Իսկական կայֆալոմ. Անարդարացի փակված երեք լավագույն սերիալները
Սերիալային ֆորմատը պարունակում է ռիսկեր. ռեյթինգի ցածր լինելու պատճառով ալիքն ուղղակի կարող է փակել այն` կիսատ թողնելով պատմությունը, անգամ եթե նախորդ սեզոնն ավարտվել էր հսկայական cliffhanger-ով։ Բայց երբեմն լինում են դեպքեր, երբ սերիալի հետ ամեն ինչ լավ է, այն ունի բարձր ռեյթինգներ, սիրված է, սակայն, միևնույն է, փակվում է։ Նման ճակատագրի քիչ է մնացել արժանանար անգամ լեգենդար Breaking Bad-ը. բայց նման ճակատագրի արժանացել են բազում հրաշալի սերիալներ։
PAN-ը պատմում է անարդարացի փակված երեք լավագույն սերիալի մասին։
«Գայլերից սերվածները», (Raised by Wolves)
2022թ-ին, Warner Bros-ի ու Discovery-ի ձուլման առաջին զոհը դարձավ ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Գայլերից սերվածները» սքանչելի գիտաֆանտաստիկ սերիալը, որի արտադրությունը չափազանց թանկարժեք էր ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված HBO-ի համար։ Սերիալը փակվեց երկրորդ սեզոնից հետո, բոլոր ամենախորը գաղտնիքներն էլ մնացին չբացահայտված։
22-րդ դարի կեսերին մարդկությանը պատուհասել է նոր համաշխարհային պատերազմ, այս անգամ՝ հավատացյալների ու աթեիստների միջև։ Ընդ որում, վերջիններն օգտագործում են տեխնոլոգիական սինգուլյարության արգասիք «նեկրոմանտների»՝ ամենակարող ռոբոտների, որոնք հայացքով կարող են մարդուն մոլեկուլների բաժանել։ Բնականաբար, պատերազմի արդյունքում Երկիր մոլորակը ոչնչացման եզրին է։ Հավատացյալներն ու աթեիստներն ընտրում են մարդկության պահպանման տարբեր մարտավարություններ։ Առաջինները կառուցում են հսկա տիեզերական տապան, որում հազարավոր ամենահավատացյալները մոտ մեկ տասնամյակ երջանիկ քնած կլինեն վիրտուալ սիմուլյացիայում՝ Կեպլեր 22բ-ի ճանապարհին։ Աթեիստներն ավելի պրագմատիկ են ու Կեպլեր 22բ մոլորակ են ուղարկում ավելի թեթև տիեզերանավ՝ երկու անդրոիդով ու մարդկային սաղմերով, որոնց բանական մեքենաները տեղում կաճեցնեն ու կդաստիարակեն։ Անդրոիդները մոլորակ են հասնում խաչակիրներից մոտ մեկ տասնամյակ շուտ...
