Գույների թունավոր պալիտրան, Նապոլեոնի սենյակն ու վառ կանաչ զգեստը. Թունավոր գույներն ու մահացու արվեստը
Պատկերասրահներում դուք հիացմունքով նայում եք Վան Գոգի կապույտ երանգներին կամ Ռենուարի վրձնած կանաչին։ Կզարմանա՞ք, եթե ասենք, որ այս գույները մի ժամանակ անվանել են մահացու կամ թունավոր պալիտրա։ Կար շրջան, երբ մարդիկ բառացիորեն ապրում էին թույնի մեջ՝ կանաչ պաստառներից և մկնդեղով ներկված զգեստներից մինչև սնդիկով պատրաստված կարմիր ներկեր։ Գիտնականները տարիներ շարունակ փորձում էին ապացուցել ակնհայտը, իսկ արդյունաբերողները հաշվում էին շահույթը։
Բարի գալուստ արվեստի պատմության ամենատարօրինակ ու սարսափազդու էջերից մեկը։ Մարդկանց տան պատերը, հագուստը, խաղալիքները, պատից կախված կտավները, նույնիսկ կոնֆետները թունավոր են, բայց ոչ ոք չի հավատում գիտնականներին. Պատկերացնելն անգամ սարսափելի է։
Մինչև 18-րդ դարի վերջը կանաչ գույնը բավականին գունատ էր արվեստում։ Հին վարպետները օգտագործում էին աղացած մալաքիտ կամ «կանաչ հող» կոչվող պիգմենտ՝ սիլիցիումի տարբեր միացություններից։ Վերածննդի դարաշրջանի կտավներում դուք չեք գտնի վառ, հյութալի կանաչ։
Պիետրո Պերուջինոյի 16-րդ դարասկզբի որմնանկարն օրինակ, ցույց է տալիս այդ շրջանի կանաչի սահմանափակ հնարավորությունները։ Գույները բաց են, հագեցվածությունը՝ թույլ։ Նույնիսկ մեծ վարպետները չէին կարող ստանալ այն վառ, կենդանի կանաչը, որը տեսնում ենք բնության մեջ։
Ամեն ինչ փոխվեց 1775 թվականին։ Շվեդ գիտնական Կարլ Վիլհելմ Շեելեն՝ այն մարդը, որը հայտնագործել էր կաթնաթթուն և քլորը, ստացավ իսկական զմրուխտականաչ գույն։ «Շեելեի կանաչ» կոչվող ներկանյութը հեղափոխություն էր։ Բայց կար մի խնդիր, որը Շեելլեն ինքն էլ շուտով զգաց իր մաշկի վրա։
Այն ժամանակ գիտնականները նոր հայտնագործած նյութերը նկարագրելիս պետք է նշեին նաև դրանց համը։ 1786 թվականին Շեելլեի մոտ սկսեցին հայտնվել տարօրինակ ախտանիշներ՝ մաշկի մգացում, խոց, լուծ և քնկոտություն միաժամանակ։ Մկնդեղի, սնդիկի, կապարի, դրանց միացությունների և, հնարավոր է, հիդրոֆլորաթթվի, ինչպես նաև այլ նյութերի համակցված ազդեցությունը Շեելեի վրա մեծ ազդեցություն թողեց, և նրա առողջությունը մեծապես տուժեց հաճախակի փորձերից՝ առանց պատշաճ օդափոխության։ Շուտով տաղանդավոր քիմիկոսը մահացավ՝ հավանաբար երիկամների ախտահարումից։
«Շեելեի կանաչն» արագորեն տարածվեց ամենուր։ Այն օգտագործում էին ոչ միայն նկարիչները, այլև հագուստի, պաստառների, մոմերի, նույնիսկ մանկական խաղալիքների ներկման համար։ Բայց ոչ ոք չէր ուզում լսել նախազգուշացումները։ Իսկ զգուշացումը հետևյալն էր՝ որոշակի պայմաններում կանաչ ներկանյութն արձակում էր մկնդեղի գոլորշիներ։
1859 թվականին հրատարակվեց «Նորաձևության զոհերը՝ անցյալի և ներկայի զգեստների վտանգները» գիրքը։ Հեղինակ Էլիսոն Մեթյու Դեյվիդը պատմում էր բժիշկ Անժե Գաբրիել Մաքսիմ Վեռնուայի հետաքննության մասին։ Հետազոտությունն անցկացվել էր մի սովորական ծաղկի խանութում։ Բոլոր տղամարդ աշխատողներն ունեին նույն ախտանիշները՝ դեղին եղունգներ, ախտահարված ոտքեր, սեռական օրգանների ախտահարումներ։ Կանայք, որոնք զբաղվում էին ապրանքների վաճառքով, ունեին ուժեղ գլխացավեր, գունատ մաշկ և թուլություն։
