Կինովերսի ճամփորդը. Բառացի ուղևորություն կինոաշխարհներով
Բոլորն էլ գիտեն. կինոն իլյուզիա է։ Էկրանից արտացոլվող լույսը հայտնվում է մեր ցանցաթաղանթին, իսկ ուղեղը վերծանում է դա որպես տարածության ու ժամանակի մեջ տեղի ունեցող պատմություն։ Իսկ իրականում` դրանք ընդամենը լուսարձակող պիքսելներ են, կինոյի ամբողջ աշխարհը ապրում է հանդիսատեսի գլխում։ Բայց եկեք պատկերացնենք, որ բոլոր ֆիլմերի բոլոր աշխարհները իրականում գոյություն ունեն նույն այն իմաստով, որով գոյություն ունի մեր իրական աշխարհը։ Պատկերացնենք, որ դրանք միմյանց հետ կապված են պորտալներով։ Ու մեր ձեռքերում է հայտնվել այդ աշխարհներով ճամփորդող անանուն հեղինակի օրագիրը։
PAN-ն առաջարկում է կարդալ այդ հսկայական օրագրի փոքրիկ մի կտոր ու փորձել գուշակել` ո՞ր ֆիլմերի աշխարհներում է հայտնվել մեր հերոսը։
«Ես երբեք արկածներ չեմ որոնել ու հաստատ չեմ պլանավորել դառնալ մասնատված տիեզերքի գերին։ Ամեն ինչ սկսվեց փոքրիկ անոմալիայից՝ օդում կախված տարօրինակ մի ճեղքվածք, որի մեջ քայլելուց հետո ես ընդմիշտ կորցրի տուն տանող ճանապարհը։ Այն, ինչ պատմում եմ, ոչ երազ է, ոչ հալյուցինացիա, ոչ էլ ինչ-որ մեկի ստեղծած վիրտուալ սիմուլյացիան. յուրաքանչյուր նոր աշխարհ, ուր ինձ անողոքաբար նետում է հերթական պորտալը, լրիվ իրական է, սարսափեցնելու աստիճան շոշափելի ու ապրում է սեփական, հաճախ` դաժան օրենքներով։
Այս ընթացքում իմ կյանքը վերածվել է գոյատևման անվերջանալի մարաթոնի։ Ընկնում եմ մի աբսուրդային իրականությունից մյուսը՝ շորերիս վրա կրելով այդ օտար չափումների մոխիրը, ձյունն ու արյունը։ Քարտեզ չունեմ, չգիտեմ, թե ով ու ինչու է ստեղծել այս աշխարհները, ու չկան երաշխիքներ, որ հաջորդ քայլը վերջինը չի լինի։ Այս գրառումները իմ գիտակցությունը պահպանելու ու այս խելահեղ վայրերի շարքով իմ ուղին վավերագրելու միակ փորձն են՝ հույսով, որ մի օր տարածության հերթական ճեղքվածքը ինձ տուն կվերադարձնի։
Պորտալի սահմանից այն կողմ իմ առաջին քայլը քիչ մնաց վերջինը դառնար։ Ես հայտնվեցի լքված մետաղական շլյուզում, որի ծակծկված պատերից ներս թափանցող օդը այրեց թոքերս։ Խեղդվելու աստիճան հազալով՝ պատից պոկեցի ինչ-որ մեկի մոռացած շնչառական դիմակը, քաշեցի դեմքիս ու միայն դրանից հետո համարձակվեցի ոտքի մի քանի հարվածով բացել շլյուզի դուռը։
