Լրջին տված. Կատակերգուներ, ովքեր փայլել են նաև լուրջ կինոյում
Կինոաշխարհի հետ առնչվելու ամենազարմանալի փորձառություններից մեկն իմանալն է, որ տվյալ մռայլ հորրորի կամ խորը սոցիալական դրամայի հեղինակը նախկինում կատակերգու էր ու զբաղված էր «անլուրջ» գործով, ով հանկարծ իրեն դրսևորում է որպես մարդկային էության նուրբ գիտակ։ Սկզբի զարմանքը, սակայն, անհետանում է, երբ հիշում ես, որ լավ հումորը մարդկային կոմունիկացիայի ու մտածողության բարդագույն դրսևորում է, հետևաբար` լավ հումորիստն իրոք պետք է մարդկային էության նուրբ գիտակ լինի։ Հակառակ դեպքում, անհնարին կլիներ առօրյա խնդիրները վերածել վերացական, սիմվոլիկ արտահայտումների, դարձնել ծիծաղելի, ու դյուրամարս տեսքով փոխանցել մարդկանց։
PAN-ը պատմում է ռեժիսորների մասին, ովքեր իրենց հումորը վերափոխել են խիստ տաղանդավոր ու սուր ասելիքի։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Ջորդան Փիլը հռչակավոր ամերիկյան «Քեյ ու Փիլ» (Key & Peele) կատակերգական սքետչ շոույի հեղինակներից է Քիգան-Մայքլ Քեյի հետ միասին։ Պատկերացրեք հայկական «Կարգին հաղորդումը», բայց շատ ավելի սուր ու տաղանդավոր։ «Քեյ ու Փիլի» սքետչերը ծաղրում են հասարակական ու սոցիալական ցանկացած խնդրահարույց (ու ոչ) թեմա, գլխիվայր շրջում հանրային հարաբերությունների պատտերնները, հասցնում դրանք աբսուրդի, խիստ տաղանդավոր երգիծանքի եզրին մատուցում հիանալի ռեժիսուրայի ու դերասանական խաղի միջոցով։
2017-ին կատակերգական զույգից Ջորդան Փիլը բառացի ցնցեց կինոաշխարհի հիմքերն իր չար ու սարսափելի ցավոտ կծող «Դո՜ւրս արի» (Get Out) հորրորով, որը ստացավ «Օսկարի» չորս անվանակարգ ու փոքրիկ սկանդալ ակադեմիկոսների միջև, որոնց մի մասը դեմ էր ֆիլմն անվանակարգերում ներառելուն։ Ֆիլմը սկսվում է որպես աֆրոամերիկացի տղամարդու ու սպիտակ կնոջ սիրո պատմություն, ովքեր այցելում են աղջկա ընտանիքի հետ ծանոթանալու։ Հետագա իրադարձությունները վերածվում են իսկական մղձավանջի գլխավոր հերոս Քրիս Վաշինգտոնի (Դանիել Կալույա) համար։
Սա բազմաշերտ ֆիլմ է, որը մանրակրկիտ ուսումնասիրում է ռասիզմը բոլոր հնարավոր շերտերում` սկսած կենցաղայինից մինչև պսևդոգիտական ու պսևդոմարդաբանական։ Փիլը կարողացել է կտրուկ, ինչպես շատ սուր դանակը, սոցիալական քննադատությունը համադրել խիստ տպավորիչ ու էֆեկտիվ հորրորի հետ։ Ռեժիսորը անդադար հարգանքի տուրք է մատուցում ժանրի մեծագույն ստեղծագործություններին` չմոռանալով սեփական ֆիլմի ինքնուրույնության մասին. սքետչ շոուների աբսուրդը այստեղ հասցված է գագաթնակետին, ինչն էլ ավելի վախենալու է դարձնում պատումը, քանզի ռեժիսորն այս անգամ բոլորովին էլ չի կատակում։ Կատակերգուի տաղանդը տրանսֆորմացվում է մարդկանց խորապես ճանաչելու դրսևորումների. լարված մթնոլորտն ու տեղի ունեցողը խճճված արահետի նման բացելը էլ ավելի են սրում ֆիլմի փոխանցած զգացումները։ Այս սրամիտ ու խելացի ֆիլմի դիտումը միաժամանակ թե հորրոր ատրակցիոն է, ու թե ինտելեկտուալ վայելք, ինչը ցանկացած հանդիսատեսի հետ իր լեզվով խոսելու` Փիլի տաղանդի փայլուն դրսևորումն է։
