Շոպենի Նոկտյուրնը, երաժշտասեր նացիստն ու վարդագույն թաշկինակը. Երբ երաժշտությունը կյանքեր է փրկում՝ բառի ուղի՛ղ իմաստով
Երաժշտությունը կարո՞ղ է կյանքեր փրկել: Այս անգամ հարցը հռետորական չէ, որովհետև PAN-ը ներկայացնելու է մարդկային ճակատագրի այնպիսի մի օրինակ, որի մասին գրքերում ու ֆիլմերում եք լսել։ Մի օր համակենտրոնացման ճամբարի բանտարկյալը, որը «նախկին կյանքում» դաշնակահարուհի էր, Շոպենի ստեղծագործություններից մեկը նվագեց ճամբարի կոմենդանտի ծննդյան խնջույքին, ու որպես արդյունք «նվեր ստացավ» սեփական կյանքը։
Այս պատմության հերոսուհին Նատալյա Վեյսմանն է, որն առավել հայտնի է որպես Նատալյա Կարպ։ Լեհական ու հրեական արմատներով աղջիկն ընտանիքի հետ ապրում էր Լեհաստանի Կրակով քաղաքում։ Աղջիկը երաժշտական մեծ տաղանդ ուներ և արդեն չորս տարեկանում սկսել էր դաշնամուր նվագել։ Ընդամենը 13 տարեկանում Նատալյան մեկնում է Բեռլին՝ երաժշտական մասնագիտացված կրթություն ստանալու համար։
18 տարեկանում աղջիկն արդեն նույն բեմում ելույթ էր ունենում Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Կոմպոզիտոր Շոպենի գործոնը Նատալյայի կյանքում կարծես միշտ է ճակատագրական եղել։ Հենց Շոպենի կոնցերտներից մեկն էր դաշնակահարուհին կատարում նվագախմբի հետ։
Աղջկա կյանքում ամեն բան պլանավորածի պես էր ընթանում։ 1933 թվականին էլ ամուսնանում է իրավաբան և դաշնակահար Յուլիուս Հաբլերի հետ։ Բայց ընդամենը մի քանի տարի, և ամեն բան գլխիվայր շուռ է գալիս։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին գերմանացիները սկսում են ռմբակոծել Կրակովը։ Նատալյայի ամուսինը Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում միանում է լեհական բանակին և օրեր անց զոհվում։ Հորն ու եղբորը խորհուրդ են տալիս հեռանալ, և Նատալյան այլևս երբեք նրանց չի տեսնում։
Նատալյան և քույրը մնում են մենակ ու փորձում փրկել սեփական կյանքը։ 1943 թվականին, երբ քույրերը փորձում էին փախչել գետտոյից, նրանց բռնում և ուղարկում են համակենտրոնացման ճամբար։ Դառնալ ճամբարի բանտարկյալ նշանակում էր ամեն պահ սպասել սեփական մահվանը, իսկ լավագույն դեպքում՝ կտտանքների ու տանջանքների ենթարկվել։ Քույրերին ևս մահապատժի էին դատապարտել ու փակել բունկերում։ Բայց դատավճիռն այդպես էլ չիրականացավ։ Պատճառը համակենտրոնացման ճամբարի դաժան ու արյունարբու կոմենդանտի ծննդյան խնջույքն էր։
Ճամբարի հրամանատար Ամոն Գյոտը հայտնի էր իր սադիստական հակումներով։ Նա անձամբ սպանել է հարյուրավոր մարդկանց ու կարգադրել է սպանել տասնյակ հազարավորներին։ Մի օր նացիստ Գյոտն իմանում է, որ բանտարկյալների մեջ վիրտուոզ դաշնակահարուհի կա։ Ու հենց այստեղ էլ ճակատագրի հեգնանք ասվածը իրականություն է դառնում։