Ես անհավանական խոնավ, տոթ ու տարօրինակ ջունգլիներում էի։ Ծառերի հսկա բները մխրճվում էին ամպերի մեջ, իսկ գիշերը շուրջս ամեն ինչ՝ ոտքերիս տակի մամուռից մինչև հսկայական պարուրաձև տերևներ, սկսեց լուսարձակել կապտամանուշակագույն ու բաց կանաչ լույսով։ Փորձելով գտնել ելքը` հանդիպեցի հետքեր, որոնք, վստահաբար, պատկանում էին երկոտանի, բայց սարսափելի բարձրահասակ՝ գրեթե երեք մետրանոց արարածի, իսկ հեռվում լսեցի ծանր պտուտակների ռիթմիկ դղրդյունն ու մետաղի շրխկոցը։ Երբ վերջապես դուրս եկա անտառից` հույս ունենալով տեսնել տարածության մեջ կախված ճեղքվածքի առկայծումը, չոքերս թուլացան. իմ գլխավերևում՝ մառախուղի մեջ, կախված էին ժայռի վիթխարի կտորներ՝ խախտելով գրավիտացիայի ինձ հայտնի բոլոր օրենքները։
Քայլ անելով հաջորդ պորտալի առկայծող մշուշի մեջ՝ հայտնվեցի էլի խոնավ, բայց լրիվ երկրային անտառում ու թեթևացած դեմքիցս պոկեցի անպետք դարձած ռեսպիրատորը՝ նետելով այն ցեխի մեջ ու ագահորեն շնչելով փտած փշատերևի ու անձրևի հոտով լի օդը։ Զինվորական համազգեստով մարդիկ մեթոդաբար սանրում էին թավուտը։ Որոշեցի նրանց աչքին չընկնել ու թաքնվեցի տապալված ծառաբնի հետևում։
Անտառում մի փոքր թափառելուց հետո հանդիպեցի մամռակալ քարե պատեր, որոնք ձևավորում էին կիսաքանդ լաբիրինթոս։ Դրա կենտրոնում մութ փոս էր, այն տանում էր գետնի տակ, որտեղ չորացած ծառի միահյուսված արմատների վրա նստած էր աղոթարար հիշեցնող, սակայն անբնական խոշոր մի միջատ։ Այս վայրի մթնոլորտը ներծծված էր հնագույն մռայլ հեքիաթով, խտոնիկ սարսափով, ու ես հուսահատ փնտրում էի տարածական նոր անոմալիան:
Մի կերպ դուրս պրծնելով մղձավանջային զնդանից՝ զզվանքով մաքրում էի ձեռքերս հսկա միջատի կպչուն լորձից, երբ նկատեցի, որ դիմացիս թավուտը ծածկված է տարօրինակ, շողշողացող գունավոր շղարշով։ Հերթական պորտա՞լը։ Բայց չէ, պորտալը չի կարող այսքան մեծ լինել, համենայնդեպս, իմ դեգերումների ընթացքում չեմ հանդիպել մինչև երկինք ձգվող, աջ ու ձախ կողմից անվերջ դեպի անհայտը ձգվող պորտալ։ Ամեն դեպքում, քայլ արեցի, ու երբ անցա խորհրդավոր շղարշով, կողմնացույցն ակնթարթորեն խելագարվեց, իսկ ռադիոեթերը լցվեց սպիտակ աղմուկով ու աղավաղված մարդկային ճիչերով։
Որքան ավելի էի խորանում այս անտառում՝ փնտրելով հերթական պորտալը, այնքան ավելի սյուռեալիստական էր դառնում շրջապատը. մի ցողունի վրա ծաղկում էին միանգամայն տարբեր տեսակի ծաղիկներ, թփերն ընդունում էին հոգեվարքի մեջ քարացած մարդկային ֆիգուրների ուրվագծեր, իսկ ոչ հեռվում նկատեցի նրբագեղ մի կենդանի, որի եղջյուրները հյուսված էին ծաղկած ճյուղերից։ Ճյուղից պոկելով անհավանական, ասես բյուրեղից հյուսված մի տերև՝ քայլեցի դեպի ծառերի արանքում առկայծող ճեղքվածքը։
Նոր աշխարհում ձեռքումս սեղմված բյուրեղապակյա տերևն անմիջապես փշրվեց ու դարձավ սովորական փոշի: Շուրջբոլորը եռում էր եվրոպական քաղաքի կյանքը, տարածվել էր թարմ թխվածքի բույրը, հնչում էր ակորդեոնի խլացված ձայնը։ Եթե իմ նպատակը տուն վերադառնալը չլիներ, հաճույքով կմնայի այստեղ։ Բայց ես փնտրում էի հերթական պորտալը։
