Նատաշա անունով հնդիկ ծրագրավորողները. Ինչպես է Builder.ai-ը 8 տարի AI-ի անվան տակ աշխատացրել հարյուրավոր հնդիկների
2016 թվականին Լոնդոնում հիմնադրվեց մի ընկերություն, որը խոստանում էր հեղափոխություն անել ծրագրավորման աշխարհում։ Builder.ai-ը պնդում էր, որ հավելված ստեղծելը կարող է դարձնել այնքան հեշտ, որքան պիցցա պատվիրելը։ Այսինքն՝ բացի հարուստ ու խելացի այթիշնիկներից, հավելվածի կոդ կարող էին գրել նաև հասարակ պիցցա պատվիրող մահկանացուները։ Ընկերության հիմնադիր Սաչին Դև Դուգալը խոստանում էր, որ իրենց արհեստական բանականությունը՝ Նատաշան, կստեղծի բարդ հավելվածներ՝ առանց կոդ գրելու անհրաժեշտության։
Սխեման պարզ էր. Մուտք եք գործում կայք, ընտրում եք ձեր հավելվածի համար անհրաժեշտ ֆունկցիաները, իսկ հետո արհեստական բանականությունը ձեզ համար ստեղծում է ամբողջ ծրագիրը։ Հիանալի է հնչում, չէ՞։ Ներդրողները ևս այդպես էին մտածել և 8 տարվա ընթացքում այս ստարտափի մեջ ներդրել էին ավելի քան 445 միլիոն դոլար։ Իսկ այն ինչ եղավ հետո՝ տրագիկոմեդիայի ժանրից էր։
ԻՆՉՊԵ՞Ս ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ
Builder.ai-ի պատմությունը սկսվեց Սաչին Դեվ Դուգալի հիասթափությունից։ Նա տարբեր առիթներով տեսել ու համոզվել էր, թե որքան բարդ ու թանկ է ծրագրեր ստեղծելը։ Հետևաբար նրա լուծումը հանճարեղ էր թվում՝ վերցնել արդեն պատրաստ «կոդի սխեմաներ», աշխատեցնել ու միացնել դրանք արհեստական բանականության միջոցով, իսկ մարդիկ պարզապես կասեն, թե ինչ են ուզում ստանալ։
Builder Studio անունով հարթակն աշխարհին ներկայացավ Նատաշա անունով թվային օգնականի հետ։ Ընկերությունը պնդում էր, որ Նատաշան իսկական արհեստական բանականություն է, որը հասկանում է, թե ինչ եք ուզում և ձեր պահանջներով ստեղծում է հավելվածը։
Գաղափարն այնքան լավն էր, որ 2022 թվականին ընկերությունը հավաքեց 195 միլիոն դոլար, իսկ 2023 թվականի մայիսին՝ ևս 250 միլիոն։ Ներդրողների մեջ կային նաև տեխնոհսկաներ, օրինակ՝ Microsoft-ը, որը Builder.ai-ի տեխնոլոգիան նույնիսկ ինտեգրեց իր ամպային ծառայությունների մեջ։
Բայց ճշմարտությունից երկար ժամանակ չես կարող փախչել։ Ի վերջո, Wall Street Journal-ը բացահայտեց անհարմար ճշմարտությունը։ Պարզվեց, որ Նատաշան ոչ թե արհեստական բանականություն է, այլ... հարյուրավոր հնդիկ ծրագրավորողներ։
«ԲՆԱԿԱ՞Ն», ԹԵ՞ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երբ հաճախորդը մուտքագրում էր իր պահանջները, դրանք ոչ թե մշակվում էին արհեստական բանականության կողմից, այլ ուղարկվում էին Հնդկաստան, որտեղ իրական մարդիկ ձեռքով գրում էին կոդը։ Որոշ պարզ հաշվարկներ իսկապես ավտոմատ էին արվում, բայց հիմնական աշխատանքը հնդիկ ծրագրավորողների շնորհիվ էր հաջողում։
Ամենատարօրինակն այս պատմության մեջ գուցե այն է, թե ինչպես աշխարհի ամենախելացի ներդրողները չնկատեցին ակնհայտ նախանշանները։ Goldman Sachs-ը, Google-ը, Insight Partners-ը՝ բոլորը շարունակեցին ներդրումներ անել այս ընկերության մեջ անգամ 2019-ի սկանդալից հետո։
Կարծես AI բառը մոգական ուժ ու հմայք ուներ, որը կուրացնում էր բոլորին։ «Մենք AI ունենք», - ասում էին Builder.ai-ում, և ներդրողները հանում էին դրամապանակները։ Ոչ ոք չէր հարցնում՝ ինչու՞ է ձեր AI-ին այդքան շատ հնդիկ ծրագրավորող պետք։ Գուցե կարծում էին, որ եթե հնդիկները կարողանում են այնքան արագ աշխատել, որ մարդիկ մտածեն, թե արհեստական բանականության հետ գործ ունեն, ապա դա նույնիսկ լավ բիզնես կարող է դառնալ։
2023 թվականին Microsoft-ը դարձավ Builder.ai-ի ռազմավարական գործընկերը։ Microsoft-ի գլխավոր տնօրենը հետագայում պարծենում էր, որ իրենց որոշ նախագծերում կոդի 30 տոկոսը գրված է արհեստական բանականության կողմից։
ԿԵՂԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Բայց «հնդիկ Նատաշայի» մասին գաղտնիքն ամենասարսափելին չէր։ Bloomberg-ի նոր հետաքննությունը բացահայտել է, որ Builder.ai-ն ու հնդկական VerSe Innovation ընկերությունը, որը DailyHunt նորությունների հավելվածի մայր ընկերությունն է, զբաղվում էին «round-tripping» կոչվող պրակտիկայով։