«Դո՜ւրս արիի» հաջողությունից հետո Փիլը շարունակեց իր սոցիալական էքսպերիմենտը` 2019-ին ներկայացնելով «Մենք» (Us) հորրորը` կրկին հասարակական դասակարգման ու խտրականության սրամիտ ուսումնասիրություն` հնարամիտ սցենարային լուծումներով, հիանալի դերասանական խաղով ու, երբեմն, իրոք վախենալու։ «Մենքը» խիստ ամերիկյան ֆիլմ է այն իմաստով, որ կենտրոնացած է հենց ԱՄՆ մութ անցյալի վրա, որի մասին չեն սիրում խոսել, սակայն որի մասին սիրում է հիշեցնել Փիլը։ Սակայն խոցելի խմբերի ճնշման թեման շատ ավելի ունիվերսալ է, համամարդկային, ու այս առումով Փիլի պատմած այլաբանական պատմությունն ակտուալ է ցանկացած պետության ու հասարակության համար։ Ռեժիսորը հիշեցնում է, որ, չնայած բոլոր արտաքին ու ներքին տարբերություններին` մաշկի գույնից մինչև համոզմունքներ, մենք բոլորս պատկանում ենք նույն կենսաբանական տեսակին, բոլորս միմյանց պատճեններն ենք։
Ու բոլորս ընդամենը կենդանիներ ենք։ Դրա մասին Փիլը հիշեցնում է կոնցեպտուալ առումով իր ամենաբարդ «Ոչ» (Nope, 2022) ֆիլմում, որը, հավանաբար իր բարդության ու անորսալիության համար նույնքան միանշանակ ոգևորությամբ չընդունվեց, ինչպես նախորդ երկուսը։ Սակայն «Ոչը», այլմոլորակայինների հարձակման մասին խիստ տարօրինակ հորրոր, Բնության անսահման անճանաչելիության ու բարդության, այս ամենում արվեստի միջոցով մարդու ինքնաիդենտիֆիկացիայի մասին է։ Ծայրահեղ գեղեցիկ, սակայն, միաժամանակ, հանդիսատեսի նկատմամբ պահանջկոտ ֆիլմ։
Ամեն դեպքում, Փիլից նման ֆիլմեր սպասելը շատ տարօրինակ չէր։ Իսկ Քրեյգ Մեյզինից ծայրահեղ լուրջ ստեղծագործություն ոչ ոք չէր էլ սպասում։ Մեյզինի ֆիլմոգրաֆիան նայելով` մտածում ես, որ նա պետք է մնար այնտեղ, որտեղ կար. «Շատ վախենալու կինո» (Scary Movie) ֆիլմաշարի երրորդ ու չորրորդ մասերը, «Սուպերհերոսական կինո» (Superhero Movie) սարսափելի վատ կինոպարոդիան, Թոդ Ֆիլիպսի «Խումհար» (The Hangover) ալկոհոլային ֆիլմաշարի երկրորդ ու երրորդ մասերը Մեյզինի սցենարային աշխատանքի արդյունք են, իսկ (սարսափելի վատ) «Սուպերհերոսական կինոն»` նաև ռեժիսորական աշխատանքի։
Հետո HBO-ով դուրս է գալիս «Չեռնոբիլ» (Chernobyl, 2019) մինի սերիալը, ու պարզվում է, որ Քրեյգ Մեյզինը ոչ միայն գրել է սերիալի սցենարը, այլև հանդես եկել որպես շոուռաներ։ 20-րդ դարի խոշորագույն տեխնածին աղետի՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի մասին պատմությունն առաջացրեց կինոքննադատների ու հանդիսատեսի բացարձակ հիացմունքը։ 1986 թ-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած ողբերգությունը ամբողջ սարսափելիությունն ու անելանելիությունը հանդիսատեսը զգում է մաշկով, տասնյակ արդեն մահվան դատապարտված անմեղ մարդկանց նման զգում, թե ինչպես են գամմա քվանտերը կոտրում, քանդում, ոչնչացնում մարմնի յուրաքանչյուր բջիջ, թե ինչպես է մարդը տարրալուծվում այդ սարսափի մեջ, ինչպես է մղձավանջն աստիճանաբար կլանում աշխարհի խոշորագույն կայսրություններից մեկը։ Մթնոլորտը սերիալում այնքան շոշափելի է, սասփենսն այնքան խիտ, որ այն կարելի է կտրել խոհանոցային դանակով, էպիզոդից էպիզոդ այն ավելի է խտանում` զրկելով հանդիսատեսին երկար սպասված կատարսիսից։
