Հերոսացված նահատա՞կ, թե՞ վտանգավոր դեմագոգ. Ով էր Չարլի Քըրքը՝ Թրամփի ստվերում, սոցիալական մեդիայում ու դրանից դուրս
Սեպտեմբերի 10-ին Յուտայի համալսարանում, «Ապացուցիր, որ սխալվում եմ» խորագրով հանրային բանավեճի ժամանակ սպանվեց 31-ամյա Չարլի Քըրքը՝ ամերիկյան աջ թևի ամենաքննարկվող դեմքերից մեկը։ Նրա մահը կարծես երկու մասի բաժանեց առանց այդ էլ պառակտված Միացյալ Նահանգները։ Ծայրահեղ պահպանողականները հերոսացնում ու աստվածացնում են Քըրքին, ուլտրալիբերալներն իրենց թույլ են տալիս ուրախանալ Քըրքի սպանությամբ ու հեգնանքով խոսել այդ մասին։ Մարդկանց երրորդ, առավել փոքր խումբն էլ փաստում է, որ Քըրքի համոզմունքներից շատերը մեղմ ասած հակասական էին, բայց գաղափարների ու դիրքորոշման համար ոչ ոք չպետք է սպանվի։
Քըրքի գաղափարներից ու քարոզներից շատերն իսկապես լուրջ հարցեր են առաջացնում, դավադրության որոշ տեսություններ ևս հենց նրա միջոցով էին հասնում հանրությանը։ Հետևաբար զոհին հերոսացնել պետք չէ, բայց պետք է նաև արձանագրել, որ քաղաքական ու հասարակական դիրքորոշման համար որևէ մեկին սպանելը միշտ ու ցանկացած սցենարով դատապարտելի և անընդունելի է։ Սա ընդունենք որպես ելման կետ ու ավելի մանրամասն ծանոթանանք Քըրքի՝ շատերի համար «պաշտելի», մյուսների համար «ատելի» կերպարին ու գործունեությանը։
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԳՈՂ ԱՍՏՂԸ
1993 թվականին Չիկագոյի հարուստ արվարձաններից մեկում՝ Պրոսպեկտ Հայթսում, ճարտարապետի ընտանիքում ծնված տղան արդեն դպրոցական տարիներին հետաքրքրվում էր քաղաքականությամբ։ 18 տարեկանում, երբ հասակակիցները մտածում էին համալսարանական կյանքի մասին, Քըրքը կայացրեց որոշում, որը փոխելու էր ամերիկյան պահպանողական շարժման երիտասարդական դեմքը։ Կարճ ժամանակ անց՝ 2012 թվականին հիմնադրեց Turning Point USA կազմակերպությունը։
Նպատակը պարզ էր, բայց հավակնոտ՝ պահպանողական գաղափարները տարածել լիբերալ հայացքներով հայտնի ամերիկյան համալսարաններում։ Այդ նպատակին հասնելու համար Քըրքն օգտագործեց 21-րդ դարի լեզուն՝ սոցցանցեր, մեմեր, տեսանյութեր։
Արդեն 2016 թվականին, ընդամենը 23 տարեկանում, երիտասարդ ակտիվիստը հայտնվեց Հանրապետական կուսակցության ազգային համագումարի բեմին։ Այդ ժամանակ նա խոստովանել էր, թե «աշխարհում Դոնալդ Թրամփի ամենամեծ երկրպագուն չէ»։ Բայց ամեն ինչ փոխվեց կարճ ժամանակում։
ԹՐԱՄՓԻ ՍՏՎԵՐՈՒՄ
Քըրքի վերաբերմունքը Թրամփի նկատմամբ կտրուկ փոխվեց։ Նա դարձավ MAGA շարժման ամենաակտիվ ջատագովներից մեկը։ Հատկապես նախընտրական շրջանում նա մշտապես Թրամփի «նեղ շրջապատում» էր։ Երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելուց օրեր առաջ Թրամփը գոլֆ էր խաղում Չարլիի հետ։
Ասում են, որ Քըրքի ազդեցությունը Թրամփի շրջապատում այնքան մեծ էր, որ նա մասնակցում էր նույնիսկ վարչակազմի պաշտոնների բաշխման քննարկումներին։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Քըրքի հետ ջերմ, ընկերական հարաբերություններ ուներ։ Անգամ ասել է, որ հենց Քըրքն էր իրեն ծանոթացրել Թրամփների հետ և աջակցել իր թեկնածությանը։
2024 թվականի ընտրարշավում Turning Point USA-ն միլիոնավոր դոլարներ ներդրեց և հազարավոր կամավորներ մոբիլիզացրեց՝ ճոճվող նահանգներում ընտրողներ ներգրավելու համար։ Հենց Քըրքի ջանքերի շնորհիվ էր նաև, որ Արիզոնայում տասնյակ հազարավոր երիտասարդներ առաջին անգամ քվեարկեցին Թրամփի օգտին ու ապահովեցին նրա հաղթանակն այս կարևոր նահանգում։
ՀԱԿԱՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քըրքի հայացքները հաճախ էին բևեռացնում հասարակությունը։ Օրինակ, նա բացահայտ դեմ էր արտահայտվում աբորտին։ Այն համարում էր սպանություն՝ անգամ բռնաբարության դեպքերում։ Քննադատում էր «սեռական անարխիան», պնդելով, որ հակաբեղմնավորիչ դեղամիջոցները «փչացնում են կանանց ուղեղը» և նրանց «չարացած» դարձնում։
Զենքի իրավունքի հարցում նրա դիրքորոշումն առավել հակասական էր։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Քըրքը հայտարարել էր, որ սահմանադրական իրավունքների համար ցավոք արժե տարեկան մի քանի մահվան գին վճարել։ Ճակատագրի հեգնանքով ինքն էլ դարձավ այդ զոհերից մեկը։
Երբեմն Քըրքը սիրում էր ապատեղեկատվությունը կիրառել որպես գործիք ու «կրակում էր» թվեր ու պնդումներ, որոնք իրականության հետ այնքան էլ կապ չունեին։ Օրինակ՝ COVID-19 համավարակի ընթացքում նա ակտիվորեն ապատեղեկատվություններ էր տարածում և կասկածի տակ էր դնում գիտական համայնքի եզրակացությունները։ 2020 թվականի ընտրություններից հետո էլ պնդում էր, որ դրանք ամբողջովին կեղծ էին։
Իսկ դեռ հեռավոր 2018 թվականի դեկտեմբերին, Քըրքը տարածել էր կեղծ լուր, թե Ֆրանսիայի «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները վանկարկում էին «Մենք Թրամփին ենք ուզում»։ Այս ապատեղեկատվությունը հետագայում կրկնեց նաև ինքը՝ Թրամփը։
Նույն տարում նա սոցցանցերում սխալ տվյալներ տարածեց մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ձերբակալությունների թվի մասին՝ պնդելով, որ 2016-ին եղել է 1952 ձերբակալություն, իսկ 2018-ի առաջին կեսին՝ 6087։ Հաջորդ օրը առանց բացատրության ջնջեց իր թվիթը։
Forbes-ը նրան բնութագրել է որպես մի գործչի, որը «հայտնի է լիբերալ համալսարանական կրթությունը մերժելով և հանրապետական դավադրության տեսությունները առաջ տանելով»։
Զարմանալի է, բայց 2010-ականների սկզբում Քըրքը հայտնի էր որպես կրոնի քաղաքական ազդեցությունը քննադատող ազատամիտ երիտասարդ։ Բայց 2021 թվականին նա հիմնեց Turning Point Faith նախագիծը։ Սկսեց քարոզել նոր հայեցակարգ՝ պնդելով, որ քրիստոնյաները պետք է վերահսկեն հասարակության բոլոր հիմնական ոլորտները՝ կառավարությունը, կրթությունը, մեդիան, արվեստը, բիզնեսը, ընտանիքը և կրոնը։ Եկեղեցու և պետության բաժանումը նա համարում էր սխալ։
ՄԵԴԻԱ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Քըրքի իրական ուժը գուցե ամենից շատ դրսևորվում էր նրա մեդիա հաջողություններում։ The Charlie Kirk Show փոդքասթը օրական 500-750 հազար անգամ ներբեռնվում էր և կայուն բարձր դիրքեր էր զբաղեցնում Spotify-ի և Apple-ի չարթերում։ Speechify հարթակի հիմնադիրը Չարլիի՝ երիտասարդական լսարանի ներգրավման հմտությունը «ֆենոմենալ» էր անվանում։
«Սրանք պարզապես պատահական ունկնդիրներ չեն, այլ ներգրավված, հետաքրքրված երիտասարդ ամերիկացիներ, որոնք փոդքասթն օգտագործում են իրենց քաղաքական հայացքներն ու համոզմունքները ձևավորելու համար»։
Քըրքի ոճը բազմաթիվ համակիրների համար իսկապես գրավիչ էր՝ մատչելի լեզու, պոպուլիստական հնարքներ, շատ պաթոս ու էմոցիա, ավելի քիչ փաստեր։