Համաձայնեք, աթեիստների ու հավատացյալների միջև համաշխարհային պատերազմը ծիծաղելի է հնչում։ Դժվար է պատկերացնել, թե ինչ աստիճանի պիտի հասնեն ֆեյսբուքյան բանավեճերը, նման իրավիճակի գալու համար։ Ենթադրաբար, աթեիստները քանակով զգալիորեն զիջում են հակառակորդին, ինչը լրացնում են «նեկրոմանտներով»։ Արդեն ֆաբուլայից ու առաջին կադրերից հասկանալի է դառնում, որ գործ ունենք ուշ շրջանի Ռիդլի Սքոթի ու հենց իր մեջ ընթացող կրոնական պատերազմի հետ։ «Պրոմեթևսի» (Prometheus, 2012) ու «Օտար. Պատգամի» (Alien: Covenant, 2017) քննարկումները՝ արարչի ու արարվածի փոխհարաբերությունների, մարդու ու Աստծո՝ տեղերով փոխվելու, աստված դարձող ռոբոտների, ծնողի ու երեխայի սակրալ կապի մասին ուղիղ տեղափոխվել են այս սերիալ։ Մթնոլորտը, երաժշտությունը, անգամ՝ անդրոիդների սպիտակ «արյունը» հուշում են, որ սա «Օտարի» (Alien, 1979) տիեզերքն է, ինչ որ խորամանկ ձևով գողացված Դիսնեյից ու փոխանցված HBO-ին։ Չնայած, մյուս կողմից, ոչ ոք չի հիշում, որ Էլեն Ռիփլին երբևիցե կրոնի մասին խոսեր։
Ու, ինչպես միշտ, Սքոթն իր փիլիսոփայական միտքը տեղ հասցնելու համար ամեն ինչ ծայրահեղ պարզեցնում է։ Աթեիստները բացառում են ցանկացած կրոնականություն, իսկ հավատացյալներն արգելում են կրոնական գրքերից բացի ցանկացած այլ գրականություն։ Մոռացվում է, որ հավատալիքներն ու դիցաբանությունը սոցիումի կոլեկտիվ երևակայության, այսինքն՝ մշակույթի զարգացման կարևոր բաղկացուցիչ են։ Հավատացյալների տապանը ոչ թե Լուսնի ուղեծրին կառուցվող բազմակիլոմետրանոց հսկա է, այլ ֆուտբոլային մարզադաշտի վրա կախված միջինոտ տիեզերանավ՝ զուրկ նորմալ պաշտպանության միջոցներից։ Աթեիստներն էլ նորմալ պլանավորման, միանգամից մեծ քանակի «սերմեր» ուղարկելու փոխարեն ուղարկում են երկու անդրոիդ (մեկը՝ բացահայտ անհավասարակշիռ) ու 12 սաղմ՝ առանց գնահատելու տեղի վտանգները։ Անգամ նոր մոլորակի լանդշաֆտը չի ուսումնասիրվում, ինչի հետևանքով հենց առաջին րոպեներին առաքելությունը հայտնվում է տապալման եզրին։ Ու ոչ մի նորմալ տեխնոլոգիա։ Երեխաներն ապրելու են քարանձավում, ինչպես մեր սիրելի Դեյվիդը։
Սակայն փորձել որսալ տրամաբանություն Սքոթի փիլիսոփայական օպուսներում իմաստ չունի։ Ինչպես «Օտար. Պատգամի» դեպքում, այստեղ կարևորը սիմվոլիկան է, մթնոլորտը ու ասելիքը։ Մնացածը, Սքոթի գնահատմամբ, մանրուքներ են։ Չնայած էկրանին տեղի ունեցող աբսուրդին, այն ձգում է, ու կրոնի մասին այդ մակարդակի քննարկում առաջին անգամ եք տեսնելու։ Իհարկե, լավ կլիներ, եթե շեշտը տեղափոխեր նոր աշխարհում մարդկանց գոյատևման վրա։ Իրական կյանքում դա կլիներ շատ երկարատև ու բարդ պրոցես, որը ծայրահեղ պարզեցված է սերիալում, բայց անգամ սիմվոլիկ նկարագրությունից դժվար է կտրվել։ Ի վերջո, հեռավոր ապագայի ինչ որ կետում ինքներս ենք կանգնելու մեր տեսակի սերմերն անվերադարձ ու առանց հետադարձ կապի հույսի տիեզերքի խորքերն ուղարկելու հրամայականի՝ կառավարելի պանսպերմիայի անհրաժեշտության առջև։