«Չեռնոբիլով» հանկարծ պարզվեց, որ Քրեյգ Մազինը ոչ միայն տափակ կատակերգությունների, այլև հանրային սասփենսի մեծ վարպետ է։ Իսկ ի՞նչը կարող է ավելի նյարդային սասփենսի հիմք լինել, եթե ոչ մարդկային աշխարհի մայրամուտը, որի մասին արդեն պատմվել է լավագույն համակարգչային խաղերից մեկում։ Naughty Dog ընկերության The Last of Us խաղը` բազմաթիվ մրցանակների արժանացած, պոստապոկալիպտիկ աշխարհում գոյատևելու հիանալի մարդկային պատմություն է, արվեստի գործ, որում սյուժեն ու կերպարները ոչ պակաս առանցքային են, քան խաղային պրոցեսը։ Ու երբ կինեմատոգրաֆիստները սկսեցին հասկանալ, որ համակարգչային խաղերը մեծամասամբ շատ ավելի բարդ ու կոմպլեքսային արվեստի գործեր են, քան կինոն, ու սկսեցին վերաբերվել դրան անհրաժեշտ լրջությամբ, փոքր էկրաններ բարձրացավ Քրեյգ Մեյզինի «Մեզանից վերջինները» (The Last of Us, 2023) սերիալը։
Ստեղծողները վերցրել են խաղի կենտրոնական սյուժեն` որոշակի փոփոխության ենթարկելով էլեմենտները, նոր ձևով պատմելով պատմությունը։ Նյարդային, մռայլ, անհուսության շոշափելի մթնոլորտով, «Մեզանից վերջինները» բոլորովին նման չէ սովորական զվարճանքի, այլ աշխարհի հոգեվարքին հետևելու, մեռնողի մահճակալի մոտ անօգնական նստելու զգացում է փոխանցում։ Առաջին երկու էպիզոդների սկիզբը` գիտնականների մասնակցությամբ, էլ ավելի է սրում անելանելիության զգացումը, որովհետև եթե անգամ գիտությունն է ընկրկում, ուրեմն այլևս հույս չկա։ Ու այս տոտալ խավարի միջավայրում հեղինակները կարողանում են ինչ-որ հրաշքով հույսի հազիվ նշմարելի, բայց, վստահաբար, գոյություն ունեցող բիծ տեղադրել թունելի վերջում։
Երբևիցե զգացե՞լ եք, որ ձեր կյանքը, կարծես, բաժանված լինի երկու տարբեր մարդկանց միջև։ Մեկը ամեն օր օֆիսում է, համակարգչի առաջ, մյուսը` տանը` ընտանիքի հետ։ Իսկ ի՞նչ, եթե այդ զգացումը հասնի աբսուրդի ձգտող աբսոլյուտի. ձեր օֆիսային տարբերակը ոչինչ չգիտի ձեր տնային տարբերակի մասին ու հակառակը։ Օֆիսային տարբերակի ամբողջ գիտակցական փորձն ու բոլոր հիշողությունները կապված են բացառապես օֆիսի հետ, նա ոչինչ չգիտի արտաքին աշխարհի մասին։ Տնային տարբերակի ամբողջ կյանքն էլ արտաքին աշխարհում է, նա ոչինչ չգիտի օֆիսում հավերժ բանտարկված իր ալտեր էգոյի մասին։ Այս հանճարեղության հասնող պարզ կոնցեպտն ընկած է «Բաժանում» (Severance, 2022) սերիալի հիմքում, որի գլխավոր ռեժիսորն է Բեն Սթիլլերը։ Նույն Սթիլլերն, ով մեծամասամբ հայտնի է ռոմանտիկ ու ոչ այնքան ռոմանտիկ կատակերգություններով, չնայած սկսել է Սթիվեն Սփիլբերգի մոտ պատերազմական ֆիլմից ու իր պորտֆոլիոյում ունի բավականին լուրջ դերեր։
Սթիլլերի ռեժիսորական տաղանդը դեռ վառ արտահայտվել էր սաթի պես սև ու դժոխային ցինիկության հասնող «Արևադարձային ամպրոպ» (Tropic Thunder, 2008) կատակերգությունով, որն անխնա ծաղրում է ամբողջ հոլիվուդյան «ներքին խոհանոցը», ու «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» (The Secret Life of Walter Mitty, 2013) հիանալի արկածային տրագիկոմեդիայով։ Սակայն «Բաժանումը»` սառը, էլեգանտ, սխեմատիկ, այդ սառնության ու էլեգանտության տակ թաքցված աներևակայելի կոնցեպտուալ ուժգնությամբ, Սթիլլեր-ռեժիսորի տաղանդի գագաթնակետն է։
Սերիալի գրեթե գիտական անտարբերությունը հիշեցնում է մահացածի մարմինը պրոֆեսիոնալ անվրդովությամբ հերձող պատոլոգաանատոմի. ահա, սա օֆիսային անվերջ առօրյայից դիսֆունկցիայի ենթարկված մարդկային արժանապատվությունն է, սա` կորպորատիվ մեքենայի մամլիչի տակ ճզմված երազանքներն ու նպատակները, սրանք էլ ձանձրալի առօրէականության մետաստազներն են։ Բայց առաջին հերթին սերիալն ուսումնասիրում է մարդկային գիտակցությունը. այդ դժվարությամբ ֆիքսվող, անդադար փոփոխվող, անդադարության պատրանք ապահովող էպիֆենոմենը, որի տակ թաքնված «Ես»-ը միակ բանն է, ինչի իրական լինելու հարցում չենք կասկածում։
