Ռոբերտ Դաունի կրտսերը, նոր «Վրիժառուները» ու կին Պինգվինը. Ի՞նչ կար Սան Դիեգոյի Comic-Con-ում
Սան Դիեգոյում հուլիսի 25-28-ն անցկացվեց գիքերի համար կարևորագույն իրադարձությունը` Comic-Con համաժողովը, որի ընթացքում կինեմատոգրաֆիստները, կոմիքսների հեղինակները, գրողներն ու այլ ստեղծագործողներ շփվում էին երկրպագուների հետ ու էքսկլյուզիվ կոնտենտ մատուցում։
PAN-ը պատմում է այս տարվա Comic-Con-ի` կինոյին վերաբերող հատվածի մասին։
MARVEL
Այնպես ստացվեց, որ վերջին տարիներին Marvel-ի կինեմատոգրաֆիկ տիեզերքը (MCU) վերածվել է իսկական գարշահոտ ճահճի: Ձգտումը դուր գալ միանգամից բոլորին ու Մուլտիվերսի գաղափարի սխալ օգտագործումը, տաղանդավոր մարդկանց հեռանալն ու անտաղանդներին (կամ տաղանդավորներին, բայց ոչ կինոկոմիքսների ոլորտում) ղեկը տալը բերեց նրան, որ հազվագյուտ լավ ֆիլմերի ու սերիալների կողքին փաթեթով աղբ էր: Երբ Marvel Studios-ի ղեկավար Կեվին Ֆեյգին հասկացավ, որ պետք է ինչ-որ բան փոխել, հակառակ դեպքում ամեն ինչ վերջնական գլորվելու է անդունդը, դանակը հասել էր ոսկորին: Ու փրկություն դարձավ «Դեդփուլն ու Կուղխը» (Deadpool & Wolverine) ֆիլմը՝ ինքնաիրոնիայի ու ինքնաքննադատության, սեփական սխալները գիտակցելու ու ընդունելու մի մանիֆեստ, որը կարծես հանդիսատեսի առաջ ծնկի եկած խոստանում է այլևս երբեք թույլ չտալ նախկին հիմարությունները: Իսկ հանդիսատեսը ներողամիտ է, ինչի մասին են վկայում վարձույթում ֆիլմի փայլուն հաջողությունները:
«Դեդփուլն ու Կուղխը» ոչ միայն ցույց տվեց, թե ինչպես է պետք օգտագործել Մուլտիվերսի ներուժը, այլև այն, թե որքան կարևոր է ժամանակ առ ժամանակ հետ նայել, վերլուծել սեփական արարքներն ու ցույց տալ հանդիսատեսին, որ ինքդ քո սխալները տեսնում ես ու պատասխանատու ես դրանց համար (ոչ թե Lucasfilm-ի նման՝ սեփական ֆաքափների համար մեղադրել հանդիսատեսին):
Բնականաբար, Marvel-ի այս աղմկոտ մետաապաշխարանքի ֆոնին՝ Comic-Con-ի գլխավոր իրադարձությունը նույնպես կապված էր կինոկոմիքսային հսկայի հետ: Իր գլխավոր կթու կովի՝ «Վրիժառուների» (Avengers) հինգերորդ ու վեցերորդ մասերը Marvel-ը արդեն հասցրեց անցկացնել նախաարտադրական դժոխքով՝ վերջապես գալով օպտիմալ հանգրվանի: Դերասան Ջոնաթան Մեյջորսը պետք է այս ֆիլմերում մարմնավորեր գլխավոր չարագործին՝ Քանգին, սակայն սեռական ոտնձգությունների մեղադրանքի պատճառով դուրս մնաց նախագծերից՝ ակամայից դառնալով Մարվելի կինեմատոգրաֆիկ տիեզերքի անուղղակի փրկիչներից մեկը: Սկզբում Ֆեյգին ուզում էր ֆիլմերի ռեժիսորական աթոռը տալ «Դեդփուլի ու Կուղխի» ռեժիսոր Շոն Լեվիին, բայց, ինչպես ասում են, փորձված թանն անփորձ մածունից լավ է. Լեվին իրեն հիանալի դրսևորեց ոչ շատ թանկարժեք կատակերգական բլոկբաստերում, բայց անհայտ է, ինչպիսին կլիներ նրա աշխատանքը շատ ավելի ծանրակշիռ քրոսովերներում:
Արդյունքում, շատ հեռուն չնայելով, Marvel-ը համոզեց երրորդ ու չորրորդ (համատեղությամբ՝ ամենաշատ գումար աշխատած) «Վրիժառուների» ռեժիսորական աթոռները զբաղեցրած Ռուսո եղբայրներին՝ «քարը փեշից թափել», հրաժարվել Netflix-ի քաղցր խոստումներից ու վերադառնալ տուն՝ բեմադրելով հինգերորդ ու վեցերորդ ֆիլմերը: Հինգերորդ ֆիլմը ստացավ նոր ենթավերնագիր՝ Doomsday (կարելի է թարգմանել որպես «Ահեղ դատաստան», սակայն Doom-ը այստեղ սուպերչարագործ Դոկտոր Դումի անունով է), իսկ վեցերորդը պահպանեց նախկին՝ «Գաղտնի պատերազմներ» (Secret Wars) ենթավերնագիրը: Հինգերորդ ֆիլմը էկրաններ կբարձրանա 2026-ի մայիսի 1-ին, իսկ վեցերորդը՝ 2027-ի մայիսի 7-ին: Էշ մի սատկիր, գարուն կգա:
Մեյջորսը հեռացավ, քրոսովերներին պետք էր նոր սուպերչարագործ, ու այստեղ ևս Marvel-ն առաջնորդվեց փորձված թանի սկզբունքով: Comic-Con-ի հանդիսատեսներին ներկայացվեց Դոկտոր Դումի դերակատարը՝ Ռոբերտ Դաունի կրտսերը: Իսկ թե ինչո՞ւ է Դոկտոր Դումն այդքան նման երջանկահիշատակ Թոնի Սթարկին… դե, որովհետև Մուլտիվերս է, որի մի աշխարհում նույն դեմքով մարդը կարող է լինել Թոնի Սթարկ, մյուսում՝ Դոկտոր Դում, երրորդում՝ սովորական տաքսու վարորդ և այլն:
Իհարկե, Ռուսոներին ու Դաունի կրտսերին վերադարձնելն էժան հաճույք չէ: Առաջինները շատ հարմար տեղավորվել էին Netflix-ի անսպառ ֆինանսական հոսքերում, երկրորդն առանձնակի գումարի կարիք չունի ու փորձում է ինքնարտահայտվել արտհաուսում (Պակ Չան Ուկի չար ու կծան The Sympathizer սերիալը, որպես օրինակ): Արդյունքում, Disney-ը Ռուսոներին կվճարի $80 մլն: Ռեժիսորների հոնորարները կաճեն, եթե/երբ ֆիլմերից յուրաքանչյուրը վարձույթում հաղթահարի $750 մլն-ի ու $1 մլրդ-ի շեմը: Ինչ վերաբերում է դերասանին, ասում են՝ հոնորարի գումարը զգալիորեն ավելի մեծ է: Դաունի կրտսերը կստանա նաև մասնավոր ինքնաթիռ ու թրեյլերային ճամբար:
Սրանով MCU-ի նորությունները չեն սահմանափակվում: Ֆանտաստիկ քառյակի (Fantastic Four) մասին ֆիլմը ստացել է «Առաջին քայլեր» (First Steps) ենթավերնագիրը: Քառյակին կմարմնավորեն Պեդրո Պասկալը (Ռիդ Ռիչարդս/Միստեր Ֆանտաստիկ), Վանեսա Քիրբին (Սյու Սթորմ/Անտեսանելի կին), Ջոզեֆ Քուինը (Ջոննի Շթորմ/Ջահ մարդ) ու Էբսոն Մոսս-Բակրակը (Բեն Գրիմմ/The Thing): Նկարահանումներն արդեն մեկնարկել են, թիմը կհայտնվի նաև «Վրիժառուների» հինգերորդ ու վեցերորդ մասերում: Գլխավոր չարագործը կլինի Գալակտուսը (Ռալֆ Այնեսոն), իսկ էկրաններ ֆիլմը կբարձրանա 2025-ի հուլիսի 25-ին:
«Կապիտան Ամերիկա. Հիանալի նոր աշխարհ» (Captain America: Brave New World, 2025) ֆիլմում գլխավոր չարագործը, ում մարմնավորում է Ջանկառլո Էսպոզիտոն, լինելու է Sidewinder-ը՝ «Օձային հանրություն» (Serpent Society) հանցավոր խմբավորման առաջնորդը: Պատմության մեջ որոշակի դեր կխաղան Տիամատ կղզին «Հավերժներից» (Eternals, 2021) ու ադամանտիումը «Իքս մարդկանցից» (X-Men):
«Շանթարձակներ» (Thunderbolts) ֆիլմի լրիվ անվանումը կրելու է «*» նշանը, սակայն դրա իմաստի մասին հանդիսատեսը կիմանա միայն հաջորդ տարվա մայիսին, երբ ֆիլմն էկրաններ բարձրանա: Comic-Con-ի հանդիսատեսին փակ դռների հետևում ֆիլմից դրվագ են ցուցադրել, ու սոցցանցերում տպավորությունների համաձայն՝ այն ոճով ու մթնոլորտով հիշեցնում է Ջեյմս Գաննի «Ինքնասպանների ջոկատը» (The Suicide Squad, 2021):
DC
Comic-Con-ի նորույթները միայն Marvel-ը չեն։ MCU-ի գլխավոր մրցակիցը` DC-ի կինեմատոգրաֆիկ տիեզերքը (DCU), որը Ջեյմս Գաննի հանճարի շնորհիվ հավակնում է վերածվել փառահեղ մի բանի, առայժմ չի զարմացնում։ Բացի նրանից, որ Գանն ավարտել է իր «Սուպերմենի» (Superman, 2025) նկարահանումները, ուշադրության արժանի է երկու նորություն։
Այսպես, Մեթ Ռիվսի «Բեթմենի» (The Batman, 2022) սփինօֆֆը` «Պինգվինը» (The Penguin, 2024) սերիալը նոր թրեյլերով հանդես եկավ` ավելի ամրացնելով զուգահեռները «Սոպրանոների» (The Sopranos) հետ։ Անճանաչելի Քոլին Ֆարելը` Օզ Քոբբի դերում, փորձում է գրավել Գոթեմի հանցագործ աշխարհի գագաթին ազատված տեղը` Քարմայն Ֆալկոնեի մահվանից հետո։ Ինչում Օզին խանգարելու է Արկհեմ հոգեբուժարանից դուրս եկած Սոֆիա Ֆալկոնեն։ Սերիալը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Պետք է նաև հաշվի առնել, որ «Պինգվինը» ոչ թե DCU-ի, այլ DC Elseworlds-ի մաս է։
Նույնը վերաբերում է նաև «Բեթմեն. Թիկնոցավոր խաչակիր» (Batman: Caped Crusader) անիմացիոն սերիալին, որի առաջին էպիզոդը ցուցադրեցին Comic-Con-ի այցելուներին փակ դռների հետևում, իսկ ամբողջական սերիալը դուրս եկավ օգոստոսի 1-ին` Prime Video-ով։ Ու այստեղ պարզվում է, անիմացիոն սերիալի տիեզերքում Պինգվինը կին է` Օսվալդա Քոբլփոթ անունով, ով հանցավոր աշխարհը կառավարում է Գոթեմից ոչ հեռու խարսխված զբոսանավից։ Փաստացի, DC Elseworlds-ը ոչ թե տիեզերք է, այլ մուլտիվերս։
Իսկ այ DCU-ից ներկայացվել է Creature Commandos անիմացիոն սերիալի թրեյլերը.
