#cinéPAN
April 22

Game Over. Լավագույն ու վատագույն խաղային էկրանավորումները

Համակարգչային խաղերի շուկան 2019-2021թթ-ին կազմել է ռեկորդային $191 մլրդ։ Բնականաբար, կինոինդուստրիան միշտ էլ ցանկացել է կտոր ունենալ այդ ահռելի տորթից, ու դեռ համակարգչային խաղերի արևածագի ժամանակներից ձգտել է մտնել խաղերի երկրպագուների գրպանը։ Մինչև վերջին ժամանակները կինոն դա անում էր կոպիտ, անփույթ, առանց հասկանալու ոչ խաղերը, ոչ էլ դրանց երկրպագուներին։ Համակարգչային խաղերը կինոգործիչների սնոբիստական աչքին բավարար լուրջ չէին դրանց հատուկ ուշադրություն դարձնելու համար։ Նրանք չէին հասկանում, որ ինչ-որ պահից խաղերը թե սյուժեի կառուցման, թե դրամատուրգիայի, թե ռեժիսորական հնարքների առումով շատ դեպքերում ավելի կոմպլեքսային ու ծանրակշիռ արվեստի գործ են, քան շատ ֆիլմեր։

Ի ուրախություն համակարգչային խաղերի սիրահարների` վերջին տարիներին արդարությունը սկսում է հաղթել։ PAN-ը կպատմի հինգ լավագույն խաղային էկրանավորման մասին, ապա նաև՝ վատագույնների։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

«ՖՈԼԱՈՒԹ», (FALLOUT, PRIME VIDEO, 2024)

Ապրիլի 12-ին Prime Video սթրիմինգային ծառայությունը հրապարակեց «Ֆոլաութ» սերիալը` հիմնված համանուն խաղային շարքի վրա։ 1997թ-ին սկիզբ առած շարքը այս պահին ներառում է 9 խաղ. RPG ժանրի խաղերի իրադարձությունները ծավալվում են միջուկային պատերազմից հետո` պոստապոկալիպտիկ աշխարհում։ Տարիների ընթացքում խաղային շարքը բազմիցս փոխեց թե արտադրությամբ զբաղվող ստուդիաներ, թե հրատարակիչներ, ու թե գեյմփլեյի էլեմենտներ, սակայն մի բան անփոփոխ էր. մանրակրկիտ մշակված ռետրոֆուտուրիստիկ պոստապոկալիպտիկ աշխարհ, ահռելի ստորգետնյա թաքստոցներ, մուտանտներ ու, բնականաբար, Nuka-Cola:

Առաջին Fallout-ը բարդ իզոմետրիկ RPG էր, որն առանց մանրակրկիտ ուղեցույցի շատ դժվար է խաղալ

Այսպիսով, ստեղծումից 27 տարի անց խաղային շարքն ունեցավ իր էկրանավորումը։ Պրոդյուսերական պարտականություններն ու առաջին երեք էպիզոդների ռեժիսուրան իր վրա էր վերցրել Ջոնաթան Նոլանը` «Վայրի Արևմուտքի աշխարհ» (Westworld) սերիալի ստեղծողն ու Քրիստոֆեր Նոլանի եղբայրը, ով երկար տարիներ եղբոր ֆիլմերի սցենարի համահեղինակ էր։ Ու «Ֆոլաութը» Նոլանին տալը լավագույն կինեմատոգրաֆիկ որոշումներից մեկն էր։ Ի տարբերություն Քրիստոֆերի, Ջոնաթանը կաղապարված չէ մի քանի ֆիքսված գաղափարների շրջանակներում ու ավելի ազատ է, որպես ստեղծագործող։

