Կարդալիքներ PAN-ից
June 11

Գաղթի ճանապարհը, մեծ դասերն ու Չարենցի հետ հանդիպումը. Սասնա լեռներում ծնված Խաչիկ Դաշտենցը

1910 թվականի մայիսի 25-ին Բիթլիսի Խութ-Բռնաշեն գավառակի Դաշտադեմ գյուղում հովվի ընտանիքում լույս աշխարհ եկավ մի տղա, որին կնքեցին Խաչիկ անունով։ Խաչիկ Տոնոյի Տոնոյանը դեռ մեկ տարեկան էլ չկար, երբ կորցրեց մորը։ Այդ կորուստը ընդմիշտ դրոշմվեց նրա ստեղծագործության մեջ՝ դառնալով բացակայության ու կարոտի մի տարածություն, որը երբեք չլցվեց։

Հայրը՝ Տոնոն, հովիվ էր և տարվա մեծ մասն անցկացնում էր լեռներում։ Նա վերցնում է փոքրիկ որդուն իր հետ և դարձնում Սասնա անտառների ու լեռների զավակ։ Ինչպես գրում է Կարո Վարդանյանն իր «Կորուսյալ երկրի բանասացը. Խաչիկ Դաշտենց» գրքում՝ Խաչիկի հագուստը ուլի մորթուց պատրաստված ելակն էր, կացարանը՝ հաստաբուն կաղնու փչակը, իսկ խաղընկերները՝ անծեղը, նապաստակն ու կաքավը։

«Աստիճանաբար Խաչիկը սկսում է ճանաչել աշխարհը: Իսկ այդ աշխարհը Սասնա խրոխտ լեռներն էին, կուսական անտառներն ու պաղպաջուն աղբյուրները: Հայրը վարժեցնում է նրան լեռնականի կենցաղին, սովորեցնում տարբերել վայրի սունկերն ու արմտիքը, սնվել մասուրով ու մորիով, Սասնա անտառների համբավավոր գազպայով ու ընկույզով»։

Տոնոն որդուն սովորեցնում էր ոչ միայն գոյատևել բնության գրկում, այլև սիրել ու հասկանալ այն։  Ու այսպիսով Խաչիկը ամբողջ հոգով կապվում է մայր բնությանը, դառնում դրա մի մասնիկը։  Այս տարիները խորապես ազդում են Դաշտենցի հետագա ստեղծագործության վրա։ Նա երբեք չի մոռանում հայրենի բնության գեղեցկությունը, անտառների խորհրդավորությունը և հսկա լեռները։ Տարիներ անց նա գրում է.

«Հայր իմ, հայր իմ, ինչո՞ւ տարար ինձ անտառներն անհատակ,
Բնությունը դարձրիր ինձ մայր, և առաստաղ, և հատակ,
Որ ես այսպես լինեմ անքուն, չհանդուրժեմ ոչ մի փակ,
Հայր իմ, հայր իմ, ինչո՞ւ դրիր դու լուսաստղը գլխիս տակ:»

1915 թվականը հինգամյա Խաչիկի կյանքը գլխիվայր շրջեց։ Հայոց ցեղասպանության ալիքը հասավ նաև անառիկ Սասուն։ Մարդիկ սպանվում էին, իսկ լավագույն դեպքում լքում հազարամյա օջախները և բռնում անհայտ գաղթի ճանապարհը։ Նրանց թվում էին նաև Տոնոն և որդին՝ փոքրիկ Խաչիկը։

Գաղթի ճանապարհին, Մուշում, Տոնոն մահանում է։ Հինգամյա Խաչիկը մնում է լրիվ մենակ՝ առանց ծնողների, առանց տան, առանց հայրենիքի։ Այս կորուստը դառնում է նրա կյանքի ամենամեծ ողբերգությունը, որը երբեք չի լքում նրան։ Տասնամյակներ անց Դաշտենցը գրում է.

«Սիրելի հայր, ես քո դեմքը երազի պես եմ հիշում։ Քառասուն տարի է անցել այն օրից, երբ դու ինձ շալակելով անցար Մեղրագետի ափերով, կամենալով փախցնել Արևելյան Հայաստան։ Քո կյանքի ուղին ընդհատվեց Մուշ քաղաքում։ Եվ այժմ, քառասուն տարի հետո, իմ աչքերից թափվում են այրող արցունքներ քո հեռավոր ու անհայտ գերեզմանի վրա...»

Փոքրիկ Խաչիկին Արևելյան Հայաստան հասցրեց հորեղբայրը՝ Ծաղիկ Համբարձումը, որը շալակել էր երեխային և անցել «կոտորածների, հրի ու սրի միջով»։ Սակայն Կովկասում իրավիճակը ավելի լավ չէր՝ սով, համաճարակներ, գաղթականների անթիվ բազմություններ և որբեր, հազարավոր որբեր։

1916-1926 թվականները Խաչիկի համար դառնում են որբանոցային երկար ու ցավոտ տասնամյակ։ Նա անցնում է մի քանի որբանոցներով՝ Թիֆլիս, Ստեփանավան, Կարս։ 1921-ին, Կարսի անկումից հետո, հաստատվում է Ալեքսանդրապոլի Պոլիգոնի ամերիկյան մանկատանը։

Որբանոցային կյանքը դաժան էր։ Ցուրտ, քաղց, կառավարիչների անգութ վերաբերմունք, անվերջ նվաստացումներ։ Այս ամենը խոցել էին պատանի Խաչիկի հոգին.

«Քեզ ծեծեց կառավարիչը, շպրտեց պատին,
Բռունցքով զարկեց ու տվեց քացի,
Դու լացով նայեցիր նրա ցուցամատին,
Ու կարոտ մնացիր մի կտոր հացի:
Երբ գիշերն իջավ, գլուխդ գրկած,
Հենվեցիր մանկատան պատին ու լացիր,
Եվ ծնկաչոք եղար և մութի մեջ անքուն
Մահճակալիդ ընկար ու հեծկլտացիր:
Երազեցիր ինչքա¯ն, ինչքա¯ն բաներ,
Արևը թվաց քեզ մի բաժակ կաթ,
Լուսինը թվաց մի կտոր պանիր,
Ամպերը՝ քաթան, աստղերը՝ հեքիաթ...
Երազներիդ մեջ կրակ փնտրեցիր,
Ու ամպերը դարձան քեզ համար շապիկ,
Ա¯խ, դու այնքա՛ն, այնքա՛ն մնացիր նոթի,
Ու գետին զարկեցիր ոտքերդ բոբիկ...»

Բայց նույնիսկ այս ծանր պայմաններում պատանին գտավ լույսի շողեր։ Մանկատան դպրոցում նա սկսեց ծանոթանալ գիտելիքի աշխարհին, կարդալ դասական գրականություն, անել գրական առաջին փորձերը։ Եվ որ ամենակարևորն է՝ նա ծանոթացավ Եղիշե Չարենցի պոեզիայի հետ։ Կարո Վարդանյանը պատմում է Դաշտենցի ու Չարենցի առաջին՝ սպասված ու տպավորիչ հանդիպման մասին.

«Երկրով մեկ արդեն թնդում էր ըղձյալ այգաբացի երգչի՝ Եղիշե Չարենցի անունը: Խաչիկն այնքան է տարվում նրա բոցաշունչ պոեզիայով, որ նույնիսկ դրա շուրջ զեկուցում է կարդում մանկատան աշակերտների և ծառայողների համար:  1925 թվականի աշնանային մի օր Պոլիգոնի մանկատան սաներն ու ուսուցիչները փոթորկալի խանդավառությամբ են դիմավորում իրենց այցի եկած Չարենցին: Մեծ պոետը հուզված ելույթ է ունենում երկրի վերազարթոնքի և գրականության խնդիրների մասին, ինչը շարունակ ընդմիջվում է որբերի բուռն ծափահարություններով ու հիացական բացականչություններով: Հանդիպման վերջում սաների մեջ պոետի համարում ունեցող Խաչիկին բեմ են կանչում և ներկայացնում Չարենցին: Վերջինս պատվիրում է պատանուն արտագրել բանաստեղծություններն առանձին տետրակում և ներկայացնել իրեն: Այսպես սկիզբ է դրվում ամոթխած պատանու և մեծ պոետի ջերմ բարեկամությանը»։

1926-ի ապրիլին, դպրոցն ավարտելուց հետո, Խաչիկը առաջին անգամ մասնակցում է Չարենցի հիմնադրած «Նոյեմբեր» գրական միության հավաքին։ Ինչպես ինքն է հիշում՝

«Այդ հավաքի ամենաերիտասարդ անդամը ես էի։ Ամոթխած պատանու պես, որբական թախիծը ճակատիս նստել էի մի անկյունում և ամբողջ ժամանակ նայում էի Չարենցին...»։

Հավաքի վերջում Չարենցը նրան հանձնում է «կարմրակազմ ոսկետառ» անդամատոմս՝ N32՝ իր ստորագրությամբ։

Մանկատունն ավարտելուց հետո 17-ամյա Խաչիկը սկսում է ուսուցչություն անել Շիրակի գյուղերում՝ նախ Հոռոմում, ապա Սառնաղբյուրում։ Նա դառնում է գյուղացիների սիրելի ուսուցիչը, որը գրաճանաչ էր դարձնում ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին։ Շիրակցիները երախտագիտությամբ էին հիշում երիտասարդ ուսուցչին.

«Անոթի մարդու գլուխը բա՞ն կմտնի... Բայց Խաչիկի դասը, Խաչիկի բառը հացի համ ու հոտ ուներ, իսկական հաց էր»։

1928 թվականին գյուղական ուսուցիչը Լենինականի «Բանվոր» թերթում տպագրեց իր առաջին բանաստեղծությունը՝ «Դաշտենց» ստորագրությամբ։ Այս գրական մականունն իր պատմությունն ունի.

«Մանուկ հասակից կորցրի ոչ միայն ծնողներիս, այլև ազգանունս: Հիշում էի միայն հորս անունը՝ Տոնո: Այդպես էլ գաղթի ճանապարհին ինձ կնքեցին հորս անունով՝ Տոնոյան: Շատ տարիներ հետո միայն իմացա իսկական ազգանունս՝ Ավետիսյան: Իսկ երբ սկսեցի գրել իմ առաջին բանաստեղծությունները՝ փորձեցի գտնել գրական ծածկանուն: Դեպքերի բերումով Չարենցը եկել էր Լենինական: Ծանոթանալով ձեռագիր տետրիս, ինձ ընդունեց «Նոյեմբեր» միության անդամության թեկնածու:  Ես մոլի «չարենցական» էի և ուզում էի իմ ծածկանունը նման լինի ՉԱՐԵՆՑ անվանը:  Այդ օրերին Սողոմոն Տարոնցին հարցրեց.  - Խաչիկ, ձեր գյուղի անունն ի՞նչ է:  - Դաշտադեմ:  - Այսուհետև ստորագրիր՝ ԴԱՇՏԵՆՑ:  Եվ այդ ստորագրությամբ էլ լույս տեսավ իմ առաջին բանաստեղծությունը «Բանվորում», 1928-ի սկզբին:  Վահան Թոթովենցը շատ էր ուրախացել.  - Չարենց, Թոթովենց, Դաշտենց...:»

1929 թվականին Դաշտենցն ընդունվեց Երևանի նորաբաց համալսարանի ու դարձավ համալսարանի առաջին ուսանողներից մեկը։ Նա աշակերտել է ժամանակի ականավոր հայագետներին՝ Մանուկ Աբեղյանին, Լեոյին, Գրիգոր Ղափանցյանին, Հրաչյա Աճառյանին։ Դաշտենցն անգամ նրանց նվիրված բանաստեղծություն ունի.

«Աբեղյանն էր, Մանուկ, լսարան մտնում լուռ
Քուռկիկ Ջալալու սանձից բռնած,
Եվ Լեոն էր գալիս` մի անամոք մրմուռ
Իր նոր խոհերի պարսին խառնած:
Ղափանցյանն էր, Գրիգոր, մեզ գրաբար կարդում`
Գիրն Եղիշեի լուսաբարբառ,
Աճառյանն էր, Հրաչյա, համալսարան մտնում
Որպես շարժական լեզվի տաճար:
Տերտերյանն էր, Արսեն, որ ամեն օր անդուլ
Քաղաքն էր շրջում հոգեխռով,
Մանանդյանն էր, Հակոբ, մեր գունդն առաջնորդում
Տիգրանակերտից մինչև Հռոմ:
Օ՜, Խանզադյան, Ցոլակ, ցոլա իմ հուշերում,
Հայ կաճառում վառված մոլեգին լույս,
Քեզ եմ հիշում, Սիմոն, բազմակարծիք ծերուկ,
Միջամուխ, դժբախտ մեր Պոլոնիուս:»

1932 թվականին լույս է տեսնում նրա առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երգերի գիրք»։ Այնուհետև հրատարակվեցին «Գարնանային երգեր» (1934) և «Բոց» (1936) ժողովածուները։ «Գարնանային երգերը» խմբագրեց անձամբ Չարենցը, որը նաև հոգ տարավ գրքի պատշաճ ձևավորման համար։

Համալսարանն ավարտելուց հետո Դաշտենցը մեկնեց Մոսկվա՝ շարունակելու ուսումը օտար լեզուների ինստիտուտի անգլերենի բաժնում։ 1936-ին Մոսկվայի հայկական տպարանը հրատարակեց նրա «Բոց» ժողովածուն, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Անհատի պաշտամունքի տարիներին, երբ արդեն սկսել էին հալածվել Չարենցը, Բակունցը, Թոթովենցը և այլ գրողներ, Դաշտենցի գիրքը դարձավ քաղաքական մեղադրանքների նոր թիրախ։ «Գրական թերթը» 1937 թվականի մարտի 10-ին հրապարակեց կատաղի հոդված՝ «Նացիոնալիստ տականքների հոգեորդին» վերնագրով։ Ահա մեջբերում այդ հոդվածից.

«Դաշտենցը մեկն էր այն երիտասարդ գրողներից, որոնց վրա ոչ պատահական կերպով նացիոնալիստ գրչակները դրել էին իրենց մատը: Նա արդարացրեց իր վարժապետների հույսերը, որոնց առաջ խոնարհել է իր փոքրիկ գլուխը մեծ ակնածանքով: Թերթում ենք նրա ոտանավորների վերջին գիրքը: Փիլիսոփայել է, գրի է առել իր և ուրիշների մտքերն ու աֆորիզմները, իմաստություններ է արել և բացել նոր «Ամերիկաներ»: Սակայն ինչքան նա ցնորամիտ բանաստեղծ է ձևացել, հիստերիկ ճիչեր է արձակել, դրանցով էլ հենց արտահայտել ու ասել է այն, ինչ որ է ինքը, դրանցով էլ բացել է իր էությունը: Լղարիկ սանը չի ցանկացել հետ մնալ իր հոգեհայրերից»։

1937 թվականին Դաշտենցը մեծ ցավով իմանում է իր ուսուցչի՝ Չարենցի մահվան մասին։ Փակվելով մոսկովյան հանրակացարանի իր սենյակում, նա ողբում է մեծ բանաստեղծի կորուստը՝

«Տանը մնամ այս իրիկուն,
Դուրս չգնամ այս իրիկուն,
Հուշերիս հետ, գիշերիս հետ
Մենակ լինեմ այս իրիկուն,
Մեծ Չարենցին հիշեմ ու լամ,
Ու հեկեկամ այս իրիկուն...»

1939-ին, երբ Չարենցի անունը տալն անգամ վտանգավոր էր, Դաշտենցը գրում է մարգարեական տողեր՝

«Հավատում եմ, հավատում եմ, որ կգա մեծ
Քո հարության օրն արդար,
Եվ դու նորից հաղթանակով կհառնես,
Եվ ոսոխդ կընկնի վար...»

Մոսկվայում սովորած անգլերենը Դաշտենցի համար դարձավ նոր դուռ դեպի համաշխարհային գրականություն։ Նա դարձավ Շեքսպիրի ամենանշանավոր հայ թարգմանիչներից մեկը։ Նրա թարգմանությամբ հայերեն են հնչել «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա», «Ռոմեո և Ջուլիետ» և այլ գործեր։

Բացի Շեքսպիրից, Դաշտենցը թարգմանել է Հենրի Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը», «Ռոբին Հուդը», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» և «Խաղողի այգին» դրամաները։ 1973-ին նրա բարձրարվեստ թարգմանությունների համար ընտրվեց գերմանական Շեքսպիրյան ընկերության անդամ։

Վերադառնալով Հայաստան՝ Դաշտենցը դասախոսում է տարբեր բուհերում։ 1940-1941 թվականներին աշխատում է Երևանի պետական համալսարանում, 1941-1948-ին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, 1960-1966-ին՝ Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1965 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Բայրոնը և հայերը» թեմայով։ 1965-1974 թվականներին աշխատում է ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1967-ին արժանանում ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։

Դաշտենցին լայն ճանաչում են բերել նրա երկու մեծ վեպերը։ «Խոդեդան» վեպը (1950) պատմում է արևմտահայության ողբերգության և սասունցիների նոր կյանքի մասին։ Վեպը վերահրատարակվել է մի քանի անգամ՝ 1956, 1960, 2000 թվականներին։

«Ռանչպարների կանչը» (1979, 1984) նրա գլուխգործոցն է՝ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ հայդուկների վիպասքը։ Վեպը բաղկացած է երեք մասից, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է կարճ ենթամասերի։ Հեղինակն այն անվանել է վիպասք, քանի որ իրական դեպքերին միախառնված են առասպելական արարքներ։ Վեպը մեծ հաջողություն ունեցավ։ 1985-ին Մոսկվայի «Советский писатель» հրատարակչությունը այն տպագրեց ռուսերեն՝ Անահիտ Բայանդուրի թարգմանությամբ։ Վեպում Դաշտենցը գրում է.

«Պատմության դաժան հեղեղը մեր ազգի բախտի ջրաղացքարը նետել էր անդունդ։ Ո՜վ պետք է վերևից զգաստ աչքերով նկատի ահեղ վտանգը և սարից սար գոռալով՝ առաջինը շտապի օգնության...»։

Բացի վեպերից, Դաշտենցը ստեղծել է նաև պոեմներ՝ «Ֆայտոն Ալեքը» (1958), «Ծուռ Խութեցին», ինչպես նաև «Տիգրան Մեծ» (1947) չափածո ողբերգությունը։ Հրատարակել է «Լեռան ծաղիկներ» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն։ Նրա բանասիրական աշխատանքներից են «Բայրոնը և հայերը» (1959) և «Ըղձյալ այգաբացի երգիչը» (1967)՝ նվիրված Եղիշե Չարենցին։

Խաչիկ Դաշտենցը իր ամբողջ կյանքում կրեց մանկության կորուստի և հայրենիքից հեռու լինելու ցավը։ Ինչպես նկատել էին մտերիմ ընկերները, նրա սրտում մի անդարմանելի ցավ հետևողականորեն կատարում էր իր ավերիչ գործը։ Ռուբեն Զարյանը հիշում է.

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում, մաշում։ Չեմ կարող ասել թե ինչ, որովհետև երբեք չբացվեց նա, բայց մի վիշտ, տանջող, սիրտը կրծող մի վիշտ ավերումներ էր անում...»։

Դաշտենցն ինքն էլ գրել է այդ մասին՝

«Մի կարոտ կա, մի կարոտ կա, մի կարոտ կա անծայր,
Որ չի մեռնում, որ չի ցնդում, որ չի դառնում անցյալ։
Հուր է դառնում, սուր է դառնում և սրբությամբ ծալ-ծալ
Իմ գրքերում, իմ սրտի մեջ շողում է հար պայծառ...»

Կյանքի վերջին տարիներին Դաշտենցը շարունակում էր աշխատել Արվեստի ինստիտուտում, զբաղվել թարգմանություններով։ 1974 թվականի մարտի 9-ին, 64 տարեկան հասակում, Խաչիկ Դաշտենցը մահացավ սրտի կաթվածից։ Նրա թաղման արարողությանը ներկա էր հորեղբայրը՝ Ծաղիկ Համբարձումը, նույն մարդը, որը փրկել էր հինգամյա Խաչիկին Հայոց Ցեղասպանության ժամանակ։ Տարեց սասունցին կանգնել է թարմ գերեզմանի մոտ ու երկար ողբ ասել՝ սասունցիական մրմուռ-ողբ։ Սուրեն Աղաբաբյանը հիշում էր.

«Այնքան իմաստուն ու այնքան տպավորիչ էին տարեց սասունցու խոսքերը, որ ներկաների հայացքի առաջ մի պահ փոքրամարմին Խաչիկ Դաշտենցը... խոշորացավ ու նմանվեց Սասնա Տան դյուցազուններին:  Իրապես, նրա փոքրիկ, վտիտ մարմնի մեջ բնությունը, իր հայրենի Սասունը դրել էին ասպետական բարձր ոգի: Դրա վկայությունն են և՛ իր կենսագրության, և՛ իր ստեղծագործության դրվագները»:

Կյանքի փորձառությունների, բանահյուսական ավանդույթների և դասական գրականության ազդեցությամբ գրված տողերում Դաշտենցը հավատարիմ էր մնում արժեքներին։ Կարո Վարդանյանն իր «Կորուսյալ երկրի բանասացը. Խաչիկ Դաշտենց» գրքում գրում է.

«Նա չէր գալիս ժամանակի գրական ձևերի ու ոճերի խառնարանին նոր բան ավելացնելու: Իր առաջին իսկ բանաստեղծություններով Դաշտենցը վստահաբար հակվում էր դեպի ժամանակների բովով արդարացված դասական ներշնչանքները, այդ հասկացության ոչ միայն բովանդակության, այլև արտահայտման ձևերի իմաստով: Երիտասարդ պոետին գրավում էին Թումանյանի ու Իսահակյանի ծերունազարդ իմաստնությունն ու գեղջկական սիրո անպաճույճ տեսարանները, արևելյան պոեզիայի հեքիաթային ճոխությունն ու պատկերավորությունը, Տերյանի լուսեղեն թախիծը, նորերից՝ Չարենցի հուժկու թափը, Մահարու առինքնող քնարը...»

Դաշտենցը երբեք չդավաճանեց իր սկզբունքներին, իր խոսքին, ինքն իրեն.

«Երգիդ հանդեպ չլինես դու աշխարհում դավաճան,
Բնությունը չի սիրում ունայնամիտ խրախճան,
Ով իր ձայնով չի երգում, նա դառնորեն կզղջա,
Այն ամենը ինչ կեղծ է, շուտ վերջ ունի ու վախճան։»

✍️ Նանե Մանուկյան / PAN