#մշակութաPAN
April 17

Հաղթահարելով անքնությունը, ճնշումն ու սթրեսը. «Երաժշտական արշավանք դեպի ուղեղ»

Այս տեքստը գրելիս զուգահեռ միացված է Շոպենի Op. 9 Նոկտյուրնը, ու այն իսկապես օգնում է հավաքել մտքերը, կենտրոնանալ, նաև վայելել աշխատանքային ընթացքը։ Բայց սա միայն զգացական մակարդակում։ Իսկ գիտական տեսանկյունից ի՞նչ է կատարվում մարդու մտքի ու օրգանիզմի հետ, երբ հնչում է Շոպենի ամենամեղեդային ստեղծագործություններից մեկը։

Բեթհովենի «Լուսնի սոնատի» հուզիչ մեղեդիներից մինչև Մոցարտի մեծ սիմֆոնիաները և Բախի խորն ու զգացմունքային ստեղծագործությունները, դասական երաժշտությունը անցել է ժամանակի փորձությունը: Բայց գիտական ուսումնասիրություններն ապացուցում են, որ դասական երաժշտության դրական ազդեցությունը շատ ավելին է, քան միայն լսողական հաճույքը։ Այն խորը ազդեցություն ունի ուղեղի աշխատանքի վրա և այդպիսով հետազոտողների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։

ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԵՎ ՔՆԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Կալիֆոռնիայի համալսարանում անցկացված գիտափորձի արդյունքում պարզ է դարձել, որ դասական երաժշտությունը կարող է իջեցնել արյան ճնշումը: 75 մասնակիցների խնդրել են երեք րոպեում լուծել թվաբանական խնդիր, այնուհետև նրանց բաժանվել են երեք խմբի և յուրաքանչյուր խմբի սենյակում տարբեր մեղեդիներ նվագել՝ ջազ, փոփ երաժշտություն և դասական երաժշտություն: Արդյունքում երրորդ խմբի մոտ սթրեսային խնդիր լուծելուց հետո արյան սիստոլիկ ճնշման մակարդակը 5 անգամ ցածր է եղել։

Հետազոտողների պնդմամբ նոտաների ներդաշնակ համակցությունը ազդում է ուղեղի մեծ կիսագնդերի կեղևի վրա, բարելավում ինքնազգացողությունն ու կարգավորում նյարդային համակարգը։ Հետազոտողները նաև եզրակացրել են, որ դասական երաժշտությունը դրական ազդեցություն է ունենում հատկապես այն մարդկանց վրա, որոնք փոքր տարիքից են լսել դասական երաժշտություն։

Վերադառնալով արյան ճնշմանը։ Եթե ձեր արյան ճնշումը չափազանց բարձր է, ապա դա լրացուցիչ լարում է ձեր անոթների, սրտի և այլ օրգանների վրա, այդ թվում՝ ուղեղի։ Իսկ մշտական բարձր ճնշումը կարող է մեծացնել կյանքին սպառնացող մի շարք առողջական բարդությունների վտանգը, ներառյալ սրտի կաթված, սրտանոթային անբավարարություն, երիկամների հիվանդություն և ավելին։

Այս հարցում դասական երաժշտության բուժիչ հատկությունն ամրապնդելու համար այլ հետազոտություններ ևս արվել են։ Օրինակ 2022 թվականին արված այս հետազոտությունն ապացուցում է, որ հստակ ֆիզիկական բացատրություն կա, թե ինչպես է դասական երաժշտությունը իջեցնում ճնշումը։ Թափառող նյարդը, որը պարասիմպաթիկ նյարդային համակարգի հիմնական նյարդն է, գտնվում է թմբկաթաղանթի մոտ և արձագանքում է երաժշտական թրթռումներին՝ օգնելով մարմնին հանգստանալ և կարգավորել սրտի հաճախականությունը։

Մեկ այլ հետազոտություն, որն անցկացվել է Բուդապեշտի համալսարաններից մեկում, ցույց է տվել, որ դասական երաժշտությունը կարող է լավ ազդեցություն ունենալ մարդու քնի վրա: Գիտափորձին մասնակցել են 19-28 տարեկան 94 մարդ, որոնք քնելու հետ կապված խնդիրներ ունեին։ Նրանց երկու երրորդը, որոնք երեք շաբաթ շարունակ գիշերները դասական երաժշտություն են լսել, ազատվել են անքնությունից, ի տարբերություն նրանց, ովքեր շարունակում էին իրենց սովորական ապրելակերպը։

