#մշակութաPAN
October 9

Թերեզային նվիրված «Էլիզեին»-ը, Լիստի դստեր և Վագների արգելված սերը և կորստի ցավը՝ Գրիգի բալլադում. Կոմպոզիտորներին ոգեշնչող զգացմունքը

Դասական երաժշտության բազմաթիվ արժեքավոր գործերի հիմքում կոմպոզիտորների ոգեշնչումն է անձնական պատմություններից և զգացմունքներից։ Արգելված սեր, կորուստ, ճակատագրական կանայք… PAN-ն անդրադառնում է «դասական զույգերից» մի քանիսին և նրանց ոչ այնքան դասական սիրո պատմություններին։

ԷԴՎԱՐԴ ԳՐԻԳ ԵՎ ՆԻՆԱ ՀԱԳԵՐՈՒՊ

Նինա Հագերուպը հայտնի նորվեգացի սոպրանո էր և համատեղությամբ նաև կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի զարմուհին։ Նա Գրիգի ամենահզոր մուսաներից մեկն էր, նրա արվեստագետի տեսակն ու երաժշտությունը ամբողջությամբ ընկալող եզակի մարդկանցից մեկը։ Տարիներ շարունակ Էդվարդն ու Նինան մտերմություն էին անում ու ի վերջո ամուսնացան 1867 թվականին։ Նրանց միակ երեխան ծնվեց մեկ տարի անց, բայց ապրեց ընդամենը մեկ տարի։ Երեխան մահացավ հիվանդության պատճառով և այս խորը ցավն ու սուգը ևս մեկ թելով ամուր կապեցին ամուսիններին։

Գրիգը պնդում էր, որ Նինան միակ երգչուհին էր, ով կարողանում էր ճիշտ և համապարփակ կերպով ներկայացնել իր ստեղծագործությունները, Նինայի տաղանդը կոմպոզիտորի համար ոգեշնչման աղբյուր էր։ Բայց այնպես չէ, որ այդ տաղանդով միայն Գրիգն էր ոգեշնչվում։ Մենդելսոնի ստեղծագործությունների երաժշտական մեկնաբանությունները Նինա Հագերուպի ամենաստացված կատարումներից են համարվում։ Ինչ վերաբերում է Էդվարդ Գրիգի ստեղծագործական ժառանգությանը, ակնհայտ է մի բան. Գրիգի ստեղծագործական ընկալումները լայնածավալ և բազմակողմանի են։ Գրիգը տարբեր ժանրերի ստեղծագործություններ է հեղինակել։

Էդվարդ Գրիգը կնոջը նվիրել է «Jeg Elsker Dig» (Ես քեզ սիրում եմ) ստեղծագործությունը, դե իսկ երեխայի կորուստից հետո գրված նորվեգական ժողովրդական երգերի վարիացիաներով նրա բալլադում ամփոփված էր ամուսինների ընդհանուր վիշտը։  1870-ական թվականների վերջից դաշնակահար Գրիգը և երգչուհի Նինա Գրիգը համերգներով շրջագայել են Եվրոպայի մի շարք երկրներում։ Բայց մեծամասամբ, մինչ Էդվարդը ստեղծագործում էր և հյուրախաղերի էր գնում, Նինան վոկալ էր դասավանդում իր ուսանողներին։

ՋՈՐՋ ԳԵՐՇՎԻՆ ԵՎ ՔԵՅ ՍՎԻՖԹ

Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրո–ամերիկյան երաժշտական ֆոլկլորի և թեթև ժանրի բնորոշ տարրերը զուգորդում էր եվրոպական երաժշտության դասական ձևերի հետ։ Սիմֆոջազի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն ապրեց ընդամենը 38 տարի, մահացավ ծանր հիվանդության պատճառով, բայց այդ ընթացքում ոչ միայն հասցրեց երաժշտական հարուստ ժառանգություն թողնել, այլև մեծ սիրո մի պատմություն ունեցավ։

Մոտ 15 տարի կոմպոզիտորի կյանքում էր նրա ոգեշնչման աղբյուրը, գործընկերը, սիրելին՝ Քեյ Սվիֆթը։ Սվիֆթը ինքն էլ կայացած երաժիշտ էր։ Նա առաջին կինն է, որ Բրոդվեյի ամբողջական մյուզիքլ է հեղինակել։ Երաժշտություն է գրել բազմաթիվ նախագծերի համար, բազմիցս համագործակցել է նաև Գերշվինի հետ։