Փորձելով կողմնորոշվել՝ գտա հարմարավետ մի սրճարան, որտեղ կարճ սանրվածքով ու խորամանկ կիսաժպիտով մի աղջնակ ոգևորությամբ գդալով կոտրում էր կրեմ-բրյուլեի կեղևը, իսկ մոտակա մետրոյի կայարանում հայտնաբերեցի պատռված ու խնամքով սոսնձված լուսանկարներ։ Պորտալի որոնումների ընթացքում ես հետևում էի տարօրինակ հուշումների, օրինակ` ասֆալտի վրա նկարված կապույտ սլաքներին ու առեղծվածային լուսանկարներին։ Մոտ ինը ժամ թափառելուց հետո հասկացա, որ այդ նշանները բացարձակ կապ չունեն ոչ իմ, ոչ էլ իմ փնտրած պորտալի հետ։
Թարմ կրուասանների ու սուրճի բույրը դեռ քթումս էր, երբ ոտքերիս տակի սալաքարերը կտրուկ փոխարինվեցին կոշտ քարով, իսկ օդը լցվեց շիկացած փոշու, քրտինքի ու մակարդված արյան գարշահոտով։ Վերևից լսվում էր բազմահազարանոց ամբոխի խլացուցիչ, ռիթմիկ մռնչյունը` ցնցելով մութ կամարակապ զնդանների հին աղյուսե պատերը։ Թաքնվեցի այդ պատերից մեկի հետևում։ Ինձնից մի քանի մետր հեռավորության վրա դեպի արևի կուրացուցիչ լույսով ողողված արենա էին քայլում մռայլ, խստադեմ տղամարդիկ՝ ծանր զրահներով, ձեռքերի մեջ սեղմած ատամնավոր թրերով, իսկ պատգարակներով հեռացնում էին հոշոտված մարմիններ։
Բարեբախտաբար, ես շատ արագ գտա նոր պորտալը մահվան հոտով ներծծված այդ կատակոմբներում։
Թրերի ու կացինների բախման զնգոցը դեռ ականջներումս էր, երբ հայտնվեցի անտառի եզրին գտնվող ընդարձակ, բայց անտանելի մռայլ առանձնատանը։ Լավ է` տանը մարդ չկար։
Պորտալի փնտրտուքներում սողոսկեցի նկուղ, որտեղ վախենալու աստիճան դետալային մանրակերտեր էին` նույն տան սենյակների դիորամաները, որոնք վերարտադրում էին ողբերգական, հիվանդագին իրադարձությունների տեսարաններ։ Կողային տեսողությամբ ստվերներում անընդհատ որսում էի արագ շարժումներ, իսկ մանկական ննջասենյակի խավարում լսվում էր լեզվով ճպացնելու ռիթմիկ, նյարդայնացնող ձայն, որից արյունը սառչում էր երակներում։
Այն պահին, երբ հայացքս գամվեց ծառի վրայի փայտե տնակին, որի պատուհանից չարագույժ լույս էր ճառագում, ես ինձ նետեցի տնից դուրս` հենց դռան մոտ ցատկելով նոր պորտալի մեջ։
Փրկվելով անհասկանալի սարսափից՝ դուրս թռա իդեալական հարթ, արևի ոսկյա ճառագայթներով ողողված սիզամարգի վրա, որի վրա իսկույն տգեղ հետքեր թողեցին իմ հնացած կոշիկները։ Սա աբսուրդի աստիճան համաչափ արվարձան էր, որի բոլոր տները ներկված էին պաստելային երանգներով՝ անանուխ, խամրած վարդագույն, երկնագույն, իսկ թփերն անհավանական ճշգրտությամբ կտրված էին հսկայական դինոզավրերի և բալերինաների տեսքով։
