Կարդալիքներ PAN-ից
June 16

Կերպարների ալքիմիկոսն ու հոլիվուդյան անարխիստը. Նիկոլաս Քեյջի 15 լավագույն ֆիլմը

Կա դերասանների հատուկ տեսակ, որոնց մասին կինոքննադատները խոսում են թեթևակի շփոթված, ռեժիսորները` տագնապալի հիացմունքով, իսկ հանդիսատեսը կամ զմայլված է, կամ տարակուսած։ Նիկոլաս Քիմ Կոպպոլան կամ, ինչպես մենք գիտենք, Նիկոլաս Քեյջը ուղղակի դերասան չի։ Նա մի ամբողջ կինեմատոգրաֆիկ էկոհամակարգ է, որում գրոտեսկը անմիջապես հանճարեղության կողքին է, իսկ խելահեղությունը շարժվում է ցավի նրբագույն ինտոնացիաների հետ կողք-կողքի։ Քեյջը խաղում է այնպես, կարծես իր տրամադրության տակ են միաժամանակ Շեքսպիրն ու կոմիքսները, ԼՍԴ-ն ու Սարտրի փիլիսոփայությունը։ Նա պատրաստ է խաղալ ամենակասկածելի աղբում, դերեր, որոնք ոչ բոլոր դերասանները կհամաձայնեն խաղալ։ Մյուս կողմից, Քեյջը իր սերնդի լավագույն դերասաններից մեկն է։

PAN-ը պատմում է հրաշալի դերասանի լավագույն 15 ֆիլմի մասին։

1. «Թռչնակ» (Birdy, 1984). վաղ նրբությունն ու անտեսանելի ցավը

Լեգենդար Ալան Պարկերի ֆիլմում, թերևս, Քեյջի ամենաթերագնահատված դերերից մեկն է։ Այստեղ նա չի գոռգոռում, չի ծամածռվում, ինքն իրեն ներսից չի վառում։ Սա ֆիլմ է տրավմայի, ընկերության, մարդուն հասկանալու փորձի ու պատերազմի սարսափներից փախուստի մասին։

Քեյջի կերպարը` սերժանտ Էլ Կոլումբատոն, կրում է ֆիլմի դրամատիկ բեռի զգալի մասը` կապող օղակ դառնալով հանդիսատեսի ու «Թռչնակի» (Մեթյու Մոդայն) ներքին աշխարհի միջև։ Արդեն այստեղ երևում է. Քեյջը դերասան է, ով կարողանում է տառապել առանց բառերի։

2. «Լուսնի իշխանություն» (Moonstruck, 1987). օպերետիկ տրագիկոմեդիա

«Իտալական Քեյջի» առաջին վառ օրինակներից մեկը` կրքոտ տեմպերամենտով, ռոմանտիկ, թատերական։ Նրա հերոսը փայտյա ձեռքով ու հրե սրտով հացթուխ է։

Քեյջի դրվագները Շերի հետ կարծես Պուչինիի օպերային աշխարհից լինեն` գրեթե կեղծիքի եզրին,սակայն այնքան անմիջական ու անկեղծ, որ կեղծիքը վերածվում է իրականության։ Ֆիլմում իր դերի համար Շեռլին Սարգսյանը արժանացավ «Օսկար» մրցանակի կնոջ լավագույն դեր անվանակարգում։

3. «Վայրի սրտերը» (Wild at Heart, 1990). Քեյջ ու Լինչ` երկու խելահեղություն

Եթե Էլվիսն ապրեր սյուռեալիստիկ Ամերիկայում, նա կլիներ Դեյվիդ Լինչի այս ֆիլմի հերոսը։ Քեյջն այստեղ սեքս-սիմվոլի, չքացող երազանքի ու անզրահ ասպետի խառնուրդ է։

Այս ֆիլմում ծնվում է «լինչյան Քեյջը», նա,  ով չի վախենում ծիծաղելի, վախենալու, ինֆանտիլ ու դաժան լինել միևնույն կադրում։ Նա խաղում է այնպես, կարծես թիկունքին այրվում է ամբողջ Ամերիկան։

4. «Լքելով Լաս Վեգասը» (Leaving Las Vegas, 1995). հարբեցողությունը որպես փրկօղակ

Մայք Ֆիգիսի դրաման ոչ թե ուղղակի Քեյջի դերասանական վարպետության Էվերեստն է, այլև իսկական խոստովանանք։ Նրա հերոսը ոչ թե զուտ մահանում է ալկոհոլային կախվածության պատճառով, նա դանդաղ անհետանում է կյանքից, վերածվում նեոնային լույսերի ներքո թափառող ուրվականի։

Քեյջը խաղում է կարծես մաշկազերծված, յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր բառ շիկացնում են էկրանը։ Տղամարդու լավագույն դերի համար ստացած «Օսկարը» ոչ միայն արժանի էր, այն անհրաժեշտ էր ֆիքսելու համար. Քեյջը բավարար մեծ դերասան է` հանդիսատեսի առաջ մաշկից զրկվելու համար, առանց էքսցենտրիկայի, սակայն մարդկային խոցելիության ամենասահմանին։