Ստուդիական պարտավորություններից ազատ լինելը Սքոթին թույլ էր տվել իր կրոնական ու փիլիսոփայական մտորումները եթեր հաղորդել լրիվ այլ մակարդակով: Անգամ դժվար է համապատասխան բառեր գտնել: Մտորումները, իհարկե, մարդկության համար հավերժական են՝ կամքի ազատություն, կյանքի արարում, ծնողական սեր, կարող է արդյոք մարդու ճշգրիտ պատճենը մարդ համարվել և այլն: Բայց վիզուալի, երաժշտության, սյուժեն կառուցելու ձևի ու դերասանների խաղի շնորհիվ սերիալում ստեղծվում է մթնոլորտ, որում այդ քննարկումները ծավալվում են ոչ թե զուտ մտավոր կամ հուզական մակարդակում, այլ շատ ավելի խորը, կարելի է ասել՝ գենետիկական, սկզբնական բնազդների մակարդակում:
Ինչո՞ւ են մարդիկ սիրում «Պրոմեթևսը» ու «Օտար. Պատգամը». պատասխանը շատ պարզ է՝ մթնոլորտի համար: Սքոթին հաջողվել է ստեղծել անհուն տիեզերական անդունդում գտնվող օտար աշխարհի, մածուցիկ սասփենսի, մարդու համար ծայրահեղ թշնամական մթնոլորտը, ինչպես «Օտարում» էր: Այնտեղ կա այն ամենն, ինչ սիրում են նախորդ դարի գիտական ֆանտաստիկայի սիրահարները. օտար աշխարհի գաղութացման փորձեր, օտար մոլորակի վտանգներ, ու, ամենակարևորը, խորը մի տեղ թաքնված գաղտնիք: Մթնոլորտը սերիալում ձևավորվում է ամեն ինչով՝ երաժշտությամբ, կերպարներով, գեղարվեստական լուծումներով, նայելիս հասկանում ես, որ այն, ինչ տեսնում ես, քիչ կապ ունի ժամանակակից մարդկության հետ, քիչ կապ ունի այն ամենի հետ, ինչ մեզ ծանոթ է ու ինչի մենք սովորել ենք վստահել: Ու դա սարսափելի գրավում է:
«Գայլերից սերվածները» իր ցուցադրության տարվա լավագույն սերիալներից մեկն էր՝ չնայած որոշ թերություններին: Հերիք չի, որ այն լրիվ օրիգինալ գիտական ֆանտաստիկա էր, դեռ մի հատ էլ էպիզոդից էպիզոդ ավելի ու ավելի էր ի ցույց դնում այն հարուստ միֆոլոգիական, փիլիսոփայական ու մշակութային բեքգրաունդը, որը օգտագործվել էր սերիալը ստեղծելիս: Առանց որևիցե կասկածի, սերիալի իրադարձությունները տեղի են ունենում նույն աշխարհում, ինչ «Պրոմեթևսն» ու «Օտար. Պատգամը». դրա մասին է խոսում ոչ միայն ընդհանուր ոճավորումը, սիմվոլիկայի առատությունը, այլև բազում-բազում ոչ թե անթաքույց հղումներն, այլ հենց ուղիղ ակնարկները: Ու, իհարկե, սերիալի մի փոքր խելահեղությունն առանձնահատուկ շարմ է հաղորդում էկրանին տիրող իրադարձություններին. դրան գումարած` անթիվ ալեգորիաներ Աստվածաշնչից, մտորումներ մարդու, հավատքի, աստծո, խելագարության, տիեզերքում մեր տեղի, դերի և պատասխանատվության մասին:
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
«Գայլերից սերվածներն» այնքան պարզ չի, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այն ներառում է աշխարհընկալումների լայն սպեկտր ու դրանց ուղիղ բախումը: Ուղղակի պետք է պատրաստ լինել մի խուրց պայմանականությունների ու սիմվոլիկայի միջոցով «մեծ ճշմարտությունը» որոնելու փորձերի։ Սյուժետային ցանկացած քայլ, յուրաքանչյուր երկխոսություն շատ հստակ կրոնական ենթատեքստ ունի ու պարունակում է շատ կոնկրետ այլաբանություններ՝ նոր մեկնաբանությամբ։ Լյուցիֆերը (Սքոթի սիրելի կրոնական կերպարը) այստեղ սիրված լինելու շանս է ստանում, իսկ առաջին սպանությունը կատարվում է հանուն գոյատևման։