Վառ զգեստներով տեղացի կանայք բամբասում էին ցանկապատի մոտ, իսկ պորտալի որոնումները տանում էին ինձ ուղիղ դեպի այդ գունագեղ աշխարհի միակ մութ կետը` բլրի վրա կանգնած մռայլ գոթական ամրոցը։ Հենց այստեղ, տարբեր արարածների տեսքով կտրատված թփուտների արանքում էլ շոշափեցի հաջորդ տարածական ճեղքվածքը։
Այս անգամ հայտնվեցի անհայտ տրոպիկական քաղաքի բոցավառվող ավերակների հենց մեջտեղում։ Այստեղի խոնավ օդը ներծծված էր նապալմի ու վառոդի հոտով։
Դիպուկահարների կրակից բետոնե պատերի հետևում թաքնված` տեսա զինվորների, ում սաղավարտները զարդարված էին պացիֆիստական կրծքանշաններով՝ «ծնված են սպանելու համար» գրությունների կողքին։ Ես սողում էի շենքերի փլատակների արանքով, մինչդեռ հեռվում քայլող ջոկատը երգում էր աբսուրդի աստիճան աշխույժ մի երգ հին մանկական հեռուստաշոուից։ Նրանց ձայնը տարրալուծվում էր թանձր ծխի մեջ, որտեղ առկայծում էր պորտալը։
Աչքերս դեռ մռմռում էին ծխից, երբ անհայտ քաղաքի ավերակները կտրուկ փոխարինվեցին խոնավ, աղբով լի նկուղի կիսախավարով, որը բուրում էր հին հողով ու մարմնի լոսյոնի քաղցրավուն հոտով։ Նկուղի ճիշտ կենտրոնում կլորավուն պատ էր, հավանաբար` ջրհոր, որի խորքերում լսվում էին կանացի հուսահատ հեկեկոցներ։ Սկզբում ուզում էի նետվել դեպի ջրհորը, փրկել խեղճին, հետո հիշեցի, որ չեմ խառնվում ոչ մի օտար աշխարհի գործերին, ուր ինձ նետում են անիծյալ պորտալները։ Անտեսելով կնոջ աղերսանքները, ով, հավանաբար, լսել էր իմ ոտնաձայները, աստիճաններով բարձրացա վերև։
Ես սողոսկում էի կարի մեքենաների ու մանեկենների կողքով, որոնց վրա կախված էին տարօրինակ, կոպիտ կարված կտորներ։ Մինչև կհասցնեի նկատել հենց տան միջանցքում բացված պորտալը, ինչ-որ խոշոր թռչող միջատ նստեց ուղիղ քթիս... ես ճչացի ու նետվեցի դեպի պորտալը։
Հավանաբար խուճապի ընթացքում ես ձեռքով հարվածեցի տան միջանցքում դրված մանեկենին, որի գլուխը իմ հետ միասին հայտնվեց պորտալի մյուս կողմում։ Դեպրեսիվ քաղաք՝ թաղված թանձր սմոգի մեջ։ Այստեղ ես ստիպված եղա թափառել հինգ օր շարունակ` մինչև կգտնեի պորտալը (կամ, եթե ավելի ճշգրիտ, մինչև պորտալը կգտներ ինձ)։
Այդ ընթացքում ահագին բան իմացա այս աշխարհի մասին։ Օրինակ, իմ դեգերումների ընթացքում կեղտոտ փողոցներում չտեսա ոչ մի խաղահրապարակ, ու ոչ մի երեխա` փախստականներով լի վանդակապատ ավտոբուսների մոտով քարշ եկող ամբոխի մեջ։ Քայլում էի աղբով լի թաղամասերով՝ խուսափելով զինվորականների ու ծայրահեղականների միջև փողոցային փոխհրաձգություններից։