5. «Ժայռը» (The Rock, 1996). Քեյջը որպես ջիգյարով բլոկբաստերի հերոս

Ահա թե որտեղ է սկսվում «հերոսական Քեյջը»։ Շոն Քոներիի հետ ջերմամիջուկային քիմիայի արդյունքում Մայքլ Բեյի այս հրաշալի մարտաֆիլմը վերածվում է ինտելեկտուալ արկածի։

Քեյջի կերպարը քիմիկոս է, ոչ զինվորական, ինչի շնորհիվ ավելի կենդանի է։ Նա աշխարհի փրկությամբ զբաղվում է ոչ թե որովհետև ուզում է, այլ որովհետև ստիպված է։ Նա վախենում է, գոռում, թաքնվում է ու սխալվում, ու հենց դրանով էլ գրավում է հանդիսատեսի սիրտը։

6. «Առանց դեմքի» (Face/Off, 1997). դերասանական էքստրիմ

Ջոն Վուն Քեյջի առջև դրել է ամենաբարդ խնդիրներից մեկը. խաղալ վատ մարդու, ով դառնում է լավ մարդ ու հակառակը։ Քեյջն ու Ջոն Տրավոլտան բառացի փոխանակվում են ՀԴԲ հատուկ գործակալ Շոն Արչերի ու միջազգային հանցագործ Կաստեր Թրոյի հոգիներով, ու սա ժանրի պատմության ամենատպավորիչ ու համոզիչ կերպարանափոխություններից մեկն է։

Ֆիլմի սկզբում Քեյջը, կարծես օձ լինի. լպրծուն, խարիզմատիկ, անկանխատեսելի։ Ապա նա վերածվում է զգալ ու տառապել իմացող մարդկային արարածի։ Փառահեղ ֆիլմ։ Փառահեղ դեր։

7. «Ադապտացիա» (Adaptation, 2002). մետա-Քեյջը

Հանճարեղ Չառլի Քաուֆմանը գրել է սցենար ինքն իր մասին։ Սփայք Ջոնզը ֆիլմ է նկարել սցենարիստի մասին սցենարի մասին։ Իսկ Նիկոլաս Քեյջը խաղացել է... հանճարեղ Չառլի Քաուֆմանին։ Ու նրա հորինված երկվորյակ եղբորը։

Այս ֆիլմը կարծես հայելի լինի հայելու մեջ, ու Քեյջը այստեղ ցույց է տալիս, որ կարող է միաժամանակ լինել նևրոտիկ, հանճարեղ, հիմար ու խոցելի։ Գրողի տարած Քեյջ գրողը Քեյջ-զգացողն ու Քեյջ-պատճենը։

8. «Լուցկու հատիկ մարդիկ» (Matchstick Men, 2003). օբսեսիան որպես կենսաոճ

Քեյջի ամենազուսպ ու նուրբ դերերից մեկը։ Նրա հերոսը օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ խաբեբա է։ Նա ցնցվում է, անդադար թարթում, լվանում ձեռքերը, սակայն ներսում նա ոչ այնքան հանցագործ է, որքան մարդ, ով հուսահատ փորձում է հենման կետ գտնել քաոտիկ աշխարհում։

Ռեժիսոր Ռիդլի Սքոթը Քեյջին հնարավորություն տվեց բացահայտելու իր տաղանդի ևս մեկ անկյուն, ու վերջինս լիարժեք օգտվեց այդ հնարավորությունից։

9. «Պատերազմի տիրակալը» (Lord of War, 2005). բարոյականություն առանց բարոյականության

Էնդրյու Նիկոլի ֆիլմում Քեյջը ժամանակակից Մեֆիստոֆելն է։ Իր հերոսը` Յուրի Օռլովը, զբաղվում է զենքի վաճառքով ու պատերազմի մասին պատմում, ինչպես բիզնեսի։ Նա ցինիկ է, գրավիչ ու կործանարար։

Այս Քեյջը կապիտալիզմի հայելին է։ Նա չի դատում ու չի արդարանում։ Նա ուղղակի ցույց է տալիս, թե ինչպես է ամեն ինչ աշխատում։ Առանց հիստերիայի, բայց ներքին զարհուրանքով։

10. Kick-Ass (2010). Բեթմենը, որին մենք արժանի էինք

Այս հրաշալի կինոկոմիքսում Քեյջը մարմնավորում է Բեթմենի պարոդիայի, սակայն անում է դա այնպիսի լրջությամբ, որ վերածվում է իսկական հերոսի։ Նրա կերպարը հայր է, վրիժառու ու ֆրիկ։

Նա խոսում է Ադամ Ուեսթի նման, ծեծում ինչպես Պանչը տիկնիկային ներկայացումից ու սիրում է դստերը ինքնազոհության աստիճան։ Քեյջը ոչ թե կոմիքսից, այլ մարդկային ցավից ծնված սուպերհերոս է։

