#մշակութաPAN
December 18, 2024

Միլիոններ արժեցող բանանից մինչև ոսկե զուգարանակոնք ու ծնկի եկած Հիտլեր. Մաուրիցիո Կատելանի սադրիչ արվեստը

Ժամանակակից արվեստի պատմության մեջ քչերին է հաջողվել իրապես հեղափոխական գործեր ստեղծել, բայց Մաուրիցիո Կատելանն այդ քչերի մեջ առնվազն լավագույն հնգյակում է։ Իտալացի այս արվեստագետն իր ճանապարհը սկսել է որպես կահույքագործ ու դարձել աշխարհի ամենաազդեցիկ արվեստագետներից մեկը։

Պադուայում ծնված Կատելանը մեծացել է աղքատ ընտանիքում։ Նրա հայրը բեռնատար մեքենայի վարորդ էր, մայրը՝ հավաքարար։ Դպրոցական տարիներին տղան վատ էր սովորում և մշտապես խնդիրների մեջ էր հայտնվում։ Արդյունքում ուսումը կիսատ է թողնում ու սկսում աշխատել տարբեր ոչ հեռանկարային հաստիքներով։ Որոշ ժամանակ փոստում էր աշխատում, անգամ դիահերձարանում աշխատելու փորձ ուներ, դե իսկ 1980-ականների վերջին Կատելանը սկսեց զբաղվել կահույքի արտադրությամբ։

Նրա ամենահաջողված «ստեղծագործությունը» դարձավ Cerberino-ն՝ ապակուց և մետաղից պատրաստված սեղանը։ Կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի Կատելանը հասկանա, որ կահույքագործության մեջ իրեն հիմնականում գրավում է ստեղծագործելու բաղադրիչը։ Արդյունքում Կատելանն առանց մասնագիտական կրթության սկսեց արվեստի աշխարհում իր յուրահատուկ ճանապարհը։

1989 թվականին Կատելանն արվեստագետի իր «կարիերան» սկսեց առաջին սկանդալային քայլով։ Ոչ ոք չէր էլ մտածում, որ սա միայն սկիզբն է ու սկանդալը դառնալու է Կատելանի երկրորդ անունը։ Նա փակեց իր անհատական ցուցահանդեսի պատկերասրահը և դռան վրա թողեց «Շուտով կվերադառնամ» գրությունը։ Հետո պարզվեց, որ արվեստի գործը հենց այդ գրությունն էր, իսկ ներսում արվեստի ոչ մի նմուշ էլ չկար։ Համենայն դեպս՝ Կատելանի կողմից։ Սա նրա ապագա պրովոկատիվ գործունեության սկիզբն էր միայն։ 1993 թվականին, օրինակ, երբ արվեստագետին հրավիրեցին մասնակցելու հեղինակավոր Վենետիկի բիենալեին՝ նա իր տարածքը վարձակալության տվեց գովազդային գործակալության, որն էլ այնտեղ օծանելիքի պաստառ ցուցադրեց ու մի լավ գովազդ արեց։

Հաջորդ, առավել հնչեղ սկանդալը շատ չուշացավ։ 1996 թվականին Ամստերդամի արվեստի կենտրոններից մեկում կայացավ արվեստագետի Another Fucking Readymade ցուցահանդեսը։ Կհարցնեք՝ ի՞նչ արտառոց բան կա։ Իրականում այստեղ մի նրբություն կա։ Ցուցահանդեսի ընթացքում Կատելանի գործերից դժվար էր գտնել։ Դե, որովհետև արվեստագետը որոշել էր մոտակա պատկերասրահից «գողանալ» մեկ այլ արվեստագետի ցուցահանդեսի ամբողջ բովանդակությունը և ներկայացնել այն որպես իր սեփական աշխատանքը։ Այս դեպքից հետո արվեստի աշխարհը Կատելանի հետ առավել զգոն էր. Այո՛, նրանից ամեն ինչ կարելի էր սպասել։