Խաղային շարքի էվոլյուցիան

Առաջինն, ինչով աչքի է ընկնում «Ֆոլաութը», մանրակրկիտ, խորը մշակված, ոչինչ բաց չթողնող աշխարհակառուցումն է։ Դիտման ընթացքում հավատում ես, որ այդ գրոտեսկային, խելագար, իռացիոնալ աշխարհը լրիվ իրական է, ու, ինչն ամենակարևորն է, ոչ թե խաղային աշխարհին ալտերնատիվ աշխարհ է, այլ հենց խաղային շարքի աշխարհն է։ Դա էլ բավական չի, սերիալի սյուժեն, ինտրիգի կառուցումը, կերպարների հարաբերությունները, երկխոսությունները, դերասանական խաղը, մասշտաբները, հատուկ էֆեկտները, հրեշները` ամեն ինչ արված է սկզբնաղբյուրի նկատմամբ մեծագույն հարգանքով։

Սերիալի թագն ու պսակը հիանալի Ուոլթոն Գոգինսն է ու իր մարմնավորած կերպարը

Սա միաժամանակ զվարճալի սերիալ է ու շատ սև ու չար երգիծանք, որը ծաղրում է արդիական բոլոր խնդիրները` մեծ քաղաքականությունից մինչև կորպորացիաներ։ Սերիալի բոլոր բաղադրամասերը համակցված են իդեալական, ոչինչ չի խաթարում ընդհանուր պատկերը, ոչ մի վայրկյան ընդհանուր սյուժետային գծից դուրս չի նետում, ամեն ինչ պարզ է, հասկանալի, իսկ խաղային շարքի երկրպագուները ամեն րոպե հիացմունքից գոռալու են գրագետ տեղադրված հղումների քանակից։

«ՄԵԶԱՆԻՑ ՎԵՐՋԻՆՆԵՐԸ», (THE LAST OF US, HBO, 2023)

2013-ին Sony Computer Entertainment-ը գեյմերներին ներկայացրեց լավագույն համակարգչային խաղերից մեկը։ Տաղանդավոր սցենարիստ Նիլ Դրակմանի, խաղային տնօրեն Բրյուս Սթրեյլիի ու Naughty Dog ստուդիայի ջանքերով ստեղծված The Last of Us խաղը` action-adventure survival horror-ի ու սթելս էքշնի էլեմենտներով, հիանալի սյուժեով, խորը մշակված կերպարներով ու գեյմփլեյով, անմիջապես զբաղեցրեց բոլոր ռեյթինգային ցուցակների առաջին տեղերը` արժանանալով բազմաթիվ մրցանակների։ Ինչպես Fallout-ում, այստեղ ևս իրադարձությունները ծավալվում էին պոստապոկալիպտիկ աշխարհում։ Մարդկությանը այս անգամ կործանել էր ոչ թե միջուկային պատերազմը, այլ մակաբուծող սունկը, որով վարակված մարդիկ վերածվում էին սարսափելի արնախում հրեշների։ Ի տարբերություն Fallout-ի, The Last of Us-ը ավելի ռեալիստիկ է, մռայլ, ռետրոֆուտուրիզմի, գրոտեսկի ու սև հումորի փոխարեն այստեղ դաժան, սառը ու անտարբեր իրականությունն է, որի հետ բախվել է մարդկային քաղաքակրթությունը։

Սերիալը շատ տեղերում բառացի կրկնում է խաղը

Նախորդ տարի ցուցադրված սերիալը, որի շոուռաները «Չեռնոբիլի» (Chernobyl, 2019) հեղինակ Քրեյգ Մեյզինն էր, վերցրել է խաղի կենտրոնական սյուժեն` որոշակի փոփոխության ենթարկելով էլեմենտները, նոր ձևով պատմելով պատմությունը։ Նյարդային, մռայլ, անհուսության շոշափելի մթնոլորտով, «Մեզանից վերջինները» բոլորովին նման չէ սովորական զվարճանքի, այլ աշխարհի հոգեվարքին հետևելու, մեռնողի մահճակալի մոտ անօգնական նստելու զգացում է փոխանցում։

Առաջին երկու էպիզոդների սկիզբը` գիտնականների մասնակցությամբ, էլ ավելի է սրում անելանելիության զգացումը, որովհետև եթե անգամ գիտությունն է ընկրկում, ուրեմն այլևս հույս չկա։ Ու այս տոտալ խավարի միջավայրում հեղինակները կարողանում են ինչ-որ հրաշքով հույսի հազիվ նշմարելի, բայց, վստահաբար, գոյություն ունեցող բիծ տեղադրել թունելի վերջում։