11. «Մենդի» (Mandy, 2018). Քեյջը որպես դիցաբանական զայրույթ

Փանոս Կոսմատոսը նկարել է ոչ թե ֆիլմ, այլ հալյուցինացիա։ Քեյջն այստեղ վայրենացած Օրփեոսն է, ում սիրեցյալը սպանվել է, իսկ ինքը վրեժ է լուծում մոտեցիկլետավոր դևերից։

Քեյջն այստեղ ոչ թե արնահոսում է, այլ զայրույթահոսում, այրում է աչքերով, բղավում է, կոտրում, կտրատում ու պատառոտում։ Այս Քեյջը մաքուր էմոցիա է, ինչպես Բոսխի մի կտավ, որը կյանք է ստացել թթվային դժոխքում։

12. «Խոզ» (Pig, 2021). հակա-Քեյջ, որը կրկին Քեյջն է

Հնարավոր է, Քեյջի կարիերայի ամենազարմանալի ֆիլմը։ Բոլորը սպասում էին առևանգված «ոսկե խոճկորի» մասին հերթական revenge movie-ն։

Սակայն ստացան մեդիտատիվ առակ կորստի ցավի, խոհարարության, որպես սիրո ակտի ու հիշողության մասին։ Քեյջն այստեղ հոգնած ու ծերացած իմաստուն է, «ծեր իմաստուն»։

14. «Երազի սցենար» (Dream Scenario, 2023). երազները որպես վիրուս

Ֆիլմ, որում Քեյջը հայտնվում է միլիոնավոր մարդկանց երազներում, ամեն գիշեր, ու ոչ միշտ լավ իմաստով։ Ու դա բավարար է լինում գլխավոր հերոսի կյանքը կործանելու համար։ Քրիստոֆեր Բորգլին նկարել է երգիծական պատում ուշադրության մշակույթի, մեմետիկության ու մասնավոր կյանքը թաքցնելու անհնարինության մասին։

Քեյջը այստեղ ոչ թե էքսցենտրիկ խելագար է, այլ սովորական մարդ, ով կորչում է ժամանակակից իրականության աղմուկում։ Նրա անկարողությունը վերածվում է մեր ժամանակների խորհրդանիշի։ Երազի մետաֆորն այստեղ ոչ թե անգիտակցականի, այլ կոլեկտիվ ֆանտազիայի մասին է, որը կարող է կլանել ու ոչնչացնել ցանկացած անձի։

14. Longlegs (2024). վախի արմատները

Օսգուդ Փերքինսը նկարել է ոչ թե սովորական սարսափ ֆիլմ, այլ լրիվ իրական զգացվող մղձավանջ։ Քեյջն այստեղ Խավարն է (մեծատառով) մարդկային կերպարանքում։ Նրա հերոսը` կարծես դժոխքի դևերի բեկորներից հավաքված, պարանոիդ պաշտամունքներով,հնագույն չարիքով ու պաթոլոգիկ խարիզմայով ներծծված։

Նա գրեթե չի հայտնվում կադրում, բայց նրա ներկայությունը ճնշում է հանդիսատեսին, կարծես մղձավանջային տեսիլք։ Քեյջը չի խաղում, նա էկրանը վարակում է տագնապով։ Այս դերից հետո նա վերջնականապես հաստատեց ոչ միայն ողբերգության, գրոտեսկի ու էքշնի, այլև ժամանակակից մետաֆիզիկական սարսափի փայլուն դերակատարի իր կոչումը։

15. «Այլ աշխարհների գույնը» (Color Out of Space, 2019). Քեյջն ու Լավքրաֆթը

Ռիչարդ Սթենլին էկրանավորում է Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆթի լավագույն պատմվածքներից մեկը, իսկ Քեյջը վերջապես հանդիպում է տիեզերական սարսափի։ Այստեղ նա ամուսին ու հայր է, ում օջախը վարակվել է անդաշխարհային զարհուրանքով։ Նրա խելագարությունը դանդաղ է ու տպավորիչ։

Այստեղ Քեյջը, կարծես Անդունդի ուղեկցորդ, գոռում է այնպես, ինչպես կարող է գոռալ միայն Նիկոլաս Քեյջը, ու դա ավելի վախենալու է, քան միմյանց ձուլված տառապյալները։ Մենք տեսնում ենք, ինչպես է հանգչում գիտակցությունը` իրենից հետո թողնելով միայն մոխիր։


Այս ֆիլմերից յուրաքանչյուրը մի մեծ առասպելի մաս է։ Առասպել մարդու մասին, ով չի վախենում տարօրինակ, խոցելի, վայրի լինել։ Նիկոլաս Քեյջը ոչ թե դերերի հավաքածու է, այլ մարդկային վիճակների սպեկտր։ Տիեզերականից մինչև ողբերգական, մելանխոլիայից մինչև զայրույթ։ Նրա դերերում այն ամենն է, ինչ մենք վախենում ենք ինքներս ի ցույց դնել։ Այդ իսկ պատճառով ունենք նրա կարիքը։

Քեյջը դերասան է, ով երբեք անտարբեր չի թողնում։ Որովհետև նա չի խաղում։ Նա այրվում է։ Լուսարձակում։ Ու քանի դեռ նա այրվում է, կինոն կենդանի է։


Արման Գասպարյան / PAN