Եվ երբ ասում ենք «ամեն ինչ»՝ ամենևին էլ չենք չափազանցնում։ 1999 թվականին Կատելանը գալերիստ Մասիմո դե Կարլոյին կախեց պատից։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կպչուն ժապավենով ամրացրեց նրան պատին ու թողեց այնքան՝ մինչև տղամարդն ուշագնաց եղավ։ Սա արվեստի յուրօրինակ գործ էր, որը կարելի էր դիտել միայն ցուցադրության բացման օրը։ Ահա այսպես Կատելանն իր արարքներով հիմնավորեց խենթ արվեստագետ լինելու սեփական համբավը։

1999 թվականին ստեղծված La Nona Ora-ն (Իններորդ ժամը) դարձավ Կատելանի ամենահայտնի աշխատանքներից մեկը։ Այն պատկերում է Հռոմի Պապին՝ երկնաքարի հարվածից կարմիր գորգի վրա ընկած։ Պապի դեմքին լիակատար անվրդովություն և վճռականություն է արտահայտված, կարծես նշմարվում է, որ նա շարունակելու է իր գործը՝ անկախ ամեն ինչից:

Արվեստագետի բազմաթիվ աշխատանքներում առկա է մահվան թեման։ Օրինակ՝ Bidibidobidiboo (1996) աշխատանքում պատկերված է ինքնասպան եղած սկյուռ, իսկ Novecento-ում (1997)՝ առաստաղից կախված ձի։

2007 թվականին էլ Կատելանը ստեղծեց All արվեստի գործը՝ սպիտակ սավաններով ծածկված մարմարե մարմինների շարք։ Այս անանուն դիակները, որոնք հիշեցնում են բնական աղետների, պատերազմների և միգրացիայի զոհերի, դարձան բռնության համընդհանուր խորհրդանիշ։

2001 թվականին Կատելանը ստեղծեց Him-ը՝ մի քանդակ, որը հեռվից դիտելիս կթվա, թե աղոթող երեխայի ես տեսնում, սակայն մոտենալիս բացահայտվում է, որ իրականում պատկերված է ծնկի եկած Ադոլֆ Հիտլերը՝ աղոթքի պահին։ Այս աշխատանքը առաջացրեց ամենահակասական զգացումները՝ բարկությունից մինչև կարեկցանք, բայց գլխավորն այն է, որ ոչ ոքի անտարբեր չթողեց։

2016 թվականին Կատելանը վերադարձավ արվեստի աշխարհ իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկով՝ America-ով։ Այն իրենից ներկայացնում էր 18 կարատանոց ոսկուց պատրաստված, լիովին գործող զուգարանակոնք, որը տեղադրվեց Նյու Յորքի Գուգենհայմ թանգարանում։ Այցելուները կարող էին օգտագործել այն «ըստ նշանակության»։

Մոտենանք այս օրերի ամենահայտնի թեմաներից մեկին։ 2019 թվականին Comedian-ը՝ պատին կպչուն ժապավենով կպցված բանանը, դարձավ տարվա ամենաքննարկվող արվեստի գործը։ Դա կպչուն ժապավենով բանանի դեբյուտն էր։ Այն վաճառվեց 120,000 դոլարով, բայց գնորդը կերավ այն՝ հայտարարելով, որ կատարում է «Քաղցած նկարիչ» պերֆորմանսը։

Տարիներ անց՝ 2024 թվականին, իսկ ավելի ստույգ՝ օրեր առաջ, Comedian-ի մեկ այլ օրինակ վաճառվեց Sotheby's-ում 6.2 միլիոն դոլարով։ Համաձայնեք, 120.000 դոլարից հետո մի քանի տարում բանանի գինն իսկապես շատ է բարձրացել։ Գնորդը կրիպտո ձեռներեց Ջասթին Սունն էր։ Նա այնքան էլ օրիգինալ չի գտնվել ու կրկին կերել է բանանը։ Հոնկոնգի ամենաթանկ հյուրանոցներից մեկում Սունը տասնյակ լրագրողների ներկայությամբ նախ զուգահեռներ է անցկացրել կոնցեպտուալ արվեստի և կրիպտոարժույթի միջև, իսկ հետո կերել է բանանը։

Կատելանն իր արվեստը սադրիչ, ապշեցնող ու բարկացնող համարողներին մի հստակ պատասխան ունի.