Մեդիա հաջողություններին զուգահեռ աճում էին նաև ֆինանսական հաջողությունները։ Turning Point USA-ի ֆինանսական աճը տպավորիչ էր։ 2022 թվականին նվիրատվությունները կրկնապատկվեցին, այնուհետև եռապատկվեցին՝ հասնելով 79,2 միլիոն դոլարի։ ProPublica-ի տվյալներով՝ 2024 թվականին կազմակերպությունն արդեն ավելի քան 85 միլիոն դոլար էր հավաքել։
Այս գումարները թույլ տվեցին ընդլայնել գործունեությունը մինչև 3500 միջնակարգ դպրոցներ և քոլեջներ, ստեղծել Professor Watchlist և School Board Watchlist ծրագրերը, որոնք հետևում էին «ձախակողմյան» դասախոսներին և դպրոցական խորհուրդների անդամներին։
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարդասպանը Քըրքի ուղղությամբ կրակեց հենց այն պահին, երբ գործիչը քննարկում էր զենքի կիրառմամբ զանգվածային կրակոցների թեման։ Մոտ 150 մետր հեռավորությունից, համալսարանի շենքերից մեկի տանիքից արձակված գնդակը խոցեց նրա պարանոցը։ Տեսարանը սարսափելի էր։ Հանդիպմանը ներկա 3000 մարդիկ՝ խուճախահար ու վախեցած։
Քըրքի սպանությունը ցնցեց ամերիկյան քաղաքական դաշտը։ Նախագահ Թրամփը տեսաուղերձում սպանությունն անվանեց «սև էջ Ամերիկայի համար» և անմիջապես մեղադրեց «արմատական ձախերին»։ Նա խոստացավ Քըրքին հետմահու պարգևատրել քաղաքացիական անձանց համար նախատեսված ամենաբարձր պարգևներից մեկով։
Քըրքի այրին՝ Էրիկան, հանրության առաջ իր առաջին ելույթում վստահեցրեց, որ Չարլիի գործը կիսատ չի թողնելու.
«Եթե նախկինում կարծում էիք, որ ամուսնուս առաքելությունը կարևոր էր, ապա այժմ նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ եք արթնացրել ամբողջ երկրում և աշխարհում»։
22-ամյա Թայլեր Ռոբինսոնը՝ սպանության մեջ կասկածվողը, ձերբակալվեց սեպտեմբերի 12-ին։ Ոստիկանությանն օգնել էր Ռոբինսոնի հայրը։ Որդուն համոզել էր հանձնվել։ Դատախազությունը մահապատիժ է պահանջում Ռոբինսոնի համար։ Նրան յոթ մեղադրանք է առաջադրվել։
Ըստ հարևանների՝ Ռոբինսոնը «բավականին լուռ երեխա» էր՝ հանգիստ, աշխատասեր ընտանիքից, բայց վերջին շրջանում շատ «քաղաքականացված» էր։ Ոստիկանությունը հայտնաբերել է Discord հարթակում նրա հաղորդագրությունները, որտեղ նա քննարկում էր զենքը թաքցնելու և փամփուշտների վրա գրություններ թողնելու թեմաները։ Գնդակների պատյանների վրա իսկապես հայտնաբերվել են տարբեր գրություններ։ Փամփուշտներից մեկի վրա գրված էր՝ «Հե՛յ ֆաշիստ, բռնի՛ր՝ ↑ → ↓↓↓», որը հավանաբար կապ ունի մի տեսախաղի հետ, որտեղ ծաղրում են ֆաշիզմը։ Մեկ այլ գրություն մեջբերում էր իտալական հակաֆաշիստական ամենահայտնի երգերից մեկը՝ «Oh bella ciao, bella ciao, bella ciao ciao ciao»։ Փամփուշտներից մեկն էլ պարզապես ծաղրում էր քննիչներին. «Եթե կարդում ես սա, ուրեմն գեյ ես»։
Քըրքի կերպարն անգամ հետմահու խիստ հակասությունների առիթ է դառնում։ Կոնգրեսում նրա հիշատակին նվիրված լռության րոպեն անգամ վերածվեց կուսակցական վիճաբանությունների։
Չարլի Քըրքի մահը, անկախ սպանության շարժառիթներից ու մարդկանց արձագանքից, դարձավ ամերիկյան հասարակական բևեռացման կատալիզատոր։ Երիտասարդ պահպանողականների համար նա դարձավ նահատակ, իսկ լիբերալների համար՝ վտանգավոր դեմագոգ, որն այլևս չկա։ Այս կամ այլ կերպ՝ Չարլի Քըրքը մարմնավորում էր ամերիկյան քաղաքականության ծայրահեղությունները։