Պարզ ասած՝ նրանք միմյանց վճարում էին գրեթե նույն գումարներն այն ծառայությունների համար, որոնք իրականում չէին էլ մատուցվում։ Builder.ai-ը հայտարարել էր, որ չորս տարվա ընթացքում հավելվածների մշակման համար VerSe-ից ստացել է գրեթե 60 միլիոն դոլար։ Իր հերթին Builder.ai-ը փող էր փոխանցում VerSe-ին՝ մարքեթինգային ծառայությունների համար։ VerSe-ի համահիմնադիրը Bloomberg-ի հարցմանն ի պատասխան գնացել էր հեշտ ճանապարհով՝ հերքել էր ամեն բան։ Ու նաև «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով մի թեթև մունաթ էր եկել։
Բայց պետք է ընդունել, որ Builder.ai-ն իսկական վարպետ էր PR-ի հարցում։ Այն հայտնվում էր բոլոր հեղինակավոր ամսագրերում ու ցանկերում, Gartner-ն ընկերությունն անվանում էր առաջատար, Fast Company-ն՝ ինովացիոն։ Կայքում փայլում էին աշխարհի խոշորագույն ընկերությունների լոգոները։ Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, սա ճշմարտության հետ քիչ կապ ուներ։
Դե իսկ Builder.ai-ի գլխավոր խոստումն ու մարկետինգային սլոգանը հետևյալն էր. Ծրագիր ստեղծելը կլինի «պիցցա պատվիրելու պես հեշտ»։ Պատկերացրեք, որ պատվիրում եք պիցցա, իսկ ձեր տան դուռը թակում է ոչ թե (հնդիկ) առաքիչը, այլ մի ամբողջ խոհարարական թիմ՝ վառարանով ու բաղադրիչներով, և սկսում է տեղում պատրաստել պիցցան։ Մոտավորապես այդպես էր աշխատում Builder.ai-ը։
ՎԵՐՋԸ ՄՈՏ Է
Այս տարվա փետրվարին ընկերությունը փոխեց գլխավոր տնօրենին։ Հիմնադիր Սաչին Դեվ Դուգալը հեռացավ, նրա տեղը զբաղեցրեց Մանպրիթ Ռաթիան։ Գուցե նպատակ ունեին ընկերությունը փրկել ֆինանսական ու ռեպուտացիոն կոլափսից, բայց արդեն ուշ էր։
Պարզվեց, որ իր բոլոր «հերոսություններից» զատ ընկերությունը խնդիրներ ուներ նաև վարկատուների հետ։ Նրանց տրամադրել էր չափազանցված ֆինանսական կանխատեսումներ։ Viola Credit ընկերությունը, որը Builder.ai-ին 50 միլիոն դոլար վարկ էր տվել, որոշում է կայացրել առգրավել ընկերության հաշիվներից 37 միլիոն դոլար։
Ու ընդամենը օրեր առաջ, մայիսի 20-ին, Ռաթիան ընկերության աշխատակիցներին հայտնեց ցավալի, բայց ոչ այ այնքան անսպասելի լուրը. Ընկերությունը սնանկացել է։ Գուցե թիմի ներսում լուրը շատ անսպասելի չէր, բայց այ անտեղյակ աշխարհի համար իսկական բում էր։
Պարզվում է՝ ընկերության հաշիվներին մնացել էր ընդամենը 5 միլիոն դոլար։ Բայց երկրից դուրս փողերի տեղաշարժի սահմանափակումների պատճառով սա էլ չէր կարող օգտագործվել աշխատակիցներին վճարելու համա։ Builder.ai-ն ստիպված էր հեռացնել աշխատակիցների մեծ մասին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում, Սինգապուրում և Հնդկաստանում։
ԴԱՍԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ
Builder.ai-ի պատմությունը դարձավ «AI washing»-ի դասական օրինակ՝ երբ ընկերությունները սովորական տեխնոլոգիական ծառայությունները ներկայացնում են որպես արհեստական բանականություն՝ ներդրումներ գրավելու համար։ The Register-ը գրում է.
«Builder.ai-ի պատմությունն ավելի քիչ տեխնոլոգիայի ձախողման մասին է, և ավելի շատ՝ ձևացնելու հետևանքների մասին»։
Ամենացավալին գուցե այն է, թե ինչ կլինի այն հազարավոր փոքր բիզնեսների հետ, որոնք կախված էին Builder.ai-ից։ Հաճախորդների համար, որոնց մեծ մասը փոքր ընկերություններ և ստարթափներ էին, Builder.ai-ի հանկարծակի ձախողումը մեծ խնդիրներ ստեղծեց։ Նրանք ստիպված էին զրոյից աշխատել իրենց հավելվածների վրա։
Նման իրավիճակներում փրկության է հասնում մի փոքր հեգնանքը։ Binance-ը, մեկնաբանելով իրավիճակը, գրել է.
«Այսօր ընկերությունները փորձում են մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ, բայց Builder.ai-ում ամեն ինչ ճիշտ հակառակն էր»։
Builder.ai-ն ապացուցեց, որ անգամ 1.3 միլիարդ դոլար արժողությամբ «միաեղջյուրը» կարող է պարզապես լինել հնդիկ ծրագրավորողների խումբ, որը շատ արագ է աշխատում։ Իսկ Նատաշան... Նատաշան, ինչպես պարզվեց, ոչ թե արհեստական բանականություն էր, այլ մի քանի հարյուր շատ իրական, շատ հոգնած ծրագրավորողներ Հնդկաստանում, որոնք 8 տարի ձևացնում էին, թե իրենք գոյություն չունեն։