Ռիդլի Սքոթի փիլիսոփայական մտորումները գոյի մասին, որոնք ուղեկցվում են ուղղակի աստվածային գեղեցկության տեսաշարքով, չեն սահմանափակվում միայն արարիչ-արարված բարդ ու խճճված հարաբերությունների հանգուցալուծմամբ: Սերիալը շատ ավելի բազմակողմ է: Հաճախ քննարկումն անցնում է մարդ արարածին, նրա առանձնահատկություններին ու աններելի մեղքերին: Մարդը, ով դաստիարակվել ու մեծացել է ռոբոտների շրջապատում լրիվ այլ մարդ է, քան մարդն, ով մեծացել ու դաստիարակվել է մարդկանց շրջապատում. վերջինին հատուկ են մարդկային թուլությունները, առաջինին՝ ոչ: Ու որակապես նոր մարդկանցով հին մարդկությունը փոխարինելու խնդիրն ուղիղ դրվում է սերիալի հիմքում։ Ռիդլի Սքոթը հայտարարում է. ուժեղ ճնշման պայմաններում մարդկանց մի մասն աճում է՝ դրա պահանջներին համապատասխանելու համար, մյուս մասն էլ ռեգրեսի է ենթարկվում՝ դրանից խուսափելու համար։ Ու այս տրիվիալ ճշմարտությունը սերիալում այնքան ոչ տրիվիալ եղանակով է ներկայացվում, որ մենակ ինքդ քեզ հարցնում ես՝ ի՞նչ են ծխել հեղինակները։
Ու մի կողմ թողնենք սիմվոլիկայով գերհագեցած լինելը, մի կողմ թողնենք կրոնական ալյուզիաները, ինքը՝ սերիալի աշխարհն ու պատմությունը այնքան բարդ հետագծերով են շարժվում, ամեն քայլափոխին նոր գաղտնիք առաջ բերելով, որ զարմանքից կարկամում ես։ Զգացումները, որ ունենում ես դիտելիս, ոչ մի բանի հետ համեմատելի չեն. կարծես, մարդ արարածի համար ծայրահեղ օտար միջավայրում հայտնված լինես: Հեղինակները չեն դադարում անընդհատ զարմացնել, նոր անակնկալներ մատուցել, օտար աշխարհի նոր առանձնահատկություններ ցույց տալ:
«Մարտիկ», (Warrior)
19-րդ դարի երկրորդ կես: Քաղաքացիական ավերիչ պատերազմից դեռ ոտքի չկանգնած Միացյալ Նահանգներ, որի՝ հզոր գերտերության վերածվելն առայժմ չի նշմարվում անգամ հեռանկարում, ու որն Օլիմպոսի այդ բարձունքին կհասնի միայն ու միայն սեփական հսկա քաղաքների կեղտոտ փողոցներում թափված բազում միգրանտների ու տեղացիների արյան գնով։ Սան Ֆրանցիսկոյի Չանյաթաունում թոնգ բանդաների միջև հասունանում է նոր օփիումային պատերազմ. ու այդ ֆոնին արդեն առաջին էպիզոդին սկսում են զարգանալ իսկական շեքսպիրյան կրքեր։
Լեգենդար Բրյուս Լիի սցենարով նկարահանված «Մարտիկն» իսկական նվեր է արևելյան մարտարվեստների մասին ֆիլմերի սիրահարների համար։ Մի կողմից՝ հին ու բարի հոնգքոնգյան մարտաֆիլմերի ոճում նկարված հանդարտ, տաք լապտերային պատում, մյուս կողմից՝ սրընթաց, հրաշալի խորեոգրաֆիայով կռիվների տեսարաններ, որոնք թույլ են տալիս անգամ զգալ մրցակիցների վարպետության տարբերությունների նյուանսները։ Պատկերացրեք, «Նյու Յորքի ավազակախմբերը» (Gangs of New York, 2002), բայց արևելյան մարտարվեստներով։