«ՍՈՒՊԵՐ ՄԱՐԻՈ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԻՆՈՅՈՒՄ», (THE SUPER MARIO BROS. MOVIE, UNIVERSAL PICTURES, 2023)

Այժմյան 40-ամյա մորուքավոր տղամարդիկ լավ են հիշում 90-ականների կեսերը, երբ հովհարային անջատումների արանքում հնարավորություն էր լինում միացնել Dendy պիրատական խաղային սարքը (կամ դրա բազմաթիվ կլոններից մեկը), դնել 999.999.999 խաղով պիրատական քարթրիջը ու The Righteous Brothers-ի Unchanged Melody-ի 8 բիտանոց տարբերակի տակ միացնել այնքան սիրելի իտալացի ջրմուղագործի արկածների մասին խաղը։ Կկարողանա՞ արդյոք Մարիոն այս անգամ փրկել արքայադուստր Փիչին չար վիշապ Բոուզերի ձեռքերից, թե՞ կրկին սխալ ամրոց կմտնենք, կամ, ինչն ավելի վատ է, լույսերը նորից կտանեն։

Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել

Մարիոյի ու Լուիջիի մասին խաղերի նախորդ էկրանավորումն այնքան վատն էր (դրա մասին` ստորև), որ տասնամյակներով ոչ ոք ռիսկ չէր անում կրկին զայրացնել Nintendo-ին։ Իսկ ջրմուղագործի մասին խաղերի շարքն աճում էր, զարգանում, հարստանում, մեծանում էր նաև խաղային աշխարհը։ Ի վերջո կայացվեց միակ խելամիտ որոշումը. Մարիոյի մասին պատմությունը` ելնելով խաղերի վիզուալ առանձնահատկություններից, պետք է լինի ոչ թե խաղարկային, ինչպես նախորդ անգամ էր, այլ անիմացիոն։ Որովհետև Մարիոյի դեպքում խաղարկայինը ծայրահեղ անբնական է։

Մարիոն ու Փիչը

2023-ին էկրաններ բարձրացած անիմացիոն ֆիլմը Illumination ստուդիայի ու Nintendo-ի համատեղ աշխատանքի արդյունք էր, ընդ որում` վերջինը վերահսկում էր արտադրության բոլոր փուլերը։ «Սուպեր Մարիո եղբայրները կինոյում» ունի այն ամենն, ինչ անսահման դուր կգա 40-ամյա մորուքավոր տղամարդկանց ու ոչ միայն։ Սա խիստ բալանսավորված, հաճելի անիմացիոն լուծումներով, կենդանի կերպարներով, լավ հումորով զվարճալի պատմություն է Մարիոյի աշխարհում, որը ոչ թե կինեմատոգրաֆիկ ֆանսերվիս է, այլ ինքնուրույն ստեղծագործություն, որը ընդլայնում ու հարստացնում է խաղային աշխարհը։

Բոուզերի երգն առանձին գծով է գնում

Կինոքննադատներն անհասկանալի պատճառներով սառը ընդունեցին ֆիլմը, սակայն հանդիսատեսն այն գնահատեց. դրա մասին է վկայում վարձույթում ավելի քան $1.3 մլրդ հավաքելը։ Պարզվեց, համակարգչային խաղ էկրանավորելը, եթե բավարար տաղանդավոր ես ու հավատարիմ սկզբնաղբյուրին, նաև եկամտաբեր է։

«ՍԱՅԼԵՆԹ ՀԻԼԼ», (SILENT HILL, DAVIS FILMS, 2006)