Այս արդյունքի պատճառներից մեկը դասական երաժշտության ռիթմիկ բնույթն է։ Ավելին, մարդն ավելի լավ է քնում, եթե մեղեդին պարունակում է այնպիսի տարրեր, որոնք ինչ-որ կերպ կարելի է ասոցացնել անձրևի, ծովի, մեղմ քամու ձայնի հետ։ Մեկ այլ պատճառ ևս. Դասական երաժշտությունը շեղում է մարդուն իր իսկ կպչուն մտքերից։ Բայց խոսքն, իհարկե, հանգիստ ու մեղեդային երաժշտության մասին է, ոչ թե ասենք փողային գործիքների և ծանր, մաժորային ակորդների։

Ըստ հետազոտության՝ Չայկովսկու, Գրիգի և Սիբելիուսի պիեսներն օգնում են ազատվել անքնությունից, Բրամսի ջութակի կոնցերտը թեթևացնում է հոգնածությունը, իսկ Շուբերտի «Նոկտյուրնը» նվազեցնում է անհանգստությունը:

ԻՄՈՒՆԻՏԵՏ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) արդյունքներն անգամ ցույց են տալիս մարդու ուղեղում դասական երաժշտության դրական ազդեցությունը։

«Ուղեղում տեղի է ունենում գործընթացների ներդաշնակեցում, ինչը դրական է ազդում իմունային համակարգի ամրապնդման վրա։ Սրա ապացույցն է նաև երկարակյաց դիրիժորների ու կոմպոզիտորների մեծ թիվը»։

ԱՄՆ համալսարաններում անցկացված հարցումը ցույց է տվել, որ դասական երաժշտություն լսող ուսանողներն ունեն ավելի բարձր գնահատականներ, քան նրանք, ովքեր նախընտրում են ռեփ կամ էլ հիփ-հոփ։ Ուսանողներին դեռ առանձին կանդրադառնանք, հիմա վերադառնանք իմունիտետին։

2019 թվականի ուսումնասիրության համաձայն՝ դասական երաժշտությունը դրական ազդեցություն է ունենում մեր իմունային համակարգի վրա, ազդում է հորմոնների վրա, մեղմում անհանգստության զգացումն ու սթրեսային հոգեվիճակը։ Ի դեպ, ազդեցության առումով տարբերություն կա՝ ստեղծագործությունը գրված է մինորային լադերում, թե՝ մաժորային։ Մաժորային երաժշտությունն իր արդյունավետությունը ապացուցել է մի շարք հիվանդությունների բուժման մեջ։ Օրինակ՝ նվազեցվում են էպիլեպտիկ նոպաները, դանդաղեցվում է այնպիսի հիվանդությունների տարածումը, ինչպիսին Ալցհայմերի հիվանդությունն է։

Վերադառնալով ուսանողներին և կրթական գործընթացներին։ Մեծ Բրիտանիայում քննությունների շրջանում վերջերս արված հետազոտությունը պարզել է, որ քննությանը պատրաստվելու և անցած կրթական նյութը կրկնելու համար ուսանողների 75 տոկոսը նախընտրում է դասական երաժշտություն լսել։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ շատ ուսանողներ դադարում են այդ շրջանում լսել իրենց սիրելի մշտական երգացանկը և դասական երաժշտության միջոցով ստեղծում են միջավայր, որը հանգստացնում է ու օգնում է կենտրոնանալ»։

Իսկ 2020 թվականին ԱՄՆ-ում արված հետազոտությունը ապացուցում է, որ այն ուսանողները, որոնք տնային աշխատանքներն անելիս կամ քնելիս դասական երաժշտություն են լսում՝ քննություններին ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս։ Վստահաբար լսած կլինեք «Մոցարտի էֆեկտի» մասին, ըստ որի, մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները լսող ուսանողները IQ թեստերի ավելի լավ արդյունք են ցույց տալիս։ Բայց վերջին շրջանում արված բազմաթիվ հետազոտությունները փաստում են, որ սա միայն Մոցարտի ֆենոմենը չէ, այլ դասական երաժշտությանն՝ առհասարակ։

