#մշակութաPAN
January 15

Վերնախավի պերֆորմանսը, Բրեժնևի անեկդոտն ու քաղաքակրթության սատանան. «Բուլդոզերային ցուցահանդեսից» մինչև արվեստի ազատություն  

Կարելի է պնդել, որ ինչ-որ առումով 1974 թվականի սեպտեմբերի 15-ը խորհրդային արվեստի պատմության մեջ բեկումնային օր դարձավ: Մոսկվայի Բելյաևո թաղամասում տեղի ունեցած իրադարձությունը հետագայում ստացավ «Բուլդոզերային ցուցահանդես» անվանումը և վերածվեց սովետական մշակութային քաղաքականության դեմ ուղղված ամենահայտնի բողոքի ակցիաներից մեկի: Սա իրապես պատմական դեպք էր, որը խորհրդային տարածքից հասավ Եվրոպա, լայն արձագանք ստացավ ու դարձավ խորհրդային համակարգի դեմ ընդվզման խորհրդանիշ:

1930-ականներից մինչև 1980-ականների վերջը ԽՍՀՄ-ում գերիշխում էր սոցիալիստական ռեալիզմը՝ որպես պետության կողմից ընդունված ստեղծագործական հիմնական մեթոդ: Սոցռեալիզմը պարտադիր էր բոլոր արվեստագետների համար և ենթադրում էր սոցիալիստական իրականության «օբյեկտիվ» արտացոլում: Պետությունը շռայլորեն վարձատրում էր սոցռեալիզմին հավատարիմ մնացած արվեստագետներին՝ տրամադրելով նրանց արվեստանոցներ, կազմակերպելով ցուցահանդեսներ և ապահովելով Նկարիչների միության անդամակցությամբ:

Սակայն կային արվեստագետներ, որոնք հրաժարվում էին հետևել այս կաղապարներին: Նրանք փորձում էին գտնել նոր արտահայտչաձևեր, հետաքրքրվում էին 20-րդ դարի արվեստի ժամանակակից հոսանքներով: Այս նկարիչները դարձան նոնկոնֆորմիստներ՝ ընդվզելով «պաշտոնական» արվեստի դեմ: Նրանք ստիպված էին աշխատել իրենց բնակարաններում և նկուղներում, իսկ աշխատանքները ցուցադրել միայն մտերիմ ընկերների նեղ շրջանակում:

«Բոլոր փորձերն ավարտվում էին նույն կերպ. մի ցուցահանդեսը փակում էին 45 րոպե անց, մյուսը՝ ընդամենը 15 րոպեում»:

Նոնկոնֆորմիստ արվեստագետների ստվերից դուրս գալու յուրաքանչյուր փորձ խեղդվում էր իշխանությունների կողմից: 1967-ի հունվարի 22-ին Օսկար Ռաբինը կազմակերպեց 12 նկարչի փոքրիկ ցուցահանդես «Դրուժբա» ակումբում, բայց ԿԳԲ-ն արագորեն վերջ դրեց դրան՝ պատրվակ բերելով նախատեսված կինոդիտումը: Փոքրիկ սրճարանում բացված մեկ այլ ցուցահանդես կարողացավ «դիմանալ» մի ամբողջ երեք ժամ՝ սա իսկական ռեկորդ էր:

1970-ականներին այլընտրանքային մշակույթն արդեն ձևավորված երևույթ էր՝ իր հոսանքներով, խմբավորումներով և բազմաթիվ «բնակարանային» ցուցահանդեսներով: Արևմտյան մամուլը գրում էր սովետական նոնկոնֆորմիստների մասին, նրանց աշխատանքների ցուցադրություններ էին կազմակերպվում եվրոպական մայրաքաղաքներում, սակայն հայրենիքում այս արվեստագետները շարունակում էին մնալ ստվերում:

Մի երեկո, Օսկար Ռաբինի բնակարանում հերթական «խոհանոցային» քննարկման ժամանակ ծնվեց համարձակ գաղափար՝ ցուցադրել «ընդհատակյա» արվեստը բաց երկնքի տակ: Վիտալի Կոմարը և Ալեքսանդր Մելամիդն իրենց մտահղացմամբ կիսվեցին ներկաների հետ: Հետաքրքիրն այն է, որ դեռ 1969-ին Օսկար Ռաբինն առաջարկել էր նման բան անել, բայց այն ժամանակ նկարիչները հրաժարվել էին՝ խուսափելով անախորժություններից:

1974-ի սկզբում իրավիճակը լարված էր. ձերբակալություններ, արտաքսումներ։ Կոմարն ու Մելամիդն ամեն դեպքում որոշում էին դիմել արհմիության քաղաքային բաժին՝ խնդրելով թույլատրել «Բաց երկնքի տակ աշնանային կտավների դիտումը»: Պատասխանը ոչ հստակ թույլտվություն էր, ոչ էլ արգելք: ԽՍՀՄ-ում պարզապես չկային բացօթյա ցուցահանդեսներն արգելող օրենքներ։

Նկարիչները հանդիպումներ էին կազմակերպում մետրոյում, փորձում համոզել գործընկերներին մասնակցել ցուցահանդեսին կամ գոնե ներկա գտնվել որպես հանդիսատես: Հետաքրքիր է, որ ապագա մոսկովյան կոնցեպտուալիզմի առաջատար Իլյա Կաբակովը հրաժարվեց այս ցուցադրությանը մասնակցելուց:

Վերջապես, սեպտեմբերի 15-ին՝ երկու փողոցի հատման կետում գտնվող դատարկ հրապարակում հավաքվեց 11 համարձակ արվեստագետ։ Տարիներ անց Լոնդոնում տված իր հարցազրույցում Օսկար Ռաբինն ասում էր.

«Բոլորս գիտեինք, որ անախորժություններ են լինելու: Կարող էին ձերբակալել, ծեծել: Վերջին երկու օրը սարսափելի էր, մենք անհանգստանում էինք մեր ճակատագրի համար»:

Իսկ իրականությունն ավելի անսպասելի էր, քան նրանք կարծում էին։ Նկարիչների համար հատուկ «ընդունելություն» էին կազմակերպել։ Հրապարակում արդեն սպասում էին քաղաքացիական հագուստով «կանաչապատողները», ոստիկանությունը, բեռնատարներ՝ տնկիներով բեռնված, և այլ հատուկ տեխնիկա: Հանդիսատեսի թիվը, տարբեր գնահատականներով, հասնում էր 300-700 մարդու: Չնայած «պլանավորված կանաչապատման» մասին զգուշացումներին, նկարիչները սկսեցին տեղադրել իրենց աշխատանքները:

Այն, ինչ տեղի ունեցավ հետո, մամուլում անվանեցին «ժամանակի վայրագության խորհրդանիշ» և «ձնհալի շրջանի համր հուշարձան»: Քաղաքացիական հագուստով ԿԳԲ-ի աշխատակիցները սկսեցին կոտրել ու վնասել կտավները, ծեծել և չեզոքացնել դիմադրություն ցույց տվողներին: Գործի անցավ նաև հատուկ տեխնիկան։ Սա պայքար էր բուլդոզերների և վրձնահարվածների միջև։ Ծեծուջարդի վերածված ցուցահանդեսը բավականին մեծ տարածք էր զբաղեցնում և ականատեսները հետագայում իրարից տարբեր մանրամասներ էին հիշում։ Արդյունքում Ռուսաստանի պատմության ամենահայտնի ցուցահանդեսներից մեկը դարձավ նաև ամենաբարդը՝ իրադարձությունների հաջորդականությունը վերականգնելու տեսանկյունից:

Իրականում այնպես չէ, որ նկարիչները չէին սպասում նման արձագանքի։ Սա ավելի շատ բողոքի ակցիա էր, քան ցուցահանդես: Սկզբում նկարիչները նույնիսկ մտածում էին ցուցահանդեսն անցկացնել Կարմիր հրապարակում, բայց Ռաբինի խորհրդով տեղափոխեցին քաղաքի ծայրամաս: Կոմարն ու Մելամիդը գիտակցում էին իրենց նախաձեռնության վտանգավորությունը, և նախապես տեղեկացրել էին արևմտյան բոլոր ծանոթ լրագրողներին:

Ցուցահանդեսի «ցրման» լուրն ու կադրերը հսկայական միջազգային արձագանք ստացան: The New York Times-ը հոդվածը տեղադրեց առաջին էջում՝ Կոմարի և Մելամիդի մի քանի նկարի հետ միասին: BBC-ն, Times-ը, Le Monde-ը, Baltimore Sun-ը ևս լուսաբանեցին իրադարձությունը: Ի դեպ, միջադեպի ժամանակ տուժել էին ոչ միայն նկարիչները, այլև արևմտյան լրագրողներից ոմանք։

ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության համար կատարվածը տհաճ անակնկալ էր՝ հատկապես միջազգային մեծ արձագանքի ֆոնին: Ասում են՝ Կիսլովոդսկում հանգստացող Յուրի Անդրոպովը զայրույթից դուրս էր եկել ափերից.

«Ո՞ր ապուշն է գնացել այս վանդալիզմին»:
Հերթապահն էլ հազալով պատասխանել է.
«Քաղբյուրոյի անդամ ընկեր Գրիշինի ցուցումն էր։»

Բարձրագույն ղեկավարությունը հասկանում էր, որ այս քայլով «ընդհատակյա» նկարիչները ստացան միջազգային այն ուշադրությունը, որին ձգտում էին։ Չցանկանալով վատթարացնել միջազգային հանրության աչքերում առանց այդ էլ կասկածելի համբավը, սովետական իշխանությունները նահանջեցին: Նրանք առաջարկեցին ավանգարդիստ նկարիչներին սեպտեմբերի 29-ին՝ «Բուլդոզերային ցուցահանդեսից» ընդամենը երկու շաբաթ անց, պաշտոնապես և առանց գրաքննության ցուցադրել իրենց աշխատանքներն Իզմայլովյան զբոսայգում: Արդյունքում ցուցահանդեսին մասնակցեց 65 արվեստագետ, իսկ 4 ժամվա ընթացքում այն դիտեց ավելի քան 10,000 հանդիսատես:

«Սա արդեն պարզապես նկարների ցուցադրություն չէր, այլ ազատ ստեղծագործելու իրավունքը պետությունից պահանջելու փորձ»:

Տարիներ անց «Բուլդոզերային ցուցահանդեսի» մասին հայտնի մի անեկդոտ ստեղծվեց.

Բրեժնևը կարդում է ցուցահանդեսի մասին արևմտյան մամուլի արձագանքները՝ «սարսափելի հանցագործություն ստեղծագործական ազատության դեմ... կարմիր կոշիկը մշակույթի կոկորդին... վայրագ արարք...», և բարկացած ասում.

«Անմշակո՛ւյթ խամաճիկներ։ Սա պերֆորմա՛նս էր: Նկարները ջախջախող բուլդոզերը «սարսափի» այլաբանական պատկերումն էր, գոյության ագրեսիվ միտումների դեմ բողոքի էքզիստենցիալ մարմնավորո՛ւմը: Ժամանակակից արվեստը պետք է կարողանա ցնցել»:

Իրականում «Բուլդոզերային ցուցահանդեսը» իսկապես դարձավ խորհրդային արվեստի պատմության մեջ ամենանշանակալի կոլեկտիվ պերֆորմանսը, որտեղից էլ, կարելի է ասել՝ սկիզբ առավ ռուսական ժամանակակից արվեստը: Այն դարձավ կատալիզատոր՝ արվեստի նոր հարթակների ձևավորման համար:

Եվրոպան «Բուլդոզերային ցուցահանդեսը» անվանեց խորհրդային իշխանության ամենաուժեղ «պերֆորմանսը»՝ որակելով այն որպես «քաղաքակրթության սատանա»: Սակայն հենց այս «սատանայական» իրադարձությունը ճանապարհ հարթեց ԽՍՀՄ-ում վերացական արվեստի զարգացման համար:


✍️ Նանե Մանուկյան / PAN