Հարցրեք ցանկացած փորձված գեյմերի, ո՞րն է ամենավախենալու հորրոր խաղը։ Խաղ, որը գիշերով խաղալն իսկական փորձություն է նյարդերի համար, որի թանձր, մածուցիկ մթնոլորտը պատում է մարդուն առաջին իսկ րոպեներից։ Իհարկե, մեծ մասը կասի, որ ամենավախենալուն Silent Hill 2-ն է` 2001-ին թողարկված սիքվելը, որն անքուն գիշերների պատճառ է դարձել բազմաթիվ գեյմերների համար։ Բայց առաջին խաղը` 1999-ի survival horror-ը, իր մառախուղով, իր թանձրությամբ ու մռայլությամբ, քողարկված սարսափներով, շատ առումներով չէր զիջում սիքվելին։ Հենց առաջին խաղում եռաչափ գրաֆիկայի թերությունները թաքցնելու համար Konami-ի մասնագետները խաղային միջավայրը պատեցին մառախուղով, ինչը զգալիորեն ավելի ընդգծեց մթնոլորտն ու դարձավ խաղային շարքի գլխավոր այցեքարտը։

Մինչև հիմա առաջին խաղը խաղալը նյարդերը մի լավ խուտուտ է տալիս

Էկրանավորումը վստահվեց իսկական գիք, համակարգչային խաղերի մեծ սիրահար, հիասքանչ «Գայլի եղբայրությունը» (Le Pacte Des Loups, 2001) ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆ Գանսին։ Ու վերջինս ստեղծեց նույնքան մածուցիկ, նույնքան խիտ, մթնոլորտային ու էլեգանտ էկրանավորում, որը, չնայած, չէր հետևում առաջին խաղի սյուժեին ու ներկայացնում էր սեփական պատմությունը, այն պակաս ողբերգական, դաժան ու սահմռկեցուցիչ չէր, քան խաղում։

Ֆիլմի էսթետիկ գրավչությունը ավելի էր ուժեղանում այն հանգամանքից, որ հրեշների մեծ մասին խաղում էին պրոֆեսիոնալ պարողներ, ում մարմնի պլաստիկան լիարժեք փոխանցում էր այն դժոխային ձգողականությունը, որ պետք է ունենային այդ արարածները։ Կրոնական մոլագարների ձեռամբ կտտանքների ենթարկված երեխայի դաժան վրեժն ամբողջ աշխարհից Գանսը ներկայացրել է միայն ֆրանսիական կինոյին հատուկ նրբությամբ ու ուղղամտությամբ, իսկ ֆիլմի եզրափակիչ հատվածը ցնցելու է անգամ սյուժետային թվիստերին սովոր կինոմաններին։

«ԱՐՔԵՅՆ. ԼԵԳԵՆԴՆԵՐԻ ԼԻԳԱ», (ARCANE: LEAGUE OF LEGENDS, NETFLIX, 2021)

Փաստացի, խաղային լավագույն էկրանավորումների 3/5-րդ մասը սերիալներ են, ինչը վկայում է, որ հենց սերիալային ֆորմատն է լավագույն ընտրությունը համակարգչային խաղի նման բարդ երևույթը կինեմատոգրաֆիկ լեզվի փոխանցելու համար։ League of Legends-ը պոպուլյար մուլտիփլեյերային օնլայն մարտադաշտ է (Multiplayer Online Battle Arena), իսկ մուլտիփլեյերային խաղը էկրաններ տեղափոխելն էլ ավելի դժվար է, քան սյուժետայինները։