Պարզվում է՝ սառնասիրտ հրամանատարը դասական երաժշտության հանդեպ սեր ունի։ Դաշնակահարուհու մասին իմանալու լուրը համընկնում է Գյոտի ծննդյան օրվա հետ ու նա հրամայում է կնոջը տանել խնջույքին և կարգադրել դաշնամուր նվագել։ Եվ ստացվում է այնպես, որ 1943 թվականի դեկտեմբերի 9-ը նացիստ հրամանատարի ծննդյան օրվանից բացի դառնում է նաև Նատալյայի և նրա քրոջ վերածննդի օրը։
Դաշնակահարուհին պատմում է, որ 1939 թվականից հետո գործիքին չէր մոտեցել, չէր նվագել, հետևաբար մատները լավ չէին աշխատում, իսկ դրան գումարած լարվածությունն ամեն բան ավելի էր բարդացնում։ Նատալյայի հիշողությունների մեջ տպավորվել են բոլոր դրվագները, թե ինչպես վարսահարդարը հարդարեց իր մազերը, ինչպես իրեն բունկերից տեղափոխեցին Գյոտի վիլլա, ինչպես էին հյուրերը զրուցում, գինի վայելում ու ապրում այնպես, կարծես ոչինչի չի կատարվում։
«Խնջույքը թեժ փուլում էր. գերմանացի սպաները՝ համազգեստով, կանայք՝ երեկոյան զգեստներով, Գյոտը՝ սպիտակ պիջակով, խմիչքներ և սնունդ։ Ես իսկապես վախենում էի, քանի որ պատերազմի պատճառով երկար տարիներ չէի նվագել, մատներս համարյա թմրած էին»։
Բոլորը լուռ էին, ու հենց այդ պահին հոբելյարն ասում է՝ «Սառա՛, նվագիր»։ Նացիստները Սառա էին անվանում բոլոր հրեա կանանց։ Նատալյան սկսում է նվագել Շոպենի մելանխոլիկ և տխուր նոկտյուրնը։ Այս ընտրությունը ևս պատահական չէր։ Շոպենի տխուր մեղեդին ամբողջությամբ համապատասխանում էր կնոջ հոգեվիճակին։ Նա գրեթե վստահ էր, որ սա վերջին անգամն է, երբ դաշնամուրի առջև է նստած։
Ելույթն ավարտվում է, բոլորը մեկ մարդու պես ուսումնասիրում են Նատալյայի հայացքը, շարժուձևը, մի մասը չեն էլ փորձում թաքցնել, որ զարմացած են կնոջ կատարմամբ։ Հրամանատարի արձագանքը չի ուշանում, ասում է՝ «Sie soll leben», ինչը նշանակում էր՝ նա կարող է/պետք է ապրի։ Կյանքի ու մահվան այս պայքարում կինը չի կորցնում համարձակությունն ու հայտարարում է, որ առանց քրոջ չի ապրելու։ Կոմենդանտն էլ, ի զարմանս բոլորի, համաձայնում է խնայել նաև քրոջ կյանքը։ Այս հրամանատարի կերպարը «Շինդլերի ցուցակը» ֆիլմից մտապահած մարդիկ վստահաբար չեն հավատա, որ խոսքը նույն մարդու մասին է։ Ինչպե՞ս կարող էր դաժան այդ մարդը կյանք նվիրել մի կնոջ, որը պարզապես Շոպենի «Նոկտյուրն» էր նվագել։ Ամեն դեպքում՝ իրականությունը դա է։
Քույրերը փրկվեցին մահից, բայց համակենտրոնացման ճամբարից փրկություն չկար։ Նատալյային ու քրոջը տեղափոխեցին Օսվենցիմ, որտեղ քույրերը մնացին մինչև 1945 թվականի սկիզբը։ Դրանից հետո էլ տեղափոխվեցին Արևմտյան Չեխոսլովակիայի Հոլիշովի ճամբար։ Հենց այնտեղ էր, որ լսեցին ամենասպասված, բայցև ամենաանսպասելի լուրը՝ պատերազմն ավարտվել է, իրենք ազատ են։
