ անձ անմիջապես ձերբակալվել է դատարանի դահլիճում՝ նիստին չներկայանալու համար, իսկ մի քանի մեղադրյալների սոցիալական ցանցերի հաշիվները դատարանի որոշմամբ արգելափակվել են։

Այս գործով դատավորի ձևակերպումը խիստ առանցքային է։ Նա ընդգծել է, որ մեղադրյալները գործել են «ակնհայտ վնաս պատճառելու մտադրությամբ» և գիտակցել են իրենց գործողությունների հետևանքները։ Սա կարևոր սահմանագիծ է, որովհետև դատարանը փաստացի արձանագրում է, որ Բրիջիտ Մակրոնի շուրջ տարիներ շարունակ շրջանառվող պնդումները չեն կարող դիտարկվել որպես պարզապես կասկածներ կամ լրագրողական հետաքրքրասիրություն։

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ

Բայց այս պատմությունը միայն Ֆրանսիայով չի սահմանափակվում ու արդեն վաղուց դուրս է եկել երկրի սահմաններից։ Այս ցանկում առաջինն, իհարկե, Միացյալ Նահանգներն է, որտեղ նմանատիպ դավադրության տեսությունները հաճախ նոր շունչ ու նոր լսարան են ստանում։ Ու այստեղ պատմության առանցքային կերպարներից մեկն է դառնում ամերիկացի բլոգեր և մեդիա դեմք Քենդիս Օուենսը։ Նա տարիներ շարունակ իր հարթակներում կրկնել է նույն պնդումները ու ներկայացրել դրանք որպես լուրջ հետաքննություն։

Օուենսը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է «իր ամբողջ մասնագիտական հեղինակությամբ պնդել» այս տեսության հավաստիությունը, անգամ Մակրոնների ընտանիքին նվիրված հատուկ փոդքասթների շարք է սկսել։ Նրա խոսքը միլիոնավոր մարդիկ են լսում, իսկ տեսություններն ակտիվորեն տարածվում են ԱՄՆ-ում ու դրա սահմաններից դուրս։

Այսպիսով Օուենսը պարզապես վերցրեց Ֆրանսիայում արդեն շրջանառվող դավադրության տեսությունը և հարմարեցրեց այն ամերիկյան մեդիա տրամաբանությանը՝ ավելի աղմկոտ վերնագրեր, ավելի սենսացիոն պնդումներ, ավելի շատ «բացահայտումներ»։ Նրա հաղորդումներում Բրիջիտ Մակրոնի կենսագրությունը ներկայացվում էր որպես գլոբալ քաղաքական սկանդալի առանցք, իսկ տեսությունը՝ իբր «դարի ամենամեծ գաղտնիքներից մեկը»։

Օուենսը պնդում էր, թե առաջին տիկնոջ երիտասարդ տարիների լուսանկարները կամ շատ քիչ են, կամ «կասկածելի», հարց էր տալիս, թե ինչու է որոշ լուսանկարներում նրա վիզը փակ, իսկ որոշ դեպքերում փորձում էր համոզել, թե հին նկարներում երևացող աղջիկը Բրիջիտը չէ։ Նրա վարկածով՝ իրական Բրիջիտ Մակրոնը իբր անհետացել է դեռևս 1960-ականներին, իսկ նրա ինքնությունը «յուրացրել» է եղբայրը՝ Ժան-Միշել Տրոնյոն։

Երբ փաստերը չէին բավարարում, գործի էին դրվում ենթադրությունները, ձայնի համեմատությունները, լուսանկարների «թվային վերլուծությունները» և նույնիսկ 1970-ականների մի հին տեսագրություն, որտեղ ինչ-որ անձ ներկայացվում էր որպես տրանսգենդեր։ Ըստ Օուենսի՝ ձայնի նմանությունը բավարար էր եզրակացություն անելու համար։

