#մշակութաPAN
December 13, 2022

Սիրող Սամսոնն ու ինքն իրեն սիրահարված Նարցիսը․ Ռուբենսից Կարավաջո՝ chiaroscuro-ից մինչև արհեստական բանականության բացահայտումներ

Հունահռոմեական ավանդազրույցներից, աստվածներից ու հերոսներից մինչև Աստվածաշունչ՝ ոգեշնչման թեմա են եղել նկարիչների համար։ Ինչպես է բիբլիական պատմությունը Ռուբենսի վրձնի թեման դարձել ու ինչու է արհեստական բանականությունը կասկածում, որ այն նկարչինն է․ PAN-ն այս անգամ պատմությունը կտավի մեջ տեղադրելուն է անդրադարձել։

Մեդուզաների, պանդորաների ու վեներաների մասին միֆերն ու քրիստոնեական թեմաների կտավ բերելու փորձը համատեղելով, երկու կտավ ենք առանձնացրել՝ պատմելու համար Սամսոնի ու Դալիլայի սերը կտրած պատմությունն ու ցույց տալու, թե ինչու է Կարավաջոյի Նարցիսի «դեմքը ծանոթ»։

«Սամսոն և Դալիլա», Ռուբենս, 1609 թ․

ՍԱՄՍՈՆ ԵՎ ԴԱԼԻԼԱ․ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ՝ ՌՈՒԲԵՆՍԻ ԿՏԱՎ ՈՒ AI-ԿԱՍԿԱԾՆԵՐ՝ ԱՐԴՅՈՔ ԿՏԱՎԸ ՌՈՒԲԵՆՍԻՆՆ Է

17-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկը՝ Պիտեր Պաուլ Ռուբենսը, իր ստեղծագործական բեղուն կյանքում հաճախ է անդրադարձել դիցաբանական թեմաների, պատումը վրձնահարել՝ այն կենդանացնելով ու հավերժացնելով։

Նրա «Սամսոն և Դալիլա» կտավն այս թեմայի մեջ է ու Աստվածաշնչյան կոնտեքստից․ այս կտավի շուրջ պատմությունները պակաս հետաքրիր չեն, որքան բուն կտավի բիբլիական նախապատմությունը։

Սամսոնն Աստվածաշնչում (Հին կտակարան, Դատավորների գիրք) հիշատակվում է որպես հսկայական ուժով օժտված ու գերմարդկային սխրանքներ գործող հերոս։ Նա հիշատակվում է որպես Մանուեի որդի՝ Դանա իսրայելական տոհմից։ Առասպելն ասում է՝ ի վերուստ էր կանխորոշված, որ Սամսոնն օժտվելու է գերբնական ուժով և իսրայելցիներին փրկելու է փղշտացիների 40-ամյա լծից։ Սամսոնի ուժի գաղտնիքն ու թուլությունը գտնում է սիրուհի Դալիլան․ կինն իր ծառաների հետ կտրում է քնած Սամսոնի մազերն ու զրկում նրան ուժից։ Ըստ պատմության՝ Սամսոնը հետո գերեվարվում է ու շղթայակապ բանտ նետվում։ Աստված գթասրտորեն Սամսոնի ուժը վերականգնում է, իսկ տոնախմբություններից մեկի ժամանակ, երբ նրան բերում են Դագոն աստծո տաճարը, իբրև մասնակիցներին զվարճացնելու, նա կործանում է տաճարը, թշնամիների հետ մնալով փլատակների տակ ու զոհվելով։ Դալիլայի անունը հետագայում ասոցացվել է դավաճանության ու հեշտասիրության հետ։

Եվ ո՞վ, եթե ոչ Ռուբենսը (հիշեք այս հարցը) այսպես մեծ կրքով կարող էր մի կտավի մեջ սիրո, ատելության, ուժի, ցասման, ցավի, դավաճանության այս ակտը տեղավորել։ Նայելով Ռուբենսի նկարած Սամսոնի բազուկներին լեգենդը հիմնավորվում է՝ նա մերկ ձեռքերով առյուծ էլ կսպաներ ու միայնակ թշնամու մի բանակ էլ կկոտորեր։ Սիրած կնոջ մերկ կրծքին քնած Սամսոնի ու վերջինիս թշնամուն «վաճառել» պատրաստվող Դալիլայի կերպարներին Ռուբենսը հենց գործի պահին է ցույց տալիս (ի տարբերություն, օրինակ՝ Կաբանելի)․ Դալիլային օգնելու եկած ծառաներից մեկը կտրում է Սամսոնի մազերը, մյուսը մոմն է պահել՝ լուսավորելու համար մութ գործի ընթացքը, դռան արանքից նայում ու Սամոսնի ուժասպառ լինելուն են սպասում թշնամու զինվորները։

Այս տեսարանը, ասում են, Ռուբենսն ուղեկցել է բազմաթիվ սիմվոլներով․ իրադարձություններն այս կտավում կատարվում են սիրո աստվածուհու աչքի առաջ, նկարի հետին պլանում Վեներան է։ Ի դեպ, մոմ պահողի կերպարն Աստվածաշնչում չի հիշատակվում․ սրան ավելացրել է Ռուբենսը։

7 տարի Իտալիայում լինելուց հետո, Ռուբենսը Կլասիցիզմի ու Վենետիկյան կոլորիտի ազդեցությամբ նկարել է այս կտավը, բայց պատվիրել է այն Նիկոլաս 2-րդ Ռոքոքը (Nicolaas II Rockox):

Ռուբենսն այստեղ chiaroscuro է արել․ նկարիչներն օգտագործել են այս տեխնիկան, որը ցույց է տալիս լույսի և ստվերի միջև բարձր հակադրություն՝ արվեստում դրամատիկ էֆեկտներ ապահովելու համար: Ասում են՝ Ռուբենսն այս տեխնիկան օգտագործել է Բիբլիական իր հերոսների մարմնական կատարելությունն ընդգծելու համար։

Այս տեխնիկան ծնվել է Վերածննդի շրջանում, Բարոկոյի շրջանում արդեն Կարավաջոն (ուրիշ էլ ո՞վ) կատարելագործել է այն՝ հասցնելով տենեբիզմի (tenebrism)։

Ակնհայտորեն կրելով 1600-ականների իտալական արվեստի նշանները՝ գույների, դետալների շքեղ ազդեցությամբ Ռուբենսը կենդանացնում է տեսարանը՝ Դալիլայի հագին թողնելով երկար կարմիր զգեստ, բացելով նրա կուրծքը, լույս տալով Սամսոնի ուժից զրկվող մարմնին ու նյութականացնելով ամենը խիստ կենցաղային դետալներով։ Ասում են՝ «այս ամենն ավելացնում են հաճույքի զգացողությունն ու մթնոլորտը»։

Ու նման բարձր և համոզիչ նոտաների վրա է, որ հաճույքը փչացվում, մթնոլորտն էլ կասկածով է լցվում։

Ընդհանրապես, արվեստի պատմության մեջ մինչ օրս կասկած կա, որ այս նկարն ամենևին էլ Ռուբենս չէ։ Ավելի վաղ կտավը վերագրվել է նիդերլանդցի նկարիչ Գերիտ վան Հոնթհորսթին (1592-1656թթ․), ով 17-րդ դարի սկզբում աշխատել է Հռոմում՝ իր արվեստի վրա կրելով Կարավաջոյի ազդեցությունը։ Վերջին 30 տարում մշտապես հնչած այս կասկածները 2021-ին արհեստական բանականությունը թարմացրեց․ կտավի տեխնոլոգիական ուսումնասիրությունն այն Ռուբենսին չի վերագրում։

The Guardian-ի հոդվածում նշվում է, թե Լոնդոնի Ազգային պատկերասրահը միշտ հպարտացել է Պիտեր Պաուլ Ռուբենսի «Սամսոն և Դալիլայով»՝ այն դասելով իր հավաքածուներից «կարևորների» շարքում, բայց գիտատեխնոլոգիական հետազոտություններն այլ բան են ցույց տալիս։

«Արդյունքներն իրոք ապշեցուցիչ են, ալգորիթմը 91% հավանականությամբ արձագանքել է ալգորիթմի վավերական չլինելուն»,-ասել է հետազոտությունն իրականացրած գիտնական Կարինա Պոպովիչը։

Գիտնականները «Սամսոն և Դալիլան» համեմատել են միանշանակորեն Ռուբենսի վրձնին պատկանող 148 այլ գործի հետ, հավանականությունը, որ սա նկարչինը չէ 90% և ավելին է եղել։

Վերջնական եզրակացությամբ՝ AI համակարգը «Սամսոն և Դալիլան» 91.78% հավանականությամբ գնահատում է որպես Ռուբենսին չպատկանող գործ։ Փոխարենը՝ նույն այս համակարգը 99%-ով վստահ է՝ A View of Het Steen in the Early Morning գործը, որը կրկին Լոնդոնի ազգային պատկերասրահում է գտնվում, Ռուբենսինն է։

Al-վերլուծությունն իրականացրել է շվեյցարական Art Recognition ընկերությունը, որը նույն տեխնիկայով մոտ 400 աշխատանք է ուսումնասիրել և մշտապես գործակցում է Նիդերլանդների Թիլբուրխի համալսարանի (Tilburg University) հետ։

Այս նկարը 1980-ականներին 2․5 մլն ֆունտ ստեռլինգով գնվել ու մինչ օրս պահվում է Լոնդոնի Ազգային պատկերասրահում, այն շարունակում է Ռուբենսին վերագրվել՝ գոնե պաշտոնապես։

Իսկ Սամսոնի ու Դալիլայի պատմությունը դարձել է բարոկոյի հետևորդների բազմաթիվ կտավների գլխավոր թեման․ համանուն կտավներ ունեն Ռեմբրանդը, Ֆրանչեսկո Գվերչինոն, Գուստավ Մորոն, Ալեքսանդր Կաբանելը, Անտոնիս վան Դեյքը։

Գուստավ Մորո, «Դալիլա», ~1896 թ․
Ալեքսանդր Կաբանել, «Սամսոն և Դալիլա», 1878 թ․
Անտոնիս վան Դեյք, «Սամսոն և Դալիլա», 1618-20թթ․

ԿԱՐԱՎԱՋՈ․ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱՆ ՈՒ ՆՐԱ «ՆՄԱՆՆԵՐԸ»

Նարցիսը դիցաբանության մեջ գետերի աստված Կեֆիսի և նիմֆ Լիրիոպայի որդին է (կամ Էնդիմիոնի և Սելենեի)։ Պատմությունը գալիս է հունահռոմեական դիցաբանությունից ու պատմում իր պատկերին սիրահարված երիտասարդի մասին։

Գեղադեմ պատանուն շատերն են սիրահարված լինում, բայց նա բոլորին մերժում է ու մի օր որսի ժամանակ ջրի մեջ տեսնում է սեփական արտացոլանքն ու սիրահարվում ինքն իրեն։ Չկարողանալով հայացքն իրենից կտրել՝ նա այդպես էլ մեռնում է, թողնելով իր անունը որպես ինքնասիրահարվածության խորհրդանիշ։

Կարավաջո, «Նարցիս», 1597-1599թթ․

110x92 չափսի այս կտավը բնորոշելով, առաջարկվում է ուշադրություն դարձնել Նարցիսի՝ ինքն իր մեջ ամփոփվածությանը․ Կարավաջոյի կտավում բացի Նարցիսներից ոչինչ չկա: Նա ինքն իրեն նայելով իր հետ շրջան է ստեղծում՝ ինքնասիրահարվածության ու եսակենտրոնության շրջան։

Ի դեպ, այստեղ Կարավաջոն ևս chiaroscuro է օգտագործել։ Լույսի ու ստվերի այս խաղը, որ նորություն չէ նրա արվեստում, ավելի են ընդգծում իր հետ մենակ մնացած Նարցիսի կերպարը։

Այս կտավում Նարցիսի դեմքը հաճախ նմանեցվում է «Հանգիստ դեպի Եգիպտոս փախուստի ճանապարհին» (Rest on the Flight into Egypt) կտավի հրեշտակի դեմքին։ Ասում են նաև Կարավաջոյի Նարցիսն այստեղ նույն հագուստով է, ինչ Մարիամ Մագդաղենացին The Penitent Magdalene կտավում։

Սրա պատճառը գուցե նաև այն է, որ ֆինանսական մեծ միջոցներ չունեցող Կարանաջոն հաճախ էր նույն բնորդներին օգտագործում՝ գումար խնայելու համար։

Կարավաջո, «Հանգիստ դեպի Եգիպտոս փախուստի ճանապարհին»

✍ Անահիտ Հակոբյան / PAN