«Արվեստը դատարկ է և թափանցիկ: Ես երբեք չեմ արել ավելի սադրիչ և դաժան բան, քան այն, ինչ տեսնում եմ ամեն օր իմ շուրջ: Ես պարզապես սպունգ եմ: Կամ վերարտադրիչ»։

Արդեն պարզ է, չէ՞, որ այս արվեստագետը նաև շատ լավ հումորի զգացում ունի։ 2016 թվականին Փարիզում բացված «Չեմ վախենում սիրուց» ցուցահանդեսի շրջանակում Կատելանը ցուցադրեց նաև BMW մակնիշի մեքենա՝ պատված սպագետտիի պատկերներով։ Այս «սպագետտի-մեքենան», ինչպես հայտարարեց իտալացի արվեստագետը, արդյունքն էր քառասուն տարվա ընթացքում սպագետտիի համար լավ սոուս գտնելու իր անպտուղ փորձերի։

Միլանի Պիացցա Աֆֆարիում՝ իտալական ֆոնդային բորսայի շենքի դիմաց, 2010 թվականից կանգնած է Կատելանի ամենահամարձակ աշխատանքներից մեկը։ L.O.V.E. քանդակը՝ 4.6 մետր բարձրությամբ միջնամատ պատկերող ձեռքը, պատրաստված է սպիտակափայլ մարմարից։  Քանդակի անվանումը՝ L.O.V.E., հապավում է, որը ամենևին էլ չի նշանակում «սեր»։ Այն նշանակում է Libertà (Ազատություն), Odio (Ատելություն), Vendetta (Վրեժ) և Eternità (Հավերժություն)։ Միջնամատը տեղադրված է հենց ֆինանսական կենտրոնի սրտում և ուղղված է դեպի բանկիրներն ու ֆինանսական աշխարհը։

11 տոննա կշռող այս մոնումենտալ աշխատանքը դարձել է Միլանի ժամանակակից խորհրդանիշներից մեկը։ Այն միաժամանակ և՛ քաղաքական հայտարարություն է, և՛ արվեստագետի յուրօրինակ ողերձ կապիտալիզմին։ Կատելանը հերթական անգամ ապացուցում է, որ կարող է վիճահարույց արվեստը տեղափոխել հանրային տարածք՝ առանց կորցնելու դրա «սադրիչ» էությունը։

Քանդակը սկզբում տեղադրվել էր որպես ժամանակավոր ցուցադրություն, սակայն քաղաքի բնակիչների պահանջով դարձավ մշտական։ Այսպես Կատելանի «միջնամատը» դարձավ ոչ միայն Միլանի այցեքարտերից մեկը, այլև ֆինանսական համակարգին ուղղված մշտական հիշեցում։

Աշխարհի ամենաազդեցիկ արվեստագետների շարքում գտնվող Մաուրիցիո Կատելանը մնում է ժամանակակից արվեստի ամենահակասական և նորարար դեմքերից մեկը։ Նրա ստեղծագործությունները, որոնք հաճախ վաճառվում են միլիոնավոր դոլարներով, շարունակում են վիճարկել արվեստի սահմանները և հարցականի տակ դնել հասարակության կեղծ օրակարգերը, փուչ արժեքները։

Կատելանն ապացուցել է, որ արվեստը կարող է լինել և՛ զվարճալի, և՛ խորիմաստ, և՛ պրովոկատիվ, միաժամանակ բարձրացնելով լուրջ հարցեր մեր բարդ ժամանակների մասին։ Նա մնում է ժամանակակից արվեստի աշխարհի այն եզակի դեմքերից մեկը, որ կարողանում է միաժամանակ լինել և՛ խիստ առևտրային, և՛ խորապես քննադատական՝ չկորցնելով իր արվեստի էությունը։


✍️ Նանե Մանուկյան / PAN