#մշակութաPAN
July 3

Մոլբերտով այգեպանը, ուղեկցող վրձինն ու մեծ քաղաքականությունը. Նկարիչ Չերչիլի վառ գույներն ու ժառանգությունը

«Նկարչությունն ինձ օգնության հասավ ամենադժվար պահերին»։

Նկարչությունն Ուինսթոն Չերչիլի համար պարզապես զբաղմունք չէր, և այդ մասին դարի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն անկեղծացել է 1920-ականներին գրված իր էսսեներում, որոնք հետագայում գիրք դարձան։

Հոբբին բրիտանացի պետական ​​գործչի համար դարձավ հանգստության աղբյուր, և արդյունքում մի քանի տասնամյակների ընթացքում Չերչիլը 550-ից ավելի կտավ նկարեց։ Բացի աշխարհի հոգսերից կտրվելուց, նկարելը պետական գործչին օգնում էր նաև բարելավել հիշողությունը, սուր տեսողությունը, դետալներին ուշադիր լինելու կարողությունը։

Աշխարհն Ուինսթոն Չերչիլին ճանաչում է որպես համաշխարհային մասշտաբի ու կարևորության քաղաքական առաջնորդի, հռետորի, նաև՝ գրողի։ Բայց Չերչիլի արտիստիկ ու զգայական կողմն այդպես էլ մինչև վերջ չբացահայտվեց։

Ուղիղ հինգ տասնամյակ նա տարվեց նկարչությամբ ու, հատկապես, բնապատկերներով։ Եվ չնայած իր անդադար պնդումներին, թե ինքը պարզապես սիրողական մակարդակում է նկարում, Չերչիլը զարգացրեց իր հմտությունները նաև այստեղ, որովհետև նրա տեսակն այլ կերպ ապրել չէր կարող։

Տասնամյակներ հետո Չերչիլի ծոռն ասում էր՝

«Նրա մոտեցումը շատ պարզ էր. Դուրս գալ ու նկարել այն, ինչ տեսնում ես։ Նա դա անում էր հաճույքի համար։ Ինքն իր կտավներին այնքան էլ մեծ լրջություն կամ կարևորություն չէր տալիս»։

Չերչիլը հատկապես սիրում էր յուղաներկերով աշխատել՝ դրանց «ներողամիտ» ու ճկուն բնույթի, նաև վառ գույների համար։ Նա հիմնականում ինքնուս էր, որովհետև համոզված էր, որ արվեստի ֆորմալ դասընթացները երիտասարդների համար են, իսկ «իր դարն անցել է»։ Մյուս կողմից, Չերչիլը վստահ էր, որ կան բաներ, որոնք ոչ մի կրթական հաստատություն չի սովորեցնում։ Օրինակ՝ այն կիրքն ու ոգեշնչումը, որն ինքն ապրում էր կտավների վրա աշխատելիս։

«Մենք չենք էլ կարող հավակնել գլուխգործոցների ու պետք է բավարարվենք ներկերի հետ վառ ընկերակցությամբ»։

Բայց այնպես չէ, որ սիրողական նկարիչը չէր ցանկանում կատարելագործել իր ստեղծագործական տեխնիկան։ Մի հարցում Չերչիլի՝ պետական գործիչ լինելն իրեն օգնում էր։ Նրա շրջապատում իր ժամանակաշրջանի լավագույն նկարիչներն էին։ Չերչիլը նրանցից անձամբ խորհուրդներ էր լսում, տալիս հարցեր ու ծավալում քննարկումներ։

Նա նաև հիանում էր իմպրեսիոնիստ և հետիմպրեսիոնիստ վարպետների աշխատանքով. Էդուարդ Մանե, Կլոդ Մոնե, Պոլ Սեզան, Անրի Մատիս… նույնիսկ ասում են, որ Չերչիլը սովորություն ուներ ճամփորդել նույն վայրերում, որտեղ տարիներ առաջ այս նկարիչներն իրենց լավագույն կտավներն էին ստեղծել։

Չերչիլին հատկապես ոգեշնչում էին վառ գույները։ Նա շռայլորեն օգտագործում էր վառ կապույտն ու կանաչը, հասունացած կարմիրը, նարնջագույնն ու դեղինը։

«Ես չեմ կարող ձևացնել, թե անաչառ եմ գույների հարցում։ Ինձ միշտ ոգեշնչում են վառ գույները, ու առանձնապես չեն հետաքրքրում մուգ երանգները»։

Ի դեպ, նկարչության հանդեպ Չերչիլի մոտեցումը բավականին տարբերվում էր նրա գրելու ոճից ու կարողություններից։ Որպես նկարիչ Չերչիլը «հավերժ ուսանող» էր, մինչդեռ բառախաղերի ու տեքստերի դեպքում՝ նա մշտապես վարպետն էր։

Բայց այնպես չէ, որ Չերչիլը նկարչությամբ զբաղվել կամ հետաքրքրվել է փոքր տարիքից։ Ոչ էլ անգամ երիտասարդությունից։ Առաջին անգամ նա «ծանոթացել է» ներկերի ու վրձնի հետ, երբ արդեն 40 տարեկան էր։