WarCraft 3-ի սիրահարները կհասկանան

«Արքեյն. Լեգենդների լիգա» սքանչելի ու անսահման ոճային անիմացիոն սերիալի հեղինակները շարժվել են էկրաններին լիարժեք, ինքնուրույն աշխարհ կառուցելու ճանապարհով, որը հասկանալու համար բացարձակ պարտադիր չէ տեղյակ լինել խաղի աշխարհից։ Հեղինակները կարողացել են այնքան մանրակրկիտ սթիմպանկ աշխարհ ստեղծել, որ դիտման ընթացքում այն գրեթե շոշափելի է։ Այստեղ ահռելի ուշադրություն են դարձնում անգամ ամենափոքր դետալին։ Սա խիստ տպավորիչ ճամփորդություն է սթիմփանկ աշխարհով, որի յուրաքանչյուր անկյունը, ամեն շենք ու ամեն պատուհանից այն կողմ գտնվող ամեն ինչ կարելի է ուսումնասիրել, ուղղակի զբոսնել ու լրիվությամբ զգալ այդ նոր աշխարհը։ Իսկ ունիկալ վիզուալ ոճը, ծավալուն, խարիզմատիկ կերպարները, փոթորկային դինամիկան, շատ խորը դրաման «Արքեյն. Լեգենդների լիգան» դարձնում են վերջին ժամանակների լավագույն անիմացիոն սերիալներից մեկը։

ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Քանի որ համակարգչային խաղերի վատ էկրանավորումներն անհամեմատ ավելի շատ են, վատագույններին դասակարգում ենք խոշոր խմբերով։

«ՉԱՐԻ ԿԱՑԱՐԱՆ», (RESIDENT EVIL)

Capcom ընկերության լեգենդար survival horror խաղային շարքի բախտը կինեմատոգրաֆիկ առումով այդպես էլ չբերեց։ 1996-ին մեկնարկած շարքի առաջին տեղափոխությունը կինոլեզու տեղի ունեցավ 2001-ին։ Ռեժիսորական աթոռին Փոլ Վ. Ս. Անդերսոնն էր, ով մեկ անգամ արդեն որոշակի հաջողությամբ խաղային էկրանավորում ունեցել էր. «Մահացու մենամարտը» (Mortal Kombat, 1995) շատերը համարում են խաղային լավ էկրանավորում, սակայն դա ավելի շատ բխում է նոստալգիայից, որովհետև հռչակավոր ֆայթինգի` նման որակի էկրանավորումը հիմա միայն զայրույթ կառաջացներ։ Ինչևիցե, 2001-ին էկրաններ բարձրացած «Չարի կացարանը» միջին մակարդակի հորրոր էր, որը ոչինչ չէր թողել օրիգինալ խաղից, սակայն որն առայժմ ոչինչ չէր հուշում այն աղետի մասին, որը սպասվում էր առաջիկայում։

Resident Evil խաղային շարքի էվոլյուցիան

Աղետը գնալով խորացավ հետագա ֆիլմերի հետ միասին։ Անդերսոնի անմիջական ղեկավարությամբ նկարվեց վեց ֆիլմ, մեկը մյուսից վատը, որոնք ահռելի քայլերով ավելի ու ավելի էին հեռանում սկզբնաղբյուրից` գլորվելով Միլա Յովովիչին գովերգելու անդունդը։ Մղձավանջն ավարտվեց 2016-ին` վերջին ֆիլմի դուրս գալով, սակայն մի մղձավանջը փոխարինվեց մյուսով, երբ 2021-ին էկրաններ բարձրացավ իբրև թե հավատարիմ ռեբութը, որն իրականում էժանագին B movie էր` վատ դերասանական խաղով ու հիմար սյուժեով։

Լեոնն ու Քլերը

Խաղի երկրպագուներն արդեն պատրաստ էին խորը շունչ քաշել` համոզված լինելով, որ այսքանից հետո այլևս ոչ ոք չի համարձակվի ձեռք տալ լեգենդար խաղը. սակայն եկավ Netflix-ը։ 2021-ին ցուցադրված համանուն սերիալը խաղի հետ կապ չուներ բացարձակ ոչ մի առումով. սա լրիվ ալտերնատիվ տիեզերք էր, որում խաղից միայն անվանումն էր ու որոշ անուններ։ Սակայն անգամ որպես անկախ, ինքնուրույն գործ սերիալն այնքան անօգնական էր, որ բոլորը, այդ թվում` Netflix-ը, որոշեցին այն շատ արագ մոռանալ։

Հարկ է նշել, որ Capcom-ն ինքը մի քանի անգամ նկարել է խաղային շարքի մոտիվներով անիմացիոն ֆիլմեր, որոնք, սակայն, միջին մակարդակի ֆանֆիկեր են հիշեցնում։