Անհրաժեշտ է հիշել. Բրյուս Լիի հետմահու լավագույն ժառանգությունն ուղղակի արևելյան մարտարվեստների մասին սերիալ չի (չնայած, շատերին դա էլ բավարար կլիներ), այլ իր ժամանակների հասարակարգի լայնակի հատվածք` առանց որևիցե բան թաքցնելու։ Միգրացիոն երկու հոսքերի, երկու մշակույթների, երկու տարբեր աշխարհայացքների` չինացիների ու իռլանդացիների բախումը հին Սան Ֆրանցիսկոյի փողոցներում ուղղակի թաղային վեճեր չեն, ոչ էլ ազդեցության գոտիները ընդլայնելու փորձ։ Դրանք իրենց նոր հայրենիքի` ձևավորվող ու ծնվող Միացյալ Նահանգների ցավոտ երկունքին մասնակից լինելու ձգտում է։
Հին ժամանակներում հատկապես խոշոր ճակատամարտերից առաջ հաճախ կողմերը, ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար, մենամարտի էին հանում իրենց լավագույն մարտիկներին. ով հաղթեց, նա էլ համարվում էր ճակատամարտի հաղթող։ Սերիալը սկզբում լրիվ տրամաբանորեն շարժվում է այս բարոյական դիլեմայի ուղղությամբ. չինացիներն ու իռլանդացիները հարցերը կփորձեն լուծել հին ու բարի եղանակով։ Կարծես իրական Բրյուս Լին ու իրական Ջեթ Լին էկրանին հանդիպեն ծայրահեղ խորամանկ, կատաղի ու դաժան Մայկ Թայսոնի սպիտակ ինկարնացիայի հետ։ Ու այս ամենը` 19-րդ դարի Սան Ֆրանցիսկոյում. բոլոր ինտրիգներով, քաղաքական խաղերով, քսենոֆոբիայով ու հանցավորությամբ. քաղաք, որը մի վայրկյանում խժռելու է, եթե չկարողանաս ինքդ քեզ պաշտպանել։ Մշակույթների բախում, սեր ու խիզախություն՝ միախառնված վայրի Արևմուտքի մասին պատմությունների լավագույն ավանդույթների հետ։
«Մարտիկը» հանդարտ, հանգիստ առաջ է տանում պատմությունը՝ ավելի ու ավելի լավը դառնալով։ Ու իր գրավիչ լինելը ոչ այնքան տաք ու լամպային, լավ իմաստով՝ «հնաոճ» լինելն է, ոչ այնքան դրա տակ թաքնված բարդ խաղերն ու մարդկային մեղքերը, այլ այն բալանսը, որով սերիալն ուսումնասիրում է ոչ միայն կենտրոնական, այլև կադրի պերիֆերիայում գտնվող կերպարներին։ Դրան գումարած, իհարկե, ծայրահեղ խարիզմատիկ գործող անձինք ու ահռելի քանակությամբ հղումները արևելյան մարտարվեստների մասին ֆիլմերին։ Չնայած բարձրացվող թեմաներին՝ քսենոֆոբիա, մշակութային բախում, պայքար ասիմիլյացիայի դեմ, դրանք մատուցվում են առանց ավելորդ պաթոսի, իսկ երբեմն իրադարձություներն ու սյուժետային քայլերը հիշեցնում են արդեն մոռացված, հին ու լամպային «միամտությունը». նման պահերին ես հասկանում, որ սյուժետային հիմնական քայլերը հորինել է Բրյուս Լին։ Բայց դրանով չխաբնվեք. արյունը, էրոտիկան ու հարդքորը՝ արևելյան մարտարվեստների հրաշալի նմուշների ու պալատական խարդավանքների և ինտրիգների հետ, ևս սերիալի մշտական ուղեկիցներն են։
Ցավոք, նույն Warner Bros-ի խնդիրները ստիպեցին Max-ին երրորդ սեզոնից հետո փակել այս հրաշալի սերիալը։
«Լուսատտիկ», (Firefly)