Սա DCU-ի ամենաառաջին նախագիծն է, որում Ամանդա Ուիլերը ինքնասպանների ջոկատի փոխարեն բանտից հավաքում է իսկական հրեշների ջոկատ։
ԱՅԼ
Մյուս կոմիքսային աշխարհներից. Amazon-ը պատվիրել է «Տղեքի» (The Boys) պրիքվելը։ Vaught Rising սերիալի իրադարձությունները կծավալվեն 20-րդ դարի 50-ականներին ու կպատմեն կորպորացիայի ձևավորման մասին։ Ջենսեն Էքլսը ու Այա Քեշը կվերադառնան, համապատասխանաբար, Զինվորիկի (Soldier Boy) ու Ամպրոպի (Stormfront) դերերին։ Շոուռաների աթոռը կզբաղեցնի «Տղեքի» սցենարիստներից Փոլ Գրելոնգը։
Բացի այդ, Amazon-ը չորրորդ սեզոնով երկարացրել է «Անհաղթելի» (Invincible) անիմացիոն սերիալը։
STAR TREK
Կոմիքսների աշխարհից տեղափոխվենք խորը տիեզերք։ «Աստղային ճանապարհի» (Star Trek) աշխարհը շուտով կնշի իր 60-ամյակը, բայց դեռ շարունակում է երկրպագուներին նոր պատմություններ պատմել։
Հաջորդ տարի Paramount+ սթրիմինգային ծառայությունը կցուցադրի «31-րդ բաժանմունք» (Star Trek: Section 31) լիամետրաժ ֆիլմը, որը պատմելու է հայելային տիեզերքից Ֆիլիպա Ջորջիույի (Միշել Յեո) չար տարբերակի մասին։ Ըստ ցուցադրված կադրերի, Ջորջիուն ղեկավարելու է գաղտնի կառավարական ջոկատը` 31-րդ բաժանմունքը, որը զբաղվում է սպանություններով, դիվերսիաներով ու Դաշնության լուսավոր պատկերին չհամապատասխանող այլ գործողություններով։ Ֆիլմում կցուցադրվեն նաև դրվագներ հերոսուհու անցյալից։ Երիտասարդ Ֆիլիպուին կմարմնավորի Միկու Մարտինոն։
Մշակման փուլում է Դաշնության հանգստավայրի աշխատակիցների մասին նոր կատակերգական սերիալ, ովքեր անսպասելի հայտնաբերում են, որ իրենց առօրյան ուղիղ հեռարձակվում է ամբողջ մոտակա գալակտիկայով մեկ։ Սերիալի ստեղծման պատասխանատուն են Ալեքս Կուրցմանը, ինչպես նաև` «Ստորին տախտակամածներ» (Star Trek: Lower Decks) անիմացիոն սերիալի հնչյունավորող դերասաններ Թոունի Նյուսն ու Ջասթին Սիմիենը։ Ինչ վերաբերում է «Ստորին տախտակամածների» հինգերորդ` եզրափակիչ սեզոնին, այն կմեկնարկի հոկտեմբերի 24-ին ու բաղկացած կլինի 10 էպիզոդից։
«Տարօրինակ նոր աշխարհներ» (Star Trek: Strange New Worlds) սերիալի երրորդ սեզոնը դուրս կգա 2025-ին։ Comic-Con-ի այցելուներին ցույց են տվել էպիզոդներից մեկի հինգ րոպեանոց դրվագները, որոնք, ըստ վկաների, լի էին անհաջող հումորով ու անհամապատասխան երաժշտությամբ։
Մնացած նորությունները` ավելի կարճ.
Ցուցադրվեց «Տրանսֆորմերներ Մեկ» (Transformers One) անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը.
Ինչպես նաև, մեկ րոպեանոց էքշն դրվագ «Ագռավից» (The Crow).
Հորրորների վարպետ Ջեյմս Վանը ներկայացրեց իր «Թեյի բաժակ» (Teacup) հորրոր սերիալի թիզերը.
Մեկնարկել են «Փերսի Ջեքսոնն ու Օլիմպոսցիները» (Percy Jackson and the Olympians) սերիալի երկրորդ սեզոնի նկարահանումները։
«Ակոլիտը» (The Acolyte) սերիալը, որն ատում են «Աստղային պատերազմների» (Star Wars) բացառապես բոլոր երկրպագուները, կզարգանա երկու գրքի տեսքով, որոնք կհրապարակվեն հաջորդ տարի։ Ջասթինա Այրլենդի Wayseeker գրքի իրադարձությունները կծավալվեն սերիալից 20 տարի առաջ ու կպատմեն Վերնեստրա Ռոույի մասին։ Իսկ Թեսսա Գրատոնը կգրի դեռահասների համար վեպ` Յորդի ու Ջեքիի արկածների մասին` սերիալի իրադարձություններից մի քանի տարի առաջ։
«Իշխանության մատանիների» (The Lord of the Rings: The Rings of Power) երկրորդ սեզոնը նոր 4 րոպեանոց թրեյլեր է ներկայացրել։ Թե ում է պետք, ոչ ոք չգիտի.
Ցուցադրվեց դրվագ «Վոքս Մաքինայի լեգենդը» (The Legend of Vox Machina) անիմացիոն սերիալի երրորդ սեզոնից.
Խաղերի մասին էլ չմոռացան` ցուցադրելով Like a Dragon: Yakuza անիմացիոն սերիալի թիզերը, որը լեգենդար Yakuza խաղային շարքի էկրանավորումն է.
«Քայլող մեռյալների» (The Walking Dead) սփինօֆֆերը շարունակում են աճել, ինչպես սնկերն անձրևից հետո։ «Դերիլ Դիքսոն» (Daryl Dixon) սերիալի երկրորդ սեզոնը թիզեր է ստացել, բուն սերիալը երկարացվել է երրորդ սեզոնով.
Իսկ «Մեռյալ քաղաք» (Dead City) սերիալի երկրորդ սեզոնը կուրախացնի Նիգանի ու Մեգգիի երկրպագուներին.
Տանջված ու տառապած «Դոկտոր Ով» (Doctor Who) ֆրանշիզը նոր սփինօֆֆ կստանա։ Հինգ էպիզոդից բաղկացած «Պատերազմ ցամաքի ու ծովի միջև» (The War Between the Land and the Sea) մինի սերիալը կպատմի UNIT կազմակերպության ու ծովային դևերի (որոնք կային դեռ երրորդ Դոկտորում) միջև պատերազմի մասին։
Հանգիստ չեն թողնում նաև Դեքստեր Մորգանին։ Պրիքվելը մի կողմ, բայց հիմա էլ ակնհայտ ուզում են կերպարին վերակենդանացնել։ Մայքլ Սի Հոլլը կվերադառնա իր դերին` «Դեքստեր. Հարություն» (Dexter: Resurrection) սերիալում, որի իրադարձությունները կծավալվեն «Նոր արյունից» (Dexter: New Blood) անմիջապես հետո։ Սերիալը կցուցադրվի 2025-ին։
«Հազբին հյուրանոց» (Hazbin Hotel) անիմացիոն սերիալը երկարացվել է միանգամից երրորդ ու չորրորդ սեզոններով։
Ձյունձի Իտոյի «Պարույր» (Uzumaki) հորրոր մանգայի էկրանավորումը` չորս էպիզոդից բաղկացած անիմացիոն սերիալը կմեկնարկի սեպտեմբերի 28-ին` Adult Swim-ով։
«Թաքստոցի» (Silo) երկրորդ սեզոնը կմեկնարկի նոյեմբերի 15-ին։ Քասթին միացել է Սթիվ Զանը։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Վերջում` ցուցադրվեց նոր «Հելբոյի» նոր թրեյլերը, որը, ի տարբերություն առաջինի, հույսեր է ներշնչում.