Ուիթնի Հյուսթոնին և Ալիշա Քիզին բացահայտած պրոդյուսերը. Քլայվ Դևիսի ուղին՝ Columbia-ի ռեկորդներից մինչև ֆինանսական սկանդալ
94 տարեկանում մահացել է «Գրեմմի»-ի դափնեկիր, երաժշտական պրոդյուսեր և մեդիամագնատ Քլայվ Դևիսը։ Նա համաշխարհային երաժշտության պատմության ամենաազդեցիկ դեմքերից էր, որն աշխարհին ներկայացրել է տասնյակ սուպերաստղերի։ Միլիոնավոր ձայնասկավառակների վաճառքով ու բեկումնային իրադարձություններով լի 50-ամյա տպավորիչ կարիերայի ընթացքում Դևիսի երաժշտական կյանքը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի։
Նախ՝ համառոտ։ 60-ականների վերջին Դևիսը երբեմնի պահպանողական Columbia լեյբլը շահութաբեր կերպով ուղղորդեց դեպի ռոք ինդուստրիա, բացահայտեց ու պայմանագրեր կնքեց այնպիսի տաղանդների հետ, ինչպիսիք են Ջենիս Ջոպլինը, Կառլոս Սանտանան և Բրյուս Սփրինգսթինը։ Բայց 1973-ին նրան հեռացրին ընկերությունից՝ կորպորատիվ միջոցները վատնելու մեղադրանքով։
Բայց պրոդյուսերի համար սա ամենևին էլ կարիերայի վերջը չէր։ Նա տպավորիչ վերադարձ ունեցավ ու հայտնվեց Arista Records-ում, որն այդ ժամանակ Columbia Pictures-ին պատկանող փոքր լեյբլների միավորում էր։ Այստեղ նա հավաքեց փոփի, ռոքի ու R&B-ի աստղային մի թիմ, որտեղ մեծագույն ու ամենապայծառ աստղը վոկալիստ Ուիթնի Հյուսթոնն էր։
Քառորդ դար անց՝ մայր ընկերությունների՝ Sony-ի և Bertelsmann-ի միավորումից հետո, փորձ արվեց Դևիսին հեռացնել Arista-ից և ուղարկել թոշակի։ Բայց սա ընդամենը նրա կարիերայի երրորդ փուլի հիմքը դարձավ։ Դևիսը հիմնեց J Records նոր լեյբլը, որն ամենից շատ հայտնի է երգչուհի Ալիշա Քիզի տաղանդը բացահայտելով։
Առհասարակ, Դևիսն այնքան հայտնի էր երաժշտական աշխարհում, որ նրան սովորաբար դիմում էին պարզապես անունով ու բոլորը միանգամից «տեղն էին բերում» պրոդյուսերին։ Նա աչքի էր ընկնում էլեգանտությամբ, տպավորիչ ոճով և ուշադրության կենտրոնում լինելու մղումով։ Դևիսը տարիներ շարունակ «Գրեմմի»-ի շաբաթվա շրջանակում շքեղ ամենամյա երեկույթներ էր կազմակերպում, որոնք շոու բիզնեսի ամենասպասված իրադարձությունների շարքում էին։ «Քլայվի երեկույթը» հարթակ էր թե՛ մեգաաստղերի, թե՛ ծագող տաղանդների համար, իսկ հյուրերի թվում երաժիշտներից բացի մշտական հյուրերից էին քաղաքական ու հասարակական գործիչները։ Նրա կազմակերպած վերջին երեկույթը տեղի ունեցավ այս տարվա հունվարի 31-ին իր ավանդական վայրում՝ Beverly Hilton հյուրանոցում։
Դևիսի կարիերան թերևս լավագույն կերպով արտացոլված և ամփոփված է նրա 90-ամյակին նվիրված մի հոդվածում։ Այն Դևիսի ենթակայության տակ աշխատած ավելի քան 25 ղեկավարների հարցազրույցների հավաքածու է՝ լի անեկդոտներով ու պատմություններով, որոնք բացահայտում են Դևիսի մարդկային տեսակն ու անցած ճանապարհը։ Այդ մեկնաբանություններից մեկը փաստում է՝
«Քլայվը երբեք չէր հանձնվում։ Որքան էլ խնդիրը բարդ կամ անլուծելի թվար, նա միշտ հավատում էր, որ ելք կա։ Նա պայքարում էր լուծման համար այնքան ժամանակ, մինչև հասնում էր իր ուզածին»։
Քլայվի նպատակասլացության մասին խոսում էին դեռ այն ժամանակ, երբ նա երիտասարդ ուսանող էր, որն ամբողջական կրթաթոշակով սովորում էր Նյու Յորքի համալսարանում և ավարտեց այն գերազանցությամբ։ Նա ամբողջական կրթաթոշակ ստացավ նաև Հարվարդի իրավաբանական դպրոցում ու ավարտեց այն 1956 թվականին։ Այս ամենից հետո գուցե մտածեք, թե ի՞նչ կապ ունի իրավաբանությունը երաժշտական բիզնեսի հետ։ Իրականում Դևիսը «զարտուղի» ճանապարհով է հայտնվել այս ոլորտում։
1960 թվականին՝ Նյու Յորքի առաջատար իրավաբանական ընկերություններից մեկում երկու հուսահատ տարիներից հետո, Դևիսն աշխատանքի է անցնում Columbia-ում՝ որպես իրավախորհրդատուի օգնական։ Հինգ տարվա ընթացքում CBS Records-ի նախագահ Գոդարդ Լիբերսոնը նրան «առաջ է տանում» մինչև վարչական հարցերով փոխնախագահի պաշտոն։ Շուտով Քլայվը դառնում է Columbia-ի գլխավոր տնօրեն, իսկ 1967-ին նշանակվում է լեյբլի նախագահ։
Երբ Դևիսը ստանձնեց ընկերության ղեկավարումը, Columbia-ն հետ էր մնում 60-ականների ռոք հեղափոխությունից։ Թեև նրանց թիմում էր The Byrds խումբը, լեյբլն ավելի շատ հայտնի էր Ջոնի Մաթիսի և Թոնի Բենեթի նման կատարողների փոփ երգերով։ Նախկին փաստաբանը շատ արագ ապացուցեց, որ երաժշտական բիզնեսում շատ հազվագյուտ ու խիստ կարևոր տաղանդ ունի՝ բացառիկ լսողություն ու հոտառություն։
60-ականների վերջին և 70-ականների սկզբին Դևիսի թեթև ձեռքով ու սուր պրոդյուսերական հոտառությամբ Columbia-ի հետ պայմանագրեր կնքեցին բազմաթիվ տաղանդներ՝ Blood, Sweat & Tears, Chicago, Նիլ Դայմոնդ, Բիլլի Ջոել, Pink Floyd, Բրյուս Սփրինգսթին։ Տարիներ շարունակ լեյբլը ռոք բիզնեսում գերիշխանության համար թեժ պայքարի մեջ էր Warner Bros.-ի հետ։
Այնուամենայնիվ, այս հաղթարշավը դադարեց 1973 թվականի մայիսին։ Դաշնային հետաքննությունից և CBS-ի ներքին ստուգումներից հետո Դևիսն անմիջապես հեռացվեց աշխատանքից՝ լեյբլից 94,000 դոլար յուրացնելու մեղադրանքով։ Նա այդ գումարի մի մասն օգտագործել էր որդու, ինչպես նաև ընտանիքի հանգստի ու ավիատոմսերի համար։ Բայց, ինչպես արդեն հասկացաք, Դևիսն ընկճվողներից չէր։ 1975 թվականին նա հրատարակեց «Քլայվ. ձայնագրման բիզնեսի ներսում» ինքնակենսագրականը։ Ի դեպ, այս գիրքը խիստ հակասական էր, հատկապես ոլորտի աշխատողների համար։ Ֆրեդերիկ Դանենն օրինակ, գիրքը մեկնաբանելիս հետևյալ միտքն է գրել՝
«Այդ հաստափոր գիրքն այնպիսի տպավորություն է ստեղծում, թե իր ութամյա կառավարման ընթացքում նա միայնակ է պայմանագիր կնքել, կերտել ու շուկա հանել CBS Records-ի յուրաքանչյուր խոշոր փոփ արտիստի։ Սա էր նաև պատճառը, որ CBS-ում նրա հետ աշխատող մարդիկ Քլայվին առանձնապես չէին սիրում»։
Ամեն դեպքում, Դևիսի հեղինակության վերականգնման փուլը շատ չուշացավ։ 1974 թվականին նա ընդունեց Columbia Pictures-ի նախագահի գործնական առաջարկն ու ստուդիայի ձախողված լեյբլները (Bell, Colpix և Colgems) միավորեց նոր կառույցի մեջ։ Arista լեյբլն իր առաջին հաջողությունը գրանցեց Mandy երգով։ Այն Bell-ի սակավաթիվ հաջողակ արտիստներից մեկի՝ փոփ երգիչ Բարրի Մանիլոուի սինգլն էր, որը ձայնագրվել էր հենց Դևիսի պնդմամբ ու գրավեց հիթ-շքերթների առաջին հորիզոնականը։ Arista-ն հաջողություններ ունեցավ նաև այնպիսի հայտնի տաղանդների հետ, ինչպիսիք են Արետա Ֆրանկլինը և The Grateful Dead-ը։
Բայց գլխավոր աստղի անունը հնչեց մի փոքր ավելի ուշ։ 80-ականներին և 90-ականներին լեյբլի փառքի ու եկամտի հիմնական աղբյուրը դարձավ Ուիթնի Հյուսթոնը։ 1985-2000 թվականներին երգչուհին թողարկեց 7 ալբոմ, այդ թվում՝ 1992 թվականի ռեկորդներ սահմանած «Թիկնապահը» ֆիլմի սաունդթրեքների ալբոմը, որը 20 շաբաթ շարունակ առաջինին հորիզոնականում էր և վաճառվեց ավելի քան 16 միլիոն օրինակով։
Ինչպես արդեն ասացինք՝ Դևիսի գործունեությունը երեք փուլերի կարելի է բաժանել և Arista լեյբլին վերաբերող երկրորդ փուլն ավարտվեց 2000 թվականին, երբ նրան հեռացրին իր իսկ հիմնադրած լեյբլի ղեկավարի պաշտոնից։ Բայց, անշուշտ, Քլեյվ Դևիսն այս իրավիճակը ևս դիտարկեց որպես հնարավորություն, և ոչ թե որպես ձախողում։ Արդյունքում նա ստեղծեց իր նոր՝ J Records լեյբլը։ Մեկ տարվա ընթացքում լեյբլը Columbia-ի կողմից մերժված և Arista-ի նախկին արտիստ Ալիշա Քիզին վերածեց նոր մեգաաստղի։
Երգչուհու դեբյուտային Songs in A Minor ալբոմը վաճառվեց 6 միլիոն օրինակով, իսկ մինչև 2005 թվականը Քիզն արժանացավ մի քանի «Գրեմմի» մրցանակների, ձայնագրություններն էլ վաճառվեցին միլիոնավոր օրինակներով։ Դևիսի «ոսկե ձեռքը» հաջողություն բերեց նաև J Records-ին ու իսկապես ոսկե տառերով գրեց նրա անունը երաժշտական ինդուստրիայի առանցքային անունների շարքում։ 2000 թվականին Դևիսն արժանացավ Ձայնագրման ակադեմիայի հոգաբարձուների մրցանակին, 2009-ին՝ Նախագահի հատուկ մրցանակին։ 2000 թվականին նրա անունը ներառվեց Ռոքնռոլի փառքի սրահում։