Արվեստի այս ճյուղի հետ Չերչիլը ծանոթանում է, երբ կյանքի այլ ոլորտներում, ու մասնավորապես մասնագիտական առումով, ամեն բան մեղմ ասած լավ չէր ընթանում։ 1915 թվականին շոտլանդական հրետանային գումարտակի հրամանատարը սկսում է նկարել ու կտրվել ամբողջ աշխարհից։ Միայն տասնամյակներ հետո է խոստովանում, որ այդ շրջանում հենց նկարելն է իրեն օգնել հաղթահարել հոգեբանական ծանր վիճակը։ Մի անգամ Չերչիլը չափազանց անկեղծ է գտնվել ու ասել է՝

«Երբեմն ես պատրաստ եմ հրաժարվել գրեթե ամեն ինչից՝ հանուն նկարչության»:

Ի դեպ, բնության մեջ հայտնվելն ու այնտեղ ստեղծագործելը մի ամբողջ արարողակարգ էր իրենից ներկայացնում։ Նախ քայլում էին այգեպանները՝ իրենց մոտ պահելով մոլբերտը, վրձիններն ու ներկապնակը։ Նրանց հետևից վարպետն էր՝ բաճկոնով, գլխարկով ու սիգարով Չերչիլը։

Հետո արդեն Չերչիլի հայացքը գտնում էր ճիշտ վայրը, մոլբերտը տեղադրվում էր նրա ցուցումներով, ուղեկցողները հեռանում էին ու Չերչիլը սկսում էր ստեղծագործել։

Բայց այնպես չէ, որ պաշտոնի բերումով հաճախակի դարձած ճամփորդությունները Չերչիլին խանգարում էին ստեղծագործել։ Վրձինն իր անբաժան ու անդավաճան ընկերն էր, ճիշտ ինչպես սիգարը։ Հյուրանոցներում նրա համար հարմար պայմաններ էին ստեղծվում ու քաղաքական գործիչը վայելում էր ստեղծագործական ընթացքը։

Վերադառնալով Չերչիլի «ստեղծագործական ինքնագնահատականին»։ Առհասարակ, նրա կերպարը չափազանց հանգիստ, ինքնավստահ ու հավասարակշռված գործչի կերպար է, բայց երբ խոսք էր գնում իր ստեղծագործական ճանապարհի մասին՝ Չերչիլը չափազանց համեստ ու երբեմն անգամ զգուշավոր էր։

Նույնիսկ գովեստի խոսքերը շռայլություն էր համարում։ Կարծում էր, թե իր կտավները հավանում են՝ պարզապես որովհետև դրանց հեղինակն ամենաազդեցիկ Ուինսթոն Չերչիլն է։

Բայց սրա լուծումն էլ գտնվեց։ Հասկանալու համար, արդյոք կտավներն իսկապես իրենցից արժեք ներկայացնում են, թե սահմանափակվում են հեղինակի հեղինակությամբ, Չերչիլը դրանցից մի քանիսն ուղարկում է Փարիզ՝ ցուցադրության։ Բայց գլխավորն այն է, որ կտավները մակագրում է այլ անունով։ Ոչ ոք չէր էլ մտածում, որ կտավների հեղինակը Միացյալ Թագավորության վարչապետն է։

Ցուցադրության արդյունքները հստակ ցուցիչ էին՝ կտավներն իսկապես գովասանքի արժանի են, անկախ հեղինակի անունից։ Արդյունքում ժյուրին աճուրդի մասնակցելու համար ընտրում է Չերչիլի հեղինակած 6 կտավ։

Բայց նկարիչ Չերչիլի ստեղծագործական գագաթնակետն ու հատկապես դրա գնահատումը 1958 թվականին էր, երբ Կանզաս սիթիում բացվեց պետական գործչի առաջին անհատական ցուցահանդեսը։ Արդյունքում ցուցադրության այցելուների թիվն անցավ կես միլիոնը։ ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենը, որը համատեղությամբ նաև Չերչիլի ընկերն էր, ցուցադրությունից հետո կիսվում է տպավորություններով՝

«Կտավներն իսկապես լավն են։ Ամեն դեպքում, հստակ կարողանում ես տեսնել, թե ինչ է պատկերված այնտեղ։ Նույնը չես ասի ժամանակակից մյուս նկարիչների մասին»։

Կերպարվեստի աշխարհի հետ ծանոթանալուց հետո միակ շրջանը, երբ Չերչիլը դադարեց ստեղծագործել՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքն էր։ Պատերազմի ընթացքում նա միայն մեկ կտավ է նկարել՝ 1943 թվականի հունվարին՝ Մարոկկոյում, դաշնակիցների համատեղ կոնֆերանսի ավարտից հետո։

Այս կտավը Չերչիլը նվիրել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ Տասնամյակների ընթացքում կտավը տարբեր մարդկանց անձնական հավաքածուներում է հայտնվել, 2011 թվականին այն ձեռք են բերել Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը, իսկ տարիներ անց Ջոլին 7 միլիոն ֆունտ ստեռլինգով կտավը վաճառել է լոնդոնյան աճուրդում։

Չերչիլի կտավների ոչ շատ մեծ, բայց հարուստ ժառանգության մեծ մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում կամ էլ պատկանում է քաղաքական գործչի ժառանգներին։ Կան նաև կտավներ, որոնք իրենց արժանի տեղն են գտել թանգարաններում՝ Լոնդոնից մինչև Նյու Յորք։


✍️ Նանե Մանուկյան / PAN