Ջորջ Գերշվինը հեղինակել է «Պորգին ու Բեսը»՝ ամերիկյան ազգային առաջին օպերան։ Այստեղ ևս Քեյն իր մեծ ներդրումն է ունեցել, անգամ կան մեր օրեր հասած ձեռագրեր, որտեղ այս օպերայի նոտայագրումը հենց Քեյ Սվիֆթն է արել։

Զույգն այդ բոլոր տարիների ընթացքում այդպես էլ չամուսնացավ։ Ավելին, Քեյ Սվիֆթն իրենց ծանոթության սկզբնական շրջանում ամուսնացած կին էր, բազմազավակ մայր։ Բայց սա չխանգարեց Գերշվինին՝ Քեյ Սվիֆթին համարել իր կյանքի ամենակարևոր կինը, նվիրել նրան ստեղծագործությունների մի ամբողջ շարք։

Գերշվինի կյանքի վերջին շրջանում զույգն այլևս միասին չէր, թեև նրանց ընկերները վստահ էին, որ կոմպոզիտորները վերամիավորվելու են և նաև ամուսնանալու են։ Բայց ծանր հիվանդությունը փոխեց բոլոր պլանները։ Դե իսկ Գերշվինի մահից հետո էլ Քեյը հրատարակում էր նրա ստեղծագործությունները, գրի առնում նրա գործերը։

ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆ ԵՎ ԹԵՐԵԶ ՄԱԼՖԱՏԻ

Սիրային պատմությունները հաճախ այնպես չեն ընթանում, ինչպես սիրահարները կարող էին ակնկալել, դե իսկ Բեթհովենի՝ իր աշակերտուհի Թերեզ Մալֆատիին առաջարկություն անելու անհաջող փորձի պատմությունը պետք է նախազգուշական դաս լինի ցանկացած կոմպոզիտորի համար, ով հույս ունի օգտաքգործել իր երաժշտությունը՝ կնոջ սիրտը գրավելու համար։

Իհարկե, Մալֆատիի հետ հարաբերությունների տարբեր վարկածներ կան և պետք չէ պնդել, որ այս պատմությունն ամբողջությամբ իրական է: Ավելին, մեծ է հավանականությունը, որ սա չափազանցություններից և գեղարվեստական լուծումներից կազմված պատմություն է։ Ամեն դեպքում, վարկածներից մեկի համաձայն 1810 թվականի գարնանը Բեթհովենը Մալֆատի ընտանիքի կողմից հրավեր էր ստացել՝ մասնակցելու իրենց տանը կայանալիք երեկույթին: Կոմպոզիտորը փոքրիկ դաշնամուրային ստեղծագործություն էր գրել Թերեզայի համար, որը մտադիր էր կատարել նախքան նրան առաջարկություն անելը։

Բայց ամեն բան նախապես ծրագրված պլանով չի գնում։ Երեկույթի ընթացքում թունդ խմիչքի պակաս չկար, դե իսկ Բեթհովենն էլ լարվածությունից չափից շատ է խմում և ի վիճակի չի լինում ո՛չ դաշնամուրային ստեղծագործություն կատարել, ո՛չ էլ առաջարկություն անել։ Ասում են, Թերեզը Բեթհովենին առաջարկել է գոնե այդ նոտաների վրա գրել, որ այդ ստեղծագործությունը Թերեզին է նվիրված։ Կոմպոզիտորն էլ հազիվ ընթեռնելի ձեռագրով գրել է՝ Für Therese:

Կոմպոզիտորի և Թերեզի հարաբերությունները այդպես էլ չզարգացան և սիրո մեծ պատմության չվերածվեցին, բայց ստեղծագործության բնօրինակը գտնվեց նրանց մահից տարիներ անց՝ Թերեզի իրերի մեջ։ Ստեղծագործությունը հրապարակվեց որպես Für Elise և դարձավ Բեթհովենի ամենահայտնի գործերից մեկը։

