#մշակութաPAN
January 30

Ծափերը չլսող ու միայն տեսնող Բեթհովենը, Մալերի վախերն ու անեծքը շրջանցող սովետական կոմպոզիտորները. Ինչ թողեց ու ինչ տարավ «9-րդ սիմֆոնիայի անեծքը»

Արվեստի ու, մասնավորապես, երաժշտության մեջ կախարդանքը և առեղծվածային տարրերը միաձուլված են իրականությանը, ու այստեղ սահմաններ և կաղապարներ չկան։ Երբեմն ստացվում է, որ առեղծվածային երևույթները գրքից, ֆիլմից կամ երաժշտությունից պոկվում ու հենց ստեղծագործողին են հասնում։

Այս մտքի ամենախոսուն ու տարածված օրինակներից մեկն «9-րդ սիմֆոնիայի անեծքն» է։ Սա դավադրության տեսությո՞ւն է, ճակատագի՞ր, առեղծվա՞ծ, թե՞ սնահավատություն. Տարբեր ժամանակներում մարդիկ տարբեր կարծիքներ են ունեցել։ Ու թեև 9-րդ սիմֆոնիայի անեծքը, ըստ ամենայնի, պարզապես դավադրության տեսություն էր, դրան անդրադառնալ արժե թեկուզ միայն այն պատճառով, որ հերթական անգամ հնարավորություն կունենանք խոսելու մի քանի մեծանուն կոմպոզիտորների մասին ու լսելու նրանց սիմֆոնիկ գլուխգործոցները։

9-րդ սիմֆոնիայի անեծքին հավատացողները կարծում էին, որ բոլոր այն կոմպոզիտորները, ովքեր գրում են իրենց 9-րդ սիմֆոնիան, մահանում են կա՛մ դրանից անմիջապես հետո, կա՛մ էլ հաջորդ սիմֆոնիան դեռ չավարտած։ Իրականում այս վարկածն օդից հորինված չէր ու, իսկապես, կային կոմպոզիտորներ, որոնց համար 9-րդ սիմֆոնիան դարձավ վերջինը։

Որպես այդպիսին, այս երևույթի մասին առաջին անգամ խոսեց ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան Առնոլդ Շյոնբերգը, բայց գաղափարն իրենը չէր։ Շյոնբերգն այս նախապաշարմունքի «ստեղծումը» վերագրեց Գուստավ Մալերին։ Ըստ նրա, Մալերն ուղիղ կապ էր գտել մի քանի նախադեպի միջև։

Առաջինը Բեթհովենի մահն էր՝ 10-րդ սիմֆոնիայի վրա աշխատելու ընթացքում։ 9-րդը դարձավ կոմպոզիտորի վերջին սիմֆոնիան։ Բեթհովենն այն ավարտեց 1824 թվականին ու սիմֆոնիան դարձավ դասական երաժշտության առանցքային ստեղծագործություններից մեկը։ Բեթհովենն այս սիմֆոնիան գրել է, երբ արդեն ամբողջությամբ կորցրել էր լսողությունը։

Սիմֆոնիայի պրեմիերան կայացավ Վիեննայի մեծ համերգասրահում ու նվիրված էր Պրուսիայի արքա Ֆրիդրիխ Վիլհելմ Գ-ին։ Դիրիժորական հարթակին կանգնած Բեթհովենը ցույց էր տալիս միայն յուրաքանյուր մասի սկզբի տեմպը, իսկ երբ ելույթն ավարտվեց, կոմպոզիտորը վախենում էր շրջվել ու տեսնել մարդկանց արձագանքը։ Հանդիսատեսին մեջքով կանգնած, նա չէր լսում բուռն ծափերն ու բացականչությունները։

Անտոնին Զգորժի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» վեպում, որտեղ նկարագրված է Բեթհովենի կյանքը, այս դրվագը ևս ներկայացված է.

«Այն, ինչ տեսավ Բեթհովենը, ցնցեց նրան։ Հարյուրավոր հրճվագին դեմքեր, իրեն ողջունող անթիվ-անհամար ձեռքեր, բուռն ծափեր՝ պարտերից, օթյակներից։ Ո՛չ, նա չէր լսում, թե ինչպես էր թնդում դահլիճը։ Հիացմունքի ալիքները զարնվում էին պատերին, բարձրանում մինչև առաստաղ, և ընկնում ներքև, որպեսզի վեր սուրան նոր ուժով։ Բայց նա տեսնում էր մարդկանց՝ ձեռքերով ծածկված հեկեկացող դեմքերը»:

Երկրորդը Անտոն Բրուքների մահն էր, իր 9-րդ սիմֆոնիան գրելու ընթացքում։ Հիմա կմտածեք, որ Բրուքների դեպքը չի համապատասխանում այս նախապաշարմունքի «կանոններին», բայց իրականում Բրուքները մահացավ իր թվով 10-րդ սիմֆոնիան գրելու ժամանակ։ Ավելի վաղ նա սիմֆոնիաներից մեկը փոխարինել էր ∅ նշանով, իսկ հիմա այն կոչվում է Սիմֆոնիա № 0։

Անտոն Բրուքների ստեղծագործական ժառանգության հիմնական մասը կազմում են սիմֆոնիկ և հոգևոր երաժշտությունը։ Նրա սիմֆոնիաները համարվում են երաժշտության մեջ ավստրո-գերմանական ռոմանտիզմի դրսևորում։ Իր վերջին սիմֆոնիան կոմպոզիտորը նվիրել էր «սիրելի Աստծուն»։

Ի դեպ, Բեթհովենի և Բրուքների այս երկու դեպքը մեկ այլ կապող հանգամանք էլ ունեն։ Բրուքներն իր 9-րդ սիմֆոնիան գրելիս հիմնվել էր Բեթհովենի աշխատելաոճի վրա, վերցրել նույն տոնայնությունը։

Շյոնբերգի խոսքով, Գուստավ Մալերին այս դեպքերը հանգիստ չէին տալիս ու կոմպոզիտորը դրանց մեջ առեղծվածային օրինաչափություն էր գտնում։ Հենց սա էր պատճառը, որ Մալերը, կարծես, փորձում էր «շրջանցել» անեծքը կամ էլ շփոթեցնել առեղծվածային օրինաչափությանը։ Իր 8-րդ սիմֆոնիան գրելուց հետո Մալերը գրեց «Տաղ հողի» ստեղծագործությունը, որն իր բնույթով սիմֆոնիա էր, բայց կոմպոզիտորն այն չանվանեց սիմֆոնիա։

Սա, սակայն, չօգնեց կոմպոզիտորին։ Ինչ֊որ դիվային զուգադիպություն կա այս ամենի մեջ։ Մալերն առաջինն էր, որ նկատեց օրինաչափությունն ու ինքն էլ զոհ գնաց այդ դրան։ Կոմպոզիտորը գրեց իր 9-րդ սիմֆոնիան, իսկ 10-րդի աշխատանքներն ընդհատվեցին Մալերի մահով։

1912 թվականին Մալերի հիշատակին նվիրված խոսքում Շյոնբերգը նշում էր.

«Նա, ով գրում է 9-րդը, շատ է մոտենում հանդերձյալ կյանքին»:

9-րդ սիմֆոնիայի անեծքը տարածվեց նաև Ֆրանց Շուբերտի վրա։ Շուբերտի 9-րդ սիմֆոնիան դարձավ նրա վերջինը, իսկ այսօր համարվում է նրա ամենակատարվող ստեղծագործությունը։ Այս սիմֆոնիայի կառուցվածքը, ի տարբերություն «Անավարտ» անունը ստացած սիմֆոնիայի, առավել ավանդական է, բայց տևողությամբ գերազանցում է նույնիսկ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիային։

Շուբերտն իր կենդանության տարիներին այդպես էլ չտեսավ սիմֆոնիայի հանրային կատարումը։ Նրա մահից մոտ տասը տարի անց Ռոբերտ Շումանը պարտիտուրան գտավ կոմպոզիտորի եղբոր թղթերի մեջ։ Առաջին անգամ սիմֆոնիան կատարել է Գևանդհաուզերի նվագախումբը՝ Ֆելիքս Մենդելսոնի ղեկավարությամբ։

9-րդ սիմֆոնիայի անեծքին են վերագրում նաև Դվորժակի մահը։ Դվորժակը ևս ինը սիմֆոնիա է գրել, սակայն առաջինը հեղինակի կյանքի ընթացքում երբևէ չի կատարվել, և Դվորժակը համարում էր, որ բնագիրն անհետ կորել է։

Չեխական դասական երաժշտության և ազգային սիմֆոնիայի հիմնադիրներից մեկը ռոմանտիզմի երաժշտական ուղղության մեծ անուններից էր, բայց հենց 9-րդ սիմֆոնիան էր, որ կոմպոզիտորին մեծ հաջողություն բերեց։ Այս սիմֆոնիան Դվորժակը գրել է Միացյալ Նահանգներում, ու ինչ-որ առիթով անգամ ասել է, որ ամերիկյան նեգրո հոգևոր երաժշտության տարրերից ևս ոգեշնչվել է։

Որքան էլ սա դավադրության տեսություն կամ էլ նախապաշարմունք անվանենք, 20-րդ դարի մի շարք կոմպոզիտորների ստեղծագործական կյանքի վրա 9-րդի անեծքի գաղափարն անգամ մեծ ազդեցություն է թողել։ Ալեքսանդր Գլազունովը, օրինակ, 1900-ական թվականների երկրորդ կեսին սկսեց աշխատել իր 9-րդ սիմֆոնիայի վրա, բայց առաջին մասն ավարտելուց հետո այն կիսատ թողեց ու ապրեց ևս քառորդ դար։

9-րդ սիմֆոնիան վերջինն էր նաև Ալֆրեդ Շնիտկեի համար։ Կոմպոզիտորը սիմֆոնիան գրել է մահից առաջ և առողջական խնդիրների պատճառով նրա ձեռագիրն անգամ անհասկանալի էր, նոտաները՝ դժվարընթեռնելի։ Շնիտկեի 9-րդ սիմֆոնիան ամբողջական տեսքով վերծանելու համար գործի անցավ Նիկոլայ Կորնդորֆը, բայց աշխատանքը դեռ չավարտած՝ մահացավ։

Իսկ, օրինակ, Նիկիտա Բոգոսլովսկին որոշեց այլ կերպ «խաբել» ու շրջանցել անեծքը։ Նա իր ութերորդ սիմֆոնիան անվանեց «Վերջին», և այլևս չգրեց սիմֆոնիաներ։ Իհարկե, շատերը շտապեցին սա կապել 9-րդի անեծքի հետ ու կարծում էին, որ կոմպոզիտորը պարզապես վախեցել է գրել 9-րդը։ Իսկ Բոգոսլովսկին սա մեկնաբանում էր՝ ասելով, որ սիմֆոնիկ ժանրում ամեն ինչ արդեն ասել է։ Ամեն դեպքում, այս որոշումից հետո կոմպոզիտորն ապրեց ևս 20 տարի։

Բայց ամենահնարամիտն այս շարքում Ալեքսանդր Գլազունովն էր։ Նա սկսեց 9-րդ սիմֆոնիայի վրա աշխատանքը, բայց չավարտեց, փոխարենը զուգահեռ շարունակում էր նոր գործեր գրել և ժամանակ առ ժամանակ անդրադառնում 9-րդ սիմֆոնիային։

Շոստակովիչն իր կյանքի ընթացքում 15 սիմֆոնիա է գրել ու կարող ենք փաստել, որ 9-րդի անեծքը հաջողությամբ «հաղթահարել» է, սակայն երաժշտագետ Սոլոմոն Վոլկովն այդ կարծիքին չէ։ Նրա պնդմամբ, Շոստակովիչի վրա անեծքն այլ կերպ աշխատեց։ 9-րդ սիմֆոնիային հետևեցին բռնաճնշումները, արտերկրում կոմպոզիտորի կյանքում և կարիերայում առաջացած խնդիրները։

Իհարկե, 9-րդ սիմֆոնիայի անեծքն ու դավադրության տեսությունն անմիջապես փշրվում են, երբ ավելի լայն պատկեր ենք ուսումնասիրում։ Անշուշտ, ցանկացած իրավիճակի կարելի է վերագրել այն, ինչ մենք ենք ուզում տեսնել ու անգամ կարելի է դրա համար բավարար պայմաններ ստեղծել, բայց կիսաճշմարտությունը ստից ավելի վատ է։ Իսկ այս դեպքում արդար լինել կնշանակի նայել մեծ պատկերին ու տեսնել, որ թե 20-րդ դարում, թե դրանից առաջ, բազմաթիվ մեծանուն կոմպոզիտորներ գրել են տասնյակ սիմֆոնիաներ ու որևէ անեծք չի աշխատել։


✍️ Նանե Մանուկյան / PAN