Անարդարության գագաթնակետը, սակայն, տեղի ունեցավ 2003թ-ին, երբ FOX-ը, առանց որևիցե հիմնավոր պատճառաբանության առաջին (կիսատ) սեզոնից հետո վերցրեց ու փակեց միլիոնավոր մարդկանց սրտում իր տեղը զբաղեցրած մի հիանալի գիտաֆանտաստիկ սերիալ։ Խոսքը, իհարկե, Ջոս Ուեդոնի «Լուսատտիկի» մասին է` կապիտան Ռեյնոլդսի ու իր Serenity տիեզերանավի անձնակազմի աներևակայելի արկածների պատմության, որը հենց առաջին րոպեներից այլևս բաց չի թողնում հեռուստադիտողին։
Կուլտային սերիալի առաջին էպիզոդն անմիջապես նետում է իրադարձությունների հորձանուտը` միաժամանակ ծանոթացնելով կենտրոնական կերպարներին և բացահայտելով սյուժետային առանցքային գիծը։ Սերիալը հիմնված է «ռեալիստիկ տիեզերական ֆանտաստիկայի» վրա՝ հեռու գերպաթոսից ու խայտաբղետությունից, և ոգեշնչված է սպագետտի վեսթերններով ու ռոմանտիկ ֆանտաստիկայով։ Ուեդոնի ստեղծած այս պատմությունը ներկայացնում է տիեզերքի կովբոյներին՝ իրենց առօրյայով, որը լի է հրաձգությամբ, հետապնդումներով և մահվանից վերջին պահին փրկվելով։
Մալքոլմ Ռեյնոլդսի գլխավորած Serenity տիեզերանավի անձնակազմը մի խումբ սովորական մարդիկ են, որոնք հաճախ հայտնվում են անհույս իրավիճակներում, բայց իրենց միասնականության շնորհիվ միշտ գտնում են ելքը։ Անգամ ամենածանր պահերին, երբ թվում է, թե այլևս հույս չկա, նրանց ընտանիք լինելու գիտակցումը վեր է կանգնում ամեն ինչից։ Տիեզերքում ապրելու մարտահրավերներն այստեղ ներկայացված են ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական կողմից։ Մոլորակների Ալյանսի` իշխանության գլխավոր մարմնի ճնշումների հետևանքով ծայրամասային մոլորակներում ծաղկող հանցավորությունն ու իշխանության վակուումը ստիպում են կապիտան Ռեյնոլդսին և իր անձնակազմին բախվել խղճի և արժանապատվության ծանր ընտրությունների հետ, որտեղ փողից ավելի կարևոր են մարդկային արժեքները։
Սերիալը նաև բացահայտում է սարսափի տարբեր դրսևորումները։ Այն սարսափը, որը թաքնված է ոչ թե տիեզերքի անդունդներում, այլ մարդկային բանականության մութ խորքերում, պարբերաբար զուգահեռվում է իրական վտանգների հետ, ինչպիսին են մարդակերների ենթաքաղաքակրթությունը։ Այս բախումները ցույց են տալիս, թե ինչպես մարդկային քաղաքակրթությունը, գտնվելով էվոլյուցիոն փակուղում, ստիպված է ինքն իրենից վեր ելնելու համար ստեղծել որակապես նոր մարդ։ Ռիվերի կերպարը խորհրդանշում է այս գերմարդու գաղափարը՝ ապագայի էակին, ով պետք է փոխարինի հյուծված ու սահմանափակ մարդկությանը։
Այնուամենայնիվ, այս մռայլ ենթատեքստերի կողքին սերիալը լի է հումորով, սրամիտ երկխոսություններով և ուժեղ կերպարային քիմիայով։ Կերպարների բազմազանությունը՝ սկսած բարի ու ամեն ինչում միայն լավը տեսնող Քեյլիից մինչև ինքնասիրահարված Ջեյն Քոբբ, դարձնում է նրանց հարաբերությունները յուրահատուկ ու անմոռանալի։ Վերջին էպիզոդը, որը սերիալի գագաթնակետն է, փակում է պատմությունը՝ միաժամանակ բաց թողնելով նոր ասելիքի հնարավորությունը։ Ցավոք, սերիալը դադարեցվեց նախքան պատմությունը լիարժեք ավարտին հասցնելը, բայց այն հասցրեց ձեռք բերել կուլտային ստատուս և միլլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում։