Կարդալիքներ PAN-ից
May 8

Առանց դիպլոմ ինֆլուենսերը, «Սև հայելուց» ոգեշնչված Չինաստանն ու սև ցուցակում հայտնվելու վախը. Ասա՝ ինչ վարկանիշ ունես, ասեմ՝ ով ես դու

Չինաստանում ապագան արդեն այստեղ է և այն խիստ շոշափելի ու իրական է։ Գիտաֆանտաստիկայի սիրահաներին հրավիրում ենք ծանոթանալ չինացիների հակաուտոպիստական ֆանտազիային։ Մի օր իշխանությունը հայտարարում է, որ առցանց հարթակներում մասնագիտական թեմաներով խոսող ինֆլուենսերները պետք է ապացուցեն իրենց կրթությունն ու որակավորումը։ Դրանից առաջ ներկայացվել էր սոցիալական վստահության համակարգը՝ մեխանիզմ, որը քաղաքացու վարքը, պարտքերը, օրենքի հետ հարաբերությունները, երբեմն նաև հանրային օգտակարությունը վերածում է հեղինակության չափման միավորի։ Իսկ այդ ամենի ֆոնին փողոցներում, կայարաններում, օդանավակայաններում, համերգների մուտքերի մոտ ու անգամ բնակելի շենքերում աշխատում են տեսախցիկներ, որոնք անհավանական մասշտաբների տվյալների բազայի միջոցով անպայման կճանաչեն ձեզ ու կհասկանան՝ ով եք, ինչ եք անում ու ինչ կարող եք անել հաջորդիվ։

Այս համակարգերը մի կողմից ներկայացվում են որպես խաբեության, ապատեղեկատվության, ֆինանսական ռիսկերի, հանցավորության և հասարակական անվստահության դեմ պայքարի մեխանիզմներ։ Մյուս կողմից՝ նույն տեխնոլոգիաները իշխանության ձեռքում դառնում են վերահսկման անհամեմատ ավելի արագ, արդյունավետ և կանխատեսելի գործիք։ Չինաստանը փորձում է լուծել ժամանակակից աշխարհի իրական խնդիրները՝ կեղծ փորձագետներ, խաբուսիկ գովազդներ, ֆինանսական ու բժշկական վտանգավոր խորհուրդներ, հասարակական անվստահություն, հանցավորություն, բայց լուծման ձևը մի տեսակ «Սև հայելի» սերիալն է հիշեցնում, իսկ մեթոդների պարտադրանքով յուրաքանչյուր քայլ կարող է իր թվային հետքը թողնել։

END OF AN ERA. ՉԻՆԱՑԻ ԻՆՖԼՈՒԵՆՍԵՐՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ

Չինական տեխնոլոգիական քաղաքականության ամենաթարմ օրինակներից մեկը հարվածում է ինֆլուենսերներին։ Ու ցավոք, երբեմն նրանք ավելի ազդեցիկ են, քան դասական լրատվամիջոցները։ Չինաստանի կարգավորող մարմինները որոշել են, որ եթե մարդը սոցիալական հարթակներում խոսում է ֆինանսների, բժշկության, իրավունքի, կրթության կամ այլ մասնագիտական ոլորտների մասին, նա այլևս չի կարող պարզապես կանգնել տեսախցիկի առաջ ու վստահ ձայնով ներկայանալ որպես թեմայից քաջատեղյակ «մասնագետ»։ Նա պետք է ունենա համապատասխան դիպլոմ, լիցենզիա կամ պաշտոնական որակավորում։ Այլ կերպ ասած՝ հետևորդների թիվն այլևս բավարար չէ «հեղինակություն» լինելու համար։ Համաձայնեք, որ մի պահ գայթակղություն է առաջանում Հայաստանում ևս նման օրինագիծ մշակել։

Չինացիներն այս որոշումը բացատրում են շատ պարզ համեմատությամբ։ Եթե իրական կյանքում թույլ չենք տալիս, որ չլիցենզավորված մարդը բժշկական խորհրդատվություն տա, իրավաբանական ծառայություն մատուցի կամ ֆինանսական ռազմավարություն կազմի, ապա ինչո՞ւ պիտի դա թույլ տանք վիրտուալ աշխարհում։ Խնդիրը միայն այն չէ, որ այդ խորհուրդը կարող է սխալ լինել։ Խնդիրն այն է, որ հարթակների տրամաբանությունն ու ալգորիթմները շատ հաճախ «պարգևատրում են» ոչ թե ճշգրտությունը, գիտելիքն ու ապացույցները, այլ վստահ խոսքը ու դիտումները։

Չինաստանում այս խնդրին կտրուկ ու վիրահատական միջամտությամբ են մոտեցել։ Douyin-ը, Weibo-ն, Bilibili-ն և այլ մեծ հարթակներ այլևս չեն կարող ասել, թե «օգտատերն է պատասխանատու, իրենք միայն տարածողն են»։ Նոր կանոններով հենց հարթակներն են պարտավոր ստուգել և գրանցել այն ինֆլուենսերների որակավորումները, որոնք խոսում են զգայուն մասնագիտական թեմաներից։ Եթե չեն ստուգում կամ չեն պահպանում տվյալները, կարող են տուգանվել մինչև 100,000 յուանով։

Չինաստանի սպառողների ասոցիացիայի և կարգավորողների հիշատակած ուսումնասիրության համաձայն՝ հարցվածների մոտ 30 տոկոսը հանդիպել է խաբուսիկ կամ չափազանցված ինֆլուենսերային պնդումների, հատկապես առողջության թեմաներով։ Եվ այս ամենը տեղի է ունենում մի շուկայում, որտեղ լայվսթրիմինգի ու առևտրի ծավալները հսկայական են։ Միայն 2022-ին լայվսթրիմինգի հետ կապված e-commerce վաճառքները գերազանցել են 1.2 տրիլիոն յուանը՝ սա մոտ 165 միլիարդ դոլար է։ Սա տնտեսության նոր մոդել է, որտեղ 1 մարդը կարող է ազդել միլիոնավոր մարդկանց առողջական, ֆինանսական կամ կրթական որոշումների վրա։

Նոր կանոններն արդեն գործնական հետևանքներ են ունեցել։ Հարթակները հեռացրել են չստուգված բազմաթիվ տեսանյութեր, կասեցրել են հաշիվներ, որոնք գովազդել են այլընտրանքային բժշկական միջոցներ կամ չլիցենզավորված ֆինանսական խորհուրդներ են տվել։ Բրենդներն էլ ստիպված են հետաձգել կամ չեղարկել արշավները, որովհետև նախապես ընտրված ինֆլուենսերները չունեն համապատասխան որակավորում։ Այս ամենը փոխում է նաև միջազգային բրենդների աշխատանքը։ Եթե ընկերությունը ցանկանում է Չինաստանում ինֆլուենսերային արշավ անել, պետք է այժմ ստուգի՝ տվյալ մարդն իրավասո՞ւ է խոսել թեմայից։

Հասկանալի է, որ քննադատները սա անվանում են գրաքննություն։ Եվ այդ մտահոգությունն անհիմն չէ։ Երբ պետությունն է որոշում, թե ով կարող է խոսել, ինչ թեմայով և ինչ փաստաթղթով, ազատ խոսքի սահմանները շատ աղոտ են դառնում։ Բայց այս որոշման շուրջ քննարկումը միայն Չինաստանով չի սահմանափակվում։ Ամբողջ աշխարհում սա լուրջ խնդիր է, որովհետև ապատեղեկատվությունը վաղուց միայն քաղաքական մրցակցության գործիք չէ, այն ազդում է հանրային առողջության, ֆինանսական կայունության, մարդկանց կյանքի ամենապարզ որոշումների վրա։

Պատվաստանյութերի դեմ դավադրություններ, Instagram-ի «ֆինանսական գուրուներ», անհայտ ծագման հավելումներ վաճառող ֆիթնես բլոգերներ՝ այս ամենը միայն չինական վիրտուալ տիրույթի խնդիրը չէ։ Տարբերությունն այն է, որ արևմտյան երկրներում հիմնականում փորձում են ինքնակարգավորման, փաստերի ստուգման, կոնտենտի մոդերացիայի մեխանիզմները, իսկ Չինաստանը շատ ավելի խիստ և «վերևից կառավարվող» ճանապարհով է գնում։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հասունացավ այն պահը, որ պիտի խոսենք Չինաստանում վերջին տարիների ամենահամակարգային ծրագրերից մեկի մասին։ Այ սա արդեն իսկապես «Սև հայելի» է հիշեցնում։ Սոցիալական վարկանիշի կամ սոցիալական վստահության համակարգի մասին պատկերացում կազմելու համար սկսենք պարզ ձևակերպումից. «Ասա՝ ինչ վարկանիշ ունես, ասեմ՝ ով ես դու»։ Եթե մարդը պարտաճանաչ է, չի խախտում օրենքները, հարկերը վճարում է, պարտքերը չի ձգձգում, մասնակցում է հանրօգուտ գործերի, համակարգը կարող է նրան վստահելի համարել։ Բայց, եթե նա պարբերաբար խախտում է օրենքը, չի վճարում վարկերը, խաբում է, անտեսում է սոցիալական նորմերը, կարող է հայտնվել «սև ցուցակում»։ Սա, մեծ հաշվով, չգրված օրենք ու ինքնակարգավորվող նորմ։ Բայց արի ու տես, որ Չինաստանում որոշել են սոցիալական վստահության համակարգի միջոցով իսկապես հետևել ու գնահատել մարդկանց յուրաքանչյուր քայլ և նրա «լավ» կամ «վատ» քաղաքացի լինելը չափելի դարձնել։

Սկզբում սոցիալական վստահության համակարգի գաղափարը Չինաստանում տնտեսական պատճառներ ուներ։ Բարեփոխումները և «բաց դռների» քաղաքականությունը պետք է Չինաստան բերեին օտարերկրյա ընկերություններն, դրանց ներդրումներն ու գործարար կապերը։ Դրա համար նախ պետք էր լուծել վստահության ճգնաժամը՝ կոռուպցիայի նվազեցում, բիզնեսի թափանցիկություն, գործընկերների հուսալիություն։ Այս իմաստով սոցիալական վստահության համակարգը սկզբում շատ ավելի մոտ էր տնտեսական և իրավական մեխանիզմի։ Բայց ինչպես հաճախ է լինում մեծ համակարգերի դեպքում, նախագիծը հազվադեպ է մնում իր նախանշված սահմաններում։

Ժամանակի ընթացքում սոցիալական վստահության գաղափարը դուրս եկավ տնտեսության շրջանակից և տեղափոխվեց հասարակական կյանքի ավելի լայն շերտեր։ Իշխանությունը սկսեց խոսել «անկեղծության մշակույթի», քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացման, հասարակական նորմերի ամրապնդման մասին։ Պետությունը որոշեց փորձարկել գաղափարը, բայց հարկ է նշել, որ այստեղ մեկ միասնական մոդել չի գործում։ Վարկանիշը կարող է տալ պետությունը, տեղական կառավարման մարմինը ու անգամ խոշոր առևտրային ընկերությունները։

Որոշ դեպքերում գնահատումը կարող է լինել 0-1000 միավորով, որոշ տեղերում՝ A-D աստիճանակարգով։ Իսկ գնահատման համար անհրաժեշտ տվյալները ստանում են  հարկային մարմիններից, իրավապահներից, պետական կառույցներից, ԶԱԳՍ-ից, կրթական հաստատություններից, ընկերություններից, ինչպես նաև թվային աղբյուրներից՝ որոնման պատմություն, առցանց գնումներ, սոցիալական մեդիայի ակտիվություն, դրան ավելանում են ամբողջ երկրում տարածված միլիոնավոր տեսախցիկները։ Իհարկե, այս համակարգը տարածված չէ ամբողջ երկրում, փորձադաշտ են դարձել մի շարք փոքր քաղաքներ ու գյուղեր։

Սոցիալական վարկանիշի համակարգում կարևոր են «սև» և «կարմիր» ցուցակները։ Սև ցուցակը նախատեսված է նրանց համար, ովքեր անվստահելի են համարվում՝ բազմիցս խախտել են օրենքը կամ սոցիալական նորմը, չեն վճարել հարկերը, չեն մարել վարկերը, պարբերաբար ճանապարհը սխալ տեղով են անցել, հարբած վիճակում նստել են ղեկին կամ ավելի լուրջ իրավախախտումներ են արել։ Իսկ, օրինակ բամբասանքը կարող է իջեցնել վարկանիշը, բայց միայն դրա համար մարդուն սև ցուցակ մտցնելը քիչ հավանական է։ Սև ցուցակի հետևանքները, սակայն, կարող են շատ գործնական լինել՝ ինտերնետի արագության նվազեցում, պետական և սոցիալական ծառայությունների հասանելիության սահմանափակում, հասարակական տրանսպորտի որոշ տեսակներից օգտվելու արգելքներ, ավիատոմսերի կամ արագընթաց գնացքների տոմսերի ամրագրման արգելք, վարկի, հիփոթեքի, ապահովագրության մերժում, երեխաների՝ մասնավոր դպրոց ընդունվելու խնդիրներ։

Կարմիր ցուցակը հակառակ բևեռն է։ Այնտեղ հայտնվում են «օրինակելի» քաղաքացիները, որոնք զբաղվում են հանրօգուտ գործունեությամբ՝ բարեգործություն են անում, արյուն են հանձնում, օգնում են աղքատներին։ Նրանց կարող են արտոնություններ տալ՝ ցածր տոկոսադրույքով վարկեր, անվճար հեծանիվների կամ մեքենաների վարձույթ, բջջային կապի զեղչված սակագներ, դպրոց կամ աշխատանքի ընդունվելու առաջնահերթություն։ Այս համակարգում պետությունը պատժում է վատ վարքը ու փորձում է խրախուսել իր պատկերացրած լավ վարքը։ Խնդիրը, սակայն, նորից նույնն է․ Ինչպե՞ս որոշել լավի և վատի սահմանը, և ի՞նչ է լինում այն մարդու հետ, որը չի տեղավորվում հաստատված սոցիալական կաղապարի մեջ։

Գուցե հիշեք՝ «Սև հայելի» սերիալի մի էպիզոդում մարդիկ ապրում են աշխարհում, որտեղ յուրաքանչյուրը 1-5 վարկանիշ ունի, և այդ վարկանիշը տեսնում են մյուսները։ Ցածր վարկանիշ ունեցողները ասես դուրս են մղվում հասարակությունից, սոցիալական անդունդը մեծանում է։ Չինաստանի համակարգը հաճախ համեմատում են այդ դրվագի հետ, բայց մի կարևոր տարբերություն կա։ Էպիզոդում գնահատականը տալիս են մարդիկ՝ իրենց սուբյեկտիվ տպավորությամբ։ Չինաստանում գնահատումը հիմնվում է ավելի շատ պաշտոնական տվյալների, իրավական, ֆինանսական և վարչական տեղեկատվության վրա։ Ի դեպ, թող չստեղծվի տպավորություն, թե այս համակարգն ամբողջովին խորթ է մեզ։ «Յանդեքս տաքսիի» վարկանիշային համակարգը գուցե շատ չի ազդում ուղևորի վրա, բայց վարորդի համար ցածր վարկանիշը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։

ՍՈՒՐ ԱՉՔՆ ՈՒ ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ

Ու այսպես սահուն հասանք մեր հեքիաթի երրորդ մասին։ 2018-ին Նանչանում համերգի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է Աո ազգանունով տղամարդու, որը կասկածվում էր հանցագործության մեջ։ Համերգին ներկա էր մոտ 70 հազար մարդ։ Այս բազմության մեջ նրան գտնելը հնարավոր է դարձել դեմքի ճանաչման համակարգի շնորհիվ։ Ակնահայտ է, չէ՞, որ եթե համակարգը կարող է 70 հազար մարդու մեջ գտնել հետախուզվողին, ապա այն կարող է նաև նույնքան հեշտությամբ գտնել մեկ այլ մարդու, որի «հանցանքը» քրեական չէ, այլ ընդամենը իշխանության հետ քաղաքական կամ սոցիալական անհամաձայնություն է։

Չինաստանի իշխանությունները դեմքի ճանաչման ազգային տվյալների բազայի ստեղծումը սկսել են 2015-ին։ «Սուր աչք» նախագծի շրջանակում քաղաքներում տեղադրվել են միլիոնավոր տեսախցիկներ, որոնք հետևում են հետիոտներին և վարորդներին։ Տեսախցիկներ կան կայարաններում, օդանավակայաններում, զանգվածային միջոցառումների մուտքերի մոտ։ 2017-ի սեպտեմբերին Քինդաոյի գարեջրի փառատոնում ոստիկանությունը տեսախցիկների միջոցով ձերբակալել է հետախուզման մեջ գտնվող 25 մարդու։ Ոստիկանները նշել են, որ համակարգը կարողացել է նրանց հայտնաբերել մեկ վայրկյանից էլ քիչ ժամանակում։

Շենժենում ճանապարհային ոստիկանությունը համակարգը օգտագործում է հետիոտների խախտումները արձանագրելու համար։ Տեսախցիկը ֆիքսում է խախտողին, փնտրում նրա տվյալները չինական սոցիալական ցանցերում և բջջային օպերատորների բազաներում, իսկ համընկնման դեպքում ոստիկանությունը մարդուն ուղարկում է տուգանք և նախազգուշացում՝ SMS-ով կամ մեսենջերով։ Քաղաքում տեղադրվել են նաև գովազդային էկրաններ, որտեղ ցուցադրվում են կարգապահության կանոնները չպահող հետիոտների լուսանկարներն ու ազգանունները։ Հանրային ամոթանքի այս մեխանիզմը տեսնելիս արևմուտքի սոցիոլոգները հաստատ ճնշման դեղ են խմել։

Դեմքի ճանաչումը Չինաստանում միայն ոստիկանության գործիքը չէ։ Այն օգտագործում են բանկերը, ֆինանսական ընկերությունները, առցանց ծառայությունները։ Տեսախցիկներ կան բանկոմատներում, Didi ծառայությունը՝ չինական Uber-ը, դեմքի ճանաչումն օգտագործում է վարորդների վերիֆիկացիայի համար։ Որոշ բնակելի շենքերում և սննդի վայրերում կան «խելացի» տեսախցիկներ, որոնք թույլ են տալիս վճարել ժպիտով կամ բացել դուռը դեմքի նույնականացման միջոցով։

Այս ամբողջ համակարգի ստեղծմանը մասնակցում են տասնյակ տեխնոլոգիական ընկերություններ և ստարտափներ։ Այդ ընկերություններից շատերում աշխատում են ամերիկյան լավագույն համալսարանների շրջանավարտներ, Google-ի ու Microsoft-ի նախկին աշխատակիցներ։ Դեմքի ճանաչման նեյրոցանցերը մարզելու համար անհրաժեշտ են ահռելի տվյալներ, իսկ Չինաստանում դրանք ստանալն ավելի հեշտ է՝ բնակչության մեծ թվի և  համապատասխան օրենքների շնորհիվ։ Արևմտյան իրավապաշտպանները հատկապես մտահոգված են, որ նման տեխնոլոգիաները կարող են օգտագործվել քաղաքական այլախոհների և էթնիկ փոքրամասնությունների վերահսկման համար։

Այս «ճաշի» համեմունքն ապահովում է արհեստական բանականությունը։ Չինաստանի արդեն իսկ խիստ գրաքննության և վերահսկողության համակարգերին այն նոր տեմպ ու առավել վտանգավոր հնարավորություններ է տալիս։ Վերլուծաբանների դիտարկմամբ ԱԲ-ն իշխանությանը թույլ է տալիս ավելի շատ մարդկանց ավելի քիչ ջանքով, բայց ավելի մանրակրկիտ վերահսկել։ Այլ կերպ ասած՝ դառնալ ավտորիտար վերահսկողության ողնաշարը։ Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ներդրել ԱԲ-ի հետ կապված բիզնեսներում և մեծ առաջընթաց է գրանցել հետազոտության ու զարգացման ոլորտում։ Բայց չինական օրինակը մի դիտարկեք որպես հեռավոր, «էկզոտիկ», մեզ հետ կապ չունեցող նախադեպ։ Թվարկված «հակաուտոպիստական» երևույթները աստիճանաբար մտնում են բոլոր հասարակություններ։ Չինաստանը պարզապես ստեղծել է դրանց կենտրոնացված, պետականորեն կառավարվող և լայնածավալ ազդեցությամբ տարբերակը։


✍️ Նանե Մանուկյան / PAN