«Բաժանումը» հորրոր չի բառի խիստ իմաստով, սակայն հոգեբանական ազդեցությամբ այն բավականին մոտ է հորրորին։ Դեռ անհայտ պատճառներով, կատակերգուները ավելի շատ ձգտում են հենց այդ ժանրին։ Ու ինչպես Ջորդան Փիլը, The Whitest Kids U' Know սքետչ շոույի հիմնադիրներից Զակ Քրեգգերը։Ի օր որոշեց, որ բավական է սոցիալական սուր խնդիրները ոչ պակաս սուր երգիծանքի միջոցով ջրի երես հանել, եկել է մարդկանց վախեցնելու ժամանակը։ Ու նկարեց 2022-ի լավագույն հորրոր ֆիլմը` «Բարբարոսը» (Barbarian):
Եթե դուք ինտերնետով տուն եք վարձել, այն էլ` մեռնող Դեթրոյթ քաղաքում, ուրեմն պատրաստ եղեք անսպասելի ու տհաճ անակնկալների։ Օրինակ, որ նույն տունը վարձով տված լինեն մեկ այլ անծանոթի։ Հենց սկզբից Քրեգգերը խաղում է հանդիսատեսի հետ. քթին է մոտեցնում լարված կամերային թրիլլերի հոտը ու կտրուկ հետ քաշում` մոտեցնելով հաջորդը ու հաջորդը, ապա` կտրուկ փոխելով ֆոկուսը, գլխիվայր շրջվելով հանդիսատեսի սպասումները, ծիծաղելով նրա վրա, անգամ` ծաղրելով։ Բայց թե դիտման ընթացքում ու թե արդյունքում հասկանալի է դառնում, որ գործ ունես բարդ ու բազմաշերտ ստեղծագործության հետ, որը բառացի խոսում է միաժամանակ բոլոր ժամանակակից խնդիրների մասին, ու բոլորն էլ լսելի են։ Դա թե տրավմաների ու գիտակցության խորը անկյունների ուսումնասիրությունն է, թե զոհի ու բռնարարի հարաբերությունները, ու թե անգամ, հատկապես ակտուալ ամերիկյան հասարակության համար, բուռն ինդուստրիալիզացումից հետո խոշոր տնտեսական կենտրոնների դանդաղ մահը (ինչպես Մեյզինի սերիալում էր)։ Քրեգգերը զարմանալիորեն կարողանում է պահպանել հավասարակշռությունն այս ծանր բեռները միաժամանակ ուսերին կրելով. արդյունքում, «Բարբարոսը» հրաշալի աշխատում է բոլոր մակարդակներում, թե որպես շատ որակյալ հորրոր (սլեշեր), թե որպես ցավոտ այլաբանական առակ։
Ավստրալացի երկվորյակներ Դենի ու Մայքլ Ֆիլիպուները մինչև վերջերս հայտնի էին իրենց RackaRacka պոպուլյար յութուբյան ալիքով, որում հրապարակում էին հնարամիտ ու մեծ տաղանդով նկարված կատակերգական սքետչեր ամենատարբեր թեմաներով` սկսած Հարրի Փոթերի ու «Աստղային պատերազմների» սփինօֆֆից մինչև պոռնոդերասանուհիների հետ ինտերվյուներ։
2022-ին էկրաններ բարձրացավ Ֆիլիպու եղբայրների «Խոսիր ինձ հետ» (Talk to me) հորրորը, որը իր լրջությամբ դիսոնանսի մեջ էր ռեժիսորների նախկին գործերի հետ։ Սա ուղղակի հերթական էքզորցիստական հորրորը չի` թանձր մթնոլորտով ու նյարդերը խուտուտ տվող լարվածությամբ։ Սա խիստ պրովոկատիվ ֆիլմ է չարիքի` մարդկանց ընկալումների փոփոխության մասին։ Այն, ինչ նախկինում կարող էր մարդուն խելագարության հասցնել զուտ իր գոյության փաստով, ինֆորմացիայի ազատության դարաշրջանում ուղղակի հերթական մեդիա առիթն է, զվարճանքի հերթական աղբյուրը։ Սակայն դրանից այն պակաս վտանգավոր չի մնում, հակառակը, ինքնապաշտպանության բնազդի բթացման պարագայում վտանգը բազմապատկվում է։ Այն, ինչ տեղի է ունենում ժամանակակից աշխարհում ամեն օր` գոյատևման մեր գործիքակազմն աստիճանաբար թուլացնելու արդյունքում, ինչը էքստրեմալ պայմաններում անօգնական է թողնում ժամանակակից մարդուն։