Պարզվեց, որ տղամարդիկ ներկում էին գործվածքները հետևյալ կերպ՝ գործվածքն ամրացնում էին մեխերով սեղանին, քսում ներկը, ավելացնում ջուր և ձեռքերով տարածում ներկը։ Կանայք չորացնում էին գործվածքը և պատրաստում արհեստական ծաղիկներ՝ կրկին մերկ ձեռքերով։ Այդ արհեստական ծաղիկներից պատրաստում էին էժան թագեր և զարդեր։ Վիկտորյական դարաշրջանում բնությանը հնարավորինս մոտ լինելը «նորաձև» էր և կանայք սիրով զարդարում էին գլուխները նման զարդերով։
Թունավոր կանաչի սարսափը հասել էր նաև երեխաներին։ 1861 թվականին Լոնդոնի Լայմհաուս թաղամասում ծնողները վարձում են հայտնի բժիշկ Թոմաս Օրտոնին՝ պարզելու իրենց երեխաների մահվան պատճառը։ Երեխաներից երեքն արդեն մահացել էին, չորրորդը՝ փոքրիկ աղջիկը, մահամերձ էր։
Թոմասը նկատում է, որ նախորդ ախտորոշումները՝ տենդ և դիֆթերիա, չեն կարող ճիշտ լինել, քանի որ երեխաներից բացի ոչ ոք չէր հիվանդացել։ Միակ կասկածելի «հանցագործը» մանկական սենյակի պաստառներն էին։ Ծնողները մեծ գումար էին ծախսել սենյակը հնարավորինս գեղեցիկ դարձնելու համար։ Այն ամբողջովին պատել էին կանաչ պաստառներով։
Կարճ ժամանակ անց մահացավ նաև չորրորդ երեխան։ Բժշկի խորհրդով ծնողները թույլատրեցին դիահերձում կատարել։ Այն կատարեց քիմիկոս Հենրի Լետեբին։ Մահվան պատճառը՝ մկնդեղով սուր թունավորում։ Գործը դրվեց հատուկ հսկողության տակ, բայց դատարանը որոշեց, որ քիմիկոսի եզրակացությունները բավարար հիմքեր չունեն, և չորս առողջ երեխաները մահացել են այլ պատճառներով։
Հենրի Լետեբին չհանձնվեց։ Նա այցելեց ծնողների տուն, վերցրեց պաստառների նմուշները։ Պարզվեց, որ մկնդեղի չափաբաժինը մեկ քառակուսի մետրի վրա կազմում էր մոտ 1 գրամ։ Լետեբին դարձավ առաջինը, որ չհամաձայնեց հասարակության հետ և ապացուցեց մահվան և շրջապատում թույնի առկայության միջև պատճառահետևանքային կապը։
1857 թվականին Բիրմինգհեմում բժիշկ Ուիլյամ Հինդսը հայտարարեց, որ անբուժելի հիվանդ է։ Փսխում, որովայնի սպազմներ, գլխապտույտ, թուլություն. Այս ախտանշանները նրան ամեն օր տանջում էին։ Հետո նկատեց մի օրինաչափություն՝ վատանում էր միայն իր աշխատասենյակում։ Դա հին անգլիական ոճի աշխատասենյակ էր՝ փայտե պանելներով, բայց մի նորամուծությամբ՝ դասական կանաչ կտորի փոխարեն նորաձև կանաչ պաստառներ։
Երբ բժիշկը փոխեց գրաֆիկը, առողջական վիճակը ևս բարելավվեց։ Պատառներից նմուշներ վերցրեց, մի քանի հետազոտություն արեց ու սարսափելի եզրակացության եկավ՝ դրանք մկնդեղ էին պարունակում։ Փոխեց պաստառներն ու ֆիզիկական վիճակը կտրուկ լավացավ։
Կես տարի անց Հինդսի մոտ եկավ երիտասարդ զույգ։ Նրանք բողոքում էին թույլությունից ու պնդում էին, որ պատճառն առանց արձակուրդի աշխատելն է։ Տանը և աշխատավայրում վատ էին զգում՝ ցավում էր կոկորդը, թուլություն էր առաջանում, բորբոքվում էին աչքերը, իսկ ծովափին, արձակուրդի ժամանակ շատ ավելի լավ էին զգում։ Տանը հիվանդանում էր նույնիսկ թութակը, հետևաբար նրանց էլ իրենց հետ տանում էին ծով։ Հինդսը երիտասարդներին զննելու փոխարեն որոշում է զննել նրանց տունը։ Արդյունքը սպասելի էր՝ գտնում է նույն կանաչ պաստառները։
Մկնդեղի արտադրության մեջ ներգրավված էին հսկայական քանակությամբ արդյունաբերական ընկերություններ։ Իհարկե, մարդիկ գիտեին, որ այն թունավոր է։ Բայց Չինաստանում 3000 տարի օգտագործում էին որպես ավանդական դեղամիջոց։ Միացյալ Նահանգներում ու Անգլիայում էլ պակաս ծայրահեղ չէին։ Թողարկվում էին մկնդեղով հատուկ հաբեր, որոնք խոստանում էին ազատել կանանց պեպեններից և բշտիկներից։ Մոտավորապես 1840-ական թվականներից Անգլիայում տարածված էր կապարով, քացախով և մկնդեղով մի փոշի։ Կարճաժամկետ հեռանկարում այն իբր պիտի լավացներ մաշկի որակը։ Երկարաժամկետում՝ ատամներն էին թափվում, ախտահանվում էին օրգանները։
Իրավիճակն ամբողջությամբ հասկանալու համար պետք է պատմել նաև Devon Great Consols ընկերության մասին։ Գրող Ուիլյամ Մորրիսը, որը ծաղրում էր բժիշկներին մկնդեղի վտանգի մասին նախազգուշացումների համար, խիստ պատահաբար այս ընկերության վեց ներդրողներից մեկի որդին էր։
1844 թվականից այս ընկերությունը կարողացավ արդյունահանել 90,000 տոննա պղինձ՝ դառնալով աշխարհի ամենաշահութաբեր և ամենաարտադրողական պղնձի հանքը։ Փողը հոսում էր այնպես, ինչպես ժամանակակից օլիգարխները նույնիսկ չեն երազում։ Առաջին հնգամյակում ներդրողները վաստակեցին 207,000 ֆունտ ստեռլինգ մաքուր շահույթ։ Համեմատության համար՝ բարձր որակավորում ունեցող ինժեները տարեկան ստանում էր 110 ֆունտ, իսկ սովորական բանվորը՝ 8 ֆունտ։
Բայց պղնձի հանքաքարը գտնվում էր մկնդեղի հետ միասին։ Սա ավտոմատ կերպով ընկերությանը դարձրեց աշխարհի խոշորագույն մկնդեղի արտադրողը։ Իսկ ունենալով փող պղնձի արտադրությունից՝ դժվար չէր պայմանավորվել ներկերի արտադրողների, դեղագործական ընկերությունների և մի քանի թերթերի հետ։
Տեղափոխվենք Փարիզ։ 1862 թվականին Փարիզում բացվեց Օպերայի շենքը։ Ճարտարապետ Շառլ Գարնիեի փայլուն շենքը իր շքեղությամբ Եվրոպայում միապետությունների դարաշրջանի ժառանգության վերջին շենքերից մեկն էր։
1864 թվականին Նապոլեոն III-ը և նրա գեղեցկուհի կինը՝ կայսրուհի Եվգենյան, այցելում են Օպերայի շենք։ Կառքերի շարքեր, նրբագեղ կանայք իրենց զարդերով, մի խոսքով՝ ժամանում էին բոլոր ազնվականներն ամբողջ Եվրոպայից։ Եվ ահա շքեղ կառքից դուրս է գալիս կայսրուհի Եվգենյան։ Նա այնքան վառ և հագեցած կանաչ գույնի զգեստ էր հագել, որ գրավում է բոլոր հայացքները և դառնում երեկոյի աստղը։
Գույնն անմիջապես ստանում է առանձին անվանում՝ Փարիզյան կանաչ, և ակնթարթորեն մտնում է նորաձևության աշխարհ, տարածվում ամենուր՝ գուլպաներ, վարագույրներ, թաշկինակներ։
Բրիտանական մամուլն անմիջապես հեգնանքով արձագանքեց Փարիզյան կանաչին։ Մեթյու Դևիսի հաշվարկով այդպիսի մեկ զգեստի վրա կար ոչ պակաս քան 58 գրամ մաքուր մկնդեղ։ «Բրիտանական բժիշկ» ամսագիրն էլ գրեց.
«...հմայիչ է կանաչ զգեստի տիրուհին և իսկապես մահացու։ Նա իր փեշերում կրում է թույն, որը բավարար է իր բոլոր երկրպագուներին սպանելու համար...»։
Բայց կայսրուհին հիմար չէր։ Սա նոր ներկանյութ էր, ոչ թե նույն Շեելեի կանաչը։ Բայց բաղադրությունը, ըստ էության, շատ չէր փոխվել։ Հետևաբար գիտական հանրությունը խիստ բացասական արձագանք տվեց։
Ի դեպ, կա տեսություն, ըստ որի Նապոլեոն Բոնապարտի մահվան պատճառը ևս կարող էր լինել սովորական կանաչ գույնը։ Ինչպես գիտենք, Բոնապարտը «Նապոլեոնյան հարյուր օրերից» հետո աքսորվել էր Սուրբ Հեղինեի կղզի։ Կղզում Նապոլեոնի սենյակը ներկված էր հենց այդ ներկով։ Բարձր խոնավությունը նպաստում էր թույնի արձակմանը։ Ասում են, որ սրանով լիովին կարելի է բացատրել մահացած կայսեր մազերում մկնդեղի առկայությունը, որը հայտնաբերվեց նրա մահից հետո։
Բայց կանաչը միակ խնդրահարույց գույնը չէր։ Մյուսները գուցե վտանգի աստիճանով զիջում էին, բայց կրկին անվտանգ չէին։ Վան Գոգի խորը կապույտ երանգներն օրինակ, ալյումինի կոբալտատ էին՝ բարդ քիմիական միացություն։ Մինչ այդ օգտագործում էին բնական ուլտրամարին՝ աղացած լազուրիտից, որն այնքան թանկ էր, որ Վերածննդի շրջանում Կույս Մարիամի կապույտ թիկնոցը նկարելը կարող էր արժենալ ամբողջ պատվերի արժեքի կեսը։ Տիցիանի «Աստվածամոր համբարձումը» նկարված է կինովարով՝ սնդիկի սուլֆիդ։ Այս վառ կարմիր գույնը, որն անզուգական խորություն և փայլ էր տալիս, միաժամանակ թունավոր էր։
Նկարիչները, որոնք ամեն օր աշխատում էին այս ներկերի հետ, դառնում էին քրոնիկ թունավորման զոհեր։ Նրանք շնչում էին ներկերի գոլորշիները, հաճախ խառնում էին դրանք մատներով։ Շատ նկարիչներ տառապում էին կապարի թունավորումից առաջացած որովայնի ուժեղ ցավերից։ Ոմանք կորցնում էին տեսողությունը։ Արվեստը բառացիորեն սպանում էր իր ստեղծողներին։
Ի վերջո, գիտությունն իհարկե հաղթեց արդյունաբերության ագահությանը։ Բայց քանի՞ կյանք արժեցավ այդ հաղթանակը, և քանի՞ տարի մարդիկ բառացիորեն ապրեցին թույնի մեջ՝ միայն այն պատճառով, որ այն գեղեցիկ էր։
Ժամանակակից վերականգնողները, որոնք աշխատում են այս կտավների հետ, հատուկ պաշտպանիչ հագուստ և դիմակներ են կրում։ Ամենահեգնական ու տխուր փաստն այն է, որ արվեստը, որը ստեղծվել էր գեղեցկությունն անմահացնելու համար, հաճախ կրճատում էր իր ստեղծողների կյանքը։