Էմանուել և Բրիջիտ Մակրոնները բազմիցս փորձել են իրավական ճանապարհով կամ ուղիղ կապի միջոցով հասնել նրան, որ այս նյութերը հեռացվեն, բայց բոլոր փորձերը ձախողվել են։ Արդյունքում նախագահական զույգը որոշել է դիմել ամերիկյան դատարան։

Ներկայացված հայցն ավելի քան երկու հարյուր էջ։ է Այն նկարագրում է, թե ինչպես է Օուենսը հետևողականորեն անտեսել բոլոր ստուգված փաստերը, գիտակցաբար հարթակ տրամադրել հայտնի դավադրապաշտներին և շարունակել տարածել կեղծ պնդումներ՝ արդեն ոչ միայն Բրիջիտ Մակրոնի, այլ նաև ամբողջ ընտանիքի մասին։

Օուենսի արձագանքը խիստ կանխատեսելի էր։ Նա հայտարարեց, թե օտարերկրյա կառավարությունը փորձում է ճնշել «անկախ ամերիկացի լրագրողի» խոսքի ազատությունը և խոստացավ շարունակել իր գործունեությունը։ Նրա կողմնակիցների համար սա ևս մեկ «ապացույց» դարձավ, որ գործ ունեն մեծ գաղտնիքի հետ։

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԵՆՔ

Այս պատմության մեջ ուշագրավ է նաև այն, թե ինչպես են նմանատիպ մեղադրանքները կրկնվում տարբեր երկրներում՝ նույն տրամաբանությամբ։ Բրիջիտ Մակրոնի դեպքը միակը չէ։ Նմանատիպ պնդումներ տարիներ շարունակ հնչել են նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի, քաղաքական գործիչների և հանրային այլ կանանց հասցեին։ Սեռի, սեռական կողմնորոշման շուրջ ապատեղեկատվությունը հաճախ օգտագործվում է որպես քաղաքական վարկաբեկման գործիք։

Մի շարք անկախ հետաքննություններ ցույց են տալիս, որ Բրիջիտ Մակրոնի շուրջ դավադրության տեսությունը հատկապես ակտիվացել է նախընտրական փուլերում։ 2022 թվականի նախագահական ընտրություններից առաջ այն նորց թրենդային դարձավ, տարածվեց հազարավոր օգտահաշիվների միջոցով և ուղեկցվեց հոմոֆոբ և ծայրահեղ աջ քարոզչությամբ։ Սա չխանգարեց Էմանուել Մակրոնին վերընտրվել, բայց մշտական տեղեկատվական աղմուկը պահպանվում է մինչև օրս։

Բրիջիտ Մակրոնի ընտանիքի պատմությունը փաստերով բազմիցս ներկայացվել է, գոյություն ունեն ընտանեկան լուսանկարներ, փաստաթղթեր, վկայություններ։ Առաջին ամուսնությունից Բրիջիտը երեք երեխա ունի, նրա եղբայրը ևս ողջ ու առողջ է։ Բայց ինչպես գիտենք՝ դավադրության տեսությունների տրամաբանությունը փաստերով չի սնվում։

Եթե այս ամբողջ պատմությունից հանենք անունները, քաղաքական կոնտեքստը և աղմուկը, կմնա բավականին պարզ մի սխեմա, թե ինչպես է ապատեղեկատվությունը ծնվում, սնվում ու տարածվում, երբ դրա համար կան հարմար պայմաններ։ իսկ ինչո՞ւ են հենց այսպիսի պատմությունները դառնում այդքան կենսունակ։ Պատասխանը թերևս շատ պարզ է։ Դրանք միաժամանակ խաղում են վախերի, նախապաշարմունքների և հետաքրքրասիրության լարերի վրա։ Սեռը, մարմինը, ընտանիքը, «գաղտնի էլիտաները»՝ այս բոլոր թեմաները շատ հեշտ սենսացիայի են վերածվում։ Եվ որքան ավելի անհեթեթ է պնդումը, այնքան ավելի երկար է այն քննարկվում։


✍️ Նանե Մանուկյան / PAN