Փողոցային փոխհրաձգության խլացուցիչ դղրդյունը կտրուկ ընդհատվեց՝ իր տեղը զիջելով զնգացող լռությանն ու մինչև ոսկորները թափանցող ցրտին, երբ մոխրագույն սալահատակն ինձ նետեց ուղիղ լեռնային վայրի անտառի խորը ձնակույտի մեջ։ Թմբից այն կողմ մորթի արդյունահանող որսորդների լքված ճամբար էր. գետնին թափված կաշին, արյան հետքերն ու ծառերի բներին ցցված փետրավոր նետերը վկայում էին տեղի ունեցած դաժան բախման մասին։
Սառցե գետի երկայնքով բարձրանալով՝ հանդիպեցի սարսափելի գտածոյի՝ սատկած ձիու հսկայական դիակ, որի փորոտիքը հանված էր, ակնհայտորեն նրա համար, որպեսզի ինչ-որ մեկը կարողանար ներսում պատսպարվել մահացու գիշերային բքից։ Լսելով ծանր շնչառության ձայնն ու կոտրվող ճյուղերի ճրթճրթոցը՝ ես նետվեցի դեպի պորտալի էներգետիկ հետքը։
Սառցե ամայությունը հանկարծակի ալիքավորվեց, ու հայտնվեցի ժամանակակից հյուրանոցի շքեղ միջանցում։ Դեռ չէի հասցրել շունչ քաշել, երբ գրավիտացիան սկսեց փոխվել։ Ինչ-որ տարօրինակ մարդիկ մենամարտում էին այս պայմաններում` վազելով պատերի ու առաստաղի վրայով ու անգամ չնկատելով իմ ներկայությունը։
Բարեբախտաբար, պորտալն անմիջապես կողքիս էր։
Գլուխս անտանելի պտտվում էր գրավիտացիայի փոփոխություններից, ու աղավաղված միջանցքի առաստաղից ընկնելով պորտալի առկայծող խոռոչը, կկոցեցի աչքերս արևի կուրացուցիչ լույսից, որը ողողում էր անծայրածիր կանաչ մարգագետինները` լի անհավանական վառ դաշտային ծաղիկներով։
Ես թաքնվել էի անտառեզրին՝ հետևելով ձյունաճերմակ տարազով մարդկանց համայնքին, ովքեր խելագար, ուժասպառ անող շուրջպարեր էին բռնում առատորեն զարդարված ձողի շուրջ: Կրկին մտածեցի, որ հաճույքով կմնայի այս ուրախ մարդկանց անտառային համայնքում, սակայն հերթական պորտալն ինձ կանչում էր։
Կանաչ հարթավայրում եմ։ Օդում լուռ ճախրում է վիթխարի, երկարավուն օվալաձև քար հիշեցնող օբյեկտ, որի տակ հավաքվել են քիմիական պաշտպանության նարնջագույն համազգեստով մարդիկ։
Չեմ էլ ուզում իմանալ, ինչի հետ գործ ունեմ։
Քայլելով դեպի պորտալը` մինչև ծնկներս հայտնվեցի սառը ջրի մեջ։ Իրականությունը սեղմվեց մինչև մոխրագույն փոթորկոտ երկնքի մոնոքրոմ երանգներ ու փոքրիկ կղզյակի ժայռերին բախվող սև ալիքներ։ Ջուրը ներծծված էր նեխող ջրիմուռների ու կերոսինի հոտով։
Հակամառախուղային շչակի խլացուցիչ մռնչյունը ռիթմիկ ցնցում էր փայտե շինությունների փտած տախտակները, մինչ ես հետ էի մղում անհավանական ագրեսիվ ճայերին։ Վերևում երևաց փարոսը։ Ու միայն այդ պահին ես, կարծես, պայծառացա. իսկ միգուցե պորտալները միմյանց են կապում անվերջ քանակի, անվերջ անգամ անվերջ քանակի աշխարհներ, ու այդ դեպքում տուն վերադառնալու իմ շանսերը հավասար են զրոյի»։