«ՄԱՔՍ ՓԵՅՆ», (MAX PAYNE, 20TH CENTURY FOX, 2008)

Երբեմն կինեմատոգրաֆիստները սայթաքում են անգամ հարթ տեղում։ Կա կուլտային խաղ` նուար ժանրում, հիանալի սյուժեով ու խարիզմատիկ կերպարով, լավ գրված երկխոսություններով ու մոնոլոգներով, ունիկալ ոճով ու դինամիկ լուծումներով։ Ի՞նչ է պետք լավ էկրանավորման համար. ընդամենը արդեն եղածը տեղափոխել կինեմատոգրաֆիկ լեզվի, մանավանդ ինքը` խաղը, խիստ կինեմատոգրաֆիկ է։ Ֆիննական Remedy Entertainment-ը 2001-ին իսկական հրաշք էր գործել սուղ միջոցներով` թողարկելով Max Payne խաղը. ստեղծողները հենց միջոցների սղության պատճառով բոլոր ջանքերը ներդրել էին ստեղծագործական հետաքրքիր լուծումների վրա` արդյունքում ստանալով իսկական գլուխգործոց։

Խեղճ Սեմ Լեյք

Ի՞նչ արեցին կինեմատոգրաֆիստները։ Ոչինչ։ Վերցրին խաղի անվանումն ու այդ անվան տակ արագորեն թխեցին ոչնչով աչքի չընկնող միջակություն, որը փորձում էր խաղի էլեմենտները տեղավորել այնտեղ, որտեղ դրանք տեղավորելն անիմաստ էր, իսկ մնացածը թաղել ոչ հետևողական սյուժեի ու Ջոն Մուրի վատ ռեժիսուրայի տակ։ 90-ականներին ու զրոյականների սկզբին խաղերը լուրջ չէին ընդունվում, էկրանավորումները վստահում էին կամ միջին ձեռքի արհեստավորների, կամ բացահայտ անտաղանդ փինաչիների։ Մուրը պատկանում է առաջին խմբին, բայց «Մաքս Փեյնի» դեպքում իրեն դրսևորեց երկրորդի նման։

ՈՒՎԵ ԲՈԼԼ

Այո, այո, քանի որ մենք խոսում ենք անտաղանդ փինաչիների մասին, չենք կարող չհիշատակել այն խաղերը, որոնք զոհ գնացին ամենաանտաղանդ ռեժիսորներից մեկին` Ուվե Բոլլին։ Վերջինս, չնայած կինոյից հասկանում է գրեթե ոչինչ ու նկարում է մոտավորապես Թոմի Վայսոյի մակարդակի, բավականին խորամանկ բիզնեսմեն է, ով ժամանակին կարողացավ ձեռք գցել մի քանի նշանավոր խաղերի էկրանավորման իրավունքները։ Բոլլը հայտնի է ոչ միայն իր ցածրորակ ֆիլմերով, այլև էպատաժային վարքագծով, երբ, օրինակ, բռնցքամարտի է հրավիրել իր «ֆիլմերը» քննադատող կինոքննադատներին։

Այն ամենը, ինչ պետք է իմանալ

Թերևս, իմաստ չունի Բոլլի նկարած խաղային էկրանավորումների մասին առանձին պատմել, ուղղակի կնշենք զոհերի անունները ու էկրանավորումների ռեյթինգներն IMDb-ում. House of the Dead (2.1), Alone in the Dark (2.4), BloodRayne (3.0, 2.7, 3.0), Dungeon Siege (3.8, 3.1, 3.0), Postal (4.5), Far Cry (3.2): Ինչպես տեսնում եք, ամենաբարձր գնահատականը 4.5-ն է, ինչը ցանկացած բառերից ավելի ցայտուն է պատմում համակարգչային խաղերի նկատմամբ Բոլլի վերաբերմունքի մասին։

«ՍՈՒՊԵՐ ՄԱՐԻՈ ԵՂԲԱՅՐՆԵՐ», (SUPER MARIO BROS. MOVIE, HOLLYWOOD PICTURES, 1993)