Ամոն Գյոտին պատերազմից հետո մահապատժի են ենթարկում։ Ի դեպ, տարիներ առաջ BBC-ին հարցազրույց է տալիս նացիստի թոռնուհին, որը միայն վերջերս էր իմացել իր արմատների մասին։ Աղմուկ բարձրացրած հարցազրույցում կինն ասում է, որ իր նացիստ պապն իրեն հաստատ կսպաներ։ Նաև հավելում, որ իր ու պապի միջև միակ ընդհանուր բանն արյունն է, ուրիշ ոչինչ։
Վերադառնալով Նատալյա Կարպին։ Ազատ արձակվելուց հետո դաշնակահարուհու առաջին հետպատերազմյան ելույթը 1946 թվականին էր։ Ելույթը հեռարձակվում է Հելաստանի ռադիոյով, իսկ հնչող ստեղծագործությունը կրկին պատահական չէր ընտրված։ Կրակովի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Նատալյան Չայկովսկու 1-ին կոնցերտն էր կատարում։
«Ես ընտրեցի հենց այդ ստեղծագործությունը, որովհետև այն իսկապես ամենաբարդ ստեղծագործություններից մեկն էր։ Ես ուզում էի բոլորին ու հատկապես գերմանացիներին ցույց տալ, որ նրանք ինձ չեն ոչնչացրել»:
Ի դեպ, համակենտրոնացման ճամբարում Նատալյայի ձեռքին դաջել էին իր համարը՝ A27407։ Դաշնակահարուհին պահպանեց այս դաջվածքն ու երբեմն ելույթների ընթացքում այնպիսի հագուստ էր կրում, որ այն երևար։ Սա ևս մեկ ուղերձ էր Նատալյայի կողմից։ Թեև նա հաճախ էր նվագում Բեթհովենի և Շուբերտի ստեղծագործությունները, Կարպը հատուկ ջերմություն ուներ Շոպենի հանդեպ, դրա համար էլ նրա ելույթներում գերակշռում էին Շոպենի ստեղծագործությունները։
Երկրորդ ամուսնու՝ Ջոզեֆ Կարպի հետ դաշնակահարուհին տեղափոխվեց Լոնդոն և վերսկսեց իր կարիերան Նատալյա Կարպ անունով։ Երկար տարիներ նա պարբերաբար ելույթներ է ունեցել Եվրոպայում՝ նվագելով առաջատար նվագախմբերի հետ։ Կարպը նվագելիս հաճախ վարդագույն թաշկինակ էր դնում դաշնամուրի վրա։ Պատերազմից հետո Վարշավայում մի քանի կոպեկով գնված կտորը խորհրդանշում էր շքեղություն և կանացիություն, որի մասին նա կարող էր միայն երազել համակենտրոնացման ճամբարում գտնվելու ժամանակ:
Դաշնակահարուհու կյանքի մեկ այլ կարևոր դրվագ կապված է անձամբ Օսկար Շինդլերի հետ։ 1967 թվականին Շինդլերին հանձնում էին Մարտին Բուբերի անվան մրցանակը։ Միջոցառմանը հրավիրված էր նաև Կարպը։ Անշուշտ, նա Շինդլերի ցուցակից չէր, փրկվել էր սեփական տաղանդի շնորհիվ, բայց մեծ ցանկություն ուներ երախտագիտություն հայտնել Շինդլերին և նրան երաժշտական կատարում նվիրել։
Այս ելույթի ընթացքում ևս A27407 դաջվածքը տեսանելի էր հանդիսատեսին։ Ինչպես հասկացաք, Նատալյան սիմվոլիզմը գնահատող մարդ էր։ Ու վստահաբար չեք զարմանա, երբ իմանաք, որ Շինդլերին նվիրված արարողության ընթացքում Նատալյա Կարպի կատարմամբ Շոպենի «Նոկտյուրնն» է հնչել։
Ջերմությունը, հումորի զգացումն ու գեղեցկությունն այս կնոջն ուղեկցեցին ամբողջ կյանքում։ Նատալյա Կարպը ելույթ է ունեցել մինչև 90 տարեկան, մահացել է 96 տարեկանում։ Դաշնակահարուհին մշտապես խոստովանում էր՝ հենց երաժշտությունն է իրեն նախ փրկել, իսկ հետո օգնել գոյատևել։