ՌԻԽԱՐԴ ՎԱԳՆԵՐ ԵՎ ԿՈԶԻՄԱ ԼԻՍՏ

Կոմպոզիտոր Ֆերենց Լիստի դուստրը՝ Կոզիման, և Լիստի մտերիմ ընկերը՝ Ռիխարդ Վագները, առաջին անգամ հանդիպել են, երբ երկուսն էլ ամուսնացած էին։ Ժամանակի ընթացքում համակրանքը արգելված սիրո է վերածվել, զույգի հարաբերությունները սկսվել են, երբ դեռ նրանց ոչ մեկը ամուսնալուծված չէր։ Ի վերջո, տարիներ անց Կոզիման ամուսնալուծվում է առաջին ամուսնուց՝ դիրիժոր Հանս ֆոն Բյուլովից։

Ի դեպ, զույգը դեռ ամուսնացած էր, երբ ծնվում է Կոզիմայի և Վագների դուստրը՝ Իզոլդան։ Հանս ֆոն Բյուլովը համաձայնում է աղջկան իր ազգանունը տալ և պահել որպես իր երեխա։

Վերադառնալով Կոզիմային և Վագներին։ Կոմպոզիտորը սիրելիից մեծ էր 24 տարով, այս հարաբերությունների դեմ էր ամեն բան՝ ամուսնությունները, հասարակական կարծիքը, Կոզիմայի հոր և համատեղությամբ նաև Վագների ընկերոջ՝ Ֆերենց Լիստի տեսակետը։ Ի սկզբանե Լիստը չէր խրախուսում և չէր ընդունում այս հարաբերությունները։ Ամեն դեպքում, զույգն ամուսնանում է 1870 թվականին և ապացուցում, որ իրենց սերը բոլոր հանգամանքներից ավելի ուժեղ էր։

Ամենահայտնի ստեղծագործությունը, որը Վագները գրել է իր պաշտելի կնոջ համար, «Սիմֆոնիկ ծննդյան ողջույնն» էր (Siegfried Idyll), որը նա ներկայացրել է կնոջ ծննդյան օրը՝ 1870 թվականին, նրանց ամուսնությունից ամիսներ անց: Կոզիման Վագների ստեղծագործական խորհրդատուն ու մուսան էր նրանց ամուսնության ամբողջ ընթացքում, իսկ 1883 թվականին՝ կոմպոզիտորի մահից հետո, Կոզիման ամուսնու ստեղծագործական ժառանգության պահպանման ու տարածման հարցով էր զբաղվում։

ՌՈԲԵՐՏ ՇՈՒՄԱՆ ԵՎ ԿԼԱՐԱ ՎԻԿ

Սիրո այս պատմությունը մեր օրերում կարող էր դառնալ դրամատիկ նոտաներով ֆիլմի սցենար, իսկ Ռոբերտ և Կլարա Շումաններին մեր օրերում կանվանեին power couple։

Դաշնակահարուհի, կոմպոզիտոր և մանկավարժ Կլարա Վիկը դաշնակահար Ֆրիդրիխ Վիկի դուստրն է։ 1828 թվականին, երբ Կլարան դեռ ութ տարեկան էր, նա տպավորիչ ելույթ է ունենում հավաքույթներից մեկի ընթացքում։ Նույն վայրում ելույթ է ունենում մեկ այլ շնորհալի երիտասարդ՝ դաշնակահար Ռոբերտ Շումանը, որը  ինը տարով մեծ էր աղջկանից։ Պատանին միանգամից հիանում է աղջկա կատարողական հմտություններով։

Կարճ ժամանակ անց Շումանը սկսում է երաժշտության դասեր ստանալ Կլարայի հոր՝ Ֆրիդրիխ Վիկի մոտ։ Ուսումնառության ընթացքում մոտ մեկ տարի Շումանն ապրում է Վիկի տանը։ Այսպիսով, դեռ վաղ տարիքից Ռոբերտը Կլարայի մտերիմ ընկերն էր, իսկ տարիներ անց ընկերությունը վերածվում է սիրո։ Աղջկա 18 տարին լրանալուն պես Շումանը խնդրում է Կլարայի ձեռքը, սակայն Ֆրիդրիխ Վիկը կտրականապես մերժում է։ Զույգը ստիպված է լինում հաղթահարել տարիներ տևած մերժումներ, դատական գործընթացներ, կռիվներ ու հիասթափություններ և միայն 1840 թվականին կարողանում է ամուսնանալ։