Սա պատմության մեջ համակարգչային խաղի առաջին էկրանավորումն է, ու, հավանաբար, չարիքի արմատը, որից հետո կինոն այս ուղղությանը սկսեց վերաբերվել ոչ բավարար լրջությամբ։ Կատակ բան չէր 93-ի համար $48 մլն բյուջեն, որի անգամ կեսը հետ չբերվեց։ Իսկ հանդիսատեսն ու կինոքննադատները քարը քարի վրա չթողեցին այս տարօրինակ թռեշից։

Ամեն ինչ շատ տարօրինակ էր

Իսկ պատճառը շատ պարզ էր. կան խաղեր, որոնք խաղարկային դարձնելն այլասերվածություն է։ Բոլոր ժամանակների մեծագույն խաղերից մեկը` Super Mario Bros.-ը, կարելի էր ճիշտ էկրանավորել բացառապես անիմացիայի միջոցով, ինչն էլ հաջողությամբ արվեց 30 տարի անց։ Իսկ կոնկրետ այս խաղարկային ֆիլմը չափից դուրս անփույթ է, դանդալոշ ու հիմար` ակտիվ ու էներգիայով լի ջրմուղագործի հետ ասոցիացիաների համար։

«ԴՈՒՄ», (DOOM)

Նույն հարթ տեղում սայթաքելու պատմությունն է։ 1993-ին համակարգչային խաղերի շուկան պայթեցրած Doom-ը նախանշեց առաջին դեմքից շութերների (FPS) ամբողջ ժանրի հետագա ճակատագիրը` սահմանելով ժանրային այն առանձնահատկությունները, որոնց հետևում են մինչ օրս։ Խաղն ուներ բավականին ամուր սյուժե ու աննկարագրելի խիտ մթնոլորտ` համադրելով գիտական ֆանտաստիկան, միստիկան ու հորրորը։

Doom-ի էվոլյուցիան

2005-ի էկրանավորումը խաղի հետ կապված էր բացառապես անունով ու իրադարձությունների վայրով։ Տաղանդավոր վիզիոներ ու հրաշալի օպերատոր Անջեյ Բարտկովիակը ռեժիսորական աթոռին իրեն ամբողջությամբ դրսևորեց միայն առաջին դեմքից նկարված փոքրիկ դրվագում, ինչն էլ ուղիղ հղումն էր խաղին (կասկածելիորեն` երրորդ խաղին)։ Մնացած առումով սա թույլ, միջինոտ էքշնով, չհիշվող հրեշներով, մարտաֆիլմ է, որը կարելի է մեկ անգամ նայել ու մոռանալ։ Այն բացարձակ արժանի չէ իր մոնումենտալ սկզբնաղբյուրին։

Doom-ային դրվագը

Երկրորդ փորձն էլ ավելի անհաջող էր։ Տպավորություն էր, որ ռեժիսորական աթոռին Ուվե Բոլլն է, չնայած Թոնի Ջիլլո անունով ինչ-որ մեկն էր։ Այս թռեշային էժանագին ֆիլմում վատ էր բացառապես ամեն ինչ` ռեժիսուրայից մինչև դերասանական խաղ, հրեշներից մինչև սյուժե։ Հաշվի առնելով, որ ֆիլմը դուրս եկավ միանգամից կրիչների վրա, կարելի է պատկերացնել վերաբերմունքը մեծագույն խաղերից մեկի նկատմամբ։

Կան խաղային բազմաթիվ այլ էկրանավորումներ` բացահայտ վատը կամ միջին մակարդակի։ Սակայն նյութի առաջին մասում արձանագրված դրական տենդենցը խիստ ուրախալի է։ Կինոն սկսում է հասկանալ, որ գործ ունի իրենից շատ ավելի մեծ ու բարդ ինդուստրիայի հետ, որին անհրաժեշտ է վերաբերվել համապատասխան հարգանքով։


🎬 Արման Գասպարյան / PAN