Կարդալիքներ PAN-ից
Today

Երբ բնությունը «գործող անձ» է, իսկ ամպերը՝ գլխավոր տարր. Ինչպես Ջոն Կոնստեբլի կտավները փոխեցին բնապատկերի էությունը

Անգլիացի նկարիչ Ջոն Կոնստեբլի ծննդյան 250-ամյակի առթիվ լույս են տեսել մեծանուն բնանկարչի ու նրա գործերի մասին պատմող մի շարք նոր հրատարակություններ։ Կոնստեբլի 250-ամյակը լրացավ հունիսի 11-ին, բայց հոբելյանական է ամբողջ տարին։ Իսկ նախորդ տարին հոբելյանական էր Կոնստեբլի ժամանակակից Ուիլյամ Թըրների համար։ 2025 թվականին՝ Թըրների 250-ամյա հոբելյանին ընդառաջ հրատարակվեց երկու գիրք, որոնցում հեղինակները համեմատում ու զուգահեռներ են անցկացնում Կոնստեբլի Ուիլյամ Թըրների միջև։

Բայց ի տարբերություն անցյալ տարի լույս տեսած գրքերի, որոնք հիմնականում արվեստաբանական մոտեցում ունեն, վերջերս հրատարակված «Կոնստեբլի տարին» աշխատությունը հրաշալի կերպով միահյուսում է արվեստի պատմությունը, բնանկարչի կենսագրությունն ու, ամենակարևորը, բնության նկարագրությունը։ Հեղինակին հաջողվել է ցույց տալ, թե ինչպես են տարվա եղանակները, հատկապես կարիերայի վաղ շրջանում, ձևավորել Կոնստեբլի արվեստն ու կյանքը։

Արվեստաբանների դիտարկմամբ սա չափազանց ինքնատիպ ու ստեղծագործական մոտեցում է։ Հեղինակն անձամբ այցելել է գյուղական այն վայրերը, որոնք պատկերված են Կոնստեբլի կտավներում, ընդ որում՝ տարվա հենց այն եղանակներին, երբ նկարիչն է դրանք պատկերել։ Օուենսը նույնիսկ հանձն է առել գրքի չորս գլուխները գրել հենց այն եղանակների ընթացքում, որոնք նկարագրվում են տվյալ գլխում։ Գիրքը սկսվում է գարնանամուտ պատկերող ու կյանքի սկիզբ խորհրդանշող գլխով և ավարտվում կյանքի մայրամուտը խորհրդանշող ձմռան նկարագրությամբ։

Հաշվի առնելով թեման՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե սկզբնաղբյուրներն ու նյութերն ավելի հարուստ են գարնանն ու ամռանը նվիրված գլուխներում։ Չէ՞ որ դրանք Կոնստեբլի սիրելի եղանակներն էին, և Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսների համար նախատեսված նրա կտավների մեծ մասը պատկերում են ամռան թեժ օրերն ու հաճախ հենց կեսօրը։ Բացի այդ, ամառային ամիսները, ինչպես այդ շրջանի բնանկարիչների մեծ մասի, այնպես էլ Կոնստեբլի համար բացօթյա էտյուդներ անելու ամենասիրելի ժամանակն էին։

Այդուհանդերձ, Օուենսին հաջողվում է գրքում նույնպիսի կշիռ տալ նաև աշնանն ու ձմռանը։ Նա այս հավասարակշռությանը հասնում է նախ բուն գործերն ու դրանց ստեղծման հավանական ժամանակագրությունն ուսումնասիրելով, իսկ որ ավելի հետաքրքիր է՝ Կոնստեբլի հարուստ նամակագրությունը պրպտելով։ Այդ նամակագրությունը 1962-1975 թվականներին հրատարակել է Սաֆոլկի արխիվային գրառումների ընկերությունը։

Ու ստացվում է այնպես, որ եթե անգամ հնարավոր չլիներ սոսկ նրա կտավներին կամ գծանկարներին նայելով կռահել բնության հանդեպ Կոնստեբլի տածած խորը սերը, ապա բավական կլիներ ընթերցել նրա նամակները։ Շատերին է ծանոթ 1821 թվականին իր մտերիմ ընկերոջը՝ Ջոն Ֆիշերին գրած նամակը, որտեղ պատմում է «ջրաղացի պատնեշից հոսող ջրի ձայնի, ուռենիների, հին ափերի, մամռակալած սյուների ու աղյուսե պատերի» հանդեպ  իր սիրո մասին։  Բայց, պարզվում է, որ նամակագրության մեջ կան նմանատիպ բազմաթիվ այլ խոստովանություններ ևս։

Դրանք Կոնստեբլն արել է տարվա եղանակների փոփոխության ժամանակ՝ երբ նկարագրում էր, օրինակ, գարնանը արտույտների երգը լսելիս կամ էլ Սաֆոլկի մարգագետիններում ծառերի ծաղկումը տեսնելիս իր հիացմունքը։ Գրքի հեղինակն այստեղ մի հետաքրքիր նկատառում է անում՝ Կոնստեբլի գյուղական ծագումը հազվադեպ ու անսովոր երևույթ էր այդ շրջանի արվեստագետների համար և օգնել է նկարչին խորությամբ ընկալել գյուղատնտեսական օրացույցը ու բնության բազմաշերտ երևույթները։ Նրա ստեղծագործություններում բազմիցս հայտնվում են մանկության շրջանի նույն դաշտերը, գետերը, ջրաղացները, ծառերը և գյուղական ճանապարհները։

1799 թվականից սակայն, Կոնստեբլն ապրում էր Լոնդոնում։ Աշխատության հեղինակը նշում է, որ վաղ գարնանը բնանկարիչը հազվադեպ էր կարողանում Լոնդոնից Սաֆոլկ մեկնել, որովհետև սովորաբար այդ ընթացքում Թագավորական ակադեմիայի ցուցահանդեսին ներկայացվելիք կտավներն էր ավարտում։ Ցուցահանդեսը բացվում էր մայիսի առաջին երկուշաբթի օրը։ Միևնույն ժամանակ, թեև ամառը նրա համար նոր նյութեր հավաքելու ամենաբարեբեր ժամանակն էր, գործնականում ամառային ամիսները հաճախ ձգվում էին մինչև աշուն, եթե եղանակը լավ էր լինում՝ մինչև հոկտեմբերի վերջ կամ նույնիսկ նոյեմբերի սկիզբ։

Նրա վաղ աշնանային կտավներն ու էտյուդները հրաշալի կերպով արտացոլում են եղանակային փոփոխությունները ու ամենատպավորիչն այն է, որ դրանք արտահայտված են ոչ միայն գետնին՝ «հողի վրա», այլև նկարչի՝ յուղաներկով արված երկնքի բազմաթիվ պատկերներում։ Սովորաբար Կոնստեբլը պնդում էր, թե  չի սիրում «բնության աշնանային երանգները»։ Կարծում էր, որ աշունն ավանդաբար համարվում է դասական «նկարչի եղանակ», բայց փաստն այն է, որ աշնան հանդեպ նրա վերաբերմունքը երբեմն կախված էր եղանակային տրամադրությունից։

Գրքում արված պնդումները, հակառակ նկարչի հավաստիացումների, հավատացնում են, որ աշունը մեծ դեր ու նշանակություն է ունեցել Կոնստեբլի արվեստում։ Նույն կերպ հեղինակը վերլուծել է նաև ձմռան կարևորությունը։ Ձմռանը Կոնստեբլը, ինչպես արվեստագետների մեծ մասը, անցնում էր արվեստանոցում նկարելուն։ Նրա հայտնի մեծակտավ գործերի մեծ մասը նկարվել են հենց ձմռան ամիսներին։ Ձմռան ցուրտ օրերին Սաֆոլկի ամառային կեսօրվա զգացողությունը հաջողությամբ կտավին հանձնելու համար նկարչից մեծ ֆիզիկական ու մտավոր ջանք էր պահանջում։

«Կոնստեբլի տարին» գիրքը հաճելի է ընթերցել ու վերընթերցել տարվա ցանկացած եղանակի, բայց փորձենք նկարչի արվեստն ուսումնասիրել նաև այս գրքից անդին։ Առհասարակ, Կոնստեբլի արվեստին բնորոշ է բնության ամբողջական, ներդաշնակ ընկալումը, կոմպոզիցիայի բնականությունը, գույների մաքրությունն ու թարմությունը: Բնանկարիչը հրաժարվել էր բնությունը իդեալականացնելու կամ դրամատիզացնելու ավանդույթից և փորձում էր այն ներկայացնել այնպես, ինչպես իրականում տեսնում էր։ Չափազանցություն չի լինի նշել, որ նրա ստեղծագործությունները դարձան անգլիական ռոմանտիզմի նվաճումներից, իսկ բնանկարները մեծ ազդեցություն ունեցան հետագա ֆրանսիական դպրոցի և իմպրեսիոնիզմի ձևավորման վրա։

Կոնստեբլի արվեստի գլխավոր առանձնահատկությունը բնության նկատմամբ բացառիկ վերաբերմունքն ու այն մանրակրկիտ զննելու կարողությունն էր։ Նա ժամեր շարունակ աշխատում էր բաց երկնքի տակ և յուղաներկային էտյուդներում ֆիքսում էր լուսավորության, ամպերի, քամու, ծառերի ամենաչնչին փոփոխություններն ու նրբությունները։

Այդ էտյուդները սովորաբար նախատեսված չէին ցուցադրությունների համար։ Մեծ չափերի կտավների ստեղծման ընթացքում դրանք ծառայել են որպես հավելյալ օգտակար նյութ ու ուղեցույց։ Բայց հետագայում հենց այս ազատ և կենդանի էտյուդներն են դարձել արվեստաբանների հատուկ հետաքրքրության առարկան, որովհետև դրանցում արդեն նկատվում են այն գեղանկարչական հնարքները, որոնք տասնամյակներ անց լայնորեն կիրառելու էին իմպրեսիոնիստները։

Կոնստեբլի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ ունեն երկինքը և ամպերը։ Նա համոզված էր, որ երկինքը պարզապես ֆոն չէ, այլ ամբողջ բնապատկերի գլխավոր արտահայտչական տարրն է, որը փոխանցում է բնության տրամադրությունն ու կենդանի շունչը։ Նկարիչը մանրամասն ուսումնասիրում էր ամպերի կառուցվածքը, քամու ուղղությունը, լույսի փոփոխությունները և հաճախ իր էտյուդների վրա եղանակային պայմանների մասին նշումներ էր անում։

Արվեստաբանական տեսանկյունից Կոնստեբլի կարևորագույն ձեռքբերումներից մեկն այն էր, որ նա որոշակի առումով կարողացավ փոխել եվրոպական գեղանկարչության մեջ բնանկարի դերը։ Մինչև այդ բնապատկերը հաճախ ծառայում էր որպես պատմական, դիցաբանական կամ կրոնական տեսարանների երկրորդական միջավայր։ Կոնստեբլի դեպքում, ընդհակառակը, հենց բնությունն է դառնում ստեղծագործության գլխավոր «հերոսը»։

Նրա կտավներում գրեթե երբեք չեք հանդիպի արտասովոր կամ էկզոտիկ տեսարանների։ Բնանկարիչը համոզված էր, որ իրական ու տպավորիչ գեղեցկությունը մարդու առօրյա միջավայրն է։ Պատկերում էր գյուղական բնապատկերներ՝ առանց փոթորկոտ ծովերի կամ աժդահա լեռների։ Կտավում մարդու բնական միջավայրն էր, որտեղ ներդաշնակորեն միաձուլվում էին աշխատանքը, գյուղական կենցաղը և տարվա եղանակների անընդհատ փոփոխությունը։

Կոնստեբլի կենդանության օրոք  Անգլիայում նրա արվեստը մեծ հաջողություն չէր վայելում։ Թագավորական ակադեմիայի լիիրավ անդամ դարձավ միայն 1829 թվականին։ Բայց նույնը չենք կարող ասել, օրինակ, Ֆրանսիայի մասին։ 1824 թվականին Փարիզի Սալոնում ցուցադրված նրա նկարները մեծ տպավորություն թողեցին ֆրանսիացի նկարիչների վրա։ Հայտնի է, որ Էժեն Դելակրուան, տեսնելով Կոնստեբլի աշխատանքները, նույնիսկ վերանայեց իր սեփական կտավներից մեկի գունային լուծումները։ Ավելի ուշ Կոնստեբլի արվեստը նշանակալի ազդեցություն ունեցավ Բարբիզոնյան դպրոցի ներկայացուցիչների և ֆրանսիացի իմպրեսիոնիստների վրա։


✍️ Նանե Մանուկյան / PAN