ՄԱՐԴՈՒ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

Դեռևս արգանդում գտնվող չծնված երեխան արդեն իսկ նախապատվությունը տալիս է դասական երաժշտությանը, սա հաստատում են իսպանացի գիտնականների ուսումնասիրությունները։ 2018 թվականին Բարսելոնայի վերարտադրողական տեխնոլոգիաների կլինիկայում հետաքրքիր հետազոտություն է իրականացվել։ Դրանում ներգրավված է եղել մոտ 300 հղի կին։

Հատուկ բարձրախոսների միջոցով արգանդում գտնվող երեխաները նախ լսել են դասական երաժշտություն, այդ թվում՝ Բախի և Բեթհովենի սոնատները, հետո լսել են իսպանական Սուրբ Ծննդյան երգեր, Queen-ի և Ադելի հիթերը: Պարզվել է, որ 90% դեպքերում պտուղի կողմից արձագանք առաջացրել է դասական երաժշտությունը։ Միակ բացառությունը Ֆրեդի Մերկուրիի Bohemian Rhapsody-ն էր։ Ըստ մասնագետների երաժշտությունն առաջ առաջին հերթին ազդում են մոր և նրա տրամադրության վրա, ու միայն հետո՝ երեխայի։

Երեխաները փոքրուց կա՛մ շատ պետք է լսեն դասական երաժշտություն, կամ էլ, հնարավորության դեպքում, պետք է որևէ երաժշտական գործիքի տիրապետեն։ Արդյունավետության ապացուցման մի ամբողջ բազա կա, սկսած նրանից, թե ինչպես է երաժշտական գործիքին տիրապետելը զարգացնում ինտելեկտը, բարձրացնում IQ-ն, նպաստում խոսքի և ընթերցանության հմտությունների զաքրգացմանը և շատ ավելին։

Արդեն փաստեցինք, որ դասական երաժշտության միջոցով ակտիվանում են ուղեղի գրեթե բոլոր հատվածները, ուսուցման և ճանաչողության հմտությունները, դրական հույզերը։ Բայց եթե նախկինում սա հետաքրքրում էր հատկապես երաժշտագետներին կամ հոգեբաններին, ապա վերջին մեկ դարում այս քննարկումների էպիկենտրոնում հատվում են լեզվաբանության, երաժշտության, նյարդաբանության սահմանները։

Տատյանա Չեռնիգովսկայայի  մոտեցումներն այս հարցում խորը ուսումնասիրությունների աղբյուր են։

«Երաժշտությունը, ընդհանուր առմամբ, դեղամիջոց է, որը դեռևս քիչ է գնահատվում և բավարար ուսումնասիրված չէ։ Ես կարծում եմ, որ բոլոր երեխաներին, առանց բացառության, պետք է երաժշտական ​​գրագիտություն սովորեցնել։ Մեղեդին անհավանական բաներ է անում մեր ուղեղի հետ։ Այն թույլ է տալիս երեխաներին ուշադրություն դարձնել մանրուքներին»։

Չեռնիգովսկայան նշում է, որ և՛ լեզուն, և՛ երաժշտությունը մեղեդի ունեն։ Խոսքի մեղեդին երբեմն կարող է ավելին ասել, քան բառերը։

«Երաժշտությունը պարզապես ալիքներ են, որոնք հարվածում են թմբկաթաղանթին, այսինքն՝ զուտ ֆիզիկական գործողություն է։ Հետո այս բոլոր ալիքները գալիս են ուղեղ ու դառնում երաժշտություն»։

Դասական երաժշտությունը սովորաբար բնութագրում են հարուստ ու բարդ մոտիվներով, զգացմունքային խորությամբ, ներդաշնակ և հաջորդական կառույցներով, և անգամ զարմանալի չէ, որ նոտաների այս միաձուլումը ուղիղ կապով հասնում է մեր ուղեղի բջիջներին։ Արեք ձեր փոքրիկ էքսպերիմենտը, առաջիկա օրերին հնարավորության դեպքում լսեք միայն դասական երաժշտություն և ձեր մարմինը շնորհակալություն կհայտնի ձեզ։


✍️ Նանե Մանուկյան / PAN