Այդպիսով 1840 թվականից սկսած Կլարան Շումանի կինն էր ու նրա ստեղծագործությունների առաջին կատարողը։ 14 տարվա ամուսնական կյանքում զույգը 8 երեխա է ունեցել։ Թե՛ Ռոբերտը, թե՛ Կլարան ստեղծագործական բուռն ընթացքի մեջ էին և հաջողություններ էին գրանցում։ Թվում էր, թե ամեն բան happy end-ի սցենարով է գնում, բայց Ռոբերտ Շումանի հիվանդությունն ամեն բան փոխեց։

Կոմպոզիտորի մետ հոգեբանական ծանր վիճակ էր՝ հստակ ախտորոշմամբ։ Կյանքի միակ դրական կողմը Կլարան էր, որ ցանկացած իրավիճակում ամուսնու կողքին էր։ Բայց սա էլ բավական չէր։ Շումանն անգամ ինքնասպանության փորձ է կատարում, իսկ կարճ ժամանակ անց տեղափոխվում է կլինիկա, որտեղ մահանում է 1856 թվականին։

Իսկ ի՞նչ կապ ունի այս պատմության հետ կոմպոզիտոր Յոհաննես Բրամսը։ Բրամսը Շումանների ընտանիքի մոտ ընկերն էր, իսկ Կլարան՝ բացի Շումանի ստեղծագործությունների առաջին կատարողը լինելուց նաև Բրամսի ստեղծագործությունների առաջին կատարողն էր։

Անձնական արխիվային նամակներից պարզ է դառնում, որ Բրամսը խենթի պես սիրահարված էր Կլարային, իսկ երբ Ռոբերտ Շումանն արդեն կլինիկայում էր՝ Բրամսը Կլարային նամակ է գրում, որտեղ ասում է.

«Ես անդադար քո մասին եմ մտածում։ Ի՞նչ ես արել ինձ հետ։ Հեռացրու այն կախարդանքը, որով ինձ պատել ես»։

Կա վարկած, որ Շումանի մահից հետո Կլարան և Յոհաննես Բրամսը պատրաստվում էին ամուսնանալ, բայց այդպես էլ չեն ամուսնացել, որովհետև Բրամսը լքել է իր այդքան սիրելի Կլարային։

ԻԳՈՐ ՍՏՐԱՎԻՆՍԿԻ ԵՎ ԿՈԿՈ ՇԱՆԵԼ

Այս ցանկն ավարտենք որևէ կերպ չհաստատված, բայց շատ հետաքրքիր մի պատմությամբ։ Համաձայնեք, արվեստասերների համար Իգոր Ստրավինսկի-Կոկո Շանել սիրո պատմությունը ոգեշնչման մեծ աղբյուր կարող էր դառնալ։ Բայց նրանցից ոչ մեկը երբեք չի հաստել ու չի էլ ժխտել հնարավոր այս կապը։ Սա է պատճառը, որ մինչև օրս չբացահայտված այս գաղտնիքը շատերի համար բազմաթիվ վարկածների ու ենթադրությունների առիթ է դառնում։

Այո՛, Ստրավինսկին և Շանելը շատ լավ են ճանաչել իրար, ընկերներ են եղել, Ստրավինսկին կնոջ և երեխաների հետ մի քանի ամիս անգամ հյուրընկալվել է Շանելի փարիզյան առանձնատանը։ Դժվար է ասել, թե այդ ընթացքում ինչ հարաբերություններ են զարգացել նրանց միջև, բայց Ստրավինսկին առաջին կնոջ՝ Եկատերինայի մահից հետո անգամ չի կապվել ֆրանսուհու հետ։ Փոխարենն ամուսնացել է իր վաղեմի ծանոթի՝  դերասանուհի Վերա Սուդեյկինայի հետ:

Ամեն դեպքում՝ ապացուցված բան է, որ սերը և դրանից ծագող այլ զգացմունքներ ևս ստեղծագործ մարդկանց ոգեշնչման ամենամեծ աղբյուրն են։ Եվ որքան երջանիկ են այն մարդիկ, որոնք կարողանում են գտնել ոչ միայն իրենց տեսակը, այլ նաև իրենց արվեստը հասկացող ու գնահատող մեկին։ Մեկին՝ ով դառնում է մուսա, ընկեր, կողակից ու գործընկեր։


✍️